38 ԵՐԵՔ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԸ
Նրանք «կրակի ուժը անզոր դարձրին»
ՄԻ ՕՐ Դանիելի երեք ընկերները՝ Հանանիան, Միսայելը և Ազարիան, բախվեցին լուրջ փորձության։ Այդ երիտասարդները, որոնց բաբելոնացիները վերանվանել էին Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, հավանաբար շատ կցանկանային, որ Դանիելն իրենց կողքին լիներ այդ պահին։ Չէ՞ որ նա հիանալի ընկեր էր և բացառիկ հավատ ունեցող մարդ, ով կարող էր ոգևորել, թև տալ իրենց։ Բայց, ըստ ամենայնի, Դանիելը ինչ-որ պատճառով ներկա չէր, երբ իր ընկերները կանգնեցին մահասարսուռ սպառնալիքի առաջ։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նաբուգոդոնոսորը մի հսկա ոսկե արձան կանգնեցրեց, որը 9-հարկանի շենքի բարձրություն ուներ և մոտ 3 մետր (8,8 ֆուտ) լայնություն։ Արձանի բացման առթիվ թագավորը հանդիսավոր արարողություն կազմակերպեց և հրամայեց, որ բոլոր պետական պաշտոնյաները ներկա լինեն։ Երեք եբրայեցի երիտասարդները պարտավոր էին ենթարկվել թագավորի հրամանին, ուստի նրանք էլ ներկայացան արարողությանը։
Երբ մունետիկը սկսեց ազդարարել թագավորի հրամանը և արարողության մանրամասները, անմիջապես քար լռություն տիրեց։ Նախ երաժշտություն էր հնչելու, որի նպատակը, ըստ ամենայնի, ներկաների մեջ հույզեր արթնացնելն էր։ Իսկ հետո բոլորը պետք է «ծնկի գային ու երկրպագեին ոսկե արձանին»։ Երեք երիտասարդները շատ լավ գիտեին Եհովայի պատվիրանը, որն արգելում էր կռապաշտությունը (Ելք 20։4, 5)։ Ի՞նչ կանեին նրանք։
Մեծ բազմության աչքի առաջ նրանք կա՛մ պետք է պաշտեին կուռքին, կա՛մ մահապատժի ենթարկվեին
Հնչեց երաժշտությունը։ Հենց նույն պահին հավաքված ողջ բազմությունը ծնկի իջավ ու խոնարհվեց արձանի առաջ։ Բայց երեք եբրայեցիները մնացին կանգնած։ Դա չէր կարող աննկատ մնալ։ Թերևս բոլորի հայացքները նրանց ուղղվեցին։ Մի խումբ քաղդեացիներ, օգտվելով առիթից, իսկույն գնացին թագավորի մոտ և սկսեցին մեղադրել երիտասարդներին ու զրպարտել նրանց՝ ասելով. «[Նրանք] քեզ արհամարհում են, ո՛վ թագավոր։ Նրանք չեն ծառայում քո աստվածներին և հրաժարվում են երկրպագել քո կանգնեցրած ոսկե արձանին»։ Թագավորը բերել տվեց երիտասարդներին և մոլեգնած հարցրեց, թե արդյոք մեղադրանքները ճիշտ են։ Նախքան նրանք կհասցնեին պատասխանել, թագավորն ասաց, որ նրանց ևս մեկ հնարավորություն կտա, և սպառնաց, որ եթե չհնազանդվեն, «անմիջապես կգցվեն կրակով բորբոքված հնոցը»։ Ապա վստահությամբ ավելացրեց, որ ոչ մի աստված չի կարողանա ազատել նրանց։
Հանանիան, Միսայելը և Ազարիան առանց մի վայրկյան անգամ երկմտելու պատասխանեցին թագավորին. «Եթե մեզ գցեն հնոցը, Աստված, ում մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ կրակով բորբոքված հնոցից»։ Ապա ավելացրին. «Բայց նույնիսկ եթե չփրկի, ո՛վ թագավոր, իմացիր, որ քո աստվածներին մենք չենք ծառայելու և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագելու»։ Նաբուգոդոնոսորը, կատաղությունից փրփրած, հրամայեց, որ հնոցը սովորականից ավելի ուժեղ վառեն և երեք եբրայեցիներին կապեն ու գցեն կրակը։ Հնոցը այնքան թեժ էր, որ երիտասարդներին կրակի մեջ նետող մարդիկ բոցերից մահացան։
Սակայն քիչ անց Նաբուգոդոնոսորը տեսավ մի բան, ինչից նրա մարմնով սարսուռ անցավ։ Հնոցում ոչ թե երեք մարդ կար, այլ չորս։ Որքան էլ զարմանալի էր, նրանք անվնաս էին ու հանգիստ քայլում էին կրակի մեջ։ Ուշադիր զննելով չորրորդին՝ թագավորը ապշած բացականչեց, որ նա «աստվածների որդու տեսք ունի»։ Ապա հնարավորինս մոտ գալով հնոցին՝ ձայն տվեց երիտասարդներին ու ասաց, որ դուրս գան։
Կարելի է պատկերացնել, թե ինչպես ամեն կողմից զարմանքի ու հիացմունքի բացականչություններ լսվեցին, երբ երեք երիտասարդները ողջ-առողջ դուրս եկան։ Նույնիսկ նրանց հագուստը չէր խանձվել, անգամ ծխի հոտ չէր գալիս։ Միայն կապանքներն էին անհետացել։ Հզոր Նաբուգոդոնոսոր թագավորը ապշահար ու ցնցված էր։ Նա գովեց երեք եբրայեցիներին իրենց Աստծուն նվիրվածաբար հնազանդվելու համար։ Նա հիացմունքով ասաց, որ «նրանք ապավինեցին» իրենց Աստծուն «և չհնազանդվեցին թագավորի հրամանին»՝ նախընտրելով «մահանալ, քան իրենց Աստծուց բացի՝ ուրիշ աստծու ծառայել կամ երկրպագել»։
Այդ հպարտ միապետը հայտարարեց, որ եթե իր կայսրության մեջ որևէ մեկը Եհովայի դեմ խոսի, մահապատժի կենթարկվի։ Իսկ երեք երիտասարդներին նա բարձր դիրք շնորհեց։ Բայց Եհովան նրանց ավելի մեծ պատվի արժանացրեց՝ պահեց իր հիշողության մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ շատ դարեր անց, երբ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրում էր բացառիկ հավատ ունեցող մարդկանց մասին, հիշատակեց նաև նրանց, ովքեր «կրակի ուժը անզոր դարձրին»։ Նա անկասկած նկատի ուներ այդ խիզախ երիտասարդներին՝ Հանանիային, Միսայելին և Ազարիային։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հանանիան, Միսայելն ու Ազարիան ինչպե՞ս քաջություն դրսևորեցին
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչպե՞ս են հնագիտական հայտնագործությունները փաստում Դանիել 3-րդ գլխի արձանագրության ճշգրտությունը (w23.07, էջ 31)։ Ա
© The Trustees of the British Museum. Licensed under CC BY-NC-SA 4.0. Source. Modifications: Box added
նկար Ա։ Թրծված աղյուս, որի վրա դրոշմված է Նաբուգոդոնոսորի անունը
2. Երեք երիտասարդներին տրված բաբելոնական անունները ի՞նչ էին նշանակում (dp, էջ 36, պրբ. 14)։
3. Ինչի՞ց է երևում, որ Նաբուգոդոնոսորը շատ կրոնասեր էր (dp, էջ 69, պրբ. 3)։ Բ
նկար Բ։ Նաբուգոդոնոսորը բաբելոնական բազմաթիվ աստվածների տաճարներ է կառուցել և վերանորոգել
4. Տարբեր լեզուներով խոսող ժողովուրդները, ովքեր ակներևաբար ունեին իրենց աստվածները, ինչո՞ւ էին հանգիստ խղճով պաշտում Նաբուգոդոնոսորի կանգնեցրած արձանին (Դան. 3։7, dp, էջ 73, պրբ. 10)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Երեք երիտասարդները սննդի հետ կապված հարցում հաստատակամորեն նվիրված մնացին Եհովային։ Ուստի հետո էլ կարողացան հաստատակամ մնալ, երբ իրենց կյանքն էր վտանգի տակ։ Նրանցից ի՞նչ ենք սովորում փոքր թվացող հարցերում հավատարիմ մնալու կարևորության մասին (Ղուկ. 16։10)։ Գ
նկար Գ
Հալածանքի բախվելիս ինչպե՞ս կարող ենք երեք եբրայեցիների պես դրսևորել հետևյալ հատկությունները (Դան. 3։16-18)՝
խոնարհություն,
մեղմություն,
հավատարմություն։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել այս երեք երիտասարդների քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հանանիային, Միսայելին և Ազարիային, երբ նրանք հարություն առնեն։
Բացահայտիր ավելին
Հայրենասիրական արարողության ժամանակ քրիստոնյան ինչպե՞ս կարող է լինել հարգալից, բայց և չեզոք։
Քեզ պատկերացրու այս իրավիճակում և տես, թե ուրիշ ինչ կարող ես սովորել։
«Ազատվում են կրակով բորբոքված հնոցից» («Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար)