ԳԱՎԱԶԱՆ, ՑՈՒՊ
Եբրայերեն շևետ և մատտե բառերը հաճախ թարգմանվում են «գավազան» և «ցուպ»։ Շևետ բառը նշանակում է «ցուպ», «ձեռնափայտ», «հենափայտ», «փայտ», «հովվացուպ»։ Հավանաբար այն պատճառով, որ ցեղապետները ցուպ, կամ՝ գավազան ունեին, շևետ և մատտե բառերը նաև նշանակում են «ցեղ» և այդպես էլ թարգմանվել են (Ելք 31։2; 2Օր 18։1; 29։18)։ Եբրայերեն շևետ և էց (բռց.՝ «ծառ») բառերը նաև նշանակում են «սեպ» կամ «նիզակի կոթ» (2Սմ 18։14; 21։19)։
Եբրայերեն մակկել բառը թարգմանվել է «ճյուղ», «մահակ» և «փայտ» (Ծն 30։37; Թվ 22։27; 1Սմ 17։43), իսկ միշենեթ բառը՝ «գավազան» և «օգնություն» (Դտ 6։21; 2Թգ 18։21)։
Հունարեն հռաբդոս բառը թարգմանվել է «գավազան», երբեմն՝ «ցուպ» (Հտն 19։15; Մթ 10։10)։ Որոշ թարգմանություններում «ցուպ» բառով թարգմանվել է նաև քսիլոն բառը, որը բառացի նշանակում է «փայտ» կամ «փայտե»։ Մատթեոս 26։47, 55-ում և զուգահեռ համարներում այն թարգմանվել է «մահակներ»։
Կիրառությունը։ Գավազանը, կամ՝ ցուպը օգտագործում էին դրա վրա հենվելու (Ելք 12։11; Զք 8։4; Եբ 11։21), դրանով հարձակվելու և պաշտպանվելու (2Սմ 23։21 [«ձեռնափայտ»]; Մթ 10։10), երեխաներին, ստրուկներին և ուրիշներին պատժելու (Ելք 21։20 [«փայտ»]; Առ 10։13; 23։13, ծնթ., 14; 2Կթ 11։25 [«ճիպոտ»]), կալսելու (Ես 28։27 [այս համարում հանդիպում են և՛ մատտե, և՛ շևետ բառերը, որոնք համապատասխանաբար թարգմանվել են «կալսաթակ» ու «փայտ»], հմմտ. Դտ 6։11; Հռթ 2։17) և ձիթենին թափ տալու համար (2Օր 24։20; Ես 24։13)։ Բացի այդ՝ հովիվները ցուպով առաջնորդում էին հոտը, անասուններին ուղղություն էին տալիս և օգնում։ Ըստ Մովսիսական օրենքի՝ սրբարանի համար որպես տասանորդ տրվող կենդանիներին հետևյալ կերպ էին ընտրում. «Ինչ վերաբերում է նախիրների ու հոտերի տասներորդ մասին, ապա հովիվը կենդանիներին հաշվելիս՝ դրանց իր ցուպի տակով անցկացնելիս, պետք է ամեն տասներորդին առանձնացնի Եհովայի համար՝ որպես նրան պատկանող սուրբ մի բան։ Նա չպետք է զննի կենդանուն՝ տեսնելու՝ լավն է, թե վատը, ոչ էլ պետք է այն փոխարինի մեկ ուրիշով» (Ղև 27։32, 33)։ Ասում են, որ երբ ոչխարները դուրս էին գալիս փարախից, հովիվը կանգնում էր մուտքի մոտ՝ ձեռքին մի ցուպ, որի ծայրին ներկի մեջ թաթախված կտոր էր կապված։ Դրանով նա նշան էր դնում ամեն տասներորդ ոչխարի վրա և այն առանձնացնում որպես տասանորդ (հմմտ. Եր 33։13)։
Իշխանության խորհրդանիշ։ Գավազանը արժեքավոր իր էր համարվում։ Որոշ դեպքերում գավազանին նայելով կարելի էր անմիջապես հասկանալ, թե այն ում է պատկանում։ Հուդան Թամարին որպես գրավ տվեց իր գավազանն ու կնքամատանին, մինչև որ նրան մի ուլ ուղարկեր նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց (Ծն 38։18, 25)։ Գավազանը, որ բռնում էին տոհմապետները, նրանց իշխանության նշանն էր։ Այդ պատճառով Աստվածաշնչում գավազանը հաճախ խորհրդանշում է ինչ-որ մեկի ունեցած կամ ինչ-որ մեկի կողմից նրան վստահված իշխանությունը։ Երբ Մովսեսը կանգնում էր իսրայելացի երեցների, ինչպես նաև Եգիպտոսի փարավոնի ու քրմերի առաջ, նրա գավազանը հանդիսանում էր նրա իշխանության և Աստծուց ստացած հանձնարարության խորհրդանիշը (Ելք 4։17, 29-31; 7։9-12)։ Թեև Աստվածաշունչն ասում է, որ երբ Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ, Ահարոնի ձեռքում իր գավազանն էր, սակայն Ելք 7։15, 17 համարների հետ համեմատությունից պարզ է դառնում, որ խոսքը, ըստ ամենայնի, Մովսեսի գավազանի մասին է, որը Ահարոնը իր ձեռքին էր պահում որպես նրա ներկայացուցիչ։
Դրանից հետո Մովսեսի գավազանը բազմիցս օգտագործվել է ցույց տալու համար, որ Մովսեսը Եհովայից է իշխանություն ստացել լինելու ազգի առաջնորդ, և որ նա ունի նրա աջակցությունը (Ելք 8։5; 9։23; 10։13; Թվ 20։11)։ Երբ Մովսեսի ու Ահարոնի իշխանությունը կասկածի ենթարկվեց, Աստված այնպես արեց, որ 12 ցեղապետների գավազաններից միայն Ահարոնի գավազանը (որը ներկայացնում էր Ղևիի տունը) ծաղկի, և դրա վրա հասած նշեր հայտնվեն։ Դա համոզիչ կերպով փաստեց, որ Աստված քահանայություն անելու լիազորությունը տվել էր Ահարոնին, հետևաբար նաև նրա սերունդներին։ Այդ գավազանը որոշ ժամանակ պահվեց ուխտի տապանակի մեջ (Թվ 17։1-11; Ելք 29։9; Եբ 9։4)։
Սաղմոսերգուն գրեց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»։ Եհովան Սիոնից դուրս էլ կտարածի քո զորության գավազանը և կասի. «Սկսիր իշխել թշնամիներիդ մեջ և նրանց ենթարկեցրու քո իշխանությանը»» (Սղ 110։1, 2, ծնթ.)։ Պողոս առաքյալը այս խոսքերը կիրառեց Հիսուսի Քրիստոսի առնչությամբ, ում ձեռքերում, այսպես ասած, Եհովայի «զորության գավազանն» է. նա՝ որպես Եհովայի ներկայացուցիչ, լիիրավ իշխանություն ունի դատաստան իրագործելու թշնամիների նկատմամբ (Եբ 10։12, 13)։ Քրիստոսը՝ «Հեսսեի բնից շիվը», «իր բերանից դուրս եկած խոսքով, ասես գավազանով, կհարվածի երկրին, իր շնչով կոչնչացնի անօրենին» (Ես 11։1, 4)։ Նա իշխանությամբ է խոսում և անօրեններին պատժում է Եհովայի տված զորությամբ։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը ազգերին «կհովվի.... երկաթե գավազանով». նա չի հովվի նրանց ինչպես մի հովիվ, որը ցուպով քնքշորեն առաջնորդում է իր հոտը (Հտն 2։27; 12։5; 19։15)։
Եսայիա 9։4 և 14։5 համարներում ասվում է, որ Իսրայելի թշնամիները ժողովրդին կեղեքում էին ղեկավարների գավազանով և ցուպով։ Իսրայելի շրջակա ազգերը, օրինակ՝ Ասորեստանը, Աստծու ձեռքին գործիք էին, որոնց միջոցով նա պատժում էր իսրայելացիներին նրանց գործած մեղքերի համար։ Այդ ազգերը ասես պատժի գավազան էին, որոնք գործում էին Աստծու լիազորությամբ և թույլտվությամբ։ Սակայն նրանք իսրայելացիներին պատժում էին ոչ թե այն պատճառով, որ սիրում էին Եհովային կամ որ ատում էին նրանց գործած մեղքերը, այլ քանի որ ատելությամբ էին լցված Աստծու և Իսրայելի հանդեպ։ Նրանք չարաշահում էին իրենց լիազորությունները և հաճույք էին ստանում ժողովրդին ավելի մեծ տառապանք պատճառելուց, քան իրենց թույլ էր տրված։ Բացի դրանից՝ այդ տերությունները, հատկապես Ասորեստանն ու Բաբելոնը, մեծամտորեն իրենց վեր էին դասում Եհովա Աստծուց։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան Ասորեստանի մասին ասաց. «Ահա Ասորեստանը՝ իմ բարկության գավազանը»։ Սակայն նա նաև խոսեց նրա գոռոզամտության մասին՝ ասելով. «Մի՞թե կացինը իրեն վեր կդասի իրենով կտրողից, կամ սղոցը իրեն բարձր կհամարի իրենով սղոցողից։ Մի՞թե ցուպը կարող է տարուբերել նրան, ով բռնում է իրեն, կամ գավազանը կարո՞ղ է վեր հանել նրան, ով իր պես փայտից չէ»։ Այնուհետև կանխագուշակվեց, որ ասորեստանցիները կպատժվեն այն բանի համար, որ իրենց բարձր են համարում Աստծուց՝ նրանից, ում ձեռքին գործիք են, և մեծամտորեն հակառակվում են նրան (Ես 10։5, 15)։
Երբ Եհովան թագավորության առնչությամբ ուխտ կապեց Դավթի հետ, նրանից սերող թագավորների մասին հետևյալն ասաց. «Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու։ Եվ եթե նա սխալ բան անի, նախատելու եմ նրան մարդկանց գավազանով և հարվածներով պատժելու եմ, ինչպես մարդիկ են անում» (2Սմ 7։14, ծնթ.)։ Խրատի գավազանը, որը Եհովան կիրառելու էր որպես Հայր, ներկայացնում էր մարդկային կառավարությունների, օրինակ՝ Բաբելոնի իշխանությունը։ Բաբելոնյան կայսրության միջոցով Աստծու թագավորությունը, որի ղեկավարները Դավթից սերող թագավորներն էին, տապալվեց։ Այն տապալված էր մնալու, մինչև որ գար «նա, ով իրավունք ուներ այն ստանձնելու» (Եզկ 21։27)։ Մ.թ. 70-ին Տիտոսի հրամանատարության տակ եղող հռոմեական զորքերը Աստծու ձեռքում «գավազան» դարձան, որով նա պատժեց անհավատարիմ Երուսաղեմին (Դն 9։26, 27)։
Սխալ գործածություն։ Մարդկային ղեկավարներն ու դատավորները հաճախ անարդար կերպով են գործադրել իրենց իշխանության գավազանը և նույնիսկ այն գործի են դրել Եհովայի ու նրա ժողովրդի դեմ պայքարելու համար։ Երբ Հիսուս Քրիստոսին կանգնեցրին հրեական բարձրագույն դատարանի, իսկ հետո՝ հռոմեական կառավարիչ Պիղատոսի առաջ, նրա հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորեցին, նրան ծաղրեցին, ծեծեցին, վրան թքեցին ու վերջում սպանեցին։ Հրեա առաջնորդները իրենց իշխանության գավազանը գործադրեցին, որ Հիսուսին տառապանք պատճառեն, իսկ դրանից հետո ավելի ծանր «գավազան» կիրառեցին՝ նրան հանձնեցին հռոմեական իշխանություններին, որ մահապատժի ենթարկեն։ Միքիա մարգարեն այդ մասին կանխագուշակել էր՝ ասելով. «Գավազանով նրանք զարկում են Իսրայելի դատավորի այտին» (Մք 5։1)։ Հիսուսի մահից և հարությունից հետո հրեաների ղեկավարները, իրենց իշխանության գավազանը չարաշահելով, հալածում էին նրա հետևորդներին։ Հռոմեական և ուրիշ կառավարիչներ նույնպես անարդար կերպով էին գործադրում իրենց իշխանությունը։ Դրա համար Աստված հաշիվ էր պահանջելու նրանցից (Հվ 19։8-11; 2Թղ 1։6-9)։
Ծնողական իշխանություն։ «Գավազանը» խորհրդանշում է նաև երեխաների վրա ծնողների ունեցած իշխանությունը։ Այդ իշխանության մասին բազմիցս խոսվում է «Առակներ» գրքում, որտեղ «գավազանը» խորհրդանշում է խրատի և դաստիարակության բոլոր ձևերը, այդ թվում՝ պատիժը բառացի գավազանով։ Ծնողները Աստծու առաջ պատասխանատու են, որ այդ գավազանը կիրառեն երեխային խրատելու նպատակով։ Եթե նրանք դա չանեն, կործանում ու մահ կբերեն իրենց երեխայի վրա, իսկ իրենք ամոթով կմնան ու կզրկվեն Աստծու հաճությունից (Առ 10։1; 15։20; 17։25; 19։13)։ «Առակներ» գրքում ասվում է. «Հիմարությունը երեխայի սրտում է, բայց պատիժը [բռց.՝ «խրատի գավազանը»] այն կհեռացնի նրանից»։ «Երեխային առանց խրատի մի՛ թող։ Եթե գավազանով հարվածես նրան, չի մեռնի։ Պատժիր նրան, որ փրկես գերեզմանից» (Առ 22։15; 23։13, ծնթ., 14)։ Նաև՝ «Ով հետ է պահում գավազանը իր որդուց, ատում է նրան, բայց ով սիրում է իր որդուն, ջանասիրաբար խրատում է» (Առ 13։24, ծնթ.; 19։18; 29։15, ծնթ.; 1Սմ 2։27-36)։
Եհովա Աստված՝ քրիստոնյաների «երկնային Հայրը», իր երեխաներին դաստիարակելիս չի խնայում «գավազանը»։ Եբրայեցիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրեց. «Աստված ձեզ հետ որդիների պես է վարվում։ Ո՞ր մի որդուն իր հայրը չի խրատում.... Բայց մեր երկնային Հայրը մեր օգտի համար մեզ միշտ է խրատում, որ սուրբ լինենք, ինչպես նա» (Եբ 12։7, 9, 10)։ Եհովան քրիստոնեական ժողովին խրատելու գործը հանձնարարել էր հավատարիմ տղամարդկանց, մասնավորապես առաքյալներին։ Այդ իշխանությունը նրանց տրվել էր եղբայրներին «հոգևորապես ամրացնելու, ոչ թե տապալելու» նպատակով (2Կթ 10։1-11)։ Դա նրանց իրավունք էր տալիս նաև խրատելու մեղք գործած անհատներին։ Երբ Կորնթոսի ժողովի անդամները շեղվեցին արդարության ճանապարհից ու սկսեցին մարդկանց ավելի մեծ հեղինակություն համարել, քան Քրիստոսին, Պողոսը նամակով շտկեց նրանց մտածելակերպը։ Նա գրեց. «Ո՞րն եք նախընտրում՝ մահակո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու մեղմությամբ» (1Կթ 4։21)։
Առաջնորդելու և հովվելու ցուպ։ Հովիվը ցուպով առաջնորդում, պաշտպանում և օգնում էր իր հոտին։ Նման հոգատարություն Եհովան ու նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, դրսևորում են իրենց հոտի՝ ժողովրդի նկատմամբ։ Եհովան իր հետ ուխտի մեջ եղող Իսրայելի ազգի մասին հաճախ խոսում էր որպես հոտի։ Դավիթը գրեց. «Եհովան իմ Հովիվն է.... Հանուն իր անվան՝ արդար շավիղներով է [ինձ] առաջնորդում։ Ու թեև թանձր խավարով պատված հովտով եմ անցնում, ոչ մի բանից ես չեմ վախենում, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը ինձ ապահովություն են տալիս» (Սղ 23։1-4)։ Իսկ Միքիան աղոթեց. «Քո ցուպով հովվիր ժողովրդիդ, հովվիր այն հոտը, որը քեզ է պատկանում» (Մք 7։14; հմմտ. Հվ 10։11, 14; Եբ 13։20; 1Պտ 2։25; 5։4)։