Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 18 էջ 143–էջ 144 պարբ. 4
  • Պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ գործածիր սուրբգրային համարները
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Աստծու Խոսքի միջոցով օգնիր քեզ և ուրիշներին
    2013 Դիտարան
  • «Աստծու խոսքը.... զորեղ է»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ներկայացրու համոզիչ փաստարկներ
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 18 էջ 143–էջ 144 պարբ. 4

ԴԱՍ 18

Պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից

Ի՞նչ է հարկավոր անել

Երբ քեզ հարց են ուղղում, աշխատիր պատասխանը տալ Աստվածաշնչից։

Ինչո՞ւ է դա կարևոր

Մենք հանձնարարություն ենք ստացել քարոզելու ‘Աստծո՛ խոսքը’։ Այդ հարցում Հիսուսն օրինակ է հանդիսանում մեզ համար։ Նա ասաց. «Իմ անձիցը չեմ խօսում» (Բ Տիմոթ. 4։2, ԱՆԹ; Յովհ. 14։10)։

ԵՐԲ մեզ հարցնում են մեր համոզմունքների, ապրելակերպի, ներկա իրադարձությունների վերաբերյալ մեր տեսակետի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ հույս ենք տածում ապագայի հանդեպ, աշխատում ենք մեր պատասխանները հիմնավորել Աստվածաշնչով։ Ինչո՞ւ։ Որովհետև դա Աստծո Խոսքն է։ Աստվածաշնչից է, որ ձեռք ենք բերել մեր համոզմունքները։ Մեր ապրելակերպն էլ ենք համապատասխանեցնում Աստվածաշնչի սկզբունքներին։ Այն ձևավորում է նաև մեր տեսակետը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ Ապագայի նկատմամբ մեր հույսը ամուր կերպով հիմնված է Աստվածաշնչի խոստումների վրա (Բ Տիմոթ. 3։16, 17)։

Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ունենք՝ կրելով «Եհովայի վկաներ» անունը (Ես. 43։12)։ Ուստի մարդկանց հարցերին մենք պատասխանում ենք ոչ թե մարդկային փիլիսոփայության վրա հիմնվելով, այլ՝ Եհովայի կողմից ներշնչված Խոսքի։ Իհարկե, որպես անհատ մենք ունենք մեր անձնական կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն թույլ ենք տալիս, որ Աստծո Խոսքը ձևավորի մեր մտածելակերպը՝ հաստատ համոզված լինելով, որ դա է ճշմարտությունը։ Աստվածաշունչը թույլ է տալիս, որ շատ հարցերում մեր անձնական նախապատվություններն ունենանք։ Մեր տեսակետը ուրիշներին թելադրելու փոխարեն՝ ցանկանում ենք մարդկանց սովորեցնել Գրություններում ամփոփված սկզբունքները, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան օգտվելու ազատ ընտրություն կատարելու իրենց իրավունքից։ Ինչպես Պողոս առաքյալը, մենք էլ ցանկանում ենք, որ մարդիկ ‘հավատքով հնազանդվեն’ (Հռովմ. 16։26, Արևմտ. Աստ.)։

Յայտնութիւն 3։14–ում Հիսուս Քրիստոսը նկարագրվում է որպես «հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան»։ Ինչպե՞ս էր նա պատասխանում հարցերին և ինչպես վարվում տարբեր իրավիճակներում, որոնց բախվում էր։ Երբեմն նա օրինակների միջոցով էր մղում մարդկանց խորհրդածելու իր ասածների շուրջ։ Երբեմն էլ հարցին հարցով էր պատասխանում՝ փորձելով պարզել, թե ինչպես է անհատը հասկանում սուրբգրային որևէ հատված։ Շատ ավելի հաճախ, սակայն, նա Գրություններից հատվածներ էր մեջբերում, իր բառերով ներկայացնում, կամ էլ անուղղակի կերպով ակնարկում դրանց (Մատթ. 4։3–10; 12։1–8; Ղուկ. 10։25–28; 17։32)։ Առաջին դարում սովորաբար Գրությունների գլանաձև փաթեթները պահվում էին ժողովարաններում։ Ակներևաբար, Հիսուսը չուներ այդ փաթեթների իր անձնական ժողովածուն, սակայն նա լավ գիտեր Գրությունները և մարդկանց սովորեցնելիս հաճախ էր կիրառում դրանք (Ղուկ. 24։27, 44–47)։ Նա իրավացիորեն կարող էր ասել, որ ինքն իրենից ոչինչ չէր սովորեցնում։ Նա խոսում էր այն, ինչ լսել էր իր Հորից (Յովհ. 8։26)։

Մենք ցանկանում ենք հետևել Հիսուսի օրինակին։ Ի տարբերություն Հիսուսի՝ մենք անմիջականորեն չենք լսել Աստծո խոսքերը։ Սակայն մեր ձեռքի տակ ունենք Աստվածաշունչը, որն էլ Աստծո Խոսքն է։ Մեր բոլոր պատասխանները Աստվածաշնչով հիմնավորելու դեպքում մարդկանց ուշադրությունը չենք հրավիրի մեզ վրա։ Նաև ցույց կտանք, որ չենք տարածում անկատար մարդու տեսակետներ, այլ թույլ ենք տալիս, որ Աստված որոշի, թե որն է ճշմարտությունը (Յովհ. 7։18; Հռովմ. 3։4)։

Անկասկած, մեր նպատակը ուղղակի Աստվածաշնչից որևէ համար ընթերցելը չէ, այլ գրվածն այնպես ներկայացնելը, որ մեզ լսողները առավելագույնս օգուտներ քաղեն դրանից։ Մեր ցանկությունն է, որ մարդիկ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեն մեր ասածների հանդեպ։ Կախված այն բանից, թե ինչպիսի տրամադրվածություն է հանդես բերում անհատը՝ կարող ես Աստվածաշնչի որևէ միտք ներկայացնելուց առաջ հարցնել. «Ի՞նչ եք կարծում, մի՞թե ամենակարևորը Աստծո տեսակետը չէ»։ Կամ. «Իսկ գիտե՞ք, որ հենց այդ հարցը քննարկվում է Աստվածաշնչում»։ Եթե խոսում ես ինչ–​որ մեկի հետ, ով Աստվածաշունչը հեղինակություն չի համարում, կարող ես ուրիշ կերպ սկսել զրույցը։ Օրինակ՝ «Եկեք տեսնենք, թե ինչ է ասում հնում գրված այս մարգարեությունը», կամ՝ «Մարդկային պատմության մեջ ամենամեծ տարածում գտած գրքում հետևյալն է ասվում...»։

Որոշ դեպքերում գուցե հարմար գտնես պարզապես բերանացի ասել Աստվածաշնչյան համարը։ Սակայն հնարավորության դեպքում լավագույն միջոցը Աստվածաշնչից ընթերցելն է։ Հարմար առիթի դեպքում կարող ես այդ համարը ցույց տալ իր իսկ Աստվածաշնչում։ Այո՛, Աստվածաշունչը այսպես, այսինքն՝ ուղղակի կերպով կիրառելը հաճախ մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա (Եբր. 4։12)։

Մանավանդ քրիստոնյա երեցները լուրջ պատասխանատվություն են կրում՝ հիմնավորելու իրենց պատասխանները Աստվածաշնչով, երբ իրենց հարց են ուղղում։ Որպես երեց ծառայելու անհրաժեշտ պահանջներից էլ հենց այն է, որ եղբայրը ‘հաստատ բռնի վարդապետության հավատարիմ խոսքը’ (Տիտոս 1։9)։ Երեցի տված խորհրդի վրա հիմնվելով՝ ժողովի անդամը կարող է իր կյանքում լուրջ որոշում կայացնել։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ այդ խորհուրդը ամբողջությամբ հիմնված լինի Գրությունների վրա։ Այդպիսով երեցը կարող է լավ օրինակ ծառայել շատերի համար, որպեսզի ուսուցանելիս նրանք էլ այդպես վարվեն։

ԻՆՉՊԵՍ ՀՄՏԱՆԱԼ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ

  • Աստվածաշունչը կարդա ամեն օր։ Անձնական ուսումնասիրության լավ ծրագիր ունեցիր։

  • Ժողովի հանդիպումներին սովորություն դարձրու Գրություններից համարներ ընդգրկել քո մեկնաբանություններում։

  • Նախքան որոշում կայացնելը կամ որևէ հարցի պատասխանելը, միշտ հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է այդ մասին ասում Աստվածաշունչը»։

  • Եթե չգիտես Աստվածաշնչի տեսակետը տվյալ հարցի վերաբերյալ, մի փորձիր ենթադրություններ անել կամ արտահայտել սեփական կարծիքդ։ Առաջարկիր հետազոտություններ կատարել։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Գրիր մեկ կամ երկու հարց, որ քեզ են ուղղել 1) քարոզչական ծառայության ժամանակ, 2) վերջին լուրերում հաղորդված որևէ իրադարձության վերաբերյալ և 3) լայն տարածում գտած որևէ միջոցառմանը մասնակցություն ունենալու հետ կապված։ Պատասխանիր այդ հարցերից յուրաքանչյուրին՝ կիրառելով առնվազն մեկ սուրբգրային համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը