Արթո՛ւն կացեք ու առա՛ջ ընթացեք քաջաբար
Զեկուցում հատուկ հանդիպումների մասին
Ո՞Վ ԿԱՐՈՂ է հերքել, որ ապրում ենք ‘չար ժամանակներում’։ Մենք՝ Եհովայի վկաներս, ապահովված չենք «վերջին օրերի» բերած ճնշումներից (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Սակայն հասկանում ենք, որ մարդիկ օգնության կարիք ունեն։ Նրանք չեն ըմբռնում համաշխարհային իրադարձությունների իմաստը։ Նրանց հարկավոր է մխիթարել ու հուսադրել։ Բայց առաջին հերթին ի՞նչ պետք է անենք մեր մերձավորներին օգնելու համար։
Աստված մեզ հանձնարարել է ավետել նրա՝ արդեն հաստատված Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Մարդիկ պետք է իմանան, որ այս երկնային Թագավորությունն է մարդկության միակ հույսը։ Սակայն մեր լուրը ոչ միշտ է հավանության արժանանում։ Որոշ երկրներում մեր գործունեությունն արգելվել է, և եղբայրները հալածանքների են ենթարկվել։ Բայցևայնպես, մենք չենք վհատվում։ Լիովին ապավինելով Եհովային՝ մենք վճռականորեն տրամադրված ենք արթուն մնալու և քաջաբար առաջ ընթանալու՝ անդադար հռչակելով բարի լուրը (Գործք 5։42)։
Ակնհայտորեն նման վճռականության ոգի էր տիրում 2001 թ. հոկտեմբերին անցկացված հատուկ հանդիպումների ժամանակ։ Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6–ին, Եհովայի վկաների՝ Ջերսի Սիթի քաղաքում (ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգ) գտնվող Համաժողովների սրահում անցկացվեց «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տարեկան հանդիպումը։a Իսկ հաջորդ օրը լրացուցիչ չորս հանդիպումներ տեղի ունեցան՝ երեքը Միացյալ Նահանգներում և մեկը՝ Կանադայում։b
Տարեկան հանդիպման նախագահ Սամյուել Հերդը, որը Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ է, իր բացման խոսքում մեջբերեց Սաղմոս 92։1, 4 համարները և ասաց. «Մենք ուզում ենք երախտապարտ լինել»։ Իսկապես, ներկաները երախտագիտության զգացումով լցվեցին՝ լսելով հինգ զեկուցումներ աշխարհի տարբեր ծայրերում ընթացող մեր գործունեության վերաբերյալ։
Զեկուցումներ ամեն տեղերից
Եղբայր Ալֆրեդ Քվաչին զեկուցեց, թե քարոզչության գործում ինչ առաջընթաց է նկատվել Գանայում (նախկինում՝ Ոսկե ափ)։ Մի քանի տարի շարունակ այդ երկրում մեր գործունեության վրա արգելք էր դրված։ Մարդիկ տարակուսանքով հարցնում էին. «Ի՞նչ եք արել։ Ինչո՞ւ են ձեզ արգելել»։ Ինչպես եղբայր Քվաչին ասաց, նման հարցերը վկայելու հնարավորություններ էին ստեղծում։ 1991 թ.–ին, երբ արգելքը հանվեց, Գանայում 34 421 Եհովայի վկա կար, իսկ 2001 թ. օգոստոսին՝ 68 152՝ 98%–անոց աճ։ Նախատեսվում է կառուցել 10 000 տեղանոց Համաժողովների սրահ։ Բնականաբար, Գանայի մեր եղբայրները հնարավորին չափ աշխատում են օգտվել իրենց կրոնական ազատությունից։
Չնայած Իռլանդիայում տիրող քաղաքական անհանգիստ կացությանը՝ մեր եղբայրները շարունակում են ակտիվորեն ծառայել, և նրանք հարգանք են վայելում իրենց չեզոք դիրքի համար։ Ինչպես մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր Պիտեր Էնդրյուզն է ասում, իռլանդացի Եհովայի վկաները միավորված են 115 ժողովներում, որոնք կազմում են 6 շրջան։ Եղբայր Էնդրյուզը մի դեպք պատմեց Լիամ անունով 10 տարեկան տղայի մասին, որը համարձակ վկայություն է տալիս դպրոցում։ Համադասարանցիներից 25 հոգու, ինչպես նաև իր ուսուցչուհուն, նա տվել էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի մեկական օրինակ (հրատարակված՝ Եհովայի վկաների կողմից)։ Լիամը մկրտվելու ցանկություն էր հայտնել, բայց նրան հարցրել էին, թե արդյոք ինքը դեռ փոքր չէ դրա համար, ինչին նա պատասխանել էր. «Ոչ թե իմ տարիքը, այլ Եհովայի հանդեպ ունեցած սերը պետք է որոշիչ նշանակություն ունենա։ Իմ մկրտությամբ կարող եմ ցույց տալ, թե որքան շատ եմ սիրում նրան»։ Լիամը ցանկանում է միսիոներ դառնալ։
«1968 թ.–ին Վենեսուելայում 5 400 քարոզիչ կար։ Բայց հիմա նրանց թիվն ավելի քան 88 000 է»,— ասում է Ստեֆան Յոհանսոնը՝ մասնաճյուղի կոմիտեի կոորդինատորը։ Սակայն այդ թիվը կարող է աճել, քանի որ 2001 թ. Հիշատակի երեկոյին ներկա է եղել ավելի քան 296 000 մարդ։ 1999 թ. դեկտեմբեր ամսին առատ տեղումները առաջ բերեցին սողանքներ, որոնց հետևանքով մոտ 50 000 մարդ զոհվեց, այդ թվում՝ Եհովայի վկաներ։ Թագավորության սրահներից մեկն այնքան էր լցվել ցեխով, որ ընդամենը կես մետր էր մնում, որ ցեխը հասներ առաստաղին։ Երբ ինչ–որ մեկն առաջարկեց հեռանալ շենքից, եղբայրները պատասխանեցին. «Ոչ մի դեպքում։ Սա մեր Թագավորության սրահն է, և մենք հիմա մտադիր չենք հեռանալ այստեղից»։ Նրանք սկսեցին մաքրել սրահը՝ տոննաներով ցեխ, քար ու զանազան կտորտանքներ դուրս հանելով։ Շենքը վերանորոգվեց։ Եղբայրներն ասում են, որ այն հիմա ավելի գեղեցիկ է, քան աղետից առաջ էր։
«Ֆիլիպիններում 87 լեզու և բարբառ կա»,— ասում է մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր Դենտոն Հոպկինսոնը։ Անցած ծառայողական տարում երկրի երեք հիմնական լեզուներով ամբողջությամբ լույս տեսավ «Սուրբ գրությունների Նոր աշխարհ թարգմանությունը»։ Այդ լեզուներն են՝ սեբուներեն, իլոկերեն և տագալերեն։ Եղբայր Հոպկինսոնը պատմեց մի տղայի մասին, որն ինը տարեկան հասակում կարդացել էր «Բարի լուր, որ երջանկացնում է մարդուն» գիրքը (հրատարակված Եհովայի վկաների կողմից)։ Նա մասնաճյուղից ուրիշ գրքեր էլ էր վերցրել ու կարդացել, բայց նրա ընտանիքին դա դուր չէր գալիս։ Տարիներ անց, երբ արդեն բժշկական ուսումնարանում էր սովորում, նա կապ հաստատեց մասնաճյուղի հետ ու Աստվածաշնչի ուսումնասիրություն խնդրեց։ Նա մկրտվեց 1996 թ.–ին ու կարճ ժամանակ անց լիաժամ քարոզիչ դարձավ։ Այժմ կնոջ հետ ծառայում է մասնաճյուղում։
«Պուերտո Ռիկոն զբաղվում է Վկաների «արտահանությամբ»»,— բացատրում է մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր Ռոնալդ Փարկինը։ Կղզում մոտ 25 000 քարոզիչ կա։ Վերջին տարիներին, սակայն, նրանց թիվը չի աճում։ Ինչո՞ւ։ Ըստ հաշվարկների՝ Պուերտո Ռիկոն տարեկան մոտ 1 000 Վկա է «արտահանում» Միացյալ Նահանգներ։ Նրանցից շատերը տնտեսական պատճառներով են տեղափոխվում։ Եղբայր Փարկինը մի ուշագրավ դեպք պատմեց։ Դատվում էր Լուիս անունով 17–ամյա մի Վկա, որը տառապում էր սպիտակարյունությամբ։ Քանի որ երիտասարդը հրաժարվում էր արյան փոխներարկումից, նրա գործը դատարանի քննությանը հանձնվեց։ Դատավորը, ցանկանալով անձամբ զրուցել նրա հետ, հիվանդանոց եկավ։ Լուիսը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս է, որ եթե ծանր հանցագործություն կատարեի, ինձ կդատեիք որպես չափահասի, բայց երբ ուզում եմ Աստծուն հնազանդվել, դուք ինձ անչափահաս եք համարում»։ Դատավորը համոզվեց, որ նա բավական հասուն է ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։
Այս զեկուցումներից հետո ԱՄՆ–ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Հարոլդ Քորկերնը հարցազրույց անցկացրեց չորս Վկաների հետ, որոնք երկար տարիներ է արդեն, ինչ ծառայում են Եհովային։ Արթուր Բոնոն արդեն 51 տարի է, ինչ լիաժամ ծառայության մեջ է, և հիմա ծառայում է Էկվադորի մասնաճյուղի կոմիտեում։ Անջելո Կատանձարոն 59 տարի է անցկացրել լիաժամ ծառայության մեջ՝ հիմնականում որպես շրջագայող վերակացու։ Ռիչարդ Աբրահամսոնը «Գաղաադ» դպրոցը ավարտել է 1953 թ.–ին ու 26 տարի, նախքան Բրուքլինի Բեթել վերադառնալը, Դանիայում ղեկավարել է քարոզչական գործունեությունը։ Բոլորը հաճույքով լսեցին նաև 96–ամյա Քերի Բարբերին։ 1921 թ.–ին մկրտվելուց հետո եղբայր Բարբերը 78 տարի անց է կացրել լիաժամ ծառայության մեջ, իսկ 1978 թ.–ից Կառավարիչ մարմնի անդամ է։
Հուզիչ ելույթներ
Տարեկան հանդիպման ժամանակ անչափ հետաքրքիր ելույթներ հնչեցին։ Եղբայր Ռոբերտ Ուոլենը հանդես եկավ «Ժողովուրդ՝ իր անունի համար» ելույթով։ Մենք ժողովուրդ ենք Աստծո անվան համար, և մարդիկ մեզ հանդիպում են ավելի քան 230 երկրներում։ Եհովան մեզ ‘ապագա և հույս’ է տվել (Երեմիա 29։11)։ Մենք պետք է շարունակենք հռչակել Աստծո Թագավորությունը՝ մխիթարության ու սփոփանքի հրաշալի լուրը տանելով մարդկանց (Եսայիա 61։1)։ «Թող որ օրեցօր ապրենք այդ անվանը համապատասխան, որով հենց կոչվում ենք՝ Եհովայի վկաներ»,— վերջում ասաց եղբայր Ուոլենը (Եսայիա 43։10)։
Ծրագրի վերջում մեկ ընդհանուր թեմայով հանդես եկան Կառավարիչ մարմնի երեք անդամներ։ Թեման կոչվում էր՝ «Հիմա ժամանակն է արթուն լինելու, հաստատուն մնալու և զորանալու» (Ա Կորնթացիս 16։13)։
Նախ «Արթո՛ւն կացեք այս վերջին ժամին» թեմայով ելույթ ունեցավ Ստիվեն Լեթը։ «Քունը պարգև է,— բացատրեց եղբայր Լեթը։— Այն վերականգնում է մեր ուժերը։ Բայց հոգևոր քունը ամենևին էլ օգտակար չէ» (Ա Թեսաղոնիկեցիս 5։6)։ Ինչպե՞ս, ուրեմն, կարող ենք հոգևորապես արթուն մնալ։ Եղբայր Լեթը երեք հոգևոր «դեղամիջոցներ» նշեց։ Դրանք են՝ 1) ամեն ժամանակ ավելի առաջանալ Տիրոջ գործում (Ա Կորնթացիս 15։58, ԱԹ), 2) գիտակցել սեփական հոգևոր կարիքները (Մատթէոս 5։3), 3) ընդունել Աստվածաշնչով տրված խրատը՝ իմաստուն քայլեր անելու համար (Առակաց 13։20)։
Եղբայր Թեոդոր Յարաչը հանդես եկավ մի հուզիչ ելույթով, որը վերնագրված էր՝ «Հաստատուն մնացեք փորձությունների ներքո»։ Նկատի ունենալով Յայտնութիւն 3։10–ը՝ եղբայր Յարաչը հարցրեց. «Ի՞նչ է ‘փորձության ժամը’»։ Այդ փորձությունը տեղի է ունենում հենց մեր օրերում՝ ‘Տիրոջ օրվա’ ընթացքում (Յայտնութիւն 1։10, ՆԱ)։ Այն հնարավորություն է տալիս պարզելու, թե արդյոք Աստծո արդեն հաստատված Թագավորության կո՞ղմն ենք, թե՞ Սատանայի ամբարիշտ աշխարհի։ Քանի դեռ այդ փորձության ժամանակը չի լրացել, մենք դժվարություններ կունենանք։ Ինչպե՞ս ենք տրամադրված. հավատարիմ կմնա՞նք Եհովային ու նրա կազմակերպությանը։ «Մենք դեռ առիթ կունենանք անհատապես ցույց տալու մեր հավատարմությունը»,— ասաց եղբայր Յարաչը։
Իսկ եղբայր Ջոն Բարը ելույթ ունեցավ «Հոգևորապես զորացե՛ք» թեմայով։ Հիշատակելով Ղուկաս 13։23–25-ը՝ նա նշեց, որ մենք պետք է ջանանք «նեղ դռնով» մտնել։ Շատերը չեն մտնում այդ «դռնով», քանի որ թերանում են բավականաչափ ջանքեր գործադրելու մեջ։ Հասուն քրիստոնյա դառնալու համար մենք պետք է սովորենք, թե ինչպես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները կյանքի բոլոր ասպարեզներում։ Եղբայր Բարը հորդորեց. «Վստահ եմ՝ կհամաձայնվեք, որ հիմա ժամանակն է 1) կյանքում կարևորագույն տեղը հատկացնելու Եհովային, 2) զորանալու և 3) ջանալու կատարել նրա կամքը։ Ահա այսպես կարող ենք անցնել նեղ դռնով, որը տանում է դեպի հավիտենական չքնաղ կյանք»։
Տարեկան հանդիպումը ավարտվում էր, բայց դեռևս մի հարց կար, որին պատասխան չէր տրվել. «Ո՞րն է 2002 թ. տարվա խոսքը»։ Այս հարցի պատասխանը տրվեց հաջորդ օրը։
Լրացուցիչ հանդիպում
Կիրակի առավոտյան սկսվեց լրացուցիչ հանդիպումը, որից ներկաները մեծ ակնկալիքներ ունեին։ Նախ անցկացվեց «Դիտարանի» հերթական ուսումնասիրության հոդվածի հակիրճ քննարկում, որից հետո համառոտակի ներկայացվեցին տարեկան հանդիպման մի քանի ուշագրավ կետեր։ Իսկ հետո ներկաները մեծ հաճույքով լսեցին մի ելույթ, որը հիմնված էր 2002 թ. տարվա խոսքի վրա, որն է՝ «Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ» (Մատթէոս 11։28, ՆԱ)։ Ելույթը կազմված էր այն ուսումնասիրության հոդվածների հիման վրա, որոնք ավելի ուշ տպագրվեցին «Դիտարանի» 2001 թ. դեկտեմբերի 15–ի համարում։
Այս ելույթից հետո իրենց տպավորությունները պատմեցին Ֆրանսիայում և Իտալիայում 2001 թ. օգոստոսին անցկացված «Աստծո Խոսքի ուսուցիչները» հատուկ համաժողովների մի քանի պատվիրակներ։c Դրանից հետո Բրուքլինի Բեթելում ծառայող երկու եղբայրներ հանդես եկան գլխավոր ու եզրափակիչ ելույթներով։
Առաջին ելույթի վերնագիրն էր՝ «Այս վճռորոշ ժամանակներում համարձակորեն վստահենք Եհովային»։ Հռետորը կանգ առավ հետևյալ կետերի վրա. 1) Եհովային համարձակորեն վստահելը միշտ էլ կարևոր է եղել Աստծո ժողովրդի համար։ Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներ է պարունակում այնպիսի մարդկանց, ովքեր չնայած հակառակությանը՝ քաջություն և հավատ են դրսևորել (Եբրայեցիս 11։1–12։3)։ 2) Եհովան տվել է մեզ այն ամենը, ինչ կարող է ամուր հիմք լինել, որպեսզի մենք լիովին վստահենք իրեն։ Նրա գործերն ու Խոսքը երաշխիք են, որ նա հոգ է տանում իր ծառաների մասին և որ նա երբեք չի մոռանա նրանց (Եբրայեցիս 6։10)։ 3) Հատկապես մեր օրերում անհրաժեշտ է համարձակություն և վստահության զգացում ունենալ։ Ինչպես Հիսուսն է կանխագուշակել, մենք «ատելի պիտի լինէ[ն]ք» (Մատթէոս 24։9)։ Որպեսզի կարողանանք տոկալ, պետք է ապավինենք Աստծո Խոսքին, վստահ լինենք, որ նրա սուրբ ոգին մեզ հետ է և համարձակ լինենք, որ կարողանանք շարունակել բարի լուրը քարոզել։ 4) Փաստերը ցույց են տալիս, որ մենք այսօր իսկ փորձություններ ենք կրում։ Բոլորը հուզվեցին, երբ հռետորը պատմեց, թե ինչեր են դիմագրավում մեր եղբայրները Թուրքմենիայում, Հայաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ֆրանսիայում։ Իսկապես, հիմա այն ժամանակներն են, որ հարկավոր է համարձակ լինել ու ապավինել Եհովային։
Մյուս հռետորը հանդես եկավ «Եհովայի կազմակերպության հետ առա՛ջ ընթանանք» ելույթով։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քանի ժամանակահարմար մտքերի վրա. 1) Մարդիկ ամենուրեք տեսնում են, թե ինչ առաջընթաց է ապրում Եհովայի ժողովուրդը։ Մեր քարոզչական գործունեությունը և համաժողովները գրավում են հանրության ուշադրությունը։ 2) Եհովան հիմնել է միասնական կազմակերպություն։ 29 թ.–ին Հիսուսը օծվեց սուրբ ոգով, որպեսզի «ամեն բան» (ԱԹ), այսինքն՝ երկնային ու երկրային հեռանկար ունեցողներին, բերի Աստծո միասնական ընտանիք (Եփեսացիս 1։8–10)։ 3) Համաժողովներն ակնառու կերպով վկայում են մեր միջազգային եղբայրության միասնականության մասին։ Դա ակնհայտ էր անցած տարվա օգոստոսին Ֆրանսիայում և Իտալիայում անցկացված հատուկ համաժողովների ընթացքում։ 4) Այդ համաժողներում քաջալերական բանաձև ընդունվեց։ Հռետորը մի քանի հատված կարդաց այդ բանաձևից։ Բանաձևի ամբողջ տեքստը բերված է ստորև։
Ելույթի վերջում հռետորը կարդաց Կառավարիչ մարմնի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Հիմա արթուն մնալու և աչալուրջ լինելու ժամանակն է, որպեսզի կարողանանք տեսնել, թե ինչպես են դեպքերը զարգանում համաշխարհային բեմում.... Ցանկանում ենք ասել, որ Կառավարիչ մարմինը խորապես մտածում է ձեր և Աստծո ժողովրդի մյուս անդամների մասին։ Թող որ Նա առատորեն օրհնի ձեզ իր կամքը սրտանց կատարելու գործում»։ Եհովայի ժողովուրդն ամենուրեք հաստատամտորեն տրամադրված է արթուն մնալու այս վճռական ժամանակներում և համարձակորեն առաջ ընթանալու իր միասնական կազմակերպության հետ։
[ծանոթագրություններ]
a Տարեկան հանդիպման ընթացքը հեռարձակվեց էլեկտրոնային կապի միջոցով, և ընդհանուր հաշվով հանդիպման ծրագիրը 13 757 մարդ լսեց։
b Լրացուցիչ հանդիպումներն անցկացվեցին Լոնգ Բիչում (Կալիֆոռնիա), Պոնտիակում (Միչիգան), Յունիոնդեյլում (Նյու Յորք քաղաք) և Համիլտոնում (Օնտարիո)։ Ընդհանուր հաշվով՝ այդ հանդիպումների ծրագիրն ունկնդրեցին 117 885 մարդ՝ ներառյալ էլեկտրոնային կապից օգտվողները։
c Երեք հատուկ համաժողովներ անցկացվեցին Ֆրանսիայում՝ Փարիզում, Բորդոյում և Լիոնում։ Իսկ Իտալիայում ամերիկացի պատվիրակները ներկա եղան Հռոմ և Միլան քաղաքներում անցկացվող համաժողովներին։ Այս երկրում ընդհանուր հաշվով տեղի ունեցան ինը համաժողովներ, որոնք բոլորն էլ միաժամանակ էին ընթանում։
[շրջանակ/նկարներ 29–31–րդ էջերի վրա]
Բանաձև.
2001 թ. օգոստոս ամսին Ֆրանսիայում և Իտալիայում անցկացվեցին «Աստծո Խոսքի ուսուցիչները» անվանումը կրող համաժողովներ։ Համաժողովներում մի սրտառուչ բանաձև ընդունվեց։ Ստորև բերվում է այդ բանաձևը։
«ՄԵՆՔ՝ Եհովայի վկաներս, «Աստծո Խոսքի ուսուցիչները» համաժողովում շատ կարևոր ուսուցում ստացանք։ Համաժողովում հստակորեն ցույց տրվեց, թե ումից է բխում այդ ուսուցումը։ Այն բխում է ոչ թե մարդուց, այլ Նրանից, ով հին ժամանակների մարգարե Եսայիայի կողմից նկարագրվում է որպես «Մեծ Խրատող» (ՆԱ) (Եսայիա 30։20)։ Եհովան Եսայիա 48։17 համարի միջոցով հիշեցնում է մեզ. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը»։ Ինչպե՞ս է Նա անում դա։ Հիմնականում Աստվածաշնչի միջոցով, որն աշխարհի ամենատարածված ու ամենաշատ թարգմանված գիրքն է, որտեղ պարզորոշ գրված է. «Բոլոր [Սուրբ] գրքերը Աստծու ներշնչումով են գրված և օգտակար են» (Բ Տիմոթէոս 3։16, ԱՆԹ, տող. ծան.)։
Այսօր մարդկությունը մեծ կարիք ունի նման օգտակար ուսուցման։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Ի՞նչ եզրակացության են գալիս մտածող մարդիկ՝ խորհրդածելով փոփոխական ու անհասկանալի այս աշխարհի մասին։ Եզրակացությունը հետևյալն է. չնայած այն բանին, որ աշխարհի կրթական համակարգերում միլիոնավոր մարդիկ են սովորում՝ նրանք, դժբախտաբար, ձեռք չեն բերում իսկական արժեքներ ու չեն կարողանում բարին տարբերել չարից (Եսայիա 5։20, 21)։ Անհամար մարդիկ զուրկ են աստվածաշնչային գիտելիքներից։ Թեև ժամանակակից տեխնիկան համակարգիչների միջոցով առատ ինֆորմացիա է ապահովում, սակայն որտե՞ղ կարելի է գտնել այնպիսի կարևոր հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ ո՞րն է կյանքի իմաստը, ինչպե՞ս հասկանալ մեր ժամանակներում տեղի ունեցող դեպքերը, կա՞ ապագայի հաստատուն հույս, երբևէ կտեսնե՞նք խաղաղություն և ապահովություն։ Գրադարանները լեփ–լեցուն են մարդու գործունեության ամենատարբեր ոլորտներին վերաբերող աշխատություններով, բայցևայնպես մարդկությունը կրկնում է անցյալի սխալները։ Մոլեգնում է հանցագործությունը։ Վերադառնում են այն հիվանդությունները, որոնց մասին մի ժամանակ կարծիք կար, թե արմատախիլ են արվել, իսկ մյուսները, ինչպես օրինակ՝ ՁԻԱՀ–ը, տագնապալի չափերով տարածվում են։ Մտահոգիչ է այն, թե քանի–քանի ընտանիքներ են քայքայվում։ Շրջակա միջավայրը շարունակվում է աղտոտվել։ Ահաբեկչությունն ու զանգվածային ոչնչացման զենքերը վտանգում են մարդկանց խաղաղությունն ու ապահովությունը։ Ավելանում են չլուծված հիմնահարցերը։ Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի մարդկանց օգնենք այսպիսի դժվարին ժամանակներում։ Կա՞ մի այնպիսի ուսուցում, որը բացատրում է, թե ինչու է մարդկությունը հայտնվել այս կացության մեջ. ուսուցում, որը ոչ միայն ասում է, թե ինչպես կարելի է ներկայումս ավելի լավ կյանք ունենալ, այլ նաև ապագայի վառ հույս է տալիս։
Մեր սուրբգրային հանձնարարությունն է՝ ‘գնալ ու աշակերտ դարձնել բոլոր ազգերին [մարդկանց՝ բոլոր ազգերից]՝ ուսուցանելով նրանց պահել այն բոլորը, որ պատվիրել է Քրիստոսը’ (Մատթէոս 28։19, 20)։ Այս հանձնարարությունը Հիսուս Քրիստոսն է տվել իր մահից ու հարությունից հետո, երբ ստացավ ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա։ Այդ գործունեությունը գերազանցում է մարդկային ցանկացած գործունեություն։ Աստված համարում է, որ մեր գործունեությունը՝ ուղղված արդարության ծարավ մարդկանց հոգևոր կարիքները բավարարելուն, առաջնակարգ նշանակություն ունի։ Մենք սուրբգրային ամուր հիմք ունենք այդ հանձնարարությանը լրջորեն վերաբերվելու։
Ուստի հարկավոր է, որ մենք կյանքում առաջնային տեղ տանք այս գործին։ Աստծո օրհնությամբ ու աջակցությամբ համաշխարհային կրթական գործը կշարունակի առաջընթաց ապրել՝ չնայած այն բանին, որ կան բազմաթիվ խոչընդոտներ և հակառակություն՝ կրոնական ու քաղաքական տարրերի կողմից։ Մենք համոզված ենք ու հավատում ենք, որ այս գործը դեռ շարունակելու է բարգավաճել ու կհասնի իր լիակատար ավարտին։ Ինչո՞ւ ենք այսքան վստահ։ Վստահ ենք, քանի որ Տեր Հիսուս Քրիստոսը խոստացել է մեզ հետ լինել մեր այս աստվածատուր ծառայության ժամանակ, մինչև որ աշխարհի վախճանը գա։
Մարդկության կացությունը աղետալի է, և նրան քիչ ժամանակ է մնացել։ Մեր ներկա գործունեությունը պետք է իր ավարտին հասնի նախքան վերջի գալը։ Այդ իսկ պատճառով մենք՝ Եհովայի վկաներս, որոշում ենք.
Առաջին՝ որպես Աստծո նվիրյալ ծառաներ՝ մենք միշտ առաջնային տեղ ենք տալու Թագավորության շահերին ու շարունակելու ենք հոգևորապես աճել։ Այդ նպատակով՝ մեր աղոթքները համահունչ են լինելու Սաղմոս 143։10–ի խոսքերին. «Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը»։ Մենք պետք է ջանասեր լինենք, ձգտենք ամեն օր կարդալ Աստվածաշունչը, անձնական ուսումնասիրություն կատարենք։ Մեր առաջադիմությունը բոլորին հայտնի դարձնելու համար մենք հնարավորության սահմաններում ամեն ինչ կանենք, որպեսզի նախօրոք պատրաստվենք ժողովի հանդիպումներին, շրջանային, մարզային ու միջազգային համաժողովներին ու այս հոգևոր միջոցառումներում տրվող աստվածապետական կրթությունից լիովին օգուտ քաղենք (Ա Տիմոթէոս 4։15; Եբրայեցիս 10։23–25)։
Երկրորդ՝ որպեսզի ուսուցանվենք Աստծուց, մենք բացառապես օգտվելու ենք նրա սեղանից ու ամենայն լրջությամբ հետևելու ենք Աստվածաշնչի նախազգուշացումներին՝ դիվային ուսուցումների վերաբերյալ (Ա Կորնթացիս 10։20բ, 21; Ա Տիմոթէոս 4։1)։ Մենք հատուկ միջոցներ ենք ձեռք առնելու, որպեսզի զգուշանանք այնպիսի վնասակար բաներից, ինչպիսիք են՝ կրոնական կեղծիքը, ունայնաբանությունները, ամոթալի սեռային այլասերումները, պոռնոգրաֆիական «համաճարակը», ժամանցի ապականված ձևերը և ուրիշ ամեն բան, որ չի ներդաշնակվում «ողջամիտ խօսքերին» (Հռովմայեցիս 1։26, 27; Ա Կորնթացիս 3։20; Ա Տիմոթէոս 6։3; Բ Տիմոթէոս 1։13)։ Հարգելով «մարդկանց տեսքով պարգևներին» (ՆԱ), որոնք ընդունակ են մեզ սովորեցնելու առողջ բաներ՝ մենք իսկապես գնահատելու ենք նրանց թափած ջանքերը ու ամբողջ սրտով համագործակցելու ենք նրանց հետ, որպեսզի կարողանանք պահել Աստծո Խոսքի անաղարտ ու արդար բարոյական և հոգևոր չափանիշները (Եփեսացիս 4։7, 8, 11, 12; Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13; Տիտոս 1։9)։
Երրորդ՝ որպես քրիստոնյա ծնողներ, մենք ամեն ինչ կանենք, որ մեր երեխաներին սովորեցնենք ոչ միայն խոսքով, այլև գործով։ Մեր գլխավոր նպատակն է՝ օգնել նրանց, որ մանկությունից ‘իմանան Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել նրանց փրկության համար’ (Բ Տիմոթէոս 3։15)։ Մենք միշտ հիշելու ենք, որ երեխաներին դաստիարակելով Եհովայի խրատով և ուսումով՝ նրանց հրաշալի հնարավորություն կտանք ճաշակելու Աստծո տված խոստումը՝ ‘որ լավ կլինի նրանց համար և երկար կյանք կունենան երկրի վրա’ (Եփեսացիս 6։1–4)։
Չորրորդ՝ երբ դժվարությունների կամ լուրջ պրոբլեմների առջև կանգնենք, նախևառաջ ‘մեր խնդրանքները հայտնի ենք անելու Աստծուն’՝ վստահ լինելով, որ ‘Աստծո խաղաղությունը, որ վեր է մարդկային ցանկացած մտքից’, կպահպանի մեզ (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Վերցնելով Քրիստոսի լուծը՝ մենք թարմություն ենք գտնելու։ Գիտենալով, որ Աստված հոգ է տանում մեր մասին՝ մենք առանց որևէ կասկածանքի մեր անհանգստությունները գցելու ենք նրա վրա (Մատթէոս 11։28–30; Ա Պետրոս 5։6, 7)։
Հինգերորդ՝ Եհովան մեզ պատիվ է տալիս նրանով, որ մենք իր Խոսքի ուսուցիչներն ենք։ Գնահատանք ցուցաբերելով այս առանձնաշնորհման համար՝ մենք է՛լ ավելի մեծ թափով կջանանք ‘ճշմարտության խոսքն ուղիղ ներկայացնել’ ու ‘լիուլի կատարել մեր ծառայությունը’ (Բ Տիմոթէոս 2։15; 4։5)։ Խորապես գիտակցելով ներկա իրավիճակի լրջությունը՝ մենք փափագում ենք գտնել արժանիներին ու հոգ տանել ցանված սերմերի մասին։ Բացի այդ, մենք բարելավելու ենք մեր ուսուցանելու ընդունակությունը՝ մարդկանց հետ Աստվածաշնչի ավելի շատ տնային ուսումնասիրություններ անցկացնելով։ Անելով այս ամենը՝ մենք ավելի ու ավելի ներդաշնակորեն կգործենք Աստծո կամքին, «որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։3, 4)։
Վեցերորդ՝ անցած հարյուրամյակի ողջ ընթացքում ու ներկայումս Եհովայի վկաները բազմաթիվ երկրներում տարբեր փորձություններ ու հալածանքներ են տարել։ Բայց Եհովան միշտ մեզ հետ է եղել (Հռովմայեցիս 8։31)։ Նրա անսխալական Խոսքը վստահեցնում է, որ ‘մեզ դեմ շինված ոչ մի գործիք’, որ նախատեսված է Թագավորության քարոզչության գործին խանգարելու, այն դանդաղեցնելու և կանգնեցնելու համար, հաջողության չի հասնի (Եսայիա 54։17)։ Մենք չենք կարող դադարել ճշմարտությունը խոսելուց՝ անկախ այն բանից, թե ինչպիսի պայմաններում ենք դա անում՝ բարենպաստ, թե անբարենպաստ։ Մենք վճռել ենք հրատապության զգացումով կատարել մեր քարոզչական և ուսուցողական առաջադրանքը (Բ Տիմոթէոս 4։1, 2)։ Մեր նպատակն է Աստծո Թագավորության բարի լուրը քարոզել հնարավորին չափ շատ մարդկանց՝ բոլոր ազգերից։ Այսպես նրանց դեռևս հնարավորություն է տրվում իմանալ, թե ինչպես կարելի է հավիտենական կյանքի արժանանալ արդար նոր աշխարհում։ Որպես Աստծո Խոսքի ուսուցիչների միասնական բանակ՝ մենք հաստատապես որոշել ենք շարունակել հետևել Մեծագույն Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, ու ընդօրինակել նրա հիասքանչ հատկությունները։ Այս բոլորը մենք անելու ենք ի փառս մեր Մեծ Խրատողի և Կենսատուի՝ Եհովա Աստծո։
Ներկաներից բոլոր նրանք, ովքեր համաձայն են այս բանաձևի ընդունմանը, թող ասեն՝ ԱՅՈ»։
Երբ բանաձևի այս եզրափակիչ հարցը դրվեց այն 160 000 և 289 000 պատվիրակների առջև, որոնք համապատասխանաբար հավաքվել էին Ֆրանսիայում անցկացվող երեք ու Իտալիայում անցկացվող ինը համաժողովներին, բազմաթիվ լեզուներով ուժգին թնդաց «այո»–ն։