Գլուխ 7
Հռչակե՛ք Թագավորին ու Թագավորությունը (1919–1941)
«Հավատո՞ւմ եք, որ փառավորված Թագավորը սկսել է իշխել։ Այդ դեպքում դեպի դաշտ, Բարձրյա՛լ Աստծու որդիներ։ Հագե՛ք ձեր սպառազինությունը։ Եղեք սթափ, զգոն, ակտիվ ու քաջ։ Եղեք Տիրոջ հավատարիմ ու ճշմարիտ վկաները։ Շարունակեք կռվել, մինչև որ Բաբելոնն ամբողջովին ամայանա։ Լուրը հռչակեք ամենուր։ Աշխարհը պիտի իմանա, որ Եհովան է Աստված, և որ Հիսուս Քրիստոսը թագավորների Թագավորն է ու տերերի Տերը։ Այսօր ամենակարևոր օրն է։ Տեսե՛ք, Թագավորն իշխում է։ Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛, ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»։
ԱՅՍ ազդեցիկ կոչը, որ արեց Ռադերֆորդը 1922-ին Սիդար Փոյնթում (Օհայո) տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ, մեծ ազդեցություն թողեց ներկաների վրա։ Աստվածաշունչ ուսումնասիրողները համաժողովից հետո լցված էին Թագավորությունը հռչակելու մեծ եռանդով։ Ընդամենը մի քանի տարի առաջ Թագավորության մունետիկները լինելու հեռանկարը մշուշոտ էր։ Պատճառն այն էր, որ Ջ. Ֆ. Ռադերֆորդը և նրա յոթ ընկերակիցները դեռ բանտում էին, և կազմակերպության մեջ նրանց հետագա դերն անորոշ էր։ Ինչպե՞ս դուրս եկան նրանք այդ իրավիճակից։
«Գիտեմ մի բան հավատարմության օրենքի վերաբերյալ»
1919-ի հունվարի 2–5-ը Պիտսբուրգում (Փենսիլվանիա) անցկացվելու էր մի համաժողով։ Սակայն դա սովորական համաժողով չէր։ Հունվարի 4-ին՝ շաբաթ օրը, տեղի էր ունենալու նաև «Դիտարան ընկերության» տարեկան հանդիպումը։ Բայց եղբայր Ռադերֆորդը և նրա ընկերակիցները դեռ բանտում էին։ Ռադերֆորդը գիտակցում էր, որ այդ հանդիպումը կարևոր նշանակություն էր ունենալու։ Նա շաբաթ օրը՝ կեսօրին, փնտրում էր եղբայր Մակմիլանին, որին գտավ բանտի թենիսի դաշտում։ Մակմիլանը պատմում է, թե ինչ զրույց տեղի ունեցավ նրանց միջև.
«Ռադերֆորդն ասաց.
— Մա՛կ, ուզում եմ հետդ խոսել։
— Ինչի՞ մասին։
— Այն մասին, ինչ որ կատարվում է հիմա Պիտսբուրգում։
— Ուզում եմ ավարտել խաղս։
— Քեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ է կատարվում այնտեղ։ Չգիտե՞ս, որ այսօր ընտրությունների օրն է։ Քեզ կարող են չընտրել, ու դու դուրս կմնաս, և մենք հավերժ այստեղ կմնանք։
— Եղբա՛յր Ռադերֆորդ, ուզում եմ քեզ ասել մի բան, որի մասին գուցե չես մտածել։ Ընկերությունը հիմնվելուց ի վեր սա առաջին դեպքն է, երբ ակնհայտ կլինի, թե Եհովա Աստված ում է ուզում տեսնել որպես նախագահ։
— Ի՞նչ նկատի ունես։
— Նկատի ունեմ այն, որ եղբայր Ռասելի ձայնը որոշիչ դեր ուներ, և նա էր նշանակում տարբեր պատասխանատու եղբայրների։ Հիմա, երբ մենք այստեղ ենք և ոչ մի վերահսկողություն չենք կարող իրականացնել, իրավիճակն այլ է։ Իսկ եթե դուրս գայինք և ժամանակին հասնեինք այդ հանդիպմանը, մեզ կընդունեին այնպես, ինչպես Ռասելին և կարժանացնեին նույն պատվին։ Ու կստացվեր, որ դա մարդկանց գործն է, ոչ թե Աստծու։
Ռադերֆորդը մտազբաղ հեռացավ»։
Պիտսբուրգում այդ օրը լարված հանդիպում էր տեղի ունենում։ Սարա Ս. Կեյլինը, որը մեծացել էր Պիտսբուրգի մոտակայքում, պատմում է. «Սկզբում խառնաշփոթ էր տիրում, բոլորը բանավիճում էին, շատ տարաձայնություններ կային։ Ոմանք ցանկանում էին վեց ամսով հետաձգել այդ հանդիպումը, ոմանք կասկածի տակ էին դնում բանտարկված եղբայրներին ընտրելու օրինական լինելը, ոմանք էլ առաջարկում էին նոր թեկնածուներ ընտրել»։
Երկար քննարկումից հետո Ու. Ֆ. Հադջինգսը՝ «Ազգերի քարոզիչների միության»a տնօրենը, ներկաների համար կարդաց Ռադերֆորդի նամակը։ Հավաքվածներին իր սերն ու ողջույնները հղելուց հետո Ռադերֆորդը զգուշացնում էր. «ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և ՎԱԽԸ Սատանայի գլխավոր զենքերն են»։ Ցույց տալով, որ ցանկանում է հնազանդվել Եհովայի կամքին՝ նա նույնիսկ խոնարհաբար առաջարկել էր մի քանի համապատասխան եղբայրների թեկնածությունը, եթե բաժնետերերը որոշեին Ընկերության նոր ղեկավարներ ընտրել։
Քննարկումը մի որոշ ժամանակ շարունակվեց։ Է. Դ. Սեկստոնը, որ նշանակված էր որպես ընտրական հանձնաժողովի նախագահ, հետևյալ խոսքերն ասաց.
«Ես հենց նոր ժամանեցի։ Գնացքը քառասունութ ժամ ուշացավ ձնաբուքի պատճառով։ Ես մի բան պետք է ասեմ։ Ու իմ խղճի հանգստության համար լավ կլինի, որ հենց հիմա խոսեմ։ Սիրելի՛ եղբայրներ, ձեզնից շատերի պես՝ ես էլ եկել եմ այստեղ իմ համոզմունքներով և ունեմ իմ դիրքորոշումը՝ դեմ կամ կողմ.... Իրավական տեսանկյունից՝ ոչ մի խնդիր չկա։ Եթե ցանկանում ենք որևէ առանձնաշնորհման համար վերստին ընտրել մեր եղբայրներին, որոնք հիմա հարավում բանտարկության մեջ են, ապա իմ ստացած [իրավաբանական] խորհրդատվության հիման վրա կարող եմ ասել, որ դա որևէ առնչություն չունի հասարակական կարծիքի կամ այն հանգամանքի հետ, որ նրանց գործը քննվում է դաշնային դատարանում։
Ես համոզված եմ, որ մեր կողմից եղբայր Ռադերֆորդի հանդեպ հարգանքի մեծագույն դրսևորում կլինի, եթե նրան դարձյալ ընտրենք որպես «Ա[ստվածաշնչի] և թ[երթիկի] Դ[իտարան] ընկերության» նախագահ։ Ես կարծում եմ, որ հասարակության համար միանգամայն հստակ է, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Եթե մեր եղբայրները ինչ-որ առումով անգիտակցաբար ոտնահարել են որևէ օրենք, մենք գիտենք, որ նրանք վատ մղումներով չեն արել դա։ Ամենակարող [Աստծու] առաջ նրանք ո՛չ Աստծու օրենքն են խախտել, ո՛չ էլ մարդկանց։ Մենք կարող ենք ցույց տալ մեր վստահությունը, եթե վերստին ընտրենք եղբայր Ռադերֆորդին որպես Ընկերության նախագահ։
Ես իրավաբան չեմ, բայց ինչ վերաբերում է այս հարցի օրինական լինելուն, գիտեմ մի բան հավատարմության օրենքի վերաբերյալ։ Հավատարմությունը Աստծու պահանջն է։ Ու ես չեմ պատկերացնում այդ հավատարիմների հանդեպ վստահության ավելի մեծ դրսևորում, քան ԿՐԿԻՆ ԵՂԲԱՅՐ ՌԱԴԵՐՖՈՐԴԻՆ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼԸ»։
Ակներևաբար, եղբայր Սեկստոնը արտահայտեց այն, ինչ ներկաներից շատերն էին մտածում։ Առաջադրվեցին թեկնածուներ, անցկացվեց քվեարկություն, և Ջ. Ֆ. Ռադերֆորդն ընտրվեց որպես նախագահ, Չ. Ա. Ուայզը՝ փոխնախագահ, Ու. Ի. վան Ամբուրգը՝ քարտուղար-գանձապահ։
Հաջորդ օրը եղբայր Ռադերֆորդը թակեց Մակմիլանի բանտախցի պատը և ասաց. «Ձեռքդ դուրս հանիր»։ Նա Մակմիլանին տվեց մի հեռագիր, որում նշված էր, որ ինքը դարձյալ ընտրվել է որպես նախագահ։ Մակմիլանը հետագայում պատմում է. «Նա շատ էր ուրախացել՝ ակնհայտորեն տեսնելով, որ Եհովան է առաջնորդում Ընկերությունը»։
Ընտրություններն ավարտվեցին, բայց եղբայր Ռադերֆորդն ու նրա յոթ ընկերակիցները դեռ բանտում էին։
Երկրով մեկ արշավ հօգուտ բանտարկյալների
«Դիտարանի» 1919թ. ապրիլի 1-ի համարում ասվում էր. «Անցած մի քանի շաբաթվա ընթացքում երկրով մեկ արշավ սկսվեց ի պաշտպանություն եղբայրների»։ Որոշ թերթերում կոչ էր արվում ազատ արձակել Ռադերֆորդին և նրա ընկերակիցներին։ Միացյալ Նահանգներում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողները մեծապես աջակցում էին այդ արշավին՝ նամակներ գրելով թերթերի խմբագիրներին, կոնգրեսմեններին, սենատորներին և նահանգապետներին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել հօգուտ ութ բանտարկյալների։ Պարզ էր, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները չէին հանձնվի, մինչև իրենց եղբայրները ազատ չարձակվեին։
1919թ. մարտին Աստվածաշունչ ուսումնասիրողները Միացյալ Նահանգներում խնդրագիր կազմեցին և ստորագրահավաք անցկացրին։ Այն ուղղված էր նախագահ Վուդրո Ուիլսոնին, որին խնդրում էին միջամտել և ի նպաստ բանտարկված եղբայրների՝ կատարել հետևյալ երեք խնդրանքներից մեկը.
«ԱՌԱՋԻՆ՝ շնորհել լիակատար ներում, եթե հիմա դա հնարավոր է, ԿԱՄ
ԵՐԿՐՈՐԴ՝ արդարադատության նախարարությանը կարգադրել դադարեցնել նրանց դեմ ուղղված դատական գործը և նրանց ազատ արձակել, ԿԱՄ
ԵՐՐՈՐԴ՝ նրանց անմիջապես ազատ արձակել գրավի դիմաց, մինչև որ ավելի բարձր ատյաններում նրանց գործի քննությունը ավարտվի»։
Երկու շաբաթվա ընթացքում Աստվածաշունչ ուսումնասիրողները հավաքեցին 700000 ստորագրություն։ Սակայն խնդրագիրը չներկայացվեց նախագահին կամ կառավարությանը։ Պատճառն այն էր, որ մինչ այդ ութ եղբայրները ազատ արձակվեցին գրավի դիմաց։ Չնայած դրան՝ «Դիտարանի» 1919թ. հուլիսի 1-ի համարում նշվեց, թե ինչին նպաստեց ստորագրահավաքը. «Ակնհայտ էր, որ Տերը ցանկանում էր, որ այս գործն արվի ոչ այնքան եղբայրներին բանտից ազատելու համար, որքան ճշմարտության մասին վկայություն տալու»։
«Բարի վերադարձ, եղբայրնե՛ր»
Մարտի 25-ին՝ երեքշաբթի օրը, ութ եղբայրները Ատլանտայից գնացքով ճանապարհ ընկան դեպի Բրուքլին, որտեղ նրանց պետք է ազատ արձակեին։ Նրանց ազատ արձակման լուրը արագորեն տարածվեց։ Իսկապես հուզիչ էր տեսնել, թե ինչպես էին Աստվածաշունչ ուսումնասիրողները հավաքվել գնացքի կայարաններում՝ հուսալով տեսնել ազատված եղբայրներին և արտահայտել իրենց ուրախությունը։ Մյուսները շտապում էին Բրուքլինի Բեթել, որը որոշ ժամանակով փակ էր եղել, որպեսզի հանդիսավոր ընդունելություն կազմակերպեն նրանց համար։ Բրուքլինում մարտի 26-ին եղբայրներից յուրաքանչյուրի համար 10000 ամերիկյան դոլար գրավ մուծվեց, և նրանք ազատ արձակվեցին։
«Դիտարանի» 1919թ. ապրիլի 15 համարում գրված էր. «Եղբայրներին անհամբեր սպասող մի խումբ հավատակիցներ անմիջապես շրջապատեցին նրանց և ուղեկցեցին Բեթել, որտեղ հավաքված էին հինգ-վեց հարյուր մարդ»։ Ճաշարանում մի մեծ պաստառ էր փակցված, որի վրա գրված էր՝ «Բարի վերադարձ, եղբայրնե՛ր»։ Մոտ 50 տարի անց քույր Մեյբլ Հասլեթը, որը ներկա էր եղել այս միջոցառմանը, պատմում է. «Հիշում եմ, թե ինչպես էինք հարյուրավոր դոնաթներ (ամերիկյան փքաբլիթ) պատրաստում։ Եղբայրները, որ ինը ամիս բանտի կերակուր էին կերել, վայելում էին դրանք։ Դեռ հիշում եմ, թե ինչպես էր եղբայր Ռադերֆորդը վերցնում և ախորժակով ուտում դոնաթները։ Անմոռանալի էր հատկապես այն, որ նա և մյուս եղբայրները պատմում էին իրենց հետ պատահած դեպքերը։ Հիշում եմ՝ եղբայր Դեչեկան կանգնել էր աթոռին, որպեսզի բոլորը տեսնեն ու լսեն իրեն»։
Ապրիլի 1-ին՝ երեքշաբթի առավոտյան, եղբայր Ռադերֆորդը ժամանեց Պիտսբուրգ, որտեղ այդ ժամանակ գտնվում էին գլխավոր վարչության գրասենյակները։ Այստեղ նույնպես եղբայրները կազմակերպել էին տոնական ընդունելություն, որը տեղի ունեցավ նույն օրը երեկոյան «Չաթամ» հյուրանոցում։ Բանտի պայմանները բացասաբար էին անդրադարձել եղբայր Ռադերֆորդի առողջական վիճակի վրա, հատկապես նրա թոքերի, և նա ազատ արձակվելուց հետո ծանր հիվանդացավ թոքաբորբով։ Այդ պատճառով կարճ ժամանակ անց նա ստիպված եղավ մեկնել Կալիֆորնիա, որտեղ ապրում էին նրա հարազատներից ոմանք։
Կարևոր հանդիպում Լոս Անջելեսում
Հիմա արդեն եղբայր Ռադերֆորդն ու մյուսները ազատ էին, սակայն արդյո՞ք Աստծու Թագավորության հռչակման գործը նույն թափով էր ընթանում։ Եղբայրների բանտարկության ժամանակ կազմակերպության կողմից վկայության գործի վերահսկողությունը գրեթե դադարել էր։ «Բրուքլինի խորանը» վաճառվել էր, իսկ Բրուքլինի Բեթելը՝ փակվել։ Պիտսբուրգում գլխավոր վարչության տարածքը շատ փոքր էր, իսկ միջոցները՝ սահմանափակ։ Բացի այդ, եղբայրները ուզում էին իմանալ, թե մարդիկ որքանով էին հետաքրքրված Թագավորության լուրով։ Ուստի Կալիֆորնիայում եղբայր Ռադերֆորդը որոշեց հանդիպում անցկացնել դա պարզելու համար։
Այդ հանդիպումը անցկացվելու էր Լոս Անջելեսի Քլունի անվան դահլիճում 1919թ. մայիսի 4-ին՝ կիրակի օրը։ Հանդիպմանը հնչելու էր «Հույս վհատված մարդկության համար» վերնագրով ելույթը։ Այն ներկայացնելու էր եղբայր Ռադերֆորդը, մի մարդ, որը նոր էր դուրս եկել բանտից։ Այդ հանդիպման մասին ազդարարվեց շատ թերթերում, որտեղ նշվում էր, որ Ռադերֆորդը խոստանում է բացահայտորեն ներկայացնել բոլոր փաստերը և բացատրել, թե որոնք են Ընկերության ղեկավարներին անարդարացիորեն դատապարտելու պատճառները։ Արդյոք որևէ մեկին կհետաքրքրե՞ր դա, արդյոք որևէ մեկը կգա՞ր հանդիպմանը։
Արդյունքներն անսպասելի էին։ Հանդիպմանը ներկա եղավ 3500 հոգի, իսկ մոտ 600 հոգի ստիպված եղավ հետ դառնալ տեղ չլինելու պատճառով։ Եղբայր Ռադերֆորդը ցնծության մեջ էր։ Նա պատրաստ էր հաջորդ օրը նորից ներկայացնելու ելույթը։ Երկուշաբթի երեկոյան հանդիպմանը եկավ 1500 հոգի։ Սակայն նրա առողջական վիճակն այնքան վատ էր, որ մեկ ժամ խոսելուց հետո, ստիպված եղավ իջնել բեմից։ Նրան փոխարինեց մեկ ուրիշ եղբայր։ Չնայած դրան՝ Լոս Անջելեսում հանդիպման արդյունքները հաճելիորեն զարմացրին եղբայրներին։ Ռադերֆորդը համոզված էր, որ Թագավորության լուրը հետաքրքրում է շատ-շատերին։ Ուստի վճռեց այն հռչակելու համար լուրջ քայլեր ձեռնարկել։
Նոր թափով գործի անցան
1919թ. հուլիսին եղբայր Ռադերֆորդն արդեն վերադարձել էր Պիտսբուրգ՝ գլխավոր վարչություն, և նորից գործի էր անցել։ Հաջորդ մի քանի ամիսներին գործը մեծ թափ առավ։ Կազմակերպվեց մի համաժողով Աստվածաշունչ ուսումնասիրողների համար, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1–8-ը Սիդար Փոյնթում (Օհայո)։ Ընկերության գրասենյակները կրկին տեղափոխվեցին Բրուքլին և սկսեցին գործել այնտեղ հոկտեմբերի 1-ից։
Ի՞նչ նպատակներ ունեին նրանք իրենց առաջ։ Սիդար Փոյնթում տեղի ունեցած համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին՝ երեքշաբթի, եղբայր Ռադերֆորդը բացատրեց. «Քրիստոնյայի առաքելությունը երկրի վրա.... Տիրոջ արդար թագավորության լուրը հռչակելն է, թագավորություն, որը օրհնություններ կբերի բոլոր ստեղծվածներին, որոնք հառաչում են»։ Երեք օր հետո՝ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին, որը կոչվեց «Համագործակիցների օր», եղբայր Ռադերֆորդը ասաց. «Բնական է, որ քրիստոնյան իր կյանքի ընթացքում հարցնի ինքն իրեն. «Ինչո՞ւ եմ երկրի վրա»։ Պատասխանը պետք լինի հետևյալը՝ Տերը իր բարեհաճությամբ ինձ պատիվ է շնորհել լինելու իր դեսպանը՝ հայտնելու աշխարհին Աստծու հետ հաշտվելու մասին պատգամը, և իմ առանձնաշնորհումն ու պարտքն է հռչակել այդ լուրը»։
Այո՛, ժամանակն էր, որ Աստծու Թագավորության բարի լուրը նոր թափով հռչակվեր։ Այս գործին աջակցելու նպատակով եղբայր Ռադերֆորդը մի հայտարարություն արեց. «Տիրոջ առաջնորդությամբ մենք նոր պարբերագրի լույսընծայման աշխատանքներ ենք ձեռնարկել, որը կկոչվի «ՈՍԿԵ ԴԱՐ»»։ Ներկաները այդ ժամանակ լիովին չէին պատկերացնում, թե ինչ հզոր գործիք էր լինելու «Ոսկե դարը»։
«Առաջին համաշխարհային պատերազմից հետո կազմակերպված այդ առաջին համաժողովը մեծապես ոգեշնչեց բոլորիս»,— ասում է Հերման Լ. Ֆիլբրիկը, որը եկել էր այդ համաժողովին Բոստոնից (Մասաչուսեթս)։ Իսկապես, Սիդար Փոյնթի համաժողովը Աստվածաշունչ ուսումնասիրողներին ոգևորեց և գործի մղեց։ Նրանք պատրաստ էին հռչակելու բարի լուրը ամենուրեք։ Բոլորը վերստին ուժ ու եռանդ ստացան, ասես կենդանացան (համեմատի՛ր Եզեկիել 37։1–14; Հայտնություն 11։11, 12)։
Այդ ընթացքում աշխարհում նշանակալից իրադարձություններ էին տեղի ունենում։ 1919-ի հունիսի 28-ին ստորագրվեց Վերսալի պայմանագիրը և ուժի մեջ մտավ 1920-ի հունվարի 10-ին։ Դրանով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և դադարեցին Գերմանիայի դեմ ուղղված ռազմական գործողությունները։ Պայմանագիրը հիմք դրեց Ազգերի լիգայի կազմավորմանը, որը միջազգային կազմակերպություն էր, և որի նպատակն էր աշխարհում խաղաղություն պահպանել։
Հռչակե՛ք Թագավորին և թագավորությունը
1922թ. սեպտեմբերի 5–13-ը Աստվածաշունչ ուսումնասիրողները կրկին հավաքվեցին Սիդար Փոյնթում՝ լսելու համաժողովի իննօրյա ծրագիրը։ Բոլորը ոգևորված էին, տարբեր երկրներից պատվիրակներ էին գալիս այս միջազգային համաժողովին ներկա լինելու համար։ Ծրագրի ամենատպավորիչ մասը եղբայր Ռադերֆորդի ելույթն էր, որը նա ներկայացրեց սեպտեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը։ Ելույթի վերնագիրն էր՝ «Թագավորությունը»։
Թոմաս Ջ. Սալիվանը հիշում է. «Նրանք, ովքեր առանձնաշնորհում ունեցան ներկա լինելու այդ հանդիպմանը, երբեք չեն մոռանա, թե եղբայր Ռադերֆորդը, իր խոսքն ուղղելով մի քանիսին, ովքեր շոգի պատճառով շրջում էին, ինչպիսի լրջությամբ հորդորեց ՆՍՏԵԼ և ԼՍԵԼ ելույթն ամեն գնով»։ Նրանք, ովքեր հետևեցին այդ հորդորին, չզղջացին, քանի որ դա այն պատմական ելույթն էր, որի ժամանակ եղբայր Ռադերֆորդը կոչ արեց իր ունկնդիրներին հռչակել Թագավորին և թագավորությունը։
Ունկնդիրները մեծ խանդավառությամբ արձագանքեցին այդ կոչին։ «Դիտարանում» ասվում էր. «Ներկաներից յուրաքանչյուրին խորապես տպավորել էր այն փաստը, որ Աստծուն նվիրված անհատները այսուհետ պարտականություն ունեին լինելու Թագավորի և Թագավորության մունետիկները»։ Աստվածաշունչ ուսումնասիրողները համաժողովից հեռացան՝ քարոզելու անշեջ եռանդը իրենց սրտերում։ Քույր Էթել Բենեկոֆը, որը ծառայում էր որպես գրքեր տարածող և այդ ժամանակ մոտ 30 տարեկան էր, ասում է. «Մեզ հորդոր տրվեց, որ հետևենք «հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը» կոչին, և որ դա անենք ավելի մեծ եռանդով ու սիրով, քան երբևէ»։
Մինչ հոգևոր լույսը ավելի պայծառ էր դառնում, Աստվածաշունչ ուսումնասիրողները որոշ կարևոր ճշմարտություններ էին բացահայտում (Առակ. 4։18)։ Այս անգին ճշմարտությունները հասկանալով՝ նրանք մղվում էին ավելի մեծ եռանդով հռչակելու Աստծու Թագավորության լուրը։ Սակայն միևնույն ժամանակ նրանք պետք է փոխեին իրենց մտածելակերպը, ինչը ոմանց համար իսկական փորձություն էր։
Չիրականացած հույսեր
«Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» գրքույկում, որը լույս էր տեսել դեռևս 1920թ.-ին, ասվում էր, «որ 1925 թվականը աչքի կընկնի նրանով, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և հնում ապրած հավատարիմ մարգարեները կվերադառնան [մահացած վիճակից].... և կհասնեն կատարելության»։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները ոչ միայն սպասում էին, որ 1925-ին Աստծու հավատարիմ ծառաները հարություն կառնեն, այլև ոմանք նույնիսկ հույս ունեին, թե այդ տարի օծյալ քրիստոնյաները կստանան իրենց երկնային վարձատրությունըb։
1925 թվականը սկսվեց և ավարտվեց։ Ոմանք կորցրին իրենց հույսը։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողների զգալի մասը հավատարիմ մնաց։ Հերալդ Թութջյանը, որի տատն ու պապը Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին դարձել դեռևս դարասկզբին պատմում է. «Մեր ընտանիքը եկավ այն համոզման, որ միայն մեր օրերում չէ, որ որոշ հույսեր չեն իրականացել։ Առաքյալներն էլ են սխալ ակնկալիքներ ունեցել.... Եհովան արժանի է, որ մենք փառաբանենք և հավատարմորեն ծառայենք իրեն՝ անկախ վերջնական վարձատրությունից» (համեմատի՛ր Գործեր 1։6, 7)։
Երկու կազմակերպություններ՝ Եհովայի և Սատանայի
«Ազգի ծնունդը»։ Այսպես էր վերնագրված «Դիտարանի» 1925թ. մարտի 1-ի համարում տեղ գտած մի ցնցող հոդված, որում նորովի էր մեկնաբանվում «Հայտնություն» գրքի 12-րդ գլուխը։ Այդ նոր մեկնությունը ոմանց համար շատ դժվար էր ընդունել։
«Հայտնություն» գրքի այս գլխում նշված որոշ խորհրդանշական կերպարներ բացատրվում էին հետևյալ կերպ. «կինը», որը պիտի ծննդաբերեր (համար 1, 2), «Աստծու [երկնային] կազմակերպությունն» է, «վիշապը» (համար 3) «Սատանայի կազմակերպությունն է», իսկ «արու զավակը» (համար 5)՝ «նոր թագավորությունը, կամ՝ կառավարությունը»։ Այս մեկնությունների հիման վրա առաջին անգամ հնարավոր եղավ հստակ բացատրել, որ կան երկու իրարից տարբեր և իրար հակառակ կազմակերպություններ՝ Եհովայինը և Սատանայինը, և երկնքում բռնկված պատերազմից հետո (համար 7) Սատանան և նրա դևերը, ովքեր աջակցում էին նրան, դուրս նետվեցին երկնքից և գցվեցին երկրի վրա։
Եղբայր Էրլ Է. Նուելը, որը հետագայում ծառայեց որպես «Դիտարան ընկերության» շրջագայող ներկայացուցիչ, գրեց. «Մենք նստեցինք և ամբողջ գիշեր ուսումնասիրեցինք այդ հոդվածը, մինչև որ կարողացանք լրիվ հասկանալ։ Երբ գնացինք Պորտլենդ (Օրեգոն) քաղաքում անցկացվող համաժողովին, տեսանք, որ մեր հավատակիցները այդ հոդվածի պատճառով վրդովված էին, ու նրանցից ոմանք նույնիսկ պատրաստվում էին դադարեցնել «Դիտարանի» իրենց բաժանորդագրությունը»։ Բայց ինչո՞ւ էր ոմանց համար այդքան դժվար ընդունել «Հայտնություն» գրքի 12-րդ գլխի այս նոր մեկնությունը։
Հստակ էր, որ այն, ինչ գրված էր այս հոդվածում, բոլորովին տարբերվում էր այն բացատրությունից, որ տրված էր «Գաղտնիքը բացահայտված է» գրքում (մեծամասամբ ընդգրկում էր եղբայր Ռասելի գրածները և լույս էր տեսել նրա մահից հետո)c։ Եղբայր Վալտեր Ջ. Թորնը, որը ծառայում էր որպես շրջագայող պիլիգրիմ, բացատրեց. ««Ազգի ծնունդը» հոդվածը.... դժվար էր ընդունել, քանի որ նախորդ բացատրությունը, որը տրվել էր սիրելի եղբայր Ռասելի կողմից, բոլորս համարում էինք «Հայտնություն» գրքի վերջնական մեկնությունը»։ Ուստի զարմանալի չէ, որ այդ նոր հասկացողությունը գայթակղության քար դարձավ ոմանց համար։ Եղբայր Ջ. Ա. Բոունետը, որը նույնպես պիլիգրիմ էր, նշեց. «Անկասկած, այս մեկնությունը մաղի դեր է տանելու։ Իսկ բոլոր ազնիվ և անկեղծ հավատ ունեցող մարդիկ հաստատ կանգնած կմնան և չեն կորցնի իրենց ուրախությունը»։
Այո՛, ազնվասիրտ մարդկանց ուրախություն պատճառեց այս նոր մեկնությունը։ Հիմա ամեն ինչ այնքա՜ն պարզ էր. յուրաքանչյուր ոք կա՛մ Եհովայի կազմակերպությանն է պատկանում, կա՛մ Սատանայի։ «Ազգի ծնունդը» հոդվածում ասվում էր. «Հիշե՛ք, որ մեզ համար առանձնաշնորհում է.... պայքարել հանուն մեր Թագավորի՝ քարոզելով այն լուրը, որ նա պատվիրել է մեզ հռչակել»։
1920-ականների և 1930-ականների ընթացքում Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին ավելի շատ բաներ հասկանալ սուրբգրային ճշմարտությունների վերաբերյալ։ Նրանք դադարեցին աշխարհիկ տոներ, օրինակ՝ Սուրբ Ծնունդը, տոնելուց։ Այլ սովորություններ և հավատալիքներ նույնպես մերժվեցին, երբ պարզ դարձավ, որ դրանք Աստծուն անարգող ակունքներ ունենd։ Այդ փոփոխություններն անելուց բացի, Աստվածաշունչ ուսումնասիրողները ճշմարտության հետագա բացահայտման համար շարունակում էին սպասել Եհովային։
«Դուք իմ վկաներն եք»
«Դուք իմ վկաներն եք,— ասում է Եհովան,— իսկ ես Աստված եմ» (Ես. 43։12)։ 1920-ականներից ի վեր Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին ավելի խորությամբ գիտակցել, թե ինչ մեծ կարևորություն ունեն Եսայիա մարգարեի այս խոսքերը։ «Դիտարանի» հոդվածներում բազմիցս շեշտվում էր, որ մեր պատասխանատվությունն է վկայություն տալ Եհովայի անվան և նրա Թագավորության մասին։ Այդ առումով, սակայն, շրջադարձային եղավ 1931թ.-ին Կոլումբուսում (Օհայո) տեղի ունեցած համաժողովը։
Հուլիսի 26-ին՝ կիրակի օրը՝ կեսօրին, եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց «Թագավորություն. աշխարհի հույսը» վերնագրով հանրային ելույթը, որը միաժամանակ հեռարձակվեց բազմաթիվ ռադիոկայաններով։ Հետագայում այդ ելույթը կրկին ու կրկին հեռարձակվեց ավելի քան 300 այլ կայաններով։ Ելույթի վերջում եղբայր Ռադերֆորդը, մի նախազգուշացում ուղղելով քրիստոնեական աշխարհին, կարդաց «Նախազգուշացում Եհովայից» վերնագրով բանաձևը, որն ուղղված էր «իշխանություններին և հասարակությանը»։ Այն, կարծես, մտրակի հարված լիներ քրիստոնեական աշխարհի համար։ Ի պատասխան բանաձևն ընդունելու կոչին՝ բոլոր ներկաները ոտքի կանգնեցին ու բացականչեցին՝ այո՛։ Ավելի ուշ ստացված հեռագրերից պարզ դարձավ, որ բազմաթիվ ռադիոլսողներ նույնպես համաձայն էին բանաձևին։
Սկսած ժամը մեկից, երբ ավարտվեց հանրային ելույթը, ընդհուպ մինչև ժամը չորսը, երբ եղբայր Ռադերֆորդը կրկին բարձրացավ բեմ՝ ներկաների մեջ աշխուժություն էր տիրում։ Եղբայր Ռադերֆորդը նախապես հատուկ կոչ էր արել, որ բոլոր նրանք, ում իսկապես հետաքրքրել է քրիստոնեական աշխարհին ուղղված նախազգուշացումը, իրենց տեղերում լինեն ժամը չորսին։
Եղբայր Ռադերֆորդը ուղիղ ժամը չորսին սկսեց իր ելույթը և նշեց, որ այն, ինչ պատրաստվում է ասել, անչափ կարևոր է ունկնդիրներից յուրաքանչյուրի համար։ Բոլորը համակ ուշադրությամբ լսում էին։ Ելույթի ժամանակ նա ներկայացրեց մեկ այլ բանաձև, որը վերնագրված էր՝ «Նոր անուն»։ Երբ Ռադերֆորդը կարդաց բանաձևի կարևորագույն տողերը՝ «Մենք ցանկանում ենք ճանաչվել և կոչվել հենց այս անունով՝ Եհովայի վկաներ», բոլորը կրկին ոտքի կանգնեցին ու մեծ ոգևորությամբ բացականչեցին՝ այո՛։ Այդ օրվանից ի վեր Աստվածաշունչ ուսումնասիրողները կոչվեցին Եհովայի վկաներ։
«Եհովայի ոգին մեզ անվախ էր դարձրել»
1927-ին Եհովայի ժողովրդին հորդոր տրվեց ամեն կիրակի որոշակի ժամանակ տրամադրել խմբակային քարոզչությանը։ Նրանց դեմ անմիջապես հալածանք սկսվեց իշխանությունների կողմից։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում ձերբակալությունների թիվը ավելացավ. միայն ԱՄՆ-ում 1933-ին գրանցվեց ձերբակալության 268 դեպք, 1934-ին՝ 340, 1935-ին՝ 478, իսկ 1936-ին՝ 1149։ Ի՞նչ մեղադրանքներով։ Մեղադրանքները տարբեր էին, օրինակ՝ առանց արտոնագրի գրականություն վաճառելը, մարդկանց անդորրը խանգարելը, կիրակի օրերին «շաբաթը» խախտելը։ Տարբեր քաղաքներում ապրող Վկաները չգիտեին՝ ինչպես պետք է վարվեն, երբ ոստիկանության կամ դատարանի առաջ են կանգնում։ Բացի այդ, գրեթե անհնար էր իրավաբանների ծառայություններից օգտվել, քանի որ դրանք կամ շատ թանկ արժեին, կամ էլ նրանց մերժում էին կանխակալ կարծիքի պատճառով։ Ուստի «Դիտարան ընկերությունը» որոշեց Բրուքլինում հիմնել իրավաբանական բաժին՝ եղբայրներին նման աջակցություն տրամադրելու համար։
Այդպիսի աջակցություն ստանալը, սակայն, բավական չէր։ Եհովայի վկաները վճռել էին ապրել իրենց նոր անվան համաձայն։ Ուստի 1930-ականների սկզբին նրանք «պատասխան հարված» տվեցին։ Ինչպե՞ս։ Հատուկ արշավներ կազմակերպելով։ Դրանք կոչվեցին «ջոկատային քարոզարշավներ»։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում հազարավոր կամավորներ «ջոկատներ» կազմեցին, և երբ մի տարածքում տնետուն քարոզելու պատճառով տեղի Վկաներին ձերբակալում էին, կամավորների մի «ջոկատ» անմիջապես գնում և «գրավում էր» այդ քաղաքը՝ հիմնովին վկայություն տալովe։
Այս «ջոկատային քարոզարշավները» մեծապես զորացնում էին տեղի Վկաներին։ Յուրաքանչյուր խմբում կային հմուտ եղբայրներ, որոնք պատրաստված էին ու գիտեին, թե ինչպես պետք է վարվել պաշտոնատար անձանց հետ առնչվելիս։ Դա իսկապես զգալի աջակցություն էր այն հավատակիցների համար, որ ապրում էին այնպիսի տարածքներում, որտեղ հաճախ էին խնդիրներ լինում, օրինակ՝ փոքր քաղաքներում։ Նրանք քաջալերվում էին՝ իմանալով, որ Թագավորությունը հռչակելու գործում միայնակ չեն։
1930-ականներին խիզախություն էր հարկավոր «ջոկատային քարոզարշավներին» մասնակցելու համար։ Մեծ տնտեսական ճգնաժամի տարիներն էին. դժվար էր աշխատանք գտնել։ Նիկոլաս Կովալակ կրտսերը, որը մոտ 40 տարի ծառայել է որպես շրջագայող վերակացու, պատմում է. «Երբ որևէ տարածքից քարոզելու «կանչ» էին ստանում, ծառայողական ղեկավարը հարցնում էր ժողովի անդամներին, թե ովքեր են պատրաստ գնալու այնտեղ։ Նրանց ասվում էր, որ եթե որևէ մեկը վախենում է, թե կկորցնի իր աշխատանքը, ապա կարող է չգնալ.... Սակայն բոլորը միշտ էլ պատրաստ էին, և դա մեզ ուրախացնում էր»։ Իսկ Ջոն Դուլչինոսը, որը Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս) ծառայում էր որպես վերակացու, ասում է. «Իրոք որ, հետաքրքիր ժամանակներ էին։ Դրանց հետ կապված հուշերն անգին են։ Եհովայի ոգին մեզ անվախ էր դարձրել»։
Այդ ժամանակաշրջանում աստվածաշնչյան մի ճշմարտություն սկսեց ավելի պայծառ շողալ, ինչը մեծապես նպաստելու էր գործի առաջընթացին։
Ովքե՞ր էին հովնադաբները
1932թ.-ին Ընկերության հրատարակած գրքերից մեկում բացատրվեց, որ Հովնադաբը՝ Հեու թագավորի ընկերը, խորհրդանշաբար ներկայացնում է այն մարդկանց խմբին, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունենf (2 Թագ. 10։15–28)։ Այդ մարդիկ, որոնք կոչվեցին «հովնադաբներ», առանձնաշնորհում էին համարում Եհովայի օծյալ ծառաների ընկերակիցները լինելը և Թագավորությունը հռչակելու գործում նրանց օգնելը։ Բայց այդ ժամանակ հատուկ քայլեր չէին ձեռնարկվել երկրային հույս ունեցող այս մարդկանց գտնելու և համախմբելու համար։
«Դիտարանի» 1934թ. օգոստոսի 15-ի համարում տպագրված նյութը շատ քաջալերական էր հովնադաբների համար։ «Նրա բարությունը» վերնագրով հոդվածում ասվում էր. «Պե՞տք է արդյոք հովնադաբները նվիրվեն Տիրոջը և մկրտվեն։ Պատասխանը հետևյալն է. անկասկած պետք է, որ հովնադաբները նվիրվեն Աստծուն՝ նրա կամքը կատարելու համար։ Առանց այդ քայլն անելու, ոչ ոք կյանք չի ստանա։ Իսկ ջրի մկրտությունը պարզապես խորհրդանիշն է այն բանի, որ անհատն իր անձը նվիրել է Աստծուն՝ նրա կամքը կատարելու համար, ուստիև տեղին է, որ նրանք մկրտվեն»։ Այս տեղեկությունը ջերմացնող լույսի շող էր հովնադաբների համար։
Սակայն նրանց ավելի մեծ ուրախություն էր սպասում։ Հաջորդ տարի «Դիտարանի» 1935-ի ապրիլի 1-ի թողարկումից սկսած՝ մի քանի համարներում տպագրվեց հետևյալ հայտարարությունը. ««Դիտարանը» կրկին հիշեցնում է իր ընթերցողներին, որ 1935թ. մայիսի 30-ից հունիսի 3-ը Վաշինգտոնում տեղի կունենա Եհովայի վկաների և հովնադաբներիg համաժողով»։ Հովնադաբներն անհամբերությամբ էին սպասում այդ համաժողովին։
Համաժողովի երկրորդ օրը՝ կեսօրին, եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց մի ելույթ, որում խոսվում էր Հայտնություն 7։9–17-ում մարգարեացված «մեծ բազմության» մասին։ Նա բացատրեց, որ այդ մեծ բազմությունը կազմված է ժամանակակից հովնադաբներից, և որ նրանք պետք է նույնքան հավատարիմ լինեն Եհովային, որքան օծյալները։ Ներկաները ոգևորված էին։ Հռետորը խնդրեց, որ հովնադաբները ոտքի կանգնեն։ «Մի պահ քար լռություն տիրեց,— պատմում է Միլդրեդ Քաբը, որը մկրտվել էր 1908թ. ամռանը,— հետո ողջ դահլիճը թնդաց ուրախ բացականչություններից ու բուռն ծափահարություններից, որոնք երկար ժամանակ չէին դադարում»։
Աստվածաշնչի ճշմարտության այս պայծառ լույսը դրական ազդեցություն թողեց Եհովայի վկաների գործունեության վրա։ Սեդի Քարփենթրը, որն ավելի քան 60 տարվա լիաժամ ծառայող է, պատմում է. «Համաժողովից հետո բոլորս խանդավառ ոգով վերադարձանք դաշտ։ Մենք վճռել էինք փնտրել այն գառնանման անհատներին, որոնց դեռ պետք էր հավաքել»։ 1936թ. «Եհովայի վկաների տարեգրքում» ասվում էր. «Այս նոր հասկացողությամբ ոգևորված՝ եղբայրները մղվեցին նոր ուժերով կատարելու քարոզչական գործը։ Աշխարհի տարբեր անկյուններից ստացած տեղեկությունները վառ կերպով վկայում են այն մասին, որ օծյալ մնացորդն անչափ ուրախ է, որ առանձնաշնորհում ունի բարի լուրը հաղորդելու մեծ բազմությանը։ Այս երկու խմբերի համագործակցությունը փառք է բերում Տիրոջ անվանը»։ Այդ գործում նրանց օգնելու նպատակով 1936թ.-ին հրատարակվեց «Հարստություն» գիրքը, որտեղ մանրամասնորեն նկարագրվում է, թե ըստ Սուրբ Գրքի՝ ինչ օրհնություններ են սպասում մեծ բազմության անդամներին։
Այսպիսով՝ մեծ բազմության նվիրված ու մկրտված անդամները իրենց տեղն ունեցան օծյալների կողքին և պատվի արժանացան նրանց հետ հռչակելու Աստծու Թագավորությունը։
«Պառավի հախից կգանք»
1930-ականներին նախանձախնդիր Վկաները ոչ միայն հռչակում էին բարի լուրը, այլև համարձակորեն մերկացնում էին կեղծ կրոնը։ Հրատարակվեց մի օգտակար ձեռնարկ, որի լույսընծայման մասին հայտարարվեց 1937թ. սեպտեմբերի 15–20-ը Կոլումբուսում (Օհայո) տեղի ունեցած համաժողովի ժամանակ։
Սեպտեմբերի 18-ին՝ շաբաթ առավոտյան, եղբայր Ռադերֆորդը իր ելույթի վերջում հայտարարեց «Թշնամիներ» գրքի լույսընծայման մասին։ Այն դատապարտում էր կեղծ կրոնը՝ անվանելով նրան «մեծ թշնամի, որը միշտ վնաս է բերում մարդկությանը»։ Իսկ կեղծ կրոնի անդամները բնորոշվում էին որպես «Սատանայի գործակալներ՝ անկախ այն բանից նրանք գիտակցում են այդ փաստը, թե ոչ»։ Գիրքը ներկայացնելիս եղբայր Ռադերֆորդն ասաց. «Տեսնո՞ւմ եք այս գիրքը։ Հենց սրանով էլ պառավիh հախից կգանք»։ Լսվեցին բուռն ծափահարություններ՝ ի նշան հավանության։
Մի քանի տարի շարունակ «պառավի հախից գալիս» էին նաև ֆոնոգրաֆներով։ Սակայն 1937թ. համաժողովին խոսվեց դրանք գործածելու նոր մեթոդի մասին։ «Այդ համաժողովին ցույց տրվեց, թե ինչպես օգտագործել շարժական ֆոնոգրաֆը հենց դռան շեմին,— պատմում է Էլվուդ Լանսթրամը, որն այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր։— Նախկինում մենք ֆոնոգրաֆներն օգտագործում էինք ծառայության մեջ, բայց դրանք միացնում էինք, միայն երբ մեզ ներս էին հրավիրում.... Կոլումբուսի համաժողովի ժամանակ խոսվեց «հատուկ ռահվիրաների» մասին, որոնք պետք է առաջնորդություն վերցնեին առաջին այցելության ժամանակ դռան շեմին ֆոնոգրաֆները օգտագործելու, հետաքրքրվող անհատներին կրկին այցելելու և «Ինչպես անցկացնել ուսումնասիրություն» գրքույկների օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու հարցում»։
Այդ համաժողովը «զինեց» Եհովայի ժողովրդին Աստծու Թագավորությունը հռչակելու գործի համար։ Այն քաջալերանքը, որ նրանք ստացան այդ համաժողովին դեռ շատ էր օգնելու նրանց։ 1930-ականներին ազգայնամոլության ոգին վարակել էր բոլորին՝ առաջ բերելով հակառակություն Վկաների դեմ, ինչը երբեմն դրսևորվում էր ամբոխների հարձակումներով։ Հակառակություն հրահրողները վճռել էին թույլ չտալ Եհովայի վկաներին հանդիպումներ անցկացնել և քարոզչական գործն իրականացնել։
«Ավազակների խումբ»
Ուժգին հակառակության հեղինակները Կաթոլիկական շարժման որոշ խմբերն էին։ 1938-ի հոկտեմբերի 2-ին եղբայր Ռադերֆորդը մի քողազերծող ելույթ ներկայացրեց, որի վերնագիրն էր՝ «Ֆաշիզմ կամ ազատություն»։ Այն հետագայում տպագրվեց թերթիկի տեսքով և բաժանվեց միլիոնավոր օրինակներով։ Ելույթում եղբայր Ռադերֆորդը մանրամասնորեն նկարագրեց մի շարք դեպքեր, որոնք իրականում անօրինական գործողություններ էին և փաստում էին, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները գաղտնի միաբանության մեջ են պաշտոնատար անձանց հետ։
Փաստերը ներկայացնելուց հետո Ռադերֆորդն ասաց. «Երբ մարդկանց ներկայացնում ենք ապացույցներ այն մասին, որ կրոնավորի սքեմի տակ ծպտված մարդկանց մի խումբ զրկում է նրանց իրենց իրավունքներից, հիերարխիան զայրացած գոչում է. «Սո՛ւտ է։ Փակե՛ք դրանց բերանը, լռեցրե՛ք դրանց ձայնը»»։ Հետո նա հարց ուղղեց ունկնդիրներին. «Մի՞թե սխալ է, մարդկանց կողոպտող ավազակախմբի դիմակը պատռել՝ նրանց մասին ճշմարտությունն ասելով։ Ո՛չ.... Ճի՞շտ է արդյոք ազնիվ մարդկանց բերանը փակել և ստիպել նրանց լռել, երբ այս ավազակները խլում են նրանց ազատությունը։ Ի վերջո, ճի՞շտ է արդյոք զրկել մարդկանց խաղաղ հավաքույթներ անցկացնելու, Ամենակարող Աստծուն ազատորեն երկրպագելու, ինչպես նաև ազատորեն նրա թագավորության և դրան հակառակվողների մասին խոսելու իրենց իրավունքից, որն Աստված է պարգևել նրանց»։
Այդ ազդեցիկ ելույթից հետո էլ Կաթոլիկական շարժումը շարունակեց հակառակություն դրսևորել Միացյալ Նահանգներում։ Եհովայի վկաները իրավաբանական պայքարի մեջ մտան կրոնական ազատություն հաստատելու և Աստծու Թագավորությունը հռչակելու իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Բայց երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրավիճակն ավելի սրվեց։ Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ եվրոպական, աֆրիկյան և ասիական երկրները մեկը մյուսի հետևից սկսեցին Եհովայի վկաների գործունեության վրա իրավական սահմանափակումներ դնել և ձերբակալել նրանց։
«Բոլորս ցանկանում էինք գնալ Սենտ Լուիս»
«1941 թվականն էր,— պատմում է Նորման Լարսոնը, որն այդ ժամանակ նոր էր սկսել լիաժամ ծառայությունը։— Բոլորս զգում էինք, որ մեզ դժվարին ժամանակներ են սպասում, քանի որ Եվրոպայում մոլեգնում էր պատերազմը։ Ուստի բոլորս ցանկանում էինք գնալ Սենտ Լուիս»։ Ի՞նչու։ Օգոստոսի 6–10-ը Սենտ Լուիսում (Միսուրի) Եհովայի վկաների աստվածապետական համաժողով էր անցկացվելու։ Կարելի է ասել «բոլորս» էլ գնացինք։ Համաժողովի անցկացման վայրը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Ոստիկանության հաշվարկների համաձայն՝ ներկաների բարձրագույն թիվը 115000 էր։
Համաժողովի առաջին իսկ օրվանից քաջալերական խոսքեր հնչեցին, որոնք անչափ անհրաժեշտ էին ներկաների համար։ Եղբայր Ռադերֆորդը «Անարատություն» վերնագրով բացման ելույթով ցույց տվեց, թե որն էր լինելու համաժողովի գլխավոր թեման։ «Մենք առավել, քան երբևէ, հստակ հասկացանք, թե ինչու էր Եհովան թույլ տալիս, որ աշխարհի տարբեր մասերում իր ժողովուրդն այդքան ծանր հալածանքներ կրի»,— հիշում է քույր Հեյզել Բուրֆորդը, որը մինչև իր մահը (1983թ.) մոտ 40 տարի ծառայել էր որպես միսիոներ։ Հաջորդ տարի «1942-ի Եհովայի վկաների տարեգրքում» այդ համաժողովի մասին հետևյալը գրվեց. «Բոլոր ներկաները հստակ պատկերացրին այն մեծածավալ վկայության գործը, որ դեռ պետք է արվեր։ Հասկացան նաև, որ այդ գործն անելով՝ կպահեն իրենց անարատությունը, թեև կատվեն բոլոր մարդկանց և տարբեր կազմակերպությունների կողմից»։
Համաժողովի վերջին օրը՝ օգոստոսի 10-ը, որը կոչվում էր «Երեխաների օր», ամենահուզիչն էր։ Առավոտյան ծրագիրը դեռ չէր սկսվել։ 5–18 տարեկան մոտ 15000 երեխաներ նստած էին բեմի դիմաց, ինչպես նաև վագոն-տնակների ճամբարում՝ նրանց համար հատկացված տեղում (ճամբարում նույնպես պատվիրակները լսում էին համաժողովի թեմաները)։ Երբ եղբայր Ռադերֆորդը բեմ բարձրացավ (այն ժամանակ նա արդեն 70-ն անց էր), երեխաները դիմավորեցին նրան ուրախ բացականչություններով ու բարձր ծափահարություններով։ Երբ նա, իր թաշկինակն օդում թափահարելով, ողջունեց երեխաներին, նրանք ի պատասխան թափահարեցին իրենց ձեռքերը։ Հետո հստակ ու մեղմ ձայնով նա սկսեց ներկայացնել «Թագավորի երեխաները» վերնագրով ելույթը։ Մոտ մեկ ժամ խոսելուց հետո նա դիմեց երեխաներին։
Հայացքն ուղղելով երեխաներին, որոնց դեմքը փայլում էր ուրախությունից՝ եղբայր Ռադերֆորդն ասաց. «Երեխանե՛ր, դո՛ւք բոլորդ, որ ուզում եք կատարել Աստծու կամքը, որ դիրք եք բռնել Հիսուս Քրիստոսի աստվածապետական իշխանության կողմը և պատրաստ եք հնազանդվել Աստծուն ու նրա նշանակած Թագավորին, խնդրում եմ, ոտքի՛ կանգնեք»։ Երեխաները մի մարդու պես ոտքի ելան։ «Հապա նայե՛ք,— խանդավառ ձայնով ասաց Ռադերֆորդը։— Ձեր առջև Թագավորության ավելի քան 15000 նոր վկաներ են կանգնած»։ Թնդացին որոտաձայն ծափահարություններ։ «Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ամեն բան անել ուրիշներին Աստծու Թագավորության և նրա օրհնությունների մասին պատմելու համար, թող ասեն՝ այո՛»։ Բոլորը միասին գոչեցին՝ այո՛։
Այս հուզիչ ելույթի վերջում եղբայր Ռադերֆորդը հայտարարեց նոր գրքի լույսընծայման մասին, որի վերնագիրն էր՝ «Երեխաներ»։ Այն ընդունվեց ուրախության բացականչություններով և բուռն ծափերով։ Հետո բարձրահասակ Ռադերֆորդը շարքով բեմ բարձրացող երեխաներին սկսեց բաժանել գիրքը։ Տեսարանն անչափ հուզիչ էր, շատերը նույնիսկ արտասվում էին։
Այդ կիրակի համաժողովին ներկա եղած երեխաներից շատերը ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնացին իրենց ասած «այո՛»-ին։ Նրանց թվում էին Լավոն Կրեբսը, Մերտոն Քեմփբելը, Յուջին և Կամիլա Ռոսամները, որոնք մյուսների պես այդ անմոռանալի օրը ստացան «Երեխաներ» գրքի իրենց անձնական օրինակը։ Այս հավատարիմ Վկաները 1992 թվականին դեռևս ծառայում էին Ընկերության գլխավոր վարչությունում։ Նրանք լիաժամ ծառայության մեջ անցկացրել էին համապատասխանաբար 51, 49, 49 և 48 տարի։ Համաժողովին ներկա եղած երեխաներից ոմանք էլ հետագայում օտար երկրներում միսիոներական ծառայության նշանակում ստացան։ Նրանցից էին Էլդոն Դինը (Բոլիվիա), Ռիչարդ և Փեգի Կելսիները (Գերմանիա), Ռամոն Թեմփելտոնը (Գերմանիա) և Ջենի Կլուկովսկին (Բրազիլիա)։ Իրոք որ, Սենտ Լուիսում տեղի ունեցած համաժողովին կիրակի առավոտյան հնչած ելութը անջնջելիորեն դաջվեց երեխաներից շատերի մատղաշ սրտերում։
Կիրակի՝ կեսօրից հետո, եղբայր Ռադերֆորդը հրաժեշտի ջերմ խոսքեր ասաց համաժողովի պատվիրակներին։ Նա քաջալերեց բոլորին եռանդորեն շարունակել Թագավորությունը հռչակելու գործը։ «Ես լիովին համոզված եմ,— ասաց նա,— որ այսուհետ.... մեծ բազմության թիվն արագորեն կաճի»։ Նա հորդորեց ներկաներին, որ տուն վերադառնալուց հետո «ավելի բորբոքեն կրակը.... և հնարավորության սահմաններում ողջ ժամանակը տրամադրեն» քարոզչական ծառայությանը։ Ապա նա ունկնդիրներին ուղղեց իր վերջին խոսքերը. «Դե՛, ի՛մ սիրելի եղբայրներ, թող Տերն օրհնի ձեզ։ Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, քանի որ հույս ունեմ որոշ ժամանակ անց կրկին տեսնել ձեզ»։
Սակայն շատերն այդ օրը վերջին անգամ տեսան նրան։
Ռադերֆորդի կյանքի վերջին օրերը
Եղբայր Ռադերֆորդը հաստ աղիքի քաղցկեղ ուներ, և Սենտ Լուիսի համաժողովի ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր։ Չնայած դրան՝ նա կարողացավ հինգ ցնցող ելույթներ ներկայացնել։ Իսկ համաժողովից հետո նրա վիճակն է՛լ ավելի ծանրացավ։ Նա ստիպված համաձայնեց, որ իրեն կոլոստոմիա անեն։ Արթուր Ուորսլին հիշում է այն օրը, երբ եղբայր Ռադերֆորդը հրաժեշտ տվեց Բեթելի ընտանիքին. «Նա ասաց մեզ, որ գնում է լուրջ վիրահատության, վիրահատությունից հետո կբացի աչքերը, թե ոչ, չգիտի, սակայն վստահ է, որ մենք կշարունակենք հռչակել Եհովայի անունը։ Նա.... ավարտեց իր խոսքն՝ ասելով. «Եթե Աստված կամենա, ձեզ էլի կտեսնեմ, իսկ եթե ոչ, շարունակեք պայքարը»։ Բոլորն արտասվում էին»։
72-ամյա Ռադերֆորդը վիրահատությունից հետո բացեց աչքերը։ Կարճ ժամանակ անց նրան տեղափոխեցին Կալիֆորնիայում գտնվող այն տունը, որը նա անվանել էր «Բեթ-Սարիմ»։ Սակայն թե՛ բժիշկների և թե՛ նրան շրջապատող սիրելի մարդկանց համար պարզ էր, որ նա չի ապաքինվի։ Իրականում նրան կրկին վիրահատելու կարիք կար։
Դեկտեմբերի կեսերին Նաթան Հ. Նորը, Ֆրեդերիկ Ու. Ֆրանցը և Հեյդեն Կ. Քովինգտոնը Բրուքլինից եկան եղբայր Ռադերֆորդի մոտ։ Հեյզել Բուրֆորդը, որը խնամում էր եղբայր Ռադերֆորդին այդ ծանր օրերին, պատմում է. «Եղբայրները մի քանի օր անցկացրին նրա հետ. քննարկում էին տարեկան հաշվետվությունը «Տարեգրքի» համար և այլ կազմակերպչական հարցեր։ Նրանց գնալուց հետո եղբայր Ռադերֆորդը օր օրի տկարանում էր։ Մոտ երեք շաբաթ անց՝ 1942թ. հունվարի 8-ին, նա ավարտեց իր հավատարիմ ընթացքը երկրի վրա»i։
Եղբայր Ուիլյամ Ա. Էլրոդը, որն այդ ժամանակ արդեն 9 տարի էր, ինչ ծառայում էր Բեթելում, հիշում է, թե ինչպես արձագանքեց Բեթելի ընտանիքը եղբայր Ռադերֆորդի մահվան լուրին. «Ես երբեք չեմ մոռանա այդ օրը։ Կեսօր էր։ Ընտանիքը հավաքվել էր ճաշի։ Կարճ հայտարարություն արվեց։ Բոլորը լուռ էին։ Ոչ ոք արձակուրդի օր չվերցրեց, որ սգա։ Բոլորս վերադարձանք մեր աշխատանքին՝ լարելով մեր ողջ ուժերն առավել, քան երբևէ»։
Դժվարին ժամանակներ էին Եհովայի վկաների համար։ Պատերազմը համաշխարհային մասշտաբների էր հասել։ Հակամարտությունները Եվրոպայից հասել էին մինչև Աֆրիկա։ Պատերազմի մեջ էր մտել նաև Խորհրդային Միությունը։ Իսկ 1941-ի դեկտեմբերի 7-ին՝ եղբայր Ռադերֆորդի մահից ընդամենը մեկ ամիս առաջ, Ճապոնիան հարձակվեց Փերլ Հարբորի վրա, ինչը պատճառ եղավ, որ Միացյալ Նահանգները նույնպես ներգրավվի պատերազմի մեջ։ Շատ երկրներում Վկաները դառնում էին գազազած ամբոխների թիրախ և ենթարկվում էին դաժան հալածանքի։
Ի՞նչ էր լինելու հիմա։
[ծանոթագրություններ]
a Նյու Յորքի միավորումը հիմնվել է 1909-ին, երբ Ընկերության գլխավոր գրասենյակները տեղափոխվեցին Բրուքլին (Նյու Յորք)։
b Տե՛ս 28-րդ գլուխը՝ «Փորձություններ կազմակերպության ներսում և մաղում» վերնագրով։
c «Գաղտնիքը բացահայտված է» գրքում տրված մեկնության համաձայն՝ «Հայտնություն» գրքի 12-րդ գլխում նշված կինը «վաղ Եկեղեցին էր», վիշապը՝ «հեթանոս Հռոմեական կայսրությունն էր», իսկ արու զավակը՝ «պապությունը»։
d Տե՛ս 14-րդ գլուխը՝ «Նրանք աշխարհի մի մասը չեն» վերնագրով։
e Տե՛ս 30-րդ գլուխը՝ «Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես հաստատվում է» վերնագրով։
f «Արդարացում», երրորդ հատոր, էջ 77։ Տե՛ս նաև 12-րդ գլուխը՝ «Մեծ բազմությունը. ապրելու է երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա» վերնագրով։
g Այդ ժամանակ հովնադաբները չէին համարվում Եհովայի վկաներ (տե՛ս «Դիտարան», 1934թ., օգոստոսի 15, էջ 249)։ Սակայն մի քանի տարի անց «Դիտարանի» 1942թ. հուլիսի 1-ի համարում ասվում էր. «Այս ուրիշ ոչխարները [հովնադաբները] Աստծու վկաներն են, ինչպես որ Քրիստոսի մահից առաջ ապրած Եհովայի ծառաներն են եղել հավատարիմ վկաներ՝ սկսած Աբելից մինչև Հովհաննես Մկրտիչը։
h Վերաբերում է «Հայտնություն» գրքի 17-րդ գլխում նշված «մեծ պոռնիկին»։ «Թշնամիներ» գրքում ասվում է. «Երկրի վրա գործող բոլոր այն կազմակերպությունները, որոնք հակառակվում են Աստծուն և նրա Թագավորությանը.... կոչվում են «Բաբելոն» կամ «պոռնիկ», և այդ անունները վերաբերում են հատկապես առաջատար կրոնական կազմակերպությանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն» (էջ 198)։ Սակայն տարիներ անց պարզ դարձավ, որ պոռնիկն իրականում ներկայացնում է բոլոր կեղծ կրոնների համաշխարհային կայսրությունը։
i Եղբայր Ռադերֆորդի այրին՝ քույր Մարի Ռադերֆորդը, և նրանց որդին՝ Մալքոմը, տեղափոխվել էին Կալիֆորնիա։ Քույր Ռադերֆորդը թույլ էր զգում իրեն և ծանր էր տանում Նյու Յորքի (այնտեղ էր գտնվում «Դիտարան ընկերության» գլխավոր վարչությունը) ցուրտ ձմեռները։ Իսկ Կալիֆորնիայի հարավում եղանակն ավելի բարենպաստ էր նրա համար։ Քույր Մարի Ռադերֆորդը մահացավ 1962թ. դեկտեմբերի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Նրա մահվան մասին Մոնրովիայի (Կալիֆորնիա) «Դեյլի նյուզ փոստ» թերթում հետևյալն էր գրվել. «Քանի դեռ առողջությունը թույլ էր տալիս, նա ակտիվորեն մասնակցում էր Եհովայի վկաների գործունեությանը» (Daily News-Post)։
[մեջբերում 73-րդ էջի վրա]
«ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և ՎԱԽԸ Սատանայի գլխավոր զենքերն են»
[մեջբերում 74-րդ էջի վրա]
Ակնհայտ է, որ «Եհովան է առաջնորդում Ընկերությունը»
[մեջբերում 75-րդ էջի վրա]
Ոչ այնքան եղբայրներին բանտից ազատելու համար, որքան ճշմարտության մասին վկայություն տալու
[մեջբերում 77-րդ էջի վրա]
«Քրիստոնյայի առաքելությունը երկրի վրա.... Տիրոջ արդար թագավորության լուրը հռչակելն է»
[մեջբերում 78-րդ էջի վրա]
Հռչակեք Թագավորությունը ավելի մեծ եռանդով ու սիրով, քան երբևէ
[մեջբերում 82-րդ էջի վրա]
«Մենք ցանկանում ենք ճանաչվել.... այս անունով՝ Եհովայի վկաներ»
[մեջբերում 83-րդ էջի վրա]
Այո՛, հովնադաբները պե՛տք է մկրտվեն
[մեջբերում 84-րդ էջի վրա]
«Փնտրել այն գառնանման անհատներին, որոնց դեռ պետք էր հավաքել»
[մեջբերում 85-րդ էջի վրա]
Ռադերֆորդը քողազերծող ելույթ ներկայացրեց կրոնական հակառակորդների դեմ
[մեջբերում 86-րդ էջի վրա]
15000 երեխաներ Թագավորության կողմն են դիրք բռնում
[նկար 89-րդ էջի վրա]
«Եթե Աստված կամենա, ձեզ էլի կտեսնեմ, իսկ եթե ոչ, շարունակեք պայքարը»
[շրջանակ/նկար 76-րդ էջի վրա]
«Իշխանների տուն»
Եղբայր Ռադերֆորդը, որին անարդարացիորեն բանտարկել էին, 1919թ.-ին ազատ արձակվելուց հետո ծանր հիվանդացավ թոքաբորբով։ Նրա միայն մեկ թոքն էր առողջ։ 1920-ականներին, գտնվելով բժշկի հսկողության տակ, նա գնաց Սան Դիեգո (Կալիֆորնիա)։ Բժիշկը խորհուրդ էր տվել նրան հնարավորինս երկար մնալ այնտեղ։ 1929-ից սկսած՝ եղբայր Ռադերֆորդը ձմեռներն անցկացնում էր Սան Դիեգոյում գտնվող տանը, որը նա անվանեց «Բեթ-Սարիմ»։ Այդ տունը կառուցվել էր հենց այդ նպատակով նվիրաբերված գումարներով։ «Ոսկե դարի» 1930թ. մարտի 19-ի համարում ամբողջությամբ տպագրվեց վավերագիրը, որում նշվում էր, որ «Բեթ-Սարիմի» սեփականության իրավունքը պատկանում է Ջ. Ֆ. Ռադերֆորդին և հետագայում էլ փոխանցվելու է «Դիտարան ընկերությանը»։
«Փրկություն» գրքում, որը հրատարակվել էր 1939թ.-ին, «Բեթ-Սարիմի» մասին ասվում է. «Եբրայերեն «Բեթ-Սարիմ» նշանակում է՝ «իշխանների տուն», և այդ տարածքը ձեռք բերելու և այնտեղ տուն կառուցելու նպատակն այն էր, որ որոշակի տեսանելի փաստեր լինեն այն բանի համար, որ երկրի վրա կան մարդիկ, ովքեր լիովին հավատում են Աստծուն, Հիսուս Քրիստոսին ու նրա Թագավորությանը, և ովքեր հավատում են, որ Տերը շուտով երկրի վրա հարություն է տալու հնում ապրած հավատարիմ մարդկանց, որպեսզի նրանք վերահսկեն երկրի վրա իրականացվող գործերը»։
Եղբայր Ռադերֆորդի մահից մի քանի տարի անց «Դիտարան ընկերության» տնօրենների խորհուրդը որոշեց վաճառել «Բեթ-Սարիմը»։ «Դիտարանի» 1947թ. դեկտեմբերի 15-ի համարում բացատրվում էր պատճառը. «Այն լիովին ծառայել է իր նպատակին և այժմ ընդամենը տուն-հուշարձան է, որի խնամքը շատ գումար է պահանջում։ Այո՛, մենք հավատում ենք, որ Թագավոր Հիսուս Քրիստոսը հնում ապրած հավատարիմներին հարություն է տալու և իշխաններ է դարձնելու ԱՄԲՈՂՋ երկրի վրա (ոչ միայն Կալիֆորնիայում), և դրա հիմքը ոչ թե «Բեթ-Սարիմն» է, այլ Աստծու Խոսքի խոստումը»j։
[ծանոթագրություն]
j Այն ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողները հավատում էին, որ հնում ապրած հավատարիմ մարդիկ, օրինակ՝ Աբրահամը, Հովսեփը, Դավիթը և ուրիշներ հարություն են առնելու նախքան այս համակարգի վախճանը և ծառայելու են որպես «իշխաններ.... ողջ երկրի վրա»՝ համաձայն Սաղմոս 45։16-ի։ Այս տեսակետը փոխվեց 1950-ին, երբ Աստվածաշնչի ավելի խոր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հիսուս Քրիստոսի երկրային նախահայրերը հարություն են առնելու Արմագեդոնից հետո (տե՛ս «Դիտարանի» 1950թ. նոյեմբերի 1-ի համարը, էջ 414–417)։
[շրջանակ/նկարներ 80-րդ, 81-րդ էջերի վրա]
Թագավորության բարի լուրի հեռարձակումը
Դեռ երկու տարի էլ չէր անցել, ինչ կանոնավորաբար կոմերցիոն ռադիոհեռարձակումներ էին իրականացվում, երբ սկսեցին ռադիոյով հաղորդել Թագավորության մասին լուրը։ 1922թ. փետրվարի 26-ին առաջին անգամ եղբայր Ռադերֆորդը Կալիֆորնիայում ելույթ ունեցավ ռադիոյով։ Երկու տարի անց՝ 1924թ. փետրվարի 24-ին, «Դիտարան ընկերությունը» սկսեց հեռարձակումներ իրականացնել իր սեփական ռադիոկայանով՝ WBBR-ով, որը գտնվում էր Սթեյթեն կղզում (Նյու Յորք)։ Ընկերությունը նաև միջոցներ ձեռնարկեց աստվածաշնչյան ռադիոհաղորդումները և ելույթները աշխարհի տարբեր վայրերում հեռարձակելու համար։ 1933-ին Թագավորության լուրն արդեն հաղորդվում էր 408 ռադիոկայաններով վեց մայրցամաքներում։
[նկարներ]
Նյու Յորքի WBBR ռադիոկայանը, որը 1924-ից մինչև 1957-ը գործում էր «Դիտարան ընկերության» ղեկավարության ներքո
WBBR-ի նվագախումբը 1926-ին
Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ Հոլ» համերգասրահում 1938թ. սեպտեմբերի 11-ին Ջ. Ֆ. Ռադերֆորդը ներկայացնում է «Ուղիղ նայենք փաստերին» ելույթը։ Սրահը (ներքևում) լեփ-լեցուն էր մարդկանցով։ Ավելի քան 10000 հոգի հազիվ տեղավորվել էր այնտեղ, իսկ միլիոնավորներ ելույթը լսում էին ռադիոյով
WBBR-ի բացման ծրագիրը
2HD կայանի անձնակազմը, Նյուքասլ (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա)
CHCY ռադիոկայանը Էդմոնտոնում, որը Կանադայում գտնվող այն մի քանի կայաններից մեկն էր, որը պատկանում էր Ընկերությանը
Էստոնիայի ռադիոկայանից հեռարձակում Ֆինլանդիա
Հեռարձակման սարքավորումներ Չիկագոյի մոտ գտնվող WORD ռադիոկայանում (ԱՄՆ), որը նույնպես պատկանում էր Ընկերությանը
[շրջանակ/նկարներ 87-րդ էջի վրա]
Վկայություն ֆոնոգրաֆով
1933-ին Եհովայի վկաները սկսեցին օգտագործել մեկ այլ նորույթ՝ բարի լուրը մարդկանց քարոզելու նպատակով։ Դա շարժական մի սարք էր, որն ուներ ուժեղացուցիչ և բարձրախոս։ Այդ սարքի միջոցով տարբեր սրահներում, այգիներում և հասարակական այլ վայրերում հնչում էին եղբայր Ռադերֆորդի ռադիոելույթների ձայնագրությունները (33,3 պտույտ-րոպե արագությամբ)։ Թագավորության բարի լուրը ամենուրեք հռչակելու համար օգտագործվում էին նաև ձայնափողով ավտոմեքենաներ և նավակներ։
Այս սարքերի հաջող կիրառությունը սկիզբ դրեց մի նոր մեթոդի՝ թեթև ֆոնոգրաֆներով տնետուն քարոզչությանը։ 1934-ին Ընկերությունը սկսեց արտադրել այդպիսի ֆոնոգրաֆներ և մի շարք ձայնապնակներ՝ 78 պտույտ-րոպե արագությամբ, որոնք պարունակում էին 4,5 րոպե տևողության աստվածաշնչյան ելույթներ։ Ժամանակի ընթացքում 92 տարբեր թեմաներով ձայնագրություններ էին օգտագործվում։ Ընդհանուր հաշվով՝ Ընկերությունը արտադրեց ավելի քան 47000 ֆոնոգրաֆ՝ բարի լուրը հռչակելու համար։ Տարիների ընթացքում, սակայն, սկսեց շեշտ դրվել մարդկանց հետ անձամբ խոսելու վրա, ուստի ֆոնոգրաֆները աստիճանաբար դուրս եկան կիրառությունից։
[նկարներ]
Բլրի վրայից ձայնափողով ավտոմեքենայի միջոցով բարի լուրը հնչում էր հեռուներում (վերևում)
Ձայնի վերարտադրման սարքի գործածումը Մեքսիկայում (աջ կողմում)
Լոնդոնի Թեմզա գետի վրա ձայնափողով նավակը հնչեցնում էր բարի լուրը (վերևում)
Ֆոնոգրաֆի գործածությունը ծառայության ժամանակ (ձախ կողմում)
Ցույց է տրվում, թե ինչպես էր օգտագործվում ուղղահայաց ֆոնոգրաֆը, 1940թ. (աջ կողմում)
[նկար 79-րդ էջի վրա]
Ջ. Ա. Բոունետ
[նկար 88-րդ էջի վրա]
1917-ից, երբ Ջ. Ֆ. Ռադերֆորդը դարձավ նախագահ, մինչև 1941թ. Ընկերությունը մեծ թվով գրականություն թողարկեց՝ 24 գիրք, 86 գրքույկ, ամեն տարի՝ «Տարեգիրք», նաև բազմապիսի հոդվածներ «Դիտարան» և «Ոսկե դար» (հետագայում՝ «Մխիթարություն») պարբերագրերում