ԱԼՖԱ ԵՎ ՕՄԵԳԱ
Հունարեն այբուբենի առաջին և վերջին տառերի անունները, որոնք «Հայտնություն» գրքում երեք անգամ գործածվում են որպես տիտղոս։ «Արարատ» և «Էջմիածին» թարգմանություններում «Ալֆա և Օմեգա» արտահայտությունը հանդիպում է նաև Հայտնություն 1։10-ում, սակայն քանի որ հունարեն հնագույն ձեռագրերից մի քանիսում, ներառյալ Ալեքսանդրյան, Սինայական և Եփրեմյան ձեռագրերում, այդ արտահայտությունը բացակայում է, ժամանակակից թարգմանություններից շատերում այն չի հանդիպում այդ համարում։
Թեև շատ աստվածաշնչագետներ այդ տիտղոսը կիրառում են և՛ Աստծու, և՛ Քրիստոսի առնչությամբ, ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վերաբերում է միայն Եհովա Աստծուն։ «Հայտնություն» գրքի առաջին համարից երևում է, որ հայտնությունը տվել է Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով, հետևաբար խոսողը (հրեշտակի միջոցով) որոշ դեպքերում Աստված է, որոշ դեպքերում էլ՝ Քրիստոս Հիսուսը (Հտն 22։8)։ Օրինակ՝ Հայտնություն 1։8-ում (Նոր ԱԹ) ասվում է. «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը),– ասում է Տերը՝ Աստված [«Եհովա Աստված», ՆԱԹ], նա, որ է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը»։ Թեև նախորդ համարում խոսվում է Հիսուս Քրիստոսի մասին, հստակ է, որ 8-րդ համարում այս տիտղոսը կիրառվում է Աստծու՝ «Ամենակալի» առնչությամբ։ Սրա վերաբերյալ աստվածաբանական մի աշխատության մեջ հետևյալն է գրված. «Հիմքեր չկան միանգամայն վստահ լինելու, որ տվյալ դեպքում գրողը նկատի է ունեցել Տեր Հիսուսին.... Միևնույն ժամանակ անտրամաբանական չէ ենթադրել, որ այստեղ գրողը նկատի է ունեցել Աստծուն» (Barnes’ Notes on the New Testament, 1974)։
«Ալֆա և Օմեգա» տիտղոսը հանդիպում է նաև Հայտնություն 21։6-ում։ Հաջորդ՝ 7-րդ համարից երևում է, թե ով է իրեն կոչում այդ տիտղոսով։ Այնտեղ ասվում է. «Հաղթողը կժառանգի այս բաները։ Ես նրա Աստվածը կլինեմ, և նա իմ որդին կլինի»։ Քանի որ Հիսուսն իր թագավորակիցներին կոչում է «եղբայրներ» և ոչ թե «որդիներ», կարելի է եզրակացնել, որ այստեղ խոսողը նրա երկնային Հայրն է՝ Եհովա Աստված (Մթ 25։40; հմմտ. Եբ 2։10-12)։
Վերջին անգամ այդ տիտղոսը հանդիպում է Հայտնություն 22։13-ում, որտեղ ասվում է. «Ես եմ Ալֆան և Օմեգան ՝ առաջինը և վերջինը՝ սկիզբը և վերջը»։ Ակնհայտ է, որ «Հայտնություն» գրքի այս գլխում խոսողները մի քանիսն են։ 8-րդ և 9-րդ համարներում Հովհաննեսի հետ խոսողը հրեշտակն է, 16-րդ համարում խոսողը Հիսուսն է, 17-րդ համարի առաջին մասում՝ «ոգին ու հարսը», իսկ 20-րդ համարի վերջին մասից հստակ երևում է, որ խոսողը Հովհաննեսն է։ Ուստի ինչպես և մյուս երկու դեպքերում, 12–15-րդ համարներում հիշատակված «Ալֆա և Օմեգա» տիտղոսը վերաբերում է Եհովա Աստծուն։ 12-րդ համարում նշված «շուտով գալու եմ» արտահայտությունը պարտադիր չէ, որ վերաբերի Հիսուսին, քանի որ Աստված իր մասին նույնպես ասում է, որ գալու է դատաստան անելու (հմմտ. Ես 26։21)։ Մաղաքիա 3։1-6-ում ասվում է, որ Եհովան և իր «ուխտի պատգամաբերը» միասին են գալու, որ դատեն։
«Ալֆա և Օմեգա» տիտղոսը նույն միտքն է փոխանցում, ինչ «առաջինը և վերջինը» ու «սկիզբը և վերջը» արտահայտությունները, երբ դրանք կիրառվում են Եհովայի առնչությամբ։ Նրանից առաջ չի եղել Ամենակարող Աստված և նրանից հետո էլ չի լինի։ Եհովան վերջնական և լիարժեք լուծում կտա ճշմարիտ Աստված լինելու իրավունքին առնչվող վիճաբանական հարցին՝ մեկընդմիշտ փաստելով, որ ինքն է միակ Ամենակարող Աստվածը (հմմտ. Ես 44։6)։