Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp1 գլ. 20 էջ 142–148
  • Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լուծել կոնկրետ խնդիրը
  • Հեռատես եղիր
  • Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ
    Երիտասարդները հարցնում են
  • Մեծ Ուսուցիչը բարի գործեր էր անում մարդկանց համար
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
yp1 գլ. 20 էջ 142–148

ԳԼՈՒԽ 20

Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ

Գրիր քո սիրելի ուսուցչի անունը։ ․․․․․

Ինչո՞ւ ես սիրում նրան։ ․․․․․

Գրիր այն ուսուցչի անունը, որի հետ դժվարությամբ ես լեզու գտնում։ ․․․․․

ԸՆԿԵՐՆԵՐԻԴ կարող ես ընտրել, իսկ ուսուցիչներիդ՝ ոչ։ Այդուհանդերձ, գուցե սիրում ես բոլոր ուսուցիչներիդ, ինչպես 18-ամյա Դեյվիդը, որն ասում է. «Երբեք խնդիրներ չեմ ունեցել ուսուցիչներիս հետ։ Ես հարգում էի նրանց, նրանք էլ սիրում էին ինձ»։

Սակայն հնարավոր է՝ այնպիսի ուսուցիչ ունես, որը նման է 11-ամյա Սառայի ուսուցչին, ում մասին նա պատմում է. «Ուսուցիչս շատ տարօրինակ է։ Չեմ կարողանում հասկանալ նրան։ Մե՛կ լավ չի բացատրում դասը, մե՛կ երկար-բարակ խոսում է»։ Որպեսզի կարողանաս լեզու գտնել ուսուցչիդ հետ, առաջին հերթին պետք է պարզես, թե որն է քո խնդիրը։ Երբ պարզես, հեշտությամբ կհաղթահարես այն։ Դիր ✔ նշանը համապատասխան տարբերակ(ներ)ի կողքին կամ գրիր քո պատճառը։

□ Չեմ կարողանում հասկանալ ուսուցչիս

□ Ավելի բարձր գնահատականների եմ արժանի

□ Իմ կարծիքով՝ ուրիշներին ավելի լավ է վերաբերվում

□ Անտեղի նկատողություններ եմ ստանում

□ Խտրականության զոհ եմ

□ Եվ այլն ․․․․․

Ի՞նչը կօգնի քեզ։ Նախևառաջ կիրառիր Պետրոս առաքյալի խորհուրդը. «Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից» (1 Պետրոս 3։8)։ Ի՞նչը կմղի քեզ ցավակից լինելու «տարօրինակ» ուսուցչին։ Քննիր, թե ինչի են բախվում ուսուցիչները, և դա գուցե օգնի քեզ։

Ուսուցիչները նույնպես սխալվում են։ Նրանք իրենց տարօրինակություններն ունեն, իրենց խնդիրները և նույնիսկ իրենց կանխակալ կարծիքը։ «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում,— գրեց Հակոբոս աշակերտը,— նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը» (Հակոբոս 3։2)։ 19-ամյա Բրիաննան ասում է. «Մաթեմի ուսուցիչս համբերատար չէր և հաճախ գոռում էր մեզ վրա։ Այդ պատճառով դժվար էր հարգել նրան»։ Իսկ ինչո՞ւ էր նման իրավիճակ տիրում։ «Դասարանում միշտ քաոս էր տիրում։ Երեխաները իրենց շատ վատ էին պահում, որ նրան ավելի ջղայնացնեն»։

Անկասկած, քեզ դուր է գալիս, երբ ուսուցիչդ ուշադրություն չի դարձնում քո սխալներին ու թերություններին, հատկապես երբ սթրեսի մեջ ես։ Կարո՞ղ ես նույնպիսի վերաբերմունք դրսևորել նրա հանդեպ։ Գրիր վերջերս դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին և թե ինչու ուսուցիչդ այդպես վարվեց։

․․․․․

Ուսուցիչները ունեն սիրելի աշակերտներ։ Մտածիր, թե ինչ դժվարությունների են բախվում ուսուցիչներդ։ Օրինակ՝ քանի՞ աշակերտ է քո դասարանում ուզում ներկա գտնվել դասերին։ Նրանցից քանի՞սն է ցանկանում և ի վիճակի է կես ժամ կամ ավելի երկար կենտրոնանալու քննարկվող նյութի վրա։ Քանի՞ աշակերտ է ուզում ուսուցիչների վրա թափել զայրույթը և վրդովմունքը, որ առաջացել են ուրիշ խնդիրների պատճառով։ Իսկ հիմա պատկերացրու, որ դու պետք է սովորեցնես 20, 30 կամ ավելի շատ երեխաների և այնպիսի թեմա ես քննարկելու, որը քչերին է հետաքրքիր։ Հակված չէի՞ր լինի ավելի շատ ուշադրություն դարձնելու այն աշակերտներին, որոնք հետաքրքրություն են դրսևորում։

Ինչ խոսք, գուցե քեզ նյարդայնացնում է այն, որ տեսնում ես, թե ինչ ահավոր խտրականություն են դնում աշակերտների միջև։ Նատաշան իր ուսուցիչներից մեկի մասին պատմում է. «Նա օր էր նշանակում հանձնարարությունը հանձնելու համար, սակայն ֆուտբոլի թիմի աշակերտների համար միշտ բացառություն էր անում։ Բանն այն է, որ նա նաև մարզիչի օգնականն էր»։ Եթե դու էլ ես նման իրավիճակում, հարցրու քեզ. «Ստանո՞ւմ եմ ինձ անհրաժեշտ կրթությունը։ Եթե այո, էլ ինչո՞ւ եմ նեղվում կամ նախանձում»։

Գրիր, թե ինչ կարող ես անել, որ ուսուցիչդ տեսնի, որ քեզ հետաքրքիր է այն, ինչ նա սովորեցնում է։

․․․․․

Ուսուցիչները չեն հասկանում աշակերտներին։ Երբեմն բնավորությունների բախման կամ որոշ տարաձայնությունների պատճառով ուսուցիչդ քո դեմ է տրամադրվում։ Հարցեր տալը կարող է դիտվել որպես ըմբոստություն, իսկ սրամտությունը՝ անհարգալից վերաբերմունք կամ հիմարություն։

Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ սխալ են հասկացել։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։17, 18)։ Ուստի փորձիր չնյարդայնացնել ուսուցչիդ, խուսափիր անտեղի բախումներից։ Բողոքելու առիթ մի՛ տուր ուսուցչիդ։ Մի խոսքով՝ փորձիր ընկերական լինել նրա հետ։ «Ընկերակա՞ն։ Նրա հե՞տ»,— գուցե հարցնես։ Այո՛, քաղաքավարի եղիր ու հարգալից կերպով ողջունիր նրան, երբ դասարան ես մտնում։ Եթե միշտ քաղաքավարի լինես, նույնիսկ երբեմն ժպտաս, հնարավոր է՝ նա փոխի քո մասին իր կարծիքը (Հռոմեացիներ 12։20, 21)։

Քենի ուսուցիչները հաճախ թերագնահատում էին նրան։ «Ես շատ ամաչկոտ եմ,— ասում է նա,— ու երբեք չէի խոսում ուսուցիչներիս հետ»։ Ինչպե՞ս նա լուծեց այդ խնդիրը։ «Ի վերջո, հասկացա, որ նրանք հիմնականում ուզում են օգնել ինձ։ Ուստի նպատակ դրեցի բոլոր ուսուցիչներիս անհատապես ճանաչել։ Երբ այդպես արեցի, բարձր գնահատականներ սկսեցի ստանալ»։

Ճիշտ է, լավ վերաբերմունքն ու խոսելաձևը միշտ չէ, որ կշահեն ուսուցչին։ Սակայն համբերատար եղիր։ Սողոմոն թագավորը գրեց. «Համբերությամբ ղեկավարին [կամ՝ ուսուցչին] կարելի է համոզել, և մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել» (Առակներ 25։15)։ Հունից դուրս մի՛ արի և մեղմությամբ խոսիր, երբ քեզ հետ անարդարացիորեն են վարվում։ Ուսուցիչդ գուցե փոխի իր կարծիքը քո մասին (Առակներ 15։1)։

Սովորաբար ինչպե՞ս ես արձագանքում, երբ ուսուցիչդ սխալ է հասկանում քեզ կամ անարդարացիորեն է վերաբերվում։

․․․․․

Ինչպե՞ս ավելի լավ կլինի արձագանքել։

․․․․․

Լուծել կոնկրետ խնդիրը

Ուսուցչի սահմանափակ հնարավորությունները հասկանալը առաջին քայլն է։ Ի՞նչ կարող ես անել, որ լուծես կոնկրետ խնդիրը։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող ես լուծել հետևյալ խնդիրները։

Ես ավելի լավ գնահատականի եմ արժանի։ «Ես միշտ բարձր գնահատականներ էի ստանում,— ասում է Կատրինը։— Բայց մի տարի բնագիտության ուսուցիչս գնահատեց անբավարար, թեև բարձրին էի արժանի։ Ծնողներս խոսեցին տնօրենի հետ։ Սակայն նա ընդամենը մեկ միավորով բարձրացրեց գնահատականս, դրա համար զայրույթս չանցավ»։ Եթե դու էլ ես կանգնած նման խնդրի առաջ, մի՛ շտապիր մեղադրել ուսուցչիդ։ Փորձիր ընդօրինակել աստվածաշնչյան հերոսներից մեկին՝ Նաթանին։ Նա դժվար հանձնարարություն պետք է կատարեր՝ Դավիթ թագավորին հայտներ նրա կատարած լուրջ սխալի մասին։ Նաթանը չներխուժեց պալատ՝ գոռգոռալով ու մեղադրանքների տարափ լցնելով Դավթի գլխին, այլ նրբանկատորեն խոսեց նրա հետ (2 Սամուել 12։1–7)։

Նմանապես, դու կարող ես խոնարհաբար մոտենալ ուսուցչիդ ու հանգիստ խոսել նրա հետ։ Եթե բարկացած խոսես կամ մեղադրես նրան, որ նա լավ ուսուցիչ չէ, կամ ուրիշ վատ բաներ ասես, դժվար թե շահես նրան։ Փորձիր վարվել հասուն մարդու նման։ Նախ խնդրիր ուսուցչիդ բացատրել քեզ, թե ինչ պետք է անես, որ բարձր գնահատականներ ստանաս։ «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս,— գրեց Սողոմոնը,— ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է» (Առակներ 18։13)։ Եթե լսես ուսուցչիդ, կկարողանաս ասել նրան, թե քո կարծիքով՝ որ հարցում նա ճիշտ չէ։ Նույնիսկ եթե դրանից հետո էլ գնահատականդ չփոխվի, քո հասուն մոտեցումը լավ տպավորություն կթողնի ուսուցչիդ վրա։

Ուսուցիչս կանխակալ կարծիք ունի իմ մասին։ Քննիր Ռեյչլի օրինակը։ Նա լավ գնահատականներ էր ստանում։ Սակայն 7-րդ դասարանում ամեն ինչ փոխվեց։ «Ուսուցիչս ամեն ինչ անում էր, որ իր առարկայից վատ գնահատական ստանամ»,— պատմում է նա։ Ինչո՞ւ։ Նա հասկացնում էր Ռեյչլին ու իր մորը, որ իրեն դուր չի գալիս նրանց կրոնը։

Ի՞նչ եղավ արդյունքում։ Ռեյչլն ասում է. «Ամեն անգամ, երբ ուսուցիչս իմ աշխատանքը գնահատում էր՝ ելնելով իմ մասին ունեցած իր կանխակալ կարծիքից, մայրս ինձ հետ դպրոց էր գալիս, որ խոսի նրա հետ։ Մի որոշ ժամանակ հետո նա այլևս ինձ չէր նեղում»։ Եթե դու էլ այդպիսի խնդիր ունես, համարձակորեն խոսիր ծնողներիդ հետ։ Անկասկած, նրանք կցանկանան խոսել ուսուցչիդ ու թերևս տնօրինության հետ, որ լուծեն խնդիրը։

Հեռատես եղիր

Իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լավ լուծում ստանում։ Երբեմն դու պարզապես պետք է համբերես։ «Ուսուցիչներիցս մեկը վատ էր վերաբերվում աշակերտներին,— պատմում է Տանյան։— Նա հաճախ վիրավորում էր մեզ՝ «հիմար» կոչելով։ Սկզբում ես լաց էի լինում, բայց հետո սովորեցի ինձ վրա չվերցնել վիրավորանքները։ Կենտրոնանում էի դասիս վրա և իր դասաժամին միշտ ուշադիր էի լինում։ Արդյունքը եղավ այն, որ նա այլևս շատ չէր անհանգստացնում ինձ, ու ես այն մի քանի աշակերտների թվում էի, ովքեր լավ գնահատականներ էին ստանում։ Երկու տարի անց նրան հանեցին աշխատանքից»։

Սովորիր ընդհանուր լեզու գտնել ուսուցչի հետ և ձեռք կբերես ունակություններ, որոնք հետագայում կօգնեն քեզ լեզու գտնելու վատ գործատիրոջ հետ։ Նաև կսովորես գնահատել լավ ուսուցիչներին։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ժամանակը չի՞ բավականացնում քեզ։ Ի՞նչ կարող ես անել, որ ժամացույցը հօգուտ քեզ աշխատի։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։

ԱՌԱՋԱՐԿ

Եթե կարծում ես, որ ուսուցիչդ ձանձրալի մարդ է, կենտրոնացիր դասի վրա, ոչ թե նրա։ Նշումներ արա, հարգալից կերպով հարցեր տուր և ոգևորությամբ սովորիր առարկան։ Ոգևորվածությունը վարակիչ է։

ԳԻՏԵԻ՞Ր

Ուսուցիչդ հավանաբար նույն դասը հազար անգամ պատմել է ուրիշ դասարաններում։ Ուստի նրա համար կարող է դժվար լինել առաջին անգամվա պես ոգևորությամբ խոսել։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Որպեսզի ձանձրալի դասը ավելի հետաքրքիր դարձնեմ ինձ համար, ես ․․․․․

Եթե ուսուցիչս անարդար է, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է կարևոր ավելի շատ կենտրոնանալ դասի, քան ուսուցչի վրա։

● Ինչպե՞ս կարող է դասի հանդեպ ունեցած քո վերաբերմունքը ազդել ուսուցչի՝ քո հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։

[մեջբերում 146-րդ էջի վրա]

«Ես մեծ ջանքեր էի թափում, որ լավ փոխհարաբերություններ ունենամ բոլոր ուսուցիչների հետ։ Գիտեմ նրանց անունները, ու երբ փողոցում հանդիպում ենք, կանգնում եմ, որ մի քանի րոպե խոսենք» (Կարմեն)։

[նկար 145-րդ էջի վրա]

Հարթ քարերի օգնությամբ անցնում ես գետը, իսկ ուսուցիչների օգնությամբ՝ չիմացությունից հասկացողության, քեզնից, սակայն, պահանջվում է քայլել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը