Գլուխ 95
Դասեր ամուսնալուծության և երեխաներին սիրելու վերաբերյալ
ՀԻՍՈՒՍՆ ու իր աշակերտները գնում են Երուսաղեմ, որպեսզի ներկա լինեն մ. թ. 33–ի Պասեքին։ Նրանք անցնում են Հորդանան գետը և ճանապարհը շարունակում Պիրեայի միջով։ Մի քանի շաբաթ առաջ Հիսուսը Պիրեայում էր, բայց այն ժամանակ նրան կանչեցին Հրեաստան, քանի որ իր ընկեր Ղազարոսը հիվանդացել էր։ Պիրեայում եղած ժամանակ Հիսուսը փարիսեցիների հետ խոսել էր ամուսնալուծության մասին, և այժմ նրանք կրկին բարձրացնում են այդ հարցը։
Փարիսեցիները ամուսնալուծության վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն։ Մովսեսն ասել էր, որ կնոջից կարելի է բաժանվել, եթե «նրա վրա մի անարգության բան գտնվեր»։ Ոմանք կարծում են, թե սա վերաբերում է միայն ամուսնական անհավատարմությանը։ Իսկ ուրիշների կարծիքով՝ «անարգության բանը» վերաբերում է նաև չնչին հանցանքներին։ Ուստի Հիսուսին փորձելու համար փարիսեցիները հարցնում են. «Օրենքով թույլատրելի՞ է արդյոք, որ մարդը ցանկացած պատճառով բաժանվի իր կնոջից»։ Նրանք վստահ են, որ ինչ էլ Հիսուսն ասի, իրենցից ոմանք չեն համաձայնվի նրա հետ, քանի որ այլ տեսակետ ունեն։
Հիսուսը իմաստուն պատասխան է տալիս՝ չհիմնվելով որևէ մարդկային տեսակետի վրա, այլ իրեն լսողների ուշադրությունը հրավիրում է ամուսնության սկզբնական նպատակի վրա. «Դուք չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»։
Ինչպես ցույց է տալիս Հիսուսը, Աստծու սկզբնական նպատակն էր, որ կողակիցները միանային իրար և չամուսնալուծվեին։ Եթե այդպես է, փարիսեցիների մոտ հարց է առաջանում. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց բաժանման վկայական տալ և բաժանվել նրանից»։
«Ձեր սրտերի կարծրության պատճառով էր, որ Մովսեսը թույլատրեց բաժանվել ձեր կանանցից,— պատասխանում է Հիսուսը,— մինչդեռ սկզբից այդպես չի եղել»։ Այո, երբ Աստված Եդեմի պարտեզում ամուսնության համար հաստատեց իսկական չափանիշը, նա ամուսնալուծության մասին ոչինչ չասաց։
Հիսուսը շարունակում է ասել փարիսեցիներին. «Ես ասում եմ ձեզ. ով որ իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության [հունարեն՝ պոռնի՛ա բառից] պատճառի և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում»։ Այսպիսով նա ցույց է տալիս, որ պոռնիա–ն, այսինքն՝ սեռական անբարոյությունը, ամուսնալուծության համար Աստծու կողմից թույլատրելի միակ հիմքն է։
Հասկանալով, որ ամուսնությունը պետք է տևական միություն լինի, և որ միայն վերոհիշյալ հիմքը կարող է ամուսնալուծության պատճառ լինել՝ աշակերտները ասում են. «Եթե այդպիսին է մարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ»։ Անկասկած, նա, ով մտածում է ամուսնանալու մասին, պետք է լրջորեն մոտենա ամուսնության հարատև լինելու հարցին։
Այնուհետև Հիսուսը խոսում է ամուրիության մասին։ Նա բացատրում է, որ որոշ տղաներ ներքինի են ծնվում և չեն կարող ամուսնանալ, քանի որ սեռական առումով չեն զարգանում։ Ուրիշներին մարդիկ են դարձնում ներքինիներ՝ դաժանաբար վնասելով նրանց սեռական օրգանները։ Ոմանք էլ ճնշում են ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու ցանկությունը, որպեսզի կարողանան ավելի լիարժեքորեն իրենց տրամադրել երկնքի Թագավորությանը առնչվող գործերին։ «Ով որ կարող է ընդունել [ամուրիությունը], թող ընդունի»,— եզրափակում է Հիսուսը։
Այժմ մարդիկ սկսում են իրենց երեխաներին Հիսուսի մոտ բերել։ Սակայն աշակերտները կշտամբում են երեխաներին և փորձում այդտեղից հեռացնել նրանց՝ անկասկած ցանկանալով Հիսուսին ազատել ավելորդ անհանգստություններից։ Բայց Հիսուսն ասում է. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով որ Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»։
Ի՜նչ հրաշալի դասեր է տալիս Հիսուսը։ Աստծու Թագավորությունը մտնելու համար մենք պետք է ընդօրինակենք երեխաների խոնարհությունն ու սովորելու պատրաստակամությունը։ Սակայն Հիսուսի օրինակը ցույց է տալիս նաև, թե որքան կարևոր է, որ հատկապես ծնողները ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։ Երեխաների հանդեպ իր սերը Հիսուսը ցույց է տալիս՝ գրկելով և օրհնելով նրանց։ Մատթեոս 19։1–15; Բ Օրինաց 24։1; Ղուկաս 16։18; Մարկոս 10։1–16; Ղուկաս 18։15–17։
▪ Ի՞նչ տարբեր տեսակետներ ունեն փարիսեցիները ամուսնալուծության վերաբերյալ և ինչպե՞ս են փորձում Հիսուսին։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը վարվում, երբ փարիսեցիները փորձում են իրեն, և ո՞ր միակ հիմքն է բերում ամուսնալուծության համար։
▪ Ինչո՞ւ են Հիսուսի աշակերտներն ասում, որ ամուսնանալը ցանկալի չէ, և ի՞նչ խորհուրդ է տալիս Հիսուսը։
▪ Երեխաների հանդեպ Հիսուսի վերաբերմունքը ի՞նչ է մեզ սովորեցնում։