Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Կանխագիտություն, կանխորոշում»
  • Կանխագիտություն, կանխորոշում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կանխագիտություն, կանխորոշում
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան պատմում է «առաջուց վերջինը»
    2006 Դիտարան
  • Կարո՞ղ եք տնօրինել ձեր ճակատագիրը
    2005 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Կանխագիտություն, կանխորոշում»

ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ

Կանխագիտությունը նախապես իմանալն է այն, ինչ դեռ տեղի չի ունեցել կամ գոյություն չունի։ Աստվածաշնչում այն առաջին հերթին (թեև ոչ միշտ) կիրառվում է Եհովա Աստծու՝ Արարչի և նրա նպատակների առնչությամբ։ Կանխորոշումը նախապես ինչ-որ բան որոշելն է, սահմանելը կամ վճռելը։ Այդ բառը նաև մատնանշում է այն, ինչ կանխորոշված է։

Բնագրային բառերը։ Այն բառերը, որոնք սովորաբար թարգմանվել են «կանխագիտություն», «նախապես հայտնի լինել», «նախապես որոշել» և «կանխորոշել» բառերով ու արտահայտություններով, հանդիպում են Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում, թեև դրանց փոխանցած հիմնական միտքը արտահայտված է նաև Եբրայերեն Գրվածքներում։

«Կանխագիտություն» բառով թարգմանվել է հունարեն պրոգնոսիս բառը (կազմված է պրո՝ «առաջ» և գնոսիս՝ «գիտելիք» բառերից) (Գրծ 2։23; 1Պտ 1։2)։ Նույնարմատ պրոգինոսկո բայը գործածվել է երկու անգամ մարդկանց առնչությամբ՝ երբ Պողոսն ասաց, որ որոշ հույներ «վաղուց [նախապես] գիտեին» իրեն, և երբ Պետրոսն իր երկրորդ նամակում խոսեց այն բաների մասին, որոնք իր ընթերցողները «նախապես» գիտեին (Գրծ 26։4, 5; 2Պտ 3։17)։ Վերջին դեպքում քրիստոնյաների ունեցած գիտելիքները, ինչ խոսք, համապարփակ չէին, այսինքն՝ չի կարելի ասել, թե նրանք գիտեին ամեն մանրամասնություն այն ժամանակի, վայրի ու հանգամանքների մասին, որ կապված էին մինչ այդ Պետրոսի նշած ապագա իրադարձությունների ու իրավիճակների հետ։ Սակայն նրանք ընդհանուր պատկերացում ունեին այն մասին, թե ինչ ակնկալեն, քանի որ Պետրոսը և Աստվածաշունչը գրի առած մյուս մարդիկ ներշնչված էին Աստծուց։

«Կանխորոշել» բառը և «նախապես որոշել» արտահայտությունը թարգմանվել են հունարեն պրոորիզո բառից (կազմված է պրո՝ «առաջ» բառից և հորիզո բառից, որ նշանակում է «սահման դնել» կամ «որոշել սահմանները»)։ (Հայերեն «հորիզոն» բառը ծագում է հունարեն հորիզոն բառից, որը նշանակում է «սահմանորոշող», «սահմանափակող»)։ Հունարեն հորիզո բայի իմաստը երևում է Հիսուս Քրիստոսի այն խոսքերից, որ ինքը՝ մարդու Որդին, «գնում է ինչպէս սահմանուած է [հորիսմենոն]»։ Պողոսն ասաց, որ Աստված «ժամանակ սահմանեց [որոշեց՝ հորիսաս] որոշակի իրադարձությունների համար ու հաստատեց մարդկանց բնակության սահմանները» (Ղկ 22։22, ԱԹ; Գրծ 17։26)։ Այդ նույն բայը գործածվում է մարդկանց որոշումների առնչությամբ, օրինակ՝ այն համատեքստում, երբ աշակերտները «որոշեցին [հորիսան]» օգնություն ուղարկել իրենց կարիքավոր հավատակիցներին (Գրծ 11։29)։ Սակայն Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում կանխորոշելու, կամ՝ նախապես որոշելու մասին ուղղակի հիշատակումները բացառապես Աստծուն են վերաբերում։

Կարևոր գործոններ։ Աստծու առնչությամբ «կանխագիտություն» ու «կանխորոշում» բառերի կիրառությունը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել որոշ գործոններ։

Առաջին՝ Աստվածաշնչում հստակ նշված է, որ Աստված որևէ բան նախապես իմանալու և կանխորոշելու կարողություն ունի։ Ապացուցելու համար, որ ինքն Աստված է, Եհովան ընդգծում է այն փաստը, որ ունակ է նախապես իմանալու և կանխորոշելու փրկության ու ազատագրման, ինչպես նաև դատաստանի ու պատժի հետ կապված իրադարձությունները, ապա դեպքերին համապատասխան ընթացք տալու։ Նրա ընտրյալ ժողովուրդն այդ ամենի վկան է (Ես 44։6-9; 48։3-8)։ Ապագան նախապես իմանալու և կանխորոշելու Աստծու կարողությունը բոլոր ճշմարիտ մարգարեությունների հիմքն է (Ես 42։9; Եր 50։45; Ամս 3։7, 8)։ Աստված մարտահրավեր է նետում իր ժողովրդին հակառակվող ազգերին՝ պահանջելով, որ փաստարկներ բերեն իրենց ղեկավարների ու կուռքերի աստված լինելու վերաբերյալ։ Նա կոչ է անում նրանց խնդրել իրենց աստվածներին, որ նրանք նույնպես մարգարեանան փրկության կամ դատաստանի հետ կապված իրադարձություններ և հետո իրագործեն իրենց ասածները։ Այն, որ ազգերը անկարող են այս հարցում որևէ բան անելու, ցույց է տալիս, որ նրանց կուռքերը «փուչ և ունայն են» (Ես 41։1-10, 21-29; 43։9-15; 45։20, 21)։

Երկրորդ գործոնը, որ հարկավոր է հաշվի առնել, այն է, որ Աստծու ստեղծած բանական էակները ազատ կամքով են օժտված։ Աստվածաշունչը բացատրում է, որ Աստված նրանց ընտրություն անելու իրավունք և պատասխանատվություն է տվել (2Օր 30։19, 20; Հս 24։15), ուստի նրանք հաշվետու են իրենց արարքների համար (Ծն 2։16, 17; 3։11-19; Հռ 14։10-12; Եբ 4։13)։ Այլ խոսքերով՝ մարդիկ ռոբոտ չեն։ Եթե մարդը չկարողանար անձնական որոշումներ կայացնել ու դրա համար պատասխանատվություն չկրեր, հնարավոր չէր լինի ասել, որ նա «Աստծու պատկերով» է ստեղծված (Ծն 1։26, 27; տես ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ)։ Տրամաբանական է, որ չպետք է հակասություն լինի ապագան նախապես իմանալու (ինչպես նաև կանխորոշելու) Աստծու կարողության և այն բանի միջև, որ նրա ստեղծած բանական էակները ազատ կամք ունեն։

Երրորդ կարևոր գործոնը, որը մարդիկ երբեմն անտեսում են, Աստծու բարոյական չափանիշներն ու հատկանիշներն են, այդ թվում՝ նրա արդարությունը, ազնվությունը, անկողմնակալությունը, սերը, գթասրտությունն ու բարությունը։ Հասկանալու համար, թե Աստված ինչպես է օգտագործում որևէ բան նախապես իմանալու և որոշելու իր կարողությունը, պետք է հաշվի առնել վերոնշյալ գործոններից ոչ թե մեկը կամ երկուսը, այլ բոլորը։ Աստծու կանխատեսածը միշտ կատարվում է։ Ահա թե ինչու է նա «դեռ չեղած բաների մասին խոսում այնպես, ասես դրանք արդեն կան» (Հռ 4։17)։

Արդյոք Աստված նախապես գիտի՞ այն ամենը, ինչ մարդիկ անելու են

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հետևյալ հարցերն են ծագում՝ արդյոք Աստված անսահմանորե՞ն է օգտվում ապագան նախապես իմանալու իր կարողությունից։ Նա նախապես գիտի՞ և կանխատեսո՞ւմ է երկնային ու երկրային բոլոր էակների յուրաքանչյուր քայլը։ Արդյոք նա նախապես որոշո՞ւմ է նրանց արարքները, նախասահմանո՞ւմ է նրանց ճակատագիրը, այն էլ նախքան նրանց գոյությունը։

Թե՞ Աստված ապագան նախապես իմանալու իր կարողությունից ընտրողաբար և ըստ իր հայեցողության է օգտվում, այսինքն՝ ինքն է որոշում՝ ինչը նախապես իմանա, ինչը՝ ոչ։ Գուցե Աստված իր ստեղծած էակների հավիտենական ապագան որոշում է՝ հիմնվելով նրանց ընտրած կյանքի ուղո՞ւ և փորձությունների ժամանակ նրանց բռնած դիրքի՞ վրա, ոչ թե նախասահմանում է այն նախքան նրանց լույս աշխարհ գալը։ Այս հարցերի պատասխանները անպայման պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի վրա և ներդաշնակ լինեն իր ստեղծածների հանդեպ Աստծու վերաբերմունքի մասին աստվածաշնչյան տեղեկությանը, ինչպես նաև այն ամենին, ինչ նա հայտնել է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (1Կթ 2։16)։

Նախասահմանության ուսմունք։ Ըստ նախասահմանության ուսմունքի՝ Աստված անսահմանորեն է օգտվում ապագան նախապես իմանալու իր կարողությունից և կանխորոշում է բոլորի կյանքի ընթացքն ու ճակատագիրը։ Այդ ուսմունքի կողմնակիցները պնդում են, թե Բարձրյալի աստվածային էությունն ու կատարելությունը ենթադրում են, որ նա ամենագետ է, այսինքն՝ գիտի ոչ միայն անցյալն ու ներկան, այլև ապագան։ Նրանց կարծիքով՝ Աստված կատարյալ չէր լինի, եթե նախապես ամեն ինչ չիմանար ամենայն մանրամասնությամբ։ Ապացուցելու համար, որ Աստված կանխորոշում է իր ստեղծած էակների կյանքը նախքան նրանց ծնվելը, նրանք բերում են Իսահակի երկվորյակների՝ Եսավի ու Հակոբի օրինակը (Հռ 9։10-13)։ Իսկ ցույց տալու համար, որ Աստված նախապես իմացել ու կանխորոշել է իր բոլոր ստեղծածների ապագան նախքան արարչագործությունը, նրանք մեջբերում են աստվածաշնչյան այնպիսի համարներ, ինչպիսիք են Եփեսացիներ 1։4, 5-ը։

Եթե այս ուսմունքը ճիշտ է, ապա պետք է ներդաշնակ լինի վերոնշյալ բոլոր գործոններին, այդ թվում՝ այն բանին, թե ինչ է Աստվածաշնչում ասվում Աստծու հատկանիշների, չափանիշների ու նպատակների, ինչպես նաև իր ստեղծած էակների հանդեպ նրա արդար վերաբերմունքի մասին (Հտն 15։3, 4)։ Ուստի տեսնենք, թե ինչ եզրահանգումներ կարելի է անել՝ քննելով նախասահմանության ուսմունքը։

Ըստ այս ուսմունքի՝ նախքան հրեշտակներին կամ մարդուն արարելը Աստված, գործադրելով ապագան նախապես իմանալու իր կարողությունը, կանխատեսել էր, թե ինչ էր տեղի ունենալու նրանց արարումից հետո, այդ թվում՝ իր ոգեղեն որդիներից մեկի ըմբոստությունը, Եդեմում առաջին մարդկային զույգի ըմբոստությունը (Ծն 3։1-6; Հվ 8։44), ինչպես նաև այդ ամենի դառը հետևանքները, որ եղել են մինչ օրս և լինելու են ապագայում։ Սակայն եթե Աստված նախապես ամենայն մանրամասնությամբ գիտեր, թե ինչ էր լինելու ապագայում, նշանակում է, որ պատմության էջերը ողողած ողջ չարիքը (հանցագործություն ու անբարոյականություն, կեղեքում ու տառապանք, սուտ ու կեղծավորություն, կեղծ պաշտամունք ու կռապաշտություն) նախքան արարչագործության սկիզբը արդեն իսկ գոյություն ուներ, միայն թե նրա մտքում։

Բացի այդ՝ եթե մարդկության Արարիչը, գործադրելով կանխատեսելու իր կարողությունը, իրոք նախապես գիտեր այն ամենը, ինչ տեղի էր ունենալու մարդու արարումից հետո, այդ դեպքում նա է կրում ողջ պատասխանատվությունն այն չարիքի համար, որ դրանից հետո գոյություն է ունեցել, և որին նա գիտակցաբար սկիզբ է դրել՝ ասելով. «Մարդ ստեղծենք» (Ծն 1։26)։ Այս փաստարկները կասկածի են ենթարկում նախասահմանության ուսմունքի տրամաբանական ու խելամիտ լինելը, հատկապես եթե հաշվի առնենք Հակոբոս աշակերտի այն խոսքերը, որ «անկարգությունը և ամեն չար բան» Աստծուց չեն, այլ «երկրային, անասնական ու դիվային» ծագում ունեն (Հկ 3։14-18)։

Աստված անսահմանորե՞ն է գործադրում ապագան նախապես իմանալու իր կարողությունը։ Այն տեսակետը, ըստ որի՝ եթե Աստված նախապես ամենայն մանրամասնությամբ չգիտի ապագա բոլոր իրադարձություններն ու հանգամանքները, ուրեմն անկատար է, իրականում աղավաղված տեսակետ է կատարելության վերաբերյալ։ Կատարելությունը պայմանավորված չէ նրանով, թե արդյոք ապագան նախապես իմանալու կարողությունը դրսևորվում է բացարձակ կերպով և ընդգրկում է ամեն ինչ, թե ոչ։ Առհասարակ որևէ բանի կատարյալ լինելը կախված է նրանից, թե արդյոք այն լիովին համապատասխանում է կատարելության չափանիշներին, որ սահմանել է նա, ով ունի դրա իրավասությունը (տես ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ)։ Ի վերջո, կատարյալ լինել կամ չլինելը որոշվում է ոչ թե մարդկանց տեսակետների կամ պատկերացումների, այլ Աստծու կամքի ու ցանկության հիման վրա (2Օր 32։4; 2Սմ 22։31; Ես 46։10)։

Նկատի առնենք հետևյալ օրինակը։ Կասկած չկա, որ Աստված ամենակարող է, այսինքն՝ որ նրա կարողությունն ու զորությունը անսահման են (1Տգ 29։11, 12; Հոբ 36։22; 37։23)։ Սակայն դա չի նշանակում, որ նա ամեն առիթով ամբողջությամբ գործադրում է իր զորությունը։ Եթե Աստված այդպես վարվեր, ապա իր դատաստաններն իրագործելիս, բարկությունը զորավոր կերպերով արտահայտելիս և ցասումը թափելիս (ինչպես, օրինակ, Ջրհեղեղի ժամանակ) բնաջինջ կաներ ոչ միայն որոշ հին քաղաքներ ու ազգեր, այլև ողջ երկիրն ու դրա վրա բնակվողներին (Ծն 6։5-8; 19։23-25, 29; հմմտ. Ելք 9։13-16; Եր 30։23, 24)։ Հետևաբար Աստված իր անսահման զորությունը ոչ թե անվերահսկելիորեն է գործադրում, այլ միշտ կիրառում է իր նպատակներին ներդաշնակ, իսկ երբ տեղին է, գթասրտությունից մղված՝ զսպում է այն (Նեմ 9։31; Սղ 78։38, 39; Եր 30։11; Ողբ 3։22; Եզկ 20։17)։

Նմանապես՝ որոշ դեպքերում Աստված ապագան նախապես իմանալու իր անսահման կարողությունը որոշում է գործադրել ընտրողաբար և իր ուզած չափով, ու ոչ մի մարդ կամ հրեշտակ իրավամբ չի կարող նրան ասել. «Այդ ի՞նչ ես անում» (Հոբ 9։12; Ես 45։9; Դն 4։35)։ Ուստի հարցն այն չէ, թե արդյոք Աստված կարող է ինչ-որ բան նախապես իմանալ, կանխատեսել ու կանխորոշել, քանի որ «Աստծու համար անհնարին բան չկա» (Մթ 19։26)։ Հարցն այն է, թե ինչն է Աստված որոշում նախապես իմանալ, կանխատեսել ու կանխորոշել, չէ՞ որ «նա անում է այն, ինչ իրեն հաճելի է» (Սղ 115։3)։

Աստված ընտրողաբար է գործադրում ապագան նախապես իմանալու իր կարողությունը։ Հակառակ տեսակետը, համաձայն որի՝ Աստված ընտրողաբար և ըստ իր հայեցողության է գործադրում ինչ-որ բան նախապես իմանալու իր կարողությունը, պետք է ներդաշնակ լինի նրա արդար չափանիշներին և այն բանին, թե նրա մասին ինչ է հայտնում իր Խոսքը։ Նախասահմանության ուսմունքին հակառակ՝ աստվածաշնչյան մի շարք հատվածներ ցույց են տալիս, որ Աստված նախ քննում է բոլոր հանգամանքներն ու փաստերը և հետո միայն որոշում կայացնում։

Օրինակ՝ Ծննդոց 11։5-8-ում (ծնթ.) ասվում է, որ Աստված ուշադրություն դարձրեց երկրին, քննեց Բաբելոնում տիրող իրավիճակը և այդ ժամանակ միայն որոշեց, թե ինչ քայլեր ձեռնարկի անարդար մարդկանց ծրագիրը խափանելու համար։ Երբ Սոդոմն ու Գոմորը չարությամբ լցվեցին, Եհովան Աբրահամին հայտնեց, որ որոշել է քննել (հրեշտակների միջոցով) այնտեղ տիրող իրավիճակը։ Նա ասաց. «Ես կիջնեմ, որ տեսնեմ՝ նրանց գործերի վերաբերյալ ինձ հասած բողոքը արդարացի է, թե ոչ։ Ուզում եմ պարզել դա» (Ծն 18։20-22; 19։1)։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված մտերիմ էր Աբրահամի հետ։ Բայց միայն այն բանից հետո, երբ վերջինս փորձեց զոհաբերել Իսահակին, Եհովան ասաց. «Հիմա գիտեմ, որ աստվածավախ ես, քանի որ չհրաժարվեցիր ինձ համար զոհել քո մինուճար որդուն» (Ծն 18։19; 22։11, 12; հմմտ. Նեմ 9։7, 8; Գղ 4։9)։

Այն, որ Աստված ապագան նախապես իմանալու իր կարողությունն ընտրողաբար է գործադրում, նշանակում է, որ նա կարող էր որոշել նախապես չիմանալ իր ստեղծած էակների ապագա բոլոր արարքները։ Հետևաբար մարդկության պատմությունը չի զարգացել կանխատեսված ու կանխորոշված ծրագրի համաձայն, և Աստված, անշուշտ, լիովին անկեղծ էր, երբ առաջին մարդկային զույգին ասաց, որ կարող են ունենալ երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար՝ զերծ չարությունից։ Նրանց տրված առաջադրանքը՝ որպես Աստծու կատարյալ, մեղքից զերծ ներկայացուցիչներ լցնել երկիրը իրենց սերունդներով, դրախտի վերածել այն և իշխել կենդանիների վրա, ոչ թե ի սկզբանե անհաջողության մատնված առաջադրանք էր, այլ նրա կողմից ընձեռված մեծ պատիվ ու սիրո դրսևորում, ինչից երևում էր, որ բարիք է ցանկանում նրանց։ Եթե Աստված նախապես իմանար, որ առաջին մարդկային զույգը մեղք էր գործելու ու երբեք չէր կարողանալու ուտել «կյանքի ծառից», ապա «բարին ու չարը որոշելու ծառի» միջոցով չէր ստուգի նրանց հնազանդությունը ու Եդեմի պարտեզում չէր աճեցնի «կյանքի ծառը», այլապես դա նենգ կամ առնվազն անիմաստ արարք կլիներ (Ծն 1։28; 2։7-9, 15-17; 3։22-24)։

Կեղծավորություն ու դաժանություն կլինի շատ ցանկալի բան առաջարկել ինչ-որ մեկին և միևնույն ժամանակ նրա առաջ դնել որոշակի պայմաններ՝ նախապես իմանալով, որ դրանք անհնար է կատարել։ Աստծու Խոսքում հավիտենական կյանքի հեռանկարը ներկայացված է որպես հասանելի նպատակ բոլոր մարդկանց համար։ Հիսուսն իր ունկնդիրներին խրախուսեց բարիքներ խնդրել Աստծուց, ընդ որում՝ հորդորեց, որ նրանք «շարունակեն խնդրել» և «շարունակեն փնտրել»՝ նշելով, որ եթե որդին հաց խնդրի իր հորից, վերջինս նրան քար չի տա, կամ եթե ձուկ խնդրի, օձ չի տա։ Այդպիսով Հիսուսն ընդգծեց, որ իր Հայրը երբեք չի հիասթափեցնի մարդկանց՝ անտեսելով նրանց տեղին ցանկությունները։ Նա ասաց. «Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը բարիքներ կտա իրենից խնդրողներին» (Մթ 7։7-11)։

Հետևաբար այն բարիքներն ու հավիտենական օրհնությունները, որ Աստված խոստացել է մարդկությանը, իրական են։ Նա չի ստում նրանց (Մթ 21։22; Հկ 1։5, 6)։ Աստված ամենայն անկեղծությամբ է հորդորում մարդկանց, որ դադարեն մեղքեր գործել, դարձի գան ու ապրեն, ինչպես որ հորդորում էր Իսրայելի ժողովրդին (Եզկ 18։23, 30-32; հմմտ. Եր 29։11, 12)։ Տրամաբանական է, որ նա չէր անի դա, եթե կանխատեսած լիներ, որ նրանցից յուրաքանչյուրը դատապարտված է մահանալու որպես չարագործ (հմմտ. Գրծ 17։30, 31; 1Տմ 2։3, 4)։ Եհովան Իսրայելին ասաց. «Ես չեմ խոսել ծածուկ տեղում.... ոչ էլ Հակոբի սերնդին ասել եմ. «Փնտրեք ինձ, բայց ձեր ջանքերը զուր կլինեն»։ Ես Եհովան եմ, ով ասում է այն, ինչ արդար է, և ազդարարում է այն, ինչ ճշմարիտ է.... Ինձ մոտ վերադարձեք ու փրկվեք, երկրի բոլոր ծայրերում բնակվողնե՛ր» (Ես 45։19-22)։

Պետրոս առաքյալի խոսքերը նույն եզրակացությանն են հանգեցնում. «Եհովան չի ուշացնում [գալիք վրեժխնդրության օրվա մասին] իր խոստման կատարումը, ինչպես ոմանք են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2Պտ 3։9)։ Եթե Աստված հազարամյակներ առաջ արդեն գիտեր ու կանխորոշել էր, թե ով է հավիտենական փրկություն ստանալու, իսկ ով է կործանվելու, ապա նրա «համբերատար» լինելը իմաստ չէր ունենա, և տրամաբանական կլիներ հարցնել, թե որքանով է անկեղծ նրա ցանկությունը, որ «բոլորը զղջան»։ Մինչդեռ Հովհաննես առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ գրեց, որ «Աստված սեր է», իսկ Պողոս առաքյալն ասաց, որ սերը «ամեն իրավիճակում հույս ունի» (1Հվ 4։8; 1Կթ 13։4, 7)։ Քանի որ Աստծուն բնորոշ է այս առանձնահատուկ հատկությունը, նա, անշուշտ, բոլոր մարդկանց հանդեպ է անկեղծ բարություն դրսևորում և սրտանց ցանկանում է, որ փրկվեն, եթե իհարկե նրանք իրենց չար արարքներով անհնարին չեն դարձնում դա (հմմտ. 2Պտ 3։9; Եբ 6։4-12)։ Ահա թե ինչու Պողոս առաքյալն ասաց, որ Աստված իր բարությամբ օգնում է մարդկանց զղջալ (Հռ 2։4-6)։

Եվ վերջապես, եթե Աստված նախօրոք իմանար, որ նախքան ծնվելը որոշ մարդիկ, թերևս միլիոնավոր անհատներ զրկված են լինելու Հիսուս Քրիստոսի քավիչ զոհից օգուտներ ստանալու հնարավորությունից, այսինքն՝ երբեք չեն կարողանալու արժանի համարվել փրկվելու, սխալ կլիներ ասել, որ փրկագինը տրվել է բոլորի համար (2Կթ 5։14, 15; 1Տմ 2։5, 6; Եբ 2։9)։ Աստված կողմնակալ չէ, և դրանք պարզապես խոսքեր չեն։ Աստվածաշունչն ասում է. «Ցանկացած ազգի պատկանող մարդ, ով վախենում է [Աստծուց] ու ճիշտն է անում, հաճելի է նրան» (Գրծ 10։34, 35; 2Օր 10։17; Հռ 2։11)։ Բոլոր մարդկանց հնարավորություն է տրված «փնտրել [Աստծուն], եթե անգամ պետք է խարխափելով անեն դա, ու գտնել, քանի որ իրականում նա յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գրծ 17։26, 27)։ Հետևաբար «Հայտնություն» գրքի վերջում արձանագրված Աստծու հրավերը անիմաստ ու աննպատակ չէ։ Նա հորդորում է. «Ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Ով ծարավ է, թող գա, և ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի» (Հտն 22։17)։

Բաներ, որ Աստված նախապես իմացել ու կանխորոշել է։ Ողջ Աստվածաշնչում ապագան նախապես իմանալու և կանխորոշելու Աստծու կարողությունը սերտորեն կապված է նրա նպատակի ու կամքի հետ։ «Նպատակադրել» նշանակում է «դնել նպատակ, որին հարկավոր է հասնել»։ (Հունարեն պրոթեսիս բառը, որ թարգմանվել է «նպատակ», բառացի նշանակում է «[ինչ-որ բանի] տեղադրումը կամ տեղակայումը առջևում»)։ Քանի որ Աստծու նպատակները միշտ իրագործվում են, նա կարող է նախապես իմանալ դրանց արդյունքը կամ վերջնական կատարումը, նաև կանխորոշել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որ իրագործի դրանք (Ես 14։24-27)։ Ահա թե ինչու Աստվածաշնչի բնագրային տեքստում ասվում է, որ Եհովան «ստեղծում» կամ «ձևավորում» է (եբրայերեն յացար բառից, որը կապ ունի «բրուտ» թարգմանված բառի հետ [Եր 18։4]) ապագա իրադարձությունների կամ գործողությունների հետ կապված իր նպատակները (2Թգ 19։25; Ես 46։11; հմմտ. Ես 45։9-13, 18)։ Որպես Մեծ Բրուտ՝ Աստված «ամեն ինչ իրագործում է իր որոշած ձևով»՝ իր նպատակին ներդաշնակ (Եփ 1։11), և «այնպես է համաձայնեցնում իր բոլոր գործերը, որ դրանք օգուտ բերեն իրեն սիրողներին» (Հռ 8։28)։ Ուստի իր կանխորոշած նպատակների առնչությամբ է, որ Աստված «հենց սկզբից ասում է այն, ինչ լինելու է վերջում, շատ վաղօրոք հայտնում է այն, ինչը դեռ չի եղել» (Ես 46։9-13)։

Աստված առաջին մարդկային զույգին կատարյալ ստեղծեց և նայելով իր կատարած գործի արդյունքին՝ նա «տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծն 1։26, 31; 2Օր 32։4)։ Փոխանակ կասկածելու և մտահոգվելու, թե ապագայում ինչպես կվարվեն Ադամն ու Եվան՝ Աստված «սկսեց հանգստանալ» (Ծն 2։2)։ Գերիշխանը՝ Եհովան, կարո՛ղ էր այդպես վարվել, չէ՞ որ նա ամենակարող է և անսահման իմաստություն ունի։ Ոչ մի արարք, իրավիճակ կամ անսպասելի հանգամանք չի կարող անհաղթահարելի խոչընդոտ կամ անլուծելի խնդիր դառնալ ու խանգարել նրա գերակա նպատակի իրագործմանը (2Տգ 20։6; Ես 14։27; Դն 4։35)։ Հետևաբար Աստվածաշունչը թիկունք չի կանգնում նախասահմանության ուսմունքի կողմնակիցների այն տեսակետին, ըստ որի՝ եթե Աստված բոլոր իրավիճակներում չօգտագործի ապագան նախապես իմանալու իր կարողությունը, վտանգի տակ կդնի իր նպատակները։ Նրանց կարծիքով՝ դրանք «կանխատեսման բացակայության պատճառով միշտ ենթակա կլինեն խափանման, ու Աստված ստիպված կլինի անընդհատ շտկել իր ստեղծած համակարգը, որը շարքից դուրս է գալիս ազատ կամք ունեցողների անկանխատեսելի արարքների պատճառով»։ Դեռ ավելին՝ այն, որ Աստված կանխատեսելու իր կարողությունն ընտրողաբար է գործադրում, չի նշանակում, որ նրա ստեղծած էակները կարող են «խափանել [նրա] գործերը՝ ստիպելով նրան անընդհատ փոխել իր միտքը, վրդովեցնելով ու շփոթության մեջ գցելով նրան», ինչպես որ պնդում են նախասահմանության ուսմունքի կողմնակիցները (J. M’Clintock, J. Strong, Cyclopædia, 1894, հտր VIII, էջ 556)։ Եթե Աստծու երկրային ծառաները, կարիք չունեն «մտահոգվելու վաղվա օրվա մասին», առավել ևս նրանց Արարիչը, ում համար անգամ զորեղ ազգերը «մի կաթիլ են դույլի մեջ», երբեք չի ունեցել ու հիմա էլ չունի նման մտահոգություն (Մթ 6։34; Ես 40։15)։

Մարդկանց խմբերի հետ կապված։ Որպես նախասահմանության ուսմունքին թիկունք կանգնող փաստարկ բերվում են նաև այն դեպքերը, երբ Աստված նախապես իմացել է, թե որոշ խմբեր, ազգեր կամ մարդկության մեծ մասը ինչ ընթացք է բռնելու, կանխատեսել է նրանց ապագա գործողությունները և կանխորոշել, թե ի պատասխան՝ ինքն ինչ է ձեռնարկելու։ Սակայն նման կանխատեսումներն ու կանխորոշումները չեն նշանակում, որ այդ խմբերից կամ ազգերից առանձին մարդիկ չէին կարող իրենց ընտրությունն անել և ուրիշ ընթացք բռնել։ Դա երևում է հետևյալ օրինակներից։

Ջրհեղեղից առաջ Եհովան հայտնել էր, որ նպատակ ունի կործանելու թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին։ Սակայն աստվածաշնչյան արձանագրությունը ցույց է տալիս, որ Աստված նման որոշում կայացրեց այն բանից հետո միայն, երբ երկրի վրա տիրող իրավիճակը այնքան սրվեց, բռնությունն ու չարությունն այնքան տարածվեցին, որ նա ստիպված էր քայլեր ձեռնարկելու։ Բացի այդ՝ Աստված, ով «գիտի մարդու սիրտը», քննեց ու տեսավ, որ «նրանց մտքերն ու սրտի ցանկությունները միշտ հակված են միայն դեպի չարը» (2Տգ 6։30; Ծն 6։5)։ Այդուհանդերձ, առանձին անհատներ՝ Նոյն ու իր ընտանիքի անդամները, արժանացան Աստծու բարեհաճությանը և փրկվեցին կործանումից (Ծն 6։7, 8; 7։1)։

Նմանապես՝ թեև Աստված Իսրայելի ազգին հնարավորություն էր տվել իր ուխտը պահելու դեպքում դառնալ «քահանայական թագավորություն և սուրբ ազգ», սակայն մոտ 40 տարի անց, երբ իսրայելացիները գտնվում էին Խոստացված երկրի սահմանին, նա կանխատեսեց, որ այդ ազգը կդրժի իր ուխտը, և ինքը կլքի նրանց։ Եհովայի կանխագիտությունը անհիմն չէր, քանի որ այդ ազգն արդեն ցույց էր տվել, որ անհնազանդ և ըմբոստ է։ Դա է պատճառը, որ Աստված ասաց. «Ես գիտեմ, թե ինչ հակում է ձևավորվում նրանց մեջ արդեն հիմա, նախքան նրանց կտանեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ» (Ելք 19։6; 2Օր 31։16-18, 21; Սղ 81։10-13)։ Աստված կարող էր կանխատեսել, թե ինչ աղետալի հետևանքներ կբերի այդ ակնհայտ հակումը։ Սակայն դա չի նշանակում, որ նա մեղավոր էր այդ իրավիճակում, ինչպես որ մեղավոր չէ այն անհատը, ով կանխատեսում է, որ անբարեխիղճ կերպով և անորակ շինանյութից կառուցված շենքը վաղ թե ուշ ապրելու համար անպիտան է դառնալու։ Այս դեպքում գործում է Աստծու սահմանած հետևյալ սկզբունքը. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գղ 6։7-9; հմմտ. Օս 10։12, 13)։ Որոշ մարգարեներ նախազգուշացնում էին Աստծու կանխորոշած դատաստանների մասին, ընդ որում՝ դրանց բոլորի իրագործման հիմքը արդեն իսկ գոյություն ունեցող իրավիճակներն ու մարդկանց սրտի տրամադրվածությունն էր (Սղ 7։8, 9; Առ 11։19; Եր 11։20)։ Սակայն այդ ժամանակ նույնպես առանձին անհատներ կարող էին արձագանքել և արձագանքում էին Աստծու խորհուրդներին, խրատներին ու նախազգուշացումներին և արժանանում էին նրա բարեհաճությանը (Եր 21։8, 9; Եզկ 33։1-20)։

Եհովան իր Որդուն, ով նույնպես կարող էր կարդալ մարդկանց մտքերը (Մթ 9։4; Մկ 2։8; Հվ 2։24, 25), օժտել էր ապագա իրավիճակները, իրադարձություններն ու իր դատաստանները նախապես իմանալու և դրանց մասին մարգարեանալու կարողությամբ։ Հիսուսը կանխատեսեց, որ փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները որպես խումբ գեհենն էին գցվելու (Մթ 23։15, 33), սակայն նա նկատի չուներ, որ յուրաքանչյուր փարիսեցի կամ ուսուցիչ կործանման էր դատապարտված։ Դրա վառ օրինակն է Պողոս առաքյալը (Գրծ 26։4, 5)։ Հիսուսը նախապես հայտնեց, որ Երուսաղեմի և ուրիշ քաղաքների չզղջացող բնակիչների վրա վայեր էին գալու, բայց չասաց, որ իր Հայրը կանխորոշել էր, որ դրանք գալու էին նրանցից յուրաքանչյուրի վրա (Մթ 11։20-23; Ղկ 19։41-44; 21։20, 21)։ Նա նաև նախապես գիտեր, թե ինչի էին հանգեցնելու մարդկանց հակումներն ու սրտի տրամադրվածությունը, և նշեց, թե ինչ իրավիճակներ էին լինելու «աշխարհի վախճանի ժամանակներում», ու թե Աստված ինչպես էր իրագործելու իր նպատակները (Մթ 24։3, 7-14, 21, 22)։ Հիսուսի առաքյալների մարգարեություններից նույնպես պարզ է դառնում, որ Աստված նախապես գիտեր, որ որոշ խմբեր էին հայտնվելու, օրինակ՝ «հակաքրիստոսը» (1Հվ 2։18, 19; 2Հվ 7), և կանխորոշել էր նրանց վախճանը (2Թղ 2։3-12; 2Պտ 2։1-3; Հդ 4)։

Առանձին անհատների հետ կապված։ Աստված կանխատեսել է ոչ միայն մարդկանց խմբերի, այլև առանձին անհատների ապագան։ Նրանցից էին Եսավն ու Հակոբը (որոնց մասին արդեն հիշատակվեց), «Ելք» գրքում նշված փարավոնը, Սամսոնը, Սողոմոնը, Հովսիան, Երեմիան, Կյուրոսը, Հովհաննես Մկրտիչը, Հուդա Իսկարիովտացին և Աստծու Որդին՝ Հիսուսը։

Սամսոնի, Երեմիայի և Հովհաննես Մկրտչի դեպքում Եհովան ապագան նախապես իմանալու իր կարողությունը գործադրեց նախքան նրանց ծնվելը։ Սակայն նա չկանխատեսեց, թե վերջին հաշվով ինչ էր լինելու նրանց հետ։ Կանխագիտության շնորհիվ Եհովան նախապես որոշել էր, որ Սամսոնը պետք է ապրեր որպես ուխտավոր և փրկեր Իսրայելին փղշտացիների ձեռքից։ Նա նաև կանխորոշել էր, որ Երեմիան մարգարե էր ծառայելու, և որ Հովհաննես Մկրտիչը՝ որպես Մեսիայի առջևից գնացող, պատրաստելու էր նրա ճանապարհը (Դտ 13։3-5; Եր 1։5; Ղկ 1։13-17)։ Թեև այդ մարդիկ մեծ պատվի արժանացան, դա երաշխիք չէր, որ նրանք փրկվելու էին և հավիտենական կյանք էին ստանալու կամ որ մինչև մահ հավատարիմ էին մնալու (չնայած երեքն էլ հավատարիմ մնացին)։ Նույնն էր պարագան Սողոմոնի դեպքում։ Եհովան նախապես ասել էր, որ Դավթի որդիներից մեկի անունը Սողոմոն էր լինելու, ինչպես նաև կանխորոշել էր, որ նա էր կառուցելու տաճարը (2Սմ 7։12, 13; 1Թգ 6։12; 1Տգ 22։6-19)։ Թեև Սողոմոնը վայելում էր Եհովայի բարեհաճությունը և պատիվ ունեցավ գրելու աստվածաշնչյան գրքերից մի քանիսը, սակայն կյանքի վերջին տարիներին նվիրված չմնաց նրան ու մխրճվեց կռապաշտության մեջ (1Թգ 11։4, 9-11)։

Եսավի ու Հակոբի պարագայում նույնպես Աստված չէր կանխատեսել, թե վերջին հաշվով ինչ էր լինելու նրանց հետ, այլ որոշել, կամ՝ կանխորոշել էր, թե այդ երկու եղբայրներից սերած ազգերից որ մեկն էր դիրքով գերիշխող լինելու (Ծն 25։23-26)։ Այդ կանխատեսված բարձր դիրքը նաև ենթադրում էր, որ առաջնեկության իրավունքը Հակոբին էր տրվելու, ինչը նշանակում էր, որ Աբրահամի «սերունդը» նրանից էր գալու (Ծն 27։29; 28։13, 14)։ Եհովա Աստված այդպիսով հստակ դարձրեց, որ ինչ-որ նպատակով որևէ մեկին ընտրելիս պարտավոր չէ հետևել մարդկանց կողմից հաստատված սովորույթներին ու կարգերին և վարվել նրանց սպասումներին ներդաշնակ։ Բացի այդ՝ Եհովան չի օրհնում մարդկանց առանձնահատուկ կերպով միայն նրանց գործերի հիման վրա, այլապես նրանք գուցե մտածեն, որ իրենք արժանի են կամ իրավունք ունեն ստանալու դրանք։ Պողոս առաքյալը շեշտեց դա, երբ բացատրեց, թե ինչու Աստված, անզուգական բարությունից մղված, այլազգի մարդկանց այնպիսի օրհնություններ տվեց, որոնք, թվում էր, միայն Իսրայելի համար էին նախատեսված (Հռ 9։1-6, 10-13, 30-32)։

Մեջբերելով Մաղաքիա 1։2, 3 համարներից, որոնք գրվել էին Հակոբի ու Եսավի մահից դարեր անց՝ Պողոսն ասաց, որ Եհովան «Հակոբին [Իսրայելին] սիրեց, իսկ Եսավին [Եդոմին] ատեց»։ Աստվածաշնչյան որևէ հիմք չկա ասելու, որ Եհովան երկվորյակների հանդեպ այդպիսի զգացումներ ունեցել է նախքան նրանց ծնվելը։ Գիտականորեն ապացուցված է, որ երեխայի բնավորության ու խառնվածքի ձևավորման հիմքը գլխավորապես դրվում է բեղմնավորման ժամանակ, երբ յուրաքանչյուր ծնողից փոխանցվում են գեները։ Այն, որ Աստված գիտի յուրաքանչյուրի գենետիկ առանձնահատկությունները, ակնհայտ է Դավթի հետևյալ խոսքերից. «Քո աչքերը տեսնում էին ինձ, անգամ երբ դեռ սաղմ էի» (Սղ 139։14-16; տես նաև Ժղ 11։5)։ Հնարավոր չէ ասել՝ դա իմանալը որքանով ազդեց այն բանի վրա, թե Եհովան ինչ կանխորոշեց այդ երկու տղաների առնչությամբ։ Ամեն դեպքում, ընտրելով Հակոբին և ոչ թե Եսավին, նա ո՛չ Եսավին, ո՛չ էլ նրա սերունդներին՝ եդոմացիներին, չդատապարտեց կործանման։ Անգամ անիծված քանանացիներից առանձին անհատներ պատիվ ունեցան միանալու Աստծու հետ ուխտի մեջ գտնվող ժողովրդին ու ստացան օրհնություններ (Ծն 9։25-27; Հս 9։27; տես ՔԱՆԱՆ, ՔԱՆԱՆԱՑԻ, № 2)։ Թեև Եսավը փորձեց արցունք թափելով համոզել իր հորը՝ Իսահակին, որ «փոխի որոշումը», ըստ որի՝ առաջնեկի համար նախատեսված առանձնահատուկ օրհնությունը ամբողջությամբ Հակոբը պետք է ստանար, բայց ոչ մի արդյունքի չհասավ։ Դա ցույց էր տալիս, որ նա Աստծու առաջ անկեղծորեն չէր զղջում նյութապաշտ լինելու համար (Ծն 27։32-34; Եբ 12։16, 17)։

Համաձայն Հովսիայի մասին Եհովայի մարգարեության՝ Դավթի սերնդից մեկը այդ անունով էր կոչվելու և պայքարելու էր Բեթելում տարածված կեղծ պաշտամունքի դեմ (1Թգ 13։1, 2)։ Ավելի քան երեք դար անց Հովսիա թագավորը կատարեց այդ մարգարեությունը (2Թգ 22։1; 23։15, 16)։ Բայց նա «չլսեց Նեքաոյին, որի խոսքերը Աստծուց էին», ինչի հետևանքով սպանվեց (2Տգ 35։20-24)։ Փաստորեն, թեև Աստված նախապես գիտեր ու կանխորոշել էր, որ Հովսիան հատուկ հանձնարարություն էր կատարելու, սակայն թագավորը ընտրության ազատություն ուներ՝ ընդունել խորհուրդը կամ մերժել այն։

Նմանապես՝ Եհովան երկու դար առաջ ասել էր, որ հրեաներին Բաբելոնից ազատելու էր Կյուրոս անունով մի զորավարի միջոցով (Ես 44։26-28; 45։1-6)։ Սակայն Աստվածաշնչում չի ասվում, որ այն պարսիկը, որին տրվեց այդ անունը՝ ի կատարում մարգարեության, սկսեց անկեղծորեն պաշտել Եհովային։ Համաձայն աշխարհիկ աղբյուրների՝ նա շարունակեց կեղծ աստվածների պաշտել։

Նշված դեպքերը, երբ Աստված որոշ մարդկանց ծնվելուց առաջ գործադրել է նախապես իմանալու իր կարողությունը, չեն հակասում նրա հատկանիշների ու չափանիշների մասին մեզ հայտնի տեղեկություններին։ Բացի այդ՝ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Աստված նրանց ստիպել է իրենց կամքին հակառակ վարվել։ Ինչ վերաբերում է փարավոնին, Հուդա Իսկարիովտացուն և Աստծու Որդուն, ապացույց չկա, որ Եհովան ապագան նախապես իմանալու իր կարողությունը գործադրել է նրանց գոյությունից առաջ։ Յուրաքանչյուր դեպքում ակնհայտ են որոշակի սկզբունքներ, որոնք Աստված գործի է դնում որևէ բան կանխատեսելիս ու կանխորոշելիս։

Այդ սկզբունքներից մեկն այն է, որ Աստված երբեմն թողնում է (կամ նպատակային գործում է այնպես), որ անհատի կյանքում ստեղծվեն որոշ իրավիճակներ, տեղի ունենան որոշ դեպքեր, կամ էլ որ նա լսի սուրբ ոգու ներշնչմամբ ասված խոսքեր, ինչի արդյունքում՝ ստիպված լինի գործադրել ընտրություն անելու ազատությունը և որոշում կայացնել։ Արդյունքում բացահայտվում է անհատի սրտի վիճակը, որը աննկատ չի մնում Եհովայի աչքից (Առ 15։11; 1Պտ 1։6, 7; Եբ 4։12, 13)։ Կախված մարդու արձագանքից՝ Աստված կարող է նաև ձևավորել նրան, մինչ վերջինս ընթանում է իր կամքով ընտրած ուղով (1Տգ 28։9; Սղ 33։13-15; 139։1-4, 23, 24)։ Փաստորեն, մարդը նախ որոշակի ճանապարհ է ընտրում, և հետո միայն Եհովան ուղղություն է տալիս նրա քայլերին (Առ 16։9; Սղ 51։10)։ Փորձությունների ժամանակ մարդը կարող է կա՛մ կարծրացնել իր սիրտը՝ նախընտրելով անարդար և ըմբոստ ուղին, կա՛մ էլ հաստատուն դարձնել այն՝ նախընտրելով անմնացորդ նվիրված լինել Եհովա Աստծուն և վճռականորեն կատարել նրա կամքը (Հոբ 2։3-10; Եր 18։11, 12; Հռ 2։4-11; Եբ 3։7-10, 12-15)։ Երբ նա իր ընտրությամբ վարվում է այս կամ այն կերպ, Աստված կարող է նախապես իմանալ և կանխատեսել նրա բռնած ընթացքի ավարտը՝ միևնույն ժամանակ չվարվելով անարդարացիորեն ու չոտնահարելով ազատ կամք ունենալու նրա իրավունքը (հմմտ. Հոբ 34։10-12)։

Այս սկզբունքները հստակ երևում են հավատարիմ Աբրահամի օրինակից, ում մասին արդեն խոսվեց։ Նրա հակապատկերն էր համառ փարավոնը, ում մասին գրված է «Ելք» գրքում։ Եհովան նախապես գիտեր, որ փարավոնը թույլ չէր տալու իսրայելացիներին հեռանալ Եգիպտոսից, «մինչև որ մի զորավոր ձեռք չստիպեր նրան» (Ելք 3։19, 20), և կանխորոշեց այն պատուհասը, որի ժամանակ մահանալու էր փարավոնի առաջնեկը (Ելք 4։22, 23)։ Մարդիկ հաճախ սխալ են հասկանում Պողոս առաքյալի խոսքերն այն մասին, թե Աստված ինչպես վարվեց փարավոնի հետ։ Նրանք կարծում են, թե Աստված կարծրացնում է մարդկանց սրտերը, որպեսզի իրականացնի իր կանխորոշած նպատակը, և հաշվի չի առնում դրանից առաջ նրանց ունեցած տրամադրվածությունը, կամ՝ սրտի վիճակը (Հռ 9։14-18)։ Բացի այդ՝ համաձայն շատ թարգմանությունների՝ Աստված հայտնեց Մովսեսին, որ «կխստացնի [փարավոնի] սիրտը» (Ելք 4։21; հմմտ. Ելք 9։12; 10։1, 27)։ Սակայն որոշ թարգմանություններ եբրայերեն այս տեքստը հետևյալ կերպ են փոխանցում՝ «Ես կթողնեմ, որ [փարավոնը] խստասիրտ դառնա» (Ro), «Ես կթողնեմ, որ [փարավոնի] սիրտը համառ դառնա» (ՆԱԹ)։ Թիկունք կանգնելով այս թարգմանություններին՝ Ռոդերհամի թարգմանության հավելվածում ասվում է, որ երբ եբրայերենում խոսքն այն մասին է, որ ինչ-որ մեկը թույլ է տվել՝ ինչ-որ բան տեղի ունենա, այդ մասին հաճախ խոսվում է այնպես, ասես նա պատճառ է եղել, որ դա տեղի ունենա, և նշվում է, որ «երբեմն նույնիսկ հրամանները պարզապես թույլտվություն են նշանակում»։ Օրինակ՝ եբրայերեն բնագրում Ելք 1։17-ում բառացի ասվում է, որ մանկաբարձուհիները «պատճառ էին լինում, որ տղա երեխաները ապրեն», մինչդեռ իրականում նրանք թողնում էին նրանց ապրել այն իմաստով, որ չէին սպանում նրանց։ Մեջբերելով եբրայագետ Մ. Մ. Կալիշի, Հ. Ֆ. Վ. Գեսենիուսի և Բ. Դեյվիսի ասածները՝ Ռոդերհամը նշում է, որ փարավոնի մասին եբրայերեն տեքստի նշանակությունը հետևյալն է. «Աստված թողեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա այն իմաստով, որ խնայեց նրա կյանքը՝ հնարավորություն տալով, կամ՝ թողնելով, որ դրսևորվի նրա մեջ եղող ողջ չարությունը։ Ընդամենը այդքանը» (The Emphasised Bible, հավելված, էջ 919; հմմտ. Ես 10։5-7)։

Այս պարզաբանումը հիմնավորվում է նաև աստվածաշնչյան այն արձանագրությամբ, որից հստակ երևում է, որ փարավոնն ինքը «իր սիրտը խստացրեց» (Ելք 8։15, 32, ԱԹ; «իր սիրտը կարծրացրեց», ՆԱԹ)։ Նա վարվեց իր կամքի թելադրանքով ու համառորեն չփոխեց իր տրամադրվածությունը, որի հետևանքները Եհովան ճշգրտորեն կանխատեսել էր։ Եհովան նորից ու նորից ընտրություն անելու հնարավորություն էր տալիս փարավոնին, ինչը նրան պարտավորեցնում էր որոշում կայացնել։ Եվ ամեն անգամ որոշում կայացնելիս վերջինս ավելի համառ էր դառնում (հմմտ. Ժղ 8։11, 12)։ Պողոս առաքյալը, մեջբերելով Ելք 9։16-ը, բացատրեց, որ Եհովան թողեց՝ իրավիճակն այդպես զարգանա մինչև տասներորդ պատուհասը, որպեսզի ցույց տա իր զորությունը, և որպեսզի իր անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ (Հռ 9։17, 18)։

Աստված նախասահմանե՞լ էր, որ Հուդան էր մատնելու Հիսուսին, որպեսզի այդպիսով կատարվեր մարգարեությունը

Երբ Հուդա Իսկարիովտացին մատնեց Հիսուսին, կատարվեց Աստծուց ներշնչմամբ գրված մարգարեությունը, և ակնհայտ դարձավ, որ Եհովան, ինչպես նաև իր Որդին ապագան նախապես իմանալու կարողություն ունեն (Սղ 41։9; 55։12, 13; 109։8; Գրծ 1։16-20)։ Սակայն չի կարելի ասել, թե Աստված կանխորոշել կամ նախասահմանել էր, որ Հուդան էր բռնելու այդ ընթացքը։ Մարգարեություններում ասվել էր, որ Հիսուսի մտերիմ ընկերներից մեկն էր մատնելու նրան, բայց չէր նշվել, թե կոնկրետ ով էր լինելու նա։ Այս դեպքում նույնպես աստվածաշնչյան սկզբունքները բացառում են այն պնդումը, թե Աստված կանխորոշել էր Հուդայի գործողությունները։ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը մի ուշագրավ սկզբունք են ընդգծում. «Երբեք մի՛ շտապիր ձեռքերդ դնել որևէ մեկի վրա, մասնակից մի՛ եղիր ուրիշների մեղքերին, մաքուր պահիր քեզ» (1Տմ 5։22; հմմտ. 1Տմ 3։6)։ Հիսուսի համար կարևոր էր, որ 12 առաքյալների ընտրության հարցում իմաստուն ու ճիշտ որոշում կայացնի։ Դա երևում է այն բանից, որ նա մի ամբողջ գիշեր անցկացրեց Աստծուն աղոթելով և հետո միայն աշակերտներին հայտնեց իր որոշման մասին (Ղկ 6։12-16)։ Եթե Աստված նախապես որոշել էր, որ Հուդան է մատնելու Հիսուսին, ինչպես պնդում են նախասահմանության ուսմունքի կողմնակիցները, ստացվում է, որ նա սխալ ուղղորդեց Հիսուսին և դեմ գնաց իր իսկ սահմանած վերոնշյալ սկզբունքին՝ մասնակից դառնալով Հուդայի մեղքերին։

Երբ Հուդան առաքյալ ընտրվեց, նրա սրտում մատնիչ դառնալու ոչ մի տրամադրվածություն չկար։ Բայց հետագայում նա թույլ տվեց, որ իր սրտում «թունավոր բույսի արմատ» աճի ու պղծի իրեն, ինչի հետևանքով շեղվեց ճիշտ ճանապարհից ու ենթարկվելով ոչ թե Աստծուն, այլ Բանսարկուին՝ գողության ու դավաճանության ուղին բռնեց (Եբ 12։14, 15; Հվ 13։2; Գրծ 1։24, 25; Հկ 1։14, 15; տես ՀՈՒԴԱ, № 4)։ Հուդան այն աստիճան հեռացավ ճշմարիտ երկրպագությունից, որ Հիսուսը, ով տեսնում էր նրա սրտում եղածը, մարգարեացավ, որ նա մատնելու է իրեն (Հվ 13։10, 11)։

Հովհաննես 6-րդ գլխում նկարագրվում է այն դեպքը, երբ Հիսուսի ուսուցանած որոշ բաների պատճառով աշակերտներից ոմանց հավատը սասանվեց, և ասվում է, որ նա «սկզբից ևեթ գիտեր, թե ովքեր չէին հավատում, և ով էր լինելու իրեն մատնողը» (Հվ 6։64)։ «Սկզբից» բառը (հուն.՝ արխե) գործածվում է նաև 2 Պետրոս 3։4-ի բնագրային տեքստում։ Թեև այն մատնանշում է արարչագործության սկիզբը, բայց կարող է վերաբերել նաև ուրիշ ժամանակահատվածների (Ղկ 1։2; Հվ 15։27)։ Օրինակ՝ երբ Պետրոս առաքյալն ասաց, որ սուրբ ոգին իջավ այլազգիների վրա, «ինչպես որ սկզբում իրենց վրա էր իջել», նա ակներևաբար նկատի ուներ ոչ թե իր աշակերտ կամ առաքյալ լինելու սկիզբը, այլ իր ծառայության մեջ շրջադարձային իրադարձությունը՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրը, երբ սկիզբ դրվեց աշակերտների՝ սուրբ ոգով օծվելուն (Գրծ 11։15; 2։1-4)։ Ուշագրավ է, թե մի աշխատության մեջ ինչ է ասվում Հովհաննես 6։64-ի վերաբերյալ. «[Արխեն] վերաբերում է ոչ թե բոլոր բաների սկզբին՝ մետաֆիզիկայի տեսանկյունից.... ոչ թե նրանցից յուրաքանչյուրի հետ նրա [Հիսուսի] ծանոթության սկզբին.... ոչ թե աշակերտներին իր շուրջը հավաքելու սկզբին, ոչ թե որպես Մեսիա իր ծառայության սկզբին.... այլ անհավատության առաջին ծիլերի հայտնվելուն [ինչի հետևանքով որոշ աշակերտների հավատը սասանվեց]։ Հենց այդ առումով էլ [Հիսուսը] սկզբից ևեթ գիտեր, թե ով է մատնելու իրեն» (J. P. Lange, Commentary on the Holy Scriptures, թրգմ. և խմբ.՝ P. Schaff, 1976, էջ 227; հմմտ. 1Հվ 3։8, 11, 12)։

Մեսիայի հետ կապված։ Եհովա Աստված նախապես գիտեր և ասել էր, որ Մեսիան պետք է տառապեր, մահանար ու հարություն առներ (Գրծ 2։22, 23, 30, 31; 3։18; 1Պտ 1։10, 11)։ Այն բաների իրագործումը, որ Աստված որոշել էր կանխագիտության շնորհիվ, որոշ չափով կախված էր նրա միջամտությունից, որոշ չափով՝ մարդկանց գործողություններից (Գրծ 4։27, 28)։ Սակայն այդ մարդիկ թույլ տվեցին, որ Աստծու հակառակորդը՝ Բանսարկու Սատանան, խաբի իրենց (Հվ 8։42-44; Գրծ 7։51-54)։ Եթե Պողոսի օրերում ապրող քրիստոնյաները «անտեղյակ չէին [Սատանայի] հնարքներին», ապա առավել ևս Աստված կարո՛ղ էր կանխատեսել, թե Բանսարկուն ինչ նենգ մտադրություններ էր ունենալու և ինչ դավեր էր նյութելու Հիսուս Քրիստոսի՝ իր Օծյալի դեմ (2Կթ 2։11)։ Ինչ խոսք, Աստված ի զորու էր կանխելու և անգամ ձախողելու Մեսիայի դեմ ցանկացած հարձակում, որի պատճառով մարգարեությունները ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով չէին կատարվի (հմմտ. Մթ 16։21; Ղկ 4։28-30; 9։51; Հվ 7։1, 6-8; 8։59)։

Պետրոս առաքյալն ասաց, որ «դեռևս աշխարհի [հուն.՝ կոսմու] սկզբնավորումից [հուն. կատաբոլե բառից] առաջ» «նախապես հայտնի էր» Քրիստոսի մասին, ով որպես Աստծու Գառ՝ զոհելու էր իր կյանքը։ Նախասահմանության ուսմունքի կողմնակիցները այդ խոսքերը համարում են ապացույց, որ նախքան մարդկանց ստեղծելը Աստված Հիսուսի առնչությամբ գործադրել է ապագան նախապես իմանալու իր կարողությունը (1Պտ 1։19, 20, ծնթ.)։ Հունարեն կատաբոլե բառը, որը թարգմանվել է «սկզբնավորում», բառացի նշանակում է «ցած նետում» և կարող է վերաբերել «հղիանալուն», ինչպես որ Եբրայեցիներ 11։11-ում է։ Թեև ինչպես երևում է Եբրայեցիներ 4։3, 4-ից, աշխարհը, կամ՝ մարդկությունը «սկզբնավորվեց» այն ժամանակ, երբ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, սակայն մեղք գործելով՝ նրանք դադարեցին լինել նրա զավակները (Ծն 3։22-24; Հռ 5։12)։ Այդուհանդերձ, Աստծու անզուգական բարության շնորհիվ նրանց թույլ տրվեց սերունդ առաջ բերել։ Եվան հղիացավ ու զավակներ ունեցավ, և ինչպես նշվում է Աստվածաշնչում, նրանցից մեկը՝ Աբելը, արժանանալով Աստծու բարեհաճությանը, փրկագնվելու և փրկություն ստանալու հեռանկար ձեռք բերեց (Ծն 4։1, 2; Եբ 11։4)։ Ուշագրավ է, որ երբ Հիսուսը նշեց «բոլոր մարգարեների արյան [մասին], որ թափվել է մարդկության [կամ՝ «աշխարհի», ծնթ.] սկզբնավորումից ի վեր», անմիջապես պարզաբանեց, թե խոսքը որ ժամանակահատվածի մասին է՝ ասելով՝ «սկսած Աբելից մինչև Զաքարիան» (Ղկ 11։49-51)։ Այդպիսով նա «աշխարհի սկզբնավորումը» կապեց Աբելի հետ։

Մեսիան՝ Քրիստոսը, պետք է լիներ խոստացված Սերունդը, որի միջոցով բոլոր արդար մարդիկ, ինչ ազգից էլ լինեին, օրհնվելու էին (Գղ 3։8, 14)։ «Սերնդի» մասին առաջին անգամ հիշատակվեց Եդեմի պարտեզում բարձրացված ըմբոստությունից հետո, երբ Աբելը դեռ չէր ծնվել (Ծն 3։15)։ Մոտ 4 000 տարի անց միայն բացահայտվեց «սրբազան գաղտնիքը», և հայտնի դարձավ, թե ով է մեսիական «սերունդը»։ Այդ գաղտնիքն իսկապես «երկար ժամանակ թաքցված էր» (Հռ 16։25-27; Եփ 1։8-10; 3։4-11)։

Իր սահմանած ժամանակին Եհովա Աստված հանձնարարեց իր առաջնեկ Որդուն կատարել մարգարեությունը և ստանձնել խոստացված «սերնդի»՝ Մեսիայի դերը։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ նախքան Որդու ստեղծվելը կամ նախքան Եդեմի պարտեզում բարձրացված ըմբոստությունը «նախասահմանված էր», որ նա կատարելու էր այդ դերը։ Միևնույն ժամանակ պատահական չէր, որ Աստված նրան ընտրեց այդ մարգարեությունները կատարելու համար։ Նախքան Որդուն երկիր ուղարկելը Աստված երկար ժամանակ սերտորեն համագործակցել էր նրա հետ, ուստի, անկասկած, լավ էր «ճանաչում» նրան և վստահ էր, որ նա հավատարմորեն կկատարի մարգարեական խոստումներն ու նկարագրությունները (հմմտ. Հռ 15։5; Փպ 2։5-8; Մթ 11։27; Հվ 10։14, 15; տես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, «Փորձված և կատարելագործված»)։

«Կանչվածների» և «ընտրվածների» հետ կապված։ Հարկավոր է նկատի առնել նաև աստվածաշնչյան այն համարները, որոնցում խոսվում է «կանչված» և «ընտրված» քրիստոնյաների մասին (Հդ 1; Մթ 24։24)։ Գրված է, որ «Աստված՝ Հայրը, նրանց ընտրել է իր կանխագիտությամբ» (1Պտ 1։1, 2), որ նրանք ընտրվել են «մարդկության սկզբնավորումից ի վեր», որ Աստված «նախապես որոշել է.... որդեգրել» նրանց (Եփ 1։3-5, 11) և «հենց սկզբից ընտրել է նրանց փրկության համար» (2Թղ 2։13, 14)։ Որպեսզի ճիշտ հասկանանք այս համարները, հարկավոր է տեսնել՝ արդյոք խոսքը առանձին անհատների, թե մարդկանց խմբի, այսինքն՝ քրիստոնեական ժողովի՝ «մարմնի» մասին է (1Կթ 10։17), որը կազմված է այն անհատներից, ովքեր Հիսուս Քրիստոսի հետ ժառանգելու են երկնային թագավորությունը (Եփ 1։22, 23; 2։19-22; Եբ 3։1, 5, 6)։

Եթե այդ խոսքերը վերաբերեին առանձին անհատների, և կանխորոշված լիներ, որ նրանք հավիտենական փրկություն էին ստանալու, կնշանակեր, որ նրանք՝ որպես կանչվածներ, երբեք անհավատարիմ կամ անարժան չէին դառնա, քանի որ Աստված չի կարող սխալվել ապագան նախապես իմանալու իր կարողությունը գործադրելու հարցում, և նրանց հետ կապված նրա կանխորոշումը ոչ մի դեպքում չի կարող չիրագործվել կամ խափանվել։ Սակայն այն նույն առաքյալները, ովքեր Աստծու ներշնչմամբ գրեցին վերոհիշյալ խոսքերը, բացատրեցին, որ Քրիստոսի քավիչ զոհի արյունով «գնված» ու «սրբագործված» մարդկանցից ոմանք, ովքեր «օրհնվել էին երկնային ձրի պարգևով, ստացել էին սուրբ ոգին, ինչպես նաև ճաշակել էին.... գալիք աշխարհին առնչվող օրհնությունները», հեռանալու էին Աստծուց այն աստիճան, որ զրկվելու էին զղջալու հնարավորությունից և կործանում էին բերելու իրենց վրա (2Պտ 2։1, 2, 20-22; Եբ 6։4-6; 10։26-29)։ Առաքյալները միաբերան հորդորեցին քրիստոնյաներին. «Ավելի շատ ջանք թափեք, որպեսզի արժանի մնաք ձեր կոչմանը՝ որպես կանչվածներ ու ընտրվածներ։ Եթե շարունակեք այս բաներն անել, ձեր հավատից հետ չեք կանգնի»։ «Շարունակեք.... ահուդողով ամեն ջանք գործադրել, որ փրկության հասնեք» (2Պտ 1։10, 11; Փպ 2։12-16)։ Պողոսը, ով «կանչվել էր լինելու Քրիստոս Հիսուսի առաքյալ» (1Կթ 1։1), ակներևաբար չէր համարում, որ իր հավիտենական փրկությունը նախասահմանված է, քանի որ նշեց, թե որքան մեծ ջանքեր է գործադրում, որ «հասնի նպատակին, այսինքն՝ ստանա մրցանակը՝ երկնային կյանքը, որն Աստված տալու է» (Փպ 3։8-15)։ Նա նաև ասաց, որ զգոն է մնում, որպեսզի «ինչ-որ պատճառով Աստծու բարեհաճությունից չզրկվի» (1Կթ 9։27)։

Բացի այդ՝ քրիստոնյաները «կյանքի պսակը» ստանում են միայն այն դեպքում, երբ փորձությունների բախվելիս հավատարիմ են մնում նույնիսկ մինչև մահ (Հտն 2։10, 23; Հկ 1։12)։ Նրանք կարող են կորցնել իրենց պսակը և զրկվել Աստծու Որդու հետ թագավորելու հնարավորությունից (Հտն 3։11)։ Պողոս առաքյալն իր վստահությունը հայտնեց այն բանի հանդեպ, որ իր համար «պատրաստ պահված է արդարներին տրվող պսակը»։ Սակայն նա այդ խոսքերն ասաց այն ժամանակ միայն, երբ հասկացավ, որ ավարտել է իր մրցավազքը, և իր երկրային ընթացքը մոտեցել է ավարտին (2Տմ 4։6-8)։

Մյուս կողմից՝ եթե մեջբերված համարները վերաբերում են մարդկանց խմբին՝ քրիստոնեական ժողովին՝ ընտրյալների «սուրբ ազգին» (1Պտ 2։9), նշանակում է, որ Աստված նախապես իմացել ու կանխորոշել է այդ խմբի (ոչ թե առանձին անհատների) հայտնվելը։ Եթե այդպես է, այդ համարները նաև նշանակում են, որ նա նախապես սահմանել, կամ՝ որոշել է, թե ում պետք է «նմանվեն» բոլոր նրանք, ովքեր սահմանված ժամանակին կկանչվեն լինելու այդ ժողովի անդամները՝ համաձայն Աստծու նպատակի (Հռ 8։28-30; Եփ 1։3-12; 2Տմ 1։9, 10)։ Բացի այդ՝ դա նշանակում է, որ նա կանխորոշել է, թե նրանք ինչ գործեր են անելու, և որ փորձվելու են՝ նեղություններ կրելով աշխարհում (Եփ 2։10; 1Թղ 3։3, 4)

Աստվածաշնչյան այն համարները, որոնցում խոսվում է «կյանքի գրքում» գրված անունների մասին, քննարկվում են ԱՆՈՒՆ հոդվածում։

Ֆատալիզմ և նախասահմանություն։ Հին ժամանակներում ապրող հեթանոս ազգերը, այդ թվում՝ հույներն ու հռոմեացիները, հավատում էին, որ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը, մասնավորապես նրա կյանքի տևողությունը նախապես որոշում են աստվածները։ Ըստ հունական դիցաբանության՝ մարդու ճակատագիրը վերահսկում էին երեք աստվածուհիներ՝ Կլոթոն (մանող), ով մանում էր մարդու կյանքի թելը, Լաքեսիսը (վիճակ բաժանող), ով որոշում էր մարդու կյանքի տևողությունը, և Ատրոպոսը (անխուսափելի), ով կտրում էր մարդու կյանքի թելը, երբ ժամանակը լրանում էր։ Նման եռյակ կար նաև հռոմեական պանթեոնում։

Ըստ հրեա պատմիչ Հովսեպոսի (մ.թ. 1-ին դար)՝ փարիսեցիները փորձում էին ճակատագրի մասին ուսմունքը համատեղել Աստծու հանդեպ հավատի և այն բանի հետ, որ նա մարդուն ընտրության ազատություն է տվել (The Jewish War, II, 162, 163 [viii, 14]; Jewish Antiquities, XVIII, 13, 14 [i, 3])։ Մի հանրագիտարանում ասվում է. «Օգոստինոսից առաջ [մ.թ. 4-րդ և 5-րդ դարեր] նախասահմանության ուսմունքը տարածված չէր քրիստոնեության մեջ» (The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge)։ Այդ ժամանակներում այսպես կոչված եկեղեցու հայրերը, օրինակ՝ Հուստինոսը, Օրիգենեսը և Իրենեոսը, «բացարձակ նախասահմանության մասին ոչինչ չգիտեին. նրանք սովորեցնում էին, որ մարդիկ ազատ կամք ունեն» (J. Hastings, Encyclopædia of Religion and Ethics, 1919, հտր X, էջ 231)։ Ինչպես հայտնի է, նրանք հերքում էին գնոստիցիզմը և հաճախ արտահայտում էին իրենց համոզվածությունն այն բանում, որ մարդը ազատ կամք ունի, ինչը «մարդկային էությանը բնորոշ առանձնահատկություն է, բարոյական պատասխանատվության հիմքը, աստվածային պարգև, որի շնորհիվ մարդը կարող է ընտրել այն, ինչ հաճելի է Աստծուն»։ Նրանք նաև խոսում էին «մարդու ինքնավարության և Աստծու կամքի մասին, ով ոչ ոքի չի ստիպում անել այս կամ այն բանը» (The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge, խմբ.՝ S. Jackson, 1957, հտր IX, էջ 192, 193)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը