Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 1 էջ 6–11
  • Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավիտենական կյանք
  • Կյանքը դրախտում
  • Կյանքը վերականգնված դրախտում
  • Գիտությունն ու ձեր ապագան
  • «Կտեսնվենք դրախտում»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Դրախտ
    2013 Արթնացե՛ք
  • Աստծո բարեկամները կապրեն դրախտում
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Բարի լուր Աստծուց
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 1 էջ 6–11

Գլուխ 1

Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա

1, 2. Ի՞նչ է Աստված ցանկանում ձեզ։

ՋԵՐՄՈՐԵՆ գրկախառնվում ես հարազատ մարդու հետ։ Ընկերներիդ հետ, մի ճոխ սեղանի շուրջ նստած, լիաթոք ծիծաղում ես։ Հաճույքով դիտում ես երեխաներիդ կենսուրախ խաղը... Նման պահերը ուրախություն են պատճառում։ Մինչդեռ շատերի կյանքը, ասես, իրար հաջորդող դժվարին խնդիրների շարան լինի։ Եթե նույնը վերաբերում է նաև ձեզ, մի՛ վհատվեք։

2 Աստված ցանկանում է, որ դուք վայելեք կյանքը հրաշալի պայմաններում, և որ ձեր երջանկությունը լինի անվերջ։ Սա լոկ երազանք չէ. Աստված նման երջանիկ կյանքի բանալի է առաջարկում։ Այդ բանալին գիտությունն է։

3. Ո՞ր գիտությունն է հանդիսանում երջանկության բանալին, և ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված ի վիճակի է այն տալու։

3 Խոսքը յուրահատուկ մի գիտության մասին է, որը մեծապես գերազանցում է ցանկացած մարդկային գիտության։ Դա ‘Աստծո գիտությունն’ է (Առակաց 2։5)։ Աստվածաշունչը գրի առնողներից մեկը մոտ 2 000 տարի առաջ ասել է. «Ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է» (Եբրայեցիս 3։4)։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գիտելիքներ պետք է ունենա ամեն բանի Արարիչը։ Աստվածաշնչում ասվում է, որ նա համրում է բոլոր աստղերը և նրանց անուններ տալիս։ Որքա՜ն ապշեցուցիչ է դա. չէ՞ որ միայն մեր գալակտիկայում կան հարյուր միլիարդավոր աստղեր, իսկ ըստ աստղագետների՝ տիեզերքում կա մոտ հարյուր միլիարդ գալակտիկա (Սաղմոս 147։4)։ Աստված ամեն ինչ գիտի նաև մեր մասին։ Ուստի ուրիշ ո՞վ կկարողանա ավելի լավ պատասխանել կյանքի կարևոր հարցերին (Մատթէոս 10։30)։

4. Ինչո՞ւ է տեղին ակնկալել, որ Աստված խորհուրդներ կտար կյանքում առաջնորդվելու համար, և ո՞ր գրքում են ներկայացված այդ խորհուրդները։

4 Ենթադրենք՝ երկու հոգի փորձում են վերանորոգել իրենց ավտոմեքենաները։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը, հուսահատ, մի կողմ է նետում գործիքները, իսկ մյուսը հանգիստ շարունակում է իր աշխատանքը. վերացնում է անսարքությունը, պտտեցնում բանալին և... ժպիտը դեմքին՝ տեսնում, որ շարժիչը սկսեց աշխատել։ Ըստ երևույթին, այս երկու անհատներից մեկը ավտոմեքենան նորոգելու վերաբերյալ գրքույկ ուներ, որ սովորաբար տրվում է արտադրող ձեռնարկության կողմից։ Կարծում ենք՝ հեշտությամբ կկռահեք, թե նրանցից որ մեկն ուներ այն։ Մի՞թե, ուրեմն, տրամաբանական չէ եզրակացնել, որ Աստված նույնպես որոշակի խորհուրդներ կտար մեզ՝ կյանքում առաջնորդվելու համար։ Ինչպես հավանաբար գիտեք, Աստվածաշունչը հայտարարում է, որ հենց իր էջերում են ներկայացված Աստծո խորհուրդներն ու ցուցումները, և որ այն նախատեսված է մեր Արարչի մասին գիտությունը հայտնելու համար (Բ Տիմոթէոս 3։16)։

5. Որքանո՞վ է արժեքավոր Աստվածաշնչում պարփակված գիտությունը։

5 Եթե Աստվածաշնչի այս հայտարարությունը ճիշտ է, ուրեմն որքա՜ն արժեքավոր գիտելիքներ պետք է պարունակի այդ գիրքը։ Առակաց 2։1–5-ում, օրինակ, խորհուրդ է տրվում փնտրել իմաստությունը թաքնված գանձերի պես։ Սակայն փնտրել ոչ թե մարդկային գաղափարների մեջ, այլ Աստծո Խոսքում։ Եթե որոնենք այնտեղ, ապա կգտնենք «Աստուծոյ գիտութիւնը»։ Քանի որ Աստված գիտի մեր հնարավորությունների սահմանը, ինչպես նաև մեր կարիքները, կարող է այնպիսի խորհուրդներ տալ, որոնք կօգնեն մեզ խաղաղ ու երջանիկ կյանք վարելու (Սաղմոս 103։14; Եսայիա 48։17)։ Բայց Աստծո գիտությունը ավելին է առաջարկում. այն հայտնում է ուրախություն պատճառող մի բարի լուր։

Հավիտենական կյանք

6. Ինչի՞ մասին վստահեցրեց Հիսուսը Աստծո գիտության առնչությամբ։

6 Հիսուս Քրիստոսը՝ պատմությունից շատերին հայտնի մի անձնավորություն, պարզ ներկայացրել է Աստծո գիտության այս առանձնահատկությունը։ Նա ասել է. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Պատկերացնո՞ւմ եք, դա մի գիտություն է, որ առաջնորդում է հավիտենակա՛ն կյանքի։

7. Ինչի՞ց է երևում, որ Աստված մահ չէր նախատեսել մարդու համար։

7 Մի շտապեք մերժել հավիտենական կյանքի գաղափարը՝ համարելով այն սոսկ երազանք։ Փոխարենը՝ մի փոքր խորհեցեք, օրինակ, այն մասին, թե ինչպիսի կառուցվածք ունի մարդու մարմինը։ Այն հրաշալի է ստեղծված. մենք ունենք զգայարաններ՝ համի, լսողության, հոտառության, տեսողության, շոշափելիքի։ Երկրի վրա այնքա՜ն բաներ կան, որ այդ զգայարանների շնորհիվ ուրախություն են պատճառում մեզ. համեղ կերակուրը, թռչունների գեղեցիկ դայլայլը, բուրավետ ծաղիկները, զմայլելի տեսարանները, հաճելի ընկերակցությունը։ Իսկ մեր զարմանալի ուղե՞ղը, որ հնարավորություն է ընձեռում բոլոր այս բաները գնահատելու և վայելելու. այն անհամեմատ գերազանցում է ցանկացած գերհզոր համակարգչի։ Մի՞թե մեր Արարիչը կցանկանար, որ մահանայինք ու կորցնեինք այս ամենը։ Ավելի խելամիտ չէ՞ եզրակացնել, որ նա ուզում է, որ լինենք երջանիկ ու հավիտյան վայելենք կյանքը։ Տեսնո՞ւմ եք, թե ինչ կարող է տալ ձեզ Աստծո գիտությունը։

Կյանքը դրախտում

8. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը մարդկության ապագայի վերաբերյալ։

8 Այն, ինչ Աստվածաշունչը ասում է երկրի ու մարդկության ապագայի մասին, կարելի է արտահայտել մեկ բառով՝ դրա՛խտ։ Հիսուս Քրիստոսը հենց դա ի նկատի ուներ, երբ մի մահացող մարդու ասաց. «Ինձ հետ դրախտումը կ’լինիս» (Ղուկաս 23։43)։ Դրախտի վերաբերյալ խոսքերը այդ մարդու մտքում, անկասկած, պատկերացումներ առաջ բերեցին մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի երջանիկ կյանքի մասին։ Առաջին մարդկանց Աստված ստեղծել էր կատարյալ, իսկ նրանց բնակության համար մի կանաչ պարտեզ էր նախապատրաստել։ Բավական տեղին՝ այն կոչվել էր Եդեմ, որ նշանակում է՝ հաճույք։

9. Ինչպիսի՞ն էր կյանքը առաջին դրախտում։

9 Դա մի հրաշալի պարտեզ էր, մի իսկական դրախտ։ Այնտեղ կային գեղեցիկ ծառեր, որ համեղ պտուղներ էին տալիս։ Ադամն ու Եվան ուսումնասիրում էին իրենց «կալվածքը», խմում զուլալ աղբյուրների առողջարար ջուրը և ծառերից մրգեր հավաքում։ Վախենալու կամ անհանգստանալու ոչ մի պատճառ չկար։ Կենդանիներն անգամ վտանգ չէին ներկայացնում։ Արարիչը հանձնարարել էր առաջին տղամարդուն ու կնոջը սիրով հոգ տանել նրանց։ Բացի այդ, առաջին մարդիկ հիանալի առողջություն ունեին և եթե շարունակեին հնազանդվել Աստծուն, նրանց երջանկությանը վերջ չէր լինի։ Ադամին ու Եվային մի հաճելի գործ էր տրված՝ հոգ տանել իրենց գեղեցիկ դրախտանման «տան» մասին։ Ավելին՝ Աստված հանձնարարել էր ‘լցնել երկիրը ու տիրել նրան’։ Իրենց զավակների հետ միասին նրանք պետք է ընդարձակեին դրախտի սահմանները, մինչև որ ամբողջ երկիրը վերածվեր գեղեցիկ ու հիասքանչ մի վայրի (Ծննդոց 1։28)։

10. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը դրախտի մասին խոսելիս։

10 Սակայն դրախտի մասին հիշատակելիս Հիսուսը նպատակ չուներ մահացող մարդուն հեռավոր անցյալի դեպքերը հիշեցնելու։ Նա խոսում էր ապագայի՛ մասին։ Հիսուսը գիտեր, որ Երկիր մոլորակը մի օր ամբողջությամբ դրախտի է վերածվելու։ Աստված իրականացնելու է իր սկզբնական նպատակը երկրի ու մարդկության առնչությամբ (Եսայիա 55։10, 11)։ Այո՛, դրախտը վերականգնվելու է։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու կյանքն այնտեղ։ Տեսնենք, թե ինչ է ասվում Աստծո սուրբ Խոսքում՝ Աստվածաշնչում։

Կյանքը վերականգնված դրախտում

11. Ի՞նչ տեղի կունենա հիվանդության, ծերության ու մահվան հետ վերականգնված դրախտում։

11 Չի լինի այլևս հիվանդություն, ծերություն և մահ։ «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6)։ «Ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։

12. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ ապագա դրախտում հանցագործություն, բռնություն և չարիք չի լինի։

12 Ընդմիշտ վերջ կդրվի չարագործություններին և բռնությանը։ «Չարագործները պիտի կորսուին, ....քիչ ժամանակէ յետոյ ամբարիշտը պիտի չքանայ, ....[նրան] պիտի չգտնես։ Սակայն հեզերը պիտի ժառանգեն երկիրը» (Սաղմոս 37։9–11, ԱԱ)։ «Անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։22)։

13. Ինչպե՞ս է Աստված խաղաղություն հաստատելու։

13 Աշխարհում խաղաղություն կտիրի։ «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։9)։ «Անոր օրերուն մէջ արդարը պիտի ծաղկի ու շատ խաղաղութիւն պիտի ըլլայ, մինչեւ որ այլեւս լուսին չըլլայ» (Սաղմոս 72։7, ԱԱ)։

14, 15. Ըստ Աստվածաշնչի՝ ինչպիսի՞ բնակարանային պայմաններ, աշխատանք ու սնունդ է լինելու վերականգնված դրախտում։

14 Բոլորը կունենան հարմարավետ բնակարաններ ու բավականություն պատճառող աշխատանք։ «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն.... Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։ Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար» (Եսայիա 65։21–23)։

15 Լինելու է առողջարար սննդի առատություն։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։ «Երկիր[ն] իր պտուղը պիտի տայ. ու Աստուած, մեր Աստուածը, մեզ պիտի օրհնէ» (Սաղմոս 67։6, ԱԱ)։

16. Ինչո՞ւ հաճելի կլինի ապրել դրախտում։

16 Դրախտանման երկրի վրա հավիտյան ապրելը հաճույք է լինելու։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։ «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային [«անբնակ երկիրը», ԱԱ] ու կ’ծաղկի շուշանի պէս» (Եսայիա 35։1)։

Գիտությունն ու ձեր ապագան

17. ա) Ի՞նչ պետք է անեք, եթե ցանկանում եք ապրել դրախտում։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Աստված պատրաստվում է մեծ փոփոխություններ կատարել երկրի վրա։

17 Կցանկանայի՞ք ապրել դրախտում։ Եթե այո, ապա թույլ մի տվեք, որ որևէ բան խանգարի ձեզ ձեռք բերել Աստծո գիտությունը։ Արարիչը սիրում է մարդկանց և կանի անհրաժեշտ փոփոխություններ՝ երկիրը դրախտի վերածելու համար։ Եթե դուք զորություն ունենայիք երկրի վրայից անարդարությունն ու տառապանքը վերացնելու, չէի՞ք անի դա։ Մի՞թե, ուրեմն, չենք կարող նման բան ակնկալել Աստծուց։ Աստծո Խոսքում վառ կերպով նկարագրվում է այն ժամանակը, երբ Աստված վերջ է դնելու այս պառակտված համակարգին և մի կատարյալ ու արդար կառավարություն է հաստատելու (Դանիէլ 2։44)։ Սակայն Աստվածաշնչում ոչ միայն պատմվում է այս ամենի մասին, այլև ցույց է տրվում, թե ինչպես կարող ենք փրկվել ու մտնել այն նոր աշխարհը, որ խոստացել է Աստված (Բ Պետրոս 3։13; Ա Յովհաննէս 2։17)։

18. Ի՞նչ կարող է տալ Աստծո գիտությունը նույնիսկ հիմա։

18 Աստծո գիտությունը շատ բան է տալիս արդեն հիմա։ Աստվածաշնչից կարող ենք ստանալ կյանքում մեզ հուզող ամենակարևոր և ամենախոր հարցերի պատասխանները։ Եթե հետևենք այդ գրքում տրվող խորհուրդներին, կդառնանք Աստծո ընկերը. պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պատվի կարժանանանք։ Իսկ դա կօգնի վայելել այն խաղաղությունը, որ միայն Աստված կարող է տալ (Հռովմայեցիս 15։13, 33)։ Որոշելով ստանալ այս կենսատու գիտությունը՝ ձեր կյանքում ամենակարևոր գործը ձեռնարկած կլինեք, որը մեծ վարձատրություն կբերի։ Դուք երբեք չեք զղջա այն բանի համար, որ ձեռք եք բերել հավիտենական կյանքի առաջնորդող այս գիտությունը։

19. Ի՞նչ հարց ենք քննարկելու հաջորդ գլխում։

19 Ինչպես արդեն նշեցինք, Աստվածաշունչն է այն գիրքը, որում պարփակված է Աստծո գիտությունը։ Սակայն որտեղի՞ց գիտենք, որ դա պարզապես մարդկային գաղափարներ պարունակող գիրք չէ։ Հաջորդ գլխում կքննարկվի հենց այս հարցը։

ՍՏՈՒԳԵՑԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ինչո՞ւ կարող է Աստծո գիտությունը առաջնորդել հավիտենական երջանկության։

• Ինչպիսի՞ն է լինելու կյանքը ապագա երկրային դրախտում։

• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստծո գիտությունը ստանալով՝ այսօր արդեն օգուտներ կքաղեք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը