Գլուխ 110
Տաճարում նրա ծառայության ավարտը
ՀԻՍՈՒՍԸ վերջին անգամ հայտնվում է տաճարում։ Փաստորեն, նա ավարտում է իր հանրային ծառայությունը երկրի վրա՝ չհաշված որ որոշ դեպքեր դեռ պետք է տեղի ունենան՝ կապված նրա դատաքննության ու մահապատժի հետ, որոնք կատարվելու են երեք օր հետո։ Այժմ նա շարունակում է խստորեն հանդիմանել դպիրներին ու փարիսեցիներին։
Եվս երեք անգամ Հիսուսը բացականչում է. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր»։ Նա «վայ» է ասում նրանց հասցեին նախևառաջ այն պատճառով, որ «մաքրում են բաժակի և ափսեի դրսի կողմը, բայց նրանց ներսը լիքն է թալանով և անզսպվածությամբ»։ Ուստի հորդորում է. «Նախ բաժակի և ափսեի ներսը մաքրիր, որպեսզի դուրսը նույնպես մաքուր լինի»։
Այնուհետև Հիսուսը «վայ» է ասում դպիրներին ու փարիսեցիներին նրանց ներսից նեխած ու փտած լինելու համար, ինչը նրանք փորձում են ծածկել՝ արտաքնապես բարեպաշտ ձևանալով։ «Դուք նման եք սպիտակեցրած գերեզմանների,— ասում է նա,— որոնք թեև դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքրությամբ»։
Եվ վերջապես, նրանց կեղծավորությունը երևում է նրանից, որ պատրաստ են շինելու և զարդարելու մարգարեների գերեզմանները, որպեսզի մարդկանց ուշադրությունը դարձնեն իրենց բարերարության վրա։ Բայց Հիսուսը բացահայտում է, որ նրանք «որդիներն են նրանց, ովքեր սպանեցին մարգարեներին»։ Իրոք որ դա այդպես է. եթե մեկը համարձակվում է մերկացնել նրանց կեղծավորությունը, ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։
Շարունակելով իր խոսքը՝ Հիսուսն ասում է իր ամենախիստ դատապարտությունը. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից»։ Գեհեն է կոչվում այն ձորը, որտեղ Երուսաղեմի բնակիչները թափում էին իրենց աղբը։ Ուրեմն ըստ Հիսուսի խոսքերի՝ եթե դպիրներն ու փարիսեցիները շարունակեն իրենց ամբարիշտ ընթացքը, հավիտյան կկործանվեն։
Իսկ նրանց մասին, ում Հիսուսն ուղարկում է որպես իր ներկայացուցիչներ, նա ասում է. «Նրանցից ոմանց դուք կսպանեք ու ցցին կգամեք, իսկ ոմանց էլ կխարազանեք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք կհալածեք, որպեսզի ձեզ վրա գա ամեն արդար արյուն, որ թափվել է երկրի վրա՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի [որը «Բ Մնացորդաց» գրքում կոչվում է Հովիադա] որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցիք սրբարանի և զոհասեղանի մեջտեղում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս ամենը այս սերնդի վրա պիտի գա»։
Քանի որ Զաքարիան դատապարտում էր Իսրայելի առաջնորդներին, «նրանք հարձակվեցին նրա վրա և նրան քարկոծ արին թագավորի հրամանով Տիրոջ տան սրահում»։ Բայց ինչպես կանխագուշակում է Հիսուսը, Իսրայել ազգը ամեն արդարի թափված արյան համար պիտի հատուցի։ Հատուցելու ժամանակը գալիս է 37 տարի անց՝ մ. թ. 70–ին, երբ հռոմեական զորքերը ավերում են Երուսաղեմը, և ավելի քան մեկ միլիոն հրեաներ սպանվում են։
Այս սարսափազդու իրադարձությունների մասին խորհելով՝ Հիսուսը տրտմում է։ «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ,— դարձյալ բացականչում է նա,— քանի՜ անգամ ես ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է հավաքում իր ձագերին իր թևերի տակ։ Բայց դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ»։
Ապա Հիսուսն ավելացնում է. «Այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. «Օրհնյա՛լ է նա, որ գալիս է Եհովայի անունով»։ Այդ օրը կլինի Քրիստոսի ներկայության ժամանակ, երբ նա կգա իր երկնային Թագավորությամբ, և մարդիկ իրենց հավատի աչքերով կտեսնեն նրան։
Այժմ Հիսուսը գնում է մի այնպիսի տեղ, որտեղից կարող է տեսնել տաճարի գանձանակները, նաև այն, թե ինչպես է ժողովուրդը դրամ գցում դրանց մեջ։ Հարուստները շատ դրամ են գցում։ Սակայն հետո գալիս է մի այրի, որը չնչին արժողություն ունեցող երկու փոքր մետաղադրամ է գցում։
Աշակերտներին իր մոտ կանչելով՝ Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան գանձանակների մեջ մյուս բոլոր դրամ գցողները»։ Ըստ ամենայնի, աշակերտները զարմանում են։ Ուստի Հիսուսը բացատրում է. «Ամենքը իրենց ավելացածից գցեցին, բայց նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ որ ուներ՝ իր ողջ ապրուստը»։ Այս ամենն ասելուց հետո Հիսուսը հեռանում է տաճարից. սա վերջին անգամ էր, որ նա տաճարում էր։
Տաճարի մեծությամբ ու գեղեցկությամբ հիացած՝ աշակերտներից մեկը բացականչում է. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ այդ քարերն ունեն ավելի քան 11 մետր երկարություն, 5 մետր լայնություն և 3 մետր բարձրություն։
«Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները,— հարցնում է Հիսուսը։— Քարը քարի վրա չի մնա այստեղ, որ չքանդվի»։
Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսն իր աշակերտների հետ անցնում է Կեդրոն հեղեղատի մյուս կողմը և բարձրանում Ձիթենյաց լեռը։ Այստեղից նրանք կարող են ցած նայելով տեսնել փառահեղ տաճարը։ Մատթեոս 23։25–24։3; Մարկոս 12։41–13։3; Ղուկաս 21։1–6; Բ Մնացորդաց 24։20–22։
▪ Ի՞նչ է անում Հիսուսը, երբ վերջին անգամ այցելում է տաճար։
▪ Ինչպե՞ս է դրսևորվում դպիրների ու փարիսեցիների կեղծավորությունը։
▪ Ի՞նչ է նշանակում «գեհենի դատաստան» արտահայտությունը։
▪ Ինչո՞ւ է Հիսուսն ասում, որ այրին ավելի շատ նվիրաբերեց, քան հարուստները։