Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • pr մաս 3 էջ 10–16
  • Գերագույն իմաստության աղբյուր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գերագույն իմաստության աղբյուր
  • Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ամենահին, ամենատարածված գիրքը
  • Ճշգրիտ է գիտական տեսանկյունից
  • Ճշգրիտ է պատմական տեսանկյունից
  • Ներքին ներդաշնակություն և անկեղծություն
  • Ամենաուշագրավ առանձնահատկությունը
  • Կատարված մարգարեություններ
  • Աստվածաշնչում տրվում են պատասխաններ
  • Աստծուն հաճելի կրոնական ճշմարտություն
    2005 Դիտարան
  • Համամի՞տ է այս գիրքը գիտության հետ
    Գիրք բոլորի համար
  • Աստծո գիտությունը հայտնող գիրքը
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
pr մաս 3 էջ 10–16

Մաս 3

Գերագույն իմաստության աղբյուր

1, 2. Ինչո՞ւ արժե քննել Աստվածաշունչը։

1 Աստվածաշունչն իսկապե՞ս գերագույն իմաստություն պարունակող գիրք է։ Կարո՞ղ է այն կյանքի նպատակի վերաբերյալ կարևոր հարցերին ճիշտ պատասխաններ տալ։

2 Անկասկած, արժե քննել Աստվածաշունչը։ Պատճառներից մեկն այն է, որ այն երբևիցե գրված գրքերից ամենաբացառիկն է և ամբողջովին տարբերվում է մյուսներից։ Նկատի առնենք հետևյալ փաստերը։

Ամենահին, ամենատարածված գիրքը

3, 4. Որքա՞ն հին է Աստվածաշունչը։

3 Աստվածաշունչը երբևիցե գրված գրքերից ամենահինն է. որոշ մասեր շարադրվել են մոտ 3500 տարի առաջ։ Այն սուրբ համարվող բոլոր գրքերից հարյուրամյակներ առաջ է գրվել։ Աստվածաշունչը կազմված է 66 գրքերից, որոնցից առաջինը գրվել է Բուդդայից և Կոնֆուցիոսից մոտ հազար տարի առաջ, իսկ Մուհամեդից՝ մոտ երկու հազար տարի առաջ։

4 Աստվածաշնչյան արձանագրությունը սկսվում է մարդկային ընտանիքի հիմնադրման պատմությունից։ Այնտեղ բացատրվում է, թե ինչպես ենք մենք առաջացել։ Աստվածաշունչը նույնիսկ խոսում է այն ժամանակների մասին, երբ դեռ մարդիկ ստեղծված չէին, և տեղեկություններ է տալիս Երկրի արարման վերաբերյալ։

5. Աստվածաշնչի քանի՞ ձեռագիր է մեզ հասել։

5 Կրոնական, ինչպես նաև ոչ կրոնական այլ գրքերի հին ձեռագրերից մնացել են միայն մի քանի օրինակներ։ Մինչդեռ Աստվածաշնչի կամ նրա առանձին մասերի մոտ 11000 եբրայերեն և հունարեն ձեռագրեր գոյություն ունեն, և դրանցից մի քանիսը պատկանում են մոտավորապես բնագրերի արձանագրման ժամանակահատվածին։ Դրանք պահպանվել են մինչև օրս՝ չնայած Աստվածաշնչի դեմ ուղղված ամենակատաղի հարձակումներին։

6. Որքա՞ն տարածված է Աստվածաշունչը։

6 Աստվածաշունչը պատմության մեջ ամենատարածված գիրքն է։ Աստվածաշնչի կամ նրա առանձին մասերի ավելի քան վեց միլիարդ օրինակներ են տարածվել մոտ երկու հազար չորս հարյուր լեզուներով։ Կարելի է ասել, որ այն մատչելի է երկրի վրա ապրող մարդկանց մոտ 100 տոկոսին իրենց մայրենի լեզվով։ Ոչ մի ուրիշ գիրք այդպիսի տարածում չի ունեցել։

7. Ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի ճշգրտության մասին։

7 Բացի այդ, ուրիշ ոչ մի հին գիրք չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ իր ճշգրտությամբ։ Գիտնականները, պատմաբանները, հնագետները, աշխարհագրագետները, լեզվագետները և ուրիշ մասնագետներ շարունակ հաստատում են Աստվածաշնչում գրված տեղեկությունների ճշգրտությունը։

Ճշգրիտ է գիտական տեսանկյունից

8. Որքա՞ն ճշգրիտ է Աստվածաշունչը գիտական հարցերում։

8 Թեև Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, սակայն գիտական հարցերում լիովին ներդաշնակ է գիտությանը։ Իսկ սուրբ համարվող այլ գրքեր գիտական հարցերի մասին խոսելիս ներկայացնում են առասպելներ, բացարձակ ստեր կամ անճշտություններ։ Նկատի առնենք Աստվածաշնչի գիտական ճշգրտությունը հաստատող բազմաթիվ օրինակներից ընդամենը չորսը։

9, 10. Ի տարբերություն հին ժամանակների ոչ գիտական տեսակետների՝ ի՞նչ է ասում Աստվածաշունչն այն մասին, թե ինչն է պահում Երկիրը։

9 Ինչպես է Երկիրը մնում իր դիրքում տիեզերական տարածության մեջ։ Աստվածաշունչը գրելու ժամանակներում տարբեր կարծիքներ կային այն մասին, թե ինչպես է Երկիրը մնում իր դիրքում։ Ոմանք կարծում էին, որ Երկիրը պահում են չորս փղեր, որոնք կանգնած են հսկայական ծովային կրիայի վրա։ Մ.թ.ա. 4-րդ դարի հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը ասում էր, որ Երկիրը չի կարող կախված լինել դատարկ տարածության մեջ։ Նա սովորեցնում էր, որ երկնային մարմիններն ամրացված են կարծր, թափանցիկ ոլորտների մակերևույթին, և ոլորտներից յուրաքանչյուրը գտնվում է մյուսի մեջ։ Ենթադրվում էր, թե Երկիրն ամրացված է կենտրոնում գտնվող ոլորտի վրա, իսկ աստղերը կպած են ամենավերին ոլորտին։

10 Սակայն ի տարբերություն այդ ժամանակներում տարածված ոչ գիտական, հորինված գաղափարներին՝ Աստվածաշնչում (մ.թ.ա. մոտ 1473-ին) հստակ գրված էր. «[Աստուած] երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Եբրայերեն բնագրում օգտագործված «ոչինչ» բառը նշանակում է «ոչ մի բան» և Աստվածաշնչում հանդիպում է միայն այս համարում։ Դատարկ տարածությամբ շրջապատված երկրի նկարագրությունը, որ տրվում է Աստվածաշնչում, գիտնականները համարում են այն ժամանակների համար ուշագրավ կանխատեսություն։ «Հին Կտակարանի աստվածաբանական բառարանն» ասում է. «Հոբ 26։7-ում ապշեցուցիչ կերպով նկարագրվում է, որ այն ժամանակվա հայտնի աշխարհը կախված էր տիեզերքում, և այդ նկարագրությամբ կանխատեսվում էին հետագա գիտական հայտնագործությունները» (Theological Wordbook of the Old Testament)։

11, 12. Ե՞րբ մարդիկ հասկացան Հոբ 26։7-ում գրված ճշմարտությունը։

11 Աստվածաշնչի այդ ճշգրիտ խոսքերը գրվել են Արիստոտելից ավելի քան 11 դար առաջ։ Մինչդեռ Արիստոտելի մահից մոտ երկու հազար տարի հետո էլ նրա տեսակետները շարունակում էին ուսուցանվել որպես փաստ։ Եվ միայն 1687-ին էր, որ Իսահակ Նյուտոնը հրապարակեց իր այն հայտնագործությունը, որ Երկիրը տիեզերքում մնում է իր և ուրիշ երկնային մարմինների միջև եղած ձգողականության ուժի շնորհիվ։ Մինչդեռ դրանից մոտ 3200 տարի առաջ Աստվածաշնչում պարզ ասվել էր, որ Երկիրը կախված է «ոչնչի վրա»։

12 Այո՛, մոտ 3500 տարի առաջ Աստվածաշունչը ճշգրտորեն ասել էր, որ Երկիրը տեսանելի հենարան չունի. մի փաստ, որը ներդաշնակ է հետագայում բացահայտված ձգողականության և շարժման օրենքներին։ Մի գիտնական ասաց. «Որտեղի՞ց Հոբը գիտեր այդ ճշմարտությունը։ Նրանց համար, ովքեր ժխտում են Աստվածաշնչի սուրբ ոգով ներշնչված լինելը, այդքան էլ հեշտ չէ պատասխանել այս հարցին»։

13. Ի՞նչ պատկերացում ունեին մարդիկ դարեր առաջ Երկրի ձևի վերաբերյալ, և ի՞նչը փոխեց նրանց կարծիքը։

13 Երկրի ձևը։ «Ամերիկանա հանրագիտարանը» ասում է. «Երկրի վերաբերյալ մարդկության ամենավաղ պատկերացումն այն էր, որ այն տիեզերքի կենտրոնում գտնվող անշարժ, տափակ մի հարթություն է.... Երկրի գնդաձև լինելու գաղափարը լայնորեն տարածվել է միայն Վերածննդի դարաշրջանում» (The Encyclopedia Americana)։ Վաղ ծովագնացներից ոմանք նույնիսկ վախենում էին հարթ Երկրի եզրից ընկնելուց։ Սակայն հետագայում կողմնացույցի հայտնագործման և այլ գիտական նվաճումների շնորհիվ հնարավոր դարձավ նախաձեռնել երկար նավարկություններ։ Ինչպես բացատրում է մեկ ուրիշ հանրագիտարան, այդ «նավարկությունները ցույց տվեցին, որ հակառակ մարդկանց մեծամասնության կարծիքին՝ աշխարհը գնդաձև է և ոչ թե հարթ»։

14. Ինչպե՞ս և ե՞րբ է Աստվածաշնչում նկարագրվել Երկրի ձևը։

14 Սակայն այդ նավարկություններից դեռևս 2700 տարի առաջ Աստվածաշունչն ասել էր. «Նա է, որ բնակվում է երկրի շրջանից վերև» (Եսայիա 40։22)։ Ինչպես նշում են տարբեր աշխատություններ, այստեղ «շրջան» թարգմանված եբրայերեն բառը կարող է նաև նշանակել «գունդ»։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչի որոշ թարգմանություններում գրված է «երկրագունդ» (Դուեյի թարգմանություն) կամ «կլոր երկիր» (Մոֆաթի թարգմանություն)։

15. Ինչո՞ւ Աստվածաշնչի վրա չեն ազդել Երկրի վերաբերյալ ոչ գիտական տեսակետները։

15 Ակնհայտ է, որ Աստվածաշնչի վրա չեն ազդել այն ժամանակ տարածված ոչ գիտական տեսակետները Երկրի հենարանի և ձևի վերաբերյալ։ Պատճառը պարզ է. Աստվածաշնչի Հեղինակը տիեզերքի Արարիչն է։ Նա է ստեղծել Երկիրը, հետևաբար նա պետք է որ իմանա, թե ինչից է այն կախված և ինչ ձև ունի։ Ուստի երբ Աստծու ներշնչմամբ գրվում էր Աստվածաշունչը, նա հոգ տարավ, որ ոչ գիտական որևէ տեսակետ, որքան էլ տարածված լիներ այն ժամանակ, չթափանցեր իր գրավոր Խոսքի մեջ։

16. Կենդանի օրգանիզմների կազմության մասին եղած տեղեկությունը ինչպե՞ս է համապատասխանում Աստվածաշնչի արձանագրությանը։

16 Ինչից են կազմված կենդանի օրգանիզմները։ «Եհովա Աստված մարդուն ստեղծեց հողի փոշուց»,— կարդում ենք Ծննդոց 2։7-ում։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում ասվում է. «Բոլոր քիմիական տարրերը, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, կան նաև անկենդան մատերիայի մեջ» (The World Book Encyclopedia)։ Հետևաբար, հողի մեջ կան հիմնական բոլոր քիմիական տարրերը, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, այդ թվում նաև մարդը։ Դա ներդաշնակ է Աստվածաշնչի արձանագրությանը, որտեղ նշված է, թե ինչ նյութ է օգտագործել Աստված մարդուն և մյուս կենդանի օրգանիզմները ստեղծելիս։

17. Ինչպե՞ս են առաջ եկել կենդանի օրգանիզմները։

17 «Ըստ իրենց տեսակի»։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, իսկ նրանցից ծնվեցին մյուս բոլոր մարդիկ (Ծննդոց 1։26–28; 3։20)։ Այն հայտնում է, որ մյուս կենդանի օրգանիզմները, օրինակ՝ ձկները, թռչուններն ու կաթնասունները, նույնպես ստեղծվեցին՝ «ըստ իրենց տեսակի» (Ծննդոց 1։11, 12, 21, 24, 25)։ Հենց այդ իրողությունն են նկատել գիտնականները բնության մեջ. ամեն մի կենդանի օրգանիզմ առաջանում է իր տեսակի ծնողից։ Որևէ բացառություն չկա։ Դրա վերաբերյալ ֆիզիկոս Ռեյմոն ասում է. «Կյանքը կյանք է առաջ բերում. դա տեղի է ունենում անընդհատ յուրաքանչյուր բջջի մեջ։ Բայց ինչպե՞ս անկենդան նյութից առաջ եկավ կյանքը։ Դա կենսաբանության բնագավառում անպատասխան մնացած կարևորագույն հարցերից է, և մինչ օրս կենսաբանները ոչ մի պատասխան չեն կարողացել տալ, բացի անհիմն ենթադրություններից։ Փաստն այն է, որ ինչ-որ ձևով անկենդան մատերիան վերածվել է կենդանի օրգանիզմի.... Ըստ երևույթին՝ «Ծննդոց» գրքի հեղինակը ճիշտ էր»։

Ճշգրիտ է պատմական տեսանկյունից

18. Ի՞նչ է ասում մի իրավաբան Աստվածաշնչի պատմական ճշգրտության մասին։

18 Ուրիշ ոչ մի գիրք հին ժամանակների պատմությունը այնքան ճշգրիտ չի ներկայացնում, որքան Աստվածաշունչը։ «Իրավաբանը քննում է Աստվածաշունչը» գիրքը այսպես է նկարագրում Սուրբ Գրքի պատմական ճշգրտությունը. «Վեպերում, լեգենդներում և կեղծ վկայություններում իրադարձությունները կատարվում են անհայտ վայրում, անորոշ ժամանակում։ Հետևաբար, խախտվում է գրագետ ձևով կազմված դատական դիմում ներկայացնելու առաջին կանոնը, որը սովորեցնում են մեզ՝ իրավաբաններիս. այդ կանոնն է՝ կոնկրետ նշել տեղն ու ժամանակը։ Մինչդեռ աստվածաշնչյան արձանագրությունը ամենայն ճշգրտությամբ հայտնում է դեպքերի կատարման կոնկրետ տեղն ու ժամանակը» (A Lawyer Examines the Bible)։

19. Ի՞նչ է ասվում մի աղբյուրում Աստվածաշնչի պատմական տեղեկությունների վերաբերյալ։

19 «Աստվածաշնչի նոր բառարանում» ասվում է. «[«Գործեր» գիրքը գրողը] դեպքերն արձանագրում է իր ժամանակների պատմությանը ներդաշնակ. գրքում նշվում են դատավորների, կուսակալների, կախյալ պետությունների կառավարիչների և այլոց անուններ, և այդ տեղեկությունները ամեն անգամ ճշգրտորեն համապատասխանում են նշված վայրին ու ժամանակին» (The New Bible Dictionary)։

20, 21. Ի՞նչ է ասում մի աստվածաշնչագետ Աստվածաշնչի պատմության մասին։

20 Իր աշխատության մեջ Օստեն Ալիբոնը գրել է. «Իսահակ Նյուտոնը.... նաև հին գրողների ստեղծագործությունների գիտակ է եղել ու մանրազնին քննել է Սուրբ Գիրքը։ Ի՞նչ եզրակացության է նա եկել։ Նա ասում է. «Նոր Կտակարանում գտել եմ վավերականության ավելի շատ նշաններ, քան մեկ այլ պատմական աշխատության մեջ»։ Դոկտոր Ջոնսոնի խոսքերի համաձայն՝ մենք ունենք ավելի շատ ապացույցներ այն բանի վերաբերյալ, որ Հիսուս Քրիստոսը մահացել է Գողգոթայում, ինչպես Ավետարաններն են նշում, քան այն բանի վերաբերյալ Հուլիոս Կեսարը մահացել է Կապիտոլիումում» (The Union Bible Companion)։

21 Նույն աղբյուրում ասվում է. «Հարցրեք ցանկացած մարդու, ով կասկածի է ենթարկում Ավետարանների պատմության վավերականությունը, թե ինչի հիման վրա է հավատում, որ Կեսարը մահացել է Կապիտոլիումում, կամ որ Հռոմի պապ Լևոն III-ը 800 թվականին թագադրել է Կարլոս Մեծին.... Որտեղի՞ց գիտեք, որ մի ժամանակ [Անգլիայում] ապրել է Կարլոս I անունով անձնավորություն, որ նա գլխատվել է, և նրա փոխարեն՝ կառավարիչ է դարձել Օլիվեր Կրոմվելը.... Հայտնի է, որ տիեզերական ձգողականության օրենքը հայտնաբերել է Իսահակ Նյուտոնը.... Մենք հավատում ենք այս ամենին, որովհետև կան պատմական փաստեր.... Եթե փաստերին տեղեկանալուց հետո որևէ մեկը շարունակում է չհավատալ դրանց, ապա այդպիսի անհատին կհամարենք անմտորեն համառող և անհույս տգետ»։

22. Ինչո՞ւ ոմանք չեն ընդունում, որ Աստվածաշունչը վավերական է։

22 Այնուհետև նույն աղբյուրը եզրակացնում է. «Այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր չնայած Աստվածաշնչի վավերականությունը հաստատող բազում փաստերին՝ շարունակում են կասկածներ ունենալ.... Կարելի է վստահությամբ եզրակացնել, որ մեղավորը ավելի շատ սիրտն է, քան միտքը. նրանք չեն ուզում հավատալ այն բանին, ինչը խոցում է նրանց հպարտությունը և ստիպում ուրիշ ապրելակերպ ունենալ»։

Ներքին ներդաշնակություն և անկեղծություն

23, 24. Ինչո՞ւ է Աստվածաշնչի ներքին ներդաշնակությունը բացառիկ։

23 Պատկերացրեք մի գիրք, որը սկսել է գրվել Հռոմեական կայսրության ժամանակներում, շարունակել է գրվել միջնադարում, ամբողջացել է 21-րդ դարում և արձանագրվել է տարբեր մարդկանց կողմից։ Ինչպիսի՞ արդյունքներ կակնկալեիք, եթե գրողների թվում լինեին տարբեր զբաղմունք և դիրք ունեցող մարդիկ՝ ձկնորսներ, հովիվներ, զինվորներ, թագավորներ, քահանաներ ու բժիշկներ։ Կակնկալեի՞ք, որ գիրքը կլինի ներդաշնակ ու հետևողական։ Գուցե ասեք՝ հազիվ թե։ Հենց այդպիսի հանգամանքներում է գրվել Աստվածաշունչը։ Սակայն այն ամբողջությամբ ներդաշնակ է ոչ միայն ընդհանուր առմամբ, այլև մանրամասներում։

24 Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից և գրի է առնվել մոտ 40 անհատների կողմից 1600 տարիների ընթացքում՝ մ.թ.ա. 1513 թվականից մինչև մ.թ. 98 թվականը։ Գրողները տարբեր ծագում են ունեցել, և շատերը միմյանց չեն ճանաչել։ Բայցևայնպես, այն սկզբից մինչև վերջ հետևողականորեն ներկայացնում է մի գլխավոր թեմա, ասես մեկ անձնավորության մտքից է բխում։ Եվ հակառակ ոմանց կարծիքին՝ Աստվածաշունչը գրվել է ոչ թե արևմտյան քաղաքակրթության մեջ, այլ Արևելքում ապրող մարդկանց կոմղից։

25. Աստվածաշունչը գրողների ազնվությունը և անկեղծությունը նրանց ո՞ր խոսքերին են թիկունք կանգնում։

25 Հին ժամանակներում շատերը գրում էին միայն իրենց հաջողությունների և արժանիքների մասին, մինչդեռ Աստվածաշնչի գրողները բացեիբաց արձանագրում էին իրենց սխալները, ինչպես նաև իրենց թագավորների և առաջնորդների թերությունները։ Թվեր 20։1–13-ում և 2 Օրենք 32։50–52-ում արձանագրված են Մովսեսի սխալ արարքները, մինչդեռ այդ գրքերը գրել է հենց ինքը՝ Մովսեսը։ Հովնան 1։1–3 և 4։1 համարներում նշված են գիրքը գրողի՝ Հովնանի սխալները։ Մատթեոս 17։18–20, 18։1–6, 20։20–28 և 26։56 համարները հայտնում են Հիսուսի աշակերտների ցուցաբերած բացասական հատկությունների մասին։ Այսպիսով՝ Աստվածաշունչը գրողների ազնվությունը և անկեղծությունը հաստատում են նրանց այն խոսքերը, թե ներշնչված են Աստծուց։

Ամենաուշագրավ առանձնահատկությունը

26, 27. Ինչո՞ւ է Աստվածաշունչը ճշգրիտ գիտական և այլ տեսանկյուններից։

26 Հենց Աստվածաշնչից ենք իմանում, թե ինչու է այն ճշգրիտ՝ գիտական, պատմական և այլ տեսանկյուններից և թե ինչու է աչքի ընկնում ներդաշնակությամբ ու անկեղծությամբ։ Աստվածաշնչում գրված է, որ գրքի Հեղինակը Բարձրյալն է՝ ամենակարող Աստված՝ տիեզերքի Արարիչը։ Աստվածաշունչը գրողները պարզապես գրագրի դեր են կատարել Աստծու համար, և նա իր զորեղ գործուն ուժով մղել է նրանց գրի առնելու իր մտքերը։

27 Աստվածաշնչում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար»։ Նա նաև ասել է. «Երբ Աստծու խոսքը մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (2 Տիմոթեոս 3։16, 17; 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։

28. Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը։

28 Տեսնում ենք, որ Աստվածաշնչի Հեղինակը մեկն է՝ Աստված։ Պատկառելի զորության տեր Աստծու համար դժվար չէր հոգ տանել, որ գրվածը ամբողջությամբ պահպանվի մինչև մեր օրերը։ 1940թ.-ին աստվածաշնչյան ձեռագրերի առաջատար մասնագետ Ֆրեդերիկ Քենյոնն ասաց. «Այլևս ոչ մի հիմք չի մնացել կասկածելու, թե Աստվածաշունչը մեզ է հասել հիմնականում այն տեսքով, որով գրվել է»։

29. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Աստված կարող էր տեղեկություններ հաղորդել մարդկանց։

29 Մարդիկ կարողանում են հեռուստա- և ռադիոազդանշաններ հաղորդել Երկիր հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, օրինակ՝ Լուսնից։ Տիեզերական զոնդերը մեզնից հարյուր միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող մոլորակներից տեղեկություններ և պատկերներ են ուղարկել Երկիր։ Անկասկած, մարդու Արարիչը՝ ռադիոալիքները ստեղծողը, կարո՛ղ էր նույնը անել։ Նրա համար դժվար չէր իր անսահման զորությունը գործածել իր ընտրած մարդկանց մտքերին բառեր ու պատկերներ փոխանցելու համար, որպեսզի նրանք գրի առնեին Աստվածաշունչը։

30. Արդյոք Աստված ցանկանո՞ւմ էր մարդկանց հայտնել, թե ինչ նպատակ ունի նրանց առնչությամբ։

30 Բացի այդ, Երկրի և կյանքի վերաբերյալ շատ տեղեկություններ փաստում են, որ Աստված հետաքրքրված է մարդկանցով։ Ուստի հասկանալի է, որ նա ցանկացել է հայտնել մարդկանց, թե ով է ինքը և ինչ նպատակներ ունի մարդկության առընչությամբ։ Ուստի հոգ է տարել, որ այդ ամենը գրի առնվի մնայուն գրավոր աղբյուրում։

31. Ինչո՞ւ է Աստծու ներշնչմամբ փոխանցված գրավոր տեղեկությունը անհամեմատ գերազանցում բանավոր տեղեկությանը։

31 Նաև մտածեք այն մասին, թե ինչ առավելություններ ունի մի գիրք, որի հեղինակը Աստված է՝ մարդկանց հաղորդած բանավոր տեղեկությունների հետ համեմատած։ Բանավոր տեղեկությունը վստահելի չէր լինի, քանի որ մարդիկ կփոփոխեին այն, և ժամանակի ընթացքում տեղեկության իմաստը կաղավաղվեր։ Բանավոր տեղեկությունը մարդիկ կփոխանցեին՝ ըստ իրենց տեսակետի։ Իսկ Աստծու ներշնչմամբ փոխանցված գրավոր տեղեկության մեջ սխալների հավանականությունը անհամեմատ քիչ կլիներ։ Բացի այդ, գիրքը հնարավոր է բազմացնել և թարգմանել, որպեսզի դրանից օգուտներ քաղեն նաև այլ լեզուներով խոսող մարդիկ։ Ուստի մի՞թե տրամաբանական չէ, որ Արարիչը մեզ տեղեկություն փոխանցելու համար հենց այդպիսի միջոց օգտագործեր։ Անշուշտ, տրամաբանական է, քանի որ Ստեղծիչն ասում է, որ հենց այդպես է վարվել։

Կատարված մարգարեություններ

32-34. Ինչպիսի՞ տեղեկություններ է պարունակում Աստվածաշունչը՝ ի տարբերություն այլ գրքերի։

32 Գոյություն ունի մեկ այլ ուշագրավ փաստ, որը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծու կողմից. այն պարունակում է մարգարեություններ, որոնք ճշգրտորեն կատարվել են և շարունակում են կատարվել։

33 Օրինակ՝ Աստվածաշնչում նախապես մանրամասնորեն գրվել էր հին Տյուրոս քաղաքի կործանման, Բաբելոնի անկման, Երուսաղեմի վերակառուցման, Մարա-Պարսկաստանի և Հունաստանի թագավորների իշխանության գլուխ բարձրանալու և գահընկեց լինելու մասին։ Մարգարեություններն այնքան ճշգրիտ էին, որ որոշ քննադատներ փորձել են ապացուցել, թեև ապարդյուն, որ դրանք գրվել են դեպքերը կատարվելուց հետո (Եսայիա 13։17–19; 44։27–45։1; Եզեկիել 26։3–6; Դանիել 8։1–7, 20–22)։

34 Երուսաղեմի կործանման մասին Հիսուսի մարգարեությունները ճշգրտորեն կատարվեցին մ.թ. 70թ.-ին (Ղուկաս 19։41–44; 21։20, 21)։ Իսկ մեր օրերում մանրամասնորեն կատարվում են Հիսուսի և Պողոս առաքյալի կողմից տրված «վերջին օրերի» մասին մարգարեությունները (2 Տիմոթեոս 3։1–5, 13; «Մատթեոս», գլ. 24; «Մարկոս», գլ. 13; «Ղուկաս», գլ. 21)։

35. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշնչի մարգարեությունների հեղինակը Արարիչն է։

35 Ոչ մի մարդ, որքան էլ հանճարեղ միտք ունենար, չէր կարող այդպիսի ճշգրտությամբ նախագուշակել ապագան։ Դա կարող էր անել միայն ամենահզոր և ամենաիմաստուն Արարիչը։ Այդ մասին կարդում ենք 2 Պետրոս 1։20, 21-ում. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված»։

Աստվածաշնչում տրվում են պատասխաններ

36. Ի՞նչ է հայտնում Աստվածաշունչը։

36 Ինչպես տեսանք, Աստվածաշունչը բազմաթիվ ապացույցներ է պարունակում, որոնք ցույց են տալիս, որ այն Բարձրյալի ներշնչյալ Խոսքն է։ Լինելով հենց այդպիսի գիրք՝ այն հայտնում է, թե ինչու են մարդիկ ապրում երկրի վրա, ինչու այսքան շատ տառապանք կա, ինչ ապագա է մեզ սպասում, և ինչպես են բարելավվելու կյանքի պայմանները։ Այն ցույց է տալիս, որ գոյություն ունի Բարձրյալ Աստված, որը հատուկ նպատակով է ստեղծել մարդկանց ու երկիրը, և նրա այդ նպատակը անպայման իրագործվելու է (Եսայիա 14։24)։ Աստվածաշունչը նաև հայտնում է, թե որն է ճշմարիտ կրոնը, և ինչպես կարելի է այն գտնել։ Այսպիսով՝ Աստվածաշունչը գերագույն իմաստության միակ աղբյուրն է, որը կյանքի վերաբերյալ բոլոր կարևոր հարցերին ճիշտ պատասխաններ է տալիս (Սաղմոս 146։3; Առակներ 3։5; Եսայիա 2։2–4)։

37. Ի՞նչ հարցեր են ծագում քրիստոնեական աշխարհի վերաբերյալ։

37 Իսկապես, Աստվածաշնչի վավերականությունն ու ճշգրտությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան։ Սակայն բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ընդունում են Աստվածաշունչը, արդյոք հետևո՞ւմ են սուրբգրային ուսմունքներին։ Ուշադրություն դարձնենք, օրինակ, այն երկրներին, որոնք քրիստոնեություն են դավանում, այսինքն՝ քրիստոնեական աշխարհի երկրներին։ Նրանք դարեր ի վեր ունեցել են Աստվածաշունչը։ Սակայն քրիստոնեական աշխարհի մտածելակերպը և գործերը արտացոլո՞ւմ են արդյոք Աստծու գերագույն իմաստությունը։

[նկար 11-րդ էջի վրա]

Իսահակ Նյուտոնը համոզված էր, որ Երկիրը մնում է իր դիրքում երկնային մարմինների միջև եղած ձգողականության ուժի շնորհիվ

[նկար 11-րդ էջի վրա]

Գիտնականները դատարկ տարածությամբ շրջապատված երկրագնդի նկարագրությունը, որ տրվում է Աստվածաշնչում, համարում են այն ժամանակների համար ուշագրավ կանխատեսություն

[նկար 12-րդ էջի վրա]

Վաղ ծովագնացներից ոմանք նույնիսկ վախենում էին հարթ Երկրի եզրից ընկնելուց

[նկար 13-րդ էջի վրա]

Հիսուս Քրիստոսի կյանքի վերաբերյալ ավելի շատ ապացույցներ կան, քան Հուլիոս Կեսարի, Կարլոս Մեծի, Օլիվեր Կրոմվելի կամ Հռոմի պապ Լևոն III-ի մասին

[նկար 15-րդ էջի վրա]

Տիտոսի հաղթակամարը (Հռոմ) փաստում է, որ մ.թ. 70թ.-ին կատարվեցին Երուսաղեմի կործանման մասին Հիսուսի մարգարեությունները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը