Գլուխ 51
Սպանություն ծննդյան տոնախմբության ժամանակ
ԻՐ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ հրահանգներ տալուց հետո Հիսուսը նրանց զույգերի է բաժանում և ուղարկում այն տարածքը, որտեղ նրանք պետք է քարոզեն։ Հավանաբար, Պետրոս և Անդրեաս եղբայրները իրար հետ են գնում, Հակոբոսը՝ Հովհաննեսի հետ, Փիլիպպոսը՝ Բարթողոմեոսի, Թովմասը՝ Մատթեոսի, Հակոբոսը՝ Թադեոսի և Սիմոնը՝ Հուդա Իսկարիովտացու հետ։ Ուր էլ որ գնում են այս վեց զույգ ավետարանիչները, ամենուրեք հռչակում են Թագավորության բարի լուրը և հրաշքով բուժումներ անում։
Այդ ընթացքում Հովհաննես Մկրտիչը դեռևս բանտում է։ Արդեն մոտ երկու տարի է, ինչ նա բանտարկված է։ Երևի հիշում ես, որ Հովհաննեսը հրապարակորեն դատապարտել էր Հերովդես Անտիպասին այն արարքի համար, որ նա իր եղբայր Փիլիպպոսի կնոջը՝ Հերովդիային, իրեն կին էր առել։ Քանի որ Հերովդես Անտիպասը պնդում էր, թե հետևում է Մովսիսական օրենքին, Հովհաննեսը բացահայտել էր նրա ապօրինի միությունը։ Ուստի Հերովդեսը Հովհաննեսին հավանաբար բանտարկել էր Հերովդիայի հարկադրանքով։
Հերովդես Անտիպասը հասկանում է, որ Հովհաննեսն արդար մարդ է, և նույնիսկ հաճույքով է լսում նրան։ Դրա համար էլ Հերովդեսը անելանելի վիճակում է ու չգիտի՝ ինչպես վարվել նրա հետ։ Իսկ Հերովդիան ատում է Հովհաննեսին և շարունակ առիթ է փնտրում նրան սպանելու։ Վերջապես այդ երկար սպասված առիթը ներկայանում է։
Մ.թ. 32 թ. Պասեքից առաջ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի առթիվ մեծ ընդունելություն է կազմակերպում։ Խնջույքին ներկա են Հերովդեսի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, զորապետները և Գալիլեայի երևելի մարդիկ։ Խնջույքի ընթացքում Հերովդիայի աղջիկը՝ Սաղոմեն, որը նրա նախկին ամուսնուց՝ Փիլիպպոսից է, պարում է հյուրերի համար։ Իր կատարումով նա ուղղակի գերում է այնտեղ ներկա տղամարդկանց։
Հերովդեսը անչափ գոհ է մնում Սաղոմեից։ «Խնդրի՛ր ինձանից, ինչ որ ուզում ես, և կտամ քեզ,— հայտարարում է նա և նույնիսկ երդվում,— ինչ էլ որ ինձանից խնդրես, կտա՛մ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։
Պատասխանելուց առաջ Սաղոմեն դուրս է գալիս իր մորից խորհուրդ հարցնելու։ «Ի՞նչ խնդրեմ»,— հարցնում է նա։
Վերջապես առիթը ներկայացավ։ «Հովհաննես Մկրտչի գլուխը»,— առանց երկմտելու պատասխանում է Հերովդիան։
Սաղոմեն իսկույն վերադառնում է Հերովդեսի մոտ և ասում. «Ուզում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։
Հերովդեսը շատ է տխրում։ Բայց քանի որ հյուրերը լսել են իր երդումը, նա չի կարող դրժել այն, թեև դա նշանակում է սպանել մի անմեղ մարդու։ Անմիջապես դահիճ է ուղարկվում բանտ՝ իրագործելու այդ սարսափելի հրամանը։ Շատ չանցած՝ նա վերադառնում է՝ սկուտեղի վրա բերելով Հովհաննեսի գլուխը, և այն տալիս է Սաղոմեին։ Վերջինս էլ իր մորն է տալիս։ Երբ Հովհաննեսի աշակերտները լսում են պատահածի մասին, գալիս են, վերցնում են նրա մարմինը և թաղում։ Այնուհետև նրանք այդ մասին տեղեկացնում են Հիսուսին։
Հետագայում, երբ Հերովդեսն իմանում է, որ Հիսուսը բուժում է մարդկանց և դևեր հանում, ահով է լցվում, քանի որ մտածում է, թե Հիսուսը Հովհաննեսն է, որ մահացածների միջից հարություն է առել։ Հետևաբար նա շատ է ցանկանում տեսնել Հիսուսին, բայց ոչ թե նրա քարոզը լսելու համար, այլ համոզվելու, թե արդյոք իր մտավախությունները հիմնավոր են։ Մատթեոս 10։1–5; 11։1; 14։1–12; Մարկոս 6։14–29; Ղուկաս 9։7–9։
▪ Ինչո՞ւ է Հովհաննեսը բանտում, և ինչո՞ւ Հերովդեսը չի ուզում սպանել նրան։
▪ Ի վերջո ինչպե՞ս է Հերովդիային հաջողվում սպանել տալ Հովհաննեսին։
▪ Հովհաննեսի մահից հետո ինչո՞ւ է Հերովդեսն ուզում տեսնել Հիսուսին։