Գլուխ 94
Աղոթքի և խոնարհության անհրաժեշտությունը
ԵՐԲ Հիսուսը Հրեաստանում էր, մի առակ էր պատմել ցույց տալու համար, թե որքան կարևոր է աղոթքներում հաստատակամ լինել։ Այժմ, երբ կատարում է իր վերջին ճանապարհորդությունը դեպի Երուսաղեմ, նա դարձյալ շեշտում է աղոթքներում հարատևելու անհրաժեշտությունը։ Հավանական է՝ Հիսուսը դեռ Սամարիայում է կամ Գալիլեայում, երբ իր աշակերտներին հետևյալ առակն է պատմում.
«Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանց չէր հարգում։ Եվ այդ քաղաքում մի այրի կին էլ կար, և նա շարունակ նրա մոտ էր գնում ու ասում. «Արդար դա՛տ տես իմ և իմ դեմ գործ հարուցողի միջև»։ Մի որոշ ժամանակ նա չէր կամենում, բայց հետո ինքն իրեն ասաց. «Թեպետ չեմ վախենում Աստծուց և մարդկանց չեմ հարգում, ամեն դեպքում, քանի որ այս այրին շարունակ անհանգստացնում է ինձ, արդար դատ տեսնեմ նրա համար, որպեսզի անընդհատ չգա ու հոգիս չհանի»»։
Այնուհետև Հիսուսը ցույց է տալիս այդ պատմության կիրառությունը՝ ասելով. «Լսե՛ք, թե անարդար դատավորն ինչ ասաց։ Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան, չնայած որ նա երկայնամիտ է նրանց հանդեպ»։
Հիսուսը ոչ մի դեպքում չի ուզում փոխանցել այն գաղափարը, թե Եհովա Աստված նման է այդ անարդար դատավորին։ Հակառակը՝ եթե անարդար դատավորը պատասխանում է հաստատակամ խնդրանքներին, ուրեմն կասկած անգամ չի կարող լինել, որ ամենաարդար և բարի Աստվածը կպատասխանի, եթե իր ծառաները անդադար աղոթեն։ Հիսուսը շարունակում է. «Ասում եմ ձեզ. [Աստված] այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար»։
Հաճախ աղքատ ու հասարակ մարդկանց հանդեպ արդարադատություն չի գործադրվում, մինչդեռ հարուստ և ազդեցիկ մարդիկ արժանանում են դրան։ Բայց Աստված ոչ միայն հոգ կտանի, որ ամբարիշտները արդարացիորեն պատժվեն, այլև իր ծառաներին հավիտենական կյանք տալով՝ արդարություն կգործադրի նրանց հանդեպ։ Սակայն քանի՞սն են հաստատ համոզված, որ Աստված արագորեն արդարադատություն ի գործ կդնի։
Հատկապես ի նկատի ունենալով հավատը, որը կապված է աղոթքի զորության հետ՝ Հիսուսը հարց է տալիս. «Երբ մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»։ Չնայած որ հարցն անպատասխան է մնում, սակայն թերևս պատասխանն այն է, որ այդպիսի հավատը հազվադեպ կլինի այն ժամանակ, երբ Հիսուսը գա իր թագավորական իշխանությամբ։
Հիսուսի ունկնդիրների մեջ կան ոմանք, ովքեր ինքնավստահ են իրենց հավատի հարցում։ Նրանք համոզված են, որ արդար են և ուրիշներին վերևից են նայում։ Հնարավոր է՝ նույնիսկ Հիսուսի աշակերտներից մի քանիսն էլ նույն մտածելակերպն ունեն։ Ուստի հետևյալ առակը նա այդպիսի մարդկանց է ուղղում.
«Երկու մարդ վեր ելան տաճար՝ աղոթք անելու՝ մեկը փարիսեցի էր, իսկ մյուսը՝ մաքսահավաք։ Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մեջ այս բաներն աղոթել. «Ո՛վ Աստված, շնորհակա՛լ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս մաքսահավաքի պես։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ բոլոր ստացածից տասանորդ եմ տալիս»»։
Փարիսեցիները հայտնի են նրանով, որ ուրիշներին տպավորելու համար ցուցադրում են իրենց արդարությունը։ Երկուշաբթի և հինգշաբթի օրերը նրանք իրենց համար սահմանել են որպես ծոմապահության օրեր և բծախնդրորեն վճարում են նույնիսկ ամենափոքր բույսերի տասանորդը։ Մի քանի ամիս առաջ՝ Տաղավարների տոնին, հասարակ ժողովրդի հանդեպ նրանց արհամարհանքը բացահայտ երևաց, երբ նրանք ասացին. «Այս ժողովուրդը, որ Օրենքը [այսինքն՝ Օրենքը փարիսեցիների մեկնությամբ] չգիտի, անիծված է»։
Շարունակելով իր առակը՝ Հիսուսը խոսում է այդպիսի «անիծված» մարդու մասին. «Բայց մաքսահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամի՛տ եղիր մեղավորիս հանդեպ»»։ Քանի որ մաքսահավաքը խոնարհաբար ընդունում է իր թերությունները, Հիսուսն ավելացնում է. «Ասում եմ ձեզ. այս մարդը իր տունը իջավ ավելի արդարացված, քան այն մարդը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Փաստորեն, Հիսուսը ևս մեկ անգամ ընդգծում է խոնարհության անհրաժեշտությունը։ Քանի որ Հիսուսի աշակերտները դաստիարակվել են մի այնպիսի հասարակության մեջ, որում ինքնահավան փարիսեցիները մեծ ազդեցություն ունեն, և որում միշտ կարևորություն է տրվում դիրքին ու հեղինակությանը, ուստի զարմանալի չէ, որ նույնիսկ նրանք են այդպիսի մտածելակերպ որդեգրել։ Խոնարհության ի՜նչ հիանալի դաս է սովորեցնում Հիսուսը։ Ղուկաս 18։1–14; Հովհաննես 7։49։
▪ Ինչո՞ւ է անարդար դատավորը կատարում այրու խնդրանքը, և ի՞նչ դաս ենք սովորում Հիսուսի առակից։
▪ Երբ Հիսուսը գա, ինչպիսի՞ հավատ է փնտրելու։
▪ Հիսուսն ո՞ւմ է ուղղում փարիսեցու և մաքսահավաքի մասին առակը։
▪ Փարիսեցիների ո՞ր մտածելակերպից է հարկավոր խուսափել։