Գլուխ 22
Մաս 5. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
1975-ին կարևոր որոշումներ կայացվեցին այն մասին, թե գլխավոր վարչությունը ինչպես պետք է վերահսկի Եհովայի վկաների գործունեությունը։ Այն ժամանակ դեռևս հայտնի չէր, թե նախքան այս չար աշխարհի վերջը գալը դեռ որ տարածքներում էր քարոզվելու բարի լուրը, և թե ինչ ծավալների կհասներ քարոզչական գործը այն երկրներում, որտեղ Եհովայի վկաները տարիներ շարունակ ազատորեն քարոզում էին։ Բայցևայնպես, Վկաները ցանկանում էին լավագույնս օգտագործել վկայություն տալու ցանկացած հնարավորություն։ 502-ից 520-րդ էջերում ներկայացվում են որոշ տպավորիչ իրադարձություններ։
ՄԵԾ փոփոխություններ են տեղի ունեցել Հարավային Ամերիկայի երկրներում։ Տարիներ առաջ Էկվադորում Եհովայի վկաները ենթարկվում էին կաթոլիկների ամբոխների հարձակմանը, իսկ Մեքսիկայի շատ գյուղերում իշխանությունը, ըստ էության, կաթոլիկ քահանաների ձեռքում էր։ Արգենտինայում և Բրազիլիայում իշխանությունները արգելքի տակ էին դրել Եհովայի վկաների գործունեությունը։ Բայց իրավիճակները զգալիորեն փոխվեցին։ Շատ-շատերը, ում նախկինում սովորեցրել էին վախենալ Վկաներից կամ ատել նրանց, իրենք են դարձել Եհովայի վկա։ Ուրիշներն էլ սիրով լսում են Վկաներին, երբ վերջիններս այցելում են իրենց և խաղաղության մասին բարի լուրը հաղորդում։
Եհովայի վկաների մեծ համաժողովները և նրանց քրիստոնեական վարքը գրավում են հանրության ուշադրությունը։ 1985-ին միաժամանակ երկու այդպիսի համաժողովներ անցկացվեցին Բրազիլիայի Սան Պաուլու և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում, որտեղ ներկաների բարձրագույն թիվը 249351 էր։ Հետագայում 23 ուրիշ համաժողովներ անցկացվեցին Բրազիլիայի այլ մասերում, որպեսզի դրանց ներկա լինեն հետաքրքրվող անհատները, և այդ համաժողովներին ընդհանուր հաշվով ներկա եղավ 389387 հոգի։ Եհովայի վկաների կատարած կրթական աշխատանքի արդյունքները հստակորեն երևացին, երբ այդ համաժողովների ժամանակ 4825 հոգի իր նվիրումը խորհրդանշեց ջրի մկրտությամբ։ Ընդամենը հինգ տարի անց՝ 1990-ին, 110 համաժողովներ անցկացվեցին Բրազիլիայի ողջ տարածքում, որոնց ներկա եղավ 548517 հոգի։ Այս անգամ մկրտվեց 13448 հոգի։ Ամբողջ երկրով մեկ հարյուր հազարավոր անհատներ և ընտանիքներ սիրով համաձայնվում էին Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Արգենտինայի մասին։ Տասնամյակներ առաջ կառավարության կողմից որոշ սահմանափակումներ էին դրվել Վկաների գործունեության վրա, սակայն 1985-ին նրանց կրկին թույլ տրվեց ազատորեն հավաքույթներ անցկացնել։ Ինչպիսի՜ ուրախություն ապրեցին Արգենտինայի Վկաները՝ ներկա լինելով իրենց երկրում անցկացվող առաջին համաժողովներին, որոնց ընդհանուր հաշվով ներկա էր 97167 մարդ։ Տեղական թերթերից մեկը մի հոդված տպագրեց, որի վերնագիրն էր՝ «Թագավորություն, որն ընդլայնվում է. Եհովայի վկաների թագավորությունը» (Ahora)։ Հոդվածագիրը իր հիացմունքն էր արտահայտում Բուենոս Այրեսի համաժողովի ժամանակ տիրող կարգուկանոնի, ինչպես նաև այն բանի համար, որ այնտեղ չկար ռասայական և սոցիալական խտրականություն, որ ներկաների միջև խաղաղություն էր տիրում, և բոլորը սեր էին դրսևորում միմյանց հանդեպ։ Հոդվածի վերջում ասվում էր. «Անկախ այն բանից, ընդունում ենք նրանց հայացքներն ու հավատալիքները, թե ոչ՝ այս մարդիկ մեծագույն հարգանքի է արժանի»։ Սակայն շատ արգենտինացիներ Վկաների հանդեպ հարգանք դրսևորելուց ավելին արեցին։ Նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ և հաճախել Թագավորության սրահներում անցկացվող հանդիպումներին, որպեսզի տեսնեն, թե ինչպես են Վկաներն աստվածաշնչյան սկզբունքները կիրառում իրենց կյանքում։ Այնուհետև անձամբ որոշում էին կայացնում։ Հաջորդ յոթ տարիների ընթացքում տասնյակ հազարավորներ նվիրեցին իրենց կյանքը Եհովային, և Վկաների թիվը Արգենտինայում ավելացավ 71 տոկոսով։
Աստծու Թագավորության բարի լուրի հանդեպ արձագանքը շատ ավելի մեծ էր Մեքսիկայում։ Անցյալում Եհովայի վկաները հաճախ էին ենթարկվում ամբոխների հարձակմանը, որոնց հրահրում էին քահանաները։ Բայց անկեղծ մարդիկ մեծապես տպավորվում էին՝ տեսնելով, որ Վկաները չարի փոխարեն չարով չէին հատուցում և վրեժխնդիր չէին լինում (Հռոմ. 12։17–19)։ Նրանք նաև տեսնում էին, որ Վկաների բոլոր հավատալիքները հիմնված էին Աստվածաշնչի՝ Աստծու ներշնչյալ Խոսքի վրա և ոչ թե մարդկային ավանդույթների (Մատթ. 15։7–9; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Նրանց աչքից չէր վրիպում նաև այն, որ Վկաները այնպիսի հավատ ունեին, որ կարողանում էին տոկալ հակառակության ներքո։ Ուստի երբ վերջիններս Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն էին առաջարկում, ավելի ու ավելի շատ ընտանիքներ էին ընդունում այդ առաջարկը։ 1992-ին ամբողջ աշխարհի ուսումնասիրությունների 12 տոկոսն անցկացվում էր Մեքսիկայում, և հիմնականում ուսումնասիրում էին մեծ ընտանիքներ։ Արդյունքում Մեքսիկայում Վկաների թիվը 80481-ից (1975) հասավ 354023-ի (1992), ընդ որում այդ մարդիկ ոչ թե պարզապես հաճախում էին հանդիպումներին, այլ ակտիվորեն հռչակում էին Աստծու Թագավորությունը։
Եվրոպայում նույնպես զարմանալի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք նպաստեցին Թագավորության բարի լուրի տարածմանը։
Զարմանալի իրադարձություններ Լեհաստանում
Թեև Եհովայի վկաների գործունեությունը Լեհաստանում արգելքի տակ է եղել 1938–1945թթ.-ին (այդ թվում նաև նացիստական և խորհրդային իշխանությունների ներքո) և 1950-ի հուլիսին (խորհրդային իշխանության ներքո), սակայն նրանք չեն դադարել քարոզելուց։ 1938-ին ընդամենը 669 Վկա կար երկրում, մինչդեռ 1950-ին այդ թիվը հասավ 18116-ի, և նրանք բոլորը եռանդուն, բայց միևնույն ժամանակ զգույշ քարոզիչներ էին (Մատթ. 10։16)։ Ինչ վերաբերում է համաժողովներին, դրանք անցկացվում էին հասարակության համար աննկատ վայրերում՝ գյուղերում, անտառներում և պահեստներում։ Բայց սկսած 1982-ից՝ Լեհաստանի կառավարությունը թույլ տվեց նրանց մեկօրյա ոչ մեծ համաժողովներ անցկացնել վարձակալված սրահներում։
Ավելի ուշ՝ 1985-ի օգոստոսին, Եհովայի վկաներին թույլ տրվեց չորս մեծ համաժողովներ անցկացնել Լեհաստանի ամենամեծ մարզադաշտերում։ Երբ Ավստրիայից մի պատվիրակ ինքնաթիռով ժամանեց Լեհաստան, շատ զարմացավ՝ լսելով, որ բարձրախոսով ողջունում են Եհովայի վկաներին, որոնք եկել էին համաժողովի։ Այդ ողջույնի խոսքերը ցույց էին տալիս, որ կառավարությունը փոխել է իր տեսակետը Եհովայի վկաների հանդեպ, ուստի մի տարեց Վկա, որ եկել էր դիմավորելու այդ պատվիրակին, չկարողացավ զսպել իր ուրախության արցունքները։ Համաժողովներին ներկա եղավ 94134 պատվիրակ, որոնց մի մասը եկել էր 16 երկրներից։ Արդյոք հասարակությունը տեղյա՞կ էր, թե ինչ է տեղի ունենում։ Այո՛։ Համաժողովների ժամանակ և դրանցից հետո այդ մասին գրում էին հայտնի թերթերը, հեռուստատեսությամբ ցույց էին տալիս պատվիրակների մեծ խմբերի, իսկ հանրային ռադիոյով հեռարձակվում էին ծրագրի որոշ հատվածներ։ Շատերին հաճելի էր այն, ինչ նրանք տեսնում ու լսում էին։
Երբ 1989-ի մայիսի 12-ին Լեհաստանի կառավարությունը պետականորեն գրանցեց Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը, այդ ժամանակ արդեն ավելի մեծ համաժողովներ անցկացնելու պլաններ էին մշակվում։ Երեք ամսվա ընթացքում Խոժուվ, Պոզնան և Վարշավա քաղաքներում երեք միջազգային համաժողովներ անցկացվեցին, որոնց ընդհանուր հաշվով՝ ներկա եղավ 166518 հոգի։ Զարմանալին այն էր, որ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ) և Չեխոսլովակիայից հազարավոր պատվիրակներ կարողացել էին կառավարությունից թույլտվություն ստանալ երկրից դուրս գալու համար և եկել էին համաժողովին։ Արդյոք աշակերտներ պատրաստելու գործը արդյունքներ բերո՞ւմ էր այդ երկրներում, որտեղ տասնամյակներ շարունակ աթեիզմը պաշտոնապես ընդունված գաղափարախոսություն է եղել։ Այդ հարցի պատասխանը ակնհայտ դարձավ, երբ համաժողովներին մկրտվեց 6093 հոգի, որոնց թվում բազմաթիվ երիտասարդներ կային։
Հասարակությունը չէր կարող չնկատել, որ Վկաները իրենց հիանալի վարքով շատ էին տարբերվում մյուս մարդկանցից։ Թերթերում նրանց մասին այսպիսի խոսքեր էին գրվում. «Նրանք, որ երկրպագում են Եհովա Աստծուն (ինչպես իրենք են ասում), բարձր են գնահատում իրենց հավաքույթները, որոնք նրանց միասնության վառ ապացույցն են.... Համաժողովների ներկաները լավ օրինակ են կարգապահության, խաղաղության և մաքրության հարցում» (Życie Warszawy)։ Լեհաստանի բնակիչներից ոմանք նույնիսկ ցանկացան Վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստծու Խոսքից այդպիսի կրթության շնորհիվ Եհովայի վկաների թիվը Լեհաստանում 72887-ից (1985) հասավ 107876-ի (1992)։ Եվ 1992-ին նրանք ավելի քան 16800000 ժամ տրամադրեցին մարդկանց աստվածաշնչյան հիանալի հույսի մասին պատմելու գործին։
Սակայն հիանալի փոփոխություններ միայն Լեհաստանում չեն տեղի ունեցել։
Արևելյան Եվրոպայի ավելի շատ երկրներում է քարոզվում բարի լուրը
1989-ին Եհովայի վկաները պետական գրանցում ստացան Հունգարիայում։ 1990-ին Բեռլինի պատի փլուզումից ընդամենը չորս ամիս անց Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) Եհովայի վկաների գործունեության վրայից հանվեց 40 տարի առաջ դրված արգելքը։ Հաջորդ ամիս Ռումինիայի կառավարությունը գրանցեց Ռումինիայի Եհովայի վկաների քրիստոնեական միավորումը։ 1991-ին Մոսկվայի արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ի Եհովայի վկաների կրոնական կազմակերպության կանոնադրությունը պաշտոնապես գրանցվել է։ Այդ նույն տարի Եհովայի վկաները գրանցվեցին Բուլղարիայում։ 1992-ին օրինական ճանաչում ստացան Ալբանիայի Եհովայի վկաները։
Ինչպե՞ս Եհովայի վկաները օգտագործեցին իրենց ստացած ազատությունը։ Մի լրագրող հարց ուղղեց ԳԴՀ-ում Եհովայի վկաների գործունեության կոորդինատոր Հելմուտ Մարտինին. «Պատրաստվո՞ւմ եք արդյոք զբաղվել քաղաքականությամբ»։ Հենց այդպես էին վարվում քրիստոնեական աշխարհի հոգևորականներից շատերը։ «Ո՛չ,— պատասխանեց եղբայր Մարտինը։— Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին սուրբգրային մի առաջադրանք է տվել, և մենք դա համարում ենք մեր գլխավոր գործը» (Մատթ. 24։14; 28։19, 20)։
Եհովայի վկաները նոր չէին սկսել կատարել այդ գործը երկրագնդի այս հատվածում։ Չնայած նրանք տարիներ շարունակ իրենց գործունեությունն իրականացրել են ծանր հանգամանքների ներքո, այդ երկրների մեծ մասում ժողովները (հավաքվում էին փոքր խմբերով) շարունակել են գործել, և քարոզչությունը չի դադարել։ Սակայն այժմ նոր հնարավորությունների դուռ էր բացվել։ Նրանք կարող էին անցկացնել հանդիպումներ և ազատորեն հրավիրել մարդկանց ներկա լինելու դրանց։ Նաև կարող էին անարգել քարոզել տնից տուն՝ առանց վախենալու, որ կբանտարկվեն։ Այս երկրներում, որտեղ ընդհանուր հաշվով բնակչության թիվն անցնում է 390000000-ից, դեռ շատ գործ կար անելու։ Եհովայի վկաները հրատապության զգացումով էին ծառայում՝ քաջ գիտակցելով, որ ապրում են այս համակարգի վերջին օրերում։
Երբ դեռ Արևելյան Եվրոպայի երկրներում Եհովայի վկաները օրինական ճանաչում չէին ստացել, Կառավարիչ մարմնի անդամները այցելել էին դրանցից մի քանիսը, որպեսզի տեսնեին, թե ինչպես կարող էին օգնել իրենց եղբայրներին։ Երբ արգելքները հանվեցին, նրանք գնացին ավելի շատ երկրներ, որպեսզի օգնեն կազմակերպել քարոզչական գործը։ Մի քանի տարվա ընթացքում նրանք անձամբ այցելել էին Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Բելառուսի եղբայրներին։
Այդ երկրներում համաժողովներ կազմակերպվեցին Վկաներին քաջալերելու և հանրության ուշադրությունը Աստծու Թագավորության բարի լուրի վրա հրավիրելու համար։ ԳԴՀ-ի կառավարության կողմից արգելքը հանվելուց հինգ ամիս էլ չէր անցել, երբ Բեռլինի օլիմպիական մարզադաշտում այդպիսի մի համաժողով անցկացվեց։ 64 այլ երկրներից Վկաները սիրով ընդունեցին այդ համաժողովին ներկա լինելու հրավերը։ Նրանց համար մեծ առանձնաշնորհում էր մասնակցել այդ միջոցառմանը քրիստոնյա եղբայրների և քույրերի հետ, որոնք տասնամյակներ շարունակ հավատարիմ էին մնացել Եհովային՝ չնայած դաժան հալածանքին։
1990-ին և 1991-ին ուրիշ համաժողովներ անցկացվեցին Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում։ Այն բանից հետո, երբ Հունգարիայում չորս փոքր համաժողովներ տեղի ունեցան, միջոցներ ձեռնարկվեցին, որ 1991-ին Բուդապեշտի Ժողովրդական մարզադաշտում միջազգային համաժողով անցկացվի։ Համաժողովին ներկա եղավ 40601 հոգի 35 երկրներից։ Ռումինիայում 1990-ին՝ ավելի քան 40 տարվա արգելքից հետո, Եհովայի վկաները առաջին անգամ հնարավորություն ունեցան ազատորեն համաժողով անցկացնելու։ Այդ տարի երկրի տարբեր մասերում անցկացվեցին նախ մի շարք փոքր համաժողովներ, իսկ հետո երկու մեծ համաժողով։ 1991-ին տեղի ունեցան ութ համաժողովներ ևս, որոնց ներկա եղավ 34808 հոգի։ 1990-ին համաժողովներ անցկացվեցին Հարավսլավիայի կազմի մեջ մտնող հանրապետություններից յուրաքանչյուրում։ Հաջորդ տարի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում միջազգային համաժողով տեղի ունեցավ, որին ներկա եղան 14684 Եհովայի վկաներ, թեև այդ ժամանակ երկրին սպառնում էր քաղաքացիական պատերազմը։ Ոստիկանները ապշել էին, տեսնելով, որ բազմաթիվ խորվաթներ, չեռնոգորցիներ, սերբեր, սլովեններ ու շատ ուրիշներ խաղաղությամբ հավաքվել և լսում էին ծրագիրը։
Չեխոսլովակիայում նույնպես առանց հետաձգելու համաժողովներ կազմակերպվեցին։ 1990-ին Պրահայում անցկացվեց համաժողով ողջ երկրի քարոզիչների համար, որին ներկա եղավ 23876 հոգի։ Մարզադաշտի տնօրինությունը այնքան տպավորված էր տեսածով, որ հաջորդ համաժողովի համար Վկաներին տրամադրեց երկրի ամենամեծ մարզադաշտը։ 1991-ին Պրահայի Ստրախով մարզադաշտում այդ պատմական համաժողովին ներկա եղավ 74587 պատվիրակ։ Չեխ և սլովակ պատվիրակները բուռն ծափահարություններով և մեծ ուրախությամբ ընդունեցին հայտարարությունն այն մասին, որ իրենց լեզուներով լույս է տեսել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», որը կարող են օգտագործել քարոզչական ծառայության, անձնական ուսումնասիրության և ժողովի հանդիպումների ժամանակ։
1991-ին պատմության մեջ առաջին անգամ Եհովայի վկաները կարողացան ազատորեն համաժողովներ անցկացնել Խորհրդային Միության տարբեր երկրներում։ Համաժողով անցկացվեց Տալլինում (Էստոնիա), իսկ հետո՝ Սիբիրում։ Չորս համաժողովներ տեղի ունեցան Ուկրաինայի մեծ քաղաքներում, և մեկ համաժողով՝ Ղազախստանում։ Բոլոր համաժողովներին ընդհանուր հաշվով ներկա եղավ 74252 հոգի։ Այդ տարիներին աշակերտներ պատրաստելու գործի արդյունքները բացահայտ երևացին, երբ համաժողովների ժամանակ մկրտվեց 7820 հոգի։ Այդ անհատները մկրտվեցին ոչ թե զգացմունքների ազդեցության տակ՝ այդ հուզիչ համաժողովից տպավորված, այլ ամիսներ առաջ, ոմանք նույնիսկ տարիներ առաջ էին պատրաստվել այդ քայլին։
Որտեղի՞ց էին այդքան շատ Վկաներ հավաքվել։ Ակնհայտ էր, որ Եհովայի վկաների գործունեությունը նոր չէր սկսվել երկրագնդի այդ հատվածում։ Դեռևս 1887-ին «Դիտարան ընկերության» հրատարակությունները փոստով ուղարկվել էին Ռուսաստանում ապրող մի հետաքրքրվող մարդու։ 1891-ին Ընկերության առաջին նախագահը այցելել էր Քիշնև (այժմ գտնվում է Մոլդովայում)։ Որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ 1920-ականներին մեկնել էին Ռուսաստան՝ քարոզելու նպատակով։ Սակայն երկրում պաշտոնյաների կողմից խիստ հակառակություն կար։ Այդ ժամանակ Ռուսաստանում կային ընդամենը մի քանի փոքր խմբեր, որոնք հետաքրքրվում էին բարի լուրով։ Բայց իրավիճակը փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Պետությունների սահմանները փոփոխվեցին, և մարդկանց մեծաթիվ զանգվածներ հայտնվեցին այլ երկրների տարածքում։ Դրա հետևանքով ավելի քանի հազար ուկրաինախոս Վկաներ, որոնք նախկինում ապրում էին Լեհաստանի արևելյան հատվածում, այժմ հայտնվեցին Խորհրդային Միությունում։ Նույն իրավիճակում էին հայտնվել շատ Վկաներ, որոնք ապրում էին Ռումինիայում և Չեխոսլովակիայում, քանի որ այն տարածքները, որտեղ նրանք ապրում էին, այժմ դարձել էին Խորհրդային Միության մի մաս։ Բացի այդ, շատ ռուսներ, որ Եհովայի վկաներ էին դարձել Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում, վերադարձել էին հայրենիք՝ իրենց հետ տանելով Աստծու Թագավորության բարի լուրը։ 1946-ին Խորհրդային Միությունում 4797 ակտիվ Վկաներ կային։ Նրանցից շատերին տարիների ընթացքում կառավարությունը մի վայրից մյուսն է տեղափոխել։ Ոմանց ուղարկել են ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուր էլ որ նրանք գնային, շարունակում էին վկայություն տալ, և նրանց թիվը աճում էր։ Նույնիսկ օրինական ճանաչում ստանալուց առաջ Վկաների ակտիվ խմբեր կային Խորհրդային Միության ողջ տարածքում՝ Լվովից մինչև Վլադիվոստոկ։
Այժմ շատերն են պատրաստ լսել
Երբ 1991-ին Եհովայի վկաները սկսեցին համաժողովներ անցկացնել ԽՍՀՄ-ում, հասարակությունը հնարավորություն ունեցավ ավելի լավ ճանաչելու նրանց։ Ինչպե՞ս արձագանքեցին ոմանք։ Լվովում (Ուկրաինա) միլիցիայի մի սպա պատվիրակներից մեկին ասաց. «Դուք աչքի եք ընկնում նրանով, որ ուրիշներին սովորեցնում եք այն, ինչ բարի է, խոսում եք Աստծու մասին և բռնություն չեք գործում։ Մենք քննարկում էինք, թե ինչու էինք նախկինում ձեզ հալածում, և եկանք այն եզրակացության, որ նախկինում ուշադրություն չենք դարձրել ձեր ասածներին և ձեր մասին ոչինչ չենք իմացել»։ Բայց արդեն շատերն էին լսում, և Եհովայի վկաները պատրաստ էին նրանց օգնելու։
Այդ երկրներում քարոզչական գործն ավելի արդյունավետորեն կատարելու համար աստվածաշնչյան գրականության կարիք կար։ Մեծ ջանքեր գործադրվեցին, որպեսզի այդ հարցն արագորեն լուծվի։ Եհովայի վկաները գրեթե երկու անգամ մեծացրին Զելտերսի (Տաունուս, Գերմանիա) տպարանը։ Թեև ընդլայնման աշխատանքները դեռ չէին ավարտվել, սակայն Արևելյան Գերմանիայում Վկաների գործունեության վրայից արգելքը հանելուց ընդամենը երկու շաբաթ անց Զելտերսի տպարանից 21 տոննա գրականություն ուղարկվեց այնտեղ։ Արևելյան Եվրոպայի երկրներում Վկաների գործունեության վրայից արգելքը հանելուց հետո մինչև 1992 թվականը այդ երկրներ ուղարկվեց 14 լեզուներով 9100 տոննա գրականություն Գերմանիայից, 633 տոննա Իտալիայից և որոշ չափով էլ Ֆինլանդիայից։
Որոշ երկրներում Վկաները տարիներ շարունակ կազմակերպությունից կտրված լինելու պատճառով օգնության կարիք ունեին ժողովների վերահսկողության և կազմակերպչական հարցերում։ Օգնության համար կապ հաստատվեց Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Կանադայի փորձառու երեցների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր գիտեին այդ երկրների լեզուն։ Արդյոք նրանք պատրաստ կլինեի՞ն տեղափոխվել Արևելյան Եվրոպայի երկրներ։ Շատերն արձագանքեցին հրավերին։ Որտեղ նպատակահարմար էր, ուղարկվում էին նաև «Գաղաադ» դպրոցը և Ծառայության կատարելագործման դպրոցը ավարտած երեցներ։
Ապա 1992-ին մի հիշարժան միջազգային համաժողով տեղի ունեցավ Ռուսաստանի երկրորդ մեծ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում։ Մոտ 17000 պատվիրակներ եկել էին 27 այլ երկրներից։ Համաժողովի մասին լայնորեն ազդարարվել էր։ Ներկա էին այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք չէին լսել Եհովայի վկաների մասին։ Ներկաների բարձրագույն թիվը 46214 էր։ Պատվիրակները եկել էին Ռուսաստանի բոլոր անկյուններից, ոմանք նույնիսկ հեռավոր Սախալին կղզուց, որը գտնվում է Ճապոնիայի մոտ։ Մեծ խմբերով պատվիրակներ էին եկել Ուկրաինայից և Մոլդովայից, ինչպես նաև նախկինում ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող այլ երկրներից։ Նրանք իրենց հետ լավ լուրեր էին բերել։ Հաշվետվությունները ցույց էին տալիս, որ որոշ ժողովներում, ինչպես, օրինակ, Կիևում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, հանդիպումներին ներկա լինողների թիվը երկու կամ ավելի անգամ գերազանցում էր Վկաների թիվը։ Շատերը, որ ցանկանում էին Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը, ստիպված էին սպասել իրենց հերթին։ Լատվիայից եկել էին մոտ 600 պատվիրակներ, իսկ Էստոնիայից ավելի շատ էին եկել։ Այդ համաժողովին Սանկտ Պետերբուրգի մի ժողովից մկրտվեց ավելի քան հարյուր մարդ։ Հետաքրքրություն ցույց տվող մարդկանց մեծ մասը երիտասարդներ էին կամ կրթություն ստացած մարդիկ։ Իսկապես հոգևոր մեծ հունձ էր տեղի ունենում այդ հսկայական տարածքում, որը երկար ժամանակ համարվել է աթեիզմի երկիր։
Արտերը սպիտակել են հնձի համար
Երբ փոխվեց կրոնական ազատության հանդեպ վերաբերմունքը, այլ երկրներում նույնպես Եհովայի վկաների գործունեության վրայից հանվեցին սահմանափակումները, կամ նրանք օրինական ճանաչում ստացան, ինչը երկար ժամանակ չէին կարողանում ձեռք բերել։ Այդպիսի շատ երկրներում առատ հոգևոր հունձը պատրաստ էր։ Իրավիճակները նման էին Հիսուսի նկարագրած իրավիճակին, որի մասին նա ասաց իր աշակերտներին. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35)։ Քննենք մի քանի օրինակ Աֆրիկայից։
1969-ին Զամբիայում արգելք դրվեց Եհովայի վկաների տնետուն ծառայության վրա։ Ուստի Վկաները սկսեցին ավելի շատ ժամանակ տրամադրել հետաքրքրվող անհատների հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելուն։ Նաև որոշ մարդիկ իրենք սկսեցին փնտրել Վկաներին, որպեսզի նրանց օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Աստիճանաբար կառավարությունը հանեց սահմանափակումները, և հանդիպումներին հաճախողների թիվը ավելացավ։ 1992-ին Տիրոջ ընթրիքին Զամբիայում ներկա եղավ 365828 հոգի (23 բնակչից 1-ը)։
Զամբիայից հյուսիս՝ Զաիրում, հազարավոր անհատներ ցանկանում էին իմանալ, թե ինչ են սովորեցնում Եհովայի վկաները քրիստոնեական ապրելակերպի, ինչպես նաև մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մասին։ 1990-ին, երբ հանգամանքները փոխվեցին, և Վկաները կարողացան կրկին օգտագործել իրենց Թագավորության սրահները, որոշ տարածքներում նրանց հանդիպումներին սկսեցին ներկա լինել մոտ 500 հոգի։ Երկու տարի անց Զաիրում 67917 Վկաներ կային, որոնք 141859 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն էին անցկացնում։
Բազմաթիվ երկրներում գործունեության դուռ բացվեց։ 1990-ին այն միսիոներները, որոնք 14 տարի առաջ արտաքսվել էին Բենինից, պաշտոնապես թույլտվություն ստացան երկիր վերադառնալու, և ուրիշներն էլ հնարավորություն ունեցան այդ երկիր գալու։ Այդ նույն տարի Կաբո Վերդեի Հանրապետության արդարադատության նախարարը ստորագրեց մի հրամանագիր, որով ընդունվեց Եհովայի վկաների միավորման կանոնադրությունը, և այդպիսով նրանց օրինական ճանաչում տրվեց։ Ապա 1991-ին Եհովայի վկաների գործունեության վրայից պաշտոնապես հանվեց արգելքը Մոզամբիկում (որտեղ նախկին կառավարիչները դաժանորեն հալածում էին նրանց), Գանայում (որտեղ նրանց գործունեության վրա պետության կողմից սահմանափակումներ էին դրված) և Եթովպիայում (որտեղ 34 տարի շարունակ թույլ չէր տրվում ազատորեն քարոզել և համաժողովներ անցկացնել)։ Մինչև 1991-ի վերջը Եհովայի վկաները պետական գրանցում ստացան նաև Նիգերում և Կոնգոյում։ 1992-ի սկզբին Վկաների գործունեության վրայից արգելքները հանվեցին կամ նրանց օրինական ճանաչում տրվեց Չադում, Քենիայում, Ռուանդայում, Տոգոյում և Անգոլայում։
Աֆրիկյան այդ երկրներում արտերը պատրաստ էին հոգևոր հնձի։ Օրինակ՝ Անգոլայում Վկաների թիվը կարճ ժամանակում ավելացավ 31 տոկոսով։ Բացի այդ, մոտ 19000 քարոզիչներ գրեթե 53000 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ էին անցկացնում։ Պորտուգալիայից և Բրազիլիայից փորձառու շատ երեցների խնդրեցին տեղափոխվել Աֆրիկա՝ վերահսկելու այդ հսկայական կրթական գործը Անգոլայում, ինչպես նաև Մոզամբիկում (որտեղ շատերը խոսում էին պորտուգալերեն)։ Նաև պորտուգալախոս միսիոներներ ուղարկվեցին Գվինեա Բիսաու, որտեղ քարոզչական գործը նոր էր սկսվել։ Բացի այդ, Ֆրանսիայից և այլ երկրներից հրավիրվում էին փորձառու Վկաներ, որպեսզի նրանք աջակցեին քարոզելու և աշակերտներ պատրաստելու հրատապ գործին Բենինում, Չադում և Տոգոյում (այդ երկրներում շատերը խոսում էին ֆրանսերեն)։
Որոշ երկրներում, որտեղ հոգևոր առատ բերք էր հավաքվել և բազմաթիվ մարդիկ սկսել էին փառաբանել Եհովային, նախկինում կաթոլիկությունը խորապես արմատավորված է եղել։ Դրանցից էին Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաև Ֆրանսիան (որտեղ 1992-ի հաշվետվության համաձայն՝ կային 119674 Վկաներ), Իսպանիան (որտեղ կային 92282 Վկաներ), Ֆիլիպինները (Վկաների թիվը 114335 էր), Իռլանդիան (որտեղ Վկաների թիվը ամեն տարի աճում էր 8–10 տոկոսով) և Պորտուգալիան։
1978-ին Լիսաբոնի (Պորտուգալիա) համաժողովին ներկա եղավ 37567 հոգի։ Այդ համաժողովի մասին մի լրագրում հետևյալն էր ասվում. «Ցանկացած մարդ, ով ուխտագնացության ժամանակ եղել է Ֆաթիմայում, կհամաձայնի, որ այս միջոցառումը բոլորովին տարբեր է.... Այստեղ [Եհովայի վկաների համաժողովին] խորհրդավորության նշույլ անգամ չկա, այլ դա մի հավաքույթ է, որի ժամանակ հավատացյալները, լինելով միասնական, խոսում են իրենց խնդիրների, հավատի և հոգևոր հայացքների մասին։ Նրանց վարքը վկայում է, որ նրանք անկեղծորեն մտահոգված են դիմացինի բարօրությամբ» (Opção)։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Վկաների թիվը Պորտուգալիայում ավելացավ մոտ 70 տոկոսով։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Իտալիայի մասին։ Քանի որ քչերն են ցանկանում դառնալ կաթոլիկ քահանա, շատ ճեմարաններ ստիպված փակվում են։ Բազմաթիվ եկեղեցիներ այլևս չունեն ծխական քահանա։ Շատ վայրերում նախկին եկեղեցիները վերածվել են խանութների կամ գրասենյակների։ Չնայած այդ ամենին՝ եկեղեցին շատ ջանքեր է թափել Եհովայի վկաների գործունեությունը դադարեցնելու համար։ Անցյալում նրանք ճնշում էին բանեցնում իշխանությունների վրա, որպեսզի նրանք երկրից արտաքսեին միսիոներներին, նաև ոստիկաններից պահանջում էին արգելել Վկաներին հանդիպումներ անցկացնել։ Որոշ վայրերում 1980-ականներին ծխական քահանաները նախաձեռնում էին, որ բոլոր մարդկանց դռներին (երբեմն պատահմամբ որոշ Վկաների դռներին) կպչուն թղթեր փակցվեն, որոնց վրա գրված էր. «Չթակե՛լ։ Մենք կաթոլիկ ենք»։ Թերթերում այսպիսի վերնագրեր կարելի էր տեսնել՝ «Եկեղեցու ահազանգը՝ Եհովայի վկաների դեմ» կամ ««Սուրբ պատերազմ»՝ Եհովայի վկաների դեմ»։
Երբ առաջին դարի հրեա քահանաները փորձում էին լռեցնել առաքյալներին, Օրենքի մի ուսուցիչ՝ Գամաղիել անունով, իմաստուն միտք արտահայտեց. «Եթե այս մտադրությունը կամ այս գործը մարդկանցից է, կխափանվի, բայց եթե Աստծուց է, չեք կարողանա խափանել դրանք» (Գործ. 5։38, 39)։ Իսկ 20-րդ դարում արդյոք Հռոմի կաթոլիկ քահանաներին հաջողվե՞ց լռեցնել Եհովայի վկաներին։ 1946-ին Իտալիայում, որտեղ կար ընդամենը 120 Վկա, քահանաներին չհաջողվեց խափանել նրանց գործը։ Դեռ ավելին, 1992-ին երկրում արդեն 194013 ակտիվ Վկաներ կային, որոնք ծառայում էին 2462 ժողովներում։ Նրանք ասես Իտալիան լցրել էին Աստծու Խոսքի ուսմունքներով։ 1946-ից մինչև 1992-ը Վկաները ավելի քան 550 միլիոն ժամ են տրամադրել Աստծու Թագավորության բարի լուրը իրենց հայրենակիցներին պատմելու գործին։ Նաև տարածել են Աստվածաշնչի միլիոնավոր օրինակներ, ինչպես նաև Աստվածաշունչը մեկնաբանող ավելի քան 400 միլիոն գրքեր, գրքույկներ և պարբերագրեր։ Նրանք ամեն բան անում են, որ Իտալիայում ապրող բոլոր մարդիկ հնարավորություն ունենան դիրք բռնելու Եհովայի կողմը նախքան վերջը գալը։ Իրենց գործը կատարելիս նրանք մտքում վառ են պահում Պողոս առաքյալի խոսքերը, որ գրված են 2 Կորնթացիներ 10։4, 5-ում. «Մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով են զորավոր՝ ցանկացած ամրություն քանդելու համար։ Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ»։
Եհովայի վկաները քարոզել են ոչ միայն այն երկրներում, որտեղ նախկինում խորապես արմատավորված է եղել կաթոլիկությունը, այլև ուրիշ երկրներում։ Նրանք հիշում են Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (Մարկ. 13։10)։ Վկաները հենց այդ գործն են կատարում։ 1992-ին Հնդկաստանում Աստծու Թագավորության բարի լուրը քարոզում էին 12168 Վկաներ։ Կորեայի Հանրապետությունում այդ գործին մասնակցում էին 71428 քարոզիչներ։ Ճապոնիայում ծառայում էին 171438 Վկաներ, և նրանց թիվը ամեն ամիս աճում էր։ Նրանք նաև շարունակում էին վկայություն տալ բոլոր այն երկրներում, որտեղ բարի լուրը քիչ էր քարոզվել կամ ընդհանրապես չէր քարոզվել։
1970-ականների վերջերին Վկաները առաջին անգամ կարողացան բարի լուրը քարոզել Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարկիզյան կղզիներում և Կուսաիե կղզում։ Նրանք նաև բարի լուրը հռչակել են Բութանում, որը գտնվում է Չինաստանի հարավային սահմանի մոտ, և Կոմորյան կղզիներում, որոնք գտնվում են Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջանում։ Իսկ Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում գտնվող Ուոլիս և Ֆուտունա կղզիներից, ինչպես նաև Նաուրու և Ռոտա կղզիներից առաջին անգամ հաշվետվություն ստացվեց 1980-ականներին։ Նշված կղզիներից մի քանիսը համեմատաբար փոքր են, բայց բնակեցված են, իսկ Վկաների համար յուրաքանչյուր մարդու կյանքը թանկ է։ Եհովայի վկաները իրենց մտքում վառ են պահում Հիսուսի մարգարեությունը, որ նախքան վերջը գալը Թագավորության բարի լուրը պետք է քարոզվի «ամբողջ երկրով մեկ» (Մատթ. 24։14)։
Քարոզում են այնտեղ, որտեղ հնարավոր է և երբ հնարավոր է
Թեև կանոնավոր տնետուն ծառայությունը շարունակում է մնալ Եհովայի վկաների քարոզչության հիմնական մեթոդը, սակայն նրանք գիտակցում են, որ նույնիսկ այդ միջոցով հնարավոր չէ բարի լուրը հասցնել յուրաքանչյուր անհատի։ Ուստի հրատապության զգացումով նրանք փնտրում են մարդկանց ամենուրեք (համեմատի՛ր Հովհաննես 4։5–42; Գործեր 16։13, 14)։
Երբ նավերը կանգ են առնում Գերմանիայի և Նիդերլանդների նավահանգիստներում նույնիսկ կարճ ժամանակով, Եհովայի վկաները քարոզում են նախ նավապետին, հետո անձնակազմին։ Նրանք իրենց հետ տարբեր լեզուներով աստվածաշնչյան գրականություն են վերցնում։ Չադի (Կենտրոնական Աֆրիկա) շուկաներում հաճախ կարելի է տեսնել, որ 15–20 հոգի շրջապատել է մի Եհովայի վկայի, որը նրանց պատմում է Աստծու Թագավորության բարի լուրը։ Օկլենդում (Նոր Զելանդիա) Վկաների տարբեր խմբեր, միմյանց փոխարինելով, զրուցում են վաճառասեղանների մոտ կանգնած աշխատողների հետ, ինչպես նաև հազարավոր գնորդների, որոնք շաբաթ առավոտները գալիս են օգտագործված իրերի շուկա՝ գնումներ կատարելու։ Գուայաքիլի (Էկվադոր) ավտոկայարաններում Վկաները ժամանակահարմար գրքույկներ կամ La Atalaya («Դիտարան») և ¡Despertad! («Արթնացե՛ք») պարբերագրերն են առաջարկում մարդկանց, որոնցից շատերը երկրի հեռավոր մասերից են գալիս։ Իսկ Նյու Յորքում Վկաները այցելում են նրանց, ովքեր շուրջօրյա մթերային խանութներում աշխատում են գիշերային հերթափոխով, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան բարի լուրը լսելու։
Եհովայի վկաներից շատերը ինքնաթիռով, գնացքով, ավտոբուսով ճամփորդելիս և մետրոյով երթևեկելիս Աստվածաշնչի անգին ճշմարտությունների մասին պատմում են ուղևորներին։ Նրանք նաև, օգտագործելով տարբեր առիթներ, վկայություն են տալիս աշխատավայրում ու դպրոցում ընդմիջումների ժամանակ, և երբ աշխատանքի բերումով մարդիկ գալիս են իրենց տուն։ Նրանք գիտեն, որ այդ մարդկանցից շատերը գուցե տանը չլինեն, երբ Վկաները տնից տուն քարոզելիս թակեն նրանց դուռը։
Վկաները չեն մոռանում նաև իրենց ընտանիքի անդամներին և բարեկամներին։ Արգենտինայից մի քույր՝ Մարիա Կաամանոն, փորձում էր իր ընտանիքի անդամների հետ խոսել այն մասին, թե որքան էին իրեն տպավորել աստվածաշնչյան ճշմարտությունները։ Բայց նրա հարազատները ծաղրում էին նրան կամ անտարբերություն էին դրսևորում։ Սակայն Մարիան չհանձնվեց։ Նա անցավ 1900 կիլոմետր, որ վկայություն տա իր բարեկամներին, և ոմանք դրականորեն արձագանքեցին։ Հետզհետե սկսեցին լսել նաև մյուս բարեկամները։ Այժմ նրա ազգականներից ավելի քան 120 հոգի ընդունել է ճշմարտությունը (այդ թվում 40-ից ավելի երեխաներ), և արդեն իրենք են քարոզում ուրիշներին։
Մայքլ Ռիգանը իր բարեկամներին քարոզելու նպատակով վերադարձավ իր հայրենի քաղաքը՝ Բոյլ (Ռոսքոմոն կոմսություն, Իռլանդիա)։ Նա վկայություն տվեց իր բոլոր բարեկամներին։ Նրա եղբոր դուստրը տպավորվել էր՝ տեսնելով, որ Մայքլի երեխաները կենսուրախ են և օրինակելի վարք ունեն։ Շուտով Մայքլի եղբոր դուստրը և նրա ամուսինը համաձայնեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Երբ նրանք մկրտվեցին, Մայքլի եղբայրը արգելեց դստերը գալ հայրական տուն։ Սակայն աստիճանաբար հոր վերաբերմունքը մեղմացավ, և նա որոշ գրականություն վերցրեց՝ նպատակ ունենալով ապացուցել, որ Վկաները սխալ են։ Բայց շուտով հասկացավ, որ այն, ինչ նա կարդում է, ճշմարտությունն է, և որոշ ժամանակ անց մկրտվեց։ Նրանց ընտանիքի անդամներից ավելի քան 20 հոգի այժմ հաճախում են հանդիպումներին, և նրանց մեծ մասն արդեն մկրտվել է։
Իսկ բանտարկյալներին վկայություն տրվո՞ւմ է։ Կարո՞ղ են արդյոք նրանք օգուտներ քաղել՝ լսելով Թագավորության բարի լուրը։ Եհովայի վկաները չեն անտեսում նրանց։ Հյուսիսային Ամերիկայի բանտերից մեկում միջոցներ էին ձեռնարկվել, որ Եհովայի վկաները Աստվածաշնչի անհատական ուսումնասիրություն անցկացնեն բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց համար կանոնավոր հանդիպումներ կազմակերպեն։ Այդ ամենը այնքան լավ արդյունքներ բերեց, որ բանտի տնօրինությունը թույլ տվեց նույնիսկ համաժողովներ անցկացնել կալանավայրում։ Այդ համաժողովներին ներկա էին լինում ոչ միայն բանտարկյալները, այլև հազարավոր Վկաներ դրսից։ Այլ երկրներում նույնպես մեջ ջանքեր են գործադրվում բանտարկության մեջ գտնվող տղամարդկանց ու կանանց օգնելու համար։
Վկաները չեն մտածում, թե Աստվածաշնչի ուսումնասիրությունը կփոխի բոլոր բանտարկյալներին։ Սակայն փորձը ցույց է տվել, որ ոմանց հնարավոր է օգնել, ուստի նրանք ցանկանում են այդպիսի մարդկանց հնարավորություն տալ լսելու Աստծու Թագավորության բարի լուրը։
Քարոզում են կրկին ու կրկին
Եհովայի վկաները կրկին ու կրկին այցելում են մարդկանց։ Հիսուսի առաջին աշակերտների նման՝ նրանք կանոնավորաբար քարոզում են իրենց տարածքներում՝ ձգտելով հետաքրքրություն առաջացնել Աստծու Թագավորության հանդեպ (Մատթ. 10։6, 7)։ Որոշ վայրերում ժողովները կարողանում են իրենց տարածքի բոլոր տները այցելել տարվա մեջ ընդամենը մեկ անգամ, իսկ ուրիշ վայրերում՝ մի քանի ամիսը մեկ։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և նրա շրջակա տարածքներում, որտեղ քարոզիչների և բնակիչների թվերի հարաբերակցությունը 1։160 է, Վկաները մարդկանց այցելում են գրեթե ամեն շաբաթ։ Վենեսուելայի որոշ քաղաքներում տարածքները մշակվում են շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։
Մարդկանց կանոնավորաբար այցելելով՝ Վկաները նպատակ չունեն ստիպելու նրանց ընդունել բարի լուրը։ Նրանք պարզապես ցանկանում են հնարավորություն տալ բոլորին որոշում կայացնել՝ իրազեկված լինելով։ Այսօր ոմանք ասում են, որ իրենց չի հետաքրքրում այդ լուրը, բայց նրանց կյանքում գուցե տեղի ունենան կտրուկ փոփոխություններ, կամ հնարավոր է՝ աշխարհի իրավիճակները փոխվեն, ու թերևս այդ պատճառով մեկ ուրիշ անգամ նրանք լսեն բարի լուրը։ Շատերը կանխակալ կարծիք ունենալու կամ չափազանց զբաղված լինելու պատճառով այդպես էլ չեն լսել, թե ինչ են սովորեցնում Վկաները։ Բայց կանոնավոր այցելությունների և բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ ոմանք գուցե ցանկանան լսել բարի լուրը։ Մարդկանց հաճախ տպավորում է իրենց շրջապատում ապրող կամ իրենց հետ աշխատող Վկաների ազնվությունը և բարոյական մաքրությունը։ Ուստի ժամանակի ընթացքում ոմանք սկսում են հետաքրքրություն ցույց տալ։ Վենեսուելայից մի կին, որը սիրով ընդունեց գրականությունը և համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել, այսպիսի խոսքեր ասաց. «Նախկինում ինձ ոչ ոք չէր բացատրել այդ ամենը»։
Վկաները ձգտում են քարոզելիս լինել սիրալիր և հասնել մարդկանց սրտերին։ Քանի որ Գվադելուպայում այնքան շատ Վկաներ կային, որ 1992-ին քարոզիչների թիվը բնակիչների թվի հարաբերակցությամբ 1։57 էր, մարդիկ հաճախ ասում էին. «Ինձ դա չի հետաքրքրում»։ Նման դեպքերում Էրիկ Դոդոտեն հաճախ ասում էր. «Ես ձեզ հասկանում եմ և մտնում եմ ձեր դրության մեջ»։ Ապա ավելացնում էր. «Բայց ես ուզում էի հարցնել ձեզ, թե արդյոք չէի՞ք ցանկանա ապրել ավելի լավ պայմաններում, քան ապրում ենք այսօր»։ Լսելով անհատի պատասխանը՝ նա Աստվածաշնչից ցույց էր տալիս, թե Աստված ինչպես է նման պայմաններ հաստատելու երկրի վրա։
Հիմնովին վկայություն
Վերջին տարիներին որոշ երկրներում ավելի դժվար է դարձել մարդկանց տանը գտնելը։ Սովորաբար թե ամուսինը, թե կինը աշխատում են, և հաճախ շաբաթ-կիրակի օրերին գուցե գնում են հանգստանալու և տանը չեն լինում։ Այդ պատճառով շատ երկրներում Եհովայի վկաները սկսել են ավելի շատ տնից տուն վկայություն տալ երեկոյան ժամերին։ Մեծ Բրիտանիայում որոշ Վկաներ երեկոյան ժամը վեցից մինչև ութը այցելում են այն բնակարանները, որտեղ ոչ ոք տանը չի եղել, իսկ ուրիշներն էլ, ձգտելով զրուցել իրենց տարածքի բոլոր բնակիչների հետ, այցելում են այդպիսի բնակարանները առավոտյան մինչև ժամը ութը, նախքան բնակիչները կգնան աշխատանքի։
Նույնիսկ եթե մարդիկ տանն են լինում, առանց հրավերի գուցե շատ դժվար լինի այցելել նրանց. որոշ շենքերում հատուկ հսկողություն է իրականացվում, քանի որ մեր օրերում հանցագործությունները տարածված են։ Բրազիլիայում, երբ այդպիսի շենքերում ապրող մարդկանցից ոմանք վաղ առավոտյան գնում են Կոպակաբանայի ծովափ զբոսնելու, հնարավոր է՝ նրանց մոտենա որևէ Վկա, որը առավոտյան եկել է ծովափ՝ զրուցելու մարդկանց հետ այն մասին, թե Աստծու Թագավորությունը ինչպես է լուծելու մարդկության խնդիրները։ Փարիզում (Ֆրանսիա) մարդիկ երեկոյան տուն վերադառնալիս թերևս իրենց շենքի մուտքի մոտ տեսնեն բարեհամբույր Վկա ամուսինների, որոնք սպասում են, որ զրուցեն այն բնակիչների հետ, ովքեր կցանկանան մի քանի րոպե տրամադրել լսելու, թե Աստված ինչպես է իրական ապահովություն հաստատելու։ Հոնոլուլուում, Նյու Յորքում և շատ այլ վայրերում Վկաները նաև ջանքեր են թափում, որ հսկվող շենքերի բնակիչներին վկայություն տան հեռախոսով։
Նույնիսկ եթե Վկաներին հաջողվում է յուրաքանչյուր տան բնակիչներից որևէ մեկի հետ զրուցել, նրանք չեն մտածում, որ դրանով իրենց գործն ավարտված է։ Ուստի ձգտում են հնարավորության դեպքում զրուցել յուրաքանչյուր տան բոլոր բնակիչների հետ։ Այդ նպատակին հասնելու համար նրանք տարածք են գնում տարբեր օրերի և տարբեր ժամերի։ Պուերտո Ռիկոյում, երբ մի կին ասաց, որ իրեն չի հետաքրքրում Աստվածաշունչը, Վկան հարցրեց, թե արդյոք նրանց տանը կար ուրիշ մեկը, ում հետ նա կարող էր զրուցել։ Արդյունքում քույրը կարողացավ զրուցել այդ ընտանիքի գլխի հետ, որը 14 տարի շարունակ հիվանդության պատճառով գրեթե միշտ պառկած է եղել։ Աստծու Խոսքի տված հույսը ջերմացրեց նրա սիրտը։ Կյանքի նոր ուժ ստանալով՝ նա շուտով սկսեց քայլել։ Նա սկսեց հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին և իր ձեռք բերած հույսի մասին պատմել ուրիշներին։
Ավելի մեծ վկայություն վերջը գալուց առաջ
Վերջին ժամանակներում վկայության գործը մեծ թափ է ստացել նաև շնորհիվ այն բանի, որ աճել է ռահվիրաների թիվը։ Ցանկանալով հնարավորինս շատ ժամանակ տրամադրել Աստծուն ծառայելու գործին և մարդկանց հանդեպ անկեղծ հոգատարություն ցուցաբերելով՝ նրանք այնպես են պլանավորում իրենց գործերը, որ ամեն ամիս քարոզչական գործին տրամադրեն 60, 90, 140 ժամ կամ ավելի շատ (տվյալները՝ 1992-ի դրությամբ)։ Պողոս առաքյալի նման, որը քարոզում էր Կորնթոսում (Հունաստան)՝ ռահվիրաները «իրենց անձը ամբողջությամբ տրամադրում են խոսքին»՝ ձգտելով որքան հնարավոր է շատ մարդկանց պատմել Մեսիական Թագավորության մասին (Գործ. 18։5)։
1975-ին ամբողջ աշխարհում կար 130225 ռահվիրա։ Իսկ 1992-ին միջին հաշվով ամեն ամիս ռահվիրայական ծառայությանը մասնակցում էր 605610 հոգի (այս թվի մեջ մտնում են բոլոր ընդհանուր ռահվիրաները, ենթառահվիրաները և հատուկ ռահվիրաները)։ Այն ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում Վկաների թիվը ավելացավ 105 տոկոսով, լիաժամ ծառայողների թիվը ավելացավ 365 տոկոսով։ Արդյունքում վկայության գործին տրամադրվող ժամերի քանակը տարեկան 382 միլիոնից դարձավ ավելի քան մեկ միլիարդ։
«Քիչը հազար է դառնում»
Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին պատվիրեց իր վկաները լինել մինչև աշխարհի ծայրերը (Գործ. 1։8)։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասել էր. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Ես. 60։22)։ Փաստերը ցույց են տալիս, որ Եհովայի վկաները կատարում են հենց այն գործը, որ հանձնարարել էր Հիսուսը, և նրանց թիվը աճել է՝ համաձայն Աստծու խոստման։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերին Վկաներ կային հիմնականում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, և մի քանի Վկա էլ կար Աֆրիկայում։ Բացի այդ, փոքր խմբեր կային աշխարհի տարբեր մասերում։ Դեռևս Վկաները Թագավորության բարի լուրը չէին քարոզել բոլոր երկրներում, ոչ էլ իրենց երկրներում էին հիմնովին վկայություն տվել։ Սակայն այդ իրավիճակը փոխվեց ապշեցուցիչ արագությամբ։
Քննենք Հյուսիսային Ամերիկայի օրինակը։ Այս մայրցամաքը ձգվում է Կանադայից, որը գտնվում է հյուսիսում, մինչև Պանամա և ընդգրկում է ինը երկիր։ 1945-ին այս հսկայական տարածքում կար 81410 Վկա։ Ինը երկրներից չորսում, հաշվետվությունների համաձայն, Վկաների թիվը 20-ի չէր հասնում, իսկ մի երկրում կազմակերպված քարոզչական գործունեություն չէր իրականացվում։ Այդ ժամանակվանից ի վեր այդ բոլոր երկրներում կանոնավորաբար եռանդուն վկայություն է տրվել։ 1992-ին երկրագնդի այս հատվածում կար արդեն 1440165 Եհովայի վկա։ Այդ երկրների մեծ մասում Վկաների և բնակիչների թվերի հարաբերակցությունը միջին հաշվով կազմում էր մեկը մի քանի հարյուրի։ Բնակչության մեծ մասին Վկաները այցելում էին մի քանի ամիսը մեկ, շատերին էլ մի քանի շաբաթը մեկ։ Ավելի քան 1240000 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն էր անցկացվում առանձին անհատների և խմբերի հետ։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Եվրոպայի մասին։ Այս աշխարհամասը ձգվում է Սկանդինավիայից մինչև Միջերկրական ծով։ Եվրոպայում Խորհրդային Միության տարածքից դուրս արդեն իսկ լայնածավալ վկայություն էր տրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր նոր սերունդներ են մեծացել, և նրանց նույնպես քարոզվում է, որ ըստ Աստվածաշնչի՝ շուտով Աստծու Թագավորությունը փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին (Դան. 2։44)։ Պատերազմի ընթացքում, չնայած խիստ սահմանափակումներին, քարոզչական գործը կատարում էին մի քանի հազար Վկաներ։ Իսկ 1992-ի հաշվետվությունների համաձայն՝ Թագավորության քարոզիչների թիվը հասել էր 1176259-ի 47 երկրներում, այդ թվում Եվրոպայի և Ասիայի այն երկրներում, որոնք մի ժամանակ ԽՍՀՄ-ի կազմի մեջ էին մտնում։ Հետևյալ հինգ երկրներից յուրաքանչյուրում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Լեհաստանում, ավելի քան 100000 եռանդուն Վկա կար։ Այս բոլոր Վկաները իսկապես մեծ գործ էին կատարում։ 1992-ի հաշվետվությունը ցույց է տալիս, որ այդ տարվա ընթացքում նրանք ավելի քան 230000000 ժամ են տրամադրել ծառայությանը՝ քարոզելով հանրորեն, տնից տուն և անցկացնելով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ։ Նրանք չէին անտեսել Սան Մարինոյի պես փոքր երկիրը, ինչպես նաև Անդորրա և Լիխտենշտայն փոքր պետությունները, կամ Ջիբրալթարը։ Իսկապես կատարվում էր վկայության այն գործը, որի մասին մարգարեացվել էր։
Աֆրիկայում նույնպես լայնածավալ վկայություն է տրվում։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ մինչև 1945-ը բարի լուրը հասել էր այդ մայրցամաքի 28 երկրներ, բայց դրանց մեծ մասում շատ քիչ վկայություն էր տրվել։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր այդ տարածքում մեծ գործ է կատարվել։ 1992-ին Աֆրիկա մայրցամաքում արդեն կային 545044 եռանդուն Վկաներ, որոնք բարի լուրը քարոզում էին 45 երկրներում։ Այդ տարի Տիրոջ ընթրիքին ներկա եղավ 1834863 հոգի։ Ուստի կարելի է ասել, որ ոչ միայն մեծ աճ էր տեղի ունեցել, այլև հիանալի նախադրյալներ կային հետագա աճի համար։
Տպավորիչ աճ է տեղի ունեցել նաև Հարավային Ամերիկայում։ Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բարի լուրը հասել էր 13 երկրներից 12-ին, սակայն այդ ժամանակ ամբողջ մայրցամաքում ընդամենը 29 ժողով կար, և որոշ երկրներում կազմակերպված քարոզչական գործունեություն չէր իրականացվում։ Մեծամասամբ քարոզչական գործը ընդլայնվեց միայն հետագայում։ Այդ ժամանակվանից ի վեր Վկաները եռանդորեն ծառայել են այդ տարածքում։ Նրանք, ովքեր թարմություն են ստացել կյանքի ջրից, ուրախությամբ հրավիրել են ուրիշներին՝ ասելով. «Ե՛կ.... վերց[րու] կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22։17)։ 1992-ին Հարավային Ամերիկայի 10399 ժողովներում ուրախությամբ ծառայում էին 683782 Վկաներ։ Նրանցից ոմանք քարոզում էին այն տարածքներում, որտեղ դեռևս հիմնովին վկայություն չէր տրվել։ Իսկ այն տարածքներում, որտեղ արդեն բավականին աշխատանք էր կատարվել, Վկաները շարունակաբար այցելում էին մարդկանց՝ քաջալերելով նրանց «ճաշակել և տեսնել, որ Եհովան բարի է» (Սաղ. 34։8)։ Նրանք կանոնավորաբար անցկացնում էին 905132 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ՝ օգնելով հետաքրքրվող անհատներին ապրել Եհովայի չափանիշներով։
Քննենք նաև Ասիայի և աշխարհի տարբեր մասերում գտնվող կղզիների և կղզեխմբերի օրինակը։ Ի՞նչ աշխատանք է կատարվել այնտեղ։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը այդ երկրներից շատերում քիչ վկայություն էր տրվել։ Բայց Հիսուս Քրիստոսը մարգարեացել էր, որ Թագավորության այս բարի լուրը պետք է քարոզվեր «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Այդ մարգարեությանը ներդաշնակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (մինչ այդ բարի լուրը քարոզվում էր 76 երկրներում) մի քանի տասնամյակների ընթացքում Թագավորության բարի լուրը սկսեց քարոզվել նաև 40 այլ երկրներում, իսկ այն վայրերում, որտեղ բարի լուրը արդեն քարոզվել էր, ավելի մեծ վկայություն տրվեց։ Այս հսկայական տարածքում 1992-ին 627537 նվիրված և մկրտված Վկաներ կային, որոնք մեծ ուրախությամբ հռչակում էին Եհովայի «հզոր գործերը և նրա թագավորության շքեղության փառքը» (Սաղ. 145։11, 12)։ Նրանց ծառայությունը հեշտ չէր։ Որոշ վայրերում նրանք ստիպված էին երկար ժամեր ճամփորդել նավով կամ ինքնաթիռով, որպեսզի հասնեին իրենց տարածքի հեռավոր կղզիներ։ 1992-ին այս Վկաները ավելի քան 200000000 ժամ էին տրամադրել քարոզչական գործին և 685211 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ էին անցկացնում։
Այն խոստումը, որ «քիչը հազար կդառնա», անշուշտ իրականացել է։ 1919-ին ավելի քան 50 երկրներում նույնիսկ «քիչը» չկար, այսինքն՝ ընդհանրապես Վկա չկար, և բարի լուրը չէր քարոզվում, սակայն 1992-ին այդ երկրներում արդեն հազարից ավելի քարոզիչներ կային։ Իսկ մի քանիսում տասնյակ հազարավոր, նույնիսկ ավելի քան հարյուր հազարավոր Վկաներ կային, որոնք նախանձախնդրորեն հռչակում էին Աստծու Թագավորությունը։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները դարձել են «հզոր ազգ» և որպես մեկ համաշխարհային ընտանիք՝ իրենց թվով գերազանցում են աշխարհի առնվազն 80 առանձին պետությունների բնակչությանը։
Վկայություն «ուրիշ երկրներում»
Վերոհիշյալ երկրներից բացի, 1992-ին դեռևս կային 24 «ուրիշ երկրներ»։ Դրանք այնպիսի երկրներ էին, որտեղ Եհովայի վկաների գործունեության վրա կառավարության կողմից խիստ սահմանափակումներ էին դրված, և որոնց վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ չէին տպագրվում։ Այդ երկրներից մի քանիսում մեծ վկայություն էր տրվել։ Մինչդեռ որոշ երկրներում Վկաների թիվը այդքան էլ շատ չէ։ Դեռ կան մարդիկ, որոնք չեն լսել Թագավորության բարի լուրը։ Բայց Եհովայի վկաները վստահ են, որ նրանց նույնպես վկայություն կտրվի։ Ինչո՞ւ են վստահ։
Քանի որ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը, որը նստած է իր երկնային գահին, անձամբ վերահսկում է այդ գործը։ Նրա առաջնորդության ներքո «հրեշտակը, որ թռչում էր երկնքում», հանձնարարություն է ստացել հռչակելու բարի լուրը և «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» պատկանող մարդկանց տալու հետևյալ հորդորը. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան» (Հայտն. 14։6, 7)։ Չկա որևէ ուժ երկնքում կամ երկրի վրա, որ կարողանա խանգարել Եհովային դեպի իրեն ձգելու նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48; Հովհ. 6։44)։
Երկրի վրա չկա այնպիսի մի վայր, ուր հնարավոր չլինի հասցնել Թագավորության բարի լուրը։ Սովորաբար, զանազան վայրեր լուրերը հասնում են հեռախոսակապի և փոստի միջոցով, նաև բարեկամների, բիզնեսմենների, աշխատողների, ուսանողների և զբոսաշրջիկների միջոցով, որոնք հաճախ առնչվում են այլ երկրների մարդկանց հետ։ Ինչպեսև անցյալում, այնպես էլ այսօր այդ կերպերով տարածվում է կենսական լուրն այն մասին, որ Եհովան իր երկնային Թագավորին իշխանություն է տվել ազգերի վրա։ Հրեշտակները հոգ են տանում, որ ճշմարտությանը և արդարությանը ծարավ մարդիկ լսեն բարի լուրը։
Եթե Տերը կամենա, որ Թագավորության բարի լուրը ազատորեն քարոզվի այնպիսի երկրներում, որտեղ իշխանությունների կողմից արգելքներ են դրված, նա կարող է այնպիսի հանգամանքներ ստեղծել, որոնք կմղեն կառավարություններին փոխել իրենց քաղաքականությունը (Առակ. 21։1)։ Իսկ այն երկրներում, որտեղ քարոզելու հնարավորություն ստեղծվի, Եհովայի վկաները ուրախությամբ հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի այնտեղ ապրող մարդիկ նույնպես իմանան Եհովայի սիրառատ նպատակների մասին։ Նրանք վճռել են հաստատակամորեն շարունակել իրենց ծառայությունը, մինչև որ Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով ասի՝ գործն ավարտված է։
1992-ին Եհովայի վկաները քարոզում էին 229 երկրներում։ Մինչ այդ Աստծու Թագավորության բարի լուրը զանազան կերպերով հասել էր 235 երկրներ։ Դրանցից 10-ում բարի լուրը առաջին անգամ հասել էր 1975-ից հետո։
Ի՞նչ չափով էր վկայություն տրվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 30 տարիների ընթացքում Եհովայի վկաները 4635265939 ժամ են տրամադրել Եհովայի անվան և Թագավորության մասին քարոզելու և ուսուցանելու գործին։ Սակայն հաջորդ 15 տարիների ընթացքում Վկաների թիվը ավելացավ և ավելի շատ քարոզիչներ սկսեցին ծառայել լիաժամ, ու նրանք 7858677940 ժամ տրամադրեցին հանրորեն և տնից տուն քարոզելու, ինչպես նաև Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու գործին։ Քարոզչական գործը շարունակում էր ընթանալ ավելի մեծ թափով, ինչը երևում է 1990/1991թթ. հաշվետվությունից, համաձայն որի՝ այդ գործին տրամադրվել էր 951870021 ժամ, իսկ հաջորդ տարի՝ մեկ միլիարդից ավելի ժամ։
Միայն Եհովայի վկաներն են, որ այդքան շատ աստվածաշնչյան գրականություն են տարածել և այդքան շատ լեզուներով, ինչը արել են Թագավորությունը հռչակելու նպատակով։ Թեև հաշվետվությունները ամբողջական չեն, սակայն եղած տվյալների համաձայն՝ 1920-ից մինչև 1992 թվականը Վկաները տարածել են 10107565269 գրքեր, գրքույկներ և պարբերագրեր, ինչպես նաև միլիարդավոր թերթիկներ 294 լեզուներով։
Համաշխարհային քարոզչական գործը դեռևս չի ավարտվել։ Բայց այն, թե որքան մեծ գործ է արվել և ինչպիսի հանգամանքներում, համոզիչ կերպով փաստում է, որ այն կատարվել է Աստծու սուրբ ոգու օգնությամբ։
[մեջբերում 502-րդ էջի վրա]
Մեծ համաժողովները և պատվիրակների քրիստոնեավայել վարքը գրավում էին հանրության ուշադրությունը
[մեջբերում 505-րդ էջի վրա]
«Համաժողովների ներկաները լավ օրինակ են կարգապահության, խաղաղության և մաքրության հարցում»
[մեջբերում 507-րդ էջի վրա]
Պատմական համաժողովներ են անցկացվել այնպիսի վայրերում, որտեղ Վկաների գործունեությունը տասնամյակներ շարունակ արգելքի տակ է եղել
[մեջբերում 508-րդ էջի վրա]
Հազարավոր տոննաներով աստվածաշնչյան գրականություն է առաքվել Արևելյան Եվրոպայի երկրներ
[մեջբերում 509-րդ էջի վրա]
Փորձառու երեցները պատրաստակամորեն տեղափոխվեցին այնպիսի երկրներ, որտեղ հատուկ կարիքներ կային
[մեջբերում 516-րդ էջի վրա]
Ձգտում են հնարավորության դեպքում զրուցել յուրաքանչյուր տան բոլոր բնակիչների հետ
[մեջբերում 518-րդ էջի վրա]
Մեծ աճ և հիանալի նախադրյալներ հետագա աճի համար
[գծապատկեր/նկարներ 513-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Քարոզիչների թվի աճը Արևելքի երկրներում
Հնդկաստան
10000
5000
1950 1960 1970 1980 1992
Կորեայի Հանրապետություն
60000
30000
1950 1960 1970 1980 1992
Ճապոնիա
150000
100000
50000
1950 1960 1970 1980 1992
[նկար 503-րդ էջի վրա]
1985-ին Բրազիլիայում միաժամանակ օգտագործվեցին Սան Պաուլուի Մորումբի մարզադաշտը (ներքևում) և Ռիո դե Ժանեյրոյի Մարականա մարզադաշտը, որպեսզի բազմաթիվ պատվիրակներ ներկա լինեին համաժողովին
[նկարներ 504-րդ էջի վրա]
1989-ին Խոժուվի համաժողովի մկրտվողները (Լեհաստան)
[նկար 506-րդ էջի վրա]
Պատմական համաժողովներ (1991)
Պրահա, Չեխոսլովակիա
Տալլին, Էստոնիա (աջ կողմում)
Զագրեբ, Խորվաթիա (աջ կողմում)
Բուդապեշտ, Հունգարիա (վերևում)
Բայա-Մարե, Ռումինիա (աջ կողմում)
Ուսոլիե-Սիբիրսկոյե, Ռուսաստան (ներքևում)
Ալմա Աթա, Ղազախստան (վերևում)
Կիև, Ուկրաինա (ձախ կողմում)
[նկարներ 511-րդ էջի վրա]
Եհովայի վկաների միջազգային համաժողովը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 1992)
Միջազգային ջերմ եղբայրություն
Ռուսաստանից
Մոլդովայից
Ուկրաինայից
Կային շատ պատանիներ
Մ. Ջ. Հենշելը (ձախ կողմում) թարգմանչի միջոցով Ստեփան Կոժեմբայի հետ (մեջտեղում) քննարկում է ծրագիրը
Օտարերկրյա պատվիրակները Ռուսաստանի Վկաների համար ռուսերեն լեզվով Աստվածաշնչեր էին բերել
[նկարներ 512-րդ էջի վրա]
Համաձայն իտալական այս թերթերի՝ 1980-ականներին կաթոլիկ եկեղեցին Վկաների դեմ պատերազմ հայտարարեց
[նկար 514-րդ էջի վրա]
Երբ նավերը կանգ են առնում Ռոտերդամում (Նիդերլանդներ), Վկաները գալիս են նավահանգիստ՝ զրուցելու նավի անձնակազմի հետ
[նկար 515-րդ էջի վրա]
Նույնիսկ հաճախ մշակվող տարածքներում, ինչպես այստեղ՝ Գվադելուպայում, Վկաները շարունակում են ջանքեր թափել, որ բարի լուրը մարդկանց սրտին հասնի