Դուք ունե՞ք պահապան հրեշտակ
ԴՈՒՔ հավատո՞ւմ եք, որ ունեք պահապան հրեշտակ։ Շատերը հավատում են, որ ունեն։ Արևմտյան Կանադայում մի կին հրեշտակների հետ հաղորդակցվելու յուրահատուկ շնորհ էր ստացել։ Նա հայտարարում է, որ եթե իրեն հայտնեք ձեր անուն–ազգանունը ու տաք 200 կանադական դոլլար, ապա նա ձեզ հաղորդակցության մեջ կբերի ձեր պահապան հրեշտակի հետ։ Սկզբում կինը մոմի լույսի տակ կենտրոնացնում է իր մտքերը, ապա տեսիլք է տեսնում, որտեղ ձեր հրեշտակը տեղեկություն է հայտնում նրան ձեզ փոխանցելու համար։ Բացի այդ, այս կինը նկարում է ձեր հրեշտակի ուրվագիծը և տալիս ձեզ։
Ոմանք այս պատմությունը թերևս նմանեցնեն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX–ի մասին պատմող ավանդությանը։ Ասում են, թե նա թանկարժեք փետուրներ է գնել, երբ լսել է, որ դրանք Միքայել հրեշտակապետի թևերից են ընկել։ Թեև շատերն են ընդունում, որ սա առասպել է, սակայն կան մարդիկ, ովքեր մի պահ անգամ չեն ուզում կասկածել կանադացի կնոջ արած հայտարարություններին։
Հրապուրանք հրեշտակների նկատմամբ
Վերջին տարիներին չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացել հրեշտակների շուրջ։ Հեռուստատեսային հաղորդումներում, կինոֆիլմերում, գրքերում, ամսագրերում ու տեղեկատու հաղորդագրություններում խոսվում է այն մասին, թե ինչպես են հրեշտակներն օգնում ծանր հիվանդներին, սփոփում նրանց, ովքեր կորցրել են իրենց մոտիկներից մեկին, տալիս են գերմարդկային իմաստություն, մարդկանց ազատում են մահվան ճիրաններից։ Միացյալ Նահանգներում մոտ 20 միլիոն հեռուստադիտողներ նայում են շաբաթական ցուցադրվող բազմասերիանոց հեռուստաֆիլմեր, որտեղ նկարագրվում է մարդկանց կյանքում հրեշտակների ունեցած միջամտության մասին։ Գրախանութներից մեկում հրեշտակների մասին պատմող ավելի քան 400 գրքերի ցուցակ է կազմվել։
Վերջերս լույս տեսած մի գրքում պատմվում է, թե ինչպես են պահապան հրեշտակները պատերազմի ընթացքում փրկել զինվորների կյանքը։ Ավտոմոբիլների վրա «Պահապան հրեշտակները հսկում են վարորդներին» բովանդակությամբ պիտակներ են փակցվում։ Տարբեր կազմակերպություններ, համագումարներ ու սեմինարներ խրախուսում են հրեշտակների հետ կապված հարցերի ուսումնասիրությունը և, ինչպես իրենք են կարծում, օգնում են մարդկանց նրանց հետ հաղորդակցվելու։
Էյլին Ֆրիմանը հրեշտակների մասին պատմող երեք գրքերի հեղինակ է և միայն հրեշտակներին նվիրված մի հանդեսի հրատարակիչ։ Նա տեղեկացնում է. «Ես համոզված եմ, որ որքան հրեշտակ կա երկնքում, այնքան պահապան հրեշտակներ կան երկրի վրա, որոնց պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն հոգևոր ոլորտում Եհովային փառաբանելը, այլև երկրի վրա մարդկանց կարիքների և ապրող մյուս արարածների մասին հոգ տանելը։ Մեզանից յուրաքանչյուրի համար պահապան հրեշտակ է նշանակվում մեր սաղմնավորման պահին և մեր ծնված օրից մինչև կյանքի վերջը պահպանում է մեզ այս աշխարհում, մինչև որ ուղեկցում է մեզ այս աշխարհի սահմաններից երկնային փառքի»։ Նման նկարագիրը պարզորոշ ցույց է տալիս պահապան հրեշտակների մասին գոյություն ունեցող համընդհանուր պատկերացումը։
Այս ճգնաժամային ու ծանր օրերում հաճելի է հավատալ այն մտքին, թե ունենք մեր պահապան հրեշտակը, որի պարտքն է պաշտպանել մեզ վտանգներից։ Սակայն ի՞նչ է ասում այս մասին Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Հարկավո՞ր է հաղորդակցության մեջ մտնել հրեշտակների հետ։ Նրանք հետաքրքրվո՞ւմ են կրոնական հավատալիքներով ու բարոյական չափանիշներով։ Ի՞նչ օգնություն կարող ենք ակնկալել նրանցից։ Այս հարցերի պատասխանները կգտնենք հաջորդ հոդվածում։