Պատերազմի հասցրած վերքերը
«Պատերազմների ժամանակ հաղթողներ չեն լինում, լինում են միայն պարտվողներ»,— այսպես արտահայտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմի նախկին զինվորներից մեկը։ Շատերն են համաձայն նրա հետ։ Պատերազմների դիմաց վճարվող գինը ապշեցուցիչ է. նրանցից հաղթանակած դուրս եկողները, ինչպես նաև պարտվողները ահռելի գին են վճարում դրանց դիմաց։ Անգամ զինված ընդհարումների դադարից հետո էլ միլիոնավոր մարդկանց շարունակում են տառապանք պատճառել պատերազմի հասցրած ծանր վերքերը։
Իսկ ի՞նչ վերքեր են դրանք։ Պատերազմներն իրենց զոհն են դարձնում խաղաղ բնակչությանը՝ ետևում թողնելով բազմաթիվ որբերի ու այրիների։ Նրանցից շատերը թե՛ մարմնական ահավոր վերքերի, թե՛ հոգեբանական ցավերի տեր են դարձել։ Միլիոնավոր մարդիկ կամ աղքատանում են, կամ ստիպված դառնում փախստական։ Պատկերացնո՞ւմ եք այն ատելությունն ու վիշտը, որը դեռ երկար տարիներ կմնա այդ իրավիճակներից վերապրած մարդկանց սրտերում։
Դառը վերքեր
Երբ կրակոցները վերջանում են, զենքերի աղմուկը դադարում է, և զինվորները վերադառնում են տուն, պատերազմի պատճառած դառը վերքերը շարունակում են դեռ երկար ժամանակ մորմոքել մարդկանց սրտերը։ Նրանց հետագա սերունդները գուցե իրենց սրտերում ոխ են պահում մեկը մյուսի հանդեպ։ Այս կերպով՝ պատերազմներից մեկի հասցրած վերքերը կարող են հաջորդ պատերազմի բուն պատճառը դառնալ։
Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ դնելու նպատակով 1919 թ.–ին կնքված Վերսալի հաշտության պայմանագիրը այնպիսի մեծ պարտականություններ դրեց Գերմանիայի ուսերին, որ նրա քաղաքացիներն այն համարեցին դաժան ու վրիժառու։ Ըստ «Բրիտանական հանրագիտարանի»՝ հաշտության պայմանագրի ներկայացրած պահանջները «բավականին զայրացրին գերմանացիներին, և այս հանգամանքը նպաստեց, որպեսզի նրանք իրենց վրեժը լուծեին»։ Մի քանի տարի անց «հաշտության պայմանագրի հետ կապված խռովությունները Հիտլերին դրդեցին, որ գործի անցնի». դա էլ հանդիսացավ այն գործոններից մեկը, որն առաջնորդեց Համաշխարհային երկրորդ պատերազմին («The Encyclopedia Britannica»)։
Այն ծագեց Լեհաստանում ու տարածվեց մինչև Բալկաններ։ 1940–ական թ.–ին, երբ այս շրջանի էթնիկական խմբերը մեկը մյուսին ցավ պատճառեցին, դա հող նախապատրաստեց, որ 1990–ական թ.–ին Բալկաններում պատերազմ ծագի։ «Ատելության ահասարսուռ մթնոլորտն ու վրեժխնդրությունը մեր օրերում հասել են իրենց գագաթնակետին»,— մեկնաբանում է գերմանական «Դի Ցայտ» լրագիրը («Die Zeit»)։
Որպեսզի ողջ մարդկությունն ապրի խաղաղության մեջ, հարկավոր է բուժել պատերազմի հասցրած վերքերը։ Իսկ ինչպե՞ս։ Ի՞նչ կարելի է անել ատելությունն ու վիշտը վերացնելու համար։ Ո՞վ է բուժելու պատերազմի հասցրած վերքերը։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ
ԿԱԶՄԸ. Fatmir Boshnjaku
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
U.S. Coast Guard photo; UN PHOTO 158297/J. Isaac