ՁՈՒԿ
Այս և մյուս ջրային կենդանիներին Աստված ստեղծեց արարչագործության հինգերորդ օրը (Ծն 1։20-23)։ Թեև միայն Ջրհեղեղից հետո մարդուն թույլ տրվեց ձուկ ուտել, բայց հենց սկզբից նա պետք է իշխանություն ունենար այդ ջրաբնակ կենդանիների վրա (Ծն 1։28; 9։2, 3)։ Սակայն կենդանիների վրա իրենց իշխանությունը ճիշտ գործադրելու փոխարեն ոմանք «դարձան դատարկամիտ» ու սկսեցին պաշտել ստեղծված բաներին (Հռ 1։20-23)։ Ահա մի քանի օրինակ. բաբելոնացիները պաշտում էին Էային՝ ջրերի աստծուն, որը պատկերվում էր կեսմարդ-կեսձուկ տեսքով, ասորիները՝ Ատարգատիսին, որը ձուկ-աստվածուհի էր, իսկ եգիպտացիները ձկան որոշ տեսակներ սուրբ էին համարում և նույնիսկ մումիացնում էին։ Ինչ խոսք, Իսրայելին տրված Աստծու օրենքն արգելում էր ձկան պաշտամունքը (2Օր 4։15-18)։
Հիսուս Քրիստոսը՝ «մարդու Որդին» (Մթ 17։22), իշխանություն ուներ ձկների վրա և երկու անգամ ցույց տվեց դա, երբ հրաշքով առաքյալների ցանցերը լցրեց ձկներով (Սղ 8։4-8; Եբ 2։5-9; Ղկ 5։4-7; Հվ 21։6)։ Երբ պետք էր վճարել տաճարի հարկը, Հիսուսը դարձյալ ցույց տվեց, որ այդպիսի իշխանություն ունի։ Նա Պետրոսին ասաց. «Գնա ծովը, կարթը գցիր ու երբ դուրս եկած առաջին իսկ ձկան բերանը բացես, այնտեղ մի արծաթադրամ կգտնես։ Այն տար և նրանց տուր իմ ու քո տեղը» (Մթ 17։24-27)։
Ձուկը՝ որպես կերակուր։ Ձուկը անչափ սննդարար, հեշտ մարսվող կերակուր է և կարևոր տեղ է ունեցել եգիպտացիների, ինչպես նաև ստրկության մեջ գտնվող եբրայեցիների սննդակարգում։ Դա երևում է այն բանից, որ անապատում իսրայելացիներն ու այլազգի մարդիկ կարոտով էին հիշում այն ձկները, որ ուտում էին Եգիպտոսում (Թվ 11։5)։ Ուստի երբ Եհովան Եգիպտոսի ջրերը արյուն դարձրեց, ու Նեղոս գետի ձկները սատկեցին, երկրի տնտեսությունը մեծապես տուժեց (Ելք 7։20, 21)։
Ձուկը կարևոր կերակուր էր իսրայելացիների սննդակարգում նաև այն բանից հետո, երբ նրանք բնակություն հաստատեցին Խոստացված երկրում։ Երուսաղեմի դարպասներից մեկը կոչվում էր «Ձկների դարպաս», ինչից կարելի է ենթադրել, որ այդտեղ կամ մոտակայքում ձկան շուկա կար (2Տգ 33։14)։ Հետագայում, ինչպես նշում է Նեեմիան, տյուրոսցիները Երուսաղեմում ձկներ էին վաճառում անգամ Շաբաթ օրը (Նեմ 13։16)։
Սովորաբար ձուկը աղ էին դնում ու չորացնում կամ էլ խորովում էին։ Այն հաճախ ուտում էին հացով։ Ձկները, որոնցով Հիսուսը հրաշքով կերակրեց 5 000 տղամարդու, իսկ ավելի ուշ՝ 4 000 տղամարդու (չհաշված կանանց ու երեխաներին), հավանաբար աղ դրած ու չորացրած էին (Մթ 14։17-21; 15։34-38)։ Հարություն առնելուց հետո Հիսուսը խորոված ձուկ կերավ, որպեսզի փաստի առաքյալներին, որ նրանք ինչ-որ ոգի չեն տեսնում։ Մեկ ուրիշ անգամ նա նախաճաշ պատրաստեց՝ շիկացած ածուխների վրա խորոված ձուկ և հաց (Ղկ 24։36-43; Հվ 21։9-12)։
Իսրայելի ձկնատեսակները։ Ձուկն առատ է Պաղեստինի ներքին ջրերում՝ բացառությամբ Մեռյալ ծովի։ Ձկնատեսակներից հանդիպում են, օրինակ, բրամը, գետածածանը, պերկեսը։ Կան նաև արտասովոր ձկներ, որոնց սաղմնային զարգացումը տեղի է ունենում բերանում։ Այդպիսի ձկների մի տեսակի (Chromis simonis) արուն իր բերանի մեջ առնում է մոտ 200 ձկնկիթ։ Մանրաձկները ձկան բերանից դուրս են գալիս ձվազատումից մի քանի շաբաթ հետո։
Ձկների որոշ տեսակներ ապրում են նույնիսկ Մեռյալ ծովի մոտ գտնվող աղի աղբյուրներում։ Բայց եթե դրանք հայտնվեն այդ ծովի ջրի մեջ, կարճ ժամանակ անց կսատկեն։ Ենթադրվում է, որ պատճառը Մեռյալ ծովի ջրերում մագնեզիումի քլորիդի բարձր տոկոսայնությունն է։ Հատկապես հեղեղների ժամանակ Հորդանանի ուժգին հոսանքը շատ ձկների քշում-տանում է Մեռյալ ծով։ Այնտեղ այդ ձկներին, որոնք թմրած վիճակում են, որսում են գիշատիչ թռչունները, իսկ ափ նետված սատկած ձկներին ուտում են լեշակեր թռչունները։ Հետաքրքիր է, որ Եզեկիելի մարգարեական տեսիլքում բոլորովին այլ պատկեր է ներկայացվում. Եհովայի տաճարի շեմքի տակից ջուր է հոսում և բուժում է Մեռյալ ծովի ջրերը՝ խթանելով ձկնորսությունը (Եզկ 47։1, 8-10)։
Մաքուր և անմաքուր։ Աստվածաշնչում ձկան որևէ տեսակի մասին չի հիշատակվում։ Նույնիսկ իմաստուն Սողոմոն թագավորը, ով գիտելիքների հարուստ պաշար ուներ բնության վերաբերյալ, այդ թվում՝ ձկների (1Թգ 4։33), ձկան որևէ կոնկրետ տեսակ չի նշել։ Այնուամենայնիվ, Օրենքը տարբերություն էր դնում մաքուր և անմաքուր ջրային կենդանիների միջև։ Ծիսականորեն մաքուր և ուտելու համար պիտանի էին համարվում միայն այն ջրաբնակ կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկներ ունեին։ Ուստի ուտելու համար պիտանի չէին, օրինակ, լոքոն, օձաձուկը, քարալեզը, կատվաձուկը, շնաձուկը, ինչպես նաև խեցգետնակերպերը։ Դրանցից շատերը սնվում են կեղտաջրերով ու քայքայվող նյութերով և հաճախ վարակված են լինում այնպիսի բակտերիաներով, որոնք առաջացնում են որովայնային տիֆ և պարատիֆ (Ղև 11։9-12)։ Իսրայելացի ձկնորսները լավ ձկները պետք է առանձնացնեին ուտելու համար անպիտան ձկներից, ինչպես և նշեց Հիսուսը ուռկանի մասին առակը պատմելիս (Մթ 13։47, 48)։
Հովնանին կուլ տված ձուկը։ Չնայած որ Աստծու Որդին անձամբ հաստատեց, որ «մեծ ձուկը» կուլ է տվել Հովնանին, այս դեպքը հաճախ նշվում է Աստվածաշնչի վավերականությունը կասկածի ենթարկելու համար (Մթ 12։40)։ Պետք է հիշել, սակայն, որ Աստվածաշունչը պարզապես ասում է, որ «Եհովան մի հսկայական ձուկ ուղարկեց, որ կուլ տա Հովնանին», բայց չի նշում, թե ինչ ձուկ էր դա (Հվն 1։17)։ Ինչպես հայտնի է, կան այնպիսի ծովային կենդանիներ, որոնք կարող են կուլ տալ մարդուն, օրինակ՝ սպիտակ շնաձուկը կամ կաշալոտը (տես Walker, Mammals of the World, խմբ.՝ R. Nowak և J. Paradiso, 1983, հտր II, էջ 901; Australian Zoological Handbook, The Fishes of Australia, G. P. Whitley, Sydney, 1940, Part 1—The Sharks, էջ 125)։
Փոխաբերական իմաստ։ Աստվածաշնչում մարդիկ երբեմն նմանեցվում են ձկների։ Ժողովողը մարդկանց համեմատեց ձկների հետ՝ ասելով, որ «ինչպես ձկներն են բռնվում մահաբեր ուռկանի մեջ.... այնպես էլ մարդիկ են հանկարծահաս փորձանքի մեջ ընկնում» (Ժղ 9։12)։ Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին հանձնարարեց լինել «մարդկանց որսորդներ [բռց.՝ «ձկնորսներ», ծնթ.]»։ Նա արդար մարդկանց նմանեցրեց լավ ձկների, իսկ անօրեններին՝ անպետք ձկների, որոնց դեն են գցում (Մկ 1։17; Մթ 13։47-50; տես ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ)։