Գլուխ 107
Հարսանեկան խնջույքի առակը
ԵՐԿՈՒ առակների միջոցով Հիսուսը քողազերծեց դպիրներին ու ավագ քահանաներին, և նրանք ցանկանում են սպանել նրան։ Սակայն Հիսուսն իր ասելիքը դեռ չի ավարտել։ Ուստի նա մեկ ուրիշ առակ է պատմում՝ ասելով.
«Երկնքի թագավորությունը նման է մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանեկան խնջույք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հարսանեկան խնջույքին հրավիրվածներին, բայց նրանք չուզեցին գալ»։
Եհովա Աստված այն Թագավորն է, որը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի համար հարսանեկան խնջույք է կազմակերպում։ Ի վերջո 144 000 օծյալ հետևորդներից կազմված հարսը կմիավորվի Հիսուսի հետ երկնքում։ Թագավորի հպատակները իսրայելացիներն են, որոնք մ. թ. ա. 1513 թ.–ին Օրենքի ուխտի մեջ մտնելով՝ հնարավորություն ստացան լինելու «քահանաների թագավորություն»։ Այսպիսով՝ նրանք առաջինն էին, որ ստացան հարսանեկան խնջույքի հրավերը։
Հրավիրվածները առաջին անգամ կանչվեցին մ. թ. 29 թվականի աշնանը, երբ Հիսուսն ու իր աշակերտները (թագավորի ծառաները) սկսեցին Թագավորության քարոզչության իրենց գործը։ Սակայն մարմնավոր իսրայելացիները, որոնք մ. թ. 29–ից մինչև 33 թվականը կանչվեցին ծառաների կողմից, չուզեցին գալ։ Ուստի Աստված հրավիրված ազգին մեկ ուրիշ հնարավորություն տվեց, ինչպեսև պատմում է Հիսուսը.
«Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց և ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. ահա պատրաստել եմ իմ ճաշկերույթը, իմ ցլերն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է. եկե՛ք հարսանեկան խնջույքին»»։ Հրավիրվածները երկրորդ և վերջին անգամ կանչվեցին մ. թ. 33–ի Պենտեկոստեին, երբ սուրբ ոգին թափվեց Հիսուսի հետևորդների վրա։ Դա շարունակվեց մինչև 36 թ.–ը։
Այնուամենայնիվ, իսրայելացիների մեծամասնությունը այս հրավերը նույնպես արհամարհեց։ «Անտարբեր լինելով՝ նրանք գնացին,— ասում է Հիսուսը.— մեկն՝ իր արտը, մյուսն՝ իր առևտրին, իսկ մնացածները բռնեցին նրա ծառաներին և անարգելով սպանեցին նրանց։ Թագավորն էլ զայրացավ և իր զորքն ուղարկելով՝ կործանեց այդ մարդասպաններին ու այրեց նրանց քաղաքը»։ Դա տեղի ունեցավ մ. թ. 70–ին, երբ Երուսաղեմը հողին հավասարեցվեց հռոմեացիների կողմից, և այդ մարդասպանները սպանվեցին։
Այնուհետև Հիսուսը բացատրում է, թե այդ ընթացքում ինչ տեղի ունեցավ. «Ապա [թագավորն] ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքն արդեն պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Ուստի գնացե՛ք քաղաքից դուրս տանող ճանապարհները և ում որ գտնեք, հրավիրեք հարսանեկան խնջույքին»»։ Ծառաներն արեցին դա, և «հարսանեկան սրահը լցվեց սեղանի շուրջը թիկնած մարդկանցով»։
Քաղաքից դուրս տանող ճանապարհներից հյուրեր հավաքելու աշխատանքը սկսվեց մ. թ. 36–ին։ Հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսն ու իր ընտանիքը անթլփատ ոչ հրեաներից առաջիններն էին, որ ընդունեցին հրավերը։ Ոչ հրեաների հավաքը շարունակվում է առ այսօր, և նրանք բոլորն էլ փոխարինում են առաջին կանչվածներին, որոնք մերժեցին ընդունել հրավերը։
Մեր օրերում է, որ հարսանեկան սրահը լցվում է։ Հիսուսը պատմում է, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո՝ ասելով. «Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին նայելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան հագուստով չէր։ Ուստի ասաց նրան. «Բարեկա՛մ, ինչպե՞ս մտար այստեղ՝ առանց հարսանեկան հագուստի»։ Եվ նա պապանձվեց։ Այնուհետև թագավորն ասաց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը։ Այնտեղ է, որ կլինի նրա լացն ու ատամների կրճտոցը»»։
Հարսանեկան հագուստ չունեցող մարդը ներկայացնում է քրիստոնեական աշխարհի կեղծ քրիստոնյաներին։ Աստված երբեք նրանց մեջ չի տեսել հոգևոր իսրայելացիներին բնորոշ հատկություններ։ Աստված երբեք նրանց չի օծել սուրբ ոգով՝ որպես Թագավորության ժառանգների։ Ուստի նրանք կնետվեն խավարի մեջ, որտեղ էլ կկործանվեն։
Հիսուսը եզրափակում է իր առակը՝ ասելով. «Շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված»։ Այո՛, Իսրայել ազգից շատերն էին հրավիրված՝ Քրիստոսի հարսի անդամները դառնալու, սակայն ընդամենը մի քանի իսրայելացիներ ընտրվեցին։ 144 000 հյուրերի մեծամասնությունը, որ ստանում է երկնային պարգևը, իսրայելացի չէ։ Մատթեոս 22։1–14; Ելից 19։1–6; Հայտնություն 14։1–3։
▪ Ովքե՞ր սկզբում հրավիրվեցին հարսանեկան խնջույքին, և ե՞րբ նրանց տրվեց հրավերը։
▪ Ե՞րբ են առաջին անգամ կանչվում հրավիրվածները, և ովքե՞ր են այն ծառաները, որոնք կանչում են նրանց։
▪ Ե՞րբ են երկրորդ անգամ կանչվում հրավիրվածները, և դրանից հետո ովքե՞ր են հրավիրվում։
▪ Ո՞ւմ է ներկայացնում այն մարդը, որը հարսանեկան հագուստով չէ։
▪ Ո՞ւմ են ներկայացնում շատ հրավիրվածները և քիչ ընտրվածները։