Գլուխ 120
Պետրոսը ուրանում է բակում
ՀԻՍՈՒՍԻՆ Գեթսեմանիի պարտեզում թողնելով՝ Պետրոսն ու Հովհաննեսը, վախով համակված, մյուս առաքյալների հետ փախչում են։ Սակայն նրանք ճանապարհի կեսից կանգ են առնում։ Թերևս նրանք գալիս ու հասնում են Հիսուսին, երբ նրան տանում են Աննայի տուն։ Իսկ երբ Աննան ուղարկում է նրան քահանայապետ Կայիափայի մոտ, Պետրոսն ու Հովհաննեսը հեռվից հետևում են նրանց. նրանք, ըստ երևույթին, վախենում են, որ իրենց կսպանեն, բայց միևնույն ժամանակ շատ մտահոգված են, թե ինչ է պատահելու իրենց Տիրոջը։
Հասնելով Կայիափայի ընդարձակ տունը՝ Հովհաննեսը կարողանում է բակ մտնել, քանի որ ծանոթ է քահանայապետին։ Իսկ Պետրոսը մնում է դրսում կանգնած։ Սակայն շուտով Հովհաննեսը վերադառնում է և խոսում է աղախնի՝ դռնապանի հետ, և Պետրոսին թույլ են տալիս ներս մտնել։
Քանի որ ցուրտ է, քահանայապետի սպասավորներն ու պահապանները ածուխների վրա կրակ են վառել։ Պետրոսը նրանց հետ տաքանում է և սպասում է, թե ինչպես կավարտվի Հիսուսի դատաքննությունը։ Կրակի վառ լույսի ներքո դռնապանը, որ Պետրոսին ներս էր թողել, ավելի լավ է տեսնում նրան։ «Դո՛ւ էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»,— բացականչում է նա։
Տրտմելով, որ իրեն ճանաչեցին՝ Պետրոսը բոլորի առջև հերքում է, որ երբևէ ճանաչել է Հիսուսին. «Չե՛մ ճանաչում նրան և չե՛մ էլ հասկանում, թե դու ինչ ես ասում»,— պատասխանում է նա։
Այդ ժամանակ Պետրոսը գնում է դեպի դարպասների մոտ գտնվող սենյակը։ Այնտեղ մեկ ուրիշ աղախին է տեսնում նրան և կանգնածներին ասում. «Այս մարդը նազովրեցի Հիսուսի հետ էր»։ Պետրոսը երդվելով կրկին հերքում է. «Ես չե՛մ ճանաչում այդ մարդուն»։
Պետրոսը մնում է բակում՝ փորձելով հնարավորին չափ աննկատ լինել։ Հնարավոր է, որ հենց այս պահին՝ առավոտյան մթնշաղին, աքլորի կանչը վախեցնում է նրան։ Իսկ այդ ընթացքում Հիսուսի դատաքննությունը շարունակվում է հավանաբար տան այն հատվածում, որը գտնվում է բակի վերևի մասում։ Անկասկած, Պետրոսը և ներքևում մյուս սպասողները տեսնում են, թե ինչպես են տարբեր վկաներ գնում–գալիս, որպեսզի ցուցմունքներ տան։
Արդեն մոտ մեկ ժամ է անցել այն պահից, երբ Պետրոսին վերջին անգամ ճանաչեցին որպես Հիսուսի հետ եղողներից մեկի։ Այժմ այնտեղ կանգնածներից մի քանիսը մոտենում են նրան և ասում. «Իրոք որ, դու էլ ես նրանցից մեկը, որովհետև քո խոսվածքը մատնում է քեզ»։ Նրանցից մեկը Մաղքոսի ազգականն է, ում ականջը Պետրոսը կտրել էր։ Ուստի նա ասում է.
— Չէ՞ որ պարտեզում քեզ նրա հետ տեսա։
— Ես չե՛մ ճանաչում այդ մարդուն,— բորբոքված պնդում է Պետրոսը։
Փորձելով նրանց համոզել, որ բոլորն էլ սխալվում են՝ նա սկսում է երդվել ու անիծել, այսինքն՝ ասում է, որ եթե ճիշտը չի ասում, թող չարիք գա իր վրա։
Այն պահին, երբ Պետրոսը երրորդ անգամ է հերքում, աքաղաղը կանչում է։ Այդ ժամանակ Հիսուսը, որը հավանաբար դուրս է եկել դեպի բակ նայող պատշգամբ, շրջվում է ու նայում նրան։ Եվ Պետրոսը անմիջապես հիշում է, թե ընդամենը մի քանի ժամ առաջ վերնասենյակում Հիսուսն ինչ էր ասել իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, նույնիսկ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Իր գործած մեղքից վհատված՝ Պետրոսը դուրս է գնում և դառնապես լաց լինում։
Ինչպե՞ս դա կարող էր պատահել։ Ինչպե՞ս կարող էր Պետրոսը, որն այդքան վստահ էր իր հոգևոր ուժերի վրա, երեք անգամ իրար հետևից ուրանալ իր Տիրոջը։ Անկասկած, հանգամանքները հանկարծակիի են բերել Պետրոսին. ճշմարտությունն աղավաղված է, իսկ Հիսուսին ներկայացնում են որպես ստոր հանցագործի։ Այն, ինչը ճիշտ է, ներկայացվում է որպես սխալ, իսկ անմեղը՝ մեղավոր։ Ուստի հանգամանքների ճնշման տակ Պետրոսը կորցրել է իր հավասարակշռությունը։ Հավատարմության զգացումը հանկարծ դավաճանում է նրան։ Որքան էլ որ դա սարսափելի է Պետրոսի համար, մարդավախությունը կաթվածահար է արել իրեն։ Թող որ դա երբե՛ք չպատահի մեզ հետ։ Մատթեոս 26։57, 58, 69–75; Մարկոս 14։30, 53, 54, 66–72; Ղուկաս 22։54–62; Հովհաննես 18։15–18, 25–27։
▪ Ինչպե՞ս են Պետրոսն ու Հովհաննեսը կարողանում մտնել քահանայապետի բակը։
▪ Մինչ Պետրոսն ու Հովհաննեսը բակում են, ի՞նչ է տեղի ունենում տան մեջ։
▪ Քանի՞ անգամ է կանչում աքաղաղը, և քանի՞ անգամ է Պետրոսը հերքում, որ ճանաչում է Քրիստոսին։
▪ Ի՞նչ է նշանակում այն, որ Պետրոսը երդվում ու անիծում է։
▪ Ի՞նչն է ստիպում Պետրոսին ուրանալ Հիսուսին։