ՈՒՍՈՒՑԻՉ, ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
Նա, ով խոսքով կամ օրինակով գիտելիք կամ հմտություն է սովորեցնում ուրիշներին։ Արդյունավետ ուսուցիչը նյութը պատմելիս սովորաբար բացատրում է այն, փաստարկներ է բերում կամ էլ որևէ այլ ձևով է օգնում ունկնդիրներին ընկալել և հիշել լսածը։
Եհովա Աստված՝ Արարիչը, իր ծառաների Մեծագույն Ուսուցիչն է (1Թգ 8։36; Սղ 27։11; 86։11; 119։102; Ես 30։20; 54։13)։ Աստծու արարչագործությունները ինքնին սովորեցնում են, որ նա գոյություն ունի, և որ նրա իմաստությունն անսահման է։ Դրանք ուսումնասիրությունների ու հետազոտությունների լայն դաշտ են բացում, որը միայն մակերեսորեն է ուսումնասիրվել (Հոբ 12։7-9)։ Բացի այդ՝ հենց ինքը՝ Եհովա Աստված, տարբեր կերպերով սովորեցնում է մարդկանց իր մասին՝ հայտնելով իր անունը, նպատակներն ու օրենքները (հմմտ. Ելք 4։12, 15; 24։12; 34։5-7)։ Աստծու սովորեցրածները գրի են առնված նրա Խոսքում՝ Աստվածաշնչում, և հիմք են հանդիսանում նրա կամքը ճշգրտորեն ուսուցանելու համար (Հռ 15։4; 2Տմ 3։14-17)։ Ուսուցչի դեր է կատարում նաև Աստծու ոգին (Հվ 14։26)։
Ուսուցիչները՝ Իսրայելում։ Իսրայելացի ծնողները Աստծուց տրված հատուկ պարտականություն ունեին կրթելու իրենց երեխաներին (2Օր 4։9; 6։7, 20, 21; 11։19-21; Սղ 78։1-4)։ Իսկ ողջ ժողովրդին կրթելու գործը կատարում էին մարգարեները, ղևտացիները՝ հատկապես քահանաները, և այլ իմաստուն մարդիկ (հմմտ. 2Տգ 35։3; Եր 18։18; տես ԿՐԹՈՒԹՅՈՒՆ)։
Մարգարեներ։ Մարգարեները ժողովրդին սովորեցնում էին Եհովայի հատկությունների ու նպատակների մասին, քողազերծում էին նրանց սխալները և օգնում ճիշտ ուղու վրա կանգնել։ Հաճախ մարգարեները բանավոր էին ուսուցանում, իսկ հետագայում գրի էին առնում իրենց ասածները (հմմտ. 1Սմ 12։23-25; Ես 7։3, 4; 22։15, 16; Եր 2։2)։ Նրանց ուսուցողական մեթոդները ներառում էին հարցեր (Եր 18։13, 14; Ամս 3։3-8; Անգ 2։11-14), առակներ ու օրինակներ (2Սմ 12։1-7; Ես 10։15; Եր 18։3-10), հանելուկներ (Եզկ 17։2) և խորհրդանշական իմաստ ունեցող գործողություններ (1Թգ 11։30-32; Եր 13։4-11; 19։1-12; 27։2; 28։10-14; Եզկ 4։1-5։4)։
Քահանաներ ու ղևտացիներ։ Քահանաների ու ղևտացիների պարտականությունն էր Իսրայելի ազգին սովորեցնել Աստծու օրենքները (Ղև 10։11; 14։57; 2Տգ 15։3; 35։3)։ Նրանք տարբեր կերպերով էին դա անում։ Օրինակ՝ ամեն Շաբաթ-տարի՝ Տաղավարների տոնին, ողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, երեխաների ու պանդուխտների համար ամբողջությամբ ընթերցում էին Օրենքը (2Օր 31։9-13)։ Երբեմն ակնկալվում էր, որ ժողովուրդը, ի նշան համաձայնության, պատասխաներ ղևտացիներին։ Դրա շնորհիվ օրենքները ավելի լավ կտպավորվեին նրանց մտքում (հմմտ. 2Օր 27։14-26)։ Քահանաներն ու ղևտացիները, անկասկած, ոչ միայն կարդում էին Օրենքը, այլև բացատրում էին այն (հմմտ. Նեմ 8։8)։ Անգամ նրանց կայացրած դատավճիռները ժողովրդին սովորեցնում էին Աստծու արդար չափանիշների մասին (2Օր 17։8-13; 1Տգ 26։29; 2Տգ 19։8-11)։
Օրենքի ուսուցիչներ։ Հիսուսի երկրային ծառայության ընթացքում Աստծու օրենքը սովորեցնող ուսուցիչները ազդեցիկ դիրք ունեին, սակայն անտեսում էին ժողովրդի իրական խնդիրներն ու կարիքները։ Փարիսեցիների նման՝ այդ ուսուցիչները մեծ նշանակություն էին տալիս կանոններին ու ավանդույթներին խստորեն հետևելուն, բայց արհամարհում էին այն, ինչ ավելի կարևոր է՝ գթասրտությունը, արդարությունը և հավատարմությունը։ Այդ մարդիկ Օրենքը ծանր բեռ էին դարձրել ժողովրդի համար (Մթ 23։2-4, 23, 24; Ղկ 11։45, 46)։ Նրանք լավ ուսուցիչներ չէին, քանի որ վերևից էին նայում հասարակ մարդկանց և ընդօրինակման արժանի պահվածք չունեին (հմմտ. Մթ 23։3, 6, 7; Հվ 7։48, 49; տես ԴՊԻՐ, ՕՐԵՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉ)։
Ինչի՞ շնորհիվ էր Հիսուսը բացառիկ Ուսուցիչ
Ճիշտ է, հրեա կրոնական առաջնորդները Հիսուս Քրիստոսին «Ուսուցիչ [հուն.՝ Դիդասկալոս]» էին կոչում, սակայն հստակ է, որ դա անկեղծ չէին անում։ Մինչդեռ Հիսուսի հետևորդները և ուրիշները նրան իսկապես ուսուցիչ էին համարում (Մթ 8։19; 9։11; 12։38; 19։16; 22։16, 24, 36; Հվ 3։2)։ Հիսուսին ձերբակալելու ուղարկված պահապանները այնքան տպավորվեցին նրա ուսուցանելուց, որ ձեռնունայն վերադարձան՝ ասելով. «Ոչ ոք երբևէ այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Հվ 7։46)։ Նա «սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը, ոչ թե.... Օրենքի ուսուցիչների պես» (Մթ 7։29)։ Նրա սովորեցրածների Աղբյուրը Աստված էր (Հվ 7։16; 8։28)։ Հիսուսի խոսքերը պարզ էին, տրամաբանական ու համոզիչ։ Նա օգտագործում էր մտածելու տեղիք տվող հարցեր, տպավորիչ փոխաբերություններ, խորիմաստ առակներ ու տեղին օրինակներ՝ վերցված իր ունկնդիրների առօրյայից (Մթ 6։25-30; 7։3-5, 24-27; ՕՐԻՆԱԿՆԵՐ, ԱՌԱԿՆԵՐ)։ Հիսուսը նաև տեսանելի օրինակներով էր ուսուցանում։ Այսպես՝ նա մի անգամ լվաց աշակերտների ոտքերը, որ սովորեցնի նրանց ծառայել իրար (Հվ 13։2-16)։
Նախքան երկիր գալը Հիսուսը մտերիմ հարաբերություններ ուներ իր Աստծու և Հոր հետ, ինչի շնորհիվ գիտելիքների անհուն պաշար էր ձեռք բերել։ Ուստի նա Աստծուն ցանկացած մարդուց շատ ավելի լավ էր ճանաչում և կարող էր վստահարժան տեղեկություններ հայտնել նրա մասին։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք լիովին չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, ինչպես նաև նրանցից, ում Որդին կամենա հայտնել Հոր մասին ճշմարտությունը» (Մթ 11։27; Հվ 1։18)։
Հիսուսը նաև քաջատեղյակ էր սուրբ գրվածքներին։ Երբ նրան հարցրին, թե որն է Օրենքի մեծագույն պատվիրանը, նա առանց տարակուսելու ողջ Օրենքը երկու պատվիրանների մեջ ամփոփեց՝ մեջբերելով «2 Օրենք» (2Օր 6։5) և «Ղևտական» (Ղև 19։18) գրքերից (Մթ 22։36-40)։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ուղղակի կամ անուղղակի մեջբերումներ է կատարել Եբրայերեն Գրվածքների գրեթե կեսից՝ «Ծննդոց» (Ծն 2։24; Մթ 19։5; Մկ 10։7, 8), «Ելք» (Ելք 3։6; Մթ 22։32; Ղկ 20։37), «Ղևտական» (Ղև 14։2-32; Մթ 8։4), «Թվեր» (Թվ 30։2; Մթ 5։33), «2 Օրենք» (2Օր 5։16; Մթ 15։4; Մկ 7։10), «1 Սամուել» (1Սմ 21։4-6; Մթ 12։3, 4), «1 Թագավորներ» (1Թգ 17։9; Ղկ 4։26), «Հոբ» (Հոբ 42։2; Մթ 19։26), «Սաղմոսներ» (Սղ 8։2; 110։1; Մթ 21։16; 22։44), «Առակներ» (Առ 24։12; Մթ 16։27), «Եսայիա» (Ես 6։9, 10, 10; Մթ 13։14, 15; Հվ 12։40), «Երեմիա» (Եր 7։11; Մթ 21։13; Մկ 11։17; Ղկ 19։ 45, 46), «Ողբ» (Ողբ 2։1; Մթ 5։35), «Դանիել» (Դն 9։27; Մթ 24։15), «Օսեե» (Օս 6։6; Մթ 9։13), «Հովնան» (Հվն 1։17; Մթ 12։40), «Միքիա» (Մք 7։6; Մթ 10։21, 35, 36), «Զաքարիա» (Զք 13։7; Մթ 26։31) և «Մաղաքիա» (Մղք 3։1; Մթ 11։10) գրքերից։
Բացի այդ՝ Հիսուսի կատարյալ օրինակը առանձնահատուկ ուժ էր հաղորդում նրա սովորեցրածներին (Հվ 13։15)։ Նա խիստ տարբերվում էր Օրենքի ուսուցիչներից և փարիսեցիներից, որոնց մասին ասել էր. «Նրանց սովորեցրած ամեն բան արեք, բայց նրանց պես մի՛ վարվեք, որովհետև նրանք ասում են, բայց իրենց ասածի համաձայն չեն վարվում» (Մթ 23։3)։
Աստծու Որդին արդյունավետ ուսուցիչ էր և իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում նաև շնորհիվ այն բանի, որ լավ գիտեր մարդկանց, սիրում էր նրանց և անկեղծորեն հետաքրքրված էր նրանց բարօրությամբ։ Հիսուսն օժտված էր մարդկանց անցյալն ու մտքերը իմանալու աստվածատուր ունակությամբ, ինչն օգնում էր իրեն անչափ խորաթափանց լինել (Մթ 12։25; Ղկ 6։8; Հվ 1։48; 4։18; 6։61, 64; 13։11)։ Նա «գիտեր, թե ինչ կա մարդու սրտում» (Հվ 2։25)։ Նրա սիրտն այնքան էր ցավում մարդկանց համար, որ հանուն նրանց՝ զոհում էր իր հանգիստը։ Մի անգամ Հիսուսն ու իր աշակերտները նավ նստեցին, որ մի մեկուսի վայր գնան ու հանգստանան։ «Սակայն մարդիկ տեսան, որ նրանք գնում են, և լուրը հասավ շատերին, այնպես որ բոլոր քաղաքներից մարդիկ վազելով գնացին ու նրանցից առաջ հասան այնտեղ։ Նավակից դուրս գալով՝ Հիսուսը տեսավ մարդկանց մի մեծ բազմություն, և խղճահարությունից նրա սիրտը ճմլվեց, որովհետև ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեին։ Եվ նա սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց» (Մկ 6։31-34)։
Հիսուսը մեծ հասկացողությամբ էր վերաբերվում իրեն լսողներին։ Օրինակ՝ մի անգամ, երբ աշակերտները չհասկացան նրա պատմած առակի նշանակությունը, նա համբերատարությամբ բացատրեց այն (Մթ 13։10-23)։ Հաշվի առնելով նրանց սահմանափակ հնարավորությունները՝ Հիսուսը չէր ծանրաբեռնում նրանց չափից շատ տեղեկություններով (Հվ 16։4, 12)։ Անհրաժեշտության դեպքում նա կրկնում էր այն, ինչ ասել էր ավելի վաղ (Մկ 9։35; 10։43, 44)։ Հարցերին պատասխանելիս Հիսուսը հաճախ առակներ էր պատմում և զննական միջոցներ էր օգտագործում, ինչի շնորհիվ իր խոսքերը դաջվում էին ունկնդիրների մտքում, խոր ազդեցություն էին թողնում նրանց վրա և մղում խորհրդածելու (Մթ 18։1-5, 21-35; Ղկ 10։29-37)։
Աստծու ոգին՝ որպես ուսուցիչ։ Երեքուկես տարի տևած իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը կրթեց առաքյալներին, որ շարունակեն իր սկսած գործը։ Լինելով անկատար մարդիկ՝ նրանք ամենայն մանրամասնությամբ չէին կարող հիշել նրա բոլոր սովորեցրածները։ Սակայն Հիսուսը խոստացավ նրանց. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի իմ բոլոր ասածները» (Հվ 14։26)։ Դա նշանակում էր, որ Աստծու ոգին նրանց սովորեցնելու էր այն ամենը, ինչ նրանք պետք է իմանային իրենց ծառայությունը կատարելու համար։ Ավելի կոնկրետ՝ սուրբ ոգին օգնելու էր աշակերտներին հասկանալ այն, ինչ նրանք նախկինում լսել էին, բայց չէին հասկացել։ Ոգին հիշեցնելու էր նրանց այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր նրանց, երբ դեռ երկրի վրա էր։ Որպես ուսուցիչ՝ այն ցույց էր տալու նրանց, թե ինչպես ճիշտ կիրառել Հիսուսի խոսքերը (Հվ 2։19-22; տես ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, «Ճշմարտության ոգին»)։
Հիսուսի աշակերտները վստահ էին, որ երբ իրենց տանեն հանրության առաջ դատելու, կանգնեցնեն պետական պաշտոնյաների ու իշխանությունների առաջ, Աստծու ոգին կհիշեցնի ու կսովորեցնի իրենց՝ ինչ ասել։ Եվ իրոք, ընկերոջ նման այն ոչ միայն հիշեցնում էր նրանց, թե ինչ ասել, այլև ինչպես դա անել։ Արդյունքում նրանք լավ վկայություն էին տալիս և լռեցնում էին հակառակորդներին (Մթ 10։18-20; Մկ 13։11; Ղկ 12։11, 12; 21։13-15)։ Հենց այդ պատճառով, երբ Պետրոսն ու Հովհաննեսը ի ծնե կաղ մարդուն բուժելու համար կանգնեցին Սինեդրիոնի՝ հրեական բարձրագույն դատարանի առաջ, կարողացան քաջաբար խոսել հարցաքննության ժամանակ։ Սինեդրիոնի անդամները չէին սպասում, որ այդ «անուսում և հասարակ մարդիկ» համարձակությամբ կխոսեն, ուստի շատ զարմացան։ Պետրոսի խոսքերը և բուժված մարդու ներկայությունը պապանձեցրին Սինեդրիոնի անդամներին. նրանք «ոչինչ չէին կարողանում ասել ի պատասխան» (Գրծ 4։5-14)։
Միայն Աստվածաշունչն է պարունակում սուրբ ոգու միջոցով փոխանցված ուսմունքները, քանի այն ամբողջությամբ Աստծու ներշնչմամբ է գրված (2Տմ 3։16)։ Հետևաբար քրիստոնյաները ոչ մի ուշադրություն չպետք է դարձնեն Աստծու Խոսքին հակասող ուսմունքներին։ Հովհաննես առաքյալը գրել է. «Կարիք չկա, որ մեկը ձեզ սովորեցնի։ Այդ օծումը ամեն ինչ սովորեցնում է ձեզ, և այն ճշմարիտ է ու սուտ չէ։ Ուրեմն ինչպես որ այն սովորեցրել է ձեզ, նրա հետ միավորված մնացեք» (1Հվ 2։27)։ Նա այս խոսքերն ասաց ոգով օծված քրիստոնյաներին, ովքեր արդեն ճանաչում էին Եհովա Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նրանք լավ գիտեին ճշմարտությունը ու կարիք չունեին Հորը և Որդուն մերժող ուսուցիչների։ Վերջիններս մոլորության մեջ կգցեին նրանց՝ շեղելով Աստծու ոգու սովորեցրած ճշմարտությունից, որը հստակ շարադրված է սուրբ գրվածքներում (1Հվ 2։18-26)։ Այդ պատճառով քրիստոնյաները հավատուրաց ուսուցիչներին չպետք է իրենց տուն ընդունեին և նույնիսկ չպետք է բարևեին նրանց (2Հվ 9-11)։
Օգնել մարդկանց աշակերտներ դառնալ և սովորեցնել նրանց։ Հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին հանձնարարեց օգնել մարդկանց աշակերտներ դառնալ՝ նրանց մկրտելով և սովորեցնելով պահել այն ամենը, ինչ նա պատվիրել էր իրենց (Մթ 28։19, 20)։ Այս հսկայածավալ ուսուցողական գործին սկիզբ դրվեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեին, երբ շուրջ 3 000 հրեաներ և պրոզելիտներ ընդունեցին, որ Հիսուսը խոստացված Մեսիան է, և մկրտվեցին։ Նրանք Հիսուս Քրիստոսի հետևորդները դարձան՝ լսելով Պետրոս առաքյալի ելույթը։ Սակայն նրանց ուսուցումը այդքանով չավարտվեց։ Նոր աշակերտները դեռ շատ բան ունեին սովորելու։ Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր Պենտեկոստեին Երուսաղեմ էին եկել հեռավոր վայրերից, որոշեցին ավելի երկար մնալ, որպեսզի ինչպես հարկն է սերտեն առաքյալների սովորեցրածները։ Նրանք ամեն օր միասին հավաքվում էին տաճարում՝ ակներևաբար առաքյալներին լսելու նպատակով։ Այնտեղ բարի լուրը լսեցին նաև այլ հրեաներ ու պրոզելիտներ, և հավատացյալների թիվը աճեց՝ հասնելով շուրջ 5 000-ի (Գրծ 2։14-4։4)։ Տաճարում հանրորեն ուսուցանելուց բացի՝ առաքյալները նաև տնից տուն էին հռչակում Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը (Գրծ 5։42; տես ՔԱՐՈԶԻՉ, ՔԱՐՈԶԵԼ, «Տնից տուն»)։
Հետագայում, երբ հալածանքի պատճառով հավատացյալները ցիրուցան եղան, և բարի լուրը սկսեց քարոզվել նաև այլազգիներին, ուսուցանելու գործը ավելի մեծ թափ առավ՝ հասնելով հեռավոր վայրեր (Գրծ 8։4-12; 11։1-26)։ Այդ վայրերում, ինչպես և Երուսաղեմում, հրապարակային քարոզչության և ուսուցանման նպատակը հետաքրքրվող մարդկանց գտնելն էր, ինչից հետո նոր աշակերտները շարունակում էին կրթվել։ Օրինակ՝ Եփեսոսում Պողոս առաքյալը հրապարակորեն ուսուցանում էր ժողովարանում։ Սակայն երբ ոմանք համառորեն չցանկացան հավատալ և հակառակություն բարձրացրին, նա առանձնացրեց աշակերտներին ու սկսեց նրանց համար ելույթներ ներկայացնել Տյուրանոսի դպրոցի լսարանում (Գրծ 19։8-10)։ Պողոսը աշակերտներին ուսուցանում էր նաև իրենց տներում և փնտրում էր այլ հետաքրքրվող մարդկանց՝ տնից տուն քարոզելով։ Դիմելով Եփեսոսի ժողովի երեցներին՝ նա ասաց. «[Ես] չեմ վարանել ձեզ պատմել այն ամենի մասին, ինչը կարող էր օգտակար լինել, և ուսուցանել եմ ձեզ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գրծ 20։20, 21; հմմտ. Գրծ 18։6, 7, որտեղ խոսվում է Կորնթոսում Պողոսի ծավալած գործունեության մասին; տես ԱՇԱԿԵՐՏ)։
Ուսուցիչները՝ քրիստոնեական ժողովում։ Պողոս առաքյալի և ուրիշների ծառայության շնորհիվ շատ վայրերում հիմնվեցին քրիստոնեական ժողովներ, որոնց թիվը շարունակ աճում էր։ Համապատասխան որակներ ունեցող ուսուցիչների կարիք կար, ովքեր կօգնեին այդ ժողովների բոլոր անդամներին «հավատի մեջ միաբան լինել, Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել ու հասունանալ՝ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն» (Եփ 4։11-13)։ Ուսուցիչների ուսերին լուրջ պատասխանատվություն կար, որն ուղղակիորեն անդրադառնում էր իրենց հավատակիցների կյանքի վրա։ Ուսուցանողների գործի կարևորությունը փաստում է այն, որ նրանք առաքյալներից ու մարգարեներից հետո երրորդն են հիշատակվում ժողովում պատասխանատվություններ ունեցողների շարքում (1Կթ 12։28)։ Բոլոր քրիստոնյաները չէ, որ ուսուցիչ էին դառնում (1Կթ 12։29)։ Կանայք երբեք չէին ստանձնում այդ դերը։ Պողոս առաքյալը գրեց. «Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա» (1Տմ 2։12)։ Ուսուցանելու պարտականությունը ստանձնում էին վերակացուները, կամ՝ երեցները, ովքեր նշանակված էին սուրբ ոգով (Գրծ 20։17, 25-30; 1Տմ 3։1, 2; 5։17)։
Երեցները պետք է ընդօրինակման արժանի վարք ունենային և ճշգրիտ գիտելիքներ ուսուցանեին՝ միշտ կառչած լինելով սուրբ ոգու ներշնչմամբ գրված Աստծու Խոսքին։ Որպես համապատասխան որակներ ունեցող ուսուցիչներ՝ նրանք պաշտպանիչ դեր էին կատարում՝ օգնում էին չշեղվել ճշմարիտ հավատից, զգոն էին մնում, որ անհապաղ ուղղեին սխալ ուսմունքների զոհ դարձածներին և քայլեր ձեռնարկեին աղանդավորություն տարածողների դեմ (1Տմ 4։6, 7, 16; 6։2բ-6; 2Տմ 2։2, 14-26; 3։14-17; Տիտ 1։10, 11; 2։1, 6, 7; 3։9-11; հմմտ. Հտն 2։14, 15, 20-24)։
Երեցները (հուն.՝ պրեսբիտերոյ), ովքեր ջանք չէին խնայում հավատակիցներին ուսուցանելու համար, արժանի էին, որ իրենց հարգեին, հաշվի առնեին իրենց ասածները (հմմտ. Եբ 13։17) և անգամ կամավոր հիմունքներով նյութապես աջակցեին։ Հենց դա նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ գրեց. «Նա, ում ուսուցանվում է խոսքը, թող ամեն լավ բանից բաժին հանի իրեն ուսուցանողին» (Գղ 6։6)։ «Երեցները թող կրկնակի պատվի արժանանան ժողովը լավ առաջնորդելու համար, հատկապես նրանք, ովքեր շատ ջանք են թափում Աստծու խոսքի մասին խոսելու և ուսուցանելու գործում։ Չէ՞ որ սուրբ գրվածքներում ասվում է՝ «Կալ անող ցլի բերանին դնչկալ չդնեք», նաև ասվում է՝ «Աշխատողը արժանի է, որ ստանա իր վարձը»» (1Տմ 5։17, 18)։
Այն տղամարդիկ, ովքեր անշահախնդրորեն ձգտում էին ծառայել որպես վերակացու և ժողովում ուսուցանելու համար համապատասխան որակներ ունենալ, «լավ գործի էին ձգտում» (1Տմ 3։1)։ Ուստի Հակոբոս աշակերտը նրանց տարհամոզելու համար չէ, որ գրեց հետևյալ խոսքերը. «Եղբայրնե՛րս, ոչ բոլորդ պետք է ուսուցիչներ դառնաք՝ իմանալով, որ մենք՝ ուսուցիչներս, ավելի խիստ չափանիշներով ենք դատվելու» (Հկ 3։1)։ Նրա խոսքերն ընդգծում էին, թե ժողովում ուսուցանելը ինչ լուրջ պատասխանատվություն էր։ Ըստ ամենայնի, որոշ քրիստոնյաներ ուսուցանելու իրավունք էին վերապահում իրենց առանց նշանակում ստանալու կամ համապատասխան որակներ ունենալու։ Այն մարդիկ, ում ի մտի ուներ Հակոբոսը, հավանաբար շատ առումներով նման էին նրանց, ում մասին Պողոսը գրեց Տիմոթեոսին. «Ոմանք տարվել են դատարկ զրույցներով։ Նրանք ուզում են լինել օրենքի ուսուցիչներ, բայց ո՛չ հասկանում են, թե ինչ են խոսում, ո՛չ էլ գլուխ են հանում այն ամենից, ինչն այդպես համառորեն պնդում են» (1Տմ 1։6, 7)։ Ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ տենչում էին ուսուցանողներ լինել, որ աչքի ընկնեին հավատակիցների մեջ։ Սակայն Հակոբոսը օգնեց նրանց ճիշտ տեսանկյունից նայելու այդ հարցին՝ բացատրելով, որ ուսուցիչներից շատ ավելին է ակնկալվում։ Աստված նրանցից ավելի խիստ հաշիվ կպահանջի, քան մյուս քրիստոնյաներից (հմմտ. Հռ 14։12)։ Միևնույն ժամանակ Հակոբոսը նշեց, որ մյուսների պես ուսուցիչներն էլ են խոսելիս սխալվում (Հկ 3։2)։
Ինչ առումով բոլոր քրիստոնյաները պետք է ուսուցանողներ լինեն։ Թեև համեմատաբար քիչ թվով մարդիկ էին ժողովում ծառայում որպես ուսուցանողներ, բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեին ուսուցանելու ունակություն զարգացնել, որ առնվազն առանձին զրույցներում իրենց հավատալիքները սովորեցնեին ուրիշներին։ Դա հստակ երևում է եբրայեցիներին գրած Պողոսի այս խոսքերից. «Հիմա դուք արդեն պետք է ուսուցիչներ լինեիք, այնինչ կարիք ունեք, որ կրկին ինչ-որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սուրբ խոսքի տարրական բաները»։ Քանի որ հրեաները առաջինն էին լսել Քրիստոսի մասին բարի լուրը, նրանք պետք է ոչ թե հոգևոր մանուկներ լինեին, այլ ընդօրինակման արժանի հոգևորապես հասուն քրիստոնյաներ, ովքեր ունակ էին ուսուցանելու ուրիշներին (Եբ 5։12-6։2)։ Ուստի վերոնշյալ խոսքերն ասելիս Պողոսը ակներևաբար նկատի ուներ առհասարակ ուսուցանելը, ոչ թե ժողովում որպես ուսուցանող ծառայելը։ Նա նույնը նկատի ուներ, երբ ասաց, որ գիտելիքներ ունեցող հրեան «ունակ է խրատելու անխոհեմներին և ուսուցանելու մանուկներին» (Հռ 2։17-20)։ Սակայն առաքյալը նաև ընդգծեց, որ ուսուցանողը փառք կբերի Աստծուն միայն այն դեպքում, եթե ապրի իր սովորեցրածի համաձայն (Հռ 2։21-24)։
Քրիստոնյաները նաև կարող էին իրարից սովորել։ Օրինակ՝ երիտասարդ կանայք կարող էին սովորել տարեց կանանցից «սիրել իրենց ամուսիններին ու երեխաներին, լինել ողջամիտ, բարոյապես մաքուր, տնարար ու բարի և ենթարկվել իրենց ամուսիններին, որպեսզի ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն»։ Նման անհատական ուսուցումը հատկապես արդյունավետ էր, եթե ուղեկցվում էր ուսուցանողի լավ օրինակով (Տիտ 2։3-5; հմմտ. 2Տմ 1։5; 3։14, 15)։