Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Հպարտություն»
  • Հպարտություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հպարտություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Հպարտության դիմաց վճարվող գինը որքա՞ն բարձր է
    1999 Դիտարան
  • Դու կարո՛ղ ես մարտնչել Սատանայի դեմ և հաղթել
    2015 Դիտարան
  • Հպարտ փարավոնը ակամայից նպաստեց Աստծու նպատակի իրականացմանը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Զգույշ եղիր, որ քո մեջ ամբարտավան սիրտ չզարգանա
    2005 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Հպարտություն»

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սեփական անձի մասին չափազանց մեծ կարծիք ունենալը, գերազանց լինելու անհիմն զգացում, որ պայմանավորված է ունակություններով, արտաքին տեսքով, հարստությամբ, դիրքով և այլ բաներով, արհամարհական վերաբերմունք ուրիշների հանդեպ, հանդուգն և գոռոզ վարվելակերպ, մեծամիտ պահվածք։ Որոշ դեպքերում «հպարտություն» բառը կարող է դրական իմաստ կրել և մատնանշել գոհունակության ու բավականության զգացում, որ առաջանում է հաջողությունների հասնելու կամ որևէ բան ունենալու արդյունքում։ «Հպարտություն» բառի հոմանիշներից են՝ «մեծամտություն», «գոռոզություն», «ինքնահավանություն»։

Եբրայերեն գաա բայը բառացի նշանակում է «աճել», «բարձրանալ»։ Այդ բայարմատից կազմվել են հպարտության միտք արտահայտող մի շարք բառեր։ Դրանք թարգմանվել են «ինքնամեծարում», «ինքնագոհություն», «մեծամիտ», «հանդուգն» և այլն։ Այդ բայարմատով կազմվել են նաև դրական իմաստ արտահայտող բառեր, օրինակ՝ «վեհություն», «պարծանք» (Հոբ 8։11; Եզկ 47։5, Rbi8-E; Առ 8։13; Եր 48։29; Ես 9։9; 2Օր 33։26; Ամս 8։7)։

Հունարեն կաուխաոմայ բառը, որը նշանակում է «պարծենալ», «հպարտանալ», «ցնծալ», կախված համատեքստից՝ ունի կա՛մ դրական, կա՛մ բացասական իմաստ (1Կթ 1։29; Հռ 2։17; 5։2)։

Հպարտությունը մոլորեցնող է և կործանարար։ Հպարտ մարդը գուցե չգիտակցի, որ հպարտ է, և խուսափելով իր մեջ այդ հատկությունը տեսնելուց՝ փորձի իր վարվելակերպի համար այլ պատճառաբանություններ բերել։ Յուրաքանչյուր ոք պետք է խորությամբ քննի իրեն և իր շարժառիթները՝ հասկանալու համար, թե արդյոք ունի այդ բացասական հատկությունը։ Պողոս առաքյալը, ցանկանալով ցույց տալ, որ մարդը պետք է ճիշտ շարժառիթներ ունենա և հասկանա իր վարվելակերպի պատճառը, ասաց. «Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար և եթե նույնիսկ կյանքս էլ տամ, որ պարծենալու [կաուխեսոմայ] պատճառ ունենամ, բայց սեր չունենամ, ի՞նչ օգուտ այդ ամենից» (1Կթ 13։3)։

Ուստի մարդն իր իսկ օգտի համար պետք է արմատախիլ անի հպարտությունը։ Առավել կարևոր է, որ նա այդպես վարվի, եթե ցանկանում է հաճեցնել Աստծուն։ Բայց անհրաժեշտ է նաև ատել հպարտությունը, քանի որ Աստծու Խոսքն ասում է. «Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը։ Ես ատում եմ ինքնամեծարումն ու հպարտությունը, չար ընթացքն ու ապականված խոսքը» (Առ 8։13)։

Եթե անհատը չձերբազատվի հպարտությունից, կտուժի։ «Հպարտությունը նախորդում է կործանմանը, և գոռոզությունը՝ վայր ընկնելուն» (Առ 16։18)։ «Գոռոզների տունը Եհովան կկործանի» (Առ 15։25)։ Աստվածաշնչում հիշատակված են բազմաթիվ անհատներ, դինաստիաներ և ազգեր, որոնք կործանվել են հպարտության պատճառով (Ղև 26։18, 19; 2Տգ 26։16; Ես 13։19; Եր 13։9; Եզկ 30։6, 18; 32։12; Դն 5։22, 23, 30)։

Հպարտությունը մոլորեցնում ու խաբում է մարդուն։ Պողոս առաքյալն ասաց. «Եթե որևէ մեկը իր մասին մեծ կարծիք ունի, ինքն իրեն խաբում է, քանի որ իրականում ոչինչ է» (Գղ 6։3)։ Գուցե թվա, թե հպարտ մարդն ընտրում է ամենալավ ու իրեն ամենաձեռնտու ուղին, սակայն նա հաշվի չի առնում Աստծու տեսակետը (հմմտ. Եր 49։16; Հտն 3։17)։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է խոնարհ լինել հեզերի միջավայրում, քան հպարտների ավարից բաժին ունենալ» (Առ 16։19)։

Պարծենկոտություն։ Հունարեն կաուխաոմայ բայը (նշանակում է «պարծենալ») հաճախ արտահայտում է եսասիրության ու հպարտության իմաստ։ Աստվածաշնչից պարզ է դառնում, որ ոչ մի մարդ հիմք չունի ինքն իրեն մեծարելու կամ պարծենալու սեփական ձեռքբերումներով։ Կորնթոսի քրիստոնեական ժողովում որոշ հպարտ մարդիկ մեծարում էին իրենց կամ ուրիշներին, ինչով պառակտում էին ժողովը։ Նրանք մարմնավոր մտածելակերպ ունեին. Քրիստոսին հետևելու փոխարեն մարդկանց էին հետևում (1Կթ 1։10-13; 3։3, 4)։ Այդ քրիստոնյաներին չէր հետաքրքրում ժողովի հոգևոր բարօրությունը։ Նրանք նախընտրում էին պարծենալ առերևույթ բաներով, ոչ թե օգնել հավատակիցներին, որ Աստծու աչքում մաքուր սիրտ ունենան (2Կթ 5։12)։ Այդ պատճառով Պողոս առաքյալը խստորեն նախատեց Կորնթոսի ժողովի անդամներին և ասաց, որ նրանք կարող են պարծենալ միայն Եհովա Աստծով ու այն ամենով, ինչ նա արել է իրենց համար (1Կթ 1։28, 29; 4։6, 7)։ Նա կորնթացիների ուշադրությունը հրավիրեց հետևյալ սկզբունքի վրա. «Ով պարծենում է, թող Եհովայով պարծենա» (1Կթ 1։31; 2Կթ 10։17)։

Հիսուսի եղբայր Հակոբոսը նույնիսկ դատապարտեց նրանց, ովքեր պարծենում էին հոգևորի հետ կապ չունեցող նպատակներով։ Նա ասաց. «Դուք հպարտանում եք՝ մեծամտորեն պարծենալով։ Այսպիսի պարծենկոտությունը չար է» (Հկ 4։13-16; հմմտ. Առ 27։1)։

Դրական իմաստ։ Եբրայերեն գաա, հունարեն կաուխաոմայ բառերը ու դրանցից կազմված բառաձևերը ունեն նաև դրական իմաստ և մատնանշում են հպարտության ու գոհունակության զգացում, որ առաջանում է հաջողությունների հասնելու կամ որևէ բան ունենալու արդյունքում։ Սաղմոսերգուն Իսրայելի մասին խոսեց որպես «Հակոբի պարծանքի [բռց.՝ «հպարտության»]», ում Եհովան սիրում էր (Սղ 47։4)։ Մարգարեանալով Իսրայելի վերականգնման մասին՝ Եսայիան ասաց, որ «ժողովրդից ողջ մնացածները կհպարտանան երկրի պտուղներով» (Ես 4։2)։ Պողոս առաքյալը, տեսնելով Թեսաղոնիկեի ժողովի անդամների հավատը, սերն ու դիմացկունությունը, ասաց. «Մենք ձեր մասին հպարտությամբ ենք խոսում Աստծու ժողովներում» (2Թղ 1։3, 4)։ Քրիստոնյաները հպարտ են, որ իրենց Աստվածը Եհովան է, որ իրենք ճանաչում են նրան, և որ նա ընդունում ու հավանություն է տալիս իրենց։ Նրանք հետևյալ սկզբունքով են առաջնորդվում. «Ով պարծենում է, թող պարծենա այն բանով, որ խորությամբ հասկանում է՝ ինչպիսին եմ ես, և ճանաչում է ինձ, գիտի, որ ես Եհովան եմ՝ նա, ով հավատարիմ սեր է ցուցաբերում և արդարություն ու արդարադատություն է իրագործում երկրի վրա» (Եր 9։24; հմմտ. Ղկ 10։20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը