Ընթերցողների հարցերը
Տաճարի ո՞ր մասում էր «մեծ բազմութիւն[ը]» սուրբ ծառայություն մատուցում Եհովային, երբ Հովհաննեսը տեսավ այդ տեսիլքը (Յայտնություն 7։9–15)։
Խելամիտ կլինի ասել, որ մեծ բազմությունը երկրպագում է Եհովային իր մեծ հոգևոր տաճարի երկրային գավիթներից մեկում. այն մեկում, որը համապատասխանում է Սողոմոնի տաճարի դրսի գավիթին։
Նախկինում տրված բացատրությունների համաձայն՝ մեծ բազմությունը գտնվում էր տաճարի այն հատվածում, որը համադրելի է Հիսուսի օրերում գոյություն ունեցող հեթանոսների գավիթին։ Սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ առնվազն հինգ պատճառով։ Առաջին՝ Հերովդեսի տաճարը իր ոչ բոլոր առանձնահատկություններով է համապատասխանում Եհովայի մեծ հոգևոր տաճարին։ Օրինակ՝ Հերովդեսի տաճարում կար կանանց գավիթ և Իսրայելի գավիթ։ Կանանց գավիթ կարող էին մտնել թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, մինչդեռ Իսրայելի գավիթ մտնելու իրավունք ունեին միայն տղամարդիկ։ Սակայն Եհովայի մեծ հոգևոր տաճարի երկրային գավիթներում կանայք և տղամարդիկ երկրպագություն մատուցելիս իրարից չեն առանձնացվում (Գաղատացիս 3։28, 29)։ Ուստի՝ հոգևոր տաճարում չկան կանանց գավիթի և Իսրայելի գավիթի համարժեքները։
Երկրորդ՝ Սողոմոնի տաճարի և տեսիլքում Եզեկիելի տեսած տաճարի ճարտարապետական նախագծերում՝ Աստծո կողմից տրված, նախատեսված չի եղել հեթանոսների գավիթ։ Նույնը կարելի է ասել նաև Զորաբաբելի կողմից վերաշինված տաճարի մասին։ Հետևաբար հիմք չկա ենթադրելու, թե հեթանոսների գավիթը որևէ դեր պետք է խաղա երկրպագության համար նախատեսված՝ Եհովայի մեծ հոգևոր տաճարում։ Եվ դրանում մենք է՛լ ավելի կհամոզվենք, երբ քննենք հաջորդ պատճառը։
Երրորդ՝ հեթանոսների գավիթը կառուցել էր եդովմացի թագավոր Հերովդեսը՝ իրեն փառավորելու և Հռոմի բարեհաճությունը շահելու նպատակով։ Հերովդեսը սկսեց նորոգել Զորաբաբելի տաճարը, ըստ երևույթին, մ.թ.ա. 18 կամ 17 թ.–ին։ Մի աշխատության մեջ հետևյալ բացատրությունն է տրվում. «Անտիկ շրջանում Արևմուտքի [Հռոմի] կայսերական իշխանությունը նախապատվություն էր տալիս.... ավելի մեծ տաճարների, քան իրենից դեպի արևելք ընկած քաղաքների տաճարներն էին» («The Anchor Bible Dictionary»)։ Սակայն Եհովայի տաճարի չափսերն արդեն հաստատված էին։ Վերոհիշյալ աշխատության մեջ նաև ասվում է. «Չնայած բուն Տաճարի չափսերը պետք է որ նույնը լինեին, ինչ նախորդներինը [Սողոմոնի և Զորաբաբելի տաճարներինը], Տաճարի բարձունք կոչվող մնացած տարածքի համար որոշակի չափսեր չէին սահմանվել»։ Փաստորեն, Հերովդեսը կարողացավ ընդլայնել տաճարը՝ ավելացնելով այն հատվածը, որը մեր օրերում կոչվում է հեթանոսների գավիթ։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ պիտի նման պատմություն ունեցող կառույցը իր նախատիպն ունենա Եհովայի հոգևոր տաճարում։
Չորրորդ՝ հեթանոսների գավիթ կարող էին մտնել բոլորը՝ կույր, կաղ և նույնիսկ անթլպատ մարդիկ (Մատթէոս 21։14, 15)։ Ճիշտ է, այդ գավիթը որոշակի նպատակի ծառայում էր. շատ անթլպատներ ցանկանում էին զոհ մատուցել Աստծուն։ Բացի այդ, երբեմն Հիսուսը հենց այնտեղ էր ելույթ ունենում մարդկանց առջև։ Նաև այդ գավիթից նա երկու անգամ քշեց փող փոխանակողներին ու վաճառականներին՝ ասելով, որ նրանք պղծում են իր Հոր տունը (Մատթեոս 21։12, 13; Յովհաննէս 2։14–16)։ Այնուամենայնիվ, համաձայն մի հանրագիտարանի, «դրսի այս գավիթը, խիստ ասած, Տաճարի մաս չէր կազմում («The Jewish Encyclopedia»)։ Նրա հողը սուրբ չէր, և այնտեղ կարող էր մտնել ցանկացած մեկը»։
Հինգերորդ՝ ինչպես ասվում է մեկ ուրիշ աշխատության մեջ, «տաճար» թարգմանված հունարեն «հիերոն» բառը, որն օգտագործվում է հեթանոսների գավիթի առնչությամբ, «վերաբերում է համալիրին ամբողջությամբ, և ոչ թե զուտ Տաճարի շենքին» («A Handbook on the Gospel of Matthew», Բարքլի Նյուման և Ֆիլիպ Սթայն)։ Մինչդեռ հունարեն «նաոս» բառը, որը Հովհաննեսի տեսած մեծ բազմության նկարագրության ժամանակ նույնպես թարգմանվում է որպես «տաճար», ավելի կոնկրետ նշանակություն ունի. այն համատեքստերում, որոնք տալիս են Երուսաղեմի տաճարի նկարագրությունը, այդ բառը սովորաբար վերաբերում է Սրբությունների Սրբությանը, տաճարի շենքին կամ էլ նրա շուրջ գտնվող տարածքին (Մատթէոս 27։5, 51; Ղուկաս 1։9, 21; Յովհաննէս 2։20)։
Մեծ բազմության անդամները հավատ են ցուցաբերում Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ։ Նրանք հոգևորապես մաքուր են, քանի որ «իրենց զգեստները լուաց[ել] ու սպիտակեցր[ել են] Գառան արիւնով»։ Ուստի այդ մարդիկ արդար են ճանաչվել և Աստծո բարեկամը դառնալու ու մեծ նեղությունից փրկվելու ակնկալիք ունեն (Յակոբոս 2։23, 25)։ Շատ հարցերում նրանք նման են Իսրայելում ապրող պրոզելիտներին, որոնք հպատակվում էին Օրենքի ուխտին և իրենց երկրպագությունը մատուցում իսրայելացիների հետ միասին։
Իհարկե, պրոզելիտները չէին ծառայում ներսի գավիթում, որտեղ քահանաները իրենց պարտականություններն էին կատարում։ Նմանապես՝ մեծ բազմությունը չի գտնվում Եհովայի մեծ հոգևոր տաճարի ներսի գավիթում։ Վերջինս խորհրդանշում է Աստծո «անարատ քահանայութ[յան]» անդամների կատարյալ և արդար այն վիճակը, որ նրանք վայելում են երկրի վրա՝ Աստծո հետ լինելով այնպիսի փոխհարաբերությունների մեջ, ինչպես որդին՝ իր հոր հետ (Ա Պետրոս 2։5)։ Համաձայն այն խոսքերի, որ երկնային երեցներից մեկն ասաց Հովհաննեսին՝ մեծ բազմությունը իրականում տաճարի տարածքի մեջ է և ոչ թե այնտեղից դուրս՝ մի տեղում, որ կհամապատասխաներ հեթանոսների գավիթին։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում։ Եվ որքա՜ն է դա շեշտում ամեն ժամանակ հոգևոր և բարոյական մաքրություն պահպանելու անհրաժեշտությունը։
[գծապատկեր/նկար 31–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Սողոմոնի տաճարը
1. Տաճարի շենքը
2. Ներսի գավիթ
3. Դրսի գավիթ
4. Դեպի Տաճարի գավիթը տանող սանդուղքը