Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/15 էջ 26–29
  • Դաս՝ Հռոմի պատմությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դաս՝ Հռոմի պատմությունից
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մասնակիցներն ու նրանց մարզումը
  • Մի օր՝ մրցասպարեզում
  • Հանդիսատեսների վրա թողած ազդեցությունը
  • Ինչ դաս կարող ենք քաղել
  • Մասսայական զվարճությունները առաջին դարում
    2007 Արթնացե՛ք
  • Հին մարզաձևեր. որքան կարևոր էր հաղթելը
    2004 Դիտարան
  • Եհովայի վկաները ինչպե՞ս են վերաբերվում թաղման արարողություններին
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Դուք «տեսարան» եք
    2001 Մեր թագավորական ծառայությունը
2002 Դիտարան
w02 6/15 էջ 26–29

Դաս՝ Հռոմի պատմությունից

«ԵԹԷ Եփեսոսի մէջ մարդոց նման գազաններու հետ մարտնչեցայ....»։ Ոմանց կարծիքով՝ Ա Կորնթացիս 15։32–ում (Արևմտ. Աստ.) գրված այս խոսքերը ցույց են տալիս, որ Պողոս առաքյալը դատապարտված է եղել հռոմեական մրցասպարեզի վրա կռվելու։ Անկախ այն բանից՝ այդպես է, թե ոչ, մրցասպարեզների վրա մինչ ի մահ մարտնչելը այդ ժամանակներում տարածված երևույթ էր։ Իսկ ի՞նչ է այդ մասին ասում պատմությունը։

Մենք՝ քրիստոնյաներս, ցանկանում ենք դաստիարակել մեր խիղճը Եհովայի չափանիշներով։ Դա կօգնի, որ կարողանանք որոշել, թե ժամանցի որ ձևերն են ընդունելի։ Այս կապակցությամբ՝ տեսնենք ինչ է մտածում Աստված բռնության մասին. «Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր» (Առակաց 3։31)։ Առաջին քրիստոնյաները առաջնորդվում էին այս խորհրդով, չնայած որ այն ժամանակվա հասարակությունը տարված էր հռոմեական գլադիատորների մրցումներով։ Եկեք քննենք, թե ինչ էր տեղի ունենում այդ մրցումների ժամանակ, և փորձենք դաս քաղել դրանից։

Մրցասպարեզ են դուրս գալիս երկու զինված գլադիատորներ։ Սրերի ու վահանների առաջին իսկ հարվածից՝ ամբոխը մոլեգին գոռում–​գոչյուններով սկսում է խրախուսել իր սիրելիին։ Մի խելագար պայքար է գնում։ Քիչ անց գլադիատորներից մեկը՝ վիրավոր և պայքարը շարունակելու անկարող, գցում է իր զենքերը ու ծնկի գալիս՝ այդպիսով ճանաչելով իր պարտությունը և ներում հայցելով։ Աղմուկ–​աղաղակը գնալով մեծանում է։ Ոմանք գոռալով պահանջում են ներում, մյուսները՝ մահ։ Բոլորն աչքերը հառել են կայսրին։ Վերջինս, հաշվի առնելով ամբոխի ցանկությունը, կա՛մ կազատի պարտված մարտիկին, կա՛մ էլ բութ մատը ներքև՝ նշան կանի, որ նրան սպանեն։

Հռոմեացիները շատ ոգևորված էին գլադիատորների մարտերով։ Երևի զարմանաք, եթե իմանաք, որ դրանք սկզբում անցկացվում էին հայտնի մարդկանց թաղման արարողությունների ժամանակ։ Ոմանց կարծիքով՝ այդ մրցությունները սկիզբ են առել ներկայիս Իտալիայի կենտրոնական մասերում ապրած ժողովուրդների՝ օսկերի և սամնիտների, մարդկանց զոհաբերելու սովորությունից, որ կատարվում էին մահացածների հոգիներին «խաղաղեցնելու» նպատակով։ Մրցամարտերը կոչվում էին «մունուս»՝ «նվեր» (հոգն.՝ «մուներա»)։ Հռոմում այս մրցությունները առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 264 թ.–ին, երբ երեք զույգ գլադիատորներ մարտի բռնվեցին եզների շուկայում։ Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի թաղման ժամանակ, 22 մենամարտ տեղի ունեցավ։ Պուբլիոս Լիկինիոսի թաղման ժամանակ էլ, իրար դեմ դուրս եկան 60 զույգ գլադիատորներ, իսկ մ.թ.ա. 65 թ. Հուլիոս Կեսարը մրցասպարեզ հանեց 320 զույգերի։

«Արիստոկրատների թաղման արարողությունները օգտագործվում էին քաղաքական նպատակներով,— ասում է պատմաբան Քեյթ Հոփքինսը,— թաղման ժամանակ անցկացվող խաղերը նույնպես քաղաքական նկատառումներով էին կազմակերպվում...., քանի որ դրանք մեծ ժողովրդականություն էին վայելում քաղաքացիների՝ ընտրողների շրջանում։ Գլադիատորական մարտերը գնալով ավելի շքեղ ձևով էին անցկացվում։ Դա հետևանք էր այն բանի, որ փառամոլ արիստոկրատները ջանում էին մեկը մյուսից առաջ անցնել»։ Օգոստոս կայսեր իշխանության շրջանում (մ.թ.ա. 27–14 թթ.) «մուներան» վերածվել էր մասսաներին մատուցվող մի շռայլ նվերի՝ զվարճության տեսքով, որը հարուստ պաշտոնյաները կազմակերպում էին իրենց քաղաքական կարիերան առաջ տանելու նպատակով։

Մասնակիցներն ու նրանց մարզումը

Հարց է ծագում՝ ովքեր էին գլադիատորները։ Ստրուկներ, ոճրագործներ, մահվան դատապարտվածներ, ռազմագերիներ, ինչպես նաև ազատ մարդիկ. վերջիններիս այդ քայլին մղում էր մոլեռանդությունը կամ էլ հարստության ու փառքի հասնելու ձգտումը։ Նրանց մարզում էին բանտանման դպրոցներում։ Մի գրքում ասվում է, որ մարզումների ժամանակ գլադիատորները «միշտ գտնվում էին պահակների հսկողության տակ, պարտավոր էին կարգ ու կանոն պահպանել՝ խստագույն օրենքների հնազանդվելով, և ենթարկվում էին առանձնապես դաժան պատժամիջոցների.... Նման վերաբերմունքը հաճախ հանգեցնում էր ինքնասպանությունների, ըմբոստությունների և ապստամբությունների» («Giochi e spettacoli»)։ Հռոմի ամենամեծ գլադիատորական դպրոցը ուներ առնվազն հազար հոգու համար նախատեսված խուցեր։ Մարտիկներից յուրաքանչյուրը մասնագիտանում էր մենամարտի որոշակի ոլորտում. ոմանք, զրահ հագած, կռվում էին թրով ու վահանով, ոմանք էլ՝ ցանցով ու եռաժանիով։ Կային նաև այնպիսինները, որոնց մարզում էին վայրի գազանների դեմ կռվելու համար. մեծ ժողովրդականություն վայելող՝ ծրագրի այս մասը կոչվում էր «որսորդություն»։ Գուցե Պողոսը հենց սա՞ էր հիշատակում իր խոսքերում։

Ցուցադրումների կազմակերպիչները դիմում էին հատուկ ձեռներեցների օգնությանը, որոնք հավաքագրում ու մարզում էին 17–18 տարեկան պատանիներին՝ գլադիատոր դառնալու համար։ Մարդկային կյանքի «առք ու վաճառքը» մեծ բիզնես էր դարձել։ Մի անգամ իր հաղթանակը տոնելու համար Տրայանոսը մի արտասովոր ցուցադրում կազմակերպեց, որի ժամանակ 10 000 գլադիատորներ ու 11 000 կենդանիներ ներկայացվեցին։

Մի օր՝ մրցասպարեզում

Առավոտյան ասպարեզը տրամադրվում էր որսորդներին։ Մրցաբեմ էին հանում ամեն տեսակի վայրի գազաններ։ Հատկապես մեծ խանդավառությամբ էր ընդունվում ցլի ու արջի մենամարտը։ Սովորաբար երկուսին կապում էին իրար, և վերջիններս կռվում էին այնքան ժամանակ, մինչև մեկը սատկեր, հետո՝ կենդանի մնացածին սպանում էր որսորդը։ Մեծ ժողովրդականություն էին վայելում նաև առյուծների ու վագրերի, փղերի ու արջերի միջև մարտերը։ Որսորդները ցուցադրում էին իրենց վարպետությունը կայսրության բոլոր ծայրերից բերված էկզոտիկ կենդանիներին (ընձառյուծներ, ռնգեղջյուրներ, գետաձիեր, ընձուղտներ, բորենիներ, ուղտեր, գայլեր, վարազներ, այծքաղներ) սպանելու գործում՝ անկախ այն բանից, թե տվյալ կենդանուն ձեռք բերելու համար որքան ծախսեր էին արվել։

Զանազան դեկորացիաները «անմոռանալի» էին դարձնում որոսորդության տեսարանները։ Անտառի տպավորություն ստեղծելու համար, օրինակ, օգտագործվում էին ժայռեր, արհեստական լճակներ ու ծառեր։ Որոշ մրցաբեմեր պատրաստվում էին այնպիսի մեխանիզմով, որ տպավորություն ստեղծվեր, թե կենդանին հրաշքով է հայտնվում այնտեղ. դա իրականացվում էր ստորգետնյա վերելակների և շարժական դռների օգնությամբ։ Հետաքրքրություն էր բորբոքում նաև այն հանգամանքը, որ նախապես հնարավոր չէր կանխատեսել կենդանու վարքագիծը։ Սակայն հանդիսատեսներինհատկապես գրավում էր որսորդության ժամանակ ցուցաբերվող դաժանությունը։

Ծրագրի հաջորդ մասը մահապատիժն էր։ Այն յուրահատուկ դարձնելու համար որոշակի ջանքեր էին գործադրվում։ Ներկայացվում էին առասպելական դրամաներ, որոնցում դերասանները իրականում մահանում էին։

Կեսօրին սկսվում էր մարտը գլադիատորների տարբեր խմբերի միջև, որոնք տարբեր ձևերով էին զինված ու մարտի տարբեր ոլորտներում էին մասնագիտացած։ Իսկ դիակները բեմից հեռացնող մարդկանցից ոմանք հագնվում էին ստորգետնյա աշխարհի աստծո նման։

Հանդիսատեսների վրա թողած ազդեցությունը

Ամբոխը չէր կշտանում մարտի տեսարաններից։ Դժկամությամբ բեմ դուրս ելնող մարտիկներին մտրակներով ու շիկացած երկաթով էին ստիպում անել այդ։ Իսկ ամբոխը գոռում էր. «Ի՞նչ է իրեն վախկոտի պես պահում։ Ի՞նչ է այդքան թույլ խփում։ Ի՞նչ է մահից վախենում։ Մտրակե՛ք դրան, որ կռվի։ Թո՛ղ իրար զարկեն ու տղամարդավայել դիմավորեն մահը»։ Հռոմեացի քաղաքական գործիչ Սենեկայի խոսքերով՝ ընդմիջումներից մեկի ժամանակ հայտարարվեց. «Այս ընթացքում մի քանի հոգու կոկորդ ենք կտրելու. այնպես որ զվարճանալու բան միևնույն է կլինի»։

Սենեկան գրում է, որ այնտեղից տուն եկավ «ավելի դաժան ու անմարդկային» դարձած, և դա զարմանալի չէ։ Արժե լրջորեն խորհել այդ անկեղծ խոստովանության շուրջ. կարո՞ղ է պատահել, որ այսօր նույնպես որոշ մրցումներ դիտելուց հետո հանդիսատեսը դառնա «ավելի դաժան ու անմարդկային»։

Ոմանք ուրախ էին, որ ընդհանրապես տուն էին վերադարձել. երբ հանդիսատեսներից մեկը սրամտեց Դոմենտիանոսի հասցեին, կայսրը հրամայեց, որ նրան տեղից հանեն ու գցեն շների բերանը։ Մեկ ուրիշ դեպքում՝ Կալիգուլայի հրամանով՝ գազանների առջև գցվեց հանդիսատեսների մի մասը, քանի որ մահվան դատապարտված հանցագործները քիչ էին։ Մի անգամ էլ, երբ բեմի մեխանիզմը չաշխատեց, Կլավդիոսը հրամայեց, որ դրա համար պատասխանատու մեխանիկները մրցասպարեզում կռվեն միմյանց դեմ։

Հանդիսատեսների մոլեռանդությունը նույնպես դժբախտությունների և ընդհարումների պատճառ էր դառնում։ Օրինակ՝ Հռոմի հյուսիսում գտնվող մի ամֆիթատրոն փուլ եկավ, և ըստ որոշ տեղեկությունների՝ հազարավոր մարդիկ զոհվեցին։ Իսկ մ.թ. 59 թ.–ին՝ ներկայացման ժամանակ, մեծ ընդհարում տեղի ունեցավ Պոմպեյ քաղաքում։ Տակիտոսը գրում է, որ բախում եղավ տեղացիների ու հարևան քաղաքից եկածների միջև. այն սկիզբ առավ վիրավորանքներից, հետո սկսեցին քար նետել իրար վրա և ապա անցան սրերին։ Ոմանք մարմնական վնասվածքներ ստացան, իսկ շատերը սպանվեցին։

Ինչ դաս կարող ենք քաղել

Վերջերս Հռոմի Կոլիզեումում տեղի ունեցավ մի ցուցադրում («Sangue e arena»), որն ասես ժամանակակից «մուներա» լիներ։ Այդ ցուցադրման ժամանակ ներկայացվեցին տեսահոլովակներ ցլամարտի, բռնցքամարտի, ավտոմոբիլային ու մոտոցիկլետային մրցարշավի ժամանակ տեղի ունեցած ահավոր վթարների, մրցումների ժամանակ իրար գազանաբար ծեծող ատլետների և երկրպագուների միջև տեղի ունեցող կռիվների մասին։ Վերջում ցուցադրվեց Կոլիզեումը՝ երկնքից նկարահանված։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կսովորեին այցելուները։ Քանի՞սը դաս կքաղեին դրանից։

Շների, աքլորների, ցլերի մարտերը և սպորտի այլ բռնի ձևեր այսօր ընդունված են շատ երկրներում։ Հսկա ամբոխներին հաճույք պատճառելու համար մարդիկ ռիսկի են ենթարկում իրենց կյանքը ավտոմոբիլային մրցարշավների ժամանակ։ Իսկ հեռուստատեսությամբ ամեն օր ցուցադրվող շոունե՞րը։ Արևմտյան երկրներից մեկում կատարված հետազոտություններից պարզ դարձավ, որ երեխան մինչև տաս տարեկան դառնալը հասցնում է հեռուստատեսությամբ տեսնել, միջին հաշվով, սպանության 10 000 և ագրեսիայի 100 000 տեսարաններ։

Երրորդ դարի գրող Տերտուլիանոսի խոսքերով՝ գլադիատորական ցուցադրումները «համատեղելի [չէին] ճշմարիտ քրիստոնեության և Աստծո հանդեպ իսկական հնազանդություն ցուցաբերելու հետ»։ Նրա կարծիքով՝ նման խաղերին հաճախել՝ նշանակում էր մասնակից լինել կատարվող սպանություններին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Կարող ենք հարց տալ ինքներս մեզ. «Չե՞մ դիտում արդյոք արյունահեղության, սպանության և բռնության այլ տեսարաններ հեռուստատեսությամբ կամ ինտերնետով»։ Արժե հիշել Սաղմոս 11։5–ում (Արևմտ. Աստ.) գրված խոսքերը. «Տէրը կքննէ արդարը. բայց անոր անձը կ’ատէ ամբարիշտը ու բռնութիւն սիրողը»։

[շրջանակ 28–րդ էջի վրա]

Մարտեր՝ «մահացածներին խաղաղեցնելու» համար

Գլադիատորական մարտերի ծագման մասին երրորդ դարի գրող Տերտուլիանոսն ասում է. «Հնում ապրած մարդիկ կարծում էին, թե նման ցուցադրումներով ծառայություն են մատուցում մահացածին։ Հետագայում նրանք այդ դաժանությանը ավելի «քաղաքակիրթ» տեսք տվեցին։ Հավատալով, որ մահացածների հոգիներին կարելի էր խաղաղեցնել մարդու արյուն թափելով՝ նրանք թաղման արարողության ժամանակ զոհաբերում էին գերիների կամ էժանագին ստրուկների։ Հետագայում նրանք տեսան, որ արժե քողարկել այդ ամբարիշտ արարքը՝ այն ներկայացնելով որպես դիտելու արժանի մի բան։ Ուստի սկսեցին նախապատրաստել տվյալ անհատներին՝ այդ նպատակով նրանց զինելով այն ժամանակ մատչելի զենքերով և հնարավորին չափ լավ մարզումների ենթարկելով նրանց. այդ մարդկանց սովորեցնում էին, թե ինչպես կարելի է սպանվել, իսկ հետո իրականացնում էին սպանությունը որևէ՝ նախապես որոշված թաղման արարողության ժամանակ, գերեզմանների մոտ։ Այդպիսով նրանք խաղաղեցնում էին մահացածներին։ Ահա թե որտեղից է սկիզբ առել «մունուսը»։ Ժամանակի ընթացքում այդ արարողությունը ծաղկեցվեց և ի վերջո «նրբաճաշակ ներկայացման» տեսք ստացավ. տոնակատարությունը լիարժեք չէր լինի, մինչև որ վայրի գազանները նույնպես իրենց մասնակցությունը չունենային մարդու մարմինը պատառ–​պատառ անելու գործում։ Այն, ինչ առաջարկվում էր մահացածներին խաղաղեցնելու համար, դիտվում էր որպես թաղման արարողություն»։

[նկար 27–րդ էջի վրա]

Սաղավարտ և սրնքակալ, որ հնում կրում էին գլադիատորները

[նկարներ 29–րդ էջի վրա]

Հնում քրիստոնյաները անընդունելի էին համարում ժամանցի բռնի ձևերը։ Իսկ դո՞ւք...

[թույլտվությամբ]

Boxing: Dave Kingdon/Index Stock Photography; car crash: AP Photo/Martin Seppala

[նկար 26–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Phoenix Art Museum, Arizona/Bridgeman Art Library

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը