Գլուխ 121
Սինեդրիոնի, այնուհետև Պիղատոսի առաջ
ԳԻՇԵՐԸ մոտենում է ավարտին։ Պետրոսը արդեն երեք անգամ ուրացել է Հիսուսին, իսկ Սինեդրիոնի անդամները ավարտել են իրենց կեղծ դատաքննությունը և հեռացել։ Սակայն ուրբաթ լուսաբացին նրանք կրկին հավաքվում են՝ այս անգամ Սինեդրիոնի դահլիճում։ Ակներևաբար, նրանց նպատակը գիշերվա դատաքննությանը օրինական տեսք տալն է։ Երբ Հիսուսին բերում են նրանց առջև, նրանք ասում են այն, ինչ ասել էին գիշերվա ընթացքում.
— Եթե դու Քրիստոսն ես, ասա՛ մեզ։
— Նույնիսկ եթե ասեի, դուք ամենևին էլ չէիք հավատա,— պատասխանում է Հիսուսը։— Եվ եթե հարցնեի ձեզ, ամենևին էլ չէիք պատասխանի։
Սակայն նա խիզախորեն հայտնում է իր ինքնությունը՝ ասելով.
— Այսուհետև մարդու Որդին նստած կլինի Աստծու զորության աջ կողմը։
— Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես,— հարցնում են բոլորը։
— Դուք ինքներդ եք ասում, որ ես եմ,— պատասխանում է Հիսուսը։
Այս մարդկանց համար, ովքեր մտադիր են սպանել նրան, այդ պատասխանը բավարար է։ Նրանք դա հայհոյություն են համարում։ «Էլ ինչների՞ս է պետք ուրիշ վկայություն,— հարցնում են նրանք։— Որովհետև ինքներս հենց նրա բերանից լսեցինք»։ Ուստի նրանք կապում են Հիսուսին և տանում ու հանձնում են հռոմեացի կուսակալ Պոնտացի Պիղատոսին։
Հուդան՝ Հիսուսի մատնիչը, հետևում է այդ ամբողջ ընթացքին։ Երբ տեսնում է, որ Հիսուսին դատապարտում են, խղճի խայթ է զգում։ Ուստի նա գնում է ավագ քահանաների և երեցների մոտ, որպեսզի վերադարձնի 30 կտոր արծաթը։ Նա ասում է.
— Ես մեղք գործեցի՝ արդար արյուն մատնելով։
— Մե՞զ ինչ։ Դո՛ւ տես,— անողորմաբար պատասխանում են նրանք։
Հուդան արծաթե դրամները շպրտում է տաճարի մեջ, հեռանում է այնտեղից և փորձում է ինքն իրեն կախել։ Սակայն այն ճյուղը, որից Հուդան կապում է պարանը, ակներևաբար կոտրվում է, և նա գլխիվայր ընկնելով քարերի վրա՝ մեջտեղից պատռվում է, ու նրա ողջ փորոտիքը դուրս է թափվում։
Ավագ քահանաները չգիտեն, թե ինչ անեն արծաթե դրամները։ «Օրենքով թույլատրելի չէ դրանք գցել սրբազան գանձատունը,— մտածում են նրանք,— որովհետև դրանք արյան գին են»։ Ուստի իրար հետ խորհրդակցելուց հետո նրանք այդ դրամով բրուտի դաշտն են գնում, որպեսզի օտարներին թաղեն այնտեղ։ Դրա համար էլ այդ դաշտը կոչում են «Արյան դաշտ»։
Դեռևս վաղ առավոտ է, երբ Հիսուսին տանում են կուսակալի պալատ։ Սակայն նրան ուղեկցող հրեաները հրաժարվում են ներս մտնել, քանի որ կարծում են, որ այդքան մոտիկից հեթանոսների հետ շփվելը կպղծի իրենց։ Պիղատոսը հասկանում է դա, ուստի ինքն է դուրս գալիս նրանց առաջ։
— Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ,— հարցնում է նա։
— Եթե այս մարդը հանցավոր չլիներ, մենք նրան չէինք մատնի քո ձեռքը,— պատասխանում են նրանք։
Չցանկանալով ներգրավվել այս գործի մեջ՝ Պիղատոսն ասում է.
— Վերցրե՛ք նրան և ձեր օրենքի համաձա՛յն դատեք։
Բացահայտելով Հիսուսին սպանելու իրենց մտադրությունը՝ հրեաները պնդում են. «Մեզ օրենքով թույլատրելի չէ որևէ մեկին սպանել»։ Իսկապես, եթե նրանք Հիսուսին սպանեն Պասեքի տոնի ժամանակ, դա մեծ իրարանցում կառաջացնի ժողովրդի մեջ, քանի որ շատերը մեծ հարգանքով են վերաբերվում Հիսուսին։ Սակայն եթե նրանք այնպես անեն, որ հռոմեացիները սպանեն նրան, մեղադրելով քաղաքական հանցանք գործելու մեջ, դա իրենց կազատի ժողովրդի առաջ պատասխանատվությունից։
Ուստի կրոնական առաջնորդները, չնշելով ավելի վաղ տեղի ունեցած դատաքննության մասին, որի ընթացքում Հիսուսին մեղադրել էին հայհոյություն անելու մեջ՝ այժմ ուրիշ մեղադրանքներ են հնարում։ Նրանք Հիսուսին մեղադրում են երեք բաներում՝ ասելով. «Այս մարդուն գտանք, որ [1] խորտակում էր մեր ազգը և [2] արգելում էր կայսրին հարկեր վճարել ու [3] ասում էր, թե ինքն է Քրիստոս թագավորը»։
Պիղատոսին անհանգստացնում է այն մեղադրանքը, ըստ որի՝ Հիսուսն ասում է, թե թագավոր է։ Այդ պատճառով նա կրկին մտնում է պալատ, կանչում է Հիսուսին ու հարցնում. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Այլ խոսքերով՝ նա ուզում է ասել, թե արդյոք Հիսուսը խախտե՞լ է օրենքը՝ իրեն թագավոր հռչակելով և կայսրին հակառակվելով։
Հիսուսն ուզում է իմանալ, թե Պիղատոսը որքան բան է լսել իր մասին, ուստի հարցնում է. «Դու քեզանի՞ց ես դա ասում, թե՞ ուրիշներն ասացին քեզ իմ մասին»։
Պիղատոսը ցույց է տալիս, որ Հիսուսի մասին ոչինչ չգիտի, և ցանկանում է ծանոթանալ փաստերին։ «Մի՞թե ես հրեա եմ,— պատասխանում է նա։— Քո ազգը և ավագ քահանաները մատնեցին քեզ իմ ձեռքը։ Դու ի՞նչ ես արել»։
Հիսուսը չի փորձում խուսափել այն հարցից, որը վերաբերում է իր Թագավորությանը։ Նրա տված պատասխանը, անկասկած, զարմացնում է Պիղատոսին։ Ղուկաս 22։66–23։3; Մատթեոս 27։1–11; Մարկոս 15։1; Հովհաննես 18։28–35; Գործեր 1։16–20։
▪ Ի՞նչ նպատակով է Սինեդրիոնը կրկին հավաքվում առավոտյան։
▪ Ինչպե՞ս է մահանում Հուդան, և ի՞նչ են անում 30 կտոր արծաթը։
▪ Փոխանակ իրենք սպանեն Հիսուսին՝ ինչո՞ւ են հրեաները ցանկանում, որ հռոմեացիները դա անեն։
▪ Ինչո՞ւմ են հրեաները մեղադրում Հիսուսին։