Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Վախ, սարսափ»
  • Վախ, սարսափ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վախ, սարսափ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածավախ սիրտ մշակեք
    2001 Դիտարան
  • Եհովայից վախեցիր և նրա պատվիրանները պահիր
    2001 Դիտարան
  • Ինչո՞ւ ուսումնասիրել Աստվածաշունչը
    2001 Դիտարան
  • Երկյուղիր Եհովայից ամեն ժամանակ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Վախ, սարսափ»

ՎԱԽ, ՍԱՐՍԱՓ

Վնասի, ցավի նախազգացում, որին բնորոշ է հոգեկան տագնապը, ահը, անհանգստությունը։ Սակայն վախը կարելի է բնորոշել նաև որպես մի վիճակ, երբ մարդը առանց տագնապի գիտակցում է վերահաս վտանգը։ Այդպիսի վախը մղում է նրան ողջամտության սահմաններում զգուշություն ցուցաբերել, ինչպես նաև հեռատես լինել։

Եբրայերեն պախադ գոյականը (պախադ բայից) սովորաբար թարգմանվում է «սարսափ», «ահ», «վախ», «երկյուղ» և արտահայտում է ահուդող ու սարսուռ առաջացնելու միտք (հմմտ. Մք 7։17)։ Օրինակ՝ պախադ բառը հանդիպում է «գիշերվա սարսափներ» արտահայտության մեջ և կարող է վերաբերել գողերի կամ գիշատիչ գազանների անսպասելի հարձակմանը, ինչը սարսափ կամ ուժգին վախ է առաջացնում (Սղ 91։5)։

Հակոբը Ամենակարողին կոչեց «Իսահակի երկյուղ»։ Իսահակը Աստծու հանդեպ ակնածանք ուներ՝ վախենում էր նրան տհաճեցնելուց։ Հակոբը նույն վերաբերմունքն ուներ Աստծու հանդեպ, ինչ իր հայր Իսահակը։ Դա է վկայում այն, որ նա երդվեց «իր հայր Իսահակի երկյուղով» (Ծն 31։42, ծնթ., 53, ծնթ.)։

Եհովան իր ծառաների Պաշտպանն է ու Աջակիցը։ Ուստի նրանք պատճառ չունեն վախենալու մարդկանցից ու նրանց հնարավոր գործողություններից և տեղի տալով այդ վախին՝ զիջումների գնալու (Սղ 27։1; 78։53; 91։2-5; Ես 12։2)։ Սակայն դա չի նշանակում, որ Աստծու ծառաները այս համակարգում տառապանքներ չեն կրում։ Երբեմն նրանք հայտնվում են ծանր, անելանելի թվացող իրավիճակում։ Հավատ չունեցող մարդիկ գուցե լքեն նրանց՝ վախենալով, որ իրենք էլ կհայտնվեն այդ նույն իրավիճակում (Սղ 31։11)։ Բայց նրանք չեն հասկանում, որ Եհովան շարունակում է հոգ տանել իր ծառաներին անգամ դժվարությունների ժամանակ ու երբեք չի լքի նրանց (Սղ 27։10; 94։14)։

Անօրենները Աստծու հանդեպ վախ չունեն, այդ պատճառով չեն դադարում չարիք գործել (Սղ 36։1-4)։ Սակայն նրանք սարսափ կապրեն, երբ Աստծու իմաստությունն արհամարհելու պատճառով նրանց գլխին աղետ գա (Առ 1։26, 27)։

Երբ Եհովան անհավատարիմ իսրայելացիներին զրկեց իր պաշտպանությունից, նրանք օր ու գիշեր սարսափի մեջ էին, քանի որ իրենց կյանքը մազից էր կախված։ Աղետն անխուսափելի էր (2Օր 28։66, 67; Ես 24։17-20; 33։14; Եր 30։5; Ողբ 3։47)։ Մինչդեռ Արարչի իմաստությամբ ուղղորդվող աստվածավախ մարդիկ զերծ են մնում այդպիսի վախերից ու սարսափներից (Առ 1։33; 3։24, 25; 28։14, ծնթ.)։

Մարդիկ կարող են նաև ահ ու սարսափի մեջ ընկնել, երբ Եհովան գործի է դնում իր անգերազանցելի ուժը՝ իր ծառաներին պաշտպանելու և աջակցելու համար (2Տգ 17։10; Սղ 53։5; 105։38; Ես 19։16, 17; Եր 33։9)։ Օրինակ՝ իսրայելացիներն Աստծու օգնությամբ տպավորիչ ու վախ ներշնչող հաղթանակներ էին տանում իրենց հակառակորդների նկատմամբ (2Օր 11։25; 1Տգ 14։17; 2Տգ 14։12-14; 20։29)։ Մուրթքեի ու Եսթերի օրոք դեպքերի անսպասելի զարգացումը, որը հօգուտ հրեաների էր, թշնամիներին վախով համակեց (Եսթ 8։17; 9։2, 3)։ Մարդու մեջ առողջ վախ և հնազանդվելու պատրաստակամություն կարող է առաջանալ, երբ նա տեսնում է, որ Աստված ինչ-որ մեկին քաջություն և ուժ է տալիս։ Օրինակ՝ երբ Սավուղ թագավորը իսրայելացիներին վճռականորեն հորդորեց պաշտպանել Հաբիս-Գաղաադը, «Եհովան ժողովրդին վախով համակեց, և բոլորը մեկ մարդու պես դուրս եկան պատերազմելու» (1Սմ 11։7)։

Եհովան նախապես ասել էր, որ Կյուրոսը կործանելու էր Բաբելոնը, ուստի իսրայելացիներն այդ աշխարհացունց իրադարձությունից սարսափելու պատճառ չունեին։ Նրանց համար դա ազատագրում էր նշանակելու բաբելոնյան գերության սարսափներից։ Մինչդեռ կուռք պատրաստող արհեստավորները սարսափահար էին լինելու, քանի որ նրանց ձեռքով պատրաստված ոչ մի աստված չէր կարող փրկել Բաբելոնը (Ես 44։8-11, 24-28; 51։12, 13)։

Կուց բառի ձևերից մեկը թարգմանվել է «հիվանդագին վախ» (Թվ 22։3) և հաճախ արտահայտում է նողկանքի իմաստ (տես ՆՈՂԿԱԼԻ)։

Եբրայերեն յարե (Ղև 19։30; 26։2) և արաց (Սղ 89։7; Ես 29։23; 47։12) բայերը կարող են ունենալ ակնածանքի կամ ակնածալից վախի իմաստ։ Արաց բայը հաճախ նշանակում է «երկյուղել», «վախից, սարսափից, ակնածանքից դողալ կամ այդպիսի դող առաջացնել» (Ես 8։12; Սղ 10։18)։

Իսրայելացիներն ակնածանքով էին լցվում՝ տեսնելով Եհովայի ներկայության ապացույցները։ Երբ նրանք հավաքված էին Սինա լեռան մոտ, տեսան, որ դրա վրա մի մութ ու թանձր ամպ իջավ, որն ուղեկցվում էր կայծակի փայլատակումով, և լսեցին որոտներ ու եղջերափողի ձայն, որը ավելի ու ավելի բարձր էր հնչում։ Ողջ լեռը ուժգին ցնցվում էր, և ծուխ էր բարձրանում դրանից։ Տեսնելով Եհովայի զորության այդ դրսևորումը՝ իսրայելացիները, անգամ Մովսեսը ահուդողի մեջ ընկան։ Եհովայի փառքի դրսևորման նպատակը ժողովրդի մեջ առողջ վախ ներշնչելն էր, որը հետ կպահեր նրանց մեղք գործելուց (Ելք 19։9, 16-19; 20։18, 20; Եբ 12։21)։

Եհովայի փառքի մասին տեսիլքները նույնպես ակնածանք էին ներշնչում։ Երկնային կառքի հարթակը, որի վրա Եզեկիել մարգարեն տեսավ Եհովայի փառքը, սառույցի պես փայլում էր։ Քերովբեներին ներկայացնող կենդանի էակների գլխավերևում տարածվող այդ կիսաթափանցիկ հարթակը ապշեցնում էր իր տեսքով ու չափսերով։ Դրա վրա գահի նման մի բան կար, որն ասես շափյուղա քարից լիներ։ Գահին Նստածից ճառագում էր դեղնավուն փայլ, որը նման էր զտողի կրակի մեջ եղող ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի։ Նրա շուրջբոլորը նույնպես շողշողում էր։ Եհովայի փառքի մասին այդ տեսիլքը տեսնելով՝ Եզեկիելը, խոր հարգանքով ու ակնածանքով լցված, մինչև գետին խոնարհվեց (Եզկ 1։15-22, 25-28)։

Այդպիսի ակնածանքի միայն Եհովան է արժանի։ Այն մղում է մարդուն պաշտել նրան (Սղ 89։7; Ես 29։23)։ Քրիստոնյաներին խրախուսվում է «սուրբ ծառայություն մատուցել նրան՝ աստվածավախությամբ և ակնածանքով [հուն. դեոս բառի ձևերից]» (Եբ 12։28)։ Աստծու ծառաները ցույց են տալիս, որ ակնածում են նրանից՝ անկեղծորեն ջանալով հաճեցնել նրան։ Նրանք գիտակցում են, որ յուրաքանչյուրը հաշիվ է տալու Աստծուն, և որ նա անկողմնակալությամբ է դատելու (1Պտ 1։17; Հտն 14։7)։

Առանձին մարդիկ կամ ազգեր երբեմն գիտակցաբար կամ անգիտակցաբար կարող են ինչ-որ չափով ակնածանք ներշնչել ուրիշներին։ Օրինակ՝ սունամուհին այնպիսի մեծ տպավորություն էր թողել Սողոմոն թագավորի վրա, որ վերջինս ասաց, որ աղջիկը ապշեցուցիչ է, «ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը», որ պատրաստ են պատերազմելու։ Երգերի երգը 6։4, 10 համարներում գործածված «ապշեցուցիչ» բառը թարգմանվել է եբրայերեն այոմ բառից, որը նշանակում է «ակնածանք ներշնչող»։ Երբ քաղդեացիները գնում էին պատերազմի, վախազդու էին (Ամբ 1։6, 7)։ Եսայիա մարգարեի միջոցով Բաբելոնին հորդոր տրվեց մոգություններով ու կախարդանքներով վախ (եբր.՝ արաց) ներշնչել իր թշնամիներին և այդպիսով փրկվել աղետից։ Բայց մարգարեն նաև ասաց, որ աղետը կանխելու նրա բոլոր ջանքերը անհաջողության էին մատնվելու (Ես 47։12-15)։ Պարսից Կյուրոս թագավորի զորքերը գրավելու էին Բաբելոնը (Ես 44։24-45։2)։

Եհովայի հետ ունեցած հատուկ հարաբերությունների շնորհիվ Մովսեսը Իսրայելի աչքի առաջ զարմանահրաշ (եբր.՝ մորա, որը կարող է թարգմանվել նաև «ակնածանք ներշնչող») բաներ էր անում (2Օր 34։10, 12; Ելք 19։9)։ Հավատարիմ մարդիկ ակնածում էին Մովսեսին տրված իշխանությունից։ Նրանք հասկանում էին, որ Աստված է խոսում Մովսեսի միջոցով։ Իսրայելացիները նաև պետք է «խորին հարգանքով (բռց.՝ «վախով», ծնթ., եբր.՝ յարե) վերաբերվեին» Եհովայի սրբարանին (Ղև 19։30; 26։2)։ Դա նշանակում է, որ նրանք պետք է պաշտեին Եհովային նրան հաճելի ձևով և պահեին նրա բոլոր պատվիրանները։ 

Ի՞նչ է Եհովայի հանդեպ վախը, որ պետք է ունենանք

Աստվածաշնչից պարզ է դառնում, որ վախը կարող է լինել տեղին և անտեղի։ Առողջ վախը մղում է անհատին վտանգի հանդիպելիս զգուշություն դրսևորել՝ օգնելով նրան խուսափել փորձանքից։ Հիվանդագին վախը խլում է մարդու հույսը, քամում նրա ուժերը և կարող է նույնիսկ մահվան հասցնել։ Աստվածավախությունը առողջ վախ է։ Այն Արարչի հանդեպ ակնածանք է, խոր հարգանք, երկյուղ, որն օգնում է խուսափել նրան տհաճեցնելուց։ Այդպիսի վախը առաջանում է նրա հավատարիմ սերը և բարությունը գնահատելու արդյունքում, ինչպես նաև այն բանի գիտակցումից, որ նա է Գերագույն Դատավորը և Ամենակարողը, ով զորություն ունի պատժելու կամ մահվան դատապարտելու իրեն չհնազանդվողներին։

Անչափ կարևոր է, որ Եհովա Աստծու ծառաները առողջ վախ ունենան նրա հանդեպ, ինչը կօգնի նրանց խուսափել նրան տհաճ գործերից։ Աստվածավախության շնորհիվ էր, որ Հոբը անարատ և ուղղամիտ մարդ էր (Հոբ 1։1; 23։15; 31։23)։ Հենց այդ վախի շնորհիվ էր նաև, որ սաղմոսերգուն իշխանավորների կողմից հետապնդվելիս չշեղվեց աստվածահաճո ճանապարհից (Սղ 119։120, 161)։ Հովսափատը իր նշանակած դատավորներին հորդորեց Աստծու հանդեպ առողջ վախ ունենալ, որպեսզի առանց կողմնապահության դատավճիռներ կայացնեն (2Տգ 19։5-7)։

Եհովայի հանդեպ վախը «իմաստության սկիզբն է» (Առ 9։10), այն «ձեռք բերելու հիմքը» (Սղ 111։10)։ Դա հիվանդագին վախ չէ, որը քայքայիչ ազդեցություն ունի։ Ընդհակառակը, «Եհովայի հանդեպ վախը մաքուր է [այսինքն՝ ամեն առումով լավ է]» (Սղ 19։9, ծնթ.)։ Առակներ 8։13-ում այսպիսի վախի առնչությամբ հետևյալն է ասվում. «Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը»։ Եհովայի հանդեպ վախը մարդուն «հեռու է պահում չարից»՝ թույլ չտալով սխալ ընթացք բռնել (Առ 16։6)։

Ադամն ու Եվան չդրսևորեցին Աստծու հանդեպ տեղին, առողջ վախ, ինչի պատճառով էլ չհնազանդվեցին նրան։ Հետևանքը եղավ այն, որ նրանց համակեց հիվանդագին վախը՝ սարսափը, և նրանք թաքնվեցին Աստծուց։ Ադամն ասաց. «Պարտեզում լսեցի քո ձայնը և.... վախեցա» (Ծն 3։10)։ Ադամի որդին՝ Կայենը, այդպիսի վախ զգաց այն բանից հետո, երբ սպանեց իր եղբայր Աբելին։ Հնարավոր է՝ այդ վախն էր պատճառներից մեկը, որ նա որոշեց քաղաք կառուցել (Ծն 4։13-17)։

Եբրայեցիներ 12։28-ում քրիստոնյաներին հորդոր է տրվում աստվածավախ լինել. «Եկեք ամեն ինչ անենք, որ Աստված շարունակի անզուգական բարություն դրսևորել մեր հանդեպ, ինչի շնորհիվ կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել նրան՝ աստվածավախությամբ և ակնածանքով»։ Այն հրեշտակը, որ թռչում էր երկնքում և հավիտենական բարի լուր էր ազդարարում, իր խոսքը այսպես սկսեց. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան» (Հտն 14։6, 7)։ Հիսուսը աստվածավախությունը հակադրեց մարդավախությանը՝ ասելով. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ, բայց չեն կարող մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը, այլ վախեցեք նրանից, ով ոչ միայն կարող է սպանել ձեզ, այլև մեկընդմիշտ կործանել ձեր կյանքը գեհենում» (Մթ 10։28)։ Հայտնություն 2։10-ում նա մի խորհուրդ տվեց, որը վերաբերում է յուրաքանչյուր քրիստոնյայի. «Մի՛ վախեցիր այն տառապանքներից, որ կրելու ես»։ Եհովայի հանդեպ անկեղծ սերը դուրս է մղում մարդու հանդեպ վախը, որը ստիպում է զիջումների գնալ։

Տեղին վախը, սակայն, ներառում է նաև պատշաճ հարգանք իշխանությունների հանդեպ, քանի որ քրիստոնյան գիտի, որ հանցանքի դեպքում իշխանության կիրառած արդարացի պատիժը Աստծու բարկության անուղղակի արտահայտումն է (Հռ 13։3-7)։

Հիսուսը մարգարեացավ, որ աշխարհի վախճանի ժամանակներում երկրի վրա համատարած վախ էր տիրելու։ Նա ասաց, որ «ահազդու բաներ» էին լինելու, և «մարդկանց սիրտը թուլանալու էր վախից ու երկրի վրա կատարվելիք բաների մռայլ սպասումից» (Ղկ 21։11, 26)։ Թեև մարդիկ ընդհանուր առմամբ վախով էին լցված լինելու, Աստծու ծառաները հետևելու էին Եսայիա 8։12-ում գրված սկզբունքին. «Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում»։ Պողոս առաքյալն ասաց. «Աստծու տված ոգին մեր մեջ ոչ թե վախկոտություն է առաջացնում, այլ լցնում է զորությամբ, սիրով ու ողջամտությամբ» (2Տմ 1։7)։

Իմաստուն Սողոմոնը մարդկանց կյանքը, նրանց արած գործերը և նրանց կյանքում տեղի ունեցած ցավալի դեպքերը ուսումնասիրելուց հետո ասաց. «Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում» (Ժղ 12։13)։

Մարդկանց հանդեպ կենդանիների վախը։ Ծննդոց 9։2-ում «վախենալ» բառը գործածված է կենդանիների առնչությամբ։ Աստված Նոյին ու նրա որդիներին ասաց. «Երկրի բոլոր կենդանիները.... կշարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից»։ Տապանում գտնվելու ընթացքում բոլոր կենդանիներն ու թռչունները վախենում էին Նոյից ու նրա ընտանիքից, ինչի շնորհիվ ենթարկվում էին նրանց։ Երբ Ջրհեղեղից հետո նրանք դուրս եկան տապանից, Եհովան Նոյին վստահեցրեց, որ կենդանիները կշարունակեն վախենալ մարդկանցից։ Այդպես էլ եղավ։ Ամերիկյան բնագիտական թանգարանի կաթնասունների բաժնի ղեկավարի օգնական Ջորջ Գուդվինն ասում է. «Սովորաբար ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա։ Սակայն եթե նրան զայրացնեն կամ վնասեն, նա կհարձակվի»։ Նմանապես՝ թունավոր օձերը, որոնք հայտնի են իրենց ագրեսիվությամբ, օրինակ՝ մամբաներն ու արքայական կոբրան, մարդու հանդիպելիս, որպես կանոն, փախչում են և ոչ թե հարձակվում։ Թեև մարդու վատ վերաբերմունքի պատճառով որոշ կենդանիներ կատաղի են դարձել, ընդհանուր առմամբ նրանք վախենում են մարդկանցից։ Դա ներդաշնակ է Ծննդոց 1։26-28-ում արձանագրված Աստծու խոսքերին, ըստ որոնց՝ մարդու արարումից ի վեր կենդանիները պետք է ենթարկվեն նրան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը