Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fy գլ. 7 էջ 76–89
  • Տան մեջ ըմբո՞ստ կա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տան մեջ ըմբո՞ստ կա
  • Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞Վ Է ԸՄԲՈՍՏԸ
  • ԸՄԲՈՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
  • ԹՈՒՅԼ ՀԵՂԻՆ ԵՎ ԽԻՍՏ ՌՈԲՈՎԱՄԸ
  • ԲԱՎԱՐԱՐԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ՝ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆԸ
  • ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
  • ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԸՄԲՈՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ
  • Օգնեք ձեր դեռահասին «բարգավաճել»
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին
    2007 Դիտարան
  • Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային
    2007 Դիտարան
Ընտանեկան երջանկության գաղտնիքը
fy գլ. 7 էջ 76–89

ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

Տան մեջ ըմբո՞ստ կա

նկար 76-րդ էջի վրա

1, 2. ա) Ի՞նչ օրինակ բերեց Հիսուսը հրեա կրոնական առաջնորդների անհավատարմությունը շեշտելու համար։ բ) Ի՞նչ ենք իմանում դեռահասների մասին Հիսուսի բերած օրինակից։

ԻՐ ՄԱՀԻՑ առաջ Հիսուսը հրեա կրոնական առաջնորդներին մի հարց ուղղեց, որը մտածելու տեղիք տվեց նրանց։ «Ի՞նչպէս է երեւում ձեզ,— ասաց նա,— մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։ Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կ’գնամ, տէր. եւ չ’գնաց։ Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը» (Մատթէոս 21։28–31)։

2 Վերոհիշյալ օրինակով Հիսուսը մատնացույց արեց հրեա առաջնորդների անհավատարմությունը։ Երկրորդ որդու նման նրանք էլ խոստանում էին կատարել Աստծո կամքը, բայց չէին պահում իրենց խոստումը։ Շատ ծնողներ կարող են ասել, որ Հիսուսի առակը խոսում է ընտանեկան կյանքից նրա քաջատեղյակ լինելու մասին։ Այդ օրինակով նա գերազանց կերպով ցույց տվեց, որ շատ հաճախ դժվար է կռահել, թե ինչ կա երիտասարդների մտքում, և թե ինչպես նրանք կվարվեն այս կամ այն իրավիճակում։ Դեռահասության շրջանում բազում խնդիրների պատճառ լինելով հանդերձ՝ երեխան կարող է ապագայում պատասխանատու և հարգված անձնավորություն դառնալ։ Լավ կլիներ՝ հիշեինք սա, մինչ զրուցում ենք պատանեկան ըմբոստության խնդրի մասին։

Ո՞Վ Է ԸՄԲՈՍՏԸ

3. Ինչո՞ւ պետք է ծնողները չշտապեն իրենց երեխային ըմբոստի որակավորում տալ։

3 Ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ դեռահասներից ոմանք բացարձակապես չեն ենթարկվում իրենց ծնողներին։ Գուցեև անձամբ ծանոթ եք այնպիսի ընտանիքների, որտեղ դեռահաս երեխան, թվում է, թե ուղղակի անկառավարելի է։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է որոշել՝ երեխան ըմբո՞ստ է, թե՝ ոչ։ Առավել ևս դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ են երեխաներից ոմանք, նույնիսկ միևնույն ընտանիքից, ըմբոստանում, իսկ մյուսները՝ ոչ։ Ի՞նչ կարող են անել ծնողները՝ տեսնելով, թե ինչպես է իրենց երեխան գնալով ավելի ըմբոստ ու համառ դառնում։ Այս հարցին պատասխանելու համար նախ տեսնենք, թե ինչ ասել է ըմբոստ։

4-6. ա) Ո՞վ է ըմբոստը։ բ) Ի՞նչ պետք է նկատի ունենան ծնողները, երբ իրենց դեռահաս երեխան ժամանակ առ ժամանակ չի ցանկանում իրենց հնազանդվել։

4 Եթե պարզ արտահայտվենք, ըմբոստն այն անձնավորությունն է, որը միտումնավոր կերպով ու համառորեն չի կամենում ենթարկվել իրենից բարձր կանգնած հեղինակությանը, կամ մերժում է այն։ «Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին»,— ասում է Առակաց 22։15–ը։ Ուստի կարելի է ասել, որ բոլոր երեխաներն էլ այսպես թե այնպես երբեմն հակառակվում են ծնողական կամ որևէ այլ իշխանությանը։ Դա հատկապես պատահում է երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ զարգացման շրջանում՝ նրա պատանեկության տարիներին։ Առհասարակ մարդու կյանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն սթրեսի է ենթարկում նրան, իսկ պատանեկության տարիները փոփոխությունների մի ամբողջ շարան են։ Ձեր դեռահաս աղջիկը կամ տղան ետևում է թողնում իր երեխայության տարիները և մտնում դեպի չափահասություն տանող ճանապարհը։ Այդ պատճառով էլ ծնողների և երեխաների միջև կարող են խնդիրներ ծագել։ Հաճախ ծնողները ենթագիտակցորեն փորձում են հետաձգել այդ անցման շրջանը, իսկ դեռահասներն ընդհակառակը՝ ձգտում են արագացնել այն։

5 Դեռահաս ըմբոստը մերժում է այն արժեքները, որոնք գնահատում են իր ծնողները։ Սակայն հիշեք՝ անհնազանդության մի քանի դեպքերը դեռևս ապացույց չեն այն բանի, որ երեխան ըմբոստ է։ Իսկ ինչ վերաբերում է հոգևորին, ապա երեխաներից ոմանք գուցե սկզբում շատ քիչ հետաքրքրվեն աստվածաշնչյան ճշմարտությամբ կամ էլ բոլորովին չհետաքրքրվեն, բայց, միևնույն ժամանակ, ըմբոստ ոգի չդրսևորեն։ Ուստի մի շտապեք ըմբոստ անվանել ձեր երեխային։

6 Արդյո՞ք բոլորն են պատանեկության տարիներին ըմբոստանում ծնողական հեղինակության դեմ։ Ո՛չ։ Իրականում, կյանքը ցույց է տալիս, որ նրանց ընդամենը մի փոքր մասն է լուրջ ըմբոստություն դրսևորում։ Սակայն ինչպե՞ս վարվել այն երեխայի հետ, որը ոչ մի կերպ չի ուզում ենթարկվել և համառորեն շարունակում է ըմբոստանալ։ Ի՞նչը կարող է նման վարքի պատճառ դառնալ։

ԸՄԲՈՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

7. Ինչպե՞ս կարող է Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհը երեխային ըմբոստության դրդել։

7 Ըմբոստության գլխավոր պատճառը Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհն է։ «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհը արատավոր բարքեր է խրախուսում, որոնց դեմ էլ քրիստոնյաները ստիպված են լինում պայքարել (Յովհաննէս 17։15)։ Այսօր այդ բարքերն ավելի սանձարձակ ու վտանգավոր են և ավելի վատ ազդեցություն են թողնում, քան անցյալում (Բ Տիմոթէոս 3։1–5, 13)։ Եթե ծնողները չեն կրթում, չեն զգուշացնում և չեն պաշտպանում իրենց երեխաներին, ապա «այն ոգին՝ որ հիմա ապստամբութեան որդիներուն ներսիդին կը ներգործէ», հեշտությամբ կարող է կլանել նաև պատանիներին (Եփեսացիս 2։2, ԱԱ)։ Սա վերաբերում է նաև հասակակիցների կողմից եկող ճնշմանը։ Աստվածաշունչն ասում է. «Տխմարների հետ ընկերակցողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Նմանապես, այս աշխարհի ոգով լցված անձանց հետ ընկերակցողները հեշտությամբ կենթարկվեն այդ ոգու ազդեցությանը։ Հասկանալու համար, որ աստվածային սկզբունքներին հնազանդվելը կյանքի լավագույն ճանապարհի հիմքն է, դեռահասները մշտական օգնության կարիքն ունեն (Եսայիա 48։17, 18)։

8. Որո՞նք են այն պատճառները, որ կարող են որոշ երեխաների ըմբոստ դարձնել։

8 Ըմբոստություն դրսևորելու մեկ այլ պատճառ կարող է լինել տանը տիրող մթնոլորտը։ Օրինակ՝ եթե ծնողներից մեկը հարբեցող է, թմրամոլ կամ էլ դաժան է վերաբերվում կողակցին, ապա դա կարող է աղավաղել կյանքի նկատմամբ մատղաշ երեխայի հայացքները։ Ըմբոստություն կարող է դրսևորվել նաև համեմատաբար խաղաղ տներում, եթե, օրինակ, երեխան զգա, որ ծնողներն իրենով չեն հետաքրքրվում։ Սակայն միշտ չէ, որ դեռահասների ըմբոստությունը պայմանավորված է արտաքին ազդակներով։ Երեխաներից ոմանք երես են թեքում ծնողների սահմանած արժեքներից, չնայած որ վերջիններս ապրում են Աստծո սկզբունքներով և շատ բաներում նրանց պաշտպանում են շրջապատող աշխարհի ազդեցությունից։ Ինչո՞ւ։ Թերևս մեկ ուրիշ պատճառով՝ մարդկային անկատարության։ Պողոսը գրել է. «Ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքով էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Ադամը եսասեր մի ըմբոստ էր և իր սերնդին վատ ժառանգություն թողեց։ Որոշ պատանիներ դառնում են ճիշտ այնպիսի ըմբոստներ, ինչպիսին իրենց նախահայրն էր։

ԹՈՒՅԼ ՀԵՂԻՆ ԵՎ ԽԻՍՏ ՌՈԲՈՎԱՄԸ

9. Երեխաների դաստիարակության հարցում ո՞ր երկու ծայրահեղությունները կարող են նրանց ըմբոստության պատճառը դառնալ։

9 Դեռահասների ըմբոստության մեկ այլ պատճառ է դաստիարակության վերաբերյալ ծնողների ոչ հավասարակշռված տեսակետը (Կողոսացիս 3։21)։ Որոշ բարեխիղճ ծնողներ չափազանց խիստ են մոտենում երեխաների առջև սահմանափակումներ դնելու և պատիժներ սահմանելու հարցին։ Ուրիշներն էլ, ընդհակառակը, չափից դուրս հանդուրժող են և իրենց անփորձ զավակների մեջ չեն սերմանում այնպիսի սկզբունքներ, որոնք կյանքում կպաշտպանեն նրանց։ Ինչ խոսք, միշտ չէ, որ հեշտ է խուսափել այս երկու ծայրահեղություններից։ Տարբեր երեխաներ տարբեր կարիքներ ունեն։ Մեկը թերևս ավելի խիստ հսկողության կարիք ունի, քան մյուսը։ Ինչևիցե, եկեք քննարկենք աստվածաշնչյան երկու օրինակ, որոնք կօգնեն տեսնելու, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում ինչպես ծայրահեղ խստությունը, այնպես էլ ծայրաստիճան թողտվությունը։

10. Ինչո՞ւ Հեղին, որը գուցեև հավատարիմ քահանայապետ էր, բայց վատ ծնող։

10 Հին Իսրայելի քահանայապետ Հեղին երեխաներ ուներ։ Քառասուն տարի Աստծուն ծառայելուց հետո նա, անկասկած, լավ գիտեր Աստծո Օրենքը։ Հեղին, հավանաբար, բարեխղճորեն էր կատարում իր քահանայական պարտականությունները և իր երկու որդիներին՝ Ոփնիին ու Փենեհեսին, ուսուցանել էր Աստծո Օրենքն իր ողջ խորությամբ։ Սակայն Հեղին չափազանց ներողամիտ էր նրանց նկատմամբ։ Թեպետ Ոփնին և Փենեհեսը տաճարում քահանայի պարտականություններ էին կատարում, սակայն «չար էին», և միակ բանը, որ հետաքրքրում էր նրանց, սեփական ախորժակն էր ու իրենց անբարո ցանկությունները բավարարելը։ Չնայած իր որդիների ամոթալի արարքներին, որ նրանք գործում էին սուրբ հողի վրա՝ Հեղին չուներ այնքան քաջություն, որ նրանց հեռացներ իրենց պաշտոնից։ Նա միայն թեթևակի հանդիմանում էր նրանց։ Այդպես վարվելով՝ Հեղին իր որդիներին Աստծուց առավել էր պատվում։ Արդյունքո՞ւմ։ Ոփնին և Փենեհեսը ըմբոստացան Եհովայի մաքուր երկրպագության դեմ, որից չարաչար տուժեց Հեղիի ողջ տունը (Ա Թագաւորաց 2։12–17, 22–25, 29; 3։13, 14; 4։11–22)։

11. Ի՞նչ կարող են ծնողները սովորել Հեղիի սխալ օրինակից։

11 Հեղիի որդիներն արդեն չափահաս էին, երբ այս դեպքերը տեղի ունեցան, բայց այս պատմությունը շեշտում է այն միտքը, թե որքան վտանգավոր է անտեսել խրատի կարևորությունը (համեմատի՛ր Առակաց 29։21)։ Որոշ ծնողներ, թողտվությունը թերևս շփոթելով սիրո հետ, թերանում են հստակ, հետևողական և ողջամիտ կանոններ սահմանել իրենց երեխաների համար և պահանջել, որ նրանք հետևեն այդ կանոններին։ Այդպիսի ծնողները թերանում են սիրուց մղված հանդիմանություն տալ նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս ոտնահարում են աստվածաշնչյան սկզբունքները։ Նման թողտվության արդյունքը երբեմն լինում է այն, որ երեխաներն ընդհանրապես դադարում են հարգել թե՛ ծնողական և թե՛ ցանկացած այլ հեղինակություն (համեմատի՛ր Ժողովող 8։11)։

12. Ի՞նչ սխալ թույլ տվեց Ռոբովամը իշխանություն բանեցնելիս։

12 Իշխանություն բանեցնելու գործում ծայրահեղության մեջ ընկնելու մեկ այլ օրինակ է Ռոբովամը։ Նա եղել է Իսրայելի միացյալ թագավորության վերջին և ոչ հավատարիմ թագավորը։ Ռոբովամը ժառանգել էր մի երկիր, որի բնակիչները սկսել էին իրենց դժգոհությունն արտահայտել նրա հոր՝ Սողոմոնի կողմից իրենց ուսերին դրված ծանր լծի համար։ Արդյո՞ք Ռոբովամը հասկացողությամբ վերաբերվեց իր հպատակներին։ Ամենևին։ Երբ ժողովրդի կողմից ուղարկված պատվիրակները խնդրեցին Ռոբովամին փոքր–ինչ թեթևացնել այդ լուծը, նա, արհամարհելով իր տարեց խորհրդատուների իմաստուն խորհուրդը, հրամայեց է՛լ ավելի ծանրացնել այն։ Ռոբովամի գոռոզությունը հանգեցրեց նրան, որ հյուսիսային տասը ցեղերն ապստամբեցին, և թագավորությունը երկու մասի բաժանվեց (Գ Թագաւորաց 12։1–21; Բ Մնացորդաց 10։19)։

13. Ինչպե՞ս կարող են ծնողները խուսափել Ռոբովամի սխալները կրկնելուց։

13 Աստվածաշնչում բերված այս դեպքից ծնողները կարող են որոշ կարևոր դասեր քաղել։ Նրանք պետք է աղոթքով ‘խնդրեն Տիրոջը’ և Աստվածաշնչի լույսի ներքո վերլուծության ենթարկեն այն մեթոդները, որոնցով դաստիարակում են իրենց երեխային (Սաղմոս 105։4)։ «Բռնութիւնը կ’յիմարացնէ իմաստունին»,— ասում է Ժողովող 7։7–ը։ Լավ մտածված սահմանափակումները նպաստում են երեխայի զարգացմանը և միևնույն ժամանակ պաշտպանում չարիքից։ Մյուս կողմից՝ չափից դուրս խստությունն ու ծայրաստիճան սահմանափակումները կխանգարեն նրան բավականաչափ վստահություն զարգացնել սեփական անձի և ուժերի հանդեպ։ Եթե ծնողները ձգտեն հավասարակշռված լինել չափավոր ազատության և վճռականորեն ու հստակ սահմանված սահմանափակումների հարցում, ապա դեռահասների մեծամասնությունը ավելի քիչ հակված կլինի ըմբոստանալու։

ԲԱՎԱՐԱՐԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ՝ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆԸ

[նկար 83–րդ էջի վրա]

Եթե ծնողներն օգնեն երեխաներին հաղթահարելու դեռահասության հետ կապված խնդիրները, ապա հավանականությունը մեծ է, որ հետագայում նրանք հավասարակշռված անձնավորություններ կդառնան

14, 15. Ինչպե՞ս պետք է ծնողները վերաբերվեն այն իրողությանը, որ իրենց երեխաները աստիճանաբար մեծանում են։

14 Թեպետ ծնողները անչափ ուրախանում են՝ տեսնելով, թե ինչպես է մեծանում իրենց դեռահաս զավակը, բայց, միևնույն ժամանակ, նրանց կարող է մտահոգել այն իրողությունը, որ երեխան, իր կախյալ վիճակից դուրս գալով, աստիճանաբար սեփական անձի հանդեպ վստահություն է ձեռք բերում։ Մի զարմացեք, եթե անցումային այդ շրջանում երեխան երբեմն համառում է կամ չի ցանկանում համագործակցել ձեզ հետ։ Հիշե՛ք, որ քրիստոնյա ծնողների նպատակն է իրենց երեխաներին մեծացնել որպես հասուն, հավասարակշռված և պատասխանատու քրիստոնյաներ (համեմատի՛ր Ա Կորնթացիս 13։11; Եփեսացիս 4։13, 14)։

15 Որքան էլ որ դժվար լինի, ծնողները պետք է խուսափեն շարունակ մերժել երեխայի՝ ավելի մեծ ազատություն ստանալու յուրաքանչյուր խնդրանք։ Ամեն դեպքում, երեխան պետք է զարգանա որպես անհատականություն։ Իրականությունը ցույց է տալիս, որ համեմատաբար վաղ տարիքում որոշ դեռահասներ արդեն մեծահասակներին հատուկ մտածելակերպ են դրսևորում։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատմում է այն մասին, որ Հովսիա թագավորը, երբ «դեռ պատանի էր [մոտավորապես 15 տարեկան], սկսեց խնդրել իր հայր Դաւիթի Աստուծուն»։ Այս հրաշալի պատանին իսկապես պատասխանատու անձնավորություն էր (Բ Մնացորդաց 34։1–3)։

16. Ի՞նչ պետք է գիտակցեն երեխաները, երբ նրանց ավելի մեծ պատասխանատվություն է տրվում։

16 Սակայն ազատությունն իր հետ նաև պատասխանատվություններ է բերում։ Ուստի թույլ տվեք չափահասության շեմին կանգնած ձեր պատանուն անձամբ կրել իր կայացրած որոշումներից կամ արարքներից մի քանիսի հետևանքները։ «Ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ» սկզբունքը վերաբերում է ինչպես մեծահասակ մարդկանց, այնպես էլ անչափահասներին (Գաղատացիս 6։8)։ Հնարավոր չէ շարունակ պաշտպանել երեխաներին։ Բայց ինչպե՞ս վարվել, եթե երեխան ցանկանում է անել մի բան, որը, կարելի է ասել, անթույլատրելի է։ Լինելով բարեխիղճ ծնող՝ պետք է ասեք՝ ո՛չ։ Ու թեպետև կարող եք բացատրել ձեր մերժելու պատճառները, ձեր «ոչ»–ը երբեք չպետք է դառնա «այո» (Մատթէոս 5։37)։ Աշխատեք, սակայն, այդ «ոչ»–ն ասել հանդարտ տոնով, ողջամտորեն, քանզի «մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը» (Առակաց 15։1)։

17. Պատանիների ո՞ր կարիքների մասին պետք է հոգ տանեն ծնողները։

17 Խրատելիս հետևողականություն պահպանելը իսկական պատվար է դեռահասների համար, նույնիսկ եթե նրանք այնքան էլ պատրաստակամորեն չեն ընդունում իրենց վրա դրված սահմանափակումներն ու կանոնները։ Հաճախակի, ըստ տրամադրության փոփոխվող կանոնները կարող են հիասթափեցնել երեխային։ Իսկ օգնություն և քաջալերանք ստանալով այն հարցում, թե ինչպես կարելի է հաղթահարել ամաչկոտությունը, երկչոտությունն ու սեփական անձի հանդեպ անվստահությունը՝ պատանիները կարող են մեծանալ որպես կայուն անձնավորություններ։ Դեռահասները նաև գնահատում են այն, որ ծնողների կողմից վստահության են արժանանում (համեմատի՛ր Եսայիա 35։3, 4; Ղուկաս 16։10; 19։17)։

18. Պատանիներին վերաբերող ո՞ր իրողությունը կարող է մխիթարական լինել ծնողների համար։

18 Ծնողների համար մխիթարական կարող է լինել այն բանի գիտակցումը, որ խաղաղ, հավասարակշռված և սիրով լի մթնոլորտը բարենպաստ ազդեցություն է թողնում երեխաների վրա (Եփեսացիս 4։31, 32; Յակոբոս 3։17, 18)։ Նույնիսկ հարբեցողությամբ, բռնությամբ աչքի ընկնող կամ այլ վատ ազդեցությունների տակ եղող ընտանիքներից դուրս եկած շատ պատանիներ չեն ընդօրինակում իրենց ընտանիքներում դրսևորվող վատ վարքը ու հետագայում հիանալի անձնավորություններ են դառնում։ Ուստի, եթե տանն այնպիսի մթնոլորտ եք ստեղծում, որտեղ ձեր դեռահաս երեխաներն իրենց ապահով են զգում ու համոզված են, որ միշտ էլ կարժանանան ձեր սիրուն, կարեկցանքին և ուշադրությանը, ապա նրանք այնպիսի մարդիկ կդառնան, որոնցով անշուշտ կհպարտանաք, նույնիսկ եթե ձեր հոգատարությունն ուղեկցվի տեղին արված սահմանափակումներով և սուրբգրային խրատով (համեմատի՛ր Առակաց 27։11)։

ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԺՎԱՐԻՆԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

19. Թեպետև ծնողները պետք է կրթեն երեխային «իր ճանապարհի համեմատ», ի՞նչ պատասխանատվություն է կրում երեխան ինքը։

19 Ինչ խոսք, մեծ նշանակություն ունի այն, թե ինչպես են ծնողները կատարում իրենց պարտականությունները։ Առակաց 22։6–ում ասվում է. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»։ Բայց ի՞նչ կարելի է ասել այն երեխաների մասին, ովքեր լուրջ խնդիրների են բախվում, չնայած որ հրաշալի ծնողներ ունեն։ Իսկ մի՞թե դա հնարավոր է։ Այո՛։ «Առակացի» խոսքերը պետք է ուշադրության արժանացնել այլ համարների լույսի ներքո, որոնք ընդգծում են երեխայի պատասխանատվությունը ծնողներին «լսելու» և հնազանդվելու հարցում (Առակաց 1։8)։ Որպեսզի ընտանիքում ներդաշնակություն տիրի, հարկավոր է, որ ծնողներն ու երեխաները համագործակցեն իրար հետ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելիս։ Եթե նրանք երկկողմանի ջանքեր չներդնեն, ապա դժվարություններն անխուսափելի կլինեն։

20. Երբ երեխան սխալվում է իր անփութության պատճառով, ի՞նչ իմաստուն մոտեցում կարող են ցուցաբերել ծնողները։

20 Ի՞նչ պետք է անեն ծնողները, երբ դեռահասը շեղվում է ճանապարհից և իրեն վտանգի ենթարկում։ Հատկապես նման իրավիճակում երեխան օգնության կարիք ունի։ Եթե ծնողները հաշվի առնեն, որ իրենց առջև կանգնած է ընդամենը մի անփորձ պատանի, ապա նրանք պատահածը չափից դուրս ցավագին չեն ընդունի։ Պողոսը քրիստոնեական ժողովի հասուն անհատներին խորհուրդ տվեց. «Եղբարք, եթէ մէկը հանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէ՛ք հեզութեան հոգով» (Գաղատացիս 6։1)։ Նույն կերպով ծնողները կարող են վերաբերվել իրենց դեռահաս երեխային, երբ վերջինս իր անհոգության կամ անփութության պատճառով որևէ խնդրի առաջ է հայտնվել։ Հստակորեն բացատրելով, թե ինչու է տվյալ արարքը սխալ և ինչպես կարելի է այն կրկնելուց խուսափել՝ ծնողները պետք է պարզորոշ նրան հասկացնեն, որ վատ են համարում ոչ թե իրեն՝ երեխային, այլ նրա կատարած արարքը (համեմատի՛ր Յուդա 22, 23)։

21. Հետևելով քրիստոնեական ժողովում կիրառվող սկզբունքին՝ ինչպե՞ս պետք է ծնողները վերաբերվեն իրենց երեխաների կողմից թույլ տրված լուրջ սխալներին։

21 Ինչպե՞ս վարվել, սակայն, եթե դեռահասն իրոք լուրջ զանցանք է գործում։ Այս դեպքում նրան հատուկ օգնություն և հմուտ առաջնորդություն է հարկավոր։ Երբ լուրջ մեղք է գործում ժողովի անդամը, վերջինիս խորհուրդ է տրվում զղջալ և օգնության համար դիմել ժողովի երեցներին (Յակոբոս 5։14–16)։ Այն բանից հետո, երբ մեղանչողը զղջում է իր գործած արարքի համար, երեցներն օգնում են նրան վերականգնել իր հոգևոր առողջությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհից շեղված դեռահասին, ապա նրան օգնելու պատասխանատվությունն ընտանիքում ընկնում է ծնողների վրա, թեպետ նրանք կարող են անհրաժեշտ համարել, որ խնդիրը քննարկվի ժողովի երեցների հետ։ Եթե երեխան ծանր մեղք է գործել, ապա, ինչ խոսք, ծնողները չպետք է փորձեն այն թաքցնել երեցների խորհրդից։

22. Հետևելով Եհովայի օրինակին՝ ինչպե՞ս պետք է վերաբերվեն ծնողները, եթե իրենց երեխան լուրջ մեղք է գործում։

22 Անշուշտ, սեփական երեխային վերաբերող լուրջ խնդիրները անասելի ցավ են պատճառում։ Հուսահատ ծնողները գուցե փորձեն սպառնալով խելքի բերել ճանապարհից շեղված իրենց զավակին, սակայն դա միայն կարող է զայրացնել նրան։ Ի մտի ունեցեք. դեռահասի համար կրիտիկական այդ պահերին ձեր վերաբերմունքից գուցե կախված լինի նրա ողջ ապագան։ Հիշեք նաև, որ Եհովան պատրաստ էր ներելու ճշմարտության ճանապարհը լքած իր ժողովրդին, եթե միայն վերջինս ապաշխարեր։ Ահա նրա սիրառատ խոսքերը. «Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինի, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան» (Եսայիա 1։18)։ Ինչպիսի՜ օրինակ ծնողների համար։

23. Ինչպե՞ս պետք է վարվեն ծնողները, երբ երեխաներից մեկը լուրջ սխալ է գործում, և, միևնույն ժամանակ, ինչի՞ց պետք է խուսափեն։

23 Ուստի փորձեք խրախուսել ճանապարհից շեղված պատանուն փոխելու իր ընթացքը։ Ողջամիտ խորհրդի համար դիմեք ժողովի երեցներին կամ այլ փորձառու ծնողների (Առակաց 11։14)։ Խուսափեք չմտածված քայլեր անելուց և զգուշացեք ասել այնպիսի բան, որի պատճառով ձեր երեխան դժվարությամբ ետ կդառնա դեպի ձեզ։ Խուսափեք անզուսպ բարկությունից և խիստ խոսքերից (Կողոսացիս 3։8)։ Նաև մի շտապեք հուսահատվել (Ա Կորնթացիս 13։4, 7)։ Ատեցեք չարը, սակայն չարությամբ և անգթությամբ մի վերաբերվեք ձեր երեխային։ Եվ ամենակարևորը՝ ջանացեք լավ օրինակ ծառայել ձեր երեխաների համար և ամուր պահեք Աստծո հանդեպ ձեր հավատը։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԸՄԲՈՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ

24. Ի՞նչ ցավալի իրավիճակում է երբեմն հայտնվում քրիստոնեական ընտանիքը, և նման դեպքերում ի՞նչ դիրք պետք է բռնեն ծնողները։

24 Որոշ դեպքերում բացահայտորեն երևում է, որ դեռահասը հաստատ որոշել է ըմբոստանալ և ամբողջությամբ մերժել քրիստոնեական արժեքները։ Նման իրավիճակում լավ կլիներ ուշադրությունը կենտրոնացնել ընտանիքի մյուս անդամների բարօրությունը պահպանելու կամ վերականգնելու վրա։ Զգույշ եղեք, որ ձեր ողջ եռանդը չնվիրեք ըմբոստ երեխային՝ անտեսելով մնացածներին։ Խնդիրը ընտանիքի մյուս անդամներից թաքցնելու փոխարեն՝ քննարկեք այն նրանց հետ միասին՝ առանց ավելորդ մանրամասնությունների՝ աշխատելով խաղաղ մթնոլորտ պահպանել (համեմատի՛ր Առակաց 20։18)։

25. ա) Հետևելով քրիստոնեական ժողովի օրինակին՝ ի՞նչ կարող են ծնողներն անել, երբ երեխան գիտակցաբար ըմբոստանում է։ բ) Ի՞նչ պետք է հիշեն ծնողները, երբ երեխաներից մեկն ըմբոստանում է։

25 Խոսելով ժողովում անուղղելի ըմբոստ դարձած անհատի մասին՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան» (Բ Յովհաննէս 10)։ Ծնողները կարող են անհրաժեշտ համարել նման ձևով վերաբերվել իրենց զավակին, եթե նա արդեն չափահաս է և գնալով բացարձակ անկառավարելի է դառնում։ Որքան էլ դա դժվար ու ցավալի լինի, նման գործողությունները երբեմն անհրաժեշտ են ընտանիքում մնացած երեխաներին պաշտպանելու համար։ Ձեր ընտանիքը պաշտպանության և շարունակ հսկողության տակ լինելու կարիքն ունի։ Այդ իսկ պատճառով էլ շարունակեք ընտանիքում պահպանել վարքի հստակորեն սահմանված, բայցև ողջամիտ չափանիշներ։ Հաղորդակցվեք ձեր մյուս երեխաների հետ։ Հետաքրքրվեք՝ ինչպես են նրանց գործերը դպրոցում և ժողովում։ Օգնեք նրանց հասկանալ, որ թեև չեք ընդունում իրենց ըմբոստ եղբոր կամ քրոջ արարքը, սակայն նրա հանդեպ լցված չեք ատելությամբ։ Դատապարտեք ոչ թե երեխային, այլ նրա կատարած սխալ արարքը։ Երբ Հակոբի երկու որդիներն իրենց դաժան արարքի պատճառով դժբախտություններ բերեցին իրենց ընտանիքի վրա, Հակոբն անիծեց ոչ թե իր որդիներին, այլ նրանց անզուսպ ցասումը (Ծննդոց 34։1–31; 49։5–7)։

26. Ի՞նչ բանի գիտակցումը կարող է մխիթարել բարեխիղճ ծնողներին, եթե նրանց երեխաներից մեկը ըմբոստ ուղի է բռնել։

26 Միգուցե ձեզ մեղավոր եք զգում ձեր ընտանիքում պատահածի համար։ Բայց եթե աղոթքով Աստծուց առաջնորդություն խնդրելով՝ արել եք ամեն բան՝ հետևել եք նրա խորհրդին և արել եք ձեր ուժերից եկածը, ապա հիմքեր չկան ինքներդ ձեզ մեղադրելու։ Մխիթարվեք այն մտքից, որ ոչ մի ծնող չի կարող կատարյալ լինել, և որ դուք ամեն ջանք ներդրել եք լա՛վ ծնող լինելու համար (համեմատի՛ր Գործք 20։26)։ Ճիշտ է, ըմբոստ երեխա ունենալը ծանր փորձություն է, սակայն եթե նման իրավիճակի մեջ եք հայտնվել, վստա՛հ եղեք, որ Աստված հասկանում է ձեզ, և նա երբեք չի լքի իր հավատարիմ ծառաներին (Սաղմոս 27։10)։ Ուստի, անկախ ամեն ինչից, շարունակեք ջանք թափել, որ ձեր ընտանեկան օջախը հոգևոր տեսանկյունից ապահով հանգրվան լինի մնացած երեխաների համար։

27. Ի մտի ունենալով անառակ որդու մասին առակը՝ ի՞նչ հույս կարող են փայփայել ծնողները։

27 Այս ամենից բացի՝ երբեք չկորցնեք ձեր հույսը։ Ձեր երեխայի դաստիարակության գործում ներդրած ջանքերը կարող են ի վերջո հաջողությամբ պսակվել և ձեր կամակոր երեխային ուշքի բերել (Ժողովող 11։6)։ Հիշեք, որ դուք միակը չեք, որ այս խնդրի առջև եք կանգնել. որոշ քրիստոնյա ընտանիքներ համանման իրավիճակում են եղել, և հաճախ ծնողները, ինչպես և Հիսուսի՝ անառակ որդու մասին առակի հայրը, ականատես են եղել իրենց ըմբոստ զավակի վերադարձին (Ղուկաս 15։11–32)։ Գուցե նույնը սպասում է նաև ձեզ։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՕԳՆԵԼ...ԾՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՆԽԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Անօգնական երեխային կարող է ապականել այս աշխարհի ոգին (Առակաց 13։20; Եփեսացիս 2։2)։

Ինչ վերաբերում է խստությանը և թողտվությանը, ծնողները պետք է ձգտեն ծայրահեղությունների մեջ չընկնել (Ժողովող 7։7; 8։11)։

Սխալ վարքը հարկավոր է ուղղել, բայց՝ հեզության ոգի դրսևորելով (Գաղատացիս 6։1)։

Նրանց, ովքեր ծանր մեղք են գործում, կարելի է ‘բժշկել’, եթե ապաշխարում են և առաջարկված օգնությունը ընդունում (Յակոբոս 5։14–16)։

ՎՍՏԱՀԵ՛Ք ՁԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Դառնալով ավելի ու ավելի անկախ՝ դեռահասները երբեմն վախի ու կասկածների մեջ են ընկնում։ Նրանք, հնարավոր է, որոշ անվստահություն են զգում այն բանում, թե արդյոք որքանով կարող են իրենց ճիշտ դրսևորել այսօրվա աշխարհում։ Դա նույնն է թե քայլել սայթաքուն ճանապարհով։ Պատանի աղջիկնե՛ր ու տղանե՛ր, զրուցեք այդ երկյուղների ու կասկածների մասին ձեր ծնողների հետ (Առակաց 23։22)։ Իսկ եթե ձեզ թվում է, որ նրանք շատ խիստ սահմանափակումներ են դնում ձեր առջև, խոսեք նրանց հետ ավելի մեծ ազատություն ունենալու ձեր ցանկության մասին։ Աշխատեք նրանց հետ զրուցել, երբ հանդարտ եք, և երբ նրանք որևէ բանով զբաղված չեն (Առակաց 15։23)։ Ժամանակ հատկացրեք միմյանց ուշադիր լսելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը