Գլուխ 98
Հիսուսի մահը մոտենում է, իսկ աշակերտները վիճում են
ՀԻՍՈՒՍՆ ու իր աշակերտները անցնում են Հորդանան գետի մյուս կողմը, որպեսզի Պիրեայի շրջանից գնան Հրեաստան։ Բազում այլ մարդիկ ճամփորդում են նրանց հետ՝ մ. թ. 33–ի Պասեքին ներկա լինելու համար, որին մնացել է մոտավորապես մեկ շաբաթ։
Հիսուսը գնում է աշակերտների առջևից, որոնք զարմացած են նրա վճռականության վրա։ Հիշիր, որ մի քանի շաբաթ առաջ, երբ Ղազարոսը մահացավ, և Հիսուսը պատրաստվում էր Պիրեայից գնալ Հրեաստան, Թովմասը քաջալերեց մյուսներին. «Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Հիշիր նաև, որ երբ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, Սինեդրիոնը սկսեց ծրագրել Հիսուսի սպանությունը։ Զարմանալի չէ, թե ինչու են աշակերտները վախով լցված, երբ կրկին մտնում են Հրեաստան։
Սպասվող դեպքերին պատրաստելու համար Հիսուսը 12 առաքյալներին մի կողմ է տանում ու ասում. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, ու նրանք մահվան կդատապարտեն նրան և ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց ձեռքը, և նրանք կծաղրեն նրան ու կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան, բայց երեք օր հետո նա հարություն կառնի»։
Այս վերջին ամիսների ընթացքում սա արդեն երրորդ անգամ է, որ Հիսուսը իր աշակերտներին տեղեկացնում է իր մահվան ու հարության մասին։ Ու թեև նրանք լսում են նրան, սակայն լիովին չեն հասկանում։ Գուցե պատճառն այն է, որ նրանք կարծում են, թե Իսրայելի թագավորությունը վերականգնվելու է երկրի վրա, և մեծ փափագով սպասում են, թե ինչ փառքի ու պատվի պետք է արժանանան Քրիստոսի հետ այդ երկրային թագավորությունում։
Պասեքին գնացող ճամփորդողների մեջ է նաև Սաղոմեն՝ Հակոբոս և Հովհաննես առաքյալների մայրը։ Հիսուսը այս երկու առաքյալներին անվանում է «որոտի որդիներ» անկասկած իրենց տաքարյուն բնավորության համար։ Արդեն որոշ ժամանակ է՝ նրանք հույս են փայփայում ամենապատվավոր տեղերը զբաղեցնել Քրիստոսի Թագավորության մեջ և այդ ցանկության մասին հայտնել են իրենց մորը։ Այժմ Սաղոմեն մոտենում է Հիսուսին, որ բարեխոսի իր որդիների համար։ Նա խոնարհվում է նրա առաջ և ինչ–որ բան խնդրում։
— Ի՞նչ ես ուզում,— հարցնում է Հիսուսը։
— Խո՛սք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիները կնստեն մեկը քո աջ կողմը, իսկ մյուսը՝ քո ձախ կողմը,— պատասխանում է նա։
Հասկանալով, թե իրականում ում խնդրանքով է նա դիմում՝ Հիսուսը Հակոբոսին ու Հովհաննեսին ասում է.
— Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որը ես եմ խմելու։
— Կարո՛ղ ենք,— պատասխանում են նրանք։
Չնայած նրան, որ Հիսուսը քիչ առաջ ասաց, որ իրեն սարսափելի հալածանք և ի վերջո մահապատիժ է սպասում, նրանք ակներևաբար չեն հասկանում, որ հենց սա է նշանակում այն «բաժակը», որը նա խմելու է։
Այնուամենայնիվ, Հիսուսն ասում է նրանց. «Դուք անշուշտ կխմեք իմ բաժակից, բայց իմ աջ և ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ, այլ դա նրանցն է, ում համար որ պատրաստել է իմ Հայրը»։
Երբ մնացած տասը առաքյալները իմանում են, թե Հակոբոսն ու Հովհաննեսը ինչ են խնդրել, վրդովվում են։ Հավանաբար, առաքյալների մեջ ծագած նախորդ վիճաբանության ժամանակ (թե ով է ամենամեծը) Հակոբոսն ու Հովհաննեսը ամենից շատ աչքի ընկնողներն են եղել։ Նրանց խնդրանքից պարզ երևում է, որ չեն կիրառել այս հարցի շուրջ Հիսուսի տված խորհուրդը։ Ցավոք, նրանք դեռ զորեղ ցանկություն ունեն մեծ լինելու։
Այս վերջին վիճաբանությունը լուծելու և առաջացած հակակրանքը վերացնելու համար Հիսուսը 12 առաքյալներին մեկտեղ է հավաքում։ Նա սիրառատ կերպով խորհուրդ է տալիս. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով որ ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի, և ով որ ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի ձեր ծառան լինի»։
Հիսուսը օրինակ է թողնում, որին նրանք պետք է հետևեն։ Նա բացատրում է. «Ինչպես որ մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն»։ Հիսուսը ոչ միայն ծառայում է ուրիշներին, այլ նաև պատրաստ է մարդկանց համար մահանալու։ Աշակերտները պետք է ձգտեն Քրիստոսի մտածելակերպն ունենալ. նրանք պետք է ցանկանան, որ ոչ թե իրենց ծառայեն, այլ որ իրենք ծառայեն ուրիշներին, և պետք է ոչ թե բարձր դիրքի ձգտեն, այլ լինեն ինչպես փոքրեր։ Մատթեոս 20։17–28; Մարկոս 3։17; 9։33–37; 10։32–45; Ղուկաս 18։31–34; Հովհաննես 11։16։
▪ Ինչո՞ւ են աշակերտները վախով լցված։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը իր աշակերտներին պատրաստում սպասվող դեպքերին։
▪ Ի՞նչ խնդրանք է ուղղվում Հիսուսին, և ինչպե՞ս են արձագանքում մյուս առաքյալները։
▪ Հիսուսն ինչպե՞ս է լուծում առաքյալների միջև առաջացած խնդիրը։