Աշխարհի ամենատարածված գիրքը
«Ոչ մի ուրիշ գիրք այնքան ընթերցող չի ունեցել, որքան Աստվածաշունչը.... Աշխարհում Աստվածաշնչի ավելի շատ պատճեներ են տարածվել, քան որևէ այլ գրքի։ Այն նաև ավելի շատ անգամներ է թարգմանվել և ավելի շատ լեզուներով, քան ուրիշ որևիցե մի գիրք», — «Համաշխարհային հանրագիտարան»։1
ՈՐՈՇ առումներով շատ գրքեր նման են մարդկանց։ Նրանք գալիս են աշխարհ, դառնում են հանրածանոթ և, բացառությամբ մի քանի դասականների, հնանում են ու հանգչում։ Գրադարանները հաճախ որպես գերեզմանատուն են ծառայում հնացած, չընթերցված և, փաստորեն, մահացած գրքերի համար։
Սակայն Աստվածաշունչը յուրահատուկ է նույնիսկ դասական գործերի մեջ։ Թեև նրա գրությունը սկիզբ է առել 3500 տարիներ առաջ, այն դեռևս շատ կենսունակ է։ Ներկայումս այն ամենալայն տարածում ունեցող գիրքն է աշխարհում։a Ամեն տարի Աստվածաշնչի կամ նրա հատվածների շուրջ վաթսուն միլիոն օրինակ է տարածվում։ Առաջինը 1455թ.–ին գերմանացի գյուտարար Յոհան Գուտենբերգի շարժական լիտերներով տպագրահաստոցի վրա տպված հրատարակությունն էր։ Այդ ժամանակից ի վեր Աստվածաշնչի (ամբողջովին կամ մասամբ) տպաքանակը շուրջ չորս միլիարդ օրինակ է կազմել։ Ոչ մի այլ գիրք՝ լինի դա կրոնական կամ ոչ, նույնիսկ չի մոտենում այս քանակին։
Աստվածաշունչը նաև պատմության մեջ ամենից շատ թարգմանված գիրքն է։ Գիրքն ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է ավելի քան երկու հազար հարյուր լեզուներով և բարբառներով։b Մարդկության ավելի քան իննսուն տոկոսին Աստվածաշնչի առնվազն մեկ մասը մատչելի է իրենց մայրենի լեզվով։2 Այսպիսով, այս գիրքը կտրել–անցել է ազգային սահմանները և գերազանցել ռասայական ու էթնիկական խոչընդոտները։
Վիճակագրական տվյալներն, ինքնըստինքյան, Աստվածաշունչն ուսումնասիրելու անհերքելի փաստարկներով չեն կարող ապահովել։ Այնուամենայնիվ նրա տարածված լինելը և թարգմանության քանակը տպավորիչ են՝ հաստատելով Աստվածաշնչի համաշխարհային կոչը։ Անշուշտ, պատմության մեջ գնայուն և մեծաքանակ թարգմանություն ունեցող այս գիրքն արժանի է ձեր ուշադրությանը։
[Ծանոթագրություններ]
a Հաջորդ մեծածավալ տարածում ունեցող հրատարակությունը «Մեջբերումներ Մաո Ցզե Դունի գործերից» կարմրակազմ գրքույկն է, որից վաճառվել կամ տարածվել է գրեթե ութ հարյուր միլիոն օրինակ։
b Լեզվաքանակի տվյալները հիմնված են Աստվածաշնչի միացյալ ընկերությունների կողմից հրատարակված տպագրաքանակի վրա։
[Նկարազարդում 6–րդ էջի վրա]
Գուտենբերգի Աստվածաշունչը լատիներեն, շարժական լիտերներով տպագրված առաջին գիրքն էր