Երբ է տալը ուրախություն պատճառում
ԺԵՆԻՎԱԼԸ, որ ապրում է Բրազիլիայի հյուսիս–արևելքում, աշխատում էր հիվանդանոցում որպես պահակ և իր ստացած չնչին գումարով հոգում իր ընտանիքի կարիքները։ Սուղ միջոցների տեր լինելով հանդերձ՝ նա պարտաճանաչ կերպով տասանորդ էր վճարում։ «Երբեմն ընտանիքս սոված էր մնում, — պատմում է նա, — բայց ես ցանկանում էի Աստծուն տալ լավագույնը՝ անկախ այն բանից, թե դրա համար ինչ զոհողությունների ստիպված կլինեի գնալ»։
Ժենիվալը շարունակում էր վճարել տասանորդը նույնիսկ այն դեպքում, երբ կորցրեց աշխատանքը։ Քահանան քաջալերեց նրան փորձել Աստծուն և մի մեծ նվիրատվություն կատարել՝ հավաստիացնելով, որ Աստված անպայման օրհնություններ կթափի նրա վրա։ Վերջինս որոշեց վաճառել իր տունը, իսկ գումարը տալ եկեղեցուն։
Ժենիվալը միակը չէ, որ տալու հարցում այդպիսի պատրաստակամություն է ցուցաբերում։ Աղքատության մեջ ապրողներից շատերն են պարտաճանաչ կերպով վճարում տասանորդը, քանի որ եկեղեցին սովորեցրել է, թե դա է պահանջում Աստվածաշունչը։ Արդյո՞ք այդպես է։
Տասանորդն ու Մովսիսական օրենքը
Տասանորդ վճարելը պահանջվում էր Օրենքով, որն ավելի քան 3 500 տարի առաջ Եհովա Աստված տվել էր հին Իսրայելի 12 ցեղերին։ Համաձայն Օրենքի՝ հողագործությունից, այգեգործությունից և անասնապահությունից ստացած շահույթի տասներորդ մասը պետք է տրվեր Ղևիի ցեղին՝ խորանում նրանց ծառայությանը աջակցելու համար (Ղեւտացոց 27։30, 32; Թուոց 18։21, 24)։
Եհովան հավաստիացրել էր իսրայելացիներին, որ Օրենքում տրված պատվիրաններին հետևելը դժվարություն չէր ներկայացնի իրենց համար (Բ Օրինաց 30։11, ԷԹ)։ Երբ նրանք հավատարմորեն հետևում էին դրանց, այդ թվում նաև տասանորդ վճարելու պատվերին, առատ բերք էին ունենում, ճիշտ ինչպես Աստված էր խոստացել։ Բացի այդ, տարին մեկ անգամ՝ սովորաբար կրոնական տոնախմբությունների ժամանակ, իսրայելացիները մի կողմ էին դնում լրացուցիչ տասանորդ ևս՝ օտարականին, որբին և որբևայրիին հոգ տանելու նպատակով (Բ Օրինաց 14։28, 29; 28։1, 2, 11–14)։
Օրենքում տասանորդը չվճարելու համար պատիժ չէր սահմանված. յուրաքանչյուր իսրայելացի իր պարտքը պետք է համարեր այդ ձևով աջակցել ճշմարիտ երկրպագությանը։ Մաղաքիայի օրերում, օրինակ, Եհովան մեղադրեց տասանորդ վճարելուց խուսափող իսրայելացիներին՝ ասելով, որ վերջիններս կողոպտում են իրեն՝ տասանորդն ու ընծաները չտալով (Մաղաքիա 3։8, Արևմտ. Աստ.)։ Կարելի՞ է արդյոք նման մեղադրանք ուղղել նաև այն քրիստոնյաների հասցեին, ովքեր տասանորդ չեն վճարում։
Եկեք մի փոքր խորհենք. որպես կանոն՝ տվյալ երկրի պետական օրենքները նրա սահմաններից դուրս չեն գործում։ Օրինակ՝ Բրիտանիայում օրենքով պահանջվում է, որ վարորդները մեքենա վարելիս ընթանան ճանապարհի ձախ կողմով, մինչդեռ Ֆրանսիայում նման օրենք չկա։ Նույնը կարելի է ասել նաև տասանորդ վճարելու մասին. այդ պատվիրանը հաստատված էր բացառիկ մի ուխտի միջոցով, որ Աստված կնքել էր Իսրայել ազգի հետ (Ելից 19։3–8; Սաղմոս 147։19, 20)։ Օրենքի տակ գտնվում էին միայն իսրայելացիները։
Ճիշտ է, Աստված անփոփոխ է, բայց նրա պատվիրանները երբեմն փոխվում են (Մաղաքիա 3։6)։ Աստվածաշունչը բացահայտորեն ցույց է տալիս, որ մ.թ. 33 թ.–ին Հիսուսի քավիչ զոհաբերությունը «ջնջեց» կամ «քանդեց» Օրենքը և նրա հետ միասին՝ «տասանորդ առնելու» պատվիրանը (Կողոսացիս 2։13, 14; Եփեսացիս 2։13–15; Եբրայեցիս 7։5, 18)։
Տալը՝ քրիստոնեության մեջ
Պետք է նշել, սակայն, որ ճշմարիտ երկրպագությանը աջակցելու նպատակով նվիրատվություններ կատարելու կարիք, միևնույն է, կար։ Հիսուսը պատվիրել էր իր աշակերտներին իր վկաները լինել «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Քանի որ հավատացյալների թիվը գնալով աճում էր, մեծանում էր նաև քրիստոնյա ուսուցիչների կարիքը, ինչպես նաև՝ վերակացուների, որոնք պետք է այցելեին ժողովներն ու հոգևորապես ամրացնեին դրանք։ Երբեմն անհրաժեշտություն էր առաջանում հոգ տանել այրիներին, որբերին և կարիքավորներին։ Ինչպե՞ս էին առաջին քրիստոնյաները կարողանում փակել այդ ամենի հետ կապված ծախսերը։
Մոտավորապես մ.թ. 55 թ.–ին Եվրոպայի և Փոքր Ասիայի՝ ոչ հրեաներից բաղկացած ժողովներին խնդրանք ուղղվեց՝ աջակցել կարիքի մեջ գտնվող Հրեաստանի ժողովին։ Կորնթացիներին ուղղած իր նամակներում Պողոս առաքյալը բացատրեց, թե ինչպես կարելի է կազմակերպված ձևով իրականացնել «սուրբերի համար» նվիրատվություններ հավաքելու գործը (Ա Կորնթացիս 16։1)։ Այն, թե ինչ ասաց նա տալու կապակցությամբ, գուցե զարմանք պատճառի ձեզ։
Պողոս առաքյալը չէր փորձում ինչ–որ ձևով համոզել իր հավատակիցներին։ Մակեդոնացի քրիստոնյաները, օրինակ, «նեղութեան» և ‘ծանր աղքատության’ մեջ գտնվելով հանդերձ, ‘թախանձագին աղաչում էին նրան, որ շնորհ անի և ընդունի Երուսաղեմի եղբայրներին [«սուրբերի համար», ԱԹ] ուղարկվելիք օգնության իրենց բաժինը’ (Բ Կորնթացիս 8։1–3, 4 ԱՆԹ)։
Ճիշտ է, առատաձեռնություն ցուցաբերելու հարցում Պողոսը քաջալերեց կորնթացիներին ընդօրինակել Մակեդոնիայի եղբայրներին (ի տարբերություն վերջիններիս՝ կորնթացիները նյութապես ավելի ապահով վիճակում էին)։ Սակայն, ինչպես ասվում է մի աշխատության մեջ, այդ կապակցությամբ նա «հրամաններ չտվեց, այլ նախընտրեց խնդրել, առաջարկել, քաջալերել։ Եթե դա արվեր ստիպողաբար, քրիստոնյաները չէին տա ի սրտե»։ Պողոսը գիտեր, որ «Աստուած սիրում է ուրախ տուողին». նա չի ցանկանում, որ դա արվի «տրտմութիւնով կամ հարկադրութիւնով» (Բ Կորնթացիս 9։7)։
Գիտելիքները, մեծ հավատը, ինչպես նաև հավատակիցների հանդեպ անկեղծ սերը կմղեին քրիստոնյային սրտանց տալու (Բ Կորնթացիս 8։7, 8)։
«Ինչպէս իր սրտովը կը յօժարի»
Որևէ քանակ կամ տոկոս սահմանելու փոխարեն՝ Պողոսը պարզապես առաջարկեց, որ շաբաթվա առաջին օրը յուրաքանչյուրը «մի կողմ դնի փոքր մի խնայողություն իր կարողության չափով» (Ա Կորնթացիս 16։2, ԱՆԹ)։ Պլանավորելով և գումարը նախօրոք մի կողմ դնելով՝ կորնթացիները ստիպված չէին լինի տալ դժկամորեն կամ՝ զգացմունքների ազդեցության տակ, երբ Պողոսն այցելեր իրենց։ Իսկ թե որքան գումար կնվիրաբերեր քրիստոնյան, թողնված էր նրա հայեցողությանը. նա պետք է տար «ինչպէս իր սրտովը կը յօժար[եր]» (Բ Կորնթացիս 9։5, 7 Արևմտ. Աստ.)։
Առատորեն «հնձելու» համար կորնթացիները պետք է առատորեն «ցանեին»։ Բայց ոչ մի տեղ չենք հանդիպում, որ նրանց առաջարկել են տալ՝ կաշվից դուրս գալով։ Պողոսը վստահեցնում էր, որ չի ցանկանում նեղություն տալ նրանց։ Զոհաբերությունները, «եթէ յոժարութիւն կա[ր], ունեցածի չափովն է[ին] ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը» (Բ Կորնթացիս 8։12, 13; 9։6)։ Իսկ ավելի ուշ գրված մի նամակում առաքյալը տվել էր հետևյալ նախազգուշացումը. «Եթէ մէկը.... [իր] ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը» (Ա Տիմոթէոս 5։8)։ Պողոսը չէր քաջալերում տալ՝ այս սկզբունքը խախտելու գնով։
Ուշադրության է արժանի, որ Պողոսի վերահսկողությամբ կատարվող այդ գործը իրականացվում էր կարիքի մեջ գտնվող «սուրբերի համար»։ Գրություններում չի ասվում, թե նա և մյուս առաքյալները հանգանակություն կամ տասանորդ են հավաքել՝ ֆինանսավորելու իրենց ծառայությունը (Գործք 3։6)։ Թեև Պողոսը միշտ հայտնում էր իր երախտագիտությունը ժողովների կողմից իրեն ուղարկված նվերների համար, սակայն ազնվություն ցուցաբերելով՝ խուսափում էր իր եղբայրներին ‘ծանրություն տալուց’ (Ա Թեսաղոնիկեցիս 2։9; Փիլիպպեցիս 4։15–18)։
Սեփական կամքով տալ՝ այսօր
Պարզ է, ուրեմն, որ առաջին դարում Հիսուսի հետևորդները ոչ թե տասանորդ էին տալիս, այլ կամավոր զոհաբերություններ էին անում։ Սակայն գուցե մտածեք. «Մի՞թե այսօր նման ձևով հնարավոր է ֆինանսավորել բարի լուրը քարոզելու գործը, ինչպես նաև հոգ տանել կարիքավոր քրիստոնյաներին»։
Ուշադրություն դարձնենք հետևյալ փաստին. 1879 թ.–ին այս պարբերագրի խմբագիրները հրապարակավ հայտարարեցին, որ «երբեք մարդկանցից փող չեն մուրալու՝ որպես օգնություն»։ Արդյոք դա որևէ ձևով խոչընդոտե՞ց Եհովայի ժողովրդի կողմից աստվածաշնչյան ճշմարտությունը տարածելուն։
Այսօր Եհովայի վկաները Աստվածաշնչեր և աստվածաշնչյան գրականություն են տարածում աշխարհի 235 երկրներում։ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոց հանդիսացող «Դիտարան» պարբերագիրը, որ սկզբում լույս էր տեսնում ամիսը մեկ անգամ՝ մի լեզվով, 6 000 օրինակով, այժմ հրատարակվում է ամիսը երկու անգամ՝ ավելի քան 24 000 000 օրինակով, և մատչելի է 146 լեզուներով։ Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործը կազմակերպված ձևով իրականացնելու համար Վկաները 110 երկրներում կառուցել կամ ձեռք են բերել շենքեր, որ դարձել են իրենց մասնաճյուղերը։ Բացի այդ, նրանք կառուցել են հազարավոր սրահներ՝ հանդիպումներ անցկացնելու համար, ինչպես նաև ավելի մեծ՝ համաժողովների սրահներ, որտեղ կարող են տեղավորվել իրենց աստվածաշնչյան գիտելիքները խորացնել ցանկացող ավելի մեծ թվով մարդիկ։
Թեև Եհովայի վկաները նախապատվությունը տալիս են մարդկանց հոգևոր կարիքները բավարարելուն, նրանք չեն անտեսում նաև իրենց հավատակիցների նյութական կարիքները։ Պատերազմից, երկրաշարժից, երաշտից կամ փոթորկից տուժած իրենց եղբայրներին Վկաները պատրաստակամորեն ուղարկում են դեղորայք, սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ այն նվիրատվությունների, որ արվում են առանձին քրիստոնյաների, ինչպես նաև ժողովների կողմից։
Արդյունավետ լինելուց բացի՝ կամավոր զոհաբերությունները հնարավորություն են ստեղծում, որ Ժենիվալի նման մարդիկ չհայտնվեն նման ծանր իրավիճակում։ Ի դեպ, նախքան նա կհասցներ վաճառել իր տունը՝ Մարիա անունով մի Եհովայի վկա, որ լիաժամ քարոզիչ է, այցելեց նրան։ Ժենիվալն ասում է. «[Նրա հետ տեղի ունեցած] զրույցը օգնեց, որ ընտանիքս զուր տեղը չընկնի նեղության մեջ»։
Ժենիվալի համար պարզ դարձավ, որ Տիրոջ գործը կախված չէ տասանորդներից, և որ իրականում Աստված այլևս չի պահանջում դա։ Նա իմացավ նաև, որ թեպետ քրիստոնյաները օրհնվում են առատաձեռնությամբ տալու համար, սակայն նրանցից չի պահանջվում տալ իրենց կարողություններից ավելին։
Սեփական կամքով տալը իսկական ուրախություն պատճառեց Ժենիվալին։ Ահա թե ինչ է ասում նա. «Ես կարող եմ տալ իմ եկամտի տասներորդ մասը, կարող եմ և չտալ։ Բայց ինչ էլ որ տամ, ուրախ եմ իմ զոհաբերության համար և վստահ եմ, որ Եհովան նույնպես ուրախ է»։
[շրջանակ/նկարներ 6–րդ էջի վրա]
Եկեղեցու հայրերը տասանորդի գաղափար ուսուցանե՞լ են
«Հարուստը թող օգնի աղքատին... Ովքեր ունեն հնարավորություն և ցանկություն, թող տան, ինչ հարմար գտնեն» (Հուստինոս Վկա, «The First Apology», մ.թ. 150 թ.)։
«Հրեաներն իրենց ունեցվածքի տասներորդ մասը իսկապես նվիրում էին Նրան [Աստծուն], բայց ազատություն ստացածները [քրիստոնյաները] իրենց ողջ ստացվածքն են մի կողմ դնում Տիրոջ նպատակներին աջակցելու համար.... ինչպես այն աղքատ այրին, որ իր ողջ ապրուստը գցեց Աստծո տան գանձանակը» (Իրենեոս, «Against Heresies», մ.թ. 180 թ.)։
«Թեև մենք ունենք գանձանակ, բայց այն չի ծառայում փողով փրկություն «գնելու» նպատակին. կարծես թե՝ մեր կրոնը փրկության համար գին է սահմանել։ Ցանկության դեպքում անհատը ամիսը մեկ կարող է փոքրիկ նվիրատվություն անել, բայց միայն իր կամքով և հնարավորություն ունենալու դեպքում. դա ստիպողաբար կատարվող քայլ չէ, այլ կամավոր» (Տերտուլիանոս, «Apology», մ.թ. 197 թ.)։
«Քանի որ եկեղեցու անդամների թիվը գնալով մեծացավ, և նորամուծություններ մտցվեցին, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք հիմնավորապես կապահովեին հոգևորականությանը։ Տասանորդներ գանձելը ներմուծվեց Մովսիսական օրենքից.... Այդ մասին առաջին անգամ հիշատակվում է Տուրի ժողովի եպիսկոպոսների նամակում (567 թ.) և Մակոնի ժողովի ընդունած [օրենքում] (585 թ.)» («The Catholic Encyclopedia»)։
[թույլտվությամբ]
Coin, top left: Pictorial Archive (Near Eastern History) Est.
[նկար 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Երբ տալիս ենք սեփական կամքով, ուրախություն ենք ստանում
[նկարներ 7–րդ էջի վրա]
Կամավոր զոհաբերություններով ֆինանսավորվում են քարոզչական գործը, փրկարար աշխատանքները և հավաքույթների սրահների շինարարությունը