Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 34 էջ 154–էջ 157
  • «Նա կառչած մնաց Եհովային»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նա կառչած մնաց Եհովային»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նա ազատ ընտրության իրավունք է տալիս
    2010 Դիտարան
  • Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • «Նա Եհովային կառչած մնաց»
    2012 Դիտարան
  • Լավ օրինակ՝ Եզեկիա
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 34 էջ 154–էջ 157

34 ԵԶԵԿԻԱ

«Նա կառչած մնաց Եհովային»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԵԶԵԿԻԱՆ Հուդայի այն փոքրաթիվ լավ թագավորներից էր, ովքեր հավատարիմ էին Եհովային, թեև նա վատթարագույններից մեկի որդին էր։ Նրա հայրը՝ Աքազը, չարագործ թագավոր էր, հեթանոսական պաշտամունքի ջատագով։ Նա նույնիսկ իր զավակներից առնվազն մեկին զոհաբերել էր իր արյունարբու կեղծ աստվածներին (2 Թագ. 16։2-4; 2 Տար. 28։1, 3)։ Ուստի շատ հավանական է, որ Եզեկիան մղձավանջային մանկություն էր ունեցել։ Ինչ էլ լինի պարագան, չափահաս դառնալով՝ նա չցանկացավ հետևել իր հոր վատ օրինակին։ Եզեկիան 25 տարեկան էր, երբ Աքազը մահացավ։ Այդ երիտասարդ արքան իր իշխանությունը սկսեց համարձակ բարեփոխումներով։

Եզեկիան վերաբացեց ու նորոգեց Եհովայի տաճարը, այնտեղից հեռացրեց բոլոր կուռքերը և վերականգնեց քահանաների ծառայությունը։ Նա մեծ տոնախմբություն հայտարարեց, նույնիսկ պատգամաբերներ ուղարկեց դեպի հյուսիս՝ Իսրայելի տասցեղ թագավորություն և այնտեղի հավատուրաց ժողովրդին էլ հրավիրեց։ Ոմանք ծաղրանքով վերաբերվեցին պատգամաբերներին, ոմանք էլ ընդունեցին հրավերը։ Եզեկիայի օրինակը երկու թագավորությունների մարդկանց էլ ոգեշնչեց, որ ավերեն կեղծ աստվածների սրբավայրերը և ջարդուփշուր անեն կուռքերը։ Նա նաև ոչնչացրեց դարեր առաջ Մովսեսի պատրաստած պղնձե օձը, որը ժողովուրդը կուռք էր դարձրել։

Բայց արդեն քանի տարի է՝ Եզեկիան տեսնում էր, որ աղետաբեր փոթորիկ է հասունանում։ Դեռ շատ վաղուց Եհովան զգուշացրել էր Իսրայելի հյուսիսային թագավորությանը, որ նրանց կործանում է սպասում։ Եվ Եզեկիայի իշխանության սկզբում հենց այդպես էլ եղավ։ Ռազմատենչ ասորեստանցիները մրրիկի պես ներխուժեցին Հյուսիսային թագավորություն և ամայացրին այն՝ գերության տանելով բնակիչներից շատերին։ Հերթը հասել էր Հուդային։ Արդյոք այն նո՞ւյնպես կնվաճվեր։ Հուդան Իսրայելի պես անհավատարիմ էր գտնվել և դեռ մի բան էլ ավելին։ Եհովան իր մարգարեների միջոցով նրանց էլ էր զգուշացրել, որ կպատժվեն, իսկ Նրա խոսքերը միշտ իրականանում են։ Եվ ահա Ասորեստանի բանակը, մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանելով, մոտեցել էր Հուդային։

Շատ չանցած՝ ասորեստանյան բանակը վայրագ Սենեքերիմ թագավորի գլխավորությամբ մտավ Հուդա։ Այդ հզոր նվաճողը սկսեց իրար հետևից զավթել Եզեկիայի իշխանության տակ գտնվող քաղաքները։ Թերևս հենց այդ լարված ժամանակաշրջանում էր, երբ Եզեկիան բախվեց մեկ այլ մահաշունչ սպառնալիքի՝ ծանր հիվանդության։ Նա դեռ որդի չուներ, ուստի Դավթի թագավորական տոհմի գոյությունը վտանգի տակ էր։ Նա ամուր հավատով աղերսեց Եհովային, որ փրկի իրեն այդ մահացու հիվանդությունից։ Եհովան լսեց թագավորին և իր սերը ցույց տալով՝ ևս 15 տարվա կյանք շնորհեց նրան։ Բայց ասորեստանյան բանակի ներխուժման սպառնալիքը դեռևս կախված էր Երուսաղեմի գլխին։

Եզեկիան գործնական քայլեր ձեռնարկեց։ Սենեքերիմին մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի ուղարկեց, որ նա չհարձակվի Եհովայի սուրբ քաղաքի՝ Երուսաղեմի վրա։ Ասորեստանի թագավորը վերցրեց այդ ամենը, բայց չհրաժարվեց Երուսաղեմը նվաճելու իր բաղձալի նպատակից։ Եզեկիան նաև ամրացրեց Երուսաղեմը՝ հավելյալ պարիսպ ավելացնելով, և ջրատար կառուցեց, որպեսզի պաշարման դեպքում քաղաքը ջրով ապահովված լինի։ Նա նաև սրտապնդեց ժողովրդին՝ հավաստիացնելով, որ Եհովան ցանկացած զորքից էլ անհամեմատ հզոր է։

Եզեկիան ու Երուսաղեմի ժողովուրդը կանգնել էին մի հզոր թշնամու առաջ, ով սպառնալիքներով ու ծաղրանքներով փորձում էր թևաթափ անել նրանց

Շուտով Սենեքերիմը վճռական քայլերի անցավ։ Նա իր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ ռաբսակին, որպես պատգամաբեր ուղարկեց Երուսաղեմ՝ ժողովրդին վախեցնելու և թևաթափ անելու։ Ռաբսակը հանդգնորեն ծաղրեց Հուդայի թագավորին և նրանց Աստված Եհովային։ Բայց Եզեկիան անսասան մնաց, և սրտապնդեց իր ժողովրդին։ Այնուհետև Սենեքերիմը սպառնալից նամակներ ուղարկեց Եզեկիային՝ փորձելով կոտրել նրա քաջ ոգին։ Եզեկիան էլ այդ նամակները տարավ Եհովայի տաճար ու փռեց դրանք այնտեղ. այդպիսով խնդիրն ասես ամբողջությամբ հանձնեց ամենակարող Աստված Եհովային։ Ի պատասխան՝ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով ամուր հույս ներշնչող լուր ուղարկեց Եզեկիային՝ վստահեցնելով նրան, որ Սենեքերիմը երբեք չի մտնի Երուսաղեմ, և նրա զինվորները մի նետ անգամ չեն արձակի այնտեղ։

Եզեկիան ծնկի է իջել տաճարի աստիճանների վրա և, Սենեքերիմի նամակները իր առաջ փռած, Եհովայից օգնություն է աղերսում։ Մի քանի քահանաներ հեռվից նայում են նրան

Հենց այդ գիշեր Եհովան իր հրեշտակին ուղարկեց Ասորեստանի բանակատեղի։ Այդ մեկ ոգեղեն արարածը կարճ ժամանակում Սենեքերիմի զինվորներից 185 000 հոգու սպանեց։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ զգաց Սենեքերիմը, երբ առավոտյան արթնացավ ու շուրջբոլորը տեսավ իր զինվորների դիակները։ Նա ամոթահար էր ու նվաստացած։ Սենեքերիմը գլխիկոր վերադարձավ իր երկիր և որոշ ժամանակ անց իր աստված Նեսրոքի տաճարում պաշտամունք մատուցելիս սպանվեց իր իսկ որդիների կողմից։

Եհովան Եզեկիային մեծ հաղթանակ շնորհեց։ Այսպիսով Եհովայի շնորհիվ պատերազմի սպառնալիքը վերացավ, նրա հիվանդությունը բուժվեց, ու նա առնվազն մեկ որդի ունեցավ։ Ցավոք, մի ընթացք եղավ, երբ նա հպարտացավ, բայց Եհովան խրատեց նրան, ու նա խոնարհաբար ընդունեց իր սխալը։ Ուստի Եզեկիան համարվեց Հուդայի լավագույն թագավորներից մեկը, ով, չնայած ճնշումներին, բացառիկ քաջություն դրսևորեց և Եհովային հավատարիմ մնաց մինչև մահ։

Կարդա Աստվածաշնչից

  • 2 Թագավորներ 18։1-19։37

  • 2 Տարեգրություն 29։1-32։33

  • Եսայիա 38։1-39։8

Քննարկման համար

Եզեկիան ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Հնագիտական ո՞ր գտածոներն են փաստում, որ Եզեկիայի մասին աստվածաշնչյան արձանագրությունը ճիշտ է (w11 5/1, էջ 15, պրբ. 1-3)։ Ա

    Zev Radovan/Alamy Stock Photo

    նկար Ա։ Մ.թ.ա. 8-րդ դարի կավե կնիք, որի վրա գրված է. «Պատկանում է Հուդայի թագավոր Եզեկիային՝ Աքազի [որդուն]»

  2. 2. «Կայծակնասլաց թունավոր օձի» մասին Եսայիայի մարգարեությունը ինչպե՞ս իրականացավ Եզեկիայի դեպքում (Ես. 14։28, 29; ip-1, էջ 190-191, պրբ. 4-6)։

  3. 3. Նինվեում հայտնաբերված արձանագրության մեջ Սենեքերիմը ի՞նչ է նշում և ի՞նչ չի նշում։ Ինչո՞վ է դա ուշագրավ (g 4/11, էջ 11, պրբ. 3-5)։ Բ

    © The Trustees of the British Museum. Licensed under CC BY-NC-SA 4.0. Source

    նկար Բ։ «Թեյլորի պրիզման», որի վրա գրված են Սենեքերիմի նվաճումները

  4. 4. 2003 թ.-ին գիտնականների մի խումբ ուսումնասիրեց Եզեկիայի թունել կոչվող ջրանցքը, որպեսզի պարզի, թե այն իրոք կառուցվել է Եզեկիայի գահակալության ժամանակ։ Ի՞նչ եզրակացության եկան նրանք (w09 5/1, էջ 27, պրբ. 3-5)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Եզեկիայի օրինակը ինչպե՞ս կարող է քաջալերել այն քրիստոնյային, ում հայրը կամ մայրը չի պաշտում Եհովային։ Գ

    Երիտասարդ տղան վճռականորեն դուրս է գալիս տնից, իսկ նրա ընտանիքը ծննդյան տոնակատարություն է նշում։ Նրա ձեռքում «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքն է։ Նրա ընտանիքի անդամներից մեկը, ձեռքերը ծալած, խեթ-խեթ նայում է նրան

    նկար Գ

  • Երբ Երուսաղեմին վտանգ էր սպառնում, ո՞րն էր Եզեկիայի գլխավոր մտահոգությունը (2 Թագ. 19։15-19)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եզեկիայի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Եզեկիային, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Դիտեք 2 Թագավորներ 19։14-36-ում նկարագրված հուզիչ դեպքերի էկրանավորումը։

«Խնդրում եմ, փրկի՛ր մեզ» (5։38)

Միքիա 5։5-ում գրված մարգարեությունը ինչպե՞ս կատարվեց Եզեկիայի օրերում և ինչպե՞ս է կատարվում այսօր։

«Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր» (w13 11/15, էջ 18-20, պրբ. 9-18)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը