39 ԵՍԹԵՐ
«Եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ»
ԵՐԻՏԱՍԱՐԴ կինը քայլում էր դեպի արքայական նստավայր։ Նա շատ լավ հասկանում էր, որ առանց կանչվելու թագավորի առաջ ներկայանալու համար իրեն մահ էր սպառնում։ Բայց նա, ահը սրտում, շարունակում էր առաջ գնալ։ Ո՞վ էր այդ կինը և ինչպե՞ս էր հայտնվել այդպիսի իրավիճակում։
Այդ կինը Եսթերն էր։ Երբ նա դեռ փոքր էր, նրա ծնողները մահացել էին, և նրա հորեղբորորդին, որը տարիքով շատ ավելի մեծ էր, «որդեգրել էր նրան»՝ դառնալով նրա խնամակալը։ Նրանք ապրում էին Շուշանում՝ Պարսկական կայսրության թագավորանիստ քաղաքում, որտեղ Մուրթքեն ծառայում էր պալատական ամրոցում։ Եսթերը մեծացել էր և «բարեկազմ ու հմայիչ» օրիորդ էր դարձել։
Մի օր Ասուերոս թագավորը (հավանաբար Քսերքսես I-ը) որոշեց իր համար նոր կին ընտրել, ուստի հրամայեց ողջ կայսրությունով մեկ փնտրել գեղեցկատես կույսերի։ Թագավորի ծառաները նկատեցին Եսթերի հրապուրիչ գեղեցկությունը ու նրան էլ բերեցին արքունիք։ Բայց մինչ Եսթերին կտանեին Մուրթքեի մոտից, նա աղջկան պատվիրեց իր հրեական ծագման մասին ոչ ոքի ոչինչ չասել։
Պալատում «Եսթերը շահեց բոլոր իրեն տեսնողների համակրանքը»։ Նա 12 ամիս գեղեցկության խնամք ստացավ, այնուհետև նրան բերեցին թագավորի առաջ։ Եսթերը «արժանացավ նրա համակրանքին ու բարեհաճությանը»։ Թագավորը բոլոր աղջիկների միջից Եսթերին ընտրեց, և նա դարձավ հզոր կայսրության թագուհի։ Բայց Եսթերը շարունակեց հնազանդվել Մուրթքեին և հետևելով նրա խորհրդին՝ գաղտնի պահեց իր հրեական ծագումը։
Այդ ժամանակներում Համան անունով մի մարդ բարձր պաշտոն ստացավ և դիրքով միայն թագավորին էր զիջում։ Համանն ատում էր Մուրթքեին, քանի որ վերջինս չէր խոնարհվում իր առաջ։ Ըստ երևույթին, Համանը մի ազգից էր, որին Աստված համարում էր իր թշնամին ու կործանման էր դատապարտել։ Ուստի Մուրթքեն, լինելով Աստծու հավատարիմ ծառա, չէր ուզում խոնարհվել այդ մարդու առաջ։ Մուրթքեի պահվածքը խիստ վրդովվեցնում էր Համանին, և նա մի չարանենգ ծրագիր մշակեց. ոչնչացնել կայսրությունում ապրող բոլոր հրեաներին։ Երբ Մուրթքեն իմացավ Համանի ծրագրի մասին, մտատանջությունների ու խոր վշտի մեջ ընկավ։ Նա պատգամաբերի միջոցով Եսթերին հորդորեց գնալ թագավորի մոտ ու բարեխոսել իր ժողովրդի համար։ Բայց դա շատ լուրջ փորձություն էր, ու Եսթերից մեծ քաջություն էր պահանջվելու։
Եսթերը բացատրեց Մուրթքեին, որ եթե ինքն առանց հրավերի ներկայանա թագավորի առաջ, կարող է մահապատժի ենթարկվել։ Իսկ այդ միապետը հայտնի էր իր դյուրաբորբոք բնավորությամբ։ Չնայած Եսթերին սպառնացող վտանգին՝ Մուրթքեն խրախուսեց, որ նա, այնուամենայնիվ, խոսի թագավորի հետ։ Նա նշեց, որ գուցե Եսթերը հենց Աստծու ժողովրդին պաշտպանելու համար է թագուհի դարձել։ Ուստի Եսթերը, վանելով իր վախերը, վճռեց գնալ։ Նա ասաց. «Եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ»։ Նա միայն խնդրեց, որ իր ժողովուրդը երեք օր ծոմ պահի։ Անկասկած, այդ ընթացքում Եսթերի համար բազմաթիվ աղոթքներ մատուցվեցին Եհովային։ Եվ ինչ խոսք, Եսթերն ինքն էլ շատ աղոթեց։ Իսկ հետո գնաց թագավորի մոտ։
Երբ Ասուերոսը Եսթերին տեսավ մուտքի մոտ կանգնած, չբարկացավ։ Դա նշանակում էր, որ Եսթերը չէր մեռնելու։ Դեռ ավելին, թագավորը բարեհաճորեն հարցրեց, թե ինչ խնդրանք ունի նա։ Ի պատասխան՝ Եսթերը ասաց, որ ուզում է նրան ու Համանին հրավիրել իր կազմակերպած խնջույքին։ Խնջույքի ժամանակ Եսթերը զգուշություն դրսևորեց և խորագիտորեն դեռևս ոչինչ չասաց։ Նա պարզապես ևս մեկ անգամ նրանց հրավիրեց խնջույքի, որը ծրագրված էր հաջորդ օրը։ Այդ ընթացքում Համանը մի նոր դավ նյութեց Մուրթքեի դեմ։ Նա մի սյուն կանգնեցրեց, որ Մուրթքեին կախեն դրանից։ Բայց Համանի չարամիտ ծրագիրը ի վերջո հենց իր դեմ էր ուղղվելու։
Նա պետք է խոհեմաբար խոսեր իր ամուսնու՝ հզոր միապետի հետ, որ կանխեր Աստծու ժողովրդի սպանդը
Երկրորդ խնջույքի ժամանակ Ասուերոսը նորից հարցրեց, թե ինչ է Եսթերի խնդրանքը։ Այս անգամ Եսթերը բացահայտ ասաց իր ուզածը։ Նա թագավորին հարգալից բացատրեց, որ իրեն ու իր ժողովրդին ոչնչացնելու չար ծրագիր է կազմվել, և խնդրեց խնայել իրենց կյանքը։ Նա նաև ասաց, որ այդ ծրագիրը թագավորին էլ վնաս կբերի, այլապես ինքը կլռեր։ Թագավորը, այդ տեղեկությունից ցնցված, հարցրեց, թե ով է դավադիրը։ Այդ ժամանակ Եսթերը քողազերծեց չարագործին՝ ասելով, որ դա Համանն է։ Մոլեգնած թագավորը հրամայեց, որ Համանին մահապատժի ենթարկեն, և նրան կախեցին հենց այն սյունից, որ նա կանգնեցրել էր Մուրթքեի համար։
Համանը որոշել էր ոչնչացնել թե՛ Մուրթքեին, թե՛ Աստծու ողջ ժողովրդին, որն ապրում էր Պարսկական կայսրության ամբողջ տարածքում։ Բայց եղավ ճիշտ հակառակը՝ սպանվեցին Համանը և Եհովայի ու Նրա ժողովրդի մյուս թշնամիները։ Եհովան ամուր հավատ ունեցող այս խիզախ կնոջ միջոցով փրկեց իր ժողովրդին։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Եսթերն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ի՞նչն է փաստում, որ այս արձանագրությունը պատմականորեն ճշգրիտ է (ia, էջ 138, շրջանակ)։ Ա
Ungnad, Arthur. “Neubabylonische Privaturkunden aus der Sammlung Amherst.” Archiv für Orientforschung, vol. 19, 1959, pp. 74–82
նկար Ա։ Հին պարսկական արձանագրություն, որտեղ նշվում է «Մարդուկա» անունը (Մուրթքե)
2. Մուրթքեն թերևս ինչո՞ւ չխոնարհվեց Համանի առաջ (ia, էջ 131, պրբ. 18)։
3. Ինչի՞ց ենք իմանում, որ իրականում Սատանան ու դևերն էին փորձում բնաջնջել հրեաներին (g02 9/8, էջ 7, պրբ. 3-էջ 8, պրբ. 2)։ Բ
Cube. Lot of Yahali, puru. Neo-Assyrian Clay. (YPM BC 021122). Courtesy of the Peabody Museum, Division of Anthropology, Babylonian Collection, Yale University; peabody.yale.edu
նկար Բ։ Վիճակ գցելու հնագույն զառ
4. Մուրթքեի ու Եսթերի միջոցով ո՞ր մարգարեությունը կատարվեց (ia, էջ 142, շրջանակ)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Եսթերը Եհովային հաճելի ձևով և իմաստությամբ էր վարվում, անգամ երբ հեռու էր Եհովայի մյուս ծառաներից։ Երիտասարդները ի՞նչ կարող են սովորել նրանից։
Եսթերը շահեց իր ամուսնու սիրտը՝ լինելով համբերատար, խոսելով նրբանկատ ու անկեղծ։ Քրիստոնյա կանայք ինչպե՞ս կարող են ընդօրինակել նրան։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եսթերի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Եսթերին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Այս երաժշտական տեսանյութից երեխաները ի՞նչ տարբեր բաներ կարող են սովորել Եսթերից։
Մեր օրերում ինչպե՞ս են Աստծու ծառաները Եսթերի պես պաշտպանել օգնության կարիք ունեցող իրենց եղբայրներին ու քույրերին։
«Ընդօրինակիր նրանց, ովքեր համբերության շնորհիվ տեսան խոստումների կատարումը —Մուրթքե և Եսթեր» (3։05)