Կյանքը՝ վտանգներով լեցուն
Մարդու առօրյա կյանքում չկա ոչ մի գործունեություն՝ այդ թվում նաև քունը, որն ապահովագրված լինի նրա կյանքի վերջին գործը դառնալու վտանգից։ («Discover»)
Կյանքը կարելի է համեմատել ականապատ դաշտի հետ, որտեղ վտանգը կամ թեկուզ հենց մահը կարող է վրա հասնել ամեն պահ, և հաճախ՝ առանց նախազգուշացման։ Չի կարելի ասել, թե վտանգի պատճառները ամեն տեղ նույնն են։ Երբեմն դա կարող է լինել ավտովթարը, երբեմն՝ քաղաքացիական պատերազմը, սովը, ՁԻԱՀ–ը, քաղցկեղը, սիրտ–անոթային հիվանդությունները և այսպես շարունակ։ Սահարա անապատից հարավ գտնվող շրջաններում ՁԻԱՀ–ը, օրինակ, անցյալ տարի համարվել է համար առաջին մարդասպանը՝ «2, 2 միլիոն մարդու մահվան պատճառ դառնալով, ինչը տաս անգամ գերազանցում է աֆրիկյան քաղաքացիական պատերազմներում զոհված մարդկանց թիվը»,— ասում է «Յու Էս Նյուս էնդ Ուորլդ Րիփորթ» շաբաթաթերթը։
Միևնույն ժամանակ հսկայական գումարներ են ծախսվում կյանքի երկարացման և տարբեր հիվանդությունների, տկարությունների դեմ պայքարելու նպատակով։ Շատ հանրահայտ գաղափարներ, ինչպես օրինակ, առողջ սննդակարգի, խմիչքի օգտագործման կամ մարմնամարզությունների վերաբերյալ, կարող են չափով օգտակար լինել։ Սակայն պետք է ասել, որ կա մի արժանահավատ աղբյուր, որը կյանքի բոլոր կարևոր ոլորտների վերաբերյալ պարունակում է տեղեկություններ, որոնք կարող են նպաստել առավել ապահով կյանք վարելուն։ Այդ աղբյուրը Աստվածաշունչ գիրքն է։ Աստվածաշունչը ուղղություն է տալիս, թե ինչպիսի կյանք վարել՝ հօգուտ մեր բարօրության և ինչպես բարելավել մեր առողջությունը։ Իհարկե, վերջինս ամենայն մանրամասնություններով չի շոշափում առօրյա կյանքի բոլոր խնդիրները. այնուհանդերձ, տալիս է գերազանց սկզբունքներ, որոնք մեզ կարող են ղեկավարել ուտելու, խմելու սովորության մեջ, ֆիզիկական պատրաստվածության, մտածելակերպի, սեռային հարաբերությունների, ոգելից խմիչքի, ծխախոտի և, այսպես կոչված, «զվարճացնող» նյութերի գործածության հարցում և այլն։
Շատերի կյանքը ծանրաբեռնված է նաև ֆինանսական բնույթի հարցերով։ Այստեղ նույնպես Աստվածաշունչը օգնության է հասնում։ Այն ոչ միայն խրախուսում է իմաստուն մոտեցում հանդես բերել նյութականի հանդեպ, այլ նաև սովորեցնում է լավ կատարել աշխատողի ու գործատերի մեր պարտականությունները։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Աստվածաշունչը հուսալի ուղեցույց է ոչ միայն ֆինանսական ապահովությանն ու առողջությանը վերաբերող հարցերում, այլև հենց կյանքի համար։ Կուզեի՞ք տեսնել, թե ինչ գործնական արժեք ունի Աստվածաշունչը ներկայիս կյանքում։ Շարունակությունում կխոսենք հենց այդ մասին։