Մի գիրք, առանց որի ապրում է երիտասարդության մեծ մասը
«Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ իրոք Աստվածաշունչն Աստծո Խոսքն է։ Որպես գիրք՝ այն ինձ բոլորովին չի հետաքրքրում»,— ասում է Բեատա անունով մի երիտասարդուհի։
Գերմանիայում, որտեղ ապրում է Բեատան, երիտասարդների մեծամասնությունը նույնպիսի կարծիք ունի. այդ է պատճառը, որ երիտասարդները շատ քիչ նշանակություն են տալիս Աստվածաշնչի ընթերցանությանը։ Վերջերս այնտեղ անցկացված մի հարցման արդյունքներով՝ երիտասարդների գրեթե 1 տոկոսը Աստվածաշունչը կարդում է շատ հաճախ, 2 տոկոսը՝ հաճախակի, 19 տոկոսը՝ հազվադեպ և մոտ 80 տոկոսը ընդհանրապես չի կարդում։ Այսպիսի թվեր թերևս արձանագրվեն նաև այլ երկրներում, գուցե նաև ձեր երկրում։ Փաստն այն է, որ Աստվածաշունչը մի գիրք է, որը երիտասարդների մեծամասնությանը չի հետաքրքրում։
Զարմանալի չէ, ուրեմն, որ Աստվածաշնչի հանդեպ տգիտությունը մեծ տարածում ունի երիտասարդ սերնդի շրջանում։ 2000 թ. սկզբներին «Lausitzer Rundschau» լրագիրն արձանագրեց մի հարցում, որը ցույց տվեց, թե քանիսն են ծանոթ եղել «Տասը պատվիրաններին», և քանիսն են իրենց կյանքում առաջնորդվել դրանցով։ Վաթսուն տարեկանից բարձր անհատների 67 տոկոսը ոչ միայն տեղյակ էր այդ պատվիրաններին, այլև առաջնորդվում էր դրանցով, մինչդեռ 30–ից ցածր տարիք ունեցող անհատները ընդամենը 28 տոկոսն էին կազմում։ Այո՛, շատ երիտասարդների համար Աստծո Խոսքը «մութ անտառ» է։
Ոմանք այլ կարծիքի են
Մյուս կողմից՝ ամբողջ աշխարհում կան միլիոնավոր երիտասարդներ, որոնք Աստծո Խոսքը համարում են խիստ արժեքավոր մի բան։ Տասնիննամյա Ալեքսանդրը սովորություն ունի ամեն առավոտ՝ աշխատանքի գնալուց առաջ, կարդալ Աստվածաշունչը։ «Ես չեմ պատկերացնում, որ կարելի է օրը ավելի լավ սկսել»,— նշում է նա։ Սանդրա անունով մի երիտասարդուհի սովորություն ունի ամեն երեկո Աստվածաշնչից մի հատված կարդալ։ «Դա իմ օրակարգի մի մասն է դարձել»,— ասում է նա։ Իսկ 13–ամյա Յուլյան սովորություն է մշակել ամեն օր քնելուց առաջ Աստվածաշնչից կարդալ առնվազն մեկ գլուխ։ «Ես իսկապես հաճույք եմ ստանում դրանից և ցանկանում եմ հետագայում էլ այդպես շարունակել»։
Ո՞ր տեսակետն է ավելի ճիշտ և իմաստուն։ Արժե՞ իսկապես կարդալ Աստվածաշունչը։ Արդյոք այն արժեքավոր և կարևո՞ր է երիտասարդների համար։ Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք։