Ճշմարտությունը վերափոխում է կյանքերը
ՑԱՎԱԼԻ Է, սակայն կյանքն այսօր շատերի համար ծանր է, նույնիսկ՝ սոսկալի։ Հնարավո՞ր է, որ նման մարդիկ երջանկություն գտնեն։ Շատերը հանցագործ են ու կողոպտում են իրենց դրացուն։ Կարո՞ղ են նրանք երբևէ հասարակության համար ազնիվ անհատներ դառնալ։ Երկու հարցին էլ այո՛ կպատասխանենք։ Մարդիկ կարող են փոխվել, կյանքը կարելի է վերափոխել։ Պողոս առաքյալը ցույց տվեց, թե դա ինչպես է հնարավոր՝ գրելով. «Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12:2)։
«Աստծու կատարեալ կամքը» հիշատակելիս՝ կարող ենք մտաբերել Հիսուսի խոսքերը, որոնք նա, Պողոսի վերը նշված խոսքերից ավելի քան քսան տարի առաջ, ուղղել էր իր աշակերտներին. «Կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8:32)։ «Ճշմարտութիւն» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ Աստծուց ներշնչված տեղեկությունը, հատկապես, Աստվածաշնչում մեզ համար պահպանված Աստծո կամքի մասին տեղեկությունը (Յովհաննէս 17։17)։ Աստվածաշնչի ճշմարտությունն իրո՞ք ազատում է մարդկանց։ Աստծո կամքի համաձայն ապրողների կյանքն իսկապե՞ս վերափոխվում է։ Անշուշտ։ Քննենք օրինակներ։
Նպատակ կյանքում
Ոչ շատ վաղուց Ջիբրալթարում ապրում էր Մոզես անունով մի մարդ, որն իրեն շատ դժբախտ էր զգում։ Ահա թե ինչ է նա պատմում. «Ես հարբեցող էի և փողոցներում էի գիշերում։ Կորած մարդ էի ինձ համարում։ Ամեն գիշեր խնդրում էի Աստծուց, որ ողորմա ինձ և թույլ չտա դիմավորելու հաջորդ օրը։ Արցունքն աչքերիս հարցնում էի նրան, թե ինչո՛ւ եմ աշխարհ եկել, եթե ոչ մեկին պետք չեմ, ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ ընտանիք, ո՛չ էլ որևէ թիկունք։ Ո՞ւմ է պետք իմ ապրելը»։ Սակայն տեսեք, թե ինչ պատահեց։
Մոզեսը շարունակում է. «Եհովայի վկա Ռոբերտոյին հանդիպելուց հետո հասկացա, որ Աստված լսել էր աղոթքս։ Ռոբերտոն ինձ Աստվածաշունչ տվեց և այն ուսումնասիրելու ձեռնարկ՝ «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» վերնագրովa։ Ամեն օր միասին Աստվածաշունչ էինք ուսումնասիրում նստարանի վրա, որտեղ անց էի կացնում գիշերները։ Մեկ ամիս անց Ռոբերտոն ինձ իր հետ վերցրեց՝ մասնակցելու Եհովայի վկաների ժողովին մոտակա Թագավորության սրահներից մեկում։ Շուտով Աստվածաշնչի ճշմարտությունն ամբողջովին փոխեց իմ հայացքները։ Այլևս դրսում չէի գիշերում, ոչ էլ խմում էի կամ ծխում։ Կյանքս այլ ընթացք ստացավ, ու ես այժմ երջանիկ եմ։ Հուսով եմ, որ շուտով կմկրտվեմ և՝ որպես Վկա, Եհովային կծառայեմ»։
Ինչպիսի՜ փոփոխություն։ Հուսալքության պատճառը հաճախ գիտության պակասն է։ Մարդիկ չգիտեն Աստծո և նրա հրաշալի նպատակների մասին։ Մոզեսի ստացած գիտությունն իր ապրելակերպը փոխելու ուժ և համարձակություն տվեց իրեն։ Սաղմոսերգուի աղոթքը Մոզեսի պարագայում արձագանք գտավ. «Ուղարկիր քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները» (Սաղմոս 43:3)։
Բելիզում նման մի դեպք պատահեց Դանիելի հետ։ Դանիելը փողոցներում չէր քնում, քանի որ հարգի աշխատանք ուներ։ Սակայն քսան տարի շարունակ պայքար էր մղում թմրադեղերի ու ալկոհոլի իր սովորության դեմ և անբարոյական կյանք վարում։ Կաթոլիկ համարվելով հանդերձ՝ Դանիելը կյանքի իմաստը չէր տեսնում և կասկածում էր Աստծո գոյությանը։ Օգնության համար տարբեր եկեղեցիների էր դիմել, սակայն հայտնաբերել էր, որ եկեղեցի հաճախող իր ընկերներից շատերը և նույնիսկ ծանոթ քահանաները չարաշահում են ալկոհոլն ու թմրադեղ օգտագործում։ Այդ ժամանակ նրա կինը պատրաստվում էր ամուսնալուծվել։
Հուսահատված Դանիելը դիմեց վերականգնողական կենտրոն։ Բայց և այնպես գիտեր, որ վերականգնվելուց հետո նորից վերադառնալու է թմրադեղերին, եթե օգնություն չստանա։ Սակայն ի՞նչ օգնության մասին էր մտածում։ 1996–ի մայիսին՝ վերականգնողական կենտրոնից դուրս գալուց երկու օր անց, Դանիելն իր խոսքերով զարմացրեց Եհովայի վկաներից մեկին՝ խնդրելով, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Նրա հետ պայմանավորվեցին շաբաթը երկու անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել, և շուտով Դանիելը սկսեց իր կյանքը հարմարեցնել Աստծո կամքին, նախկին ընկերներին փոխարինեցին քրիստոնյա բարեկամները, որոնք թմրադեղեր չէին գործածում, չէին չարաշահում ալկոհոլը և խուսափում էին անբարո ապրելակերպից։ Այսպիսով, Դանիելը գտավ Աստվածաշնչի հետևյալ խոսքերի ճշմարտությունը. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13:20)։ Կարճ ժամանակ անց նա արտահայտվեց. «Կյանքումս առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում մաքուր խիղճ ունենալ»։ Դանիելի կյանքը նույնպես վերափոխվեց։
Կյանքում նշանակալի փոփոխություններ կատարեց նաև Պուերտո Ռիկոյի մի բնակիչ։ Նա բանտարկյալ էր և խիստ վտանգավոր անձ էր համարվում, որովհետև բազում մարդկային կյանքեր էր խլել։ Աստվածաշնչի ճշմարտությունը կարողացա՞վ արդյոք փոխել նրան։ Այո՛։ Եհովայի վկաներից մեկին հաջողվեց մի քանի ամսագիր՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք» նվիրել նրան. շուտով նա ավելի շատ ամսագրեր խնդրեց։ Նրա հետ սկսեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, և երբ Աստվածաշնչի ճշմարտությունը հասավ սրտին, նրա կատարած փոփոխությունները նկատելի դարձան բոլորին։ Առաջին իսկ աչքի ընկնող փոփոխությունն այն էր, որ կտրեց երկար մազերը, ապա սափրեց գզգզված մորուքը։
Աստվածաշունչն ասում է, որ Աստված ներում է շնորհում այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջում և փոխում են իրենց ապրելակերպը։ Պողոսը գրեց. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում.... Եւ դուք, գոնէ ոմանք, այդպիսիք էիք. բայց լուացուեցիք» (Ա Կորնթացիս 6:9, 11)։ Անկասկած, այս խոսքերը մխիթարեցին այդ մարդուն, ինչպես նաև Գործք 24:15–ի խոսքերը, որտեղ գրված է. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների»։ Նա ասաց. «Ուզում եմ ներկա լինել հարությանը, որպեսզի կարողանամ ներում խնդրել նրանցից, որոնց կյանքերը խլել եմ»։
Նոր ընտանիք
Արգենտինացի Եհովայի վկա, լիաժամ քարոզիչ Լուիսը ծանոթանում է տխուր անցյալ ունեցող ոմն երիտասարդի հետ։ Վերջինիս ծնվելուն պես ծնողները լքել էին նրան, և երեխան մեծացել էր հասարակական տարբեր հաստատություններում։ Երբ դարձավ քսան տարեկան, տեղեկացավ մոր մասին և, իմանալով նրա բնակավայրը, որոշեց ապրել նրան կից։ Սկսեց ջանադիր աշխատել, բավականին գումար տնտեսեց և մեկնեց այն քաղաքը, որտեղ ապրում էր մայրը։ Մոր հետ ապրեց այնքան ժամանակ, մինչև իր աշխատած գումարը սպառվեց, հետո մայրը պահանջեց, որ որդին հեռանա։ Մոր այս անտարբեր վերաբերմունքը մահացու հարված էր նրա համար։
Սակայն երիտասարդի համար այդ դժվարին պահին Լուիսին հաջողվեց Սուրբ Գրքի ճշմարտությունը պատմել նրան։ Այդ ճշմարտության մեջ էր հետևյալ վստահեցումը. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27:10)։ Պատանին հասկացավ, որ իր երկնային Հայրը երբեք իրեն չի լքի։ Այժմ նա երջանիկ է մի նոր ընտանիքի՝ Եհովայի ընտանիքի անդամը լինելուց։
Նույն երկրում ապրող մի ուրիշ մարդ Եհովայի վկաներից մեկին ասաց, որ իրեն դուր է գալիս «Դիտարան» ամսագիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև այն փրկել էր իր ամուսնությունը։ Մի օր, աշխատանքից վերադառնալիս, աղբարկղում նկատեց «Դիտարան» ամսագիրը՝ մեծ տառերով գրված «Ամուսնալուծություն» վերնագրով։ Քանի որ իր ամուսնությունն անկման եզրին էր, և ինքն ու կինը ապահարզան էին տվել, նա կարգի բերեց ամսագիրն ու սկսեց կարդալ։ Ամսագիրը հետը տուն տարավ և կնոջ հետ միասին կարդացին։ Ամուսինները փորձեցին կիրառել Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդը, որն առաջարկված էր ամսագրում (Եփեսացիս 5:21—6:4)։ Շուտով նրանց փոխհարաբերությունները բարելավվեցին։ Նրանք դադարեցրին ապահարզանի գործընթացը և այժմ միասին, համերաշխ ուսումնասիրում են Աստվածաշունչը։
Ուրուգվայում բնակվող Լուիսը բոլորովին էլ երջանիկներից չէր։ Թմրադեղերը, ոգեհարցությունը, կռապաշտությունը, ալկոհոլի չարաշահումը նրա կյանքը քաոսի էին վերածել։ Վերջիվերջո, Լուիսը լիովին հիասթափություն ապրեց և դարձավ աթեիստ։ Մի անգամ ընկերներից մեկը նրան մի գիրք տվեց՝ «Կյանքը. ինչպե՞ս է այն ծագել, բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» վերնագրովb։ Դա ավարտվեց Եհովայի վկաների հետ կարճ հաղորդակցվելով, և Լուիսը շուտով դարձյալ վերադարձավ խմիչքին ու թմրադեղերին։ Մի օր, աղբակույտերի մեջ հայտնված, խիստ տառապալի վիճակում սկսեց աղոթել «Հիսուս Քրիստոսի հորը», քանի որ կասկածում էր Աստծո անվան ճշտության վրա։
Նա Աստծուց խնդրում էր ցույց տալ իրեն, թե արդյոք իմաստ ունի՞ իր ապրելը։ «Եվ հենց հաջորդ օրը,— պատմում է Լուիսը,— ծանոթներիցս մեկն ինձ մի գիրք նվիրեց, որը նա այլևս չէր օգտագործում։ Գիտե՞ք ինչ վերնագրով՝ ‘‘Հայտնություն. նրա փառահեղ գագաթնակետը մոտ է’’»c։ Գիրքն օգնեց գտնելու իր հարցի պատասխանը։ Լուիսը կրկին դիմեց Աստծուն՝ խնդրելով օգնել գտնելու այն կրոնը, որը ցույց կտար նրան, թե ինչպես ծառայել Աստծուն։ Եվ ահա անակնկալ։ Դուռը թակում են, իսկ այցելուները Եհովայի երկու վկաներ են։ Լուիսն անմիջապես Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսում նրանց հետ։ Նա արագորեն առաջադիմություններ է կատարում և այժմ երջանիկ է, որ դարձել է մկրտված Վկա։ Նա մաքուր կյանք է վարում և օգնում է ուրիշներին, որպեսզի նրանք ևս իրենց կյանքում իմաստ գտնեն։ Իսկ ինչ վերաբերվում է իրեն, ապա նրա համար իրական դարձան Սաղմոս 65:2–ում գրի առնված խոսքերը. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս»։
Ֆիլիպիններում բնակվող Ալանը ակտիվիստ էր։ Նա մի կազմակերպության անդամ էր, որի նպատակն էր «տապալել ներկա կառավարությունը, որպեսզի ապագա սերունդը իրավահավասարություն վայելեր»։ Սակայն օրերից մի օր հանդիպում է Եհովայի վկաներին և Աստվածաշնչից իմանում մարդկության վերաբերյալ Աստծո նպատակի մասին։ Այդ նպատակն իր մեջ պարփակում էր հետևյալ ներշնչված խոստումը. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37:10, 11)։ Ալանը պատմում է. «Շուտով հայտնաբերեցի, որ այն, ինչի համար մեր շարժումը պայքարում էր, վաղուց արդեն խոստացված էր Աստվածաշնչում։ Ինչը որ մենք ջերմագին ցանկանում էինք, հնարավոր կլինի Աստծո Թագավորության ներքո»։ Այսօր Ալանը ջատագովում է Աստծո Թագավորությունը և օգնում ուրիշներին էլ հավատալու Աստվածաշնչի ճշմարտությանը։
Այո, կյանքերն իրո՛ք փոխվում են, երբ մարդիկ ուշադրություն են դարձնում Աստծո Խոսքի՝ Սուրբ Գրքի ճշմարտությանը։ Իսկապես, մոտենում է ժամանակը, երբ համայն փրկված մարդկությունն իր կյանքը կհամաձայնեցնի Աստծո կամքի հետ։ Ինչպիսի՜ փոփոխություն կլինի դա։ Որից հետո կկատարվի հետևյալ մարգարեությունը. «Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11:9)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
b Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
c Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։