ՍԻՐՏ
Կարևոր օրգան, որի գլխավոր գործառույթը արյան շրջանառությունը ապահովելն է և այդպիսով մարմնի բջիջներին սննդարար նյութեր մատակարարելը (Ղև 17։14)։
Աստվածաշնչում մեծ կարևորություն է տրվում սրտին։ Այդ բառը մոտ հազար անգամ հիշատակվում է Սուրբ Գրքում։ Եբրայերեն լև, լևավ և հունարեն կարդիա բառերը, որոնք նշանակում են «սիրտ», Աստվածաշնչում գործածվում են թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստներով։
Բառացի սիրտ։ Սիրտը՝ որպես օրգան, համեմատաբար քիչ է հիշատակվում Աստվածաշնչում։ Բառացի սրտի մասին խոսվում է, օրինակ, 2 Թագավորներ 9։24-ում։ Այնտեղ ասվում է, որ երբ Հեուն քաշեց աղեղն ու խոցեց Հովրամի թիակների մեջտեղը, «նետը անցավ նրա սրտի միջով» (տես նաև Ելք 28։30)։
Փոխաբերական սիրտ։ Սուրբ Գրքում «սիրտ» բառը մեծ մասամբ գործածվում է փոխաբերական իմաստով։ Մի աշխատությունում ասվում է, որ սիրտը առհասարակ ներկայացնում է «ինչ-որ բանի կենտրոնական, ներքին մասը, ուստի մարդու պարագայում այն նրա ներքին էությունն է, որը արտացոլվում է նրա բոլոր գործողություններում, ցանկություններում, նախասիրություններում, զգացմունքներում, կրքերում, նպատակներում, մտքերում, նրա ընկալման, երևակայության, իմաստության, գիտելիքների, հմտությունների, համոզմունքների ու դատողությունների, նրա հիշողության ու գիտակցության մեջ» (Journal of the Society of Biblical Literature and Exegesis, 1882, էջ 67)։
Այսպիսով՝ փոխաբերական սիրտը Սուրբ Գրքում չի ներկայացվում միայն որպես ջերմ զգացմունքների ու մղումների օջախ, և այն զուտ բանականությունը չէ։ «Սեմիտները.... սրտին էին վերագրում այն ամենը, ինչ բնորոշ է մարդուն՝ զգացմունքները, բանականությունը և կամքը»։ Սիրտը «մարդու ողջ ներքին էությունն է, որը հակադրվում է մարմնին՝ արտաքին, շոշափելի մարդուն» (E. Dhorme, The Metaphorical Use of the Names of Parts of the Body in Hebrew and in Akkadian, Paris, 1963, էջ 113, 114, 128, ֆրանս.)։
Աստծու համար, ով քննում է սրտերը, իրականում կարևոր է ոչ թե մարդու արտաքինը, այլ նրա ներքին էությունը (Առ 17։3; 24։12; Սղ 17։3; 1Սմ 16։7)։ Ուստի Աստվածաշնչում խորհուրդ է տրվում. «Ամեն ինչից առավել քո սիրտը [մարդու ողջ ներքին էությունը] պահպանիր, որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները» (Առ 4։23)։ Քրիստոնյա կանանց հորդորելով առաջնային կարևորություն չտալ արտաքինին՝ Աստծու Խոսքն ասում է. «Ձեր զարդարանքը թող լինի ոչ թե արտաքուստ.... այլ ներքուստ՝ այն, ինչ սրտում է՝ հանդարտ ու մեղմ ոգու անթառամ գեղեցկությունը, որը մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1Պտ 3։3, 4)։
Որոշ դեպքերում Աստվածաշնչում «սիրտ» բառը ակներևաբար վերաբերում է մտածելու կարողությանը, սակայն այն չի առանձնացվում մարդու ներքին էությունը կազմող մնացած բաներից։ Մովսեսը իսրայելացիներին հորդորեց. «Ձեր սրտում դաջեք [բռց.՝ «մտքում պահեք», ծնթ., Rbi8-E], որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»։ Ավելի ուշ նա ասաց. «Եհովան մինչ օրս ձեզ չի տվել հասկանալու ունակ միտք [բռց.՝ «սիրտ», ծնթ.]» (2Օր 4։39; 29։4)։ Թե՛ Եբրայերեն Գրվածքներում և թե՛ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «սիրտ» բառը երբեմն վերաբերում է նաև բանականությանը։ Դա երևում է այն համարներից, որոնցում այդ բառը գործածվում է այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են՝ «մտածել» (Մթ 9։4, ծնթ.), «խորհել» (Առ 24։2), «հասկացող», «հասկանալ» (1Թգ 3։12; Գրծ 28։27) և «գիտելիք» (Առ 15։14)։
Սիրտը նաև խորհրդանշում է մարդու ներքին էության մեկ այլ կարևոր կողմ՝ նրա մղումները՝ այն խթանիչ ուժը, որով պայմանավորված է մարդու վարքը։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ բոլոր նրանք, «ում սիրտը մղում էր» ինչ-որ բան տալու հանդիպման վրանը կառուցելու համար, եկան ու նվիրաբերություն արեցին (Ելք 35։21, 26, 29; 36։2)։ Չար Համանը «հանդգնեց» (բռց.՝ «իր սիրտը լցրեց») դավ նյութել հրեաների դեմ (Եսթ 7։5, ծնթ., Rbi8-E; Գրծ 5։3, ԱԹ)։ Եբրայեցիներ 4։12-ը բացատրում է, որ Աստծու խոսքը, կամ՝ խոստումը նման է երկսայրի սրի, որը «կարող է բացահայտել մտքերն ու սրտի մղումները»։ Հիսուսը նույնպես նշեց, որ սրտից է գալիս այն մղիչ ուժը, որով պայմանավորված է մեր վարքը՝ լավ կամ վատ (Մթ 15։19; Ղկ 6։45)։ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ ճիշտ մղումներ ունենալու համար չպետք է թույլ տանք, որ շահադիտական ցանկությունները փչացնեն ուրիշների հետ ունեցած մեր հարաբերությունները (Հդ 16), կամ որ փողասիրությունն ու հարստանալու ձգտումը ազդեն մեր կյանքի վրա (1Տմ 6։9, 10; Առ 23։4, 5)։ Այն հորդորում է անկեղծ սեր զարգացնել Աստծու հանդեպ, որը քրիստոնեական ծառայության հիմքն է (1Հվ 5։3; 2Օր 11։13), ինչպես նաև զարգացնել անձնազոհ սեր, որով հարկավոր է առաջնորդվել հավատակիցների հետ հարաբերություններում (Հվ 15։12, 13)։ Բացի այդ՝ Աստծու Խոսքը պատվիրում է սիրել մեր դրացուն մեր անձի պես (Ղկ 10։27-37; Գղ 6։10)։ Հստակ է, որ ճիշտ մղումներ զարգացնելու համար հարկավոր է գործի դնել մտածելու կարողությունը (Սղ 119։2, 24, 111)։
Մարդու փոխաբերական սրտի վիճակը արտացոլվում է նրա բնավորության և վերաբերմունքի մեջ՝ լինի դա հպարտության, թե խոնարհության տեսքով (Առ 16։5; Մթ 11։29)։ Զգացմունքներն ու հույզերը նույնպես մարդու ներքին էության մաս են կազմում։ Օրինակ՝ սերը (2Օր 6։5; 1Պտ 1։22), ուրախությունն ու բերկրանքը (2Օր 28։47; Հվ 16։22), վիշտն ու ցավը (Հռ 9։2), ատելությունը (Ղև 19։17)։ Սիրտը կարող է լինել «անհանգիստ» (Ես 35։4), կեղեքումների պատճառով «խոցված» (Սղ 109։22), դժվարությունների առաջացրած վախից «նվաղած» (2Օր 20։8)։ Երբ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում միտքն ու սիրտը միասին են հիշատակվում, «միտքը» վերաբերում է բանականությանը, իսկ «սիրտը»՝ մարդու ներքին հույզերին, ցանկություններին ու զգացմունքներին։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով և ձեր ամբողջ մտքով» (Մթ 22։37)։ Այդպիսով նա ցույց տվեց, որ Աստծու հանդեպ սերը պետք է երևա ոչ միայն մարդու ցանկություններից, զգացմունքներից ու հույզերից, այլև այն բանից, թե նա ինչպես է գործի դնում իր մտային կարողությունները, օրինակ՝ գիտելիքներ է ձեռք բերում Աստծու և Քրիստոսի մասին (Հվ 17։3)։
Այս բոլոր առանձնահատկությունները, ունակությունները, զգացմունքներն ու հատկանիշները վերաբերում են ոչ թե բառացի, այլ փոխաբերական սրտին, որը ներկայացնում է մարդու ողջ ներքին էությունը։
Սիրտը կարող է «նենգ» լինել։ Թեև Ադամը կատարյալ էր, բայց թույլ տվեց, որ իր սիրտը հրապուրվի. նա մերժեց ճշմարտությունն ու երես թեքեց Աստծուց (տես Հկ 1։14, 15)։ Հետևանքը եղավ այն, որ բոլոր մարդիկ՝ մեղավոր Ադամի սերունդները, «իրենց սկզբնավորման պահից մեղավոր» ու ծնված օրից հանցավոր են (Սղ 51։5)։ Ջրհեղեղից հետո Աստված մեղավոր մարդկության մասին ասաց. «Մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը» (Ծն 8։21)։
Աստված Հուդայի ըմբոստ ժողովրդին ասաց. «Սրտից ավելի նենգ բան չկա. այն ամեն ինչի ընդունակ է» (Եր 17։9)։ Այս խոսքերը լուրջ նախազգուշացում են պարունակում. բոլոր նրանք, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն, պետք է ոչ միայն ուշադրություն դարձնեն այն բանին, թե ուրիշներն ինչ կարծիք ունեն իրենց մասին, այլև թե ինչպիսի անձնավորություն են իրենք իրականում՝ իրենց ներքին էությանը։ Մարդ կարող է երկար տարիների քրիստոնյա լինել, լավ իմանալ Աստվածաշունչը և վստահ լինել, որ կարող է հաջողությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն, սակայն նրա մտքերն ու այն ցանկությունները, որ թաքուն զարգացրել է իր մեջ, կարող են հրապուրել նրան ու մեղքի դրդել, թեև նա շատ լավ գիտի, որ տվյալ արարքը սխալ է և միանշանակ դատապարտվում է Աստծու օրենքով։
Ուստի թեև քրիստոնյան գիտի ճշմարտությունն ու թերևս իրեն հասուն է համարում, պետք է հիշի, որ իր սիրտը նենգ է, և շատ զգույշ լինի, որ չտրվի գայթակղությանը ու փորձության մեջ չընկնի (Մթ 6։13; 1Կթ 10։8-12)։
Ծառայել «ողջ սրտով»։ Ի տարբերություն բառացի սրտի՝ փոխաբերական սիրտը կարող է կիսված լինել։ Դավիթն աղոթեց. «Օգնիր՝ սիրտս պառակտված չլինի [բռց.՝ «Միավորիր սիրտս», ծնթ.], որ քո անունից վախենամ»։ Այս խոսքերից երևում է, որ մարդու սիրտը որևէ բան սիրելու կամ որևէ բանից վախենալու հարցում կարող է պառակտված լինել (Սղ 86։11)։ Այդպիսի մարդը գուցե «կես սիրտ» ունենա՝ Աստծուն պաշտելու հարցում «գոլ» լինի, այսինքն՝ ծառայի նրան առանց եռանդի (Սղ 119։113, ծնթ.; Հտն 3։16)։ Անհատը նաև կարող է «երկու սիրտ» (բռց.՝ «սիրտ և սիրտ»)՝ «երկատված սիրտ» ունենալ, եթե փորձում է ծառայել երկու տիրոջ կամ խաբել ուրիշներին՝ ասելով մի բան, բայց մտածելով մեկ ուրիշ բան (1Տգ 12։33, ծնթ.; Սղ 12։2, ծնթ.)։ Հիսուսը խստորեն դատապարտեց ու կեղծավոր կոչեց այն մարդկանց, ում սիրտը երկատված է (Մթ 15։7, 8)։
Նա, ով ուզում է հաճեցնել Աստծուն, չպետք է կես սրտով կամ երկու սրտով անի դա, այլ պետք է ծառայի նրան ողջ սրտով (1Տգ 28։9)։ Դրա համար մեծ ջանքեր են պահանջվում, քանի որ սիրտն ամեն ինչի ընդունակ է և հակված է դեպի չարը (Եր 17։9, 10; Ծն 8։21)։ Որպեսզի սիրտը ամբողջական մնա, հարկավոր է անկեղծորեն աղոթել (Սղ 119։145; Ողբ 3։41), կանոնավոր ուսումնասիրել Աստծու Խոսքը (Եզր 7։10; Առ 15։28), նախանձախնդրությամբ մասնակցել բարի լուրի քարոզչությանը (հմմտ. Եր 20։9) և ընկերակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ողջ սրտով Եհովայի հետ են (հմմտ. 2Թգ 10։15, 16)։
Ովքե՞ր են կոչվում «սիրտ չունեցող»
Աստվածաշնչում մի քանի անգամ նշվում է «սիրտ չունեցող» մարդու մասին։ Բառարանագիրներ Քյոլերն ու Բաումգարտները նշում են, որ այդ արտահայտությունը նշանակում է «առանց խելքի» (Lexicon in Veteris Testamenti Libros, Leiden, 1958, էջ 470)։ Մեկ ուրիշ բառարանում ասվում է, որ այդպիսի մարդը «հասկացողությունից զուրկ է» (William Gesenius, A Hebrew and English Lexicon of the Old Testament, թրգմ.՝ E. Robinson, 1836, էջ 517)։ «Սիրտ չունեցող» արտահայտությունը վերաբերում է նրան, ով անխոհեմ է, չունի առողջ դատողություն և խորաթափանցություն։ Այսպիսով՝ «սիրտ չունեցողը» հակադրվում է «հասկացող» (Առ 10։13, ծնթ.) և «խորաթափանց» մարդուն (Առ 11։12, ծնթ.; 15։21, ծնթ.)։ Այլ դեպքերում «սիրտ չունեցող»՝ անխոհեմ մարդու մասին ասվում է, որ նա «միամիտ է», «անփորձ», «հիմար», այսինքն՝ զուրկ է իմաստությունից (Առ 7։7, ծնթ.; 9։1-9, ծնթ., 16; 10։21)։ Բնագրային տեքստում այս բոլոր համարներում օգտագործված է «սիրտ» բառը՝ ցույց տալու համար, որ տվյալ մարդու ներքին էությունը որոշ չափով զուրկ է դրական հատկություններից։
«Սիրտ չունենալ» արտահայտությունը փոխանցում է խոհեմություն, առողջ դատողություն կամ խորաթափանցություն չունենալու միտք, և դա երևում է նրանից, թե Աստվածաշնչում ինչ համատեքստերում է այն օգտագործվում։ Առակներ 6։32-ում (ծնթ.) գրված է, որ նա, ով շնություն է գործում, «սիրտ չունի»։ Այլ թարգմանություններում գրված է՝ «անմիտ է» (ԱԹ), «խելքը պակաս է» (ԱԱ), «պակասամիտ է» (Նոր ԱԹ), «խելք չունի» (RS, JB), «դատողություն չունի» (NIV), «անմիտ հիմար է» (NE)։ Շնություն գործողը «անմիտ հիմար է», այդ պատճառով քաղում է սեռական անբարոյության դառը հետևանքները (Առ 1։2-4; 6։23-35; 7։7, 21-27)։ Արտաքուստ նա գուցե պարկեշտ մարդ է թվում, բայց նրա ներքին էությունը բարելավման խիստ կարիք ունի։
Մեկ ուրիշ առակ ասում է. «Ողջամտություն չունեցող [բռց.՝ «սիրտ չունեցող»] մարդը ձեռք է սեղմում [ի նշան համաձայնության վավերացման] և իր դրացու ներկայությամբ ուրիշի համար երաշխավոր լինում» (Առ 17։18)։ Այդպիսի մարդը հնարավոր է՝ զգացմունքների ազդեցության տակ իր վրա պարտավորություն վերցնի, ինչի հետևանքով թերևս փող կորցնի կամ տնտեսական լուրջ դժվարություններ ունենա։ Թեև նա գուցե լավ մղումներով անի դա, սակայն այդպես վարվելը ցույց կտա, որ նա չունի առողջ դատողություն։
«Առակներ» գրքում ասվում է նաև, որ անհատը կարող է «սիրտ ձեռք բերել»։ Առակներ 19։8-ում գրված է. «Ով ողջամտություն [բռց.՝ «սիրտ», ծնթ.] է ձեռք բերում, սիրում է ինքն իրեն, և ով գնահատում է խորաթափանցությունը, հաջողություն կունենա»։ Այդպիսի մարդը լուրջ ուշադրություն է դարձնում այն բանին, թե իրականում ինչպիսին է ինքը ներքուստ։ Նա գործի է դնում իր միտքը, որպեսզի ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերի Աստծու և նրա ճանապարհների մասին։ Նա խորհրդածում է դրանց շուրջ և ձգտում է կիրառել իր սովորածը։ Նա իր ցանկությունները, նախասիրությունները, զգացմունքները և կյանքի նպատակները համապատասխանեցնում է Աստծու կամքին։ Դա անելով՝ այդ անհատը իրեն օգուտ է բերում և ցույց է տալիս, որ «սիրում է ինքն իրեն»։ Նա կերտում է իր ներքին էությունը և ուշադրությունը կենտրոնացնում է այն ամենի վրա, ինչը բարերար ազդեցություն է թողնում իր սթափ մտածելու և իմաստնորեն գործելու կարողության վրա։ Այդպես նա փաստում է, որ «գնահատում է խորաթափանցությունը»։
Աստծու սիրտը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան «սիրտ» ունի, ինչը նշանակում է, որ նա կարող է կապվածություն զգալ և ունի զգացմունքներ։ Ջրհեղեղից առաջ «նրա սիրտը տխրությամբ լցվեց». նա ափսոսաց, որ մարդիկ մերժել են իր արդար իշխանությունը, ինչի պատճառով ստիպված է բարիք անելու փոխարեն կործանել նրանց (Ծն 6։6)։ Սակայն երբ Աստված տեսնում է իր ծառաների հավատարմությունը, նրա «սիրտը» ուրախանում է (Առ 27։11)։ Եհովան ասում է, որ իր մտքով [բռց.՝ «սրտով», ծնթ.] երբեք չի անցել այնպիսի դաժան արարք, ինչպիսին մարդկանց կրակի մեջ ողջակիզելն է, մի բան, որ անում էին որոշ հավատուրաց իսրայելացիներ։ Դա ցույց է տալիս, որ նա մարդկանց հավիտենական չարչարանքների ենթարկող Աստված չէ (Եր 7։31; 19։5)։
Մի բանի կենտրոնը։ Քանի որ բառացի սիրտը մարմնի կենտրոնում է գտնվում, «սիրտ» բառը երբեմն վերաբերում է որևէ բանի կենտրոնին, օրինակ՝ ասվում է «երկրի սիրտ» (Մթ 12։40), «ծովի սիրտ» (Ելք 15։8; Հվն 2։3)։ 2 Սամուել 18։14-ում «ծառի ճյուղերից» բառերով թարգմանվել է մի արտահայտություն, որը բառացի նշանակում է «ծառի սրտում»։ 2 Օրենք 4։11-ում «երկինք» թարգմանված բառը բառացի նշանակում է «երկնքի սիրտ» (տես Rbi8-E, ծնթ.)։
Մարգարեական նշանակություն։ Դանիել 7։4-ի մարգարեության մեջ «սիրտ» բառը խորհրդանշական իմաստ ունի։ Այնտեղ ասվում է, որ Բաբելոնի թագավորությունը ներկայացնող առյուծանման գազանը երկու ոտքի վրա կանգնեցվեց և «նրան մարդու սիրտ տրվեց», այսինքն՝ նա այլևս քաջ սիրտ՝ «առյուծի սիրտ» չուներ (2Սմ 17։10)։ Նրան հաղթեց խորհրդանշական «արջը»՝ Մարա-Պարսկաստանը (Դն 7։5; տես ԳԱԶԱՆՆԵՐ (ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ))։