Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 2/1 էջ 14–19
  • Ապրո՞ւմ եք արդյոք ձեր նվիրման համաձայն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրո՞ւմ եք արդյոք ձեր նվիրման համաձայն
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանք չհրաժարվեցին իրենց նվիրումից
  • Նվիրվածության ժամանակակից օրինակներ
  • Ճիշտ տեսակետ՝ մեր նվիրման հանդեպ
  • Իմաստալից դարձնել ամեն մի օրը
  • Ձեր տեսողությունը մաքուր պահեք
  • Ի՞նչ վճիռ եք կայացրել
  • Շարունակիր ծառայել Եհովային ամուր սրտով
    2002 Դիտարան
  • Նվիրումը և ընտրության ազատությունը
    1998 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային
    2010 Դիտարան
  • Ապրենք մեր նվիրման համաձայն
    2003 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Դիտարան
w01 2/1 էջ 14–19

Ապրո՞ւմ եք արդյոք ձեր նվիրման համաձայն

«Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» (Կողոսացիս 3։23)։

1. Ըստ մի սահմանման՝ ի՞նչ է նշանակում «նվիրում» բառը։

ԻՆՉՊԵ՞Ս են մարզիկները հասնում գերազանց արդյունքների։ Թենիսի, ֆուտբոլի, բասկետբոլի, բեյսբոլի, թեթև ատլետիկայի, գոլֆի և այլ մարզաձևերի առաջնություններում մարզիկները մեդալների են արժանանում միայն իրենց գործին մինչև վերջ նվիրվելու շնորհիվ։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց ֆիզիկական պատրաստականությանը և մտային տրամադրվածությանը։ Այս օրինակը դիպուկ կերպով համապատասխանում է «նվիրված» բառի սահմանումներից մեկին՝ «ամբողջովին տրված մի որևէ մտքի կամ գործունեության»։

2. Ի՞նչ է «նվիրումը» նշանակում՝ ըստ Աստվածաշնչի։ Բացատրեք։

2 Սակայն, ո՞րն է «նվիրումի» նշանակությունը՝ ըստ Աստվածաշնչի։ «Նվիրել» բառով թարգմանված եբրայերեն բայը ունի «առանձին պահել, առանձնացած լինել, հրաժարվել» իմաստը։a Հին ժամանակներում Իսրայելի քահանայապետ Ահարոնը իր խույրի վրա կրում էր «սուրբ պսակը»՝ նվիրման սուրբ նշանը, որն իրենից ներկայացնում էր մաքուր ոսկու մի փայլուն թիթեղ, որի վրա եբրայերեն լեզվով փորագրված էր՝ «Գօդեշ լէ Եհովայ», այսինքն՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»։ Դա հիշեցնում էր քահանայապետին, որ նա պետք է խուսափեր այնպիսի բան անելուց, որը կպղծեր սրբարանը, «որովհետեւ իր Աստուծոյ օծման իւղի պսակն [նվիրման նշանը] իր վերայ է[ր]» (Ելից 29։6; 39։30; Ղեւտացոց 21։12)։

3. Ի՞նչ ազդեցություն պետք է թողնի նվիրումը մեր վարքի վրա։

3 Վերոհիշյալից կարող ենք տեսնել, որ նվիրումը լուրջ քայլ է։ Դա նշանակում է, որ անհատը կամովին դառնում է Աստծո ծառա, ինչը պահանջում է անարատ վարք ունենալ։ Ուստի, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու Պետրոս առաքյալը մեջբերեց Եհովայի խոսքերը. «Սո՛ւրբ եղէք, որովհետեւ սուրբ եմ ես» (Ա Պետրոս 1։15, 16)։ Որպես նվիրված քրիստոնյաներ՝ մենք լուրջ պատասխանատվություն ունենք մեր նվիրմանը համաձայն ապրելու՝ հավատարիմ մնալով մինչև վերջ։ Սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում քրիստոնեական նվիրումը (Ղեւտացոց 19։2; Մատթէոս 24։13)։

4. Ինչպե՞ս ենք հասնում նվիրման, և ինչի՞ է դա նման։

4 Ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով Եհովա Աստծո, նրա նպատակների, Հիսուս Քրիստոսի և այդ նպատակներում վերջինիս ունեցած դերի մասին՝ անհատական որոշում ենք կայացրել ծառայել Աստծուն մեր ամբողջ սրտով, մտքով, հոգով և զորությամբ (Մարկոս 8։34; 12։30; Յովհաննէս 17։3)։ Դա կարող է նույնիսկ համարվել որպես անձնական ուխտ՝ անվերապահ նվիրվածություն Աստծուն։ Մենք չենք նվիրվել՝ ելնելով մեր զգացական քմահաճույքներից, այլ այդ քայլը արել ենք աղոթքով և առողջ դատողության հիման վրա։ Այո՛, դա ժամանակավոր որոշում չէր։ Մենք չենք կարող նման լինել այն մարդուն, որը սկսում է հերկել իր արտը, բայց գործի կեսից ետ է դառնում, որովհետև աշխատանքը չափազանց ծանր է կամ նրա աչքին բերքահավաքի ժամանակը շատ հեռու է թվում կամ էլ չգիտի, թե բերք կհավաքի, թե՝ ոչ։ Քննարկենք մի քանի մարդկանց օրինակներ, ովքեր ‘իրենց ձեռքերը [աստվածապետական ծառայության] մաճի վրա դրած’ են պահել՝ ցանկացած դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով (Ղուկաս 9։62; Հռովմայեցիս 12։1, 2)։

Նրանք չհրաժարվեցին իրենց նվիրումից

5. Ինչո՞վ է Երեմիան Աստծո նվիրված ծառայի ուշագրավ օրինակ հանդիսանում։

5 Երեմիան ծառայեց Երուսաղեմում որպես մարգարե ավելի քան 40 տարի (մ.թ.ա. 647–607), և դա հեշտ չէր։ Նա հստակորեն գիտակցում էր իր սահմանափակումները (Երեմիա 1։2–6)։ Նրան ամեն օր հարկավոր էր քաջություն ու տոկունություն դրսևորել Հուդայի կամակոր մարդկանց կողմից եկող հալածանքին դիմանալու համար (Երեմիա 18։18; 38։4–6)։ Բայց Երեմիան ապավինեց Եհովա Աստծուն, որը զորացրեց նրան՝ շարունակելու հանդես գալ որպես Աստծո նվիրված ծառա (Երեմիա 1։18, 19)։

6. Ի՞նչ օրինակ է թողել Հովհաննես առաքյալը մեզ համար։  

6 Իսկ ի՞նչ կարելի է ասել հավատարիմ առաքյալ Հովհաննեսի մասին, որին տարեց հասակում աքսորել էին Պատմոս անհյուրընկալ կղզին «Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար» (Յայտնութիւն 1։9)։ Նա վաթսուն տարի շարունակ մնաց որպես աննկուն նվիրված քրիստոնյա։ Հովհաննեսը դեռևս կենդանի էր այն ժամանակից հետո, երբ հռոմեական զորքերը կործանել էին Երուսաղեմը։ Նա առանձնաշնորհում ունեցավ՝ գրելու իր անունով կոչված ավետարանը, երեք ներշնչված նամակներ և «Յայտնութիւն» գիրքը, որտեղ նա կանխագուշակել է Արմագեդոն պատերազմը։ Դադարեցրե՞ց արդյոք նա իր ծառայությունը՝ իմանալով, որ Արմագեդոնը տեղի չի ունենալու իր կյանքի ընթացքում։ Արդյոք անտարբե՞ր դարձավ։ Ո՛չ, Հովհաննեսը մինչ մահ հավատարիմ մնաց, թեև գիտեր, որ չնայած նշանակված ժամանակի մոտ լինելուն՝ իր տեսած տեսիլքները իրականանալու էին ավելի ուշ (Յայտնութիւն 1։3; Դանիէլ 12։4)։

Նվիրվածության ժամանակակից օրինակներ

7. Ինչպե՞ս է մի եղբայր նվիրվածության հրաշալի օրինակ հանդիսացել։

7 Մեր օրերի հազարավոր հավատարիմ քրիստոնյաներ նախանձախնդիր կերպով շարունակել են նվիրված քրիստոնյաներ մնալ, թեև այդպես էլ Արմագեդոնը չեն տեսել։ Այդպիսի մի անձնավորություն է հանդիսանում Էռնեստ Բիվերը Անգլիայից։ Նա Վկա դարձավ 1939 թ.–ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում և լիաժամ ծառայություն սկսելու նպատակով թողեց լուսանկարիչ–​թղթակցի բազմախոստում մասնագիտությունը։ Քրիստոնեական չեզոքության պատճառով նա երկու տարի բանտ նստեց։ Նրա ընտանիքը թիկունք կանգնեց նրան, և 1950–ին իր երեք զավակները ուսում ստացան «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում (Նյու Յորք)՝ միսիոներներ դառնալու համար։ Եղբայր Բիվերն այնքան նախանձախնդրորեն էր քարոզում, որ ընկերները նրան անվանում էին Արմագեդոն Էռնի։ Նա, մինչև մահ (1986 թ.), հավատարմորեն ապրեց իր նվիրման համաձայն՝ հայտարարելով Աստծո Արմագեդոն պատերազմի մոտալուտ լինելու մասին։ Նա չէր համարում իր նվիրվածությունը որպես թե մի կարճաժամկետ պայմանագիր Աստծո հետb (Ա Կորնթացիս 15։58)։

8, 9. ա) Ի՞նչ օրինակ են թողել շատ երիտասարդներ Իսպանիայում Ֆրանկոյի ռեժիմի տարիներին։ բ) Ինչպիսի՞ հարցեր տեղին կլիներ տալ։

8 Անխոնջ նախանձախնդրության մեկ այլ օրինակ եղել է Իսպանիայում։ Ֆրանկոյի բռնապետության տարիներին հարյուրավոր երիտասարդ Վկաներ քրիստոնեական չեզոքություն պահեցին։ Նրանցից շատերը տասնյակ և ավելի տարիներ անցկացրին ռազմական բանտերում։ Մի Վկա՝ Խեսուս Մարտինը, ընդհանուր հաշվով 22 տարի է անցկացրել բանտում։ Նրան դաժանորեն ծեծի էին ենթարկում Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ռազմական բանտում։ Այդ տարիները ծանր էին, բայց նա փոխզիջման չգնաց։

9 Այս երիտասարդները հիմնականում գաղափար անգամ չունեին, թե երբ իրենց ազատ կարձակեն (եթե երբևէ արձակեին) բանտից, քանի որ նրանք անընդհատ դատապարտվում էին բանտարկության։ Այնուամենայնիվ, նրանք պահպանում էին իրենց ուղղամտությունը ու շարունակում էին բանտում նախանձախնդրաբար ծառայել։ Երբ 1973–ին իրավիճակը վերջապես սկսեց բարելավվել, այս Վկաներից շատերը (այն ժամանակ նրանք նոր էին բոլորել 30–ը), ազատ արձակվելով բանտից, միանգամից լիաժամ ծառայության անցան. նրանք դարձան հատուկ ռահվիրաներ ու շրջագայող վերակացուներ։ Բանտում, իսկ նրանց մեծ մասը նաև ազատվելուց հետո էլ, նրանք ապրեցին իրենց նվիրման համաձայն։c Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Հավատարի՞մ ենք մնում մեր նվիրմանը, ինչպես այդ մարդիկ (Եբրայեցիս 10։32–34; 13։3)։

Ճիշտ տեսակետ՝ մեր նվիրման հանդեպ

10. ա) Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք մեր նվիրման հանդեպ։ բ) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իրեն մատուցվող մեր ծառայությանը։

10 Ինչպիսի՞ն է մեր տեսակետը այն բանի հանդեպ, որ նվիրվել ենք Աստծուն՝ նրա կամքը կատարելու համար։ Արդյո՞ք դա առաջնային կարևորություն ունի մեզ համար։ Անկախ մեր հանգամանքներից՝ երիտասարդ լինենք, թե՝ տարեց, ամուսնացած, թե՝ ամուրի, առողջ, թե՝ հիվանդ, հնարավորության սահմաններում հարկավոր է ձգտել ապրել նվիրման համաձայն։ Ոմանց հնարավորությունները ներում են, որ իրենք ծառայեն որպես լիաժամ ռահվիրա, որպես կամավոր ծառայող «Դիտարան» ընկերության որևէ մասնաճյուղում, որպես միսիոներ կամ էլ՝ շրջագայող վերակացու։ Մյուս կողմից՝ հնարավոր է որոշ ծնողներ շատ ժամանակ պետք է տրամադրեն իրենց ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները հոգալուն։ Ամսվա ընթացքում այն համեմատաբար քիչ ժամանակը, որ նրանց հաջողվում է հատկացնել ծառայությանը, արդյո՞ք Եհովայի աչքին ավելի պակաս արժեք ունի, քան այն շատ ժամանակը, որ լիաժամ ծառայողներն են տրամադրում։ Ո՛չ։ Աստված երբեք չի սպասում մեզանից այն, ինչ որ մենք չունենք։ Պողոս առաքյալը այս սկզբունքն արտահայտեց հետևյալ կերպ. «Եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի» (Բ Կորնթացիս 8։12)։

11. Ինչի՞ց է կախված մեր փրկությունը։

11 Ամեն դեպքում, մեր փրկությունը կախված է ոչ թե նրանից, թե ինչ կարող ենք անել, այլ Եհովայի շնորհից, որը նա ցուցաբերում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պողոսը հստակորեն բացատրել է. «Բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից, բայց նրա շնորհիւ («շնորհքով», Արևմտ. Աստ.) ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ»։ Այնուամենայնիվ, մեր գործերը ցույց են տալիս, թե որքանով է ամուր մեր հավատը Աստծո խոստումների հանդեպ (Հռովմայեցիս 3։23, 24; Յակոբոս 2։17, 18, 24)։

12. Ինչո՞ւ կարիք չկա համեմատություններ կատարել։

12 Հարկ չկա համեմատություններ կատարել ուրիշների հետ, թե որքան ժամանակ ենք կարողանում հատկացնել Աստծո ծառայությանը, որքան աստվածաշնչյան գրականություն ենք տարածում, կամ էլ Աստվածաշնչի քանի ուսումնասիրություն ենք անցկացնում (Գաղատացիս 6։3, 4)։ Անկախ այն բանից, թե ինչ գործեր ենք անում քրիստոնեական ծառայության մեջ, բոլորիս հարկավոր է հիշել Հիսուսի խոնարհեցնող խոսքերը. «Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք» (Ղուկաս 17։10)։ Որքա՞նով են հաճախակի այն դեպքերը, երբ կարող ենք անկեղծորեն ասել, որ մենք արել ենք ‘բոլոր մեզ հրամայված բաները’։ Եվ այսպես, խնդրո առարկան հետևյալն է. ի՞նչ որակի ծառայություն պետք է մատուցենք Աստծուն (Բ Կորնթացիս 10։17, 18)։

Իմաստալից դարձնել ամեն մի օրը

13. Ի՞նչ մտայնություն է հարկավոր ունենալ՝ մեր նվիրմանը համապատասխան գործելու համար։

13 Պողոս առաքյալը ամուսիններին, կանանց, երեխաներին, ծնողներին և ծառաներին խորհուրդ տալուց հետո գրում է. «Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար։ Իմացէ՛ք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգութեան հատուցումը, քանզի Տէր Քրիստոսին էք ծառայում» (Կողոսացիս 3։23, 24)։ Մենք չենք ծառայում Եհովային՝ մարդկանց վրա տպավորություն գործելու նպատակով։ Մենք ձգտում ենք ծառայել Աստծուն՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին։ Իսկ նա իր համեմատաբար կարճատև ծառայությունը կատարեց անհետաձգելիության զգացումով (Ա Պետրոս 2։21)։

14. Ի՞նչ նախազգուշացում տվեց Պետրոսը վերջին օրերի հետ կապված։

14 Անհետաձգելիության զգացում էր դրսևորում նաև Պետրոս առաքյալը։ Իր երկրորդ նամակում նա զգուշացրեց, որ վերջին օրերում ծաղրողներ՝ հավատուրացներ ու կասկածամիտներ կլինեն, ովքեր, ըստ սեփական ցանկությունների, հարցեր առաջ կքաշեն Քրիստոսի ներկայության վերաբերյալ։ Սակայն Պետրոսն ասաց. «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։ Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող»։ Այո՛, Եհովայի օրը, անկասկած, գալու է։ Ուստի, մենք ամեն օր պետք է խորհենք, թե իրականում որքանո՞վ է Աստծո խոստման հանդեպ մեր հավատը ամուր (Բ Պետրոս 3։3, 4, 9, 10)։

15. Մեր ապրած յուրաքանչյուր օրվա ինչպե՞ս պետք է նայենք։

15 Որպեսզի բարեխղճորեն ապրենք մեր նվիրման համաձայն՝ մենք պետք է յուրաքանչյուր օրը օգտագործենք Եհովայի փառաբանման համար։ Օրվա վերջում կարո՞ղ ենք ետ նայել ու տեսնել, թե ինչով ենք մեր ներդրումն ունեցել Աստծո անվան սրբացման ու Թագավորության բարի լուրի հռչակման մեջ։ Դա կարող է լինել մեր անարատ վարքը, օգտակար զրույցը, կամ էլ սիրով լի մեր հոգատարությունը ընտանիքի ու ընկերների հանդեպ։ Փնտրեցի՞նք արդյոք հարմար առիթներ՝ մյուսների հետ բաժանելու մեր քրիստոնեական հույսը։ Օգնեցի՞նք որևէ մեկին՝ լրջորեն մտածելու Աստծո խոստումների շուրջ։ Եկեք ամեն օր ինչ–​որ արժեքավոր բան ավելացնենք մեր, այսպես ասած, հոգևոր «բանկային հաշվին», որի արդյունքում խոշոր «գումարներ» կունենանք (Մատթէոս 6։20; Ա Պետրոս 2։12; 3։15; Յակոբոս 3։13)։

Ձեր տեսողությունը մաքուր պահեք

16. Ինչպե՞ս է Սատանան փորձում թուլացնել մեր նվիրվածությունն Աստծո հանդեպ։

16 Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գնալով շատանում են քրիստոնյաների դժվարությունները։ Սատանան և նրա գործակալները ձգտում են ի չիք դարձնել տարբերությունը լավի ու վատի, մաքուրի և պիղծի, բարոյականի ու անբարոյականի, էթիկականի ու ոչ էթիկականի միջև (Հռովմայեցիս 1։24–28; 16։17–19)։ Որքա՜ն է նա հեշտացրել մեր մտքերի աղտոտումը հեռուստացույցի հեռակառավարման սարքի կամ համակարգչի ստեղնաշարի միջոցով։ Մեր հոգևոր տեսողությունը կարող է մթագնել, այսպես ասած, ֆոկուսից ընկնել, մինչև որ չնկատենք Սատանայի նենգ գործողությունները։ Եթե մենք վտանգի տակ ենք դնում մեր հոգևոր արժեքները, ապա կարող է թուլանալ մեր նվիրման համաձայն ապրելու վճռականությունը և «մաճից» պինդ բռնելը (Ղուկաս 9։62; Փիլիպպեցիս 4։8)։

17. Ինչպե՞ս Պողոսի խորհուրդը կարող է օգնել մեզ՝ պահպանելու Աստծո հետ մեր ունեցած փոխհարաբերությունները։

17 Ուստիև, Պողոսը շատ ճիշտ ժամանակին գրեց Թեսաղոնիկեի ժողովին. «Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնըկութիւնից. ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն» (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–5)։ Անբարոյականության պատճառով ոմանք վտարվել էին քրիստոնեական ժողովից. մարդիկ, որոնք արհամարհանքով էին վերաբերվել իրենց նվիրմանը։ Նրանք թույլ էին տվել, որ իրենց փոխհարաբերություններն Աստծո հետ այնքան թուլանային, որ Աստված այլևս տեղ չուներ իրենց կյանքում։ Բայց Պողոսն ասում է. «Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան։ Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ» (Ա Թեսաղոնիկեցիս 4։7, 8)։

Ի՞նչ վճիռ եք կայացրել

18. Ի՞նչ պետք է վճռենք։

18 Եթե հասկանում ենք, թե որքան լուրջ քայլ է Եհովա Աստծուն նվիրվելը, ուրեմն, ի՞նչ պետք է վճռենք։ Մենք պետք է հաստատապես վճռենք մաքուր խիղճ ունենալ մեր վարքի ու ծառայության առնչությամբ։ Պետրոսը հորդորում է. «Մաքուր խղճմտանք ունեցէ՛ք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս» (Ա Պետրոս 3։16)։ Հնարավոր է՝ չարչարվենք և դաժան վերաբերմունքի արժանանանք մեր քրիստոնեական վարքի պատճառով, սակայն նույն բաները կրեց Քրիստոսը Աստծո հանդեպ ունեցած հավատի ու հավատարմության պատճառով։ «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց»,— ասում է Պետրոսը (Ա Պետրոս 4։1)։

19. Ի՞նչ կցանկանայինք, որ ասվեր մեր մասին։

19 Այո՛, լցվելով մեր նվիրման համաձայն ապրելու վճռականությամբ՝ մենք պաշտպանված կլինենք Սատանայի աշխարհի որոգայթներից. աշխարհ, որը հիվանդ է հոգևոր, բարոյական և ֆիզիկական առումներով։ Բացի դրանից, ձեռք կբերենք վստահություն առ այն, որ ունենք Աստծո հավանությունը, ինչը շատ ավելի ցանկալի է, քան Սատանայի ու նրա գործակալների կողմից առաջարկվող որևէ բան։ Ուստի, եկեք երբեք թույլ չտանք, որ մեր մասին ասեն, թե մենք թողել ենք այն սերը, որն ունեինք ճշմարտությունը ճանաչելու սկզբնական շրջանում։ Ընդհակառակը, թող որ մեր մասին խոսվի այնպես, ինչպես առաջին դարի Թիատիրի ժողովի մասին. «Տեսայ քո գործերը, սէրը, հաւատը եւ քո ծառայութիւնը համբերութեամբ, քանի որ քո վերջին գործերն աւելի շատ են, քան առաջինները» (Յայտնութիւն 2։4, 18, 19)։ Այո՛, եկեք գաղջ չլինենք մեր նվիրման առնչությամբ, այլ «հոգով եռանք»՝ ջերմեռանդ լինենք մինչև վերջ. իսկ վերջը մոտ է (Հռովմայեցիս 12։11; Յայտնութիւն 3։15, 16)։

[ծանոթագրություններ]

a Տեսեք՝ «Դիտարան», սեպտեմբերի 15, 1987, էջ 23, ռուս.։

b Էռնեստ Բիվերի կյանքի մանրամասն պատմությանը տեղեկանալու համար տեսեք «Դիտարանի» 1980 թ. մարտի 15–ի համարը, էջ 8–11, անգլ.։

c Տեսեք «Եհովայի վկաների 1978 թ. տարեգիրքը», էջ 156–158, 201–218, անգլ.՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ իմաստ է իր մեջ պարունակում «նվիրում» բառը։

• Հնում և մեր օրերում Աստծո հանդեպ նվիրվածության ո՞ր օրինակներն են արժանի ընդօրինակման։

• Ինչպե՞ս պետք է դիտենք Աստծուն մատուցվող մեր ծառայությունը։

• Ի՞նչ պետք է վճռենք Աստծու հանդեպ մեր նվիրվածության առնչությամբ։

[նկար 15–րդ էջի վրա]

Երեմիան հավատարիմ մնաց՝ չնայած դաժան վերաբերմունքին

[նկար 16–րդ էջի վրա]

Էռնեստ Բիվերը՝ որպես նախանձախնդիր քրիստոնյա, իր երեխաների համար օրինակ հանդիսացավ

[նկար 17–րդ էջի վրա]

Հարյուրավոր երիտասարդ Վկաներ իսպանական բանտերում պահեցին իրենց ուղղամտությունը

[նկարներ 18–րդ էջի վրա]

Եկեք ամեն օր ինչ–որ արժեքավոր բան ավելացնենք հոգևոր իմաստով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը