Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 123
  • «Ահա՛ այն մարդը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ահա՛ այն մարդը»
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը
    2005 Դիտարան
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Տանում են՝ ցցին գամելու
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 123

Գլուխ 123

«Ահա՛ այն մարդը»

ՀԻՍՈՒՍԻ վարքով տպավորված և հասկանալով, որ նա անմեղ է՝ Պիղատոսը միջոցներ է փնտրում, որպեսզի ազատի նրան։ «Ձեզ մոտ մի սովորություն կա,— ասում է նա ժողովրդին,— որ Պասեքին ձեզ համար մի մարդ ազատ արձակեմ»։

Բարաբբա անունով մի հայտնի մարդասպան նույնպես բանտարկված է, ուստի Պիղատոսը հարցնում է. «Ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ այսպես կոչված Քրիստոսին»։

Ժողովուրդը՝ ավագ քահանաների ազդեցության տակ, պահանջում է, որ Բարաբբան ազատ արձակվի, իսկ Հիսուսը սպանվի։ Չհանձնվելով՝ Պիղատոսը կրկին հարցնում է.

— Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար։

— Բարաբբայի՛ն,— բղավում են նրանք։

— Այդ դեպքում ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին,— հուսահատ հարցնում է Պիղատոսը։

— Թող ցցի՛ն գամվի,— միաձայն գոռում է ամբոխը։— Ցցի՛ն գամիր, ցցի՛ն գամիր նրան։

Հասկանալով, որ նրանք անմեղ մարդու են ուզում սպանել՝ Պիղատոսը պաշտպանում է Հիսուսին.

— Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը։ Մահվան արժանի ոչինչ չգտա նրա մեջ. ուստի կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ։

Չնայած Պիղատոսի բոլոր փորձերին՝ կատաղած ամբոխը կրոնական առաջնորդների դրդմամբ շարունակում է բղավել. «Թող ցցի՛ն գամվի»։ Քահանաների կողմից մոլեգնած վիճակի հասցված ամբոխը արյուն է պահանջում։ Մի պահ մտածիր. ընդամենը հինգ օր առաջ նրանցից մի քանիսը հավանաբար այն մարդկանց թվում էին, որոնք Հիսուսին՝ որպես Թագավորի, ողջունեցին Երուսաղեմում։ Այս ամբողջ ընթացքում Հիսուսի աշակերտները, եթե նրանք ներկա են այնտեղ, լուռ և աննկատ են մնում։

Պիղատոսը, տեսնելով, որ իր կոչերը ոչ մի օգուտ չեն բերում, այլ հակառակը՝ ավելի են կատաղեցնում ամբոխին՝ ջուր է վերցնում, բոլորի առաջ լվանում է իր ձեռքերը և ասում.

— Ես անմեղ եմ այս մարդու արյունից։ Դո՛ւք տեսեք։

Այդ ժամանակ ժողովուրդը պատասխանում է.

— Նրա արյունը թող լինի մե՛զ ու մեր երեխաների՛ վրա։

Բավարարելով ամբոխի պահանջները և ցանկանալով ավելի շատ հաճեցնել նրան, քան անել այն, ինչը իր կարծիքով ճիշտ է՝ Պիղատոսը Բարաբբային է արձակում։ Նա հրամայում է, որ Հիսուսին մերկացնեն ու խարազանեն։ Ինչ խոսք, սա սովորական մտրակել չէր։ «Ամերիկյան բժշկական ընկերության հանդեսում» նկարագրվում է, թե ինչպես էին հռոմեացիները խարազանում մարդկանց.

«Սովորաբար նրանք գործածում էին կարճ մտրակ (ֆլագրում կամ ֆլագելլում), որն ուներ առանձին կամ իրար միահյուսված տարբեր երկարության կաշեփոկեր, որոնց վրա ամրացված էին երկաթե փոքր գնդիկներ կամ ոչխարի ոսկորի սուր կտորներ։.... Երբ հռոմեացի զինվորները շարունակ ամբողջ ուժով հարվածում էին զոհի մեջքին, երկաթե գնդիկները խորը վնասվածքներ էին պատճառում, իսկ կաշեփոկերն ու ոչխարի ոսկորի կտորները մտնում էին մաշկի մեջ և պատռում նրա տակ եղող հյուսվածքները։ Մինչ ծեծը շարունակվում էր, վերքերը հասնում էին մինչև կմախքային մկանները, և մեջքը վերածվում էր արյունոտ մսի դողդոջուն ծվենների»։

Այդ սարսափելի ծեծից հետո Հիսուսին տանում են կուսակալի պալատ, որտեղ հավաքվում է ամբողջ զորագունդը։ Այնտեղ զինվորները շարունակում են չարչարել նրան. նրանք փշերից մի պսակ են հյուսում ու նրա գլխին հագցնում։ Նրա աջ ձեռքը մի եղեգ են տալիս և մի ծիրանի վերնազգեստ հագցնում նրան, ինչպիսին որ թագավորներն են կրում։ Այնուհետև ծաղրելով ասում են. «Ողջո՛ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»։ Նաև թքում են Հիսուսի վրա և ապտակում։ Ապա ձեռքից եղեգը վերցնելով՝ դրանով սկսում են խփել Հիսուսի գլխին, որի պատճառով նվաստացուցիչ «պսակի» փշերը ավելի են խրվում նրա մաշկի մեջ։

Չնայած այդ ամենին՝ Հիսուսը զարմանալի արժանապատվություն և ուժ է դրսևորում։ Դա այնքան է տպավորում Պիղատոսին, որ նա կրկին փորձում է փրկել նրան։ «Ահա ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»,— ասում է նա ամբոխին։ Հավանաբար, նա մտածում է, որ երբ ժողովուրդը տեսնի տանջահար Հիսուսին՝ նրա սիրտը կփափկի։ Երբ Հիսուսը փշերից հյուսված պսակով, ծիրանի վերնազգեստով և արյունոտ ու տառապալից դեմքով կանգնում է այդ անսիրտ ամբոխի առջև, Պիղատոսը հայտարարում է. «Ահա՛ այն մարդը»։

Թեև ծեծված ու չարչարված, սակայն այստեղ կանգնած է ամբողջ պատմության մեջ ամենաակնառու անձնավորությունը, իսկապես որ, երբևէ ապրած մեծագույն մարդը։ Այո՛, Հիսուսի արժանապատվությունն ու հանգստությունը խոսում է իր այնպիսի մեծության մասին, որ նույնիսկ Պիղատոսն է ընդունում դա, քանի որ նրա խոսքերը, ըստ ամենայնի, թե՛ հարգանք և թե՛ խղճահարություն են արտահայտում։ Հովհաննես 18։39–19։5; Մատթեոս 27։15–17, 20–30; Մարկոս 15։6–19; Ղուկաս 23։18–25։

▪ Ինչպե՞ս է Պիղատոսը փորձում ազատել Հիսուսին։

▪ Ինչպե՞ս է Պիղատոսը փորձում ազատվել պատասխանատվությունից։

▪ Ինչպե՞ս է կատարվում խարազանումը։

▪ Խարազանելուց հետո Հիսուսին ինչպե՞ս են ծաղրում։

▪ Ուրիշ ի՞նչ փորձ է անում Պիղատոսը, որպեսզի ազատ արձակի Հիսուսին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը