Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Տյուրոս»
  • Տյուրոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տյուրոս
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Տյուրոսի մասին մարգարեությունը զորացնում է մեր վստահությունը Եհովայի խոսքերի հանդեպ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Գիտեի՞ք արդյոք
    2008 Դիտարան
  • Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Երուսաղեմի հարևան ազգերը
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
Աստվածաշնչի ըմբռնում
it «Տյուրոս»

ՏՅՈՒՐՈՍ

[ժայռ]։

Փյունիկիայի գլխավոր նավահանգստային քաղաքը։ Այն նույնացվում է ներկայիս Սուրի հետ, որը գտնվում է Կարմեղոս լեռից մոտ 50 կմ (30 մղ) դեպի հյուսիս, իսկ Սիդոնից՝ 35 կմ (22 մղ) դեպի հարավ-արևմուտք (ՆԿԱՐ, հտր 2, էջ 531)։ Տյուրոսը հնագույն քաղաքներից էր (Ես 23։1, 7)։ Ստույգ հայտնի չէ, թե սիդոնացիները երբ են այն հիմնել որպես գաղութ։ Տյուրոսի մասին առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. մոտ 1467 թ.-ին Խոստացված երկրի նվաճումից հետո՝ Ասերի ցեղի սահմանները նկարագրող արձանագրության մեջ։ Այդ ժամանակ այն ամրացված քաղաք էր։ Տյուրոսը ակներևաբար իր ողջ պատմության ընթացքում եղել է Իսրայելի սահմաններից դուրս գտնվող անկախ քաղաք (Հս 19։24, 29; 2Սմ 24։7)։

Ժամանակ առ ժամանակ, հատկապես Դավթի և Սողոմոնի իշխանության օրոք Տյուրոսի և Իսրայելի միջև բարիդրացիական հարաբերություններ էին հաստատվում։ Դավթի արքայական պալատը կառուցվեց Տյուրոսի թագավոր Քիրամի կողմից ուղարկված մայրու գերաններից։ Դրա շինարարությանը մասնակցում էին տյուրոսցի հմուտ վարպետներ (2Սմ 5։11; 1Տգ 14։1)։ Բացի այդ՝ տյուրոսցիները Դավթին բերում էին մայրու գերաններ, որոնք ավելի ուշ օգտագործվեցին տաճարի շինարարության մեջ (1Տգ 22։1-4)։

Դավթի մահից հետո Քիրամ թագավորը Սողոմոնին ապահովում էր շինանյութով և նրա մոտ իր ծառաներին էր ուղարկում, որ օգնեն տաճարի և կառավարական այլ շինությունների կառուցման գործում (1Թգ 5։1-10; 7։1-8; 2Տգ 2։3-14)։ Տաճարի շինարարությանը մասնակցում էր մի հմուտ վարպետ, որի հայրը տյուրոսցի պղնձագործ էր, իսկ մայրը՝ իսրայելացի (1Թգ 7։13, 14; 2Տգ 2։13, 14)։ Իրենց աշխատանքի դիմաց տյուրոսցիները ստանում էին ցորեն, գարի, յուղ և գինի (1Թգ 5։11, 12; 2Տգ 2։15)։ Սողոմոնը Տյուրոսի թագավորին 20 քաղաք տվեց, սակայն դրանք դուր չեկան վերջինիս (1Թգ 9։10-13)։

Ժամանակի ընթացքում Տյուրոսը դարձավ հին աշխարհի ամենաազդեցիկ ծովային քաղաքներից մեկը։ Տյուրոսի ծովագնացները և թարսիսյան նավերից կազմված նավատորմը հայտնի էին հեռավոր երկրներ կատարած իրենց ճանապարհորդություններով։ Սողոմոնն ու Տյուրոսի թագավորը, համագործակցելով միմյանց հետ, իրենց նավերով տարբեր վայրերից ներկրում էին արժեքավոր կենդանիներ, թանկարժեք իրեր, այդ թվում՝ օֆիրյան ոսկի (1Թգ 9։26-28; 10։11, 22; 2Տգ 9։21)։

Իսրայելի և տյուրոսցիների հարաբերությունները բացառապես գործնական բնույթ ունեին։ Ոչինչ չի վկայում այն մասին, որ տյուրոսցիները հետաքրքրություն էին ցույց տալիս Եհովային մատուցվող պաշտամունքի հանդեպ։ Տյուրոսցիները ծագումով քանանացիներ էին։ Նրանք պաշտում էին Բահաղին, իսկ նրանց գլխավոր աստվածությունները Մելկարտն ու Աստարտեն (Աստարոթ) էին։ Երբ սիդոնացիների (այդ թվում՝ տյուրոսցիների) թագավորը Եթբահաղն էր, նրա աղջիկը՝ Հեզաբելը, ամուսնացավ Իսրայելի հյուսիսային թագավորության թագավոր Աքաաբի հետ։ Հեզաբելը հայտնի էր որպես Եհովային մատուցվող պաշտամունքի մոլի հակառակորդ, ով ամեն կերպ ձգտում էր արմատախիլ անել այն (1Թգ 16։29, 31; 18։4, 13, 19)։

[նկար]

Հին արծաթե մետաղադրամ, որի վրա գրված է «Տյուրոս»

Դատապարտվեց Աստծու կողմից։ Հեզաբելի և նրա դուստր Գոթողիայի չարագործությունների պատճառով չէ, որ Աստված խստորեն դատապարտեց Տյուրոսին։ Տյուրոսը հզոր քաղաք դարձավ ուրիշ ժողովուրդների, այդ թվում՝ Իսրայելի հաշվին։ Այդ քաղաքում պատրաստում էին մետաղից և ապակուց իրեր, ինչպես նաև մանուշակագույն ներկ։ Քարավանների համար այն առևտրի կենտրոն էր, որտեղ վաճառում էին տեղական և ուրիշ երկրներից բերված ապրանքներ։ Բարգավաճելով արդյունաբերության և առևտրի ոլորտներում՝ Տյուրոսը հարուստ, ինքնահավան ու գոռոզ դարձավ։ Նրա վաճառականներն ու առևտրականները պարծենում էին, որ իշխաններ են ու պատիվ են վայելում ողջ աշխարհում (Ես 23։8)։ Ժամանակի ընթացքում Տյուրոսը թշնամական դիրք բռնեց Եհովայի հանդեպ և հարևան ազգերի հետ նրա ժողովրդի դեմ դավադրություն կազմակերպեց (Սղ 83։2-8)։ Այսպիսով՝ Եհովայի նկատմամբ բացահայտ հանդուգն վերաբերմունքն էր պատճառը, որ այդ քաղաքն ի վերջո խիստ դատապարտության արժանացավ, անկում ապրեց և կործանվեց։

Մ.թ.ա. 9-րդ դարի վերջում Եհովան ուշադրություն դարձրեց Տյուրոսի հանդուգն վերաբերմունքին։ Աստված զգուշացրեց այդ քաղաքին, որ նրանից վրեժ էր առնելու այն բանի համար, որ կողոպտել էր իր ժողովրդին՝ իսրայելացիներին՝ վերցնելով ոսկի, արծաթ և բազում ընտիր գանձեր, որպեսզի գեղեցկացնի սեփական տաճարները։ Բացի այդ՝ Տյուրոսը հաշիվ էր տալու Աստծու ժողովրդից ոմանց ստրկության վաճառելու համար (Հվլ 3։4-8; Ամս 1։9, 10)։

Հետագայում Եսայիան մարգարեացավ, որ Տյուրոսը «70 տարով» մոռացվելու էր (Ես 23։1-18)։ Տարիներ անց Երեմիա մարգարեն Տյուրոսի մասին նշեց, երբ հիշատակում էր այն ազգերին, որոնք պետք է խմեին Եհովայի բարկության գինու բաժակից (Եր 25։8-17, 22, 27; 27։2-7; 47։2-4)։ Քանի որ Երեմիայի մարգարեության մեջ հիշատակված ազգերը «70 տարի Բաբելոնի թագավորին էին ծառայելու» (Եր 25։8-11), կարելի է ենթադրել, որ թե՛ Եսայիայի, թե՛ Երեմիայի մարգարեությունները վերաբերում էին Տյուրոսի դեմ Նաբուգոդոնոսորի ռազմարշավին։

Երեմիայի ժամանակակից Եզեկիելի միջոցով Եհովան հայտնեց, որ Նաբուգոդոնոսորի ձեռքով էր աղետ բերելու Տյուրոսի վրա (Եզկ 26։1-28։19)։ Թեև Տյուրոսը համեմատվում էր գեղեցիկ նավի հետ, որն ուներ գույնզգույն առագաստներ, գունագեղ ծածկով տախտակամած և փղոսկրով զարդարված քիթ, նա խորտակվելու էր ծովի սրտում (Եզկ 27։3-36)։ Տյուրոսի թագավորը (ակներևաբար Տյուրոսի կառավարիչների դինաստիան) մեծամտաբար պարծենում էր՝ ասելով. «Ես աստված եմ, նստած եմ աստծու գահին»։ Սակայն նրան՝ որպես պղծվածի, ցած էին նետելու, և նա կրակով կործանվելու էր (Եզկ 28։2-19)։

Կործանումը։ Տյուրոսի երկարատև պաշարման ընթացքում Նաբուգոդոնոսորի զինվորները «ճաղատացան», քանի որ նրանք միշտ սաղավարտ էին կրում, և նրանց «ուսերը հարվեցին» պաշարողական ամրությունների համար շինանյութ կրելու պատճառով։ Քանի որ Նաբուգոդոնոսորը «վարձ» չստացավ այն բանի դիմաց, որ նրա միջոցով Եհովան դատաստան տեսավ Տյուրոսի դեմ, Աստված խոստացավ, որ Եգիպտոսի հարստությունը կտա նրան որպես փոխհատուցում (Եզկ 29։17-20)։ Հրեա պատմագիր Հովսեպոսի վկայությամբ՝ Տյուրոսի պաշարումը տևեց 13 տարի («Ընդդեմ Ապիոնի», I, 156, էջ 31) և թանկ նստեց բաբելոնացիների վրա։ Պատմությունից հստակ հայտնի չէ, թե Նաբուգոդոնոսորը որքան ջանքեր գործադրեց Տյուրոսը նվաճելու համար, և թե որքանով դրանք հաջողվեցին։ Սակայն Տյուրոսը, ըստ ամենայնի, նյութական մեծ վնասներ կրեց և բազմաթիվ մարդկային զոհեր ունեցավ (Եզկ 26։7-12)։

Այնուամենայնիվ, երբ իսրայելացիները վերադարձան բաբելոնյան գերությունից, տյուրոսցիները Լիբանանից մայրու գերաններով ապահովեցին իսրայելացիներին, որպեսզի նրանք վերակառուցեն տաճարը, և նորից սկսեցին առևտուր անել վերականգնված Երուսաղեմի հետ (Եզր 3։7; Նեմ 13։16)։

Չնայած Տյուրոսը մեծ պարտություն կրեց Նաբուգոդոնոսորի կողմից, բայց չդադարեց գոյություն ունենալ։ Ավելի ուշ արված մարգարեությունից երևում է, որ թեև Տյուրոսը բերդապարիսպ էր կառուցել և արծաթ ու ոսկի էր դիզել, սակայն Եհովան ամբողջովին կործանելու էր այդ քաղաքը (Զք 9։3, 4)։

Զաքարիայի մարգարեությունը կատարվեց մոտ 200 տարի անց։ Մ.թ.ա. 332 թ.-ին Ալեքսանդր Մեծը իր զորքով անցավ Փոքր Ասիայի միջով։ Ապա նա ուղղություն վերցրեց դեպի հարավ և բավական երկար ժամանակ մնաց այնտեղ, քանի որ մտադիր էր հարձակում գործել Տյուրոսի վրա։ Երբ քաղաքը հրաժարվեց բացել իր դարպասները, Ալեքսանդրը, ցասումով լցված, իր զինվորներին հրամայեց ծովը նետել քաղաքի մայրցամաքային հատվածի ավերակները և այդպես ճանապարհ կառուցել դեպի քաղաքի կղզային հատվածը. այս ամենը տեղի ունեցավ՝ ի կատարում մարգարեության (Եզկ 26։4, 12; տես ՆԿԱՐ, հտր 2, էջ 531)։ Ալեքսանդրի նավատորմը տյուրոսցիների նավերը շրջափակեց իրենց իսկ նավահանգստում, իսկ նրա զինվորները կառուցեցին հին աշխարհի ամենաբարձր պաշարման աշտարակները։ Յոթ ամիս տևած պաշարումից հետո 46 մ (150 ֆուտ) բարձրություն ունեցող պարիսպները ճեղքվեցին։ Պատերազմի ժամանակ սպանվեց 8 000 տյուրոսցի զինվոր, իսկ հետո, երբ քաղաքը գրավվեց, սպանվեց 2 000 ազդեցիկ մարդ, և 30 000 բնակիչ ստրկության վաճառվեց։

Հիշատակումը Հունարեն Գրվածքներում։ Թեև Ալեքսանդրը ամբողջությամբ ավերեց Տյուրոսը, Սելևկյանների տիրապետության ժամանակաշրջանում այն վերականգնվեց։ Մ.թ. 1-ին դարում Տյուրոսը Միջերկրական ծովի կարևոր նավահանգիստներից էր։ Գալիլեայում Հիսուսի ծառայության ժամանակ Տյուրոսի ու Սիդոնի շրջակայքից մարդկանց մի մեծ խումբ եկավ լսելու նրա հայտնած լուրը և բուժվելու հիվանդություններից (Մկ 3։8-10; Ղկ 6։17-19)։ Մի քանի ամիս անց Հիսուսն ինքը գնաց Տյուրոսի կողմերը և այնտեղ բուժեց Ասորիքի Փյունիկիայից մի կնոջ դիվահար աղջկան (Մթ 15։21-29; Մկ 7։24-31)։ Հիսուսն ասաց, որ եթե Քորազինում և Բեթսայիդայում իր արած հրաշքները Տյուրոսում և Սիդոնում աներ, այդ քաղաքների հեթանոս բնակիչները շատ ավելի լավ կարձագանքեին, քան հրեաները (Մթ 11։20-22; Ղկ 10։13, 14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը