Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • hf հատվ. 6 մաս 1–3
  • Ինչպես է երեխայի ծնունդը փոխում ամուսինների կյանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես է երեխայի ծնունդը փոխում ամուսինների կյանքը
  • Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 1 ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
  • 2 ՁԳՏԻՐ ԱՄՐԱՑՆԵԼ ՁԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 3 ԿՐԹԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ
  • Ինչպե՞ս են երեխաները փոխում ամուսնական կյանքը
    2011 Դիտարան
  • Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
hf հատվ. 6 մաս 1–3
Բուժքույրը տալիս է նորածնին ծնողներին

ՄԱՍ 6

Ինչպես է երեխայի ծնունդը փոխում ամուսինների կյանքը

«Որդիները ժառանգություն են Եհովայից» (Սաղմոս 127։3)։

Երեխայի ծնունդը մեծ ուրախություն է պարգևում ծնողներին, բայցև նոր դժվարություններ է առաջ բերում։ Դուք նոր եք ծնող դարձել ու տեսնում եք, որ ձեր ժամանակի և ուժերի մեծ մասը ծախսում եք երեխային հոգ տանելու համար։ Քնի պակասը, էմոցիոնալ վիճակի փոփոխությունները կարող են լարվածություն առաջացնել ամուսնական կյանքում։ Դու և կողակիցդ պետք է փոփոխություններ անեք ձեր կյանքում, որպեսզի կարողանաք հոգ տանել երեխայի մասին և միևնույն ժամանակ պահպանեք ձեր ամուսնական միությունը։ Իսկ ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան խորհուրդներն օգնել ձեզ այս հարցերում։

1 ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Սերը համբերատար է ու բարի.... իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Եթե նոր ես մայր դարձել, բնականաբար, քո ողջ ուշադրությունը կենտրոնացնում ես փոքրիկի վրա։ Այդ պատճառով ամուսինդ գուցե իրեն անտեսված զգա։ Ուստի մի՛ մոռացիր, որ նա էլ քո ուշադրության կարիքն ունի։ Քո համբերության ու բարության շնորհիվ ամուսինդ կզգա, որ իր կարիքն ունես ու կտեսնի, որ կարող է աջակցել քեզ երեխային խնամելու հարցում։

Հայրը օգնում է կերակրել երեխային և հոգ է տանում գիշերվա ժամին

«Դուք, ամուսիննե՛ր.... ձգտե[ք] հասկանալ նրանց» (1 Պետրոս 3։7)։ Հասկացողություն դրսևորիր և ընդունիր, որ կինդ պետք է իր ժամանակի և ուժերի մեծ մասը ծախսի փոքրիկի վրա։ Այժմ նա ունի նոր պատասխանատվություններ ու գուցե լարված, հյուծված և անգամ ընկճված լինի։ Երբեմն նա գուցե նույնիսկ զայրանա քեզ վրա, բայց փորձիր հանդարտ մնալ, քանի որ «նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է» (Առակներ 16։32)։ Խորաթափանցություն դրսևորիր և աջակցիր կնոջդ (Առակներ 14։29)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Հայր։ Օգնիր կնոջդ խնամելու երեխային նույնիսկ գիշերը։ Ավելի քիչ ժամանակ տրամադրիր այլ գործերի, որպեսզի կարողանաս ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջդ ու երեխայիդ հետ։

  • Մայր։ Երբ ամուսինդ առաջարկում է օգնել քեզ երեխային խնամելու հարցում, ընդունիր նրա օգնությունը։ Եվ եթե անգամ նա ինչ-որ բան չանի այնպես, ինչպես հարկն է, մի՛ քննադատիր նրան, այլ նրբանկատորեն ցույց տուր, թե ինչպես վարվի։

2 ՁԳՏԻՐ ԱՄՐԱՑՆԵԼ ՁԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)։ Ճիշտ է, այժմ ձեր ընտանիքում նոր անդամ է հայտնվել, սակայն հիշիր, որ դու և կողակիցդ մնում եք «մեկ մարմին»։ Ամեն ջանք թափիր, որ ամուր պահես ձեր փոխհարաբերությունները։

Կինը պետք է երախտապարտ լինի ամուսնուն նրա ցուցաբերած օգնության և աջակցության համար։ Նրա գնահատանքի խոսքերը կարող են լավ ազդեցություն թողնել ամուսնու վրա (Առակներ 12։18)։ Իսկ ամուսինը պետք է հավաստիացնի կնոջը, որ շատ է սիրում ու գնահատում նրան։ Նաև պետք է գովի այն բանի համար, որ նա սիրով հոգ է տանում ընտանիքին (Առակներ 31։10, 28)։

«Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Միշտ կողակցիդ շահերը քո շահերից վեր դասիր։ Ժամանակ հատկացրու նրան, խոսիր նրա հետ, լսիր ու գովիր նրան։ Սեռական հարաբերություններին վերաբերող հարցերում եսասիրություն մի՛ դրսևորիր։ Հաշվի առ կողակցիդ կարիքները։ Աստվածաշունչն ասում է. «Իրար մի՛ զրկեք դրանից, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեր մեջ փոխադարձ համաձայնություն կա» (1 Կորնթացիներ 7։3–5)։ Անկեղծորեն քննարկեք այս հարցը։ Հասկացողություն ու համբերություն դրսևորելով՝ կամրացնեք ձեր փոխհարաբերությունները։

Ամուսինները ժամանակ են անցկացնում իրար հետ, մինչ երեխան քնած է

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Առիթներ ստեղծիր, որ կողակցիդ հետ առանձին ժամանակ անցկացնես։

  • Ջանք թափիր, որ կողակիցդ իրեն սիրված զգա, օրինակ՝ կարող ես կարճ հաղորդագրություն ուղարկել կամ փոքրիկ նվեր տալ։

3 ԿՐԹԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ

Մայրը ընթերցում է իր փոքրիկի համար

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Մանկությունից գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար» (2 Տիմոթեոս 3։15)։ Նախօրոք մտածեք, թե ինչպես եք կրթելու ձեր երեխային։ Նույնիսկ դեռ չծնված երեխան սովորելու ապշեցուցիչ ունակություն ունի։ Նա կարող է ճանաչել ձեր ձայնը և արձագանքել ձեր հույզերին։ Կարդացեք երեխայի համար, երբ նա դեռևս շատ փոքր է, անգամ եթե չի հասկանում այն, ինչ կարդում եք։ Դա կօգնի, որ ընթերցանությունը նրա համար հաճելի լինի նաև հետագայում, երբ մեծանա։

Երբեք մի՛ մտածեք, թե ձեր երեխան շատ փոքր է, որպեսզի նրա հետ Աստծու մասին խոսեք։ Աղոթեք Եհովային նրա ներկայությամբ (2 Օրենք 11։19)։ Երեխայի հետ խաղալիս խոսեք Աստծու ստեղծած բաների մասին (Սաղմոս 78։3, 4)։ Երեխան կտեսնի ձեր սերը Եհովայի հանդեպ և կսովորի սիրել նրան։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Աղոթեք Աստծուն, որ ձեզ իմաստություն տա երեխային դաստիարակելու համար։

  • Հաճախ կրկնեք այն կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք ուզում եք, որ երեխան շուտ սովորի։

ԵՐԵԽԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ ՁԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ժամանակի ընթացքում դու և կողակիցդ փորձ ձեռք կբերեք որպես ծնողներ և ավելի հանգիստ ու վստահ կզգաք ձեզ։ Երեխային մեծացնելը կօգնի, որ դառնաք ավելի ջերմ, համբերատար ու բարի։ Եթե համագործակցեք միմյանց հետ և աջակցեք իրար երեխային հոգ տանելու հարցում, ապա ձեր ամուսնական կապն ավելի կամրանա։ Դուք կհամոզվեք Սաղմոս 127։3-ում գրված խոսքերի ճշմարտության մեջ. «Որովայնի պտուղը պարգև է»։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Վերջին շաբաթվա ընթացքում ի՞նչ եմ արել, որպեսզի ցույց տամ, որ գնահատում եմ այն ամենը, ինչ կողակիցս անում է ընտանիքի համար։

  • Ե՞րբ եմ վերջին անգամ խոսել կողակցիս հետ իմ ու նրա փոխհարաբերությունների մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը