ԳԼՈՒԽ 11
Աստծո հրեշտակներն օգնում են
Որոշ մարդիկ ասում են, թե հավատում են միայն այնպիսի բաների, ինչը կարելի է տեսնել։ Բայց դա խելամիտ չէ։ Իրականում գոյություն ունեն շատ բաներ, որ մենք երբեք չենք կարող տեսնել։ Կարո՞ղ ես օրինակ բերել։ ~
Վերցնենք՝ օդը, որ շնչում ենք։ Կարո՞ղ ենք զգալ օդը։ ~ Հապա փչիր ձեռքիդ վրա։ Ինչ–որ բան զգացիր, չէ՞։ ~ Բայց դու օդը տեսա՞ր։ ~
Մենք արդեն խոսել ենք ոգեղեն անձնավորությունների մասին, որոնց հնարավոր չէ տեսնել։ Իմացանք, որ նրանք լինում են բարի և չար։ Ովքե՞ր են ոգեղեն բարի անձնավորություններից մի քանիսը։ ~ Ճիշտ է՝ Եհովա Աստված, Հիսուսը և բարի հրեշտակները։ Իսկ չար հրեշտակներ կա՞ն։ ~ Այո, Աստվածաշունչը հայտնում է, որ կան։ Պատմիր, թե ինչ ես սովորել նրանց մասին։ ~
Մենք գիտենք, որ թե՛ բարի, թե՛ չար հրեշտակները մեզանից ուժեղ են։ Մեծ Ուսուցիչը շատ բաներ գիտեր հրեշտակների մասին, քանի որ նա ինքը հրեշտակ էր եղել։ Մինչև երկրի վրա որպես մարդ ծնվելը նա մյուս հրեշտակների հետ ապրել էր երկնքում։ Նա ճանաչում էր միլիոնավոր հրեշտակների։ Ի՞նչ ես կարծում, հրեշտակները անուններ ունե՞ն։ ~
Մենք իմացանք, որ Աստված անուններ է տվել բոլոր աստղերին։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ հրեշտակները նույնպես անուններ ունեն։ Նաև գիտենք, որ նրանք կարող են իրար հետ խոսել, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ գոյություն ունի ‘հրեշտակների լեզու’ (Ա Կորնթացիս 13։1)։ Քո կարծիքով՝ ինչի՞ մասին են խոսում հրեշտակները։ Մեր մասին խոսո՞ւմ են նրանք։ ~
Գիտենք, որ Սատանայի հրեշտակները՝ դևերը, փորձում են մեզ դրդել չհնազանդվել Եհովային։ Պետք է որ նրանք խորհրդակցեն միմյանց հետ, թե ինչպես կարելի է դա անել։ Նրանք ուզում են, որ մենք էլ իրենց պես լինենք, որպեսզի Եհովան մեզ էլ չսիրի։ Իսկ Աստծո հավատարի՞մ հրեշտակները. խոսո՞ւմ են նրանք մեր մասին։ ~ Այո, նրանք էլ խոսում են այն մասին, թե ինչպես կարող են օգնել մեզ։ Տեսնենք, թե ինչպես են Աստծո հրեշտակները օգնել Եհովային սիրող ու նրան ծառայող մարդկանց։
Դանիել անունով մի մարդ կար։ Նա ապրում էր Բաբելոնում։ Այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը չէր սիրում Եհովային։ Նրանք նույնիսկ օրենք սահմանեցին, ըստ որի՝ ով որ աղոթեր Եհովա Աստծուն, պետք է պատժվեր։ Բայց Դանիելը շարունակեց աղոթել Եհովային։ Գիտե՞ս, թե այդ մարդիկ ինչ արեցին նրան։ ~
Այդ չար մարդիկ Դանիելին գցեցին առյուծներով լի մի մեծ փոսի մեջ։ Դանիելը մեն–մենակ հայտնվեց քաղցած առյուծների մեջ։ Գիտե՞ս, թե ինչ տեղի ունեցավ նրա հետ։ ~ «Աստված ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը»,— հետագայում պատմեց Դանիելը։ Նա բոլորովին չէր վնասվել։ Ինչպես տեսնում ենք, հրեշտակները կարող են հրաշքներ գործել Եհովային ծառայողների համար (Դանիէլ 6։18–22)։
Աստված ինչպե՞ս փրկեց Դանիելին
Մեկ ուրիշ դեպք։ Պետրոսին բանտարկել էին։ Երևի հիշում ես Պետրոսին. նա Հիսուս Քրիստոսի՝ Մեծ Ուսուցչի ընկերներից էր։ Պետրոսը քարոզում էր, որ Հիսուսը Աստծո Որդին է, իսկ դա որոշ մարդկանց դուր չէր գալիս։ Ուստի նրան բանտարկեցին։ Զինվորները հսկում էին, որ Պետրոսը բանտից չփախչեր։ Կա՞ր մեկը, որ կարողանար օգնել նրան։ ~
Պետրոսը քնած էր երկու պահապանների միջև, ձեռքերին՝ շղթաներ։ Աստվածաշունչը պատմում է. «Ահա Տիրոջ հրեշտակը հայտնվեց, և բանտախցում լույս ծագեց։ Դիպչելով Պետրոսին՝ հրեշտակը արթնացրեց նրան ու ասաց. «Վե՛ր կաց, շո՛ւտ»»։
Ինչպե՞ս հրեշտակը Պետրոսին ազատեց բանտից
Պետրոսի ձեռքերից շղթաները վայր ընկան։ Հրեշտակն ասաց նրան. «Շորերդ և կոշիկներդ հագիր ու եկ իմ ետևից»։ Պահապանները չէին կարող Պետրոսին կանգնեցնել, քանի որ հրեշտակը օգնում էր նրան։ Երբ նրանք հասան երկաթե դռանը, տարօրինակ բան տեղի ունեցավ։ Դուռն ասես ինքնիրեն բացվեց։ Այսպիսով՝ հրեշտակը ազատեց Պետրոսին, որպեսզի նա կարողանար շարունակել քարոզել (Գործք 12։3–11)։
Կարո՞ղ են Աստծո հրեշտակները մեզ էլ օգնել։ ~ Այո, կարող են։ Նշանակո՞ւմ է դա, թե նրանք երբեք թույլ չեն տա, որ մեզ վատ բան պատահի։ ~ Օրինակ՝ եթե մենք չմտածված բաներ անենք, նրանք մեզ չեն ազատի վնասվելուց։ Նույնիսկ ճիշտ վարվելու դեպքում միշտ չէ, որ հրեշտակները մեզ կօգնեն։ Հրեշտակներին հանձնարարված չէ ազատել մեզ ամեն տեսակի փորձանքներից։ Փոխարենը՝ Աստված նրանց ուրիշ կարևոր առաջադրանք է տվել։
Աստվածաշնչում խոսվում է մի հրեշտակի մասին, որն ամենուրեք հայտարարում է մարդկանց Աստծուն երկրպագել (Յայտնութիւն 14։6, 7)։ Ինչպե՞ս է այս հրեշտակը դա անում։ Արդյո՞ք նա երկնքից բարձրաձայն բղավում է, այնպես որ բոլորը կարողանան լսել։ ~ Ոչ. Աստծո մասին մարդկանց պատմում են Հիսուսի հետևորդները, իսկ հրեշտակներն առաջնորդում են նրանց։ Նրանք հոգ են տանում, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են իմանալ Աստծո մասին, հնարավորություն ունենան լսելու։ Մենք կարող ենք մասնակցել քարոզչական այդ գործին, իսկ հրեշտակները կօգնեն մեզ։
Ի՞նչ կպատահի, եթե մարդիկ, որոնք չեն սիրում Աստծուն, մեզ համար դժվարություններ ստեղծեն. օրինակ՝ եթե մեզ բանտարկեն։ Հրեշտակները կազատե՞ն մեզ բանտից։ ~ Թեև նրանք կարող են, բայց միշտ չէ, որ այդպես կանեն։
Հրեշտակն ի՞նչ է ասում Պողոսին
Պողոսը Հիսուսի հետևորդներից էր։ Նրան բանտարկել էին և նավով փոթորկալից ծովի միջով ուրիշ տեղ էին տանում։ Բայց հրեշտակները նրան ազատ չարձակեցին. ուրիշ մարդիկ կային, որ դեռ պետք է լսեին Աստծո մասին։ Մի հրեշտակ ասաց Պողոսին. «Մի՛ վախենար, Պողո՛ս։ Դու պետք է կայսրի առջև կանգնես»։ Այո, Պողոսը պետք է հասներ աշխարհակալ թագավորի՝ կայսրի մոտ, որպեսզի քարոզեր նրան։ Հրեշտակները միշտ գիտեին, թե որտեղ է Պողոսը, և օգնում էին նրան։ Նրանք մեզ նույնպես կօգնեն, եթե ամբողջ սրտով ծառայենք Աստծուն (Գործք 27։23–25)։
Կա նաև մեկ ուրիշ կարևոր գործ, որ հրեշտակները շուտով պետք է անեն։ Չար մարդկանց կործանելու համար Աստծո սահմանած ժամանակը շատ մոտ է։ Բոլոր նրանք, ովքեր չեն երկրպագում ճշմարիտ Աստծուն, կկործանվեն։ Եվ ովքեր ասում են, թե չեն հավատում հրեշտակների գոյությանը, որովհետև չեն կարող տեսնել նրանց, կհասկանան, թե որքան են սխալվել (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–8)։
Իսկ ի՞նչ կպատահի մեզ։ ~ Եթե մենք Աստծո հրեշտակների կողմից լինենք, նրանք մեզ կպաշտպանեն։ Բայց մենք արդյոք նրանց կողմի՞ց ենք։ ~ Մենք նրանց կողմից կլինենք, եթե ծառայենք Եհովային։ Իսկ եթե ծառայում ենք Եհովային, կհորդորենք, որ ուրիշներն էլ ծառայեն նրան։
Իմանալու համար, թե հրեշտակները ինչ դեր կարող են ունենալ մարդկանց կյանքում, կարդանք Սաղմոս 34։7; Մատթէոս 4։11; 18։10; Ղուկաս 22։43 և Գործք 8։26–31 համարները։