Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kr գլ. 16 էջ 170–181
  • Հանդիպումներ երկրպագության համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հանդիպումներ երկրպագության համար
  • «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ ենք հանդիպումներ անցկացնում
  • Շաբաթական հանդիպումներ, որոնք «սիրո և բարի գործերի» են մղում
  • Տարվա ամենակարևոր հանդիպումը
  • Ի՞նչ է բացահայտում մեր վերաբերմունքը
  • Հանդիպումներ, որ մղում են «սիրո և բարի գործերի»
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Հանդիպումներ երկրպագության, ուսուցման և քաջալերանքի համար
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ձեզ սրտանց հրավիրում ենք
    2009 Դիտարան
  • Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
«Աստծու Թագավորությունը իշխում է»
kr գլ. 16 էջ 170–181

ԳԼՈՒԽ 16

Հանդիպումներ երկրպագության համար

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես են ձևավորվել մերօրյա հանդիպումները, և որքան կարևոր են դրանք

1. Երբ աշակերտները հավաքված էին, ի՞նչ օգնություն նրանք ստացան, և ինչո՞ւ դրա կարիքը կար։

ՀԻՍՈՒՍԻ հարություն առնելուց կարճ ժամանակ անց աշակերտները հավաքվել էին՝ իրար քաջալերելու համար։ Նրանք կողպել էին դռները, քանի որ վախենում էին թշնամիներից։ Սակայն այդ վախը, ըստ ամենայնի, անմիջապես անհետացավ, երբ Հիսուսը հայտնվեց սենյակում և ասաց. «Առե՛ք սուրբ ոգին» (կարդա՛ Հովհաննես 20։19–22)։ Հետո աշակերտները կրկին հավաքված էին, երբ Եհովան սուրբ ոգին թափեց նրանց վրա։ Դա զորացրեց ու քաջությամբ լցրեց նրանց, որ կատարեն իրենց հանձնարարված քարոզչական գործը (Գործ. 2։1–7)։

2. ա) Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ, և ինչո՞ւ դրա կարիքը կա։ բ) Ինչո՞ւ է ընտանեկան երկրպագությունը անչափ կարևոր (տես ծանոթագրությունը և «Ընտանեկան երկրպագություն» շրջանակը, էջ 175)։

2 Մենք նույն խնդիրներն ու զգացումներն ենք ունենում, ինչ ունեցել են առաջին դարում ապրած մեր եղբայրները (1 Պետ. 5։9)։ Երբեմն մեզնից ոմանց տանջում է մարդավախությունը, և որպեսզի շարունակենք մասնակցել քարոզելու գործին, Եհովայի տված զորության կարիքն ենք ունենում (Եփես. 6։10)։ Եհովան տալիս է այդ ուժն ու քաջությունը ժողովների միջոցով։ Այսօր շաբաթական անցկացվում են երկու կրթական հանդիպումներ. շաբաթ կամ կիրակի՝ Հանրային հանդիպում և «Դիտարանի» ուսումնասիրություն, իսկ աշխատանքային օրերին՝ Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպումը։a Նաև տարեկան անցկացվում են չորս ավելի մեծ հավաքույթներ՝ տարածաշրջանային համաժողով, երկու շրջանային համաժողովներ և Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն։ Ինչո՞ւ է կարևոր մասնակցել այս բոլոր հանդիպումներին։ Ինչպե՞ս ձևավորվեցին դրանք։ Դրանց հանդեպ մեր վերաբերմունքը ի՞նչ է ասում մեր մասին։

Ինչո՞ւ ենք հանդիպումներ անցկացնում

3, 4. Ի՞նչ է Եհովան պահանջել իր ժողովրդից։

3 Վաղուց ի վեր Եհովան պատվիրել է իր ժողովրդին, որ մեկտեղ հավաքվեն իրեն երկրպագելու համար։ Օրինակ՝ մ.թ.ա. 1513թ.-ին նա Իսրայել ազգին տվեց իր Օրենքը, որը ներառում էր նաև Շաբաթը պահելու օրենքը. բոլոր ընտանիքները ամեն շաբաթ օր պետք է միասին երկրպագեին Աստծուն և կրթվեին Օրենքից (2 Օրենք 5։12; 6։4–9)։ Քանի դեռ իսրայելացիները հետևում էին այդ պատվերին, նրանք զորանում էին, իսկ նրանց ընտանիքները՝ ամրանում։ Արդյունքում՝ ողջ ազգը հոգևորապես մաքուր էր մնում։ Սակայն երբ թերանում էին կատարել Օրենքը, անտեսելով կանոնավորաբար մեկտեղ հավաքվելու պատվերը, կորցնում էին Աստծու հավանությունը (Ղևտ. 10։11; 26։31–35; 2 Տար. 36։20, 21)։

4 Հիսուսը այս հարցում լավ օրինակ է թողել իր հետևորդներին։ Նա ամեն շաբաթ օր ժողովարան գնալու սովորություն ուներ (Ղուկ. 4։16)։ Նրա մահից և հարությունից հետո աշակերտները շարունակեցին կանոնավորաբար հավաքվել, թեև այլևս Օրենքի տակ չէին (Գործ. 1։6, 12–14; 2։1–4; Հռոմ. 14։5; Կող. 2։13, 14)։ Այդ հավաքույթների ժամանակ առաջին դարի քրիստոնյաները ոչ միայն կրթվում էին ու քաջալերվում, այլև Աստծուն գովաբանության զոհեր էին մատուցում իրենց աղոթքներով, երգերով և «շուրթերի պտուղներով» (Կող. 3։16; Եբր. 13։15)։

Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին այն սենյակում, որտեղ հավաքված են

Հիսուսի աշակերտները մեկտեղ էին հավաքվում միմյանց զորացնելու և քաջալերելու համար

5. Ինչո՞ւ ենք մասնակցում մեր շաբաթական և տարեկան հավաքույթներին (տես նաև «Տարեկան հանդիպումներ, որ միավորել են Աստծու ժողովրդին» շրջանակը, էջ 176)։

5 Նմանապես այսօր, երբ մենք հաճախում ենք մեր շաբաթական հանդիպումներին և տարեկան համաժողովներին, ցույց ենք տալիս, որ Աստծու Թագավորության աջակիցներ ենք։ Դրանց ժամանակ մենք զորանում ենք սուրբ ոգով և քաջալերում ենք միմյանց՝ արտահայտելով մեր հավատը։ Բացի դրանից, մենք նաև հնարավորություն ենք ունենում երկրպագելու Աստծուն մեր աղոթքներով, երգերով և մեկնաբանություններով։ Ճիշտ է, մեր հանդիպումները փոքր-ինչ տարբերվում են վաղեմի իսրայելացիների և առաջին դարի քրիստոնյաների հավաքույթներից, սակայն դրանք նույնքան կարևոր են։ Իսկ ինչպե՞ս են ձևավորվել մեր ներկայիս հավաքույթները։

Շաբաթական հանդիպումներ, որոնք «սիրո և բարի գործերի» են մղում

6, 7. ա) Ո՞րն է մեր հանդիպումների նպատակը։ բ) Ինչպե՞ս էին նախկինում հանդիպումները խմբից խումբ տարբերվում։

6 Երբ եղբայր Չարլզ Թեյզ Ռասելը սկսեց ճշմարտությունը փնտրել Աստծու Խոսքում, նա անհրաժեշտ համարեց մեկտեղ հավաքվել նրանց հետ, ովքեր նույն նպատակն ունեն։ 1879-ին նա գրեց. «Պիտսբուրգում մենք Աստվածաշունչ ուսումնասիրելու համար դասարան ենք կազմել և հավաքվում ենք ամեն կիրակի»։ «Դիտարանի» ընթերցողները միասին հավաքվելու հորդոր ստացան, և 1881-ին Պիտսբուրգում արդեն ամեն չորեքշաբթի և կիրակի հանդիպումներ էին անցկացվում։ 1895թ. նոյեմբերի «Դիտարանում» ասվում էր, որ այդ հանդիպումների նպատակն է զարգացնել «քրիստոնեական ընկերակցություն, սեր ու միասնություն» և հաճախողներին հնարավորություն տալ միմյանց քաջալերելու (կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25)։

7 Երկար տարիներ Աստվածաշունչ ուսումնասիրողների առանձին խմբերի անցկացրած հանդիպումները տարբերվում էին իրարից։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում խմբերից մեկի ուղարկած նամակում, որը տպվեց 1911-ին, ասվում էր. «Մենք ամեն շաբաթ առնվազն հինգ անգամ հանդիպում ենք անցկացնում»։ Նրանք հավաքվում էին երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և երկու անգամ էլ կիրակի օրը։ Իսկ Աֆրիկայից ստացված մի նամակում, որը տպվեց 1914-ին, ասվում էր. «Մենք ամիսը երկու անգամ հանդիպումներ ենք անցկացնում, որոնք տևում են ուրբաթից կիրակի»։ Սակայն ժամանակի ընթացքում հանդիպումները ձևափոխվեցին և դարձան այնպիսին, ինչպիսին այսօր են։ Հակիրճ ծանոթանանք դրանցից յուրաքանչյուրի պատմությանը։

8. Նախկինում որո՞նք էին հանրային ելույթների թեմաներից մի քանիսը։

8 Հանրային հանդիպում։ 1880-ին՝ մեկ տարի անց այն ժամանակից, երբ հրատարակվեց առաջին «Սիոնի Դիտարանը», եղբայր Ռասելը, հետևելով Հիսուսի օրինակին, ձեռնարկեց մի շրջագայություն (Ղուկ. 4։43)։ Տարբեր տեղերում նա պետք է քարոզներ կարդար հանրության առաջ։ Դա հիմք ծառայեց, որ ժամանակի ընթացքում ձևավորվի ներկայիս Հանրային հանդիպումը։ «Դիտարանը», տեղեկացնելով այդ շրջագայության մասին, նշում էր, որ եղբայր Ռասելը «ուրախ է անցկացնել հանրային հանդիպումներ «Աստծու Թագավորությանն առնչվող բաները» թեմայով»։ 1911-ին, երբ մի շարք երկրներում կազմավորվել էին դասարաններ՝ ժողովներ, հորդոր տրվեց, որ ամեն դասարան հմուտ հռետորներ ուղարկի շրջակա բնակավայրեր դատաստանի, փրկանքի և նման այլ թեմաների վերաբերյալ վեց ելույթներ ներկայացնելու համար։ Ամեն ելույթի վերջում հայտարարվելու էր հաջորդ շաբաթվա ելույթի վերնագիրը և այն ներկայացնող հռետորի անունը։

9. Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում ձևավորվել և փոփոխվել Հանրային հանդիպումը, և ինչպե՞ս կարող ես աջակցել դրան։

9 1945-ին «Դիտարանում» հայտարարվեց, որ ամբողջ աշխարհում սկսվելու է Հանրային հանդիպման քարոզարշավ, ներկայացվելու էին ութ աստվածաշնչյան ելույթներ «ժամանակների հրատապ խնդիրների» վերաբերյալ։ Տասնամյակներ շարունակ նշանակված հռետորները ոչ միայն օգտվում էին հավատարիմ ծառայի տրամադրած թեմաներից, այլև ինքնուրույն էին ելույթներ կազմում և ներկայացնում։ Սակայն 1981-ին նրանք առաջնորդություն ստացան հետևելու միայն այն ելույթների պլանին, որոնք ուղարկվում էին ժողովներին։b Մինչև 1990 թվականը որոշ պլաններում ընդգրկված էին ցուցադրումներ կամ հարցեր, որոնց օգնությամբ քննարկում էր անցկացվում ունկնդիրների հետ։ Բայց այդ տարի փոփոխություն արվեց. Հանրային հանդիպման թեման սկսեցին ներկայացնել միայն որպես ելույթ։ Հաջորդ փոփոխությունը եղավ 2008-ի հունվարին. հանրային ելույթի տևողությունը 45 րոպեից կրճատվեց և դարձավ 30։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր լավ պատրաստված հանրային ելույթները Աստվածաշնչով կրթում են մեզ և կերտում մեր հավատը (1 Տիմոթ. 4։13, 16)։ Հրավիրո՞ւմ ես բոլորին, այդ թվում նրանց, ում այցելում ես, այս հանդիպման ժամանակ լսելու կարևոր աստվածաշնչյան ելույթներ։

10–12. ա) Ի՞նչ փոփոխություններ եղան «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման մեջ։ բ) Ի՞նչ հարցեր լավ կլինի տանք ինքներս մեզ։

10 «Դիտարանի» ուսումնասիրություն։ 1922-ին պիլիգրիմները՝ այն եղբայրները, որոնք կազմակերպության կողմից ուղարկվում էին ժողովներում ելույթներ ներկայացնելու և քարոզչական գործը առաջնորդելու, առաջարկեցին, որ պարբերաբար հանդիպումներ անցկացվեն «Դիտարանը» ուսումնասիրելու համար։ Այս առաջարկը ընդունվեց։ Հանդիպումները սկզբում անցկացվում էին կա՛մ շաբաթվա մեջտեղում, կա՛մ վերջում՝ կիրակի օրը։

Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ Գանայում, 1931

«Դիտարանի» ուսումնասիրություն, Գանա, 1931

11 1932թ. հունիսի 15-ի «Դիտարանում» լրացուցիչ առաջնորդություն տրամադրվեց այն մասին, թե ինչպես պետք է այդ հանդիպումներն անցկացվեն։ Օրինակ բերելով Բեթելի ընտանիքում անցկացվող ուսումնասիրությունը՝ հոդվածը նշում էր, որ հանդիպումը պետք է անցկացնի մի եղբայր։ Երեք եղբայրներ պետք է նստեին առջևում և հերթով կարդային պարբերությունները։ Այդ ժամանակ հոդվածներում չկային տպված հարցեր, ուստի անցկացնող եղբայրը պետք է հրավիրեր ներկաներին նյութի վերաբերյալ հարցեր բարձրացնել, որից հետո բոլորը կփորձեին պատասխանել այդ հարցերին։ Եթե լրացուցիչ պարզաբանման կարիք լիներ, անցկացնող եղբայրը պետք է «պարզ ու համառոտ» բացատրեր։

12 Սկզբում ժողովները կարող էին ձայների մեծամասնությամբ ընտրել, թե «Դիտարանի» որ համարն են ուսումնասիրելու։ Սակայն 1933-ի ապրիլի 15-ի «Դիտարանում» առաջարկվեց, որ բոլոր ժողովները ուսումնասիրեն ընթացիկ թողարկումը։ Իսկ 1937-ին առաջնորդություն եկավ, որ հանդիպումը անցկացվի կիրակի օրը։ Լրացուցիչ փոփոխությունների մասին տպվեց 1942թ. հոկտեմբերի 1-ի «Դիտարանում»։ Ամսագրում հայտարարություն եղավ, որ ուսումնասիրության հոդվածների էջերի ներքևում հարցեր կլինեն, և քննարկումը պետք է անցկացվի դրանց միջոցով։ Այնտեղ նաև գրված էր, որ հանդիպումը պետք է տևի 1 ժամ, և հորդոր էր տրվում, որ ներկաները մեկնաբանություններ տան ոչ թե պարբերությունից կարդալով, այլ «իրենց բառերով»։ «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումը մինչ օրս այն հիմնական հանդիպումն է, որի միջոցով հավատարիմ ծառան ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր է տալիս (Մատթ. 24։45)։ Լավ կլինի, որ մեզնից յուրաքանչյուրը հարցնի իրեն. «Ամեն շաբաթ պատրաստվո՞ւմ եմ «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Ձգտո՞ւմ եմ մեկնաբանություն տալ»։

13, 14. Ինչպե՞ս է ձևավորվել Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը, և ինչո՞վ է այդ հանդիպումը քեզ դուր գալիս։

13 Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում։ 1890-ականների սկզբներին, երբ արդեն լույս էին տեսել «Հազարամյակի արշալույս» գրքի մի քանի հատորներ, եղբայր Ռանը, որն ապրում էր ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրելու համար «Արշալույսի» խմբակներ կազմել և քննել այդ հատորները։ Սկզբում հանդիպումները, որ հաճախ անցկացվում էին մասնավոր տներում, պարզապես փորձնական բնույթ էին կրում։ Սակայն 1895-ի սեպտեմբերին դրանք արդեն անցկացվում էին Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում։ Այդ ամսվա «Դիտարանում» բոլոր Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդոր էր տրվում կազմակերպել ու անցկացնել այս հանդիպումները։ Հոդվածում ասվում էր, որ անցկացնողը պետք է կարողանա լավ ընթերցել։ Նա պետք է մի նախադասություն կարդար և սպասեր, որ ներկաները մեկնաբանեն։ Նախադասություն առ նախադասություն պարբերությունը կարդալուց և քննարկելուց հետո նա պետք է բացեր ու կարդար մեջբերված աստվածաշնչյան համարները։ Իսկ վերջում՝ գլուխը քննարկելուց հետո, ներկաներից յուրաքանչյուրը պետք է կարճ ամփոփեր նյութը։

14 Այս հանդիպման անունը մի քանի անգամ փոխվել է։ Հիմնվելով առաջին դարի բերիացիների օրինակի վրա, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրում էին Սուրբ Գրքերը՝ այն վերանվանվեց Բերիական խմբակներ (Գործ. 17։11)։ Ժամանակի ընթացքում փոխվեց ու դարձավ ժողովի Գրքի ուսումնասիրություն։ Այսօր այն կոչվում է Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում և անցկացվում է ոչ թե մասնավոր տներում, այլ Թագավորության սրահում, որտեղ հավաքվում է ողջ ժողովը։ Տասնամյակների ընթացքում այս հանդիպման ժամանակ ուսումնասիրվել են տարբեր գրքեր, գրքույկներ և անգամ «Դիտարանի» հոդվածներ։ Հենց սկզբից էլ բոլորին հորդոր էր տրվում մասնակցել այս հանդիպմանը։ Այն հարստացրել է մեզ աստվածաշնչյան գիտելիքներով։ Իսկ դու միշտ պատրաստվո՞ւմ ես այս հանդիպմանը և հնարավորինս մասնակցո՞ւմ ես՝ մեկնաբանություններ տալով։

Ծնողները իրենց երկու աղջիկների հետ ընտանեկան ուսումնասիրություն են անցկացնում

Ձեր շաբաթվա գրաֆիկում ունե՞ք ընտանեկան երկրպագությանը հատկացված ժամանակ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐՋԻՆ օրերի ընթացքում Եհովայի կազմակերպությունը ավելի մեծ շեշտ է դրել այն բանի վրա, որ յուրաքանչյուր ընտանիք Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր ունենա (2 Տիմոթ. 3։1)։ Դեռևս 1932թ.-ին հրատարակված «Ընտանիք և երջանկություն» գրքույկում հստակ ասվում էր. «Թող որ յուրաքանչյուր ընտանիք անմիջապես սկսի տանը Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել»։ Իսկ 1956թ. մայիսի 15-ի «Դիտարանում» բոլոր քրիստոնյա ընտանիքներին հորդոր էր տրվում «կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները օգուտ քաղեն դրանից»։ Հետո հարց էր ուղղվում ընթերցողին. «Դուք ընտանիքով ուսումնասիրո՞ւմ եք «Դիտարանի» հոդվածը նախքան ժողովի հանդիպումը»։

2009թ.-ին կազմակերպությունը շեշտ դրեց ընտանեկան ուսումնասիրության կարևորության վրա՝ ժողովի հանդիպումների գրաֆիկում փոփոխություն անելով։ Այդուհետ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը սկսեց անցկացվել Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման հետ։ 2011թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում գրվեց. «Այս փոփոխության նպատակներից մեկն այն էր, որ ընտանիքները հնարավորություն ունենան ամրացնելու Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները՝ ամեն շաբաթ մի երեկո տրամադրելով ընտանեկան երկրպագությանը.... [Հարկավոր է] օգտագործել այս ժամանակը՝ առանց շտապելու Աստվածաշնչից քննարկումներ անելու և ընտանիքի կարիքներին համապատասխան նյութ ուսումնասիրելու համար»։c

Ինչո՞ւ է ընտանեկան երկրպագությունը անչափ կարևոր և ինչո՞ւ չպետք է բաց թողնել այն։ Քանի որ այն նպաստում է ոչ միայն ընտանիքի անդամների հոգևոր ամրապնդմանը, այլև ժողովի։ Պատկերացնենք օրինակով. ժողովը կարելի է նմանեցնել աղյուսով կառուցված մի տան (կարդա՛ Եբրայեցիներ 3։4–6)։d Տան ամրությունը կախված է երկու հիմնական գործոնից՝ հիմքի որակից և յուրաքանչյուր աղյուսի ամրությունից։ Եթե հիմքը սխալ է գցված, տունը փուլ կգա։ Սակայն նույնիսկ եթե տան հիմքը ամուր լինի, բայց աղյուսները՝ փխրուն, տան պատերը կանգուն չեն մնա։ Քրիստոնեական ժողովը կառուցված է ամենաամուր հիմքի՝ Քրիստոսի ուսմունքների վրա (կարդա՛ 1 Կորնթացիներ 3։10–15)։e Ժողովի առանձին անհատներն ու ընտանիքները նման են աղյուսների։ Ընտանեկան երկրպագությունը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի, ինչպես նաև առանձին անհատների համար առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում զարգացնելու ամուր, հրակայուն հավատ։ Իսկ հոգևորապես ամուր անհատներն ու ընտանիքները կազմում են ամուր ժողովներ։ Ձեր շաբաթվա գրաֆիկում ունե՞ք ընտանեկան երկրպագությանը հատկացված ժամանակ։

c 2011թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կարող ես գտնել առաջարկներ ընտանեկան երկրպագության համար։

d Պողոսի խոսքերն ուղղված են «երկնային կոչման մասնակիցներին» (Եբր. 3։1)։ Սակայն նրա խորհուրդը սկզբունքորեն վերաբերում է բոլոր քրիստոնյաներին։

e Աստվածաշնչի այս խոսքերը մանրամասն քննարկվում են 1999թ. օգոստոսի 15-ի «Դիտարանում» (էջ 12–14, պարբ. 15–20)։ Կարդացեք այդ նյութը և մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել ձեր ընտանեկան երկրպագության առնչությամբ։

15. Ո՞րն էր Աստվածապետական ծառայության դպրոցի նպատակը։

15 Աստվածապետական ծառայության դպրոց։ «1942-ի փետրվարի 16-ին՝ երկուշաբթի երեկոյան, Բրուքլինի Բեթելի բոլոր եղբայրները հրավիրվեցին մասնակցելու մի դպրոցի, որը հետագայում կոչվեց Աստվածապետական ծառայության դպրոց»,— պատմում էր եղբայր Քերի Բարբերը, ով այդ ժամանակ ծառայում էր գլխավոր վարչությունում, իսկ հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Դպրոցի մասին նա նաև ասաց, որ այն օրերում դա «ամենաուշագրավ փոփոխությունն էր, որ Եհովան արեց իր ժողովրդի համար»։ Դպրոցը զգալիորեն օգնեց եղբայրներին, որ բարելավեն սովորեցնելու և քարոզելու իրենց հմտությունները։ Այդ իսկ պատճառով, 1943-ից սկսած, «Աստվածապետական ծառայության դասընթաց» գրքույկը աստիճանաբար մատչելի դարձավ աշխարհի բոլոր ժողովներին։ 1943թ. հունիսի 1-ի «Դիտարանում» ասվում էր, որ Աստվածապետական ծառայության դպրոցի նպատակն է օգնել Աստծու ժողովրդին «ուսուցանվել և լինել ավելի լավ վկաներ Թագավորությունը հռչակելու գործում» (2 Տիմոթ. 2։15)։

16, 17. Արդյո՞ք Աստվածապետական դպրոցը միայն ուսուցանելու հմտություններ էր սովորեցնում։ Բացատրիր։

16 Սկզբում շատերի համար տանջանք էր մեծ լսարանի առաջ խոսելը։ Քլեյթոն Վուդվորդ Կրտսերը, ում հայրը եղբայր Ռադերֆորդի և ուրիշների հետ 1918-ին անարդարացիորեն բանտարկվել էր, պատմեց, թե ինչ էր զգում, երբ 1943-ին մասնակցում էր դպրոցին. «Ինձ համար շատ դժվար էր ելույթ ներկայացնելը։ Լեզուս կապ էր ընկնում, բերանս չորանում էր, ձայնս էլ մեկ ասես ոռնոց լիներ, մեկ՝ ծվծվոց»։ Ժամանակի ընթացքում Քլեյթոնը հմուտ հռետոր դարձավ և հանրային ելույթներ ներկայացնելու առանձնաշնորհում ունեցավ։ Դպրոցը նրան ավելին սովորեցրեց, քան պարզապես ուսուցանելու հմտությունները։ Նա գիտակցեց խոնարհության արժեքը և Եհովային վստահելու կարևորությունը։ «Հասկացա, որ կարևոր չէ, թե ով է ելույթ ներկայացնողը,— ասում էր Քլեյթոնը։— Եթե նա լավ է նախապատրաստվել և լիովին ապավինում է Եհովային, ապա մարդիկ նրան հաճույքով կլսեն և ելույթից ինչ-որ բան կսովորեն»։

17 1959-ից քույրերն էլ հրավիրվեցին մասնակցելու դպրոցին։ Էդնա Բաուերը, ով ներկա էր այն համաժողովին, երբ արվեց այդ հայտարարությունը, պատմում է. «Հիշում եմ, թե ինչքան էին ոգևորվել քույրերը։ Այժմ նրանց առաջ նոր հնարավորություններ էին բացվել»։ Տարիներ շարունակ եղբայրներն ու քույրերը օգտվել են Աստվածապետական ծառայության դպրոցում սովորելու և Եհովայի կողմից կրթվելու այս հնարավորությունից։ Այսօր մենք շարունակում ենք ստանալ այդ կրթությունը մեր միջշաբաթյա հանդիպմանը (կարդա՛ Եսայիա 54։13)։

18, 19. ա) Ինչպե՞ս ենք այսօր գործնական առաջնորդություն ստանում ծառայության վերաբերյալ։ բ) Ինչո՞ւ ենք երգում մեր հանդիպումների ժամանակ (տես «Երգում ենք ճշմարտության խոսքերը» շրջանակը)։

18 Ծառայողական հանդիպում։ Դեռևս 1919թ.-ից հանդիպումներ էին անցկացվում դաշտի ծառայությունը կազմակերպելու համար։ Այն ժամանակ ժողովի ոչ բոլոր անդամներն էին մասնակցում այդ հանդիպումներին, այլ միայն նրանք, ովքեր գրականություն էին տարածում։ 1923թ.-ին Ծառայողական հանդիպումը սկսեց անցկացվել ամիսը մեկ անգամ, որին կարող էր ներկա լինել ամբողջ ժողովը։ 1928-ին ժողովներին խրախուսվեց այդ հանդիպումն անցկացնել ամեն շաբաթ, իսկ 1935-ին «Դիտարանում» գրվեց, որ բոլոր ժողովները Ծառայողական հանդիպումը պետք է անցկացնեն՝ օգտվելով «Առաջնորդություն» թերթիկից (հետագայում կոչվեց «Տեղեկատու», ապա՝ «Մեր թագավորական ծառայությունը»)։ Այս հանդիպումը իր տեղը զբաղեցրեց ժողովի հանդիպումների շարքում։

19 Միջշաբաթյա հանդիպման ընթացքում մենք գործնական առաջնորդություն ենք ստանում, թե ինչպես կատարել քարոզչական գործը (Մատթ. 10։5–13)։ Երբ ստանում ես Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկը, ուսումնասիրո՞ւմ ես այն և ծառայության մեջ կիրառո՞ւմ ես բոլոր խորհուրդները, որ տրվում են այնտեղ։

Տարվա ամենակարևոր հանդիպումը

Առաջին դարում քրիստոնեական ժողովը հավաքվել է նշելու Քրիստոսի մահվան հիշատակի օրը

Առաջին դարում քրիստոնյաները հավաքվել և նշել են Քրիստոսի մահվան հիշատակի օրը (տես պարբերություն 20)

20–22. ա) Ինչո՞ւ ենք նշում Հիսուսի մահը։ բ) Ի՞նչ օգուտ ես քաղում ամեն տարի ներկա լինելով Հիշատակի երեկոյին։

20 Հիսուսի հետևորդները պատվեր ստացան նշել նրա մահը, մինչև որ նա գա։ Պասեքի պես՝ Հիշատակի երեկոն նշվում է տարին մեկ անգամ (1 Կորնթ. 11։23–26)։ Միլիոնավոր մարդիկ ամեն տարի ներկա են լինում այս հանդիպմանը։ Այն հիշեցնում է օծյալներին, որ Թագավորության ժառանգորդներ լինելու առանձնաշնորհում ունեն (Հռոմ. 8։17)։ Իսկ «ուրիշ ոչխարների» մեջ այն առաջ է բերում խորին երախտագիտություն Աստծու Թագավորության Թագավորի հանդեպ և լցնում է նրան հավատարիմ մնալու վճռականությամբ (Հովհ. 10։16)։

21 Եղբայր Ռասելը և նրա ընկերակիցները գիտակցում էին Տիրոջ ընթրիքը նշելու կարևորությունը և գիտեին, որ այն հարկավոր է տոնել տարին մեկ անգամ։ 1880թ. ապրիլի «Դիտարանում» ասվում էր. «Արդեն մի քանի տարի է, որ այստեղ՝ Պիտսբուրգում, շատերս հիշում ենք Պասեքը [Հիշատակի երեկոն] և օգտվում ենք խորհրդանիշներից, որոնք ներկայացնում են մեր Տիրոջ մարմինն ու արյունը»։ Որոշ ժամանակ անց Հիշատակի երեկոյի հետ միասին սկսեցին անցկացվել նաև համաժողովներ։ Առաջին հաշվետվությունը, որ կազմվել է այդ միջոցառման մասին, թվագրված է 1889թ.-ով, որին ներկա են եղել 225 հոգի և մկրտվել են 22-ը։

22 Այսօր Հիշատակի երեկոն նշվում է համաժողովներից առանձին։ Այն անցկացվում է Թագավորության սրահներում կամ վարձված շինություններում։ Այս հանդիպմանը մենք հրավիրում ենք մեր շրջապատում ապրող բոլոր մարդկանց։ 2013թ.-ին ավելի քան 19 միլիոն մարդ է ներկա եղել Հիշատակի երեկոյին։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում է լինել այդ ամենակարևոր իրադարձությանը և ուրիշներին էլ քաջալերել մեզ միանալու։ Ձգտո՞ւմ ես ամեն տարի հնարավորինս շատ մարդկանց հրավիրել Հիշատակի երեկոյին։

Ի՞նչ է բացահայտում մեր վերաբերմունքը

23. Ինչո՞ւ ես գնահատում ժողովի հանդիպումները։

23 Եհովայի նվիրված ծառաները մեկտեղ հավաքվելու պատվերը բեռ չեն համարում (Եբր. 10։24, 25; 1 Հովհ. 5։3)։ Օրինակ՝ Դավիթ թագավորը սիրում էր գնալ Եհովայի երկրպագության վայրը (Սաղ. 27։4)։ Նրա համար հատկապես հաճելի էր գնալ այնտեղ նրանց հետ, ովքեր սիրում էին Աստծուն (Սաղ. 35։18)։ Հիշենք նաև Հիսուսի օրինակը։ Նույնիսկ երբ երեխա էր, նա սիրում էր լինել իր երկնային Հոր տանը՝ Աստծու երկրպագության վայրում (Ղուկ. 2։41–49)։

Մեկտեղ հավաքվելու մեր ցանկությունը բացահայտում է, թե որքան իրական է Աստծու Թագավորությունը մեզ համար

24. Ի՞նչ հնարավորություններ են տալիս հանդիպումները։

24 Հաճախելով ժողովի հանդիպումներին՝ մենք դրսևորում ենք Եհովայի հանդեպ ունեցած մեր սերը և ցույց ենք տալիս, որ ուզում ենք կերտել ու քաջալերել մեր հավատակիցներին։ Դրանով երևում է նաև մեր ցանկությունը սովորելու, թե ինչպես պետք է ապրենք որպես Աստծու Թագավորության հպատակներ, քանի որ հիմնականում մեր ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ ենք նման կրթություն ստանում։ Բացի այդ, հմտություններ ենք ձեռք բերում և զորանում ենք, որ տոկանք ու կատարենք Հիսուս Քրիստոսի համար աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը, որը Աստծու Թագավորության կարևորագույն գործերից մեկն է (կարդա՛ Մատթեոս 28։19, 20)։ Մեկտեղ հավաքվելու մեր ցանկությունը բացահայտում է, թե յուրաքանչյուրիս համար որքան իրական է Աստծու Թագավորությունը։ Թող որ միշտ թանկ գնահատենք մեր հանդիպումները։

a Բացի շաբաթական ժողովի հանդիպումներից, հորդոր է տրվում, որ ընտանիքները կամ առանձին անհատները ժամանակ հատկացնեն ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության համար։

b 2013-ին արդեն մատչելի էին ավելի քան 180 հանրային ելույթի պլաններ։

Որքա՞ն իրական է Թագավորությունը քեզ համար

  • Ո՞րն է մեր հավաքույթների նպատակը։

  • Ի՞նչն ես գնահատում յուրաքանչյուր հանդիպման մեջ։

  • Ի՞նչ է բացահայտում հանդիպումների հանդեպ քո վերաբերմունքը։ Բացատրիր։

Համաժողովի պատվիրակները ձեռքներին պահել են Հունարեն Քրիսոնեական Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանությունը

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՈՐ ՄԻԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԵՀՈՎԱՆ կարգադրել էր բոլոր իսրայելացի տղամարդկանց տարեկան երեք անգամ հավաքվել Երուսաղեմում (Ելք 23։14–17; Ղևտ. 23։34–36)։ Հովսեփը՝ Հիսուսի հայրը, իր հետ այս հավաքույթներին տանում էր նաև իր ընտանիքին։ Հավանաբար ուրիշ շատերն էլ էին նույնն անում։ Մեր օրերում ևս Աստծու ժողովուրդը տարին երեք անգամ հավաքվում է համաժողովների ժամանակ։ Այդ համաժողովներից որոշները նշանակալից են եղել Աստծու կազմակերպության երկրային մասի պատմության մեջ։ Ծանոթանանք դրանցից մի քանիսին։

  • 1919, Սիդար Փոյնթ, Օհայո, ԱՄՆ

    Սա առաջին մեծ համաժողովն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

    Քարոզչական գործը նոր թափ առավ։

    Հայտարարվեց «Ոսկե դարի» լույսընծայման մասին (այժմ՝ «Արթնացե՛ք»)։

  • 1922, Սիդար Փոյնթ, Օհայո

    Մեծ զարկ տրվեց քարոզչական գործին «Թագավորությունը» ելույթի միջոցով, որի ընթացքում կոչ արվեց. «Հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա Թագավորությունը»։

  • 1931, Կոլումբուս, Օհայո

    Կոչվեցինք Եհովայի վկաներ անունով։

  • 1935, Վաշինգտոն

    Իմացանք, որ Հայտնություն 7։9-ում նշված «մեծ բազմությունը» հավիտյան ապրելու է երկրի վրա։

  • 1942, «Նոր աշխարհ» աստվածապետական համաժողով, տարբեր երկրների 85 քաղաքներում

    «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» ելույթն օգնեց խորությամբ հասկանալ Հայտնություն 17-րդ գլուխը և ցույց տվեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Աստծու Թագավորության ավելի շատ հպատակներ հավաքելու հնարավորություն կլինի։

  • 1950, «Աստվածապետության աճը» համաժողով

    Լույս տեսավ անգլերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։

  • 1958, «Աստծու կամքը» միջազգային համաժողով

    Սա ամենամեծ միջազգային համաժողովն էր։ 123 երկրներից 250000 պատվիրակ հավաքվել էր Նյու Յորք քաղաքում։

  • 1961, «Միավորված երկրպագուները» համաժողով

    Լույս տեսավ Աստվածաշնչի անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը մեկ հատորով։

  • 1992, «Լուսակիրներ» համաժողով

    Սա առաջին միջազգային համաժողովն էր, որ անցկացվեց նախկին Խորհրդային Միությունում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում (Ռուսաստան)։

  • 1993, «Աստվածային ուսուցում» համաժողով, Կիև, Ուկրաինա

    Այս համաժողովին ամենամեծաթիվ մկրտությունը եղավ։ Մկրտվեց 7402 հոգի։

  • 2011, «Թող գա Աստծու Թագավորությունը» համաժողով

    Դանիել 2-րդ գլխի վերաբերյալ հստակեցումներ եղան։ Մենք այժմ գիտենք, որ արձանի ոտքերը՝ երկաթի և կավի խառնուրդը, ներկայացնում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, որը տիրակալ է լինելու, երբ Աստծու Թագավորությունը փշրի այդ խորհրդանշական արձանը։

  • 2014, «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» համաժողով

    Ուշագրավ էր նրանով, որ ընդգծվեց Հիսուսի Թագավորության հարյուրամյա իշխանությունը։

Հիսուսն իր աշակերտների հետ գովերգում է Աստծուն

ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ

ԵՀՈՎԱՅԻ ժողովուրդը սիրում է արտահայտել իր նվիրվածությունը Աստծու հանդեպ՝ նրա մասին և նրա համար երգելով։ Օրինակ՝ երբ Եհովան Կարմիր ծովի մոտ ազատեց իսրայելացիներին եգիպտացիների ձեռքից, ժողովուրդը իր երախտագիտությունը և հիացմունքը արտահայտեց մի սրտաբուխ երգով (Ելք 15։1–21)։ Հետագայում երգը դարձավ տաճարում Եհովային մատուցվող երկրպագության անբաժանելի մասը (1 Տար. 23։4, 5; 25։7)։ Առաջին դարում Հիսուսն ու իր աշակերտները Եհովայի հանդեպ իրենց սերն արտահայտում էին գովաբանության երգեր երգելով (Մատթ. 26։30; Եփես. 5։19)։

Մեր օրերում էլ՝ սկսած այն ժամանակից, երբ եղբայր Ռասելն ու նրա ընկերակիցները աստիճանաբար բացահայտեցին ճշմարտությունը, Եհովայի երկրպագության մեջ օգտագործել ենք տարբեր երգարաններ։ Բացատրելով, թե ինչ կարևոր դեր է կատարում երգը՝ 1896-ի փետրվարի 15-ի «Դիտարանում» ասվում էր. «Երբ երգում ենք ճշմարտության խոսքերը, դրանք ամրապնդվում են մեր մտքում ու սրտում»։

«Հարսի երգերը» գիրքը, 1879

1879

«Հազարամյակի արշալույսի բանաստեղծություններ և փառաբանական երգեր» գիրքը, 1890

1890

«Սիոնի առավոտյան ուրախ երգեր» գրքից մի թերթ՝ «Պայծառացող լույսը» երգի բառերն ու նոտաները

1896

«Սիոնի ուրախ երգեր» գիրքը, 1900

1900

«Հազարամյակի արշալույսի փառաբանական երգեր» գիրքը, 1905

1905

«Թագավորության փառաբանական երգեր» գիրքը, 1925

1925

«Փառաբանության երգեր Եհովային» գիրքը, 1928

1928

«Թագավորական ծառայության երգարան» գիրքը, 1944

1944

«Եհովային փառաբանող երգեր» գիրքը, 1950

1950

«Ձեր սրտերում երգերով ու մեղեդիներով Եհովային գովերգեք» գիրքը, 1966

1966

«Երգով փառաբանենք Եհովային» գիրքը, 1984

1984

«Գովերգենք Եհովային» գիրքը

2009

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը