Եհովայի ճանապարհներով քայլելը մեծ վարձատրություն է բերում
Երբևէ գնացե՞լ եք լեռները՝ արշավի։ Ասես աշխարհի «կատարին» հասած լինեիք, այնպես չէ՞։ Օդը մաքուր էր, աչքի առջև հրաշալի տեսարան էր սփռվում։ Դուք արբեցած էիք բնության գեղեցկությամբ։ Առօրյա հոգսերը, որ թողել էիք ներքևում, գուցե թվում էին աննշան։
Մեզնից քչերն են նման արշավների գնացել։ Սակայն, եթե նվիրված քրիստոնյաներ ենք, ուրեմն արդեն որոշ ժամանակ է, ինչ լեռներում ենք՝ հոգևոր իմաստով։ Հնում ապրած սաղմոսերգուի նման անշուշտ աղոթած կլինեք. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները» (Սաղմոս 25։4)։ Հիշո՞ւմ եք՝ ինչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ բարձրացաք Եհովայի «տան սարը» և սկսեցիք քայլել այդ «բարձրադիր տեղանքով» (Միքիա 4։2; Ամբակում 3։19)։ Անկասկած շուտով հասկացաք, որ ճշմարիտ երկրպագության այդ վեհ ճանապարհներով քայլելը ձեզ պաշտպանվածություն և ուրախություն է տալիս, և նույն զգացումներն ապրեցիք, ինչ սաղմոսերգուն, որն ասել է. «Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կ’գնան» (Սաղմոս 89։15)։
Սակայն արշավի գնացած մարդիկ երբեմն ստիպված են լինում հաղթահարել զառիթափ ճանապարհների դժվարությունները։ Նրանց ոտքերը սկսում են ցավել հոգնածությունից։ Նույնը կարող է պատահել մեզ հետ. ծառայության մեջ կարող ենք բախվել դժվարությունների հետ և գուցե դանդաղեցնենք մեր ընթացքը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք վերագտնել մեր ուրախությունն ու եռանդը։ Առաջին հերթին՝ հարկավոր է ընդունել, որ Եհովայի ճանապարհները ամենավեհ ճանապարհներն են։
Եհովայի վեհ օրենքները
Եհովայի ճանապարհները ‘բարձր են մարդկանց ճանապարհներից’։ Նրա երկրպագությունը ‘հաստատվել է սարերի գլխին և բարձրացել բլուրներից’ (Եսայիա 55։9; Միքիա 4։1)։ Իսկ Եհովայի իմաստությունը ‘վերին իմաստություն’ է (Յակոբոս 3։17)։ Նրա օրենքները գերազանցող օրենք չկա։ Օրինակ՝ այն ժամանակ, երբ քանանացիները դաժանաբար երեխաներ էին զոհաբերում, իսրայելացիները այնպիսի օրենքների էին հետևում, որոնցում արտացոլվում էին բարձր բարոյականությունն ու կարեկցանքը. այդ օրենքները տվել էր Եհովան։ Նա պատվիրել էր. «Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր....։ Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան» (Ղեւտացոց 19։15, 34)։
Եհովայի ‘փառավոր օրենքը’ ավելի լավ պարզաբանեց Հիսուսը տասնհինգ դար անց (Եսայիա 42։21)։ Լեռան քարոզում նա ասաց իր աշակերտներին։ «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին.... եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է» (Մատթէոս 5։44, 45)։ «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց,— ավելացրեց նա,— որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները» (Մատթէոս 7։12)։
Այդ վեհ օրենքները արձագանք են գտնում զգայուն մարդկանց սրտերում՝ մղելով նրանց ընդօրինակել Աստծուն (Եփեսացիս 5։1; Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Փորձենք պատկերացնել, թե ինչ փոփոխություն տեղի ունեցավ Պողոսի հետ։ Աստվածաշնչում նա սկզբում ներկայանում է որպես Ստեփանոսի սպանության «կամակից» և «եկեղեցուն շատ վնաս» հասցնող։ Սակայն հետո տեսնում ենք, որ ընդամենը մի քանի տարի անց նա դառնում է այնպիսի մի մարդ, որն այնքան մեղմ էր վարվում թեսաղոնիկեցի քրիստոնյաների հետ, ասես լիներ «մի մայր, որ սնում է իր զավակներին»։ Աստծո կողմից ստացած կրթությունը նախկինում քրիստոնյաներին հալածող Պողոսին հոգատար քրիստոնյա դարձրեց (Գործք 8։1, 3; Ա Թեսաղոնիկեցիս 2։7, ԱՆԹ)։ Նա, անկասկած, երախտապարտ էր այն բանի համար, որ Քրիստոսի ուսուցումները ձևավորեցին նրան՝ դարձնելով նոր անձնավորություն (Ա Տիմոթէոս 1։12, 13)։ Իսկ ինչպե՞ս կարող է նման երախտագիտությունը մեզ օգնել, որ շարունակենք քայլել Աստծո վեհ ճանապարհներով։
Քայլել՝ երախտագիտության զգացումով
Արշավի գնացած մարդիկ հիանում են վերևից բացվող տպավորիչ տեսարաններով։ Նրանք սովորում են ուրախանալ ճանապարհին հանդիպած ամեն մի փոքր բանով. լինի դա արտասովոր քար, գեղեցիկ ծաղիկ, թե ինչ–որ կենդանի։ Հոգևոր առումով ևս՝ մենք պետք է կարողանանք նկատել այն մեծ ու փոքր օրհնությունները, որ ստանում ենք Աստծո հետ քայլելուց։ Դա նոր լիցք կհաղորդի մեզ և հոգնեցուցիչ ճանապարհը թարմություն պատճառող զբոսանքի կվերածի։ Այդ դեպքում մենք Դավիթի նման մղված կլինենք ասելու. «Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում» (Սաղմոս 143։8)։
Մերին, որ տարիներ շարունակ քայլել է Եհովայի ճանապարհներով, ասում է. «Երբ դիտում եմ Աստծո գործերը, բարդ կառուցվածք ունեցող ստեղծագործությունների հետևում տեսնում եմ նրա սիրառատ հատկությունները։ Լինի դա կենդանի, թռչուն, թե միջատ, յուրաքանչյուրը մի առանձին աշխարհ է՝ հրաշալիքներով լի։ Նույնանման հաճույք կարելի է ստանալ հոգևոր ճշմարտություններից, որոնք տարեցտարի ավելի հստակ են դառնում»։
Իսկ ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր երախտագիտությունը։ Մասամբ նրանով, որ սովորական աչքով չնայենք այն ամենին, ինչ Եհովան արել է մեզ համար։ «Անդադար աղօթեցէ՛ք,— գրում է Պողոսը,— ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։17, 18; Սաղմոս 119։62)։
Անձնական ուսումնասիրությունը նույնպես կարող է օգնել մեզ երախտագիտության ոգի զարգացնել։ Պողոսը հորդորեց կողոսացի քրիստոնյաներին՝ ասելով. «Ընթացէ՛ք նրանով [Հիսուս Քրիստոսով]...., աճէք նրա մէջ գոհութեամբ» (Կողոսացիս 2։6, 7)։ Կարդալով Աստվածաշունչը և խորհրդածելով կարդացածի շուրջ՝ կարող ենք զորացնել մեր հավատը և ավելի մտերմանալ Աստվածաշնչի Հեղինակի հետ։ Այդ գրքի էջերում գանձեր կան, որ կարող են օգնել մեզ ‘աճել գոհությամբ’։
Մեր «ճանապարհը» հեշտանում է նաև նրանով, որ Եհովային ծառայում ենք մեր եղբայրների հետ։ Ահա թե ինչ է ասել սաղմոսերգուն իր մասին. «Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում են քեզանից» (Սաղմոս 119։63)։ Եղբայրների հետ բազում երջանիկ պահեր ենք անցկացրել՝ համաժողովների ժամանակ կամ այլ առիթներով։ Իր գոյությամբ մեր համաշխարհային քրիստոնեական ընտանիքը պարտական է Եհովային ու նրա վեհ ճանապարհներին, և մենք ընդունում ենք այդ (Սաղմոս 144։15 բ)։
Ոչ միայն երախտագիտությունը, այլև պատասխանատվության զգացումը կարող է ուժ տալ մեզ, որ շարունակենք քայլել Եհովայի ճանապարհներով։
Քայլել՝ պատասխանատվության զգացումով
Արշավի գնացող մարդուն պատասխանատվության զգացում է հարկավոր, որպեսզի նա չկորի, կամ որպեսզի հեռու մնա վտանգավոր տեղերից։ Նույնը և մենք. քանի որ ազատ կամք ունենք, Եհովան մեզ հարաբերական ազատություն է տալիս և որոշումներ կայացնելու իրավունք։ Բայց այդ ազատությունը իր հետ նաև պատասխանատվություն է բերում։
Եհովան իր ծառաներից ակնկալում է, որ իրենց պարտականությունները պատասխանատվության զգացումով կատարեն։ Նա չի սահմանել, թե որքան ուժ և ժամանակ պետք է տրամադրենք քրիստոնեական ծառայությանը կամ ինչ չափի ֆինանսական և այլ զոհաբերություններ կատարենք։ Կորնթացիներին ուղղված իր նամակում Պողոսը գրել է. «Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով». այդ խոսքերը կիրառելի են նաև մեզ համար (Բ Կորնթացիս 9։7; Եբրայեցիս 13։15, 16)։
Բացի այդ, պատասխանատվության զգացումը դրդում է, որ ուրիշներին պատմենք բարի լուրը։ Մեր պատասխանատվության զգացումը երևում է նաև այն բանից, որ նվիրատվություններ ենք կատարում Թագավորության համաշխարհային գործին նպաստելու համար։ Գերհարդ անունով մի երեց պատմում է, որ Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած մի համաժողով այցելելուց հետո ինքն ու կինը բավական մեծացրին իրենց նվիրատվությունների չափը։ «Մենք տեսանք, թե ինչքան շատ էին գնահատում մեր գրականությունը այնտեղի եղբայրները, որ այնքան սուղ նյութական հնարավորություններ ունեին — ասում է նա,— ուստի որոշեցինք հնարավորին չափ շատ զոհաբերել ուրիշ երկրներում ապրող մեր կարիքավոր եղբայրներին օգնելու համար»։
Մեծացնելով մեր տոկունությունը
Արշավի գնալու համար տոկունություն է հարկավոր։ Այդ իսկ պատճառով՝ լեռներ գնացողները հնարավորության դեպքում վարժություններ են կատարում, փորձում են շատ քայլել, որպեսզի նախապատրաստվեն երկար ճանապարհ գնալուն։ Նմանապես՝ Պողոսը խորհուրդ տվեց, որ շարունակենք զբաղված մնալ աստվածապետական գործունեությամբ, որպեսզի կարողանանք պահպանել մեր հոգևոր առողջությունը։ Պողոսի խոսքերով՝ այն մարդիկ, ովքեր ցանկանում են քայլել «Տիրոջն արժանի» կերպով և «զօրացած» լինել, պետք է «բոլոր բարի գործերում պտղաբեր» լինեն (Կողոսացիս 1։10, 11)։
Տոկունությանը նպաստում է նպատակակետին հասնելու ձգտումը։ Ինչպե՞ս։ Որևէ կոնկրետ նշանակետ ունենալը, ինչպես օրինակ՝ դեպի հեռվում գտնվող սարը ուղղություն վերցնելը, կարող է մղիչ ուժ հանդիսանալ։ Եվ երբ արշավի գնացողը հասնի ճանապարհի ինչ–որ մի հատվածի, իր նշանակետով կկարողանա չափել իր առաջընթացը։ Ետ նայելով ու տեսնելով, թե որքան է անցել՝ նա կլցվի գոհունակության զգացումով։
Նմանապես՝ հավիտենական կյանքի հույսը ամրացնում է մեզ՝ մղիչ ուժ հանդիսանալով մեզ համար (Հռովմայեցիս 12։12)։ Քայլելով Եհովայի ճանապարհներով՝ բավարարվածություն ենք զգում, երբ հոգևոր նպատակներ ենք դնում և հետո հասնում դրանց։ Իսկ ինչպիսի՜ ուրախություն ենք ստանում, երբ նայելով ծառայության մեջ անցկացված տարիներին՝ տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ ենք կատարել մեր մեջ (Սաղմոս 16։11)։
Արշավի գնացողները որոշակի կանոնավորված տեմպով են քայլում, որպեսզի կարողանան տարածություններ անցնել՝ առանց ուժերը վատնելու։ Նույն ձևով էլ մենք. կանոնավորապես ժողովների հաճախելով և քարոզչական ծառայության մասնակցելով՝ կկարողանանք անշեղորեն քայլել դեպի մեր նշանակետը։ Պողոսը խրախուսում էր իր հավատակիցներին. «Նո՛յն կանոնի համաձայն ընթանանք» (Փիլիպպեցիս 3։16)։
Եհովայի ճանապարհներով, ինչ խոսք, մենք մենակ չենք քայլում։ «Իրարու հոգ տանինք՝ սիրոյ եւ բարեգործութեան մղելով» (Եբրայեցիս 10։24, Արևմտ. Աստ.)։ Մեզ հետ քայլող հավատակիցների՝ լավ և հոգևորապես առողջ ընկերակցությունը կօգնի, որ պահպանենք մեր տեմպը (Առակաց 13։20)։
Եվ ամենակարևորը՝ երբեք չպետք է մոռանանք, որ Եհովան զորացնում է մեզ։ Նրանք, ում զորությունը Եհովան է, «զօրութենէ զօրութիւն պիտի երթան» (Սաղմոս 84։5, 7, Արևմտ. Աստ.)։ Թեև ժամանակ առ ժամանակ ստիպված կլինենք «դժվարանցանելի տարածքներ» հաղթահարել, սակայն Եհովայի օգնությամբ կկարողանանք անել այդ։