Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 10/15 էջ 13–18
  • Եհովան հոգ է տանում ձեր մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան հոգ է տանում ձեր մասին
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան ջանում է օգնել մեզ
  • Եհովան դեպի իրեն է ձգում իր ժողովրդին
  • Անհրաժեշտ է փնտրել Եհովային
  • Եհովան պետք է իրական լինի մեզ համար
  • Զգո՞ւմ ես Եհովայի հոգատարությունը
  • Շարունակիր փնտրել Եհովային
  • Ապրիր Աստծուն հաճելի կյանքով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • «Հույսդ Եհովայի վրա դիր»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2002 Դիտարան
w02 10/15 էջ 13–18

Եհովան հոգ է տանում ձեր մասին

«Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա ՊԵՏՐՈՍ 5։7)։

1. Ի՞նչ մեծ տարբերություն գոյություն ունի Եհովայի ու Սատանայի միջև։

ԵՀՈՎԱՅԻ ու Սատանայի միջև գոյություն ունի շատ մեծ տարբերություն. դեպի Եհովան ձգտող ցանկացած անհատ Սատանայի կողմից միայն հակառակության կհանդիպի։ Այս տարբերությունը ցույց է տրվում մի աշխատության մեջ։ Ահա թե ինչ է ասվում մի հանրագիտարանում Սատանայի գործունեության առնչությամբ, որ երևան է գալիս Աստվածաշնչի «Յոբ» գրքից. «Սատանայի նպատակն է շրջել աշխարհով մեկ և փնտրել այնպիսի անհատների, որոնց կարելի է մեղադրել չարագործության մեջ, կամ՝ ուշադրություն դարձնել չար արարքների վրա։ Հակառակ դրան՝ «Տիրոջ աչքերը» զննում են երկիրը՝ ուժ տալու համար բոլոր նրանց, ովքեր բարի են (Բ Մնացորդաց 16։9)։ Սատանան արհամարհանքով է վերաբերվում այն բանին, որ մարդիկ պատրաստ են բարին գործել անշահախնդրորեն։ Եվ նա թույլտվություն ունի դա ստուգելու, բայց՝ Աստծո հսկողության տակ և նրա կողմից դրված սահմանների շրջանակներում» («Encyclopædia Britannica», 1970 թ.)։ Իրոք որ, ինչպիսի՜ տարբերություն այդ երկու անձնավորությունների միջև (Յոբ 1։6–12; 2։1–7)։

2, 3. ա) Հոբի հետ պատահածից ինչպե՞ս է երևան գալիս «բանսարկու» թարգմանված հունարեն բառի տեղին լինելը։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշնչից երևում, որ Սատանան շարունակում է ամբաստանել Եհովայի երկրային ծառաներին։

2 «Բանսարկու» թարգմանված հունարեն բառը նշանակում է «կեղծ մեղադրանքներ ուղղող» կամ «զրպարտող»։ Ինչպես երևում է «Յոբ» գրքից, Սատանան կեղծ մեղադրանքներ ուղղեց Եհովայի հավատարիմ ծառա Հոբի դեմ՝ ասելով, թե վերջինս ծառայում է նրան շահադիտական նպատակներով։ «Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ»,— հայտարարել էր նա (Յոբ 1։9)։ Նույն գրքից պարզ է դառնում նաև, որ Հոբը, չնայած հալածանքներին ու փորձություններին, նույնիսկ ավելի մտերմացավ Եհովայի հետ (Յոբ 10։9, 12; 12։9, 10; 19։25; 27։5; 28։28)։ Իր չարչարանքներից հետո նա ասաց Աստծուն. «Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ» (Յոբ 42։5)։

3 Դադարեցրե՞լ է արդյոք Սատանան մեղադրանքներ ուղղել Աստծո հավատարիմ ծառաների դեմ Հոբի ժամանակներից ի վեր։ Ո՛չ։ «Յայտնութիւն» գրքից երևում է, որ այսօր՝ վերջին ժամանակներում, Սատանան շարունակում է ամբաստանել Քրիստոսի օծյալ եղբայրներին և, իհարկե, նրանց հավատարիմ գործակիցներին (Բ Տիմոթէոս 3։12; Յայտնութիւն 12։10, 17)։ Ուստի անհրաժեշտ է, որ մենք՝ ճշմարիտ քրիստոնյաներս, հնազանդվենք մեր հոգատար Աստծուն՝ Եհովային, և ծառայենք նրան՝ խոր սիրուց մղված։ Այդպես մենք կփաստենք, որ Սատանայի մեղադրանքները կեղծ են, ու բացի այդ, կուրախացնենք Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։

Եհովան ջանում է օգնել մեզ

4, 5. ա) Ի տարբերություն Սատանայի՝ ի՞նչ է Եհովան փնտրում երկրի վրա։ բ) Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք վայելել Եհովայի բարեհաճությունը։

4 Բանսարկուն շրջում է երկրով մեկ՝ ամբաստանելու և կործանելու նպատակով (Յոբ 1։7, 9; Ա Պետրոս 5։8)։ Ի տարբերություն նրա՝ Եհովան ջանում է օգնել ու զորացնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ահա թե ինչ էր ասել Անանի մարգարեն Ասա թագավորին. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Ինչպիսի՜ տարբերություն Սատանայի՝ ատելությամբ լի քննադատական մոտեցման ու Եհովայի՝ սիրով թելադրված հոգատարության միջև։

5 Եհովան չի լրտեսում մեզ՝ տեսնելու համար ամեն մի սխալ կամ բացթողում։ Սաղմոսերգուն գրում է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Ոչ ոք (Ժողովող 7։20)։ Եթե ամբողջ սրտով մոտենանք Եհովային, նրա «աչքերը կլինեն» նաև մեզ վրա՝ ոչ թե դատապարտելու, այլ մեր ջանքերը նկատելու և օգնություն ու ներում ստանալու վերաբերյալ մեր աղոթքներին պատասխանելու։ Պետրոս առաքյալը գրում է. «Տէրոջը աչքերը արդարներուն վրայ են ու իր ականջները՝ անոնց աղօթքին. բայց Տէրոջը երեսը չարագործներուն դէմ է» (Ա Պետրոս 3։12, Արևմտ. Աստ.)։

6. Ինչպե՞ս է Դավիթի օրինակը մեզ համար թե՛ մխիթարություն, թե՛ նախազգուշացում հանդիսանում։

6 Դավիթը, օրինակ, մեղավոր մարդ էր և լուրջ մեղքեր էր գործել (Բ Թագաւորաց 12։7–9)։ Բայց նա իր սիրտը բացեց Եհովայի առջև և մոտեցավ նրան՝ ջերմեռանդորեն աղոթելով (Սաղմոս 51։1–12, տե՛ս նաև ենթախորագիրը)։ Եհովան լսեց նրա աղոթքը ու ներեց նրան։ Պետք է նշել, սակայն, որ Դավիթը կրեց իր մեղքի տհաճ հետևանքները (Բ Թագաւորաց 12։10–14)։ Սա մեզ համար թե՛ մխիթարություն է, թե՛ նախազգուշացում։ Մխիթարական է իմանալ, որ եթե իսկապես զղջանք, Եհովան պատրաստ կլինի ներել մեր մեղքերը։ Իսկ նախազգուշացում է այն առումով, որ մեղքը հաճախ լուրջ հետևանքներ կարող է ունենալ (Գաղատացիս 6։7–9)։ Եթե ցանկանում ենք մտերմանալ Աստծո հետ, պետք է աշխատենք հեռու մնալ նրան տհաճություն պատճառող բաներից (Սաղմոս 97։10)։

Եհովան դեպի իրեն է ձգում իր ժողովրդին

7. Ինչպիսի՞ մարդկանց է Եհովան նկատում և ինչպե՞ս է նրանց բերում դեպի իրեն։

7 Իր սաղմոսներից մեկում Դավիթը գրել էր. «Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը [«խոնարհը», Արևմտ. Աստ.]. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին» (Սաղմոս 138։6)։ Մեկ ուրիշ սաղմոսում էլ ասվում է. «Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։ Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։ Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը» (Սաղմոս 113։5–7)։ Այո՛, Տիեզերքի ամենակարող Արարիչը խոնարհվում է և դիտում երկիրը. նրա աչքերը տեսնում են «խոնարհ[ին]», «խեղճին»՝ այն մարդուն, որը «հառաչում եւ ողբում [է].... բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։ Իր Որդու միջոցով նա դեպի իրեն է բերում այդպիսի մարդկանց։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ասել էր. «Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան.... Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ իմ Հօրիցը տրուած չ’լինի նորան» (Յովհաննէս 6։44, 66)։

8, 9. ա) Ինչո՞ւ բոլորս էլ կարիք ունենք Հիսուսին մոտենալու։ բ) Ի՞նչն է ուշագրավ քավիչ զոհաբերության առնչությամբ։

8 Բոլոր մարդիկ պետք է մոտենան Հիսուսին և հավատ ցուցաբերեն նրա քավիչ զոհաբերության հանդեպ, քանի որ ի ծնե մեղավոր են և Աստծուց օտարացած (Յովհաննէս 3։36)։ Հարկավոր է հաշտվել Աստծո հետ (Բ Կորնթացիս 5։20)։ Աստված չսպասեց, մինչև մեղավոր մարդիկ աղերսեն, որ նա միջոցներ ձեռնարկի իրենց հետ հաշտվելու։ Պողոս առաքյալը գրել է. «Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռաւ.... Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը» (Հռովմայեցիս 5։8, 10)։

9 Իսկ Հովհաննես առաքյալը հաստատեց այն վեհ ճշմարտությունը, որ Աստված հաշտվել է մարդկության հետ՝ ասելով. «Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար» (Ա Յովհաննէս 4։9, 10)։ Առաջին քայլը կատարեց Աստված, և ոչ թե մարդիկ։ Մի՞թե չես մղվում մոտենալու մի Աստծո, որն այդքան մեծ սեր է ցուցաբերել «մեղաւոր[ների]» հանդեպ, որ նաև նրա «թշնամի[ներն]» էին (Յովհաննէս 3։16)։

Անհրաժեշտ է փնտրել Եհովային

10, 11. ա) Ի՞նչ պետք է անենք Եհովային փնտրելու համար։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Սատանայի չար համակարգին։

10 Իհարկե, Եհովան չի ստիպում մեզ մոտենալ իրեն։ Մենք պետք է փնտրենք նրան, «խարխափելով զինք գտնեն[ք]. թէպէտեւ մեր ամէն մէկէն ալ հեռու չէ» (Գործք 17։27, Արևմտ. Աստ.)։ Հարկավոր է ընդունել, որ Եհովան իրավունք ունի հնազանդություն պահանջելու։ Հակոբոս աշակերտը գրել է. «Հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։ Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ» (Յակոբոս 4։7, 8)։ Մենք չպետք է վարանենք Եհովայի կողմը դիրք բռնելու և Սատանային դիմակայելու հարցում։

11 Իսկ դա նշանակում է, որ հեռու պիտի մնանք Սատանայի չար համակարգից։ Հակոբոսը նաև գրել է. «Չ’գիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ» (Յակոբոս 4։4)։ Եվ ընդհակառակը՝ եթե ցանկանում ենք լինել Եհովայի բարեկամը, ապա պատրաստ պետք է լինենք Սատանայի աշխարհի կողմից ատելության արժանանալու (Յովհաննէս 15։19; Ա Յովհաննէս 3։13)։

12. ա) Մխիթարական ի՞նչ խոսքեր գրեց Դավիթը։ բ) Ինչի՞ մասին նախազգուշացրեց Եհովան Ազարիա մարգարեի միջոցով։

12 Հատկապես անհրաժեշտ է աղոթքով մոտենալ Եհովային և օգնություն խնդրել նրանից այն ժամանակ, երբ որևէ առանձնահատուկ հակառակության ենք հանդիպում Սատանայի աշխարհի կողմից։ Դավիթը, որ այդքան շատ էր տեսել Եհովայի փրկությունը, մեր մխիթարության համար գրել է հետևյալը. «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։ Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ» (Սաղմոս 145։18–20)։ Այս սաղմոսը ցույց է տալիս, որ Եհովան կարող է փրկել մեզ փորձությունների ժամանակ՝ անհատապես, և որ նա կփրկի ողջ իր ժողովրդին ‘մեծ նեղությունից’ (Յայտնութիւն 7։14)։ Եհովան մոտիկ կլինի մեզ, եթե մենք մոտիկ լինենք նրան։ Աստծո ոգու առաջնորդությամբ Ազարիա մարգարեն հայտնեց հետևյալ անհերքելի ճշմարտությունը. «Տէրը ձեզ հետ կ’լինի, քանի որ դուք նորա հետ էք. եւ եթէ դուք նորան որոնէք, կը գտնէք նորան, իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կ’ձգէ» (Բ Մնացորդաց 15։1, 2)։

Եհովան պետք է իրական լինի մեզ համար

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովան իրական է մեզ համար։

13 Պողոս առաքյալը գրեց Մովսեսի մասին, որ նա «համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27)։ Ինչ խոսք, Մովսեսն իրականում Եհովային երբեք չէր տեսել (Ելից 33։20)։ Բայց Եհովան այնքան իրական էր նրա համար, որ Մովսեսը կարծես տեսնում էր նրան։ Նույնը և Հոբը. փորձություններից հետո նա հավատի «աչքերով» ավելի պարզ տեսավ Եհովային՝ հասկանալով, որ Աստված թույլ է տալիս իր հավատարիմ ծառաներին փորձվելու, բայց երբեք չի լքում նրանց (Յոբ 42։5)։ Իսկ Ենովքի և Նոյի մասին ասվել էր, որ նրանք ‘քայլեցին Աստծո հետ’։ Նրանք արեցին դա՝ ջանալով հաճեցնել Եհովային և հնազանդվել նրան (Ծննդոց 5։22–24; 6։9, 22 Արևմտ. Աստ.; Եբրայեցիս 11։5, 7)։ Եթե Եհովան մեզ համար նույնքան իրական է, որքան Նոյի, Ենովքի, Հոբի ու Մովսեսի, ապա մենք էլ «բոլոր ճանապարհներումը [կճանաչենք] նորան, եւ նա կ’ուղղէ [մեր] ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։

14. Ի՞նչ իմաստ է կրում «Եհովային հարել» արտահայտությունը։

14 Իսրայելացիների՝ Ավետյաց երկիր մտնելուց անմիջապես առաջ Մովսեսը տվեց նրանց հետևյալ խորհուրդը. «Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք» (Բ Օրինաց 13։4)։ Նրանք պետք է հետևեին Եհովային, վախենային նրանից, հնազանդվեին ու հարեին նրան։ «Յարել» թարգմանված բառի առնչությամբ մի աստվածաշնչյան վերլուծաբան ասում է. «[Այդ բառը եբրայերեն] լեզվում մատնանշում է շատ մտերիմ հարաբերություններ»։ Սաղմոսերգուն ասել է. «Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից» (Սաղմոս 25։14)։ Մենք նույնպես կարող ենք Եհովայի հետ այսպիսի մտերիմ հարաբերություններ ունենալ, որ շատ թանկ են։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե նա իրական լինի մեզ համար, ու եթե այնքան սիրենք նրան, որ ակնածանքից մղված՝ խուսափենք նրան տհաճություն պատճառող ցանկացած բանից (Սաղմոս 19։9–14)։

Զգո՞ւմ ես Եհովայի հոգատարությունը

15, 16. ա) Ինչպե՞ս է Սաղմոս 34–ից երևում, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։ բ) Ի՞նչ պետք է անենք, եթե դժվարանում ենք հիշել, թե ինչ բարի գործեր է արել Եհովան մեզ համար։

15 Սատանան փորձում է այնպես անել, որ մոռանանք, որ մեր Աստվածը՝ Եհովան, միշտ հոգ է տանում իր հավատարիմ ծառաների մասին. դա Բանսարկուի խարդավանքներից մեկն է։ Նույնիսկ ամենավտանգավոր պահերին Իսրայելի Դավիթ թագավորը հիշում էր, որ Եհովան զորություն ունի փրկելու։ Այն ժամանակ, երբ Դավիթը Գեթի Անքուս թագավորի մոտ իրեն ստիպված խելագար էր ձևացնում, նա գրեց մի երգ՝ մի շատ գեղեցիկ սաղմոս, որտեղ կային հավատի մասին վկայող հետևյալ խոսքերը. «Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։ Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։ Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։ Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին։ Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34։3, 4, 7, 8, 18, 19; Ա Թագաւորաց 21։10–15)։

16 Իսկ դու վստա՞հ ես արդյոք, որ Եհովան զորություն ունի փրկելու։ Գիտե՞ս, որ նա հրեշտակների միջոցով պաշտպանում է մեզ։ Արդյոք անձամբ փորձե՞լ ես ու տեսել, որ Տերը բարի է։ Ե՞րբ ես վերջին անգամ զգացել, որ նա առանձնահատուկ կերպով բարություն է ցուցաբերել ձեր հանդեպ։ Փորձիր հիշել... Գուցե այն ժամանակ, երբ ծառայության մեջ էիր ու թակում էիր վերջին դուռը՝ մտածելով, որ այլևս ի վիճակի չես որևէ բան անելու։ Սակայն տանտիրոջ հետ մի շատ հաճելի խոսակցություն տեղի ունեցավ... Իսկ հետո շնորհակալություն հայտնեցի՞ք Եհովային անհրաժեշտ զորությունը տալու և ձեզ օրհնելու համար (Բ Կորնթացիս 4։7)։ Հնարավոր է նաև, որ դժվարանաք հիշել, թե առանձնահատուկ ինչ բարություն է ցուցաբերել Եհովան ձեր նկատմամբ։ Գուցե ստիպված լինես մտածելու՝ մտքով ետ գնալու մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի... Եթե այդպես է, ապա ինչո՞ւ գիտակցաբար ջանքեր չգործադրես Եհովայի հետ ավելի մտերմանալու և չփորձես տեսնել, թե ինչպես է նա ուղղություն ցույց տալիս և առաջնորդում ձեզ։ Ահա թե ինչի մասին նախազգուշացրեց Պետրոս առաքյալը քրիստոնյաներին. «Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ.... Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։6, 7)։ Դու իսկապես զարմանք կապրես՝ տեսնելով, թե որքան է նա հոգ տանում քո մասին (Սաղմոս 73։28)։

Շարունակիր փնտրել Եհովային

17. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք միշտ փնտրել Եհովային։

17 Եհովայի հետ մեր ունեցած հարաբերությունների պահպանումը ժամանակավոր բնույթ չպետք է կրի։ Իր Հորն աղոթելիս Հիսուսն ասել էր. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Եհովային ու նրա Որդուն ճանաչելու համար հարկավոր է միշտ ջանք թափել՝ նրանց մասին գիտելիքներ ձեռք բերելու։ «Աստուծոյ խորունկ բաներն» ըմբռնելու համար աղոթքի և սուրբ ոգու օգնության կարիքն ունենք (Ա Կորնթացիս 2։10; Ղուկաս 11։13)։ Որպեսզի կարողանանք սնել մեր միտքը «ժամանակին» տրվող հոգևոր սնունդով, ունենք նաև «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» առաջնորդության կարիքը (Մատթէոս 24։45)։ Այդ դասակարգի միջոցով Եհովան խորհուրդ է տալիս ամեն օր կարդալ նրա Խոսքը, կանոնավորապես մասնակցել քրիստոնեական ժողովներին և ողջ սրտով քարոզել ‘արքայության ավետարանը’ (Մատթէոս 24։14)։ Այդպես վարվելով՝ կկարողանանք միշտ փնտրել մեր հոգատար Աստծուն՝ Եհովային։

18, 19. ա) Ի՞նչ պետք է վճռենք անել։ բ) Ի՞նչ օրհնություններ կստանանք, եթե ամուր դիրք բռնենք ընդդեմ Սատանայի՝ շարունակելով փնտրել Եհովային։

18 Սատանան իր հնարավորությունների սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա բոլոր կողմերից հալածանքների ենթարկել Եհովայի ժողովրդին ու ճնշում գործադրել նրա վրա։ Նա փորձում է այնպես անել, որ կորցնենք մեր խաղաղությունը և Աստծո առջև ունեցած մեր լավ դիրքը։ Նա չի ցանկանում, որ շարունակենք փնտրել անկեղծ մարդկանց և օգնել նրանց տիեզերական գերիշխանության հարցում Եհովայի կողմն անցնելու։ Բայց մենք պետք է լցվենք Եհովային հավատարիմ մնալու վճռականությամբ՝ վստահ լինելով, որ նա կազատի մեզ չարից։ Եթե թույլ տանք, որ Աստծո Խոսքը առաջնորդի մեզ, և եթե ակտիվորեն համագործակցենք նրա երկրային կազմակերպության հետ, ապա կարող ենք համոզված լինել, որ նա միշտ կաջակցի մեզ (Եսայիա 41։8–13)։

19 Եկեք ուրեմն բոլորս ամուր դիրք բռնենք ընդդեմ Սատանայի ու նրա խարդավանքների՝ միշտ փնտրելով մեր թանկագին Աստծուն՝ Եհովային, որը կարող է ‘հաստատել, զորացնել, հիմնել’ մեզ (Ա Պետրոս 5։8–11)։ Այդպիսով ‘մեր անձերը Աստծո սիրո մեջ կպահենք՝ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար’ (Յուդա 21)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ի՞նչ նշանակություն ունի «բանսարկու» թարգմանված հունարեն բառը, և ինչո՞ւ է դա տեղին Բանսարկուի առնչությամբ։

• Ի՞նչ տարբեր նպատակներով են Եհովան ու Սատանան զննում երկիրը՝ նրա բնակիչներին դիտելու հարցում։

• Ինչո՞ւ Եհովային մոտենալու համար պետք է ընդունենք քավիչ զոհաբերությունը։

• Ի՞նչ է նշանակում «յարել» Եհովային, և ինչպե՞ս կարող ենք շարունակաբար փնտրել նրան։

[նկար 15–րդ էջի վրա]

Հոբը, չնայած իր փորձություններին, հասկացավ, որ Եհովան հոգ էր տանում իր մասին

[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]

Աստվածաշունչը ամեն օր կարդալը, ժողովներին կանոնավորապես հաճախելը և քարոզչական ծառայությանը եռանդուն կերպով մասնակցելը կօգնի միշտ հիշել, որ Եհովան հոգ է տանում մեր մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը