Պատմում են Թագավորության քարոզիչները
Ժամանակակից մարտիրոսները վկայություն են տալիս Շվեդիայում
ՀՈՒՆԱՐԵՆ լեզվում «վկա» բառի համար գործածվում է մարտիրը, որից ծագում է հայերեն «մարտիրոս» բառը, որ նշանակում է՝ «իր դավանած հավատի համար նահատակված մարդ»։ Առաջին դարի քրիստոնյաներից շատերը վկայություն են տվել Եհովայի մասին՝ նահատակվելով հանուն իրենց հավատի։
Նմանապես, 20–րդ դարում հազարավոր Վկաներ զոհվել են հիտլերականների ձեռքով քաղաքական և ազգային հարցերում չեզոք դիրք բռնելու պատճառով։ Մեր օրերի այդ մարտիրոսները նույնպես հզոր վկայություն են տալիս։ Նման մի բան տեղի ունեցավ վերջերս Շվեդիայում։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 50–րդ տարեդարձի առթիվ Շվեդիայի կառավարությունը Հոլոքոստի դեպքերի կապակցությամբ համազգային կրթական արշավ կազմակերպեց։ Արշավի խորագիրն էր՝ «Կենդանի պատմություն»։ Եհովայի վկաներին հրավեր ուղարկվեց այդ միջոցառմանը մասնակցելու և իրենց կրած հալածանքների մասին պատմելու համար։
Եհովայի վկաները չմերժեցին հրավերը և այդ առթիվ ցուցահանդես կազմակերպեցին՝ անվանելով այն «Հոլոքոստի մոռացված զոհերը»։ Ցուցահանդեսը բացվեց Սթրենգնեսում գտնվող Եհովայի վկաների համաժողովների սրահում։ Ներկա էին Հոլոքոստը վերապրած Վկաները, որոնք, ելույթ ունենալով բազմաթիվ այցելուների առջև, որոնց թիվը արշավի առաջին օրն անցնում էր 8 400–ից, պատմեցին իրենց հետ կատարված դեպքերի մասին։ 1999 թ. վերջերին Շվեդիայի 100–ից ավելի թանգարաններում և հասարակական գրադարաններում ամբողջ երկրով մեկ ներկայացվեց այդ ցուցահանդեսը. այցելուների ընդհանուր թիվը մոտ 150 000 էր։ Նրանց մեջ կային նաև կառավարության ներկայացուցիչներ, որոնք այդ միջոցառման մասին դրական մեկնաբանություններ տվեցին։
Մինչ այդ Շվեդիայում Եհովայի վկաների գործունեության հետ կապված ոչ մի իրադարձություն այսպիսի լայն ընդգրկում և բարեհամբույր ընդունելություն չէր գտել։ Այցելուներից շատերը հարցնում էին. «Ինչո՞ւ մինչև հիմա չէիք պատմում Հոլոքոստի ժամանակ ձեզ հետ պատահածի մասին»։
Արշավից հետո մի տարածքում, որտեղ անցկացվել էր այդ ցուցահանդեսներից մեկը, Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների 30 տոկոսանոց աճ գրանցվեց։ Մի Վկա ցուցահանդես էր հրավիրել իր աշխատակցին։ Նա սիրով ընդունել էր հրավերը և եկել էր իր ընկերուհիներից մեկի հետ։ Ցուցահանդեսից հետո այդ աշխատակցի ընկերուհին ասել էր, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են մարդիկ այն աստիճանի ամուր հավատ ունենալ, որ պատրաստ լինեն մինչև անգամ մահապատժի ենթարկվել, բայց հավատից հրաժարվելու փաստաթուղթ չստորագրել։ Զրույցը շարունակվեց, և հետագայում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։
Առաջին դարի իրենց հավատակիցների նման, 20–րդ դարի այս հավատարիմ մարտիրոսները համարձակորեն վկայություն են տվել այն մասին, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է, որն արժանի է մեր անսասան հավատին ու անձնվիրությանը (Յայտնութիւն 4։11)։
[նկար 13–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Ճամբարի բանտարկյալ. Państwowe Muzeum Oświęcim-Brzezinka, courtesy of the USHMM Photo Archives