Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 4/1 էջ 24–29
  • Աստծո հետ կռվողները չեն հաղթի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո հետ կռվողները չեն հաղթի
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի ծառաները հարձակումների տակ
  • Առաջ՝ քարոզչությամբ
  • Պատճառի որոնումներ
  • Հալածված, բայց՝ անկոտրում
  • Մեր դեմ պատրաստած ոչ մի գործիք հաջողություն չի ունենա
  • Քա՛ջ եղիր Երեմիայի պես
    2004 Դիտարան
  • «Բոլոր ազգերի կողմից ատված են»
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • «Չեմ կարող լռել»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • Ո՞ւմ ես դու հնազանդվում՝ Աստծո՞ւն, թե՞ մարդկանց
    2005 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 4/1 էջ 24–29

Աստծո հետ կռվողները չեն հաղթի

«Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել» (ԵՐԵՄԻԱ 1։19, ԷԹ)։

1. Երեմիան ի՞նչ հանձնարարություն ստացավ, և ո՞ր ժամանակաշրջանն էր ընդգրկում նրա ծառայությունը։

ՀՈՒԴԱՅԻ արդար թագավոր Հովսիայի օրերում Եհովան երիտասարդ Երեմիային ազգերի մարգարե դրեց (Երեմիա 1։5)։ Երեմիայի մարգարեական ծառայությունը ընդգրկեց Բաբելոնի կողմից Երուսաղեմի նվաճմանը նախորդող փոթորկալից ժամանակաշրջանը ընդհուպ մինչև Աստծո ժողովրդին գերի վերցնելը (Երեմիա 1։1—3)։

2. Եհովան ինչպե՞ս քաջալերեց Երեմիային, և ի՞նչ էր նշանակում հակառակվել մարգարեին։

2 Դատաստանները, որոնք ազդարարելու էր Երեմիան, անտարակույս, հակառակություն էին առաջ բերելու։ Այդ պատճառով, Աստված նախապես զորացրեց նրան (Երեմիա 1։8—10)։ Դա երևում է մարգարեին ուղղված նրա հետևյալ քաջալերական խոսքերից. «Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար» (Երեմիա 1։19, ԷԹ)։ Կռվել Երեմիայի հետ միևնույնն էր, թե կռվել Աստծո հետ։ Եհովան այսօր էլ մարգարեի դեր կատարող ծառաների մի խումբ ունի, որը կատարում է նույն գործը, ինչ որ Երեմիան։ Մարգարեի նման, նրանք էլ են համարձակորեն Աստծո մարգարեական խոսքը հայտարարում։ Եվ այս խոսքն իր ազդեցությունն է թողնում բոլոր ազգերի և անհատապես բոլոր մարդկանց վրա, իսկ լավ կլինի այդ ազդեցությունը, թե վատ՝ կախված է նրանց արձագանքից։ Ինչպես Երեմիայի, այնպես էլ մեր օրերում կան մարդիկ, ովքեր, հակառակվելով նրա ծառաներին և Աստծո կողմից հանձնարարված նրանց գործունեությանը, փաստորեն կռվում են Աստծո դեմ։

Եհովայի ծառաները հարձակումների տակ

3. Եհովայի ծառաներն ինչո՞ւ են հարձակումների ենթարկվում։

3 Քսաներորդ դարի սկզբերից սկսած Եհովայի ժողովուրդը մշտական հարձակումների է ենթարկվում։ Շատ երկրներում չարակամ մարդիկ բազմաթիվ անգամներ փորձել են խանգարել, ուղղակի լռեցնել Աստծո Թագավորության լուրի հռչակումը։ Նրանք գործել են մեր գլխավոր Հակառակորդ Սատանայի դրդմամբ, որը «մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։ 1914 թ.–ին՝ «հեթանոսների ժամանակները» լրանալուց հետո, Աստված իր Որդուն երկրի նոր Թագավոր կարգեց և, միաժամանակ, հրահանգ տվեց. «Տիրապետիր քո թշնամիների մէջ» (Ղուկաս 21։24; Սաղմոս 110։2)։ Գործադրելով իր իշխանությունը՝ Քրիստոսը Սատանային վտարել է երկնքից և թույլ է տվել գտնվել միայն երկրի շրջակայքում։ Իսկ հիմա, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի, Սատանան իր զայրույթը թափում է Քրիստոսի օծյալների և նրանց համագործակիցների վրա (Յայտնութիւն 12։9, 17)։ Այժմ տեսնենք, թե ի՞նչ արդյունքի են հասել Աստծո դեմ կռվողներն իրենց կրկնվող հարձակումներով։

4. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Եհովայի ժողովուրդը ի՞նչ փորձությունների է հանդիպել, սակայն ի՞նչ պատահեց 1919 և 1922 թթ.–ին։

4 Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Եհովայի օծյալ ծառաները երես առ երես շատ փորձությունների են հանդիպել։ Նրանց ծաղրել են ու զրպարտել, խաժամուժ ամբոխներով հետապնդել ու ծեծի են ենթարկել։ Ինչպես նախազգուշացրեց Հիսուսը, նրանք «բոլոր ազգերի կողմից ատելի» եղան (Մատթէոս 24։9)։ Շրջապատում տիրող ռազմամոլությունից օգտվելով՝ Աստծո Թագավորության թշնամիները սկսեցին կիրառել նույն տակտիկան, ինչը ժամանակին բանեցրել էին Հիսուս Քրիստոսի դեմ։ Նրանք Աստծո ժողովրդին զրպարտեցին որպես խռովարարների, և դրանով հարված հասցրին Աստծո տեսանելի կազմակերպության հենց սրտին։ 1918 թ. մայիսին «Դիտարան» ընկերության նախագահ Ջ. Ռադերֆորդին և նրա սերտ համագործակիցներից յոթին ձերբակալելու համար կառավարության կողմից պաշտոնական հրամանագրեր արձակվեցին։ Նրանց բոլորի՝ ութի համար էլ խիստ դատավճիռներ կայացվեցին, և ուղարկվեցին Ատլանտայի բանտը (ԱՄՆ–ի Ջորջիա նահանգ)։ Սակայն ինը ամիս հետո նրանք ազատ արձակվեցին։ 1919 թ. մայիսին շրջանային բողոքարկման դատարանը որոշեց, որ մեղադրյալների նկատմամբ կայացված դատավճիռը անաչառ չի եղել և այն բեկանեց։ Դատական գործը լրացուցիչ հետաքննության ուղարկվեց, բայց հետագայում կառավարությունը հայցից հրաժարվեց, իսկ եղբայր Ռադերֆորդն ու իր համագործակիցները լրիվ արդարացվեցին։ Ազատվելուց հետո նրանք վերսկսեցին իրենց գործունեությունը, և 1919 ու 1922 թթ.–ին Օհայո նահանգի Սեդըր Փոյինթ քաղաքում անցկացված համաժողովները Թագավորության հրապարակմանը նոր թափ հաղորդեցին։

5. Ինչպե՞ս էին վարվում Եհովայի վկաների հետ նացիստական Գերմանիայում։

5 Այնուհետև, 1930–ական թվականներին առաջ եկան բռնապետություններ, և Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան ռազմական դաշինքով միավորվեցին։ Այդ տասնամյակի սկզբերին Աստծո ժողովուրդը կատաղի հետապնդման ենթարկվեց հատկապես նացիստական Գերմանիայում։ Արգելքներ էին դրվում, տներ խուզարկվում, իսկ բնակիչները ձերբակալվում էին։ Հազարավորներին քշում էին համակենտրոնացման ճամբարները, քանի որ մերժում էին հրաժարվել իրենց կրոնից։ Աստծո և նրա ժողովրդի դեմ մղվող պայքարի նպատակն էր այդ տոտալիտար պետության տարածքում մեկընդմիշտ վերացնել Եհովայի վկաներին։a Երբ վերջիններս իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմեցին Գերմանիայի դատարաններին, պետական արդարադատության նախարարությունը մի ծավալուն ամփոփագիր նախապատրաստեց՝ նրանց ջանքերը անհաջողության մատնելու միտումով։ Այնտեղ ասվում էր. «Դատարանները չպետք է կանգ առնեն ակնհայտ իրավաբանական ձևականությունների առջև, այլ պետք է փնտրեն ու գտնեն իրենց վեհ պարտականությունները կատարելու միջոցներ՝ հաշվի չառնելով ձևական դժվարությունները»։ Սա նշանակում էր, որ արդարության մասին խոսք լինել անգամ չէր կարող։ Նացիստները պնդում էին, որ Եհովայի վկաների գործունեությունը վնասակար է, թշնամական և ‘խանգարում է նացիոնալ սոցիալիզմի կառուցմանը’։

6. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո մեր գործունեությունը դադարեցնելու ի՞նչ փորձեր են արվել։

6 Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրալիայում, Կանադայում, նաև Ազգերի բրիտանական համագործակցության մեջ մտնող Աֆրիկայի ու Ասիայի երկրներում, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի կղզիներում Աստծո ժողովրդի գործունեության վրա արգելքներ ու սահմանափակումներ դրվեցին։ ԱՄՆ–ում ազդեցիկ դիրք ունեցող թշնամիներն ու սխալ տեղեկություններ ստացած մարդիկ ‘օրենքի դեմ [‘իրենց սահմանած օրենքով’, Արևմտ. Աստ., տողատակի ծանոթագրություն] չարիք պատրաստեցին’ (Սաղմոս 94։20)։ Սակայն, պետական դրոշին պատիվ տալու հետ կապված հարցերն ու տեղական իշխանությունների կողմից տնետուն քարոզչության դեմ ընդունված օրենքներին վերաբերող գործերը հանձնվեցին դատարաններին. արդյունքում՝ մի շարք բարենպաստ որոշումներ կայացվեցին, որոնք Միացյալ Նահանգներում պաշտամունքի ազատությանը նպաստող պատվար հանդիսացան։ Եհովայի շնորհիվ թշնամիների ջանքերն անհաջողության մատնվեցին։ Երբ Եվրոպայում պատերազմը մոտեցավ իր ավարտին, արգելքները հանվեցին։ Համակենտրոնացման ճամբարներում կալանավորված հազարավոր Վկաներ ազատ արձակվեցին, սակայն պայքարը դրանով չավարտվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո սկսվեց սառը պատերազմի ժամանակաշրջանը։ Այս անգամ Եհովայի ժողովրդի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրվեցին Արևելյան Եվրոպայում բնակվող ազգերի կողմից։ Պաշտոնական միջոցներ ձեռք առնվեցին խանգարելու և դադարեցնելու քարոզչական գործունեությունը, աստվածաշնչյան գրականության մատակարարումը և հանրային ժողովները։ Շատերը բանտարկվեցին կամ էլ ուղարկվեցին ուղղիչ–աշխատանքային գաղութներ։

Առաջ՝ քարոզչությամբ

7. Վերջին տարիներին Լեհաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի այլ երկրների Եհովայի վկաները ի՞նչ փորձառություններ են ունեցել։

7 Հետզհետե, տասնամյակների ընթացքում Թագավորության մասին քարոզչության առջև լայն դռներ բացվեցին։ Չնայած նրան, որ 1982 թ.–ին Լեհաստանը դեռևս գտնվում էր կոմունիստական ռեժիմի ներքո, կառավարությունը թույլ տվեց մեկօրյա համաժողովներ անցկացնել։ 1985 թ.–ին անցկացվեցին միջազգային համաժողովներ։ Իսկ 1989 թ.–ին տեղի ունեցած միջազգային խոշոր համաժողովներում ներկա էին հազարավոր պատգամավորներ Ռուսաստանից և Ուկրաինայից։ Նույն տարվա ընթացքում Հունգարիայում ու Լեհաստանում Եհովայի վկաները պաշտոնապես գրանցվեցին։ 1989 թ. աշնանը ընկավ Բեռլինի պատը։ Այդ իրադարձությունից մի քանի ամիս անց Եհովայի վկաները պաշտոնապես գրանցվեցին նաև ԳԴՀ–ում, որից մի փոքր անց Բեռլինում միջազգային համաժողով կայացավ։ Իսկ քսաներորդ դարի վերջին տասնամյակի սկզբին Ռուսաստանի եղբայրների հետ սերտ կապեր հաստատելու ուղղությամբ մեծ աշխատանքներ տարվեցին։ Վկաները դիմեցին Մոսկվայի որոշ պաշտոնյաների և 1991 թ.–ին պաշտոնապես գրանցվեցին։ Այդ ժամանակվանից Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության հանրապետություններում քարոզչությունը մեծ թափ է ստացել։

8. Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդող 45 տարիների ընթացքում ի՞նչ սահմանափակումներ դրվեցին Եհովայի վկաների գործունեության վրա։

8 Թեպետ որոշ տարածքներում հետապնդումը դադարեց, բայց այս անգամ այն սաստկացավ ուրիշ երկրներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդող 45 տարիների ընթացքում շատ երկրներ մերժեցին Եհովայի վկաներին պաշտոնապես գրանցել։ Բացի այդ, նրանց կամ նրանց գործունեությունների վրա արգելքներ դրվեցին Աֆրիկայի 23, Ասիայի 9, Եվրոպայի 8, Հարավային Ամերիկայի 3 երկրներում և 4 կղզի–պետություններում։

9. Մալավիում Եհովայի ծառաներն ինչպիսի՞ հալածանքներ են կրել։

9 Մալավիում 1967 թ.–ին Եհովայի վկաների դեմ դաժան հալածանքի մի նոր ալիք բարձրացավ։ Այս երկրում մեր հավատակիցները՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, քաղաքականության հարցում բռնած չեզոք դիրքի պատճառով կուսակցական տոմսեր չէին գնում (Յովհաննէս 17։16)։ 1972–ին կայացած «Մալավիի կոնգրես» կուսակցության համագումարից հետո դաժան հալածանքները նոր թափ ստացան։ Եղբայրներին դուրս էին վռնդում իրենց տներից և զրկում աշխատելու իրավունքից։ Իրենց կյանքը պահպանելու համար հազարավոր Վկաներ փախչում էին երկրից։ Բայց արդյո՞ք Աստծո ու նրա ժողովրդի դեմ կռվողները հաղթանակ տարան։ Ամենևին էլ ո՛չ։ Հանգամանքների փոխվելուց հետո 1999 թ.–ին Մալավիում Թագավորության քարոզիչների թիվը հասավ 43 767–ի, իսկ նահանգային համաժողովներին ներկա գտնվողներինը՝ 150 000–ից անցավ։ Իսկ երկրի մայրաքաղաքում մասնաճյուղի նոր շենք է կառուցվել։

Պատճառի որոնումներ

10. Դանիելի օրերում նրա դեմ բանեցված ո՞ր տակտիկան են գործադրում Աստծո ժողովրդի այժմյան հակառակորդները։

10 Հավատուրացները, հոգևորականները և շատ ուրիշները չեն կարողանում հանդուրժել Աստծո Խոսքից մեր քարոզած լուրը։ Քրիստոնեական աշխարհի կրոնական միջավայրի ճնշման տակ հակառակորդներն իբր օրինական ուղիներ են փնտրում՝ արդարացնելու մեր դեմ ուղղված պայքարը։ Ինչպիսի՞ տակտիկաներ են երբեմն նրանք բանեցնում։ Անդրադառնանք Դանիել մարգարեի օրերին և տեսնենք, թե հակառակորդներն ինչ դավ նյութեցին նրա դեմ։ Դանիէլ 6։4, 5 խոսքերում կարդում ենք. «Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիէլի դէմ կառավարութեան կողմանէ, բայց բնաւ մի պատճառ եւ չարութիւն չ’կարողացան գտնել, որովհետեւ նա հաւատարիմ էր եւ ոչ մի յանցանք եւ չարութիւն չ’գտնուեցաւ նորա վերայ։ Այն ժամանակ այս մարդիկն ասեցին թէ Մենք Դանիէլի դէմ բնաւ մի պատճառ չենք գտնելու, այլ նորա վերայ կ’գտնենք Աստուծոյ օրէնքի կողմանէ»։ Այսօրվա հակառակորդները նույնպես նմանօրինակ պատճառներ են փնտրում։ Նրանք վրդովվում են «վտանգավոր աղանդների» դեմ և փորձում այդ նույն պիտակը փակցնել նաև Եհովայի վկաներին։ Խեղաթյուրումներով, անուղղակի ակնարկներով ու կեղծիքի միջոցով նրանք հարձակման են ենթարկում մեր պաշտամունքն ու աստվածային սկզբունքների նկատմամբ մեր հավատարմությունը։

11. Ի՞նչ կեղծ հայտարարություններ արեցին Եհովայի վկաների հակառակորդներից ոմանք։

11 Որոշ երկրների կրոնական և քաղաքական գործիչները չեն ընդունում, որ մենք ունենք ‘սուրբ ու անարատ բարեպաշտությունը Աստծու առաջ’ (Յակոբոս 1։27)։ Թեև մեր քրիստոնեական գործունեությունը ծավալվում է աշխարհի 234 երկրներում, բայց հակառակորդները պնդում են, որ մենք «ընդունված կրոն» չենք։ 1998 թ. Աթենքում կայացվելիք միջազգային համաժողովից քիչ առաջ տեղական օրաթերթերից մեկը մեջ էր բերում հույն ուղղափառ եկեղեցու կողմից արված հետևյալ հայտարարությունը, թե՝ «[Եհովայի վկաները] ‘ընդունված կրոն’ չեն», չնայած որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշման մեջ հակառակն է պնդում։ Մի քանի օր անց, նույն քաղաքում լույս տեսնող մեկ ուրիշ լրագրում բերվում էին եկեղեցու մի ներկայացուցչի խոսքերը. «[Եհովայի վկաները] ‘քրիստոնեական ժողով’ լինել չեն կարող, քանի որ նրանց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ տածած քրիստոնյաներին հատուկ հավատի հետ ոչ մի ընդհանուր բան չունի»։ Իրոք որ կարելի է զարմանալ, քանի որ ոչ մի ուրիշ կրոնական խումբ Հիսուսին ընդօրինակելուն այդքան մեծ նշանակություն չի տալիս, որքան որ Եհովայի վկաները։

12. Հոգևոր պատերազմ մղելիս ի՞նչ պետք է անենք։

12 Մենք ձգտում ենք պաշտպանել և օրինականորեն ‘հաստատել ավետարանը’ (Փիլիպպեցիս 1։7)։ Դեռ ավելին, մենք ոչ մի դեպքում փոխզիջումների չենք գնա և չենք թուլացնի մեր նվիրվածությունը Աստծո արդար չափանիշներին (Տիտոս 2։10, 12)։ Երեմիայի նման մենք էլ ‘գոտեպնդում ենք մեր մեջքերը և ասում ամենը, ինչ որ Եհովան է մեզ հրամայում’՝ թույլ չտալով, որ Աստծո դեմ կռվողները մեզ վախեցնեն (Երեմիա 1։17, 18)։ Եհովայի Սուրբ Խոսքը պարզորոշ ցույց է տալիս մեր բռնելու ճիշտ ճանապարհը։ Մենք երբեք չենք ուզում մեր հույսը դնել թույլ «մարմնեղեն բազուկի» վրա կամ էլ ձգտել այս աշխարհը ներկայացնող «Եգիպտոսի հովանիին» ապավինել (Բ Մնացորդաց 32։8; Եսայիա 30։3; 31։1—3)։ Հոգևոր պատերազմ մղելիս՝ պետք է ամբողջ սրտով շարունակ Եհովային ապավինենք, թույլ տանք, որ նա՛ ուղղի մեր քայլերը, և մեր հասկացողությանը չվստահենք (Առակաց 3։5—7)։ Եթե Եհովան ինքը մեզ չաջակցի ու չպահպանի, մեր ողջ աշխատանքը զուր կանցնի (Սաղմոս 127։1)։

Հալածված, բայց՝ անկոտրում

13. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսի վրա գործված սատանայական հարձակումը ձախողվեց։

13 Եհովայի նկատմամբ անկոտրում նվիրվածության առաջնակարգ օրինակ է Հիսուսը, որին մեղադրեցին որպես խռովարար և հաստատված կարգ ու կանոնի խախտող։ Հիսուսի դեմ ուղղված մեղադրանքները լսելուց ու գործը քննելուց հետո Պիղատոսը ցանկացավ նրան ազատ արձակել։ Բայց ժողովուրդը՝ կրոնական առաջնորդների կողմից հրահրված՝ աղաղակեց ու պնդեց, որ Հիսուսին ցիցը հանի, չնայած որ նա անմեղ էր։ Իսկ փոխարենը պահանջեցին Բարաբբային արձակել, որը բանտարկվել էր խռովություն բարձրացնելու և մարդասպանության համար։ Պիղատոսը կրկին անգամ փորձեց տարհամոզել անխոհեմ հակառակորդներին, բայց, ի վերջո, տեղի տվեց ամբոխի աղմկալի բողոքին (Ղուկաս 23։2, 5, 14, 18—25)։ Չնայած Հիսուսը մահացավ ցցի վրա, սակայն Աստծո անմեղ Որդու դեմ ուղղված սատանայական սարսափելի հարձակումը ձախողվեց, քանի որ Եհովան նրան հարություն տվեց և իր աջ կողմը նստեցրեց։ Դեռ ավելին, մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը փառավորված Հիսուսի միջոցով թափեց իր սուրբ ոգին՝ քրիստոնյա ժողովին հաստատելով որպես «նոր արարած» (Բ Կորնթացիս 5։17; Գործք 2։1—4)։

14. Հիսուսի հետևորդների դեմ ուղղված հրեա կրոնական գործիչների հակառակությունը ի՞նչ հետևանք ունեցավ։

14 Այդ դեպքից կարճ ժամանակ անց կրոնական գործիչները սկսեցին սպառնալ առաքյալներին, սակայն վերջիններս չդադարեցին խոսել իրենց տեսածի և լսածի մասին։ Քրիստոսի աշակերտներն աղոթեցին. «Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր» (Գործք 4։29)։ Եհովան պատասխանեց նրանց աղաչանքին՝ տալով նրանց սուրբ ոգին ու զորացնելով, որպեսզի անվախորեն շարունակեն իրենց քարոզչությունը։ Շատ չանցած առաքյալներին դարձյալ հրամայեցին դադարեցնել քարոզը, սակայն Պետրոսն ու մյուս առաքյալները պատասխանեցին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5։29)։ Սպառնալիքները, կալանքներն ու մարմնական պատիժներ կրելը չկարողացան նրանց ետ պահել Թագավորության իրենց գործունեությունն ընդարձակելուց։

15. Ո՞վ էր Գամաղիելը, և Հիսուսի հետևորդների կրոնական հակառակորդներին ի՞նչ խորհուրդ տվեց նա։

15 Իսկ ինչպե՞ս դրան արձագանքեցին կրոնական առաջնորդները։ «Նրանք սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց [առաքյալներին] սպանել»։ Սակայն, նրանց մեջ կար ժողովրդի կողմից հարգված, Գամաղիել անունով մի օրենսուսույց փարիսեցի։ Առաքյալներին ատյանից դուրս հանելով՝ նա կրոնական հակառակորդներին խորհուրդ տվեց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք... Ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք» (Գործք 5։33—39)։

Մեր դեմ պատրաստած ոչ մի գործիք հաջողություն չի ունենա

16. Ձեր բառերով արտահայտեք Եհովայի իր ժողովրդին տված երաշխիքը։

16 Գամաղիելի խորհուրդը հիմնավոր էր, և մենք գնահատում ենք, երբ ինչ–որ մեկը անկեղծորեն մեր օգտին է խոսում։ Նաև երախտապարտ ենք այն արդարամիտ դատավորներին, ովքեր իրենց կայացրած որոշումներով աջակցել են պաշտամունքի ազատությանը։ Աստծո Խոսքի նկատմամբ մեր հավատարմությունը անշուշտ զայրացնում է քրիստոնեական աշխարհի հոգևորականությանն ու մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության մյուս առաջնորդներին (Յայտնութիւն 18։1—3)։ Չնայած որ նրանք ու նրանց ազդեցության տակ գտնվողները մարտնչում են մեր դեմ, մենք հետևյալ երաշխիքն ունենք. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը» (Եսայիա 54։17)։

17. Չնայած որ հակառակորդները շարունակում են կռվել մեր դեմ, ինչո՞ւ չենք կորցնում մեր քաջությունը։

17 Մեր թշնամիներն առանց հիմնավոր պատճառի կռվում են մեր դեմ, սակայն մենք չենք կորցնում մեր քաջությունը (Սաղմոս 109։1—3)։ Եվ երբեք էլ անձնատուր չենք լինի Աստվածաշնչի մեր քարոզչությունն ատողների ահաբեկումներին՝ փոխզիջման գնալով մեր հավատում։ Թեև ակնկալում ենք, որ մեր հոգևոր պայքարը կսրվի, սակայն մեզ քաջ հայտնի է վախճանը։ Երեմիայի նման մենք էլ կտեսնենք մարգարեական այս խոսքերի կատարումը. «Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել» (Երեմիա 1։19, ԷԹ)։ Այո՛, գիտե՛նք, որ Աստծո դեմ կռվողները հաջողություն չեն ունենա։

[ծանոթագրություն]

a Տեսեք «Դիտարանի» 2000 թ. ապրիլի 1–ի «Նացիստական ճնշման դիմաց անկոտրում և անվախ» հոդվածը, էջ 24—28 (ռուս.)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Եհովայի ծառաներն ինչո՞ւ են հարձակումների ենթարկվում։

• Եհովայի ժողովրդի դեմ կռվելիս հակառակորդները ի՞նչ տակտիկաներ են բանեցրել։

• Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստծո հետ կռվողները հաջողություն չեն ունենա։

[նկար 24–րդ էջի վրա]

Եհովան Երեմիային հավաստիացրեց, որ իր հետ կլինի։

[նկար 26–րդ էջի վրա]

Համակենտրոնացման ճամբարներից ողջ մնացածներ։

[նկար 26–րդ էջի վրա]

Խաժամուժ ամբոխի բռնությունն ընդդեմ Եհովայի վկաների։

[նկար 26–րդ էջի վրա]

Ջ. Ռադերֆորդը և նրա համագործակիցները։

[նկար 29–րդ էջի վրա]

Հիսուսի պարագայում Աստծո դեմ կռվողները ձախողվեցին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը