ԳԼՈՒԽ 21
Ի՞նչ անեմ, երբ ծնողներս դժգոհ են
«Ինձ թվում էր, թե մայրս ի ծնե ոստիկան է, միշտ հետևում է, թե ինչում եմ թերանում։ Դեռ չեմ վերջացրել իմ գործը, նա արդեն թերացումներ է փնտրում» (Գրեգ)։
«Ծնողներս միշտ գլխիս քարոզ էին կարդում։ Նրանք ասում էին, որ ես թափթփված եմ ու անկարգապահ ամեն հարցում՝ դպրոցում, տանը, ժողովում։ Դադար չէին տալիս» (Ջեյմս)։
ԱՐԴՅՈՔ քեզ է՞լ է թվում, թե ինչ էլ անես, միևնույնն է, ծնողներիդ չես գոհացնի։ Գուցե քեզ թվում է, թե նրանք ամեն ինչին խոշորացույցով են նայում, միշտ հետևում են քեզ, չափազանց բծախնդիր են ու կառչում են մանրուքներից։
Ի՞նչ ես հաճախ լսում։
□ Սենյակդ միշտ թափած է
□ Հեռուստացույց շատ ես դիտում
□ Ուշ ես քնում
□ Երբեք ժամանակին չես արթնանում
Գրի առ, թե ծնողներդ ինչից են ավելի շատ դժգոհում։
․․․․․
Ինչ խոսք, այս ամենը կարող է նյարդայնացնել քեզ։ Բայց հաշվի առ մեկ ուրիշ բան. եթե ծնողներդ երբեք քեզ չուղղեին, կմտածեի՞ր, որ նրանք հոգ են տանում քո մասին (Եբրայեցիներ 12։8)։ Իրականում, խրատը նշան է, որ ծնողներդ սիրում են քեզ։ Աստվածաշունչն ասում է, որ հայրը «իր սիրելի որդուն» հանդիմանում է (Առակներ 3։12)։
Պետք է ուրախ լինես, որ ծնողներդ անտարբեր չեն քո հանդեպ։ Չէ՞ որ դու երիտասարդ ես և համեմատաբար անփորձ։ Վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու ինչ-որ բան ուղղել կամ փոխել։ Առանց առաջնորդության ու խրատի՝ «երիտասարդական ցանկությունները» հեշտությամբ կիշխեն քեզ վրա (2 Տիմոթեոս 2։22)։
Բայց դա հաճելի չէ
Ինչ խոսք, «ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում, այլ տրտմեցնում է» (Եբրայեցիներ 12։11)։ Խրատը կարող է ցավալի լինել հատկապես այն պատճառով, որ դու պատանի ես։ Ինչո՞ւ։ Դու դեռ ձևավորման շրջանում ես, հասունանում ես ու սկսում ես ճանաչել ինքդ քեզ։ Այդ պատճառով քեզ ուղղված ցանկացած քննադատություն կամ դժգոհություն, նույնիսկ հիմնավորված ու նրբանկատորեն ասված, միևնույնն է, քեզ համար վիրավորական է։
Դա հասկանալի է, քանի որ ինքնագնահատական տալու հարցում մեծ դեր է խաղում այն, թե ինչ են քո մասին ասում ուրիշները, հատկապես ծնողներդ։ Ուստի երբ նրանք ուղղում են քեզ կամ դժգոհ են քեզնից, դա թերևս քեզ վհատեցնում է։
Պե՞տք է արդյոք մտածես, որ դու ոչ մի լավ բան չես կարող անել և ձախողակ ես զուտ այն պատճառով, որ ծնողներդ ուշադրություն են դարձնում մի քանի թերացումների։ Ո՛չ։ Բոլորն էլ սխալներ են գործում (Ժողովող 7։20)։ Եվ բոլորն էլ սովորում են իրենց սխալներից (Հոբ 6։24)։ Իսկ ինչպե՞ս վարվել, երբ ծնողներդ առատաձեռնորեն խոսում են թերացումներիդ մասին, բայց ժլատ են գովելու հարցում։ Դա հաճելի չէ, բայց նույնիսկ այդ դեպքում չպետք է մտածես, թե դու անուղղելի ես ու անհաջողակ։
Որն է դժգոհության պատճառը
Երբեմն ծնողները չափից շատ դժգոհում են ոչ թե այն պատճառով, որ երեխան թերացել է ինչ-որ հարցում, այլ որ վատ տրամադրություն ունեն այդ օրը։ Գուցե մայրդ հիվանդ է կամ այդ օրը ծանր է եղել նրա համար։ Այդ դեպքում, եթե քո սենյակում ամեն բան իր տեղում չէ, նա կարող է արտահայտել իր դժգոհությունը։ Իսկ եթե հայրդ մտահոգված է ֆինանսական խնդիրներով, ապա կարող է անմտածված խոսքեր ասել, որոնք «սրի պես խոցում» են (Առակներ 12։18)։ Ինչ խոսք, հաճելի չէ լսել անհիմն դժգոհություններ։ Սակայն եթե անընդհատ մտածես, որ քեզ հետ անարդարացի են վարվում, ավելի շատ կվհատվես։ Ուստի չափից շատ ուշադրություն մի՛ դարձրու ծնողներիդ խոսքերին։ Հիշիր. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում։ Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է» (Հակոբոս 3։2)։
Լինելով անկատար՝ հնարավոր է, որ ծնողներդ նույնպես պայքարում են թերարժեքության դեմ։ Եվ քո թերացումները կարող են համարել իրենց թերացումը։ Օրինակ՝ մայրը կարող է դժգոհել, որ իր աղջիկը վատ գնահատականներ է ստանում դպրոցում, բայց նաև մտածել. «Երևի ես վատ մայր եմ, քանի որ չեմ կարողանում աղջկաս օգնել, որ լավ սովորի»։
Հանդարտ մնա թեժ մթնոլորտում
Ինչ էլ լինի դժգոհության պատճառը, հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս արձագանքել։ Նախ մի՛ շտապիր հակահարված տալ։ Առակներ 17։27-ում կարդում ենք. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է»։ Ինչպե՞ս կարող ես հանդարտ մնալ թեժ մթնոլորտում։ Ահա մի քանի առաջարկ։
Լսիր։ Մի՛ արդարացրու քեզ կամ մի՛ փորձիր ապացուցել, որ անմեղ ես։ Վերահսկիր զգացմունքներդ և լսիր, թե ինչ են ասում ծնողներդ։ Քրիստոսի աշակերտ Հակոբոսը քրիստոնյաներին խորհուրդ տվեց «արագ լինել լսելու մեջ.... դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Եթե բարկացած ընդհատես ծնողներիդ, նրանք կմտածեն, որ դու չես լսում իրենց, և քեզ ավելի շատ կխրատեն։
Մտածիր։ Երբեմն գուցե քեզ թվա, թե խորհուրդը այդքան էլ սիրալիր կերպով չտրվեց։ Սակայն լավ կլինի կենտրոնանալ այն բանի վրա, թե քեզ ինչ ասվեց, ոչ թե այն բանի վրա, թե ինչպես ասվեց։ Հարցրու ինքդ քեզ. «Նրանց ասած խոսքերի մեջ ի՞նչն է իրոք ճիշտ։ Նախկինում է՞լ են տվել այս խորհուրդը։ Ինձնից ի՞նչ է պահանջվում նրանց ասածն անելու համար»։ Հիշիր, որ ծնողներդ սիրուց մղված են խրատում, նույնիսկ եթե այդ պահին քեզ այդպես չի թվում։ Եթե քեզ չսիրեին, խրատներ ընդհանրապես չէին տա (Առակներ 13։24)։
Համաձայնվիր։ Ծնողներդ ինչպե՞ս կիմանան, որ հասկացել ես նրանց։ Համաձայնվիր նրանց ասածին։ Ենթադրենք՝ մայրդ ասում է. «Սենյակդ միշտ թափած է։ Եթե չհավաքես իրերը, տնից դուրս չես գա»։ Դու համաձայն չես, որ այն միշտ է թափած։ Բայց անօգուտ կլինի, եթե այդպես արտահայտվես։ Փորձիր իրավիճակին նայել մորդ աչքերով։ Լավ կլինի, որ առանց հեգնանքի ասես. «Ճիշտ ես ասում։ Հիմա սենյակը թափած է։ Ճաշից հետո կհավաքեմ»։ Եթե ծնողիդ անհանգստությունը հաշվի առնես, մթնոլորտը չի թեժանա։ Բայց չմոռանաս անել այն, ինչ քեզ ասվեց (Եփեսացիներ 6։1)։
Սպասիր։ Քեզ արդարացնելու փոխարեն՝ լավ կլինի կատարես ծնողներիդ խնդրանքը։ «Իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում»,— գրված է Աստվածաշնչում (Առակներ 10։19)։ Երբ ծնողներդ տեսնեն, որ իրոք լսում ես իրենց, նրանք էլ հակված կլինեն քեզ լսելու։
Գրի առ, թե վերոնշյալ չորս առաջարկներից որն է առավել կիրառելի քեզ համար։ ․․․․․
Արժե ջանքեր թափել
Եթե իմանայիր, որ հողի մեջ թաքցված ոսկի կա, կհաղթահարեի՞ր դժվարությունները՝ այն ձեռք բերելու համար։ Սակայն Աստվածաշնչում գրված է, որ իմաստություն ձեռք բերելը ոսկի ձեռք բերելուց ավելի լավ է (Առակներ 3։13, 14)։ Իսկ ինչպե՞ս իմաստություն ձեռք բերել։ Առակներ 19։20-ում նշվում է. «Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որպեսզի ապագայում իմաստուն լինես»։ Ճիշտ է, այդքան էլ հաճելի չէ խորհուրդ կամ խրատ ստանալ։ Բայց եթե դրանց մեջ իմաստության «կտորներ» գտնես ու կիրառես, ապա ոսկուց ավելի մեծ հարստություն կունենաս։
Իմացիր, որ խորհուրդներ ստանալու ես ողջ կյանքիդ ընթացքում։ Այսօր դրանք ստանում ես ծնողներիցդ և ուսուցիչներիցդ։ Վաղը կստանաս գործատիրոջիցդ և այլ մարդկանցից։ Եթե սովորես ճիշտ արձագանքել, հաջողություններ կունենաս դպրոցում, կդառնաս արդյունավետ աշխատող և առհասարակ հասուն անձնավորություն կլինես։ Ինչ խոսք, արժե՛ ջանքեր թափել։
Հոգնե՞լ ես ծնողներիդ կանոններից։ Ինչպե՞ս ուրախություն պահպանես և նույնիսկ ավելի շատ ազատություն ստանաս։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը» (Առակներ 1։5)։
ԱՌԱՋԱՐԿ
Որպեսզի հեշտ լինի ընդունել ծնողներիդ խրատը
● շնորհակալ եղիր գովասանքի համար, որ կասեն քննադատության հետ մեկտեղ
● հարցրու, թե որն է խնդիրը կամ հնարավոր լուծումը, եթե պարզ չէ
ԳԻՏԵԻ՞Ր
Որոշ ծնողներ դժվարանում են սեր ցույց տալ իրենց երեխաների հանդեպ, քանի որ չեն ստացել բավարար սեր և հասկացողություն իրենց ծնողների կողմից։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Հաջորդ անգամ, երբ ծնողներս դժգոհ լինեն ինձանից, ես ․․․․․
Եթե զգամ, որ ծնողներս չափազանց դժգոհ են ինձանից, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ գուցե դժվար լինի քննադատություն ընդունել։
● Ի՞նչը կարող է լինել ծնողներիդ դժգոհության պատճառը։
● Ինչպե՞ս կարող ես առավելագույնս օգուտներ քաղել քեզ տրված խորհուրդներից։
[մեջբերում 177-րդ էջի վրա]
«Մայրս ինձ վրա էր գոռում, ես էլ նրան էի պատասխանում։ Բայց այժմ փորձում եմ կիրառել Աստծու Խոսքի խորհուրդները։ Եվ լավ արդյունքի եմ հասնում։ Մայրիկիս վերաբերմունքը սկսել է փոխվել։ Աստվածաշնչյան խորհուրդները օգնում են ինձ ավելի լավ հասկանալու նրան։ Մեր փոխհարաբերությունները լավացել են» (Մառլին)։
[նկար 180-րդ էջի վրա]
Եթե խրատի մեջ իմաստության «կտորներ» փնտրես, ոսկուց էլ արժեքավոր գանձ կգտնես