Ընթերցողների հարցերը
Ձեր հրատարակություններում Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին վերաբերող դերանունները երբեմն գրվում են մեծատառով։ Ինչո՞ւ։
Եհովային և Քրիստոսին վերաբերող անձնական դերանունները մեծատառով գրելը, ըստ ամենայնի, նախապատվության և ոճի հարց է. Աստվածաշնչում չկա որևէ սկզբունք, որը պարտադրում է այդպես վարվել։ Եհովային և Հիսուս Քրիստոսին վերաբերող դերանունների առաջին տառերը մեծատառ գրելով չէ, որ անհատը պատվում է նրանց։ Նա կպատվի նրանց, եթե Աստծու և նրա Որդու մասին աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերի, սուրբ ծառայություն կատարի և հնազանդություն ցուցաբերի։ Աստվածաշնչի հնագույն ձեռագրերում մեծատառեր և փոքրատառեր չեն եղել։ Մեծատառերը գործածության մեջ են մտել համեմատաբար վերջերս։ Աստվածաշնչյան ձեռագրերի մասնագետ Ֆրեդերիկ Քենյոնն ասում է. «Մեծատառերը, որոնք երբեմն օգտագործվում են գործարար փաստաթղթերում նոր նախադասության սկիզբը ցույց տալու համար, չեն հանդիպում գրական պապիրուսներում» («Textual Criticism of the New Testament», էջ 19, 20, 25)։ Հետաքրքիր է, որ նույնիսկ հարգված «Ջեյմս թագավորի թարգմանության», կամ՝ «Հեղինակային թարգմանության» (անգլ.) թարգմանիչները ոչ միշտ է, որ մեծատառով են գրել Եհովային և Քրիստոսին վերաբերող անձնական դերանունները (տե՛ս այդ թարգմանության Ծննդոց 15։4–13, Յովհաննէս 1։1–4 համարները)։
Սովորաբար Եհովայի վկաների հրատարակություններում Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին վերաբերող դերանունները փոքրատառով են գրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախադասության մյուս դերանունների պատճառով իմաստը գուցե սխալ հասկացվի։ Եթե, օրինակ, նույն նախադասության մեջ հիշատակվում են Եհովայի և Երեմիայի անունները, այնուհետև այդ նախադասության մեջ հանդիպում է «նա» դերանունը, ապա «ն»–ն կգրվի մեծատառ, եթե վերաբերում է Եհովային, և փոքրատառ, եթե՝ Երեմիային։