Օգնեք ուրիշներին՝ քայլելու Եհովային արժանի կերպով
«Մենք.... չենք դադարիր ձեզի համար աղօթելէ ու խնդրանք մատուցանելէ.... որպէս զի դուք Տէրոջը արժանի կերպով քալէք եւ ամէն բանի մէջ զինք հաճեցնէք, բարի գործերով պտղաբերիք» (Կողոսացիս 1։9, 10, Արևմտ. Աստ.)։
1, 2. Ի՞նչն է մասնավորապես ուրախություն և բավականություն պատճառում։
«ՄԵՆՔ ապրում ենք շարժական տնակի մեջ՝ ագարակում։ Պարզ ու հասարակ կյանքով ապրելը թույլ է տալիս մեզ ավելի շատ ժամանակ տրամադրել բարի լուրը քարոզելուն։ Մեզ համար մեծ օրհնություն է, որ առանձնաշնորհում ունենք օգնել շատ շատերին՝ իրենց կյանքը նվիրելու Եհովային» (ամուսնական զույգ. լիաժամ ծառայողներ Հարավային Աֆրիկայում)։
2 Համաձա՞յն չեք, որ ուրիշներին օգնելն ուրախություն է բերում։ Ոմանք փորձում են միշտ օգնության ձեռք մեկնել հիվանդներին, թշվառներին կամ միայնակներին. դա նրանց բավականություն է պատճառում։ Ճշմարիտ քրիստոնյաները համոզված են, որ Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին պատմելը ամենամեծ օգնությունն է, որ իրենք կարող են տալ մարդկանց։ Միայն դա կարող է մարդկանց առաջնորդել՝ ընդունելու Հիսուսի փրկանքի զոհը, ջերմ փոխհարաբերություններ զարգացնելու Աստծո հետ, ինչը հավիտենական կյանքը վայելելու հնարավորություն կտա նրանց (Գործք 3։19–21; 13։48)։
3. Ի՞նչ տեսակի օգնություն է մեզ հետաքրքրում։
3 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա՛նց օգնելու մասին, ովքեր արդեն ծառայում են Աստծուն՝ հետևելով «ճանապարհին» (Գործք 19։9)։ Անկասկած, դուք անչափ հետաքրքրված եք նրանցով, բայց գուցե չգիտեք, թե ինչպես կարելի է ավելին անել նրանց համար։ Կամ գուցե ձեզ թվում է, որ օգնություն ցույց տալու ձեր հնարավորությունները սահմանափակ են, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ ավելի քիչ բավականություն եք ստանում (Գործք 20։35)։ Այս երկու հանգամանքի առնչությամբ մենք սովորելու բան ունենք «Կողոսացիս» գրքից։
4. ա) Ինչպիսի՞ պայմաններում էր գտնվում Պողոսը, երբ գրեց կողոսացիներին ուղղված նամակը։ բ) Ի՞նչ առնչություն ուներ Եպափրասը Պողոսի հետ։
4 Պողոս առաքյալը Հռոմում էր գտնվում, երբ նամակ գրեց Կողոսայի քրիստոնյաներին։ Չնայած նա տնային կալանքի տակ էր, սակայն կարող էր այցելուներ ընդունել։ Ինչպեսև կարելի էր սպասել, սահմանափակ ազատության պայմաններում անգամ Պողոսը շարունակում էր քարոզել Աստծո Թագավորության մասին (Գործք 28։16–31)։ Հավատակիցները կարող էին այցելել Պողոսին, իսկ նրանցից ոմանց հնարավոր է ժամանակ առ ժամանակ նույնիսկ կալանքի տակ էին վերցնում նրա հետ միասին (Կողոսացիս 1։7, 8; 4։10)։ Նրանցից մեկը նախանձախնդիր ավետարանիչ Եպափրասն էր, որը Փոքր Ասիայի (ժամանակակից Թուրքիա) Եփեսոս քաղաքից արևելք գտնվող բարձրադիր Փռյուգիայի Կողոսա քաղաքից էր։ Եպափրասը կարևոր դեր էր խաղացել Կողոսայում ժողով հիմնելու գործում։ Նա ծառայություն էր կատարում մոտակա քաղաքներ Լավոդիկեի ու Հերապոլիսի ժողովների համար (Կողոսացիս 4։12, 13)։ Ինչո՞ւ էր Եպափրասը եկել Հռոմ՝ Պողոսի մոտ, և ի՞նչ կարող ենք սովորել դրա վերաբերյալ վերջինիս արձագանքից։
Արդյունավետ օգնություն՝ կողոսացիներին
5. Ինչո՞ւ Պողոսը գրեց կողոսացիներին ուղղված իր նամակը։
5 Հռոմ գալու համար Եպափրասը դժվարին ճանապարհորդություն էր կատարել։ Նա պետք է Պողոսի հետ խորհրդակցեր Կողոսայի ժողովում տիրող վիճակի մասին։ Եպափրասը նաև պատմեց Պողոսին այդ ժողովի քրիստոնյաների հավատի, սիրո և քարոզչության մեջ ներդրած ջանքերի մասին (Կողոսացիս 1։4–8)։ Մյուս կողմից՝ նա, հավանաբար, իր մտահոգությունը հայտնեց այն բացասական ազդեցության մասին, որը սպառնում էր կողոսացի քրիստոնյաների հոգևորությանը։ Ի պատասխան՝ Պողոսը գրեց մի ներշնչված նամակ, որտեղ հերքում էր կեղծ վարդապետների տարածած որոշ հայացքներ։ Նա մասնավորապես կենտրոնացավ Հիսուս Քրիստոսի ունեցած առանցքային դերի վրա, որ նա պիտի խաղար։a Բայց արդյո՞ք Պողոսի օգնությունը սահմանափակվում էր միայն աստվածաշնչյան հիմնական ճշմարտություններն ընդգծելով։ Ուրիշ էլ ինչպե՞ս նա կարողացավ օգնել կողոսացիներին, և օգնություն ցույց տալու ի՞նչ դասեր կարող ենք սովորել դրանից։
6. Ի՞նչ էր շեշտում Պողոսը կողոսացիներին ուղղված իր նամակում։
6 Իր նամակի սկզբում Պողոսը հնարավորություն է տվել ըմբռնելու մի բան, որը մենք, միգուցե, չենք նկատել. այն է՝ թե ինչպես կարելի է օգնություն ցույց տալ։ Դա մի այնպիսի օգնություն էր, որը Պողոսն ու Եպափրասը կարող էին լիարժեք կերպով ցույց տալ, չնայած որ Կողոսայից հեռու էին գտնվում։ Պողոսը գրեց. «Գոհութիւն ենք յայտնում Աստծուն եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը՝ միշտ ձեզ համար աղօթք անելով»։ Այո՛, նրանք հատուկ աղոթում էին կողոսացիների համար։ Պողոսն ավելացրեց. «Դրա համար մենք էլ՝ այն օրուանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցուէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն» (Կողոսացիս 1։3, 9)։
7, 8. Ժողովում ասված և մեր անձնական աղոթքները հաճախ ինչի՞ մասին են լինում։
7 Մենք գիտենք, որ Եհովան «աղօթքի լսող» է, ուստի, կարող ենք վստահ լինել, որ նա պատրաստ է լսել մեր՝ իր կամքին համապատասխան աղոթքները (Սաղմոս 65։2, Արևմտ. Աստ.; 86։6; Առակաց 15։8, 29; Ա Յովհաննէս 5։14)։ Ի՞նչ կարելի է ասել ուրիշների համար ասված մեր աղոթքների մասին։
8 Մենք կարող ենք հաճախ խորհել ու աղոթել աշխարհում գտնվող մեր եղբայրների համար (Ա Պետրոս 5։9)։ Կամ կարող ենք աղոթել Եհովային այն քրիստոնյաների ու այլ մարդկանց համար, որոնց ապրած շրջանում աղետ կամ ողբերգություն է տեղի ունեցել։ Երբ առաջին դարի աշակերտներն ամենուրեք լսեցին, որ Հուդայում սով է ընկել, նրանք, հավանաբար, մինչ նյութական օգնություն ուղարկելը, նրանց համար անդադար աղոթում էին Աստծուն (Գործք 11։27–30)։ Մեր օրերում ողջ եղբայրության կամ եղբայրների մեծ խմբի համար աղոթքներ հաճախ են լսվում քրիստոնեական ժողովներում, որտեղ շատերին անհրաժեշտ է իմանալ, թե ում մասին է խոսքը, որպեսզի կարողանան ասել՝ «Ամէն» (Ա Կորնթացիս 14։16)։
Աղոթելիս եղեք կոնկրետ
9, 10. ա) Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ առանձին անհատների համար աղոթելը տեղին է։ բ) Ովքե՞ր էին հատուկ Պողոսի համար աղոթում։
9 Աստվածաշնչում ուրիշների համար ասված աղոթքների օրինակներ կան, որոնք ավելի կոնկրետ ու անհատականացված են։ Խորհեցեք Ղուկաս 22։31, 32 համարներում արձանագրված Հիսուսի խոսքերի շուրջ։ Նրան շրջապատում էին տասնմեկ հավատարիմ առաքյալներ։ Նրանց բոլորին ապագայում դժվարին ժամանակներ էին սպասում, և նրանք Աստծո օգնության կարիքն էին ունենալու, ուստիև, Հիսուսն աղոթեց նրանց համար (Յովհաննէս 17։9–14)։ Սակայն, Հիսուսն առանձնացրեց Պետրոսին՝ հատուկ այդ աշակերտի համար աղոթելով։ Կան այլ օրինակներ. Եղիսեն աղոթեց, որ Աստված օգներ կոնկրետ մի մարդու՝ իր ծառային (Դ Թագաւորաց 6։15–17)։ Հովհաննես առաքյալն աղոթեց Գայիոսի համար, որպեսզի նա շարունակի ֆիզիկապես ու հոգևորապես ամուր մնալ (Գ Յովհաննէս 1, 2)։ Իսկ այլ աղոթքներ էլ մատուցվում էին կոնկրետ խմբի մարդկանց համար (Յոբ 42։7, 8; Ղուկաս 6։28; Գործք 7։59; Ա Տիմոթէոս 2։1, 2)։
10 Պողոսի նամակներում երևան է հանվում կոնկրետ աղոթքների հարցը։ Նա խնդրում էր աղոթել իր կամ իր ու իր գործակիցների համար։ Կողոսացիս 4։2, 3–ում կարդում ենք. «Յաճա՛խ աղօթեցէք՝ աղօթքի մէջ արթուն մնալով գոհութեամբ։ Միաժամանակ աղօթեցէք եւ մե՛զ համար, որպէսզի Աստուած բացի մեր առաջ խօսքի դուռը՝ յայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մէջ եմ»։ Ուշադրություն դարձրեք նաև հետևյալ համարներին. Հռովմայեցիս 15։30, Ա Թեսաղոնիկեցիս 5։25, Բ Թեսաղոնիկեցիս 3։1, Եբրայեցիս 13։18։
11. Ո՞ւմ համար էր աղոթում Եպափրասը՝ Հռոմում գտնվելիս։
11 Նույն բանն անում էր Պողոսի՝ Հռոմում գտնվող գործակիցը։ «Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեզնից մէկը.... միշտ տքնաջան աղօթում է ձեզ համար» (Կողոսացիս 4։12)։ «Տքնաջան» թարգմանված բառը իր մեջ կարող է պարունակել «պայքարել» բառի իմաստը, ինչպես մարմնամարզիկն էր պայքարում հին ժամանակների խաղերի ժամանակ։ Արդյո՞ք Եպափրասը ջերմեռանդորեն աղոթում էր ընդհանրապես համաշխարհային եղբայրության կամ էլ Փոքր Ասիայում գտնվող հավատակիցների համար։ Պողոսն ընդգծեց, որ Եպափրասը հատուկ աղոթում էր Կողոսայում ապրող քրիստոնյաների համար։ Եպափրասը տեղյակ էր նրանց վիճակից։ Մենք չգիտենք նրանց անունները, չգիտենք նաև նրանց խնդիրների մասին, բայց կարող ենք պատկերացնել, թե դրանք ինչպիսին էին։ Հավանաբար, երիտասարդ Ղինոսը պայքարում էր տարածում գտած փիլիսոփայությունների ազդեցության դեմ, իսկ Ռուփոսը գուցե զորության կարիք էր զգում՝ դիմադրելու իր նախկին սովորություններին, որ ուներ հուդայական կրոնը դավանելիս։ Ունենալով անհավատ ամուսին՝ զգո՞ւմ էր արդյոք Պերսիդեն տոկունության և իմաստության կարիք, որպեսզի կարողանար դաստիարակել իր երեխաներին Տիրոջով. իսկ Ասյունկրիտոսը, որը տառապում էր մահացու հիվանդությամբ, չէ՞ր զգում լրացուցիչ մխիթարության կարիք։ Այո՛, Եպափրասը ճանաչում էր իր ժողովի անդամներին և ջերմեռանդորեն աղոթում էր նրանց համար, քանի որ և՛ ինքը, և՛ Պողոսը ցանկանում էին, որ այդ հավատարիմ մարդիկ քայլեին Եհովային արժանի կերպով։
12. Ինչպե՞ս կարող ենք ավելի կոնկրետ լինել մեր անձնական աղոթքներում։
12 Տեսնո՞ւմ ենք արդյոք այս օրինակներից, թե ինչպես կարելի է օգնել ուրիշներին։ Ինչպես նշվեց, քրիստոնեական հանդիպումների ժամանակ հրապարակավ աղոթքները հաճախ ընդհանուր բնույթ են կրում, քանի որ հաշվի է առնվում, որ լսարանը բաղկացած է տարբեր մարդկանցից։ Մինչդեռ մեր անձնական և ընտանեկան աղոթքները կարող են բավական կոնկրետ լինել։ Ժամանակ առ ժամանակ մեր աղոթքներում խնդրում ենք Աստծուն, որ առաջնորդություն ցույց տա բոլոր շրջագայող վերակացուներին կամ հոգևոր հովիվներին։ Իսկ չենք կարո՞ղ երբեմն ավելի կոնկրետ լինել։ Օրինակ՝ ինչո՞ւ աղոթքի ժամանակ չնշել ձեր ժողով այցելած շրջանային վերակացուի կամ ձեր Գրքի ուսումնասիրությունը վարող եղբոր անունը։ Փիլիպպեցիս 2։25–28 և Ա Տիմոթէոս 5։23 խոսքերից երևում է, որ Պողոսը մտահոգված էր Տիմոթեոսի և Եպափրոդիտոսի առողջությամբ։ Կարո՞ղ ենք նույնպիսի հետաքրքրություն ցուցաբերել այն հիվանդների հանդեպ, որոնց անձամբ ճանաչում ենք։
13. Ի՞նչ հանգամանքներ կարելի է նկատի առնել մեր անձնական աղոթքներում։
13 Հասկանալի է, որ մենք պետք է խուսափենք ուրիշների անձնական գործերին միջամտելուց, սակայն պատշաճ է, որ մեր աղոթքներում անկեղծ հետաքրքրություն արտահայտենք նրանց հանդեպ, որոնց ճանաչում ենք ու որոնց մասին հոգ ենք տանում (Ա Տիմոթէոս 5։13; Ա Պետրոս 4։15)։ Գուցե եղբայրը կորցրել է աշխատանքը, իսկ մենք չենք կարող նրան օգնել այդ հարցում։ Սակայն մեր անձնական աղոթքներում կարող ենք հիշատակել նրա անունն ու խոսել նրա ունեցած դժվարության մասին (Սաղմոս 37։25; Առակաց 10։3)։ Ճանաչո՞ւմ եք որևէ ամուրի քրոջ, որն արդեն հասակն առել է, բայց չունի ամուսին և երեխաներ, քանի որ մտադիր է ամուսնանալ «միայն Տիրոջով» (Ա Կորնթացիս 7։39)։ Ձեր անձնական աղոթքներում ինչո՞ւ չխնդրել Եհովային՝ օրհնելու և օգնելու նրան, որպեսզի նա շարունակի հավատարմորեն կատարել իր ծառայությունը։ Կամ էլ, օրինակ, երկու երեց խորհուրդ են տվել եղբորը նրա գործած սխալի պատճառով։ Ինչո՞ւ նրանցից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ չհիշատակի եղբոր անունն իր անձնական աղոթքներում։
14. Ի՞նչ կապ ունեն հատուկ աղոթքները ուրիշներին օգնելու հետ։
14 Բազմաթիվ հնարավորություններ կան մեր անձնական աղոթքներում հիշատակելու այն անձանց մասին, որոնք, ինչպես գիտենք, Եհովայի աջակցության, մխիթարության, իմաստության, սուրբ ոգու կամ դրա պտուղներից որևէ մեկի կարիքն են զգում։ Տարածության և այլ հանգամանքների պատճառով դուք, հավանաբար, զգում եք, որ չեք կարող նյութական կամ ուղղակի օգնություն ցույց տալ։ Այնուհանդերձ, մի՛ մոռացեք աղոթել ձեր եղբայրների ու քույրերի համար։ Դուք գիտեք, որ նրանք ցանկանում են քայլել Եհովային արժանի կերպով, հետևաբար, մշտապես դա անելու համար գուցե իսկապես օգնության կարիք ունեն։ Իսկ մեր օգնությունը կլինի նրանց համար աղոթելը (Սաղմոս 18։2; 20։1, 2; 34։15; 46։1; 121։1–3)։
Աշխատեք զորավիգ լինել ուրիշներին
15. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի «Կողոսացիս» գրքի եզրափակիչ մասը։
15 Ջերմեռանդ, հատուկ ասված աղոթքները, իհարկե, ուրիշներին, հատկապես ձեզ հարազատ մարդկանց օգնելու միակ միջոցը չէ։ Դա պարզ երևում է «Կողոսացիս» գրքից։ Շատ գիտնականներ կարծում են, թե Պողոսը, դավանաբանական հարցեր քննարկելուց և գործնական խորհուրդներ տալուց հետո, պարզապես ողջույններ ու անձնական բարևներ էր հղում (Կողոսացիս 4։7–18)։ Մինչդեռ, մենք արդեն տեսանք, որ այդ գրքի եզրափակիչ մասը ուշադրության արժանի խորհուրդ է պարունակում, և այդ հատվածից սովորելու բան ունենք։
16, 17. Ի՞նչ կարող ենք ասել Կողոսացիս 4։10, 11–ում նշված եղբայրների մասին։
16 Պողոսը գրեց. «Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպէս նաեւ Բառնաբասի եղբօրորդի Մարկոսը (որի մասին հրահանգ ունէք, որ, եթէ ձեզ մօտ գայ, ընդունէք նրան). ողջունում է նաեւ Յիսուսը՝ Յուստոս կոչուածը. սրանք թլփատուածներից են. սրա՛նք միայն գործակից եղան ինձ Աստծու արքայութեան համար եւ նոյնիսկ մխիթարութիւն եղան ինձ համար» (Կողոսացիս 4։10, 11)։
17 Պողոսն այստեղ նշում է եղբայրների անուններ, որոնք հատուկ ուշադրության են արժանի։ Նա ասում է, որ նրանք թլփատվածներից են, այսինքն՝ հրեական ծագում ունեն։ Հռոմում թլփատված շատ հրեաներ կային, ովքեր արդեն քրիստոնյաներ էին դարձել։ Սակայն, Պողոսի նշած անձինք նրան օգնության եկան։ Հավանաբար, նրանք չքաշվեցին շփվել հեթանոսների միջից քրիստոնյա դարձածների հետ և ուրախ էին Պողոսի հետ միասին քարոզել ոչ հրեա ազգերի մեջ (Հռովմայեցիս 11։13; Գաղատացիս 1։16; 2։11–14)։
18. Ինչպե՞ս գովասանքով արտահայտվեց Պողոսը իր հետ գտնվողների մասին։
18 Այս համարում Պողոսի օգտագործած հունարեն բառը, որը հայերեն Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ ներկայացրել են որպես «մխիթարություն», Աստվածաշնչում հանդիպում է միայն այս համարում և նշանակում է զորավիգ լինել։ Ինչ վերաբերում է «մխիթարություն» բառին, վերջինս ավելի շուտ հունարեն մեկ այլ բառի թարգմանությունն է (պարակալե՛ո)։ Պողոսը կողոսացիներին ուղղված նամակում ամեն տեղ, բացի 4։11 համարից, այս բառն է օգտագործել (Մատթէոս 5։4; Գործք 4։36; 9։31; Բ Կորնթացիս 1։4; Կողոսացիս 2։2; 4։8)։
19, 20. ա) Ո՞րն է այն արտահայտության իմաստը, որ Պողոսը կիրառեց Հռոմում իրեն օգնող եղբայրների նկատմամբ։ բ) Հավանաբար ո՞ր հարցերում այդ եղբայրներն օգնեցին Պողոսին։
19 Բոլոր նրանք, որոնց Պողոսն անունով հիշատակեց, հավանաբար, նրան պարզապես սփոփելուց ավելին էին արել։ Կողոսացիս 4։11–ում հայերեն «մխիթարություն» թարգմանված հունարեն բառը երբեմն գործածվել է աշխարհիկ տեքստերում՝ վիշտը թեթևացնելու մի դեղամիջոց նշելու համար։ «Նոր կյանք» թարգմանության մեջ գրված է. «Ինչպիսի՜ օգնություն նրանք հանդիսացան ինձ համար» («New Life Version»)։ Ի՞նչ էին արել Պողոսի մոտ գտնվող այդ քրիստոնյա եղբայրները նրան օգնելու համար։
20 Ճիշտ է, Պողոսը կարող էր այցելուներ ընդունել, բայց կային շատ բաներ, որ նա չէր կարող անել, ինչպես օրինակ, առաջին անհրաժեշտության իրեր՝ սննդամթերք և ձմեռային հագուստ գնել։ Կամ՝ ինչպե՞ս պետք է ուսումնասիրության համար գրքեր ձեռք բերեր կամ գրենական պիտույքներ գներ (Բ Տիմոթէոս 4։13)։ Պատկերացրեք, թե ինչպես էին այդ եղբայրներն օգնում Պողոսին՝ նրա կարիքները հոգալու համար, օրինակ, ինչպես էին գնումներ կատարում կամ որևէ հանձնարարությամբ տեղ գնում։ Նա միգուցե ցանկանում էր ստուգել որևէ ժողովի գործերը և քաջալերել։ Բանտարկված լինելով՝ նա չէր կարող անել այդ ամենը, ուստի, Պողոսի փոխարեն, հավանաբար, այդ եղբայրներն էին այցելություններ կատարում՝ իրենց հետ տանելով ուղերձներ և բերելով այնտեղից հաշվետվություններ։ Ինչպիսի՜ աջակցություն։
21, 22. ա) Ինչո՞ւ պետք է Կողոսացիս 4։11–ի խոսքերը մեզ հետաքրքրեն։ բ) Ի՞նչ առումներով կարող ենք ընդօրինակել Պողոսի ընկերակիցներին։
21 Այն, ինչ գրեց Պողոսը զորավիգ լինելու մասին, մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին։ Այդ մարդիկ, հավանաբար, Եհովային արժանի կերպով են քայլում, ինչ վերաբերում է աստվածային բարոյական չափանիշներին, քրիստոնեական ժողովներ հաճախելուն և քարոզչական ծառայությանը մասնակցելուն։ Այդ ամենի համար նրանք արժանի են մեր դրվատանքին։ Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ավելին անել՝ զորավիգ լինելով նրանց այնպես, ինչպես այդ եղբայրները՝ Պողոսին։
22 Եթե ճանաչում եք որևէ քրոջ, որը ողջամիտ կերպով հետևում է Ա Կորնթացիս 7։37–ի (Արևմտ. Աստ.) խորհրդին և հիմա հեռու է գտնվում հարազատներից, կարո՞ղ եք արդյոք ներգրավել նրան ընտանեկան որևէ գործունեության մեջ, ասենք, հրավիրեք ձեզ հետ միասին ճաշելու կամ էլ ընկերների կամ հարազատների փոքր խմբի հետ շփվելու։ Իսկ ի՞նչ կասեիք ձեր ընտանիքի հետ միասին համաժողով գնալու կամ արձակուրդն անցկացնելու հրավերի մասին։ Կամ՝ խնդրեք նրան, երբ իրեն հարմար է, միանալ ձեզ՝ գնումներ կատարելու։ Նման շատ ու շատ առաջարկություններ կարելի է անել կողակից կորցրած կանանց ու տղամարդկանց, կամ գուցե նրանց, ովքեր դժվարանում են տեղաշարժվել։ Դուք կհայտնաբերեք, թե որքան օգտակար է պատմություններ լսել նրանց կյանքից, իմանալ, թե ինչպես կարելի է տարբերել լավ միրգը՝ վատից կամ՝ մանկական հագուստի ընտրություն կատարել (Ղեւտացոց 19։32; Առակաց 16։31)։ Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ իրար հետ մտերմանաք։ Ու այդպես նրանք իրենց ավելի ազատ կզգան՝ ձեզնից օգնություն խնդրելու, երբ անհրաժեշտ լինի դեղատնից դեղ գնել և այլն։ Ձեր օգնությունը նույնպես կարող է լինել գործնական ու զորացնող, ինչպիսին էր Հռոմի այն եղբայրների կողմից Պողոսին ցույց տրվածը։ Արդյունքում՝ թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա մեծ օրհնություն է այն, որ ամրանում են սիրո կապերը, և մենք ավելի վճռականորեն ենք տրամադրվում միասնաբար ու հավատարմորեն ծառայել Եհովային։
23. Մեզանից յուրաքանչյուրի համար լավ է ի՞նչ անել։
23 Մեզանից յուրաքանչյուրը կարող է խորհել այս հոդվածում նշված իրավիճակների շուրջ։ Դրանք սոսկ օրինակներ են, սակայն կարող են հիշեցնել մեզ այն իրական հանգամանքների մասին, որոնցում կարող ենք «զորավիգ լինել» մեր եղբայրներին ու քույրերին։ Հարցն այն չէ, որ նմանվենք հումանիստներին։ Դա չէր Կողոսացիս 4։10, 11–ում նշված եղբայրների նպատակը։ Նրանք ‘Աստծո արքայության համար գործակիցներ’ էին, և նրանց զորավիգ լինելն ուղղակիորեն հենց այդ գործի հետ էր առնչվում։ Թող որ մենք էլ այդպես մտածենք։
24. Ո՞րն է ուրիշների համար աղոթելու և նրանց զորավիգ կանգնելու հիմնական պատճառը։
24 Մենք մեր անձնական աղոթքներում հիշատակում ենք ուրիշների անունները ու ջանում զորավիգ լինել նրանց, որովհետև հավատում ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը ցանկանում են Եհովային ‘արժանի կերպով քայլել և ամեն բանի մեջ նրան հաճեցնել’ (Կողոսացիս 1։10, Արևմտ. Աստ.)։ Դա կապված է մեկ այլ հանգամանքի հետ, որի մասին Պողոսը հիշատակեց, երբ գրեց, թե ինչպես է Եպափրասը աղոթում կողոսացիների համար, այն է՝ որ նրանք կարողանային ‘կանգուն լինել՝ որպես հասուններ և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ’ (Կողոսացիս 4։12, ՆԱ)։ Ինչպե՞ս կարող ենք անձամբ հասնել դրան։ Եկեք տեսնենք։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, անգլ., հատ. 1, էջ 490–491 և «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար» գիրքը, անգլ., էջ 226–228։ Հրատարակված են «Դիտարան» ընկերության կողմից։
Ուշադրություն դարձրե՞լ եք
• Ինչպե՞ս կարող ենք մեր աղոթքներով ավելի շատ օգնել ուրիշներին։
• Ինչպե՞ս որոշ քրիստոնյաներ զորավիգ եղան Պողոսին։
• Ինչպիսի՞ իրավիճակներում կարող ենք զորավիգ լինել մարդկանց։
• Ո՞րն է մեր քույրերի ու եղբայրների համար աղոթելու և նրանց զորավիգ կանգնելու նպատակը։
[նկար 18–րդ էջի վրա]
Երբ ընտանիքով դուրս եք գալիս զբոսանքի, կարո՞ղ եք ձեզ հետ վերցնել ձեր հավատակիցներից որևէ մեկին։
[թույլտվությամբ]
Green Chimney’s Farm–ի սիրալիր թույլտվությամբ