ԳԼՈՒԽ 12
Ի՞նչ վատ բան կա բամբասելու մեջ
«Մի երեկույթից հետո իմ մասին վատ լուրեր տարածվեցին, իբր սեռական հարաբերություն եմ ունեցել տղաներից մեկի հետ։ Բայց նման բան չէր եղել» (Լինդա)։
«Երբեմն իմ մասին ասում են, թե հանդիպում եմ ինչ-որ մեկի հետ, ում անգամ չեմ ճանաչում։ Բամբասողները չեն էլ փորձում ստուգել, թե իրենց իմացածը որքանով է ճիշտ» (Մայք)։
ԲԱՄԲԱՍԱՆՔԸ կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել, քան գեղարվեստական ֆիլմը։ 19-ամյա Ամբերն ասում է. «Ես բամբասանքի մշտական զոհն եմ եղել։ Մի ժամանակ լուրեր էին տարածվել, թե հղի եմ, հետո, որ աբորտ եմ արել, թմրադեղեր եմ վաճառում, գնում, օգտագործում։ Ինչո՞ւ էին մարդիկ նման բաներ ասում իմ հասցեին, գաղափար չունեմ»։
Էլեկտրոնային նամակների ու տեքստային հաղորդագրությունների միջոցով մի ակնթարթում կարելի է առանց որևէ բառ ասելու բիծ բերել անհատի հեղինակության վրա։ Ընդամենը մի քանի նախադասություն, և վարկաբեկիչ խոսքերն արդեն կարդում են բազում անհատներ։ Երբեմն մի ամբողջ վեբ կայք է ստեղծվում մարդկանց ստորացնելու համար։ Տարածված են օնլայն բլոգներ՝ օրագրեր պարունակող կայքեր, որոնք լի են այնպիսի բամբասանքներով, որ անգամ չես համարձակվի բարձրաձայն ասել։
Ուրիշների մասին խոսելը մի՞շտ է սխալ
Նշիր՝ ճի՞շտ է, թե՞ սխալ
Ուրիշների մասին խոսելը միշտ էլ վատ է։ □ Ճիշտ է □ Սխալ է
Ո՞րն է ճիշտ պատասխանը։ Եթե պարզապես զրուցում ես ուրիշների մասին, դա, ըստ երևույթին, նորմալ է։ Չէ՞ որ Աստվածաշունչը մեզ հորդորում է «հետաքրքրվել ուրիշների կյանքով» (Փիլիպպեցիներ 2։4, New Century Version)։ Սա իհարկե չի նշանակում, որ պետք է խառնվենք այն գործերին, որոնք մեզ չեն վերաբերում (1 Պետրոս 4։15)։ Զրույցի ժամանակ հաճախ կարող ենք իմանալ, օրինակ, թե ով է ամուսնանում, ով է երեխա ունենալու և ով ինչի կարիք ունի։ Իրականում, չենք կարող ասել, թե հետաքրքրվում ենք ուրիշներով, եթե ընդհանրապես չենք խոսում նրանց մասին։
Այնուամենայնիվ, զրույցը հեշտությամբ կարող է վերածվել բամբասանքի։ Օրինակ՝ որևէ մեկը գուցե ասի. «Տիգրանն ու Գոհարը լավ զույգ կլինեին»։ Բայց այդ խոսքերը կարող են տարածվել այսպես. «Տիգրանն ու Գոհարը լավ զույգ են»։ Մինչդեռ Տիգրանի ու Գոհարի մտքով անգամ այդպիսի բան չի անցնում։ Գուցե ասես. «Դրա մեջ ի՞նչ կա որ»։ Հեշտ է այդպես ասել, եթե դու Տիգրանը կամ Գոհարը չես։
18-ամյա Ջուլին նման բամբասանքի զոհ էր դարձել, և դա նրան ցավ էր պատճառել։ Նա պատմում է. «Այդ լուրն ինձ զայրացրեց և անվստահություն առաջացրեց ուրիշների նկատմամբ»։ Ջեյնը, որը 19 տարեկան է, նույնպես հայտնվեց նման իրավիճակում։ «Ես սկսեցի խուսափել այն տղայից, որի հետ «հանդիպում էի»,— ասում է նա։— Դա անարդարացի էր, քանի որ մենք ընկերներ էինք ու կշարունակեինք շփվել, եթե ասեկոսեներ չտարածվեին»։
Զրուցելիս զգույշ եղիր
Ինչպե՞ս կարող ես հսկել լեզուդ, երբ բամբասելու գայթակղություն է առաջանում։ Խորհիր այն հմտության մասին, որն անհրաժեշտ է մայրուղու վրա մեքենա վարելիս։ Անսպասելիորեն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ստիպված լինես փոխել գիծը, զիջել կամ կանգնեցնել մեքենան։ Եթե զգոն ես ու գիտակցում ես անվտանգության կարևորությունը, ապա կտեսնես, թե ինչ կա առջևում և համապատասխան քայլեր կձեռնարկես։
Նույնն է պարագան զրույցի դեպքում։ Սովորաբար հնարավոր է նկատել, թե երբ է զրույցը վերածվում բամբասանքի։ Կարո՞ղ ես հմտորեն «փոխել գիծը», այսինքն՝ խոսակցությունն ուրիշ կողմ դարձնել։ Եթե ոչ, ապա զգուշացիր. բամբասանքը կարող է վնասել։ Մայքը պատմում է. «Մի աղջկա մասին վատ արտահայտվեցի։ Ասացի, որ նրա խելքը գնում է տղաների համար։ Այդ խոսքերը հասան նրան։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես նա մոտեցավ ինձ ու ասաց, որ իրեն անչափ վիրավորել են իմ անմտածված խոսքերը։ Մենք հարթեցինք այդ խնդիրը, բայց ես վատ էի զգում ինձ, որ վիրավորել էի նրան»։
Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ ցավ կարող են պատճառել խոսքերը։ Անգամ Աստվածաշնչում է գրված այդ մասին. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է» (Առակներ 12։18)։ Այդ պատճառով շատ կարևոր է խոսելուց առաջ լավ մտածել։ Ինչ խոսք, քաջություն է պահանջվում «արգելակելու»՝ ընդհատելու այն զրույցը, որը ուր որ է բամբասանքի է վերածվելու։ Ահա թե ինչ է ասում 17-ամյա Կարոլինան. «Դու պետք է զգույշ լինես, թե ինչ ես ասում։ Եթե այդ տեղեկությունը հավաստի աղբյուրից չես լսել, հնարավոր է ստեր տարածես»։ Ուստի երբ զգում ես, որ խոսակցությունը վերածվում է բամբասանքի, կիրառիր Պողոս առաքյալի խորհուրդը. «Նպատակ դրեք հանգիստ կյանք վարել, միայն ձեր գործով զբաղվել» (1 Թեսաղոնիկեցիներ 4։11)։
Ինչպե՞ս կարող ես հետաքրքրություն ցույց տալ ուրիշների հանդեպ և միևնույն ժամանակ միայն քո գործով զբաղվել։ Նախքան որևէ մեկի մասին խոսելը հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս տեղյակ եմ բոլոր փաստերին։ Ինչո՞ւ եմ ուզում պատմել այդ մասին։ Իմ խոսքերը ինչպե՞ս կանդրադառնան իմ անվան վրա։ Վերջին հարցը անչափ կարևոր է, քանի որ բամբասելով՝ դու ավելի շատ վնասում ես քո հեղինակությունը, քան այն մարդունը, ում մասին որ բամբասում ես։
Երբ զոհը դու ես
Ի՞նչ կարող ես անել, երբ դառնում ես բամբասանքի զոհը։ Ժողովող 7։9-ում ասվում է. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել»։ Փորձիր չափազանց լուրջ չվերաբերվել դրան։ Աստվածաշունչն ասում է. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր.... Քո սիրտը լավ գիտի շատ առիթներ, երբ դու ինքդ էլ չարախոսել ես ուրիշներին» (Ժողովող 7։21, 22)։
Ինչ խոսք, բամբասանքը ոչնչով չի արդարացվում։ Սակայն եթե չափազանց սուր արձագանքես, ապա դա քեզ ավելի մեծ վնաս կպատճառի, քան հենց բամբասանքը։ Տեսնենք, թե ինչն է օգնում Ռենեին նման դեպքերում։ Նա ասում է. «Վիրավորական է, երբ մարդիկ վատ բաներ են ասում քո հասցեին, բայց ես փորձում եմ դրանից մեծ պատմություն չսարքել։ Հաջորդ շաբաթ նրանք հավանաբար կխոսեն մեկ ուրիշի կամ մեկ ուրիշ բանի մասին»a։
Խորաթափանց եղիր, և եթե խոսակցությունը վերածվում է բամբասանքի, փոխիր ուղղությունը։ Երբ քո մասին բամբասում են, հասունություն դրսևորիր և սուր մի՛ արձագանքիր։ Թող քո լավ վարքը խոսի քո փոխարեն (1 Պետրոս 2։12)։ Եթե այդպես վարվես, լավ փոխհարաբերություններ կունենաս թե՛ Աստծու, թե՛ մարդկանց հետ։
[ծանոթագրություն]
a Երբեմն ճիշտ կլինի նրբանկատորեն խոսել բամբասողի հետ։ Սակայն շատ դեպքերում դա անհրաժեշտ չէ, քանի որ «սերը ծածկում է մեղքերի շատությունը» (1 Պետրոս 4։8)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Իր բերանը հսկողը իր հոգին է պահպանում, իսկ նա, ով լայն բաց է անում իր շուրթերը, կկործանվի» (Առակներ 13։3)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե ինչ-որ մեկը բամբասում է, կարող ես ասել. «Լավ չեմ զգում, որ խոսում ենք նրա մասին։ Բացի այդ, նա այստեղ չէ և չի կարող պաշտպանել իրեն»։
ԳԻՏԵԻ՞Ր
Նույնիսկ միայն լսելով բամբասանքը՝ դու ինչ-որ չափով պատասխանատու ես դառնում այն տարածելու մեջ։ Ուստի եթե չդադարեցնես զրույցը, ապա թույլ կտաս, որ այն արագ տարածվի։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Երբ որևէ տեղեկություն տարածելու գայթակղության առաջ կանգնեմ, ես ․․․․․
Եթե իմ հասցեին վիրավորական բաներ են ասել, խնդիրը հարթելու համար ես․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ե՞րբ է ուրիշների մասին խոսելը նորմալ։
● Երբևէ դարձե՞լ ես բամբասանքի զոհը։ Եթե այո, ի՞նչ ես սովորել տեղի ունեցածից։
● Ինչպե՞ս կարող է ուրիշների մասին բամբասանք տարածելը արատավորել քո անունը։
[մեջբերում 107-րդ էջի վրա]
«Երբ այն անհատը, ում մասին բամբասել էի, իմացավ այդ մասին ու մոտեցավ ինձ, ես դրանից մեծ դաս քաղեցի։ Փախչելու տեղ չունեի։ Ես հասկացա, որ ավելի լավ է ամեն ինչ այդ մարդուն ասել, քան խոսել նրա հետևից» (Պաուլա)։
[նկար 108-րդ էջի վրա]
Բամբասանքը նման է սրի և կարող է վնասել ուրիշների հեղինակությունը